Ներհանրապետական այցեր

Վարչապետը ներկա է գտնվել Դիլիջանի վերակառուցված բժշկական կենտրոնի բացման արարողությանը

24.12.2019 - 24.12.2019

ևս 14 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Դիլիջանի վերակառուցված և վերազինված բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել բժշկական կենտրոնով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին:

Տավուշի մարզի առողջապահության զարգացման ծրագրի շրջանակում կենտրոնը սերտորեն համագործակցում է Երևանի առաջատար բժշկական կենտրոնների հետ և ընդգրկված է ՀՀ առողջապահության ոլորտի կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերում:

2019 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ծրագրի՝ պետպատվերի շրջանակում Դիլիջանի բժշկական կենտրոնին հատկացվել է 275 մլն դրամ: Բժշկական կենտրոնն ունի նաև առողջության առաջնային պահպանման օղակ՝ պոլիկլինիկա, ծննդատուն, շտապօգնության ծառայություն:

Դիլիջանի բժշկական կենտրոնն սպասարկում է Դիլիջանի և հարակից 6 համայնքների շուրջ 20-25 հազար բնակչությանը: Բուժհաստատությունն ունի 175 աշխատակից, որից 30-ը՝ բժիշկ, անհրաժեշտության դեպքում պարբերաբար իրականացվում են Երևանից ևս 35 բժշկի պարբերական այցելություններ: Ներդրումային ծրագրի շրջանակում բժշկական հաստատությունն ամբողջովին հիմնանորոգվել է և համալրվել է ժամանակակից սարքավորումներով, ինչը կնպաստի բնակչությանն ախտորոշիչ, լաբորատոր, էնդոսկոպիկ, վիրաբուժական, մանկաբարձա-գինեկոլոգիական, թերապևտիկ, ամբուլատոր և ստացիոնար ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը:

 

← Վերադառնալ