Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում նշված է.
«Ընդունեք խնդրեմ ամենաջերմ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Ուրախ եմ արձանագրել, որ Հայաստան–ԵՄ հարաբերությունների շրջանակը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է՝ ընդգրկելով գործընկերության գրեթե բոլոր ոլորտները։
Հայաստանն ու Եվրոպական միությունը ներկայումս ակտիվորեն բանակցում են Գործընկերության նոր օրակարգի շուրջ, որն արտացոլում է Հայաստան–ԵՄ հարաբերությունների ներկայիս ընթացքը և նախանշում գալիք անելիքները։ Երբ այս գործընթացը հաջողությամբ ավարտվի, և գործընկերության նոր, հավակնոտ առաջնահերթությունները համաձայնեցվեն, մեր բազմաշերտ համագործակցությունը կհասնի ևս մեկ հանգրվանի՝ մոտեցնելով Հայաստանը ԵՄ-ին և ավելի լայն եվրոպական հանրությանը:
Ուրախ եմ նաև նկատել, որ մեր գործընկերության անվտանգային բաղադրիչը հաջողությամբ զարգանում է Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում՝ ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման շնորհիվ: Հիրավի, այն զսպող գործոն է, որը նպաստում է Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը։ Լիահույս եմ, որ առաքելության մանդատը կերկարաձգվի, և այս հարցում ապավինում եմ ԵՄ մեր գործընկերների աջակցությանը։
Խաղաղության եվրոպական գործիքի շրջանակներում Հայաստանին աջակցություն տրամադրելը ԵՄ խորհրդի կողմից ընդունված նշանակալից որոշում է՝ քաղաքական կարևոր հետևանքներով:
Ինչպես գիտեք, մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը պաշտոնապես մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերի 9-ին, և մենք այն համարում ենք Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների հավաստում և խթան՝ մարդկանց միջև շփումների հետագա ակտիվացման համար՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո ստանձնած պարտավորություններին համապատասխան:
Ակնկալում եմ սերտորեն աշխատել Ձեզ հետ՝ Հայաստան–ԵՄ գործընկերության օրակարգն առաջ մղելու համար»: