- 1670x1113px - 526 Կբ
- 1670x1113px - 486 Կբ
- 1670x1113px - 670 Կբ
- 1670x1113px - 597 Կբ
- 1670x1113px - 428 Կբ
- 1670x1113px - 422 Կբ
- 1670x1113px - 365 Կբ
- 1670x1113px - 557 Կբ
- 1670x1113px - 671 Կբ
- 1670x1113px - 792 Կբ
- 1670x1113px - 770 Կբ
- 1670x1113px - 731 Կբ
- 1670x1113px - 792 Կբ
- 1670x1113px - 606 Կբ
- 1670x1113px - 443 Կբ
- 1670x1113px - 389 Կբ
- 1670x1113px - 576 Կբ
- 1670x1200px - 587 Կբ
- 1670x1113px - 510 Կբ
- 1670x1113px - 537 Կբ
- 1670x1113px - 497 Կբ
- 1670x1113px - 780 Կբ
- 1670x1113px - 801 Կբ
- 1670x1113px - 618 Կբ
- 1670x1113px - 480 Կբ
- 1670x1113px - 601 Կբ
- 1670x1113px - 501 Կբ
- 1670x1113px - 704 Կբ
- 1670x1113px - 578 Կբ
- 1670x1113px - 585 Կբ
- 1670x1113px - 748 Կբ
- 1670x1113px - 760 Կբ
- 1670x1113px - 638 Կբ
- 1670x1113px - 969 Կբ
- 1670x1113px - 934 Կբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 723 Կբ
- 1670x1113px - 836 Կբ
- 1670x1113px - 665 Կբ
- 1670x1113px - 914 Կբ
- 1670x1113px - 625 Կբ
- 1670x1113px - 636 Կբ
- 1670x1113px - 850 Կբ
- 1670x1113px - 799 Կբ
- 1670x1113px - 767 Կբ
- 1670x1113px - 771 Կբ
- 1670x1113px - 462 Կբ
- 1670x1113px - 657 Կբ
- 1670x1113px - 747 Կբ
- 1670x1113px - 574 Կբ
- 1670x1113px - 580 Կբ
- 1670x1113px - 476 Կբ
- 1670x1113px - 546 Կբ
- 1670x1113px - 508 Կբ
- 1670x1113px - 473 Կբ
- 1670x1113px - 520 Կբ
- 1670x1113px - 703 Կբ
- 1670x1113px - 685 Կբ
- 1670x1113px - 907 Կբ
- 1670x1113px - 895 Կբ
- 1670x1113px - 974 Կբ
- 1670x1113px - 750 Կբ
- 1670x1113px - 742 Կբ
- 1670x1113px - 838 Կբ
- 1670x1113px - 913 Կբ
- 1670x1113px - 824 Կբ
- 1670x1113px - 542 Կբ
- 1670x1113px - 568 Կբ
- 1670x1113px - 515 Կբ
- 1670x1113px - 437 Կբ
- 1670x1113px - 516 Կբ
- 1670x1113px - 949 Կբ
- 1670x1113px - 546 Կբ
- 1670x1113px - 762 Կբ
- 1670x1113px - 752 Կբ
- 1670x1113px - 752 Կբ
- 1670x1113px - 671 Կբ
- 1670x1113px - 776 Կբ
- 1670x1113px - 738 Կբ
- 1670x1113px - 602 Կբ
- 1670x1113px - 773 Կբ
- 1670x1113px - 499 Կբ
- 1670x1113px - 642 Կբ
- 1670x1113px - 639 Կբ
- 1670x1113px - 638 Կբ
- 1670x1113px - 722 Կբ
- 1670x1113px - 695 Կբ
- 1670x1113px - 783 Կբ
- 1670x1113px - 749 Կբ
- 1670x1113px - 806 Կբ
- 1670x1113px - 614 Կբ
- 1670x1113px - 968 Կբ
- 1670x1113px - 993 Կբ
ևս 90 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 10-ի երեկոյան ժամանել է Ստրասբուրգ. ապրիլի 11-ին սկսվել է Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Եվրոպայի խորհուրդ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի հետ էր: Մինչ հանդիպումը վարչապետ Փաշինյանը գրառում է կատարել ԵԽԽՎ նախագահի «Ոսկե գրքում»:
ԵԽԽՎ նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Եվրոպայի խորհուրդ` նշելով, որ ուրախ է Նիկոլ Փաշինյանին կրկին հանդիպելու համար` այս անգամ արդեն Ստրասբուրգում: Նա գոհունակություն է հայտնել մարտի վերջին Հայաստան կատարած իր այցի կապակցությամբ, որի շրջանակում արդյունավետ հանդիպումներ և քննարկումներ է ունեցել ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ, ելույթով է հանդես եկել Ազգային ժողովում և մասնակցել է Երևանում «Եվրոպայի հրապարակի» բացմանը: Լիլիան Մորի-Պասկիեն նշել է, որ ՀՀ վարչապետի այցի հագեցած օրակարգը` բարձր մակարդակի հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների հետ, Հայաստանի վարչապետի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստին, «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսի պաշտոնապես բացումը վկայում է Հայաստան-ԵԽ գործընկերության արդյունավետ ընթացքի և այն խորացնելու երկկողմ պատրաստակամության մասին: ԵԽԽՎ նախագահի խոսքով` ԵԽ-ն կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ:
ՀՀ վարչապետը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ջերմությամբ է հիշում այս տարվա մարտի վերջին Երևանում ԵԽԽՎ նախագահի հետ ունեցած հանդիպումը և ուրախ է կրկին տեսնել Լիլիան Մորի-Պասկիեին` այս անգամ Ստրասբուրգում: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը ԵԽ և ԵԽԽՎ լիարժեք անդամ է, և գոհունակություն հայտնել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության ընթացքից, որի բարձր մակարդակը վերահաստատվեց մարտ ամսին ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների և ԵԽԽՎ նախագահի այցերի արդյունքներով, Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական վիճակի վերաբերյալ զեկույցով և գնահատականներով:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները: Կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵԽ գործընկերության 2019-2022 թթ. գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող քայլերին և կարևորել դրա շրջանակում երկուստեք ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը բարեփոխումների մեծ օրակարգ ունի, և այդ գործում ԵԽ աջակցությունը կարևոր է: ԵԽԽՎ նախագահը ողջունել է մեր երկրում ժողովրդավարական փոփոխությունների իրականացումը և վերահաստատել մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը:
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:
Մինչ հանդիպումն սկսելը տեղի է ունեցել արարողակարգային տեսալուսանկարահանում, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Եվրոպայի խորհրդի «Ոսկե գրքում»:
Հանդիպման ժամանակ ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանում նախորդ տարվանից սկիզբ առած ժողովրդավարական փոփոխությունները: Նա նշել է, որ դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրականացումն ու արդյունքները վկայում են ժողովրդավարությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը հայ ժողովրդի նվիրվածության մասին, և Եվրոպայի խորհուրդը կշարունակի համագործակցել ՀՀ կառավարության հետ այս նպատակներին հասնելու համար:
Վարչապետը երախտագիտություն է հայտնել ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին աջակցելու համար և բարձր գնահատել նրա անձնական ավանդը Եվրոպայի խորհրդի գործունեության արդյունավետ իրականացման և հեղինակության բարձրացման գործում: Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հայաստանի համար ԵԽ-ն կարևոր գործընկեր է, որի հետ համագործակցությունն առաջնային նշանակություն ունի ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ապահովման ուղղությամբ:
Վարչապետն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ԵԽ փոխգործակցության խորացման հարցեր: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է` ժողովրդավարությունը Հայաստանի և հայ հասարակության համար ներքին համոզմունք է և արժեք, այլ ոչ թե արտաքին կողմնորոշում, և Հայաստանը հետևողականորեն առաջ է շարժվելու այն ամրապնդելու, մարդու իրավունքների պաշտպանությունը և օրենքի լիարժեք գերակայությունն ապահովելու ճանապարհով: Թորբյորն Յագլանդն իր հերթին կարևորել է Հայաստանում` որպես ԵԽ անդամ երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների իրականացումը` նշելով, որ մեր երկրում տեղի ունեցող գործընթացները վկայում են Հայաստանի և հայ ժողովրդի եվրոպական արժեքներին հանձնառու լինելու մասին, և ԵԽ-ն պատրաստ է շարունակել օժանդակել մեր երկրին այդ գործում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի և տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Թորբյորն Յագլանդը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ և պատասխանել լրագրողների հարցերին:
* * *
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդ - Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ պարոն վարչապետ: Հարգելի ներկաներ, մեր հանդիպման ընթացքում վարչապետը պատմեց, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում, թե ինչպես խաղաղ իշխանափոխություն տեղի ունեցավ՝ համապատասխան Սահմանադրությանը և օրենքներին: Ուրախ ենք, որ դա իսկապես աշխատեց: Ընտրությունները, որ տեղի ունեցան դեկտեմբերին՝ եզրափակեցին այդ խաղաղ իշխանափոխությունը: Ուզում եմ նաև ողջունել վարչապետին նրա կատարած քայլերի համար, որոնք քայլ առաջ են:
Մենք վերջերս Հայաստանի համար գործողությունների նոր ծրագիր ենք հաստատել: Դա շատ լայն ծրագիր է և կշարունակենք նույն տեմպերով առաջ գնալ: Դա ևս Հայաստանին առաջ կտանի և կուժեղացնի Հայաստանի ժողովրդավարությունը:
Դրվատում եմ հատկապես կոռուպցիայի դեմ պայքարը, շնորհավորում եմ պարոն վարչապետ, այն ամենի կապակցությամբ, ինչի հասել եք: Բացարձակ ճշմարտություն է, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի լիակատար անդամ է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալություն, պարոն գլխավոր քարտուղար: Այո, մենք հարցերի լայն շրջանակ ենք քննարկել և հաստատել ենք, որ հեղափոխության ընթացքում Հայաստանը ևս մեկ անգամ հավատարիմ է մնացել եվրոպական արժեքներին:
Շատ կարևոր էր այն հայտարարությունը, որ ժողովրդավարական հեղափոխություն է տեղի ունեցել: Դա ներքին գործընթաց էր, և որևէ մեկը, որևէ կողմ ճնշում չգործադրեց Հայաստանի վրա: Տեղի ունեցածը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ժողովրդավարությունը մեր ժողովրդի մտքերում և սրտերում է: Հայաստանի կառավարությունը հավատարիմ է ժողովրդավարական արժեքներին և ժողովրդավարության օրակարգին:
Ցանկանում եմ նաև ասել, որ այն գործողությունների ծրագիրը, որ Եվրոպայի խորհուրդն իրականացնում է Հայաստանում՝ նպաստում է ժողովրդավարական փոփոխություններին:
Կարող ենք հիմա վստահաբար հայտարարել, որ Հայաստանն արդեն ժողովրդավարական պետություն է: Եվրոպայի խորհրդի մեծ փորձառությունը մեծ օգուտ է տվել մեզ ժողովրդավարական փոփոխություններ իրականացնելու, օրենքի իշխանությունը հաստատելու, դատական անկախ համակարագ ունենալու և մեր մյուս քայլերին: Մենք լիարժեք համագործակցում ենք Եվրոպայի խորհրդի հետ:
Հարց վարչապետ Նիկոլ Փաշինյանին – Հակասություններ չե՞ք տեսնում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Ձեր հայտարարությունների միջև:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Չեմ կարծում եմ, որ իմ և Դավիթ Տոնոյանի հայտարարություններում կան հակասություններ: Դա մեկնաբանության հարց է: Մեր առաջարկն է դադարեցնել ուժի կիրառումը, սպառնալիքը, ռազմատենչ հռետորաբանությունը, որն Ադրբեջանն օգտագործում է ղարաբաղյան հարցում:
Մենք ուզում ենք, որ մեր հասարակությունները պատրաստվեն խաղաղության և հույս ունենք, որ մեր գործընկերներն Ադրբեջանում նույնպես դա կանեն: Եվ եթե դա անեն, բոլորովին այլ իրավիճակում կլինենք:
Հարց ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին- Երկու օր առաջ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը հայտարարեց, որ անհնար է այցելել գորշ գոտիները: Ձեր կարծիքով, ի՞նչ գործնական քայլեր կարելի է ձեռնարկել այդ խնդիրը լուծելու համար:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդ - Մենք չենք կարող մշտադիտարկում իրականացնել այդ գոտիներում, քանի որ դրանք եվրոպական տարածք չեն: Լեռնային Ղարաբաղն այդպիսի գորշ գոտի է հանդիսանում և իմ առաջարկն է, որ Մարդու իրավունքների հանձնակատարին մանդատ և իրավունք տրվի այցելել այդ գոտիները: Կարծում եմ՝ դա հնարավոր է և դրա համար պետք է քաղաքական հայտարարություն արվի եվրոպական կառավարությունների կողմից: Իմ համոզմունքն է, որ Մարդու իրավունքների հանձնակատարը պետք է հնարավորություն ունենա աշխատել ոչ քաղաքական հարթությունում՝ մարդասիրական նպատակներով:
Հարց ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին - Պարոն Յագլանդ, որևէ նոր առաջարկ ունե՞ք Հայաստանի համար, ի՞նչ եք ակնկալում հետհեղափոխական Հայաստանից մարդու իրավունքների և ժողովրդավարական փոփոխությունների հարցում:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդ - Մենք արդեն տեսել ենք, որ նոր կառավարությունը բարեփոխումների օրակարգ ունի, որը շատ կարևոր է մեզ համար: Մենք հատկապես կարևորում ենք դատական բարեփոխումները: Կարևոր է նաև, թե ինչպես կաշխատեն ժողովրդավարական ինստիտուտները:
Շատ կարևոր է տեսնել, թե ինչպես է ընդդիմությունը վերաբերվում դրանց, ինչպես են լրատվամիջոցներն արձագանքում, լուսաբանում այդ փոփոխությունները, հատկապես հակակոռուպցիոն պայքարը:
Անկախ լրատվամիջոցները, դատական անկախ համակարգը շատ կարևոր են: Կարծում եմ, որ սա է նոր կառավարության օրակարգը և կանենք ամեն ինչ, որպեսզի աջակցենք դրան»:
Մամուլի համատեղ ասուլիսից հետո ՀՀ վարչապետը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել Երևանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը «Եվրոպայի հրապարակ» անվանակոչելու մասին որոշումը:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի («Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողով) նախագահ Ջանիի Բուքիքիոյի հետ:
Վենետիկի հանձնաժողովի նախագահը, ողջունելով Նիկոլ Փաշինյանին, նշել է, որ ուրախ է հանդիպել Հայաստանի վարչապետին Ստրասբուրգում և քննարկել համագործակցության հարցեր:
Նիկոլ Փաշինյանը և Ջաննի Բուքիքիոն անդրադարձել են նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Վենետիկի հանձնաժողովի նախագահը նշել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները մեր երկրում անցել են ազատ և արդար, միջազգային չափանիշներին համապատասխան:
Հայաստանի վարչապետը կարևորել է Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունը` ընդգծելով Եվրոպայի խորհրդի մոնիթորինգային և խորհրդատվական մարմինների, ներառյալ Վենետիկի հանձնաժողովի նշանակալի դերը բարեփոխումների օրակարգի իրականացման գործում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական օժանդակությունը մեր երկրի օրենսդրությունը միջազգային չափանիշներին ներդաշնակեցնելու գործում: ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով` Հայաստանն առաջընթաց է արձանագրում ժողովրդավարության ամրապնդման, դատական համակարգի կատարելագործման, մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ, և ժողովրդավարությունը մեր հասարակության ներքին համոզմունքն է և հիմնարար արժեքը:
Նիկոլ Փաշինյանը և Ջաննի Բուքիքիոն քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր` մասնավորապես, անդրադառնալով Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը և ՀՀ օրենսդրական դաշտի կատարելագործմանը: Վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը վայելում է ժողովրդի լիակատար աջակցությունը և մանդատ է ստացել` քաղաքական և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավակնոտ և լուրջ բարեփոխումներ իրականացնելու համար: Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը եվրոպական արժեքներին և նշել, որ ՀՀ կառավարությունը ներդնելու է առավելագույն ջանքերը` ժողովրդավարության հզորացման, օրենքի գերակայության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության, անկախ դատական համակարգի կայացման, կոռուպցիայի դեմ պայքարի և հետայսու ևս ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումն ապահովելու համար: Այս գործում Հայաստանի վարչապետը կարևորել է Վենետիկի հանձնաժողովի և անձամբ պարոն Բուքիքիոյի հետ արդյունավետ համագործակցությունը:
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն ողջունել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգը, այդ թվում` նաև ընտրական օրենսդրության կատարելագործման ուղղությամբ` կարևորելով ընտրական գործընթացների ինստիտուցիոնալացումը և պատրաստակամություն հայտնել օժանդակել Հայաստանին այդ գործում:
* * *
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Եվրոպայի խորհուրդ:
Հայաստանի վարչապետն ապրիլի 11-ին մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.
«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հարգելի տիկին նախագահ,
Եվրոպայի խորհրդի հարգելի պարոն գլխավոր քարտուղար,
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հարգելի պատգամավորներ,
Ընդունված պրակտիկա է, երբ այս ամբիոնից ելույթ ունեցող բարձրաստիճան հյուրերն իրենց խոսքն սկսում են հետեւյալ նախադասությամբ. «Ինձ համար մեծ պատիվ է Եվրոպայի խորհրդի խորհր-դարանական վեհաժողովի ամբիոնից ելույթ ունենալը»: Սա իսկապես մեծ պատիվ է, բայց թույլ տվեք ասել, որ այս ամբիոնից ելույթ ունենալն ինձ համար ունի առանձնահատուկ իմաստ եւ նշանակություն:
Հիմա փորձեմ բացատրել, թե ինչու:
1999 թվականի ամռանը, լինելով «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիր ես սպասում էի իմ դեմ հարուցված քրեական գործի դատավճռին: Քրեական գործի հարուցման առիթն իմ խմբագրած թերթում լույս տեսած մի հրապարակում էր:
Դատախազը պահանջել էր ինձ դատապարտել 3 տարվա ազատազրկման եւ բանտ ուղարկել: Այդ ժամանակներում գրեթե անհնար էր, որ դատարանը դատախազի ասածից շեղվի: Բայց այդ օրերին հրաշքի նման մի բան տեղի ունեցավ, եւ դատարանը, ինձ դատապարտելով մեկ տարվա ազատազրկման, դա արեց այնպես, որ իմ բանտում հայտնվելը որոշակիորեն հետաձգվի:
Հետո պարզվեց, որ սրա պատճառը մեկն է. Հայաստանն այդ օրերին պատրաստվում էր Եվրոպայի խորհրդի անդամ դառնալ, եւ անդամակցության հետ կապված հարցերը քննարկելու համար Հայաստան էր այցելելու ԵԽԽՎ նախագահ լորդ Ռասսել Ջոնսթոնը, եւ այդ ժամանակվա իշխանությունները հասկացել էին, որ խմբագրին բանտ ուղարկելն այնքան էլ լավ ֆոն չէ նման պաշտոնյայի այցի համար:
Ռասսել Ջոնսթոնն իր այցի ընթացքում անդրադարձել էր իմ խնդրին, իսկապես, եւ թերեւս իշխանությունները խոստացել էին, որ ինձ բանտ չեն ուղարկի:
Այդպես էլ եղավ. Ջոնսթոնի այցից հետո իմ դատավճիռը դարձավ պայմանական, եւ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության գործընթացի շնորհիվ 1999-2000 թվականներին ես չհայտնվեցի բանտում:
Ու չնայած դրանից հետո մի քանի անգամ իմ դեմ քրեական վարույթ սկսվեց, իմ բանտում հայտնվելը բավական հետաձգվեց եւ տեղի ունեցավ միայն 2008 թվականի Մարտի 1-ի հայտնի իրադարձություններից հետո, երբ իշխանության ապօրինի գործողությունների արդյունքում զոհվեց Հայաստանի Հանրապետության 10 քաղաքացի, որոնցից ութը` խաղաղ ցուցարարներ: Այդ ժամանակ հազարավոր ընդդիմադիրներ ոստիկանության բաժիններ էին տարվում՝ միայն ցույցի մասնակից լինելու համար:
Իսկ մոտ հարյուր քաղաքական լիդերներ, ակտիվիստներ որպես քաղբանտարկյալ հայտնվեցին բանտերում:
Հավաքներ անելու իրավունքից զրկված քաղաքացիների, բանտում հայտնված քաղաքական գործիչների ու նրանց հարազատների, Մարտի 1-ի զոհերի հարազատների միակ հույսն ու ապավենը այդ ժամանակներում Եվրոպայի խորհուրդն էր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողո-վը, որովհետեւ Մարտի 1-ից հետո Սահմանադրությունը, ըստ էության, չեղարկվել էր Հայաստանի Հանրապետությունում, եւ մարդիկ չունեին պաշտպանության ոչ մի հուսալի իրավական երաշխիք, ոչ մի հույս:
Եվ այդ դեպքերի առնչությամբ ԵԽԽՎ ընդունած 5 բանաձեւերը թարմ օդի նման փոխում էին Հայաստանի մթնոլորտը` մարդկանց հույս տալով, որ ամեն ինչ չէ, որ կորած է: 2009 թվականից կալանքի տակ լինելով եւ 2010 թվականին դատապարտվելով 7 տարվա ազատազրկման` ես ընդամենը երկու տարի անցկացրի բանտում եւ ազատության մեջ հայտնվեցի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, բայց նաեւ Եվրոպայի խորհրդի աջակցության շնորհիվ:
2011 թվականի ձմռանը բանտում ինձ այցելեց ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը, եւ դա շատ կարեւոր էր Հայաստանում քաղբանտարկյալների խնդրի եւ իմ խնդրի վրա միջազգային ուշադրություն սեւեռելու առումով:
Շատ չանցած՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը իմ գործը ճանաչեց անհետաձգելի, որից երկու ամիս անց այն ժամանակվա իշխանություններն ինձ ազատ արձակեցին համաներման ակտով` հասկանալով, որ Եվրոպայի խորհուրդը հաջորդ քայլով ինձ պաշտոնապես հայտարարելու է քաղբանտարկյալ:
ԵԽ-ի եւ ԵԽԽՎ-ի հետ իմ հարաբերությունների հաջորդ փուլը 2018 թվականի դեկտեմբերն էր: Այդ ժամանակ արդեն Հայաստանի վարչապետն էի եւ այդ կարգավիճակին հասել էի նույն թվականի ապրիլի-մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքում եւ որպես հեղափոխության հերթական հանգրվան` երկրում տեղի էին ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Այդ ընտրություններում մեր քաղաքական ուժն ստացավ ավելի քան 70 տոկոս ձայն, բայց կարեւորը ոչ թե սա է, այլ այն, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը տեղի ունեցած ընտրությունները որակեց որպես ժողովրդավարական:
Մեջբերում եմ ԵԽԽՎ դիտորդական առաքելության գնահատականից` «Թավշա հեղափոխության, ինչպես նաեւ իշխանությունների քաղաքական կամքի դրսեւորման շնորհիվ հնարավոր եղավ Հայաստանում անցկացնել ժողովրդավարական ընտրություններ» (մեջբերման ավարտ):
Միջազգային մյուս դիտորդական առաքելությունները նույնպես դեկտեմբերին տեղի ունեցած ընտրությունները ճանաչեցին որպես ազատ, արդար, ժողովրդավարական եւ մրցակցային: Հայաստանում տեղի ունեցած որեւէ ընտրություն նախկինում նման գնահատականի երբեւէ չէր արժանացել:
Սա մեր երկրում տեղի ունեցած առաջին խորհրդարանական ընտրություններն էին, որոնց պաշտոնական արդյունքները չեն վիճարկվել Սահմանադրական դատարանում, եւ առաջին խորհրդարանական ընտրություններն էին, որոնց արդյունքներն անառարկելիորեն ընդունեցին բոլոր քաղաքական ուժերը և հանրությունը:
Եվ հիմա` որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված վարչապետ, ուզում եմ այս ամբիոնից շնորհակալություն հայտնել Եվրոպայի խորհրդին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին՝ Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության զարգացմանը ցուցաբերած աջակցության համար:
Հայաստանում այսօր ժողովրդավարությունը հաղթել է, եւ դա տեղի է ունեցել նախորդ տարվա այս օրերին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության շնորհիվ: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ հեղափոխությունը ծնվել է հայ ժողովրդի հոգում եւ սրտում, եւ չի եղել ոչ մի, բացարձակապես ոչ մի օտարերկրյա ուժ, որ որեւէ կերպ ներգրավված լինի մեր հեղափոխության մեջ: Մեր հեղափոխությունը չի ունեցել ոչ մի աշխարհաքաղաքական բովանդակություն, ոչ մի աշխարհաքաղաքական ենթատեքստ:
Բայց ինչպե՞ս ուրեմն այս հեղափոխությունը տեղի ունեցավ, ինչպե՞ս հաջողության հասավ: 2015 թվականին Հայաստանի այն ժամանակվա փաստացի ղեկավար Սերժ Սարգսյանն իր նախագահական երկրորդ ժամկետի ավարտին նախաձեռնեց սահմանադրական փոփոխություններ, որոնց արդյունքում Հայաստանը կառավարման կիսանախագահական ձեւից 2018 թվականի ապրիլին պետք է անցում կատարեր խորհրդարանական համա-կարգի:
Երբ այս սահմանադրական փոփոխությունները նախաձեռնում էր, հրապարակային խոստացավ, որ այլեւս երբեք չի հավակնելու Հայաստանի Հանրապետության ղեկավարի, տվյալ դեպքում՝ նաև վարչապետի պաշտոնին: Բայց 2018 թվականին պարզվեց, որ նա է իշխող մեծամասնության վարչապետի թեկնածուն, եւ դա իմանալով ես ու իմ ընկերները 2018 թվականի մայիսի 31-ին քայլարշավ սկսեցինք Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիից դեպի մայրաքաղաք Երեւան՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կոչ անելով կանխել Սերժ Սարգսյանի կողմից քաղաքական խաբեության իրականացումը:
Մենք 13 օր քայլեցինք ավելի քան 200 կիլոմետր` այդ ողջ գործընթացը լուսաբանելով սոցիալական ցանցերի ուղիղ եթերում: Եվ մայրաքաղաք Երեւանում նախ մեր շարժմանը միացան բազմաթիվ դպրոցականներ՝ տղաներ եւ աղջիկներ, հետո նրանց ետեւից եկան նրանց ավագ եղբայրները եւ քույրերը, հետո նրանց ետեւից եկան նրանց մայրիկները եւ հայրիկները, ապա տատիկները եւ պապիկները:
Եվ չնայած 2018 թվականի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը խորհրդարանի կողմից վարչապետ ընտրվեց, իսկ ապրիլի 22-ին ես կրկին հայտնվեցի բանտում, հաջորդ իսկ օրը Սերժ Սարգսյանը ժողովրդի ճնշման ներքո ստիպված էր ինձ ու իմ ընկերներին ազատ արձակել եւ հրաժարական տալ: Իսկ դրանից 15 օր անց` 2018 թվականի մայիսի 8-ին, այդ նույն խորհրդարանը ինձ ընտրեց Հայաստանի Հանրապետության վարչապետ, որովհետեւ դա էր պահանջում ողջ հայ հանրությունը:
Ահա այսպես տեղի ունեցավ մեր հեղափոխությունը, որը մենք անվանում ենք Սիրո եւ համերաշխության հեղափոխություն, որովհետեւ այն ի սկզբանե հիմնված է եղել ոչ բռնի պայքարի տրամաբանության վրա:
Վեր պարզած բաց ձեռքերը մեր հեղափոխության սիմվոլն էր: Եվ դա նշանավորում էր մեր բազմիցս արած հայտարարությունն այն մասին, որ եթե նույնիսկ ոստիկանությունն ու նախկին կառավարության ներկայացուցիչներ մեր նկատմամբ բռնություն գործադրեն, մենք այդ բռնությանը բռնությամբ չենք պատասխանելու:
Եվ սերը, ոչ բռնի պայքարի գաղափարը իսկապես հաղթեց Հայաստանում երկար տարիներ իշխած օլիգարխիական, կոռուպցիոն համակարգին: Հաղթեց առանց որեւէ բռնության, հաղթեց առանց որեւէ զոհի, հաղթեց առանց որեւէ զենքի: Վեր բարձրացրած, վեր պարզած բաց ձեռքերով:
Սիրելի բարեկամներ,
այսօր իսկապես Հայաստանում հսկայական քաղաքական փոփոխություն-ներ են տեղի ունենում: Մեզ հաջողվել է Հայաստանից արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհային տնտեսակարգը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության իրական պայմաններ ստեղծել:
Մենք ամենօրյա ռեժիմով կրճատում ենք ստվերային տնտեսությունը. վերջին 10 ամսվա ընթացքում Հայաստանում ստվերից դուրս է բերվել, եւ ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ, որն աշխատաշուկայի ընդհանուր թվի տասը տոկոսն է: Մեր բյուջեի եկամտային մասի լրջագույն գերակատարումներ են արձանագրվել, և մենք մտադիր ենք 2019 թվականի բյուջեի եկամտային մասը գերակատարել շուրջ 70 մլն եվրոյով` առնվազն 70 մլն եվրոյով, որը մեր բյուջեի եկամտային մասի 2,6 տոկոսն է:
Այս հավելյալ գումարները կծառայեն ճանապարհների կառուցմանը, կրթական եւ առողջապահական ներդրումներին, տարածքային համաչափ զարգացմանը, եւ աշխատավարձեր կբարձրացվեն: Մեր կառավարության գործունեությունը թափանցիկ է եւ հաշվետվողական, եւ մեր իշխանությունը բխում է մեր ժողովրդի ազատ կամարտահայտությունից:
Հայաստանն այսօր միարժեքորեն ժողովրդավարական երկիր է` խոսքի եւ հավաքների կատարյալ ազատությամբ: Ընտրությունների կեղծման, համակարգային կոռուպցիայի էջը մեր երկրում փակված է անշրջելիորեն: Մեր կառավարությունը միջոցներ է ձեռնարկում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը շարունակաբար բարձրացնելու ուղղությամբ:
Բայց մեր ժողովրդավարությունն ուժեղանալու, տնտեսական եւ ինստիտուցիոնալ երաշխիքների անհրաժեշտություն ունի: Ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, անկախ դատական համակարգի կայացումը, հակակոռուպցիոն ինստիտուտների հիմնադրումն ու ուժեղացումն այն առանցքային ոլորտներն են, որտեղ մենք Եվրոպայի խորհրդի աջակցության կարիքն ունենք:
Այս ամենը կարեւոր է` ոչ միայն քաղաքական հեղափոխության արդյունքներն ամրագրելու, այլեւ մեր սկսած նոր՝ տնտեսական հեղափոխությունը բարեհաջող ավարտին հասցնելու համար:
Մեր ձեռնարկած տնտեսական հեղափոխության առանցքային նպատակն ու իմաստը մեր քաղաքացիներին տնտեսական գործունեության քաջալերելն է, նրանց համար իրական հնարավորություններ ստեղծելը, Հայաստանը ներդրումների եւ զբոսաշրջության համար առավել գրավիչ դարձնելը եւ մեր երկիրը տեխնոլոգիական առաջամարտիկի վերածելը:
Եւ մենք համոզված ենք, որ հաջողելու ենք այս դժվարին առաքելության մեջ, որովհետեւ մեր ժողովուրդը վերգտել է վստահությունը սեփական ուժերի եւ սեփական ապագայի նկատմամբ:
Հարգելի ներկաներ,
Տիկնայք և պարոնայք
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է կարեւորագույն մարտահրավեր մնալ Հայաստանի Հանրապետության եւ ընդհանրապես մեր տարածաշրջանի համար: Ինչպես ցանկացած ժողովրդավարական կառավարություն, Հայաստանի կառավարությունը նվիրված է հարցի բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքին:
Բայց մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները նոր երանգներ են բերել նաեւ հարցի կարգավորման մեր պատկերացումների մեջ:
Իհարկե, չափազանց կարեւոր է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մենք կարողացել ենք բավական կառուցողական եւ դրական երկխոսություն սկսել, բայց համոզված եմ, որ միայն ղեկավարների միջեւ երկխոսությունը բավարար չէ հարցը կարգավորելու համար: Շատ կարեւոր է, որ երկխոսություն մեկնարկի նաեւ հանրությունների միջեւ, որ մենք մեր հանրություններին պատրաստենք խաղաղության եւ ոչ թե պատերազմի:
Վերջես Երեւանում տեղի ունեցած ասուլիսում ես հայտարարեցի, որ նման երկխոսության կարեւորագույն հարթակ կարող են լինել սոցիալական ցանցերը, ուր հայերն ու ադրբեջանցիները, ցավոք, առայժմ շփվում են հայհոյանքների եւ ատելության լեզվով:
Հակամարտության երեսուն տարիների ընթացքում մենք կարծես պիտի սպառած լինեինք ատելության ու հայհոյանքի բառերը եւ պիտի իրար օգնեին հասկանալ միմյանց դիրքորոշումները, պիտի փորձեինք գտնել այն պատճառները, որոնք մեզ թույլ չեն տալիս լինել իրար հասկանալի:
Նման խոսակցություն սկսել եմ ես ինքս` անձամբ, մի քանի անգամ Հայաստանի խորհրդարանի ամբիոնից հայտարարելով, որ Ղարաբաղի հարցի կարգավորման որեւէ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար:
Սա մեր իրականության մեջ աննախադեպ հայտարարություն է եւ ըստ էության, այն բանաձեւն է, որ հնարավորություն կտա հասնել Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը: Ցավոք՝ մենք համանման խոսքեր առայժմ չենք լսում Ադրբեջանից, եւ ես հույս ունեմ, որ խաղաղության այս ամբիոնից հղված ուղերձը ադրբեջանական հանրության շրջանում կստանա համարժեք արձագանք:
Սիրելի ներկաներ,
Պատահական չէ, որ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի այս ամբիոնը ես անվանեցի խաղաղության ամբիոն: Հավատում եմ, որ սա այն տեղն է, որտեղ հայհոյանքը պետք է փոխարինվի երկխոսությամբ, սադրանքը պետք է փոխարինվի կառուցողական աշխատանքով: Բայց, ցավոք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնը երբեմն օգտագործվում է նաեւ պատերազմներ հրահրելու համար:
Այս առումով չեմ կարող չնկատել, որ Լեռնային Ղարաբաղի հարցի հետ առնչվող այն քննարկումները, որ ԵԽԽՎ-ում տեղի ունեցան 2016 թվականի հունվարին, նույն թվականի ապրիլին բռնկված Չորսօրյա պատերազմի նախերգանքը դարձան եւ բարենպաստ հող ստեղծեցին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարձակողական գործողություններ սկսելու համար:
Չեմ ուզում վստահորեն պնդել, որ գիտակցաբար, բայց, այնուամենայնիվ, այդ քննարկումների եւ փաստաթղթերի հեղինակները պատերազմի հրձիգ դարձան, որը մի քանի հարյուր կյանքեր արժեցավ թե’ Հայաստանի, թե’ Լեռնային Ղարաբաղի, թե’ Ադրբեջանի համար:
Այսօր էլ ցավոք՝ ինչպես միջազգային այլ հարթակներում, այնպես էլ ԵԽԽՎ-ում մենք տեսնում ենք այդ կառույցներն աշխարհաքաղաքական խաղերի, կոնֆլիկտների մեջ ներքաշելու, հակամարտության կողմ դարձնելու փորձեր, ինչը բացարձակապես հակառակ է այդ կազմակերպությունների էությանն ու առաքելությանը:
Հարկ է հիշել նաեւ, որ կոնֆլիկտները պետք է դիտարկել ամեն մեկն իր էության եւ բովանդակության մեջ, եւ որեւէ կոնֆլիկտի մասին դատողություններ անել առանց դրա ծագումը, պատճառները, էությունն ու առանձնահատկությունները հասկանալու, նշանակում է պարզապես խաղալ մարդկային կյանքերի եւ մարդկային ճակատագրերի հետ:
Այս է պատճառը, որ մենք համարել եւ համարում ենք, որ Լեղնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով պիտի զբաղվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ հակամարտության երեք կողմերի հետ, որովհետեւ միայն այս ֆորմատում է, որ տիրապետում են ոչ միայն հարցի այսօրվա վիճակին, այլեւ ողջ պատմությանը, բանակցային նրբություններին դրանց մեկնարկի օրից:
Հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն է, որ հիմնադրվել է հակամարտության բոլոր կողմերի՝ Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի երկխոսության հարթակ ձեւավորելու համար, եւ մենք այսօր միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում վերականգնվի երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ:
Տիկնայք և պարոնայք,
Ասվածն ամենեւին չի նշանակում, թե Եվրոպայի խորհուրդը Ղարաբաղյան հակամարտության գոտում անելիք չունի: Այս կազմակերպությունը, որ նախանձախնդիր է Եվրոպայում մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար, զրո ուշադրություն է դարձնում Լեռնային Ղարաբաղում գործող հասարակական կազմակերպություններին աջակցելու խնդրին:
ԵԽԽՎ-ն բնավ որևէ միջոց չի ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և քաղաքացիական հասարակության կայացման համար:
Սրա բացատրությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հակասություններ, տարընթերցումներ կան, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված չէ որպես պետություն:
Բայց խոսքը ԵԽ-ի և ԵԽԽՎ-ի անելիքի առումով պետական կարգավիճակի մասին չէ: Եթե Լեռնային Ղարաբաղը դեռեւս միջազգայնորեն ճանաչված չէ որպես անկախ պետություն, մի՞թե Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց մարդ լինելու վերաբերյալ միջազգային բանավեճ կա: Մի՞թե մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային առաջամարտիկներից մեկի՝ Եվրոպայի խորհրդի համար առաջնայինը փաստաթուղթն է եւ ոչ թե իրական մարդը:
Եվ այս բարձր ամբիոնից ուզում եմ կոչ հղել Եվրոպայի խորհրդի եւ ընդհանրապես Եվրոպայի բոլոր այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են մարդու իրավունքների, խոսքի ազատության պաշտպանությամբ, ժողովրդավարական ինստիտուտների կայացմամբ:
Աջակցեք Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ կատարելագործելու իրենց օրենքներն ու ինստիտուտները, ամրապնդելու մարդու իրավունքները, օրենքի գերակայությունն ու անկախ դատական համակարգը: Դրանից շահելու է քաղաքացին՝ մարդը: Իսկ մարդն ավելին է, քան որեւէ փաստաթուղթ, քան որեւէ քաղաքական կամ խմբային շահ, եւ ես հավատում եմ, որ Եվրոպայի խորհուրդը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կառաջնորդվի հենց այս արժեքներով:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հարգելի տիկին նախագահ,
Եվրոպայի խորհրդի հարգելի գլխավոր քարտուղար,
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հարգելի պատգամավորներ,
Ինձ համար իսկապես շատ պատվաբեր էր եւ կարեւոր` հայկական Սիրո եւ համերաշխության հեղափոխության առաջին հոբելյանի առիթով այս ամբիոնից ելույթ ունենալը:
«Էկոնոմիստ» հանդեսը, Հայաստանը ճանաչելով 2018 թվականի տարվա երկիր, հարցադրում էր արել, թե արդյոք Հայաստանը կկարողանա՞ զարգացնել 2018 թվականին արձանագրած հաջողությունները:
Պատիվ ունեմ այս բարձր ամբիոնից հայտարարել, որ ժողովրդավարությունը Հայաստանում անշրջելի է` անշրջելի է մի պարզ պատճառով. նրա հաղթանակը մեր երկրում ապահովել են ոչ թե քաղաքական լիդերները կամ ուժերը, այլ ժողովուրդը, քաղաքացին, երիտասարդությունը, որոնք այլեւս գիտեն, որ իրենք են ամենայն առաջընթացի շարժիչ ուժը եւ հաստատ բաց չեն թողնի Հայաստանը ժողովրդավարության, օրինականության, թափանցիկության ու հանդուրժողականության փարոս դարձնելու այս բացառիկ հնարավորությունը:
Հայաստանը կարող է եւ կմնա լավ լուրերի աղբյուր՝ ժողովրդավարությանը հավատացող բոլոր մարդկանց համար:
Շնորհակալություն»:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում:
Ապրիլի 11-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպայի պալատում «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը: Ցուցահանդեսը բացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը և ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասկիեն:
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.
«Մեծարգո պարոն Գլխավոր քարտուղար,
Վեհաժողովի հարգելի տիկին նախագահ,
Տիկնայք և պարոնայք խորհրդարանականներ,
Տիկնայք և պարոնայք,
Սիրելի բարեկամներ,
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ներկայության և «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրության համար, որի հանդիսավոր բացումն անելու պատիվն ունենք այսօր՝ Ժողովրդավարության և Մարդու իրավունքների տուն խորհրդանշական անունը կրող այս վայրում։
Ուղիղ մեկ տարի է, որ ես՝ որպես ընդդիմադիր խորհրդարանական, նախաձեռնեցի այս ժողովրդական շարժումը՝ լսելի դարձնելու ժողովրդի ձայնը, որ ոտքի էր կանգնել ասելու՝ ՈՉ բռնապետությանն ու անարդարությանը։
Ես ուժ էի ստանում հայրենակիցներիս համերաշխությունից և անկոտրում ոգուց։
Ես սկսեցի այդ երթը, որն անվանեցի «Իմ քայլը», Հայաստանի հյուսիսում գտնվող և մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիից դեպի մայրաքաղաք Երևան ընդամենը մի քանի համակիրների ուղեկցությամբ։
Անցնելով մի քաղաքից մյուսը՝ մենք շուտով դարձանք հարյուր, ապա և հարյուր հազարներ։ Մեր քայլերթը գնալով բազմապատկում էր իր ծավալները։ Շատ արագ այն ընդգրկեց ողջ երկիրը։
Տղամարդիկ, կանայք և հատկապես երիտասարդները՝ ավագ դասարանների աշակերտները և ուսանողները, որ քայլում էին մեզ հետ, դարձան այդ խաղաղ քաղաքացիական ընդվզման շարժիչ ուժը։ Ես ուզում եմ, մասնավորապես, գնահատանքի արժանացնել երիտասարդ կանանց խիզախումը, ովքեր մեզ միացան մանկասայլակներով և նորածին երեխաներով։
Նրանց խանդավառությունը, անարդարության բացարձակ մերժումն ինձ ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ իմ քայլերթը ճիշտ էր։ Համազգային այդ համախմբումը դարձավ ոգեշնչման մի իսկական աղբյուր՝ գնալու մինչև վերջ այն համոզմունքով, որ Հաղթանակը մերն է լինելու։
Եվ ժողովրդի կամքն իրականություն դարձավ։ Ժողովրդավարությունը հաղթեց։ Ծնվեց Հայաստանի Թավշյա հեղափոխությունը, որը մենք անվանեցինք Սիրո և Համերաշխության հեղափոխություն։
Վստահ եմ՝ ձեզնից շատերը հետևել են մեր հեղափոխության տարբեր փուլերին միջազգային լրատվամիջոցների լայն լուսաբանման շնորհիվ։ Նաև համոզված եմ, որ այստեղ ցուցադրված կադրերը լավագույնս են փոխանցում մեզ համար բացառիկ կարևորությամբ այդ իրադարձության ոգին և աննկարագրելի հույզերը։
Տիկնայք և պարոնայք,
Ինչպես ես նշեցի Վեհաժողովում քիչ առաջ ունեցած իմ ելույթում, մեզ համար մեծ հպարտություն և պատիվ է՝ ունենալ այս առիթը նշելու մեր Թավշյա հեղափոխության առաջին տարեդարձը Եվրոպայի խորհրդում և վերահաստատել մեր հանձնառությունը այս կառույցի սկզբունքներին ու հիմնարար արժեքներին։
Այս ցուցահանդեսը հարգանքի տուրք է մարդկային արիությանը, այն հույս է բերում համամարդկային իրավունքների և ազատությունների համար մարտնչողներին։ Սա ձոն է ժողովրդավարությանն ու Եվրոպայի խորհրդին, որը կարևորագույն ներդրում ունի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում։
Շնորհակալ եմ ձեզ մեր կողքին լինելու համար և հրավիրում եմ ծանոթանալու ցուցահանդեսին»:
Ելույթներով են հանդես եկել նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեն և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Ցուցահանդեսին ներկա էին Եվրոպայի խորհրդում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, Խորհրդարանական վեհաժողովի անդամներ, Եվրոպայի խորհրդի քարտուղարության պաշտոնյաներ, այդ թվում` հայազգի, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսով շրջայցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասկիեին և ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին պատմել է լուսանկարների միջոցով ներկայացված 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքի մասին:
ՀՀ վարչապետը մասնակցել է նաև ԵԽԽՎ նախագահի անունից Խորհրդարանական վեհաժողովի 2019թ. հերթական նստաշրջանի երկրորդ մասի կապակցությամբ տրված ճաշին: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել ԵԽ բակում, որին հաջորդել է արարողակարգային լուսանկարահանումը մուտքի հարակից մասում տեղադրված խաչքարի մոտ:
Հաջորդիվ Հայաստանի վարչապետն այցելել է Ստրասբուրգի Աստվածամոր տաճար, Ստրասբուրգի փոխքաղաքապետ Նավել Ռաֆիկ-Էլմրիի և Հայր Բերնարդ Խիբաուտի ուղեկցությամբ շրջել տաճարում, ծանոթացել ավազաքարից կառուցված ամենախոշոր կառույցներից մեկի ճարտարապետությանն ու պատմությանը:
* * *
Եվրոպայի պալատում կազմակերպված «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագիրը կրող ցուցահանդեսի նպատակն է նշանավորել Հայաստանի թավշյա հեղափոխության մեկամյակը: Այն ներկայացնում է 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած խաղաղ, ոչ բռնի համաժողովրդական շարժման տարբեր փուլերը, որոնք Հայաստանում հանգեցրին արմատական քաղաքական փոփոխությունների և ժողովրդավարական զարգացումների: Ցուցահանդեսը ներառում է 40 լուսանկար, որոնց միջոցով ժամանակագրական հերթականությամբ ներկայացվում են թավշյա հեղափոխության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները:
Լուսանկարների հեղինակներն են ՀՀ վարչապետի անձնական լուսանկարիչ Տիգրան Մեհրաբյանը, «Արմենպրես» լրատվական գործակալության լուսանկարիչներ Գևորգ Պերկուպերկյանը, Մխիթար Խաչատրյանը, Տաթև Դուրյանը, «Ֆոտոլուր»-ի լուսանկարիչներ Հայկ և Վահրամ Բաղդասարյանները, լուսանկարիչեր Անի Գևորգյանը և Հրանտ Խաչատրյանը:
«Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսը Եվրոպայի պալատում բաց կլինի 2019թ. ապրիլի 8-12-ը: Կազմակերպիչներն են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը և Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը:
Ցուցահանդեսի շրջանակում, բացի լուսանկարներից, ներկայացված է նաև «Թավշյա հեղափոխություն» թեմայով պատրաստված կոմիքս գրքի առաջին մասի անգլալեզու տարբերակը: Այն նախաձեռնել է հայկական կոմիքսների ստեղծմամբ զբաղվող «Մայրո» թիմը՝ սեփական ֆինանսական միջոցներով: Գիրքը բաղկացած է 5 մասից, որից յուրաքանչյուրը ներկայացնում է 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների իրադարձություններն ըստ ժամանակագրական հերթականության: Առաջին մասը ներկայացնում է շարժման, քայլարշավի, բողոքի ցույցերի, ակցիաների և երթերի նախապատրաստումը, ընթացքն ու զարգացումը:
Հեղինակների խոսքով՝ «Թավշյա հեղափոխություն» կոմիքս գրքի ստեղծման գաղափարը ծնվել է հեղափոխության հաղթանակից հետո և պատմում է այն մասին, թե ինչպես կարելի է առանց բռնության՝ թե՛ իշխանության, թե՛ ցուցարարների կողմից հասնել խաղաղ փոփոխությունների: Գրքում տեղ գտած նկարագրությունները ներկայացնում են իրադարձություններն առանց հեղինակային միջամտությունների: Դրվագների համար հիմք են հանդիսացել հեռարձակվող ուղիղ եթերներն ու գործող կերպարների հետ անցկացված հարցազրույցները: Այն հայկական առաջին կոմերցիոն և անկախ կոմիքս գիրքն է: Գրքի առաջին մասի շնորհանդեսը՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակով, տեղի կունենա ապրիլի 12-ին Երևանում:
* * *
Հարց – Պարոն վարչապետ, Դուք մի քանի նախադասությամբ անդրադարձաք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին: Բայց Ադրբեջանը տարածաշրջանի միակ երկիրը չէ, այնտեղ կան նաև այլ երկրներ: Կարծում եմ, որ մյուս հարևանների հետ ձեր հարաբերություններում ևս առկա են որոշակի խնդիրներ: Դուք գո՞հ եք նրանց հետ հարաբերությունների ներկայիս մակարդակից, և եթե ոչ՝ ի՞նչ եք պատրաստվում անել այդ ուղղությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իհարկե մենք ունենք ոչ միայն հարևաններ, որոնց հետ հարաբերություններն այնքան էլ լավ չեն, բայց ունենք հարևաններ, որոնց հետ հարաբերությունները լավ են և նույնիսկ շատ լավ են: Ես նկատի ունեմ հատկապես Վրաստանը և Իրանը, որոնց հետ մեր հարաբերություններն իսկապես բարձր մակարդակի վրա են գտնվում և մենք այդ երկրների հետ ունենք բարձր մակարդակի երկխոսություն: Մենք փորձում ենք ավելի զարգացնել մեր հարաբերությունները: Իհարկե դուք գիտեք, որ ցավոք Ադրբեջանի և Թուրքիայի հետ մեր հարաբերությունները, ըստ էության, մենք հարաբերություններ չունենք դիվանագիտական և սրանով ամեն ինչ ասված է: Ադրբեջանի պարագան, կարծում եմ, բոլորիս համար պարզ է: Թուրքիայի պարագան մի փոքր այլ է, որովհետև այդ դեպքում Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը կապում է Ադրբեջանի հետ մեր հարաբերություններով: Հայաստանն իր հերթին չի փոխել իր դիրքորոշումը: Մենք ասել ենք, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ մեր հարաբերություններին, ես արդեն ընդհանուր առմամբ ուրվագծեցի մեր պատկերացումը և ուզում եմ ընդգծել, որ մենք մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ, ինչպես նաև մեր մյուս հարևանների հետ պատկերացնում ենք խաղաղության օրակարգի շրջանակում: Ուրախ եմ, որ իր գործունության ընթացքում մեր կառավարությունը, ըստ էության, կարողացել է մեր հարաբերությունների սեղանին դնել հենց խաղաղության օրակարգը: Շնորհակալ եմ:
Հարց – Շնորհակալություն պարոն վարչապետ Ձեր երկրի անցած ուղին և հաջողությունները ներկայացնոլու համար: Շնորհավորում եմ Ձեզ և ուզում եմ հարցնել, թե ի՞նչ է տեղի ունենում նախկին քաղաքական գործիչների նկատմամբ հարուցված քրեական գործերում և որքանով է ապահովված արդարադատության անկախությունն այդ գործերում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Շնորհակալ եմ հարցի համար, դատական համակարգի հետ կապված խնդիրն այսօր ամենահրատապն է մեզ համար, մեր երկրի համար, մեր կառավարության համար, որովհետև հեղափոխություն տեղի է ունեցել Հայաստանի քաղաքական համակարգում, բայց հեղափոխություն դատական համակարգում տեղի չի ունեցել: Ես Ձեզ կարող եմ վստահեցնել մի բան, առանց սեթևեթանքի, որ ունենալ 100 տոկոսով, առանց պայմանականությունների և պայմանների, ակախ դատական համակարգ, որի որոշումներն ու վճիռները վստահելի կլինեն ոչ միայն հայ հանրության, այլև միջազգային հանրության համար, դա մեզ համար առանցքային նշանակություն ունեցող հարց է: Եվ վերջերս, երբ Եվրամիությունից պատվիրակություն էր եկել Հայաստան, և նրանք լսում էին մեր դիրքորոշումներն անկախ դատական համակարգ ունենալու մասին, ինձ շատ ուղիղ հարց տվեցին, ասացին՝ իսկ դատական համակարգն անկախ դարձնելու ուղղությամբ դուք մինչև ո՞ւր եք պատրաստ գնալ: Եվ ես շատ ուղիղ պատասխանեցի, որ անկախ դատական համակարգ ունենալու ճանապարհին մենք պատրաստ ենք գնալ մինչև վերջ, որովհետև մենք հասկանում ենք, որ առանց, իսկապես, անառարկելիորեն անկախ դատական համակարգի, մենք չեն կարող երաշխավորել վերջնականորեն և անշրջելիորեն մեր ժողովրդավարության ինստիտուցիոնալ և շարունակական ուժեղացումը: Ունե՞նք արդյոք այսօր այսպիսի դատական համակարգ՝ ցավոք սրտի, ես չեմ կարող ձեզ 100 տոկոսով երաշխիք տալ: Ես ձեզ կարող եմ 100 տոկոսով երաշխավորել, որ մեր կառավարությունը վերացրել է, դադարեցրել է ենթադրաբար գոյություն ունեցող այն պրակտիկան, երբ դատական համակարգն ուղղորդվում էր կառավարության կողմից: Մենք ամբողջապես, լրիվությամբ հրաժարվել ենք այս գործելակերպից: Կարող է մի փոքր տարօրինակ հնչել, բայց ես, օրինակ, չունեմ 100 տոկոսով վստահություն, որ դատական համակարգի վրա գոյություն ունեցած այլ ազդեցության լծակներ մինչև այսօր չեն պահպանվել: Եվ ես չունեմ համոզվածություն, որ մեր դատական համակարգում կոռուպցիա չկա, որովհետև, օրինակ, ընդամենը 10 օր առաջ Հայաստանում դատավոր է ձերբակալվել կաշառք ստանալու պահին: Բայց, որ մենք լիարժեքորեն նվիրված ենք անկախ դատական համակարգ ունենալու օրակարգին, դրանում խնդրում եմ որևէ կասկած մի ունեցեք: Շնորհակալ եմ:
Հարց – Պարոն վարչապետ, ես ցանկանում եմ Ձեզ հարց ուղղել Իրանի հետ հարաբերությունների վերաբերյալ: Իրանը բազմաբնույթ հարաբերություններ ունի Եվրոպայի հետ: Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացումը, հատկապես Եվրամիության հետ համագործակցության ենթատեքստում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Կարող եմ ասել, որ Եվրոպայի ներկայացուցիչների բարձրաստիճան պաշտոնյանների հետ իմ ունեցած բոլոր շփումներում ես արձանագրել եմ, որ եվրոպացի մեր գործընկերները հասկանում են հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը և համաձայն են Իրանի հետ բնականոն հարաբերություններ պահպանելու և լավ հարաբերություններ զարգացնելու մեր տեսլականի հետ: Ինչ վերաբերում է Իրանի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակին, մենք, գիտեք այսպիսի մի բավականին բարդ իրավիճակում ենք, երբ այդ քաղաքական հակասությունների կողմերում մեր բարեկամներն են: Այսինքն՝ գծից այս կողմ էլ մեր բարեկամներն են, գծից այն կողմն էլ մեր բարեկամներն են: Եվ, իհարկե, մեր հույսը և կոչը և ցանկությունն այն է, որ քաղաքական հակասություններն ինչպես այլ դեպքերում, այս դեպքերում էլ լուծվեն երկխոսության տրամաբանության մեջ, որովհետև երկխոսությունը միակ ճանապարհն է, որով 21-րդ դարում, քաղաքակրթության այսօրվա իրավիճակում հարիր է, որ մենք մտածենք խնդիրների լուծման մասին: Եվ անկեղծ ասած, եվրոպացի մեր բոլոր գործընկերների շփումների ընթացքում ես տեսել եմ այս նույն ընկալումը և գիտակցումը: Ես, իհարկե, բոլորի հետ չէ, որ հասցրել եմ անձամբ շփվել, բայց Եվրամիության մեր գործընկերների հետ, Եվրոպական միության անդամ երկրների հետ մեր շփումներում այս ընկալման շուրջ մենք ունեցել ենք համաձայնություն, կոնսենսուս: Շնորհակալ եմ:
Հարց – 2018թ ապրիլին այս վեհաժողովն ընդունեց իմ զեկույցը կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և իրավական ակտիվների, գույքի առգրավման գործընթացի դյուրացման վերաբերյալ: Ես գիտեմ, որ հանցավորության դեմ պայքարը Ձեր կառավարության առաջնահերթություններից է: Կարո՞ղ եք ասել, թե ինչպե՞ս եք տեսնում միջազգային գործընկերների հետ ձեր համագործակցությունն այս ոլորտում՝ միջազգային լավագույն փորձի կիրառման առումով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Շնորհակալ եմ շատ հարցի համար, որովհետև շատ կարևոր էր, որ նման հարց հնչեր հենց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում: Որովհետև մենք հիմա Հայաստանում քննարկումների մեջ ենք, թե արդյո՞ք մեր երկրի համար կարող է ընդունելի լինել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագրավման ինստիտուտի ներդրումը: Եվ սրա հետ կապված Հայաստանում կան բավականին լուրջ մտահոգություններ, նաև նախկին կառավարության ներկայացուցիչների շրջանում, ես կարևոր եմ համարում արձանագրել, որ այս պրակտիկան ոչ միայն միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, այլև, ըստ էության, 2015 թվականից գտնվում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի առաջ: Ես ուզում եմ հիշատակել, որ այդ մեխանիզմի մասին հիշատակում կա «Հանցավոր ճանապարհներով ստացված եկամուտների լվացման, հետախուզման առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում, «Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայում և այս մեխանիզմի վերաբերյալ Հայաստանը որոշակի պարտավորություններ է ստանձնել Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից 2015 թվականին:
Անկեղծ ասած, անձամբ իմ տեսակետից դա մի մեխանիզմ է, որ Հայաստանում իսկապես կարող է և պետք է կյանքի կոչվի, բայց ինչպես ասացի՝ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և այստեղ որոշումները միանձնյա չեն կայացվում, և այս ինստիտուտի վերաբերյալ մենք պետք է ունենանք լայն քննարկումներ և այդ քննարկումների արդյունքում պետք է կայացնենք որոշում և, իհարկե, շատ օգտակար կլինի նաև այս հարցում, Եվրոպայի խորհրդի հետ մեր համագործակցությունը, որպեսզի, քավ լիցի, հանկարծ որևէ մեկը չփորձի սա մեկնաբանել կամ օգտագործել որպես հետապնդումների գործիք, որովհետև այդ էջը մեր երկրում, ինչպես արդեն ասացի, անշրջելիորեն փակվել է: Շնորհակալ եմ:
Հարց Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացներին արտաքին միջամտության վերաբերյալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ: Եթե Դուք նկատեցիք, ես իմ ելույթում հատուկ ընդգծեցի, որ ոչ մի օտարերկրյա ուժ ներգրավված չի եղել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը: Եվ գիտեք, երբեմն այս կապակցությամբ հանրությունը կարող է ականատես լինել բավականին տարօրինակ բանավեճերի: Երբ օրինակ իմ այցերի կամ ասուլիսների ընթացքում փորձում են ասել, որ Հայաստանում տեղի է ունեցել գունավոր հեղափոխություն, ես ամեն անգամ հարկ եմ համարում ընդգծել, որ մեր մոտ տեղի է ունեցել ոչ թե գունավոր, այլ սիրո և համերաշխության հեղափոխություն: Եվ այս բառերի տակ, բնականաբար, խոսքը գույնի մեջ չէ, ոչ էլ սիրո և ոչ էլ առավել ևս համերաշխության, այլ խոսքը քաղաքական ենթատեքստի մասին է: Խնդիրն այն է, որ մեր հեղափոխության մեջ իսկապես որևէ արտաքին քաղաքական ուժի ներգրավվածություն չի եղել, որևէ: Բացառվում է, որ որևէ մեկը կարողանա ցույց տալ որևէ արտաքին ուժի ներգրավվածություն մեր ներքին գործընթացների մեջ: Եվ սա միշտ ասել եմ, որ մեզ համար, կներեք, ազգային արժանապատվության խնդիր է, և անձամբ ինձ համար էլ անձնական արժանապատվության խնդիր է և շատ կարևոր է արձանագրել, որ ժողովրդավարությունն իսկապես բխում է մեր ժողովրդի մտածելակերպից: Կարծում եմ, հենց սա է պատճառը, որ մենք այսօր ունենք այն վիճակը, որի մասին Դուք նշում եք: Ես պետք է ուղիղ լինեմ և անկեղծ՝ այն, ինչ ասացի ես քիչ առաջ, ասվածի վերաբերյալ տարբեր գործընկերներ ունեն տարբեր կասկածներ: Մինչև հիմա էլ միջազգային մամուլում տեղ են գտնում հրապարակումներ, որ ահա հնարավոր է այս այսպես է, այն այնպես է, որ այնուամենայնիվ, գուցե կա ինչ-որ աշխարհաքաղաքական ենթատեքստ, արտաքին քաղաքական ենթատեքստ, բայց ես կարծում եմ, որ ամեն օրվա հետ բոլորը համոզվում են, որ ամեն ինչ հենց այնպես է եղել, ինչպես ես ասել եմ և դա շատ կարևոր է: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը որևէ երկրի դեմ չէ, որևէ կազմակերպության դեմ չէ: Հայաստանի ժողովուրդը հեղափոխություն իրականացրել է հանուն իր ազատ և երջանիկ ապագայի, և մենք մտադիր ենք մեր հարաբերությունները զարգացնել մեր բոլոր միջազգային գործընկերների հետ: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, մենք նախագահում ենք այս պահին այդ կազմակերպությունում և մենք մեզնից կախվածն անելու ենք այդ կազմակերպությունն առավել արդյունավետ դարձնելու համար: Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ և մենք ամեն ինչ անելու ենք այդ հարաբերությունները զարգացնելու համար: Անվտանգության համակարգի առումով մենք հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ենք և ամեն ինչ անելու ենք այդ կազմակերպությունը և այդ կազմակերպությանը մեր անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար: Եվրամիության հետ մենք այսօր ունենք հրաշալի հարաբերություններ և դա ունի մի շատ կոնկրետ պատճառ: Խնդիրն այն է, որ Համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին պայմանագիրը Եվրամիության հետ, նրա բովանդակությունը լիարժեք կերպով համընկնում է մեր կառավարության հետ ունեցած օրակարգի հետ, այն օրակարգի հետ, որ մենք ի սկզբանե մտադիր ենք իրականացնել այն բարեփոխումների օրակարգի հետ, որ մենք մտադիր ենք իրականացնել մեր երկրում: Շնորհակալ եմ:
Հարց – Ըստ Ձեզ, որքանո՞վ է Եվրապայի խորհուրդը նպաստել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության զարգացմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք ես միշտ նաև այդ հարցին ի պատասխան հարկ եմ համարում ընդգծել և հույս ունեմ, որ այդ ընդգծումը ճիշտ կհասկացվի հատկապես այս ամբիոնում: Երբ խոսում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության մասին և սկզբից նշվում է, որ դրանք եվրոպական արժեքներ են, ես, բնականաբար, դրանց հետ համաձայն եմ, բայց թույլ տվեք ասել, որ դրանք իմ ընկալմամբ և մեր ընկալմամբ, նույնքան և հայաստանյան արժեքներ են: Ես նկատի ունեմ մենք ժողովրդավարությունը չենք ընկալում որպես մի բան, որը մենք ներկրել ենք կամ որևէ տեղից արտահանվել է դեպի մեր երկիր: Սա արժեքային համակարգ է, որ բխում է մեր ժողովրդի մտածելակերպից, մեր ժողովրդի մենթալիտետից և մեր ժողովրդի ձգտումներից և ցանկություններից: Եթե այս փաստը արձանագրենք, մենք կարող ենք արձանագրել, որ այսօր մենք Եվրոպայի խորհրդի հետ ունենք բացարձակապես նույն ընկալումները, թե ինչպիսին է ժողովրդավարությունը և ինչ տրամաբանությամբ պետք է զարգանա ժողովրդավարությունը: Ես ասեցի իմ ելույթում՝ չնայած ոչ մի օտարերկրյա ուժ հեղափոխության մեջ ներգրավված չի եղել և դա այդպես է, բայց Հայաստանի 18-ամյա անդամակցությունը Եվրոպայի խորհրդին և այս ընթացքում մեր կատարած համատեղ աշխատանքն իհարկե շատ էական կերպով նպաստել է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, կայացմանը: Եվ այս առումով, իհարկե, Եվրոպայի խորհրդի գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում ես արդյունավետ եմ համարում: Առնվազն ես ասացի, որ անձնական պահ էլ կա. ինձ մի անգամ չեն բանտարկել շնորհիվ Եվրոպայի խորհրդի և մի անգամ բանտից ազատել են նաև ի շնորհիվ Եվրոպայի խորհրդի: Այնպես որ ես այդ համագործակցությունը համարում եմ խիստ արդյունավետ և կայացած: Շնորհակալություն:
Հարց – Միջազգային հանրության մեջ կա տեսակետ, որ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ղեկավարներն ու նրանց ընտանիքների անդամները մեծ հարստություն են կուտակել այս տարիների ընթացքում: Ձեր կառավարությունը մշակել է կոռուպցիայի դեմ պայքարի հավակնոտ ծրագիր: Հայտնի է նաև, որ Ձեր երկրի երկրորդ նախագահն այս պահին գտնվում է բանտում: Կարո՞ղ եք մեզ ասել, թե կոնկրետ ի՞նչ միջոցառումներ եք նախատեսել և ինչպիսի՞ արդյունքներ եք արդեն արձանագրել այս ոլորտում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալ եմ հարցերի համար: Երբ ես մտածում եմ, թե ամենամեծ բանը, որ պետք է անեմ անձամբ կոռուպցիայի դեմ պայքարելու համար ո՞րն է, իմ միակ և ամենավստահելի պատասխանը հետևյալն է, որ ես անձամբ ինքս կոռուպցիայի մեջ չպետք է ներքաշվեմ, որովհետև ինձ համար չկա ավելի հուսալի գործիք կոռուպցիայի դեմ հետևողական պայքար մղելու, գործին նվիրված լինելու համար: Եվ շատ կարևոր է, որ մարդիկ տեսնեն դա, որ մարդիկ հավատան դրան, որովհետև ես չեմ կարծում, թե աշխարհում կա մի որևէ վարչապետ և որևէ կառավարություն, որ կանգնում ամբիոնից ասում է՝ գիտեք, այո, ես մտադիր եմ կամաց-կամաց ներգրավվել կոռուպցիայի մեջ: Բոլորն էլ ասում են, որ իրենք չեն պատրաստվում կոռուպցիայի մեջ ներգրավվել, իրենք պայքարում են կոռուպցիայի դեմ: Եվ այս առումով շատ կարևոր է դառնում իշխանության և կառավարության խոսքի վստահելիությունը: Եվ այս է պատճառը, որ ես նաև միշտ ընդգծում եմ, որ կառավարության ղեկավարի, երկրի ղեկավարի կարգավիճակում իմ գտնվելը իմաստավորված եմ համարում այնքան ժամանակ քանի դեռ ունեմ մեր ժողովրդի վստահությունը: Եվ սա նշանակում է, որ այդ վստահությունն է ամենակարևոր նախապայմանը, որ մենք կկարողանանք պայքարել կոռուպցիայի դեմ, որովհետև, կարծում եմ, բոլորս ենք հասկանում, թե կոռուպցիան, որը շատ երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունում իշխել է, ինչպիսի լծակներ, ինչպիսի ֆինանսական միջոցներ ունի և ինչպես կարող է նա հակադարձել, եթե իր դեմ պայքարը տեղի ունենա մի միջավայրում, որտեղ չկա վստահություն կառավարության և հանրության միջև: Իհարկե, Դուք ճիշտ եք, և հետևաբար, առաջինը ես, իմ ընտանիքը, հարազատներն այս առումով պետք է լինեն առանձնահատուկ ուշադրության ներքո: Ես շատ կարևոր եմ համարում, որ թափանցիկությունն այսօր Հայաստանում կարևորագույն ինստիտուտներից մեկն է, որը չեմ ասի, թե 100 տոկոսով կայացել է, բայց մեծ քայլերով գնում է առաջ: Ցանկանում եմ ասել, որ ընդամենը 10 օր առաջ իմ մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Չեմ ուզում նրա անմեղության կանխավարկածը խախտել, բայց այս փաստը և այն, որ գործը կքննվի լիարժեք օրինականության և օբյեկտիվության պայմաններում, ևս մեկ ապացույց է, որ մենք վստահորեն գնում ենք այդ ճանապարհով:
Հարց - 2001թ Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո Հայաստանը հայտարարեց Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորմանն իր նվիրվածության մասին: Կարո՞ղ եք ասել, ե՞րբ եք պատրաստվում գործնականում ի կատար ածել ձեր հանձնառությունը, ինչը բխում է ձեր ստանձնած պարտավորություններից և միջազգային կառույցների ընդունած բանաձևերից և փաստաթղթերից:
Հարց – Պարոն վարչապետ, անցյալ տարվա նոյեմբերին Երևանում նախատեսվում էր անցկացնել կրոնական փոքրամասնությունների և ԼԳԲՏ հանրության համաժողով: Սակայն դա տեղի չունեցավ հանրային կարծիքի, այդ թվում քաղաքական գործիչների ճնշման պատճառով, որոնք մտահոգություն էին հայտնում մասնակիցների անվտանգության վերաբերյալ: Դա վկայում է ԼԳԲՏ անձանց իրավունքների լուրջ խախտումների մասին, ովքեր Հայաստանում զրկված են նույնիսկ իրենց տարրական իրավունքներն իրագործելու հնարավորությունից: Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ձեր կառավարությունն այդ ուղղությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ինչ վերաբերվում է Ղարաբաղի հարցը խաղաղ միջոցներով կարգավորելուն, ապա ես մեր պարտավորությունը վերահաստատեցի ևս մեկ անգամ՝ այս ամբիոնից ելույթ ունենալով: Կարծում եմ՝ վերջին շրջանում խաղաղության օրակարգը, խաղաղության բանաձևը կյանքի կոչելու առաջարկներ ներկայացնելը մեր ադրբեջանցի գործընկերներին և հանրությանը՝ մեր ամենակարևոր անելիքներից մեկն է և ես ընդգծում եմ, որ ուրախ եմ, որ մենք կարողացել ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բավականին ուղիղ, անկեղծ, ազնիվ և կառուցողական խոսակցություն ծավելել: Ցավոք, դեռևս ընդհանուր պատկերացումներ չունենք Ղարաբաղի հարցի կարգավորման նրբությունների, մեխանիզմների մասին, բայց այն, որ մենք կառուցողական, անկեղծ քննարկման մթնոլորտ ենք ստեղծել՝ դա արդեն իսկ բավականին լավ է:
Մեր ընկալմամբ, այսօր կարևորագույն մի քանի հարց կա, որոնց մենք պետք է պատասխանենք խաղաղության օրակարգն ինստիտուցիոնալ առումով ուժեղացնելու համար և այդ հարցերից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի լիարժեք գործարկումն է, որը ենթադրում է նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը կարգավորման խաղաղ գործընթացին, որովհետև շատ դժվար է հասկանալ, թե ինչպես ենք մենք պատրաստվում հարցը կարգավորել՝ առանց հակամարտության առաջնային և հիմնական կողմին լսելու, առանց նրա հետ խոսելու:
Ինչպես իմ ելույթում ասացի՝ մեր քայլերն ուղղված են նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում վերականագնենք երկխոսությունն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև: Շատերը չգիտեն, բայց նաև Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ղեկավարների միջև է տեղի ունեցել ուղիղ հանդիպում: Այդ պրակտիկան եղել է, Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներն, ըստ էության, միշտ ներգրավված են եղել բանակցային գործընթացում, սովորաբար ասում են, թե մինչև 1998 թվականը, բայց ես կարող եմ ասել, որ մինչև 2018 թվականը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ներկա են եղել բանակցային գործընթացին: Եկեք չմոռանանք, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ դառնալուց առաջ եղել է Լեռնային Ղարաբաղի ընտրված նախագահը, դրանից հետո Սերժ Սարգսյանն է ներկայացրել Հայաստանը, բայց նա եղել է նաև Ղարաբաղի առաջնորդներից մեկը: Եվ մենք, ըստ էության, ունենք մի վիճակ, երբ Լեռնային Ղարաբաղը բանակցային ողջ գործընթացի ընթացքում ներկայացված է եղել բանակցային սեղանի շուրջ: Այսօր մեր խնդիրն է՝ ստեղծել պայմաններ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև երկխոսությունը չընդհատվի: Եվ սա շատ կարևոր պարտավորություն է:
Ինչ վերաբերվում է ԼԳԲՏ հանրությանը՝ ես ասացի, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքի գերակայություն է, Հայաստանում բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքները և պարտավորությունները: Ես Ձեր ասած դեպքի մասին լսել եմ, գիտեմ, բայց անկեղծ ասած չեմ կարող նշել պատճառները, թե ինչու է նման միջոցառումը չեղարկվել, ինչու է պլանավորվել, երբ է պլանավորվել և դա ինչ միջոցառում է: Ես այդ խնդրին անկեղծ ասած տեղյակ եմ միայն սոցիալական ցանցերում արված մեկ, երկու գրառման շրջանակներում և բավարար խորությամբ չեմ տիրապետում, որպեսզի Ձեզ առավել մանրամասն պատասխան տամ: Շնորհակալ եմ:
Հարց – Պարոն վարչապետ, Ձեր ընտրությունը նպաստավոր ակնկալիքներ առաջացրեց Լեռնային Ղարաբաղի հանրապետության խաղաղ կարգավորման առումով: Արդյո՞ք բանակցությունների ձևաչափի փոփոխման վերաբերյալ ձեր հայտարարությունները կարող են դիտարկվել որպես հետընթաց քայլ: Ձեր ժողովրդականությունը Հայաստանում կարող է արդյոք հույս ներշնչել, որ ձեր երկրը կտանեք խաղաղություն ճանապարհով՝ ի հեճուկս հայկական սփյուռքի փաստարկներին և երկրի ներսում օլիգարխների ճնշմանը:
Հարց – Կարող եք բացատրել, թե ինչու է Հայաստանը շարունակ դեմ քվեարկում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ ագրեսիային և Ղրիմի անեքսիային վերաբերող ՄԱԿ-ի բանաձևերին: Դուք չեք ցանկանում փոխել Հայաստանի դիրքորոշումը և կոնկրետ հարց՝ ում է պատկանում Ղրիմը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Շնորհակալ եմ հարցերի համար, առաջին հարցը վերաբերվում էր բանակցային ֆորմատի, մեջբերում եմ հարցից, փոփոխությանը, բայց ես արդեն իսկ հասցրեցի ասել, որ մենք բացարձակապես բանակցային ֆորմատի փոփոխություն ոչ ակնկալում ենք, ոչ պահանջում ենք, ոչ էլ դա համապատասխանում է մեր ցանկություններին և տրամաբանությանը: Այն ֆորմատը, որի շրջանակում տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման քննարկումները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է և երբ նայենք պատմությունը, թե ինչ է ԵԱՀԿ Մինսկի խումբը, համանախագահությունը ու ինչպես է այն ստեղծվել, կտեսնենք, որ ենթադրվել է Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին: Ոչ միայն ենթադրվել է, այլև տեղի է ունեցել: Ես քիչ առաջ ասացի, հիմա թվականը ցավոք չեմ կարող կոնկրետ հիշել, բայց ենթադրում եմ 1994-95-96 թվականներին տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այն տեղի է ունեցել Մոսկվայում: Մեր ձեռքի տակ կան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եռակողմ ձևաչափով այս կոմունիկացիան անելու փաստաթղթեր, այսինքն ոչ միայն երեք համանախագահներն են եղել, այլև մասնակցություն են ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները և մենք բացարձակապես բանակցային ֆորմատի փոփոխության հարց չենք դնում: Մենք դնում ենք բանակցային ֆորմատի նույն ձևաչափում քննարկումը շարունակելու հարց, որովհետև տեսեք կա պարզ խնդիր, սա մեզ համար բացարձակապես նախապայման չէ, քմահաճույք չէ: Ոմանք նույնիսկ սա փորձեցին որակել որպես ապակառուցողական դիրքորոշում, բայց ուղիղ հակառակն է, որովհետև մենք ասում ենք՝ մենք ո՞ւզում ենք հարցը կարգավորել, թե՞ չենք ուզում: Եթե ուզում ենք հարցը կարգավորել, ի՞նչպես ենք պատկերացնում, որ կարող է Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորվել առանց Լեռնային Ղարաբաղի, որովհետև շատ հաճախ օգտագործվում է օկուպացիա բառը, բայց այն մարդիկ, ովքեր այսօր ապրում են Ղարաբաղում, այդ մարդիկ ծնվել են Ղարաբաղում, ապրել են Ղարաբաղում, նրանց պապերն են ապրել Ղարաբաղում, նրանց պապերի պապերն են ապրել Ղարաբաղում, նրանց պապերի պապերի պապերն են ապրել Ղարաբաղում և դեռ կարող ենք շատ շարունակել: Ի՞նչպես կարող է մարդն օկուպացնել այն տարածքը, որտեղ ինքը ծնվել է, որտեղ իր երեխան է ծնվել, և որտեղ ծնվել են, ապրել են և հուղարկավորվել են իր նախնիները: Ես դրա համար նաև իմ խոսքում ասացի, որ յուրաքանչյուր հակամարտություն, յուրաքանչյուր իրավիճակ պետք է նայել իր էության մեջ, որովհետև հասկանալի է, որ կան բազմաթիվ նրբություններ և մեր առաջարկն է՝ նստել սեղանի շուրջ, նստել հակամարտության բոլոր կողմերով, քննարկել բոլոր նրբությունները և համաձայնել, որ մենք խոսում ենք ոչ թե հարցի չկարգավորման, այլ հարցի կարգավորման մասին, համաձայնել, որ մեր օրակարգը ոչ թե իրար ոչնչացնելու օրակարգ է, այլ հարցերը կարգավորելու օրակարգ է, այնպես, ինչպես հարիր է 21-րդ դարի մարդկանց, այնպես, ինչպես հարիր է Եվրոպայի խորհրդի անդամ երկու երկլրների, պետությունների, ժողովուրդների: Եվ մենք հենց այս տրամաբանությամբ ենք առաջնորդվում:
Ես վերջերս նույնիսկ հանդես եմ եկել գուցե շատ տարօրինակ թվացող նախաձեռնություններով: Ասուլիսում հրապարակային հռետորական հարց տվեցի՝ արդյոք, օրինակ, Ադրբեջանի նախագահը կամ ղեկավարությունը ոչինչ չունի ասելու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդին: Ես, օրինակ, կուզենայի ունենալ հնարավորություն դիմել Ադրբեջանի ժողովրդին և խոսել նրա հետ: Իհարկե, հիմա էլ կարող եմ, բայց բայց ես չեմ ուզում, որ դա լինի, այսպես ասած, միակողմանի և հանկարծ որևէ կերպ չընկալվի որպես սադրիչ քայլ: Ես ուզում եմ, որ այս խոսակցությունը կառավարությունների, ժողովուրդների, հանրության, երիտասարդների միջև սկսվի և տեղի ունենա, որովհետև մեր օրակարգը խաղաղության օրակարգ է և մենք ֆորմատի փոփոխության հարց չենք դնում: Նույն տրամաբանությամբ ես կուզենայի պատասխանել նաև Ղրիմի հետ կապված հարցերին, բանաձևերի հետ կապված հարցերին: Գիտեք, նոր եմ ստանձնել երկրի ղեկավարի պարտականությունները, նախկինում պատգամավոր եմ եղել, և ինձ համար երբեմն շատ տարօրինակ է, թե ինչպես են մարդիկ խաղաղության համար հիմնադրված ամբիոններն օգտագործում պատերազմներ հրահրելու, պատերազմներն ավելի դաժան և ավելի սուր դարձնելու, հակամարտություններն ավելի սուր դարձնելու համար: Ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում պետք է մնալ երկխոսության տրամաբանության մեջ: Աշխարհում այսօր չկա որևէ կոնֆլիկտ, որ ես մտածեմ, որ ճիշտ է այդ կոնֆլիկտը լուծել իրար նկատմամբ բռնություն գործադրելով: Նաև միջազգային հարթակներն ու ամբիոնները պետք է օգտագործել այս տրամաբանությամբ և մենք փորձում ենք ամեն ինչ անել, ես վստահ չեմ, որ դա միշտ է հաջողվում, որովհետև ասում եմ, որ շատ դեպքերում մենք մի իրավիճակի մեջ ենք, երբ կոնֆլիկտների և գծերի երկու կողմերում մեր բարեկամներն են, շատ դժվար է ընտրություն կատարել բարեկամի և բարեկամի միջև: Երբեմն ստիպված ես լինում այդպիսի ընտրություն կատարել, բայց մեր ընտրությունը, գլոբալ ընտրությունը խաղաղությունն է, երկոսությունը, կայունությունն ու զարգացումը: Եվրոպամետ և ռուսամետ լինելու մասին. ես դեռ ընդդիմադիր ժամանակներից հայտարարել եմ, որ չեմ ընդունում, որ Հայաստանի Հանրապետությունում և ընդհանրապես որևէ պետությունում պետք է լինեն ռուսամետ, եվրոպամետ, ամերիկամետ քաղաքական ուժեր և գործիչներ, որովհետև Հայաստանի օրինակով ասեմ, ես ինձ համարում եմ հայաստանամետ գործիչ: Եվ կարծում եմ, որ ֆրանսիացի գործիչները պետք է լինեն ֆրանսամետ, ուկրաինացիները՝ ուկրաինամետ, ռուսները՝ ռուսամետ: Հայաստանամետ լինելը ի՞նչ է նշանակում միջազգային տրամաբանությամբ, դա նշանակում է, որ մենք պետք է մեր կառուցողական, պոզիտիվ հարաբերությունները կառուցենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ, և պետք է փորձենք լուծել, կարգավորել մեր հարաբերությունները մեր բոլոր հարևանների հետ: Շնորհակալ եմ:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 11-ին հանդիպել է Ստրասբուրգի և մոտակա բնակավայրերի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել «Եվրոպական խորհրդարանական ասոցիացիա» կենտրոնում:
Մեր հայրենակիցները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորել են ջերմ ծափողջույններով և բարեմաղթանքներով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ և ոգևորիչ ընդունելության համար` վարչապետ Փաշինյանն ասել է. «Սիրելի հայրենակիցներ, շատ ուրախ եմ մեր հանդիպման համար: Իմ բոլոր այցերի պարտադիր մասն է մեր հայրենակիցների հետ հանդիպելը, և դա, կարծում եմ, շատ կարևոր է մեզ համար, այսօրվա Հայաստանի համար, որովհետև այն նոր իրավիճակը, որ ունենք Հայաստանում և Հայաստանի շուրջ, նոր և բացառիկ հնարավորություն է ստեղծում, որպեսզի մենք մեր ազգային ներուժն իսկապես համախմբենք, կարողանանք ազգային միասնության նոր իրավիճակ արձանագրել և մեր ուժերը համախմբել մեր համազգային երազանքներն իրականացնելու գործում:
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այսօրվա հավաքի հրավերին արձագանքելու համար, շնորհակալություն հայտնել, որ դուք, ֆիզիկապես Հայաստանից հեռու լինելով, այնուամենայնիվ, այս ընթացքում մտքով ոչ մի վայրկյան չեք հեռացել Հայաստանից: Դա ամենակարևորն է, որովհետև եթե դուք մտքով Հայաստանում եք, նշանակում է` ֆիզիկապես Հայաստանում լինելն ընդամենը ժամանակի և տեխնիկայի խնդիր է: Մեզ համար չափազանց կարևոր է, որ Հայաստանն իսկապես դառնա հայերի համախմբման կենտրոն և յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր հայի համար ապրելու լավագույն տեղը:
Մենք սա պատկերացնում ենք հետևյալ կերպ` Հայաստանի Հանրապետությունը իսկապես հնարավորությունների երկիր դարձնել, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա իր ընդունակությունները, իր տաղանդը, իր հմտություններն իրացնել, որպեսզի յուրաքանչյուր ոք աշխատելու, վաստակելու և իր աշխատանքից հաճույք ստանալու հնարավորություն ունենա: Եվ այս պրոցեսը, թույլ տվեք ասել, Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ սկսվել է, որովհետև՝ ի՞նչն է կարևոր քաղաքացու համար: Իմ կարծիքով` քաղաքացու համար ամենակարևորն ինքնազգացողությունն է, իր կարգավիճակի մասին պատկերացումը սեփական երկրում: Իսկ այն, որ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին բարձրագույն իշխանություն է և տեր Հայաստանի Հանրապետության, կարծում եմ, ոչ ոք դրանում չի կասկածում` ոչ միայն հայերը, ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այլև ընդհանրապես ողջ միջազգային հանրությունը: Ես գիտեմ, տեսնում եմ, որ ներկաների մեծ մասը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են և ուզում եմ ձեզ դիմել այն նախադասությամբ, որ ավանդաբար միշտ այս հանդիպումներին օգտագործում եմ`
Սիրելի՛ ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ,
Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ»:
Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին: Հարցին, թե արդյոք կառավարությունն ունի ծրագիր` արտերկրում ապրող մեր հայրենակիցների ներգաղթը խթանելու համար, վարչապետը նշել է. «Ի սկզբանե այդ հարցը եղել է և շարունակում է մնալ մեր օրակարգում: Տարբեր գաղափարներ կային և կան: Օրինակ, այսպիսի հարց էր հնչում` ի՞նչ հնարավորություններ ենք ստեղծել և ստեղծում պոտենցիալ ներգաղթյալների համար: Կար, օրինակ, գաղափար` տալ արտոնյալ վարկեր, հնարավորություններ և այլն, բայց այդ քննարկումների ընթացքում շատ պարզ հարց ծագեց, որ արդյունքում կարող է առաջանալ հետևյալ հարցը. Հայաստանի շատ քաղաքացիներ, որոնք Հայաստանում են և նույնպիսի հնարավորությունների կարիք ունեն, կարող են շատ տրամաբանական հարց բարձրացնել և ասել հետևյալը՝ մենք մնացել ենք այստեղ, և որպեսզի այդ ծրագրերից օգտվենք, ի՞նչ եք առաջարկում՝ գնանք, 5 տարի դրսում ապրենք, հետո գանք, նոր օգտվենք: Այստեղից խնդիր առաջացավ, որ մենք ուղղակի պետք է հավասար հնարավորություններ ստեղծենք բոլորի համար, որովհետև պետք է լինի իսկապես իրավական պետություն, օրենքը պետք է աշխատի: Մարդկանց հնարավորությունները, տնտեսական գործունեության հասանելիությունը պետք է լինի հավասար, և երկիրն ընդհանրապես ապրելու համար պետք է լինի գրավիչ, հնարավորությունների համար պետք է լինի գրավիչ»:
Հայաստանի կառավարության ղեկավարը ներկայացրել է սոցիալական հարցերի լուծման վերաբերյալ իր պատկերացումները և նշել, որ ներկայում քննարկվում են ներգաղթը խթանող ծրագիր իրականացնելու հնարավորությունները. «Մեզ համար շատ կարևոր է արձանագրել, որ գաղափարական առումով սոցիալական հարցերի և ընդհանրապես որևէ հարցի լուծում հնարավոր չէ առանց աշխատանքի: Առօրյայում, մեր տանը ընդհանրապես կա՞ այդպիսի նպատակ, որին կարելի է հասնել առանց աշխատանքի: Գոյություն չունի այդպիսի նպատակ, և հետևաբար, մեր մտածածը մեր քաղաքացիների` երբ ասում եմ քաղաքացիներ, նկատի ունեմ բոլոր հայերին, որովհետև հատկապես հիմա, ես համարում եմ, որ բոլոր հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացի են: Իմիջիայլոց, սրա մեջ իրավական էլ հիմնավորում կա. եթե մեր Սահմանադրության նախաբանը բացենք, որտեղ բոլոր փոփոխությունների արդյունքում ոչ մի բան չի փոխվել, որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունող մարմին, որպես Հայաստանի Հանրապետության հիմնադիր, հանդես է գալիս հայ ժողովուրդը` ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ոչ թե ընտրություններին մասնակցածները, այլ հայ ժողովուրդը: Հետևաբար, երբ ասում եմ քաղաքացի, նկատի ունեմ ընդհանրապես ողջ հայ ժողովրդին:
Վերջերս Վիեննայի հայության հետ հանդիպման ընթացքում գաղափար առաջացավ, որ, ինչպես մենք ունենք բնակարան երիտասարդ ընտանիքների համար ծրագիր, բնակարան երիտասարդ մասնագետների համար ծրագիր, հիպոթեկային ծրագրեր, ստեղծվի բնակարան ներգաղթյալների համար ծրագիր, որի իմաստը որոշակի պայմաններով հիպոթեկային վարկեր առաջարկելն է` առավել մատչելի տոկոսներով: Հիմա մենք` կառավարությունը և Կենտրոնական բանկը, համատեղ աշխատում ենք այդ ծրագրի իրագործման վրա»:
Վարչապետին հարց է ուղղվել` որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ և որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ իր պատկերացումները համեմատության մեջ դիտարկելու վերաբերյալ, որին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշել է. «Անկեղծ ասած՝ իմ պատկերացումները երկրի վիճակի, մի շարք ոլորտներում հաստատված իրավիճակի մասին շատ ավելի լավն էին, քան ես հիմա տեսնում եմ, որ կա իրականում: Բայց ընդհանուր առմամբ շատ է քննարկվում՝ ինչպիսի՞ն պետք է լինեն պրոցեսները, արդյոք Հայաստանում ամեն ինչ ընթանո՞ւմ է այնպես, ինչպես պետք է ընթանա, ինչպես ես պատկերացնում էի: Այո, թույլ տվեք ասել, որ ամեն ինչ հենց այդպես էլ ընթանում է:
Մեկ տարի է, որ անընդհատ ասում են` վայ, տնտեսական իրավիճակը, ռազմավարությունը, գաղափարախոսությունը: Մեր տնտեսական գաղափարախոսությունը շատ պարզ է` մենք ասում ենք, որ նույն բանաձևը, ինչ որ դրել ենք քաղաքական հեղափոխության հիմքում, նույն բանաձևը դնում ենք նաև տնտեսական հեղափոխության հիմքում: Ո՞րն է դա` քաջալերել անհատական ջանքը, մարդուն օգնել, որ ինքն իր ուժերին հավատա, որ ինքը կարող է տնտեսական գործունեություն ծավալել, քաջալերել մեր ժողովրդի տաղանդը: Օրինակ` գյուղատնտեսության ոլորտում 11 ծրագիր ենք արել, որոնց մեծ մասն աննախադեպ էր: Այսօր մենք ի՞նչ ենք ասում մարդկանց, ասում ենք` հարգելի քաղաքացի, եթե, օրինակ, դուք այս չափանիշներին համապատասխանող անասնագոմ ստեղծեք, սահմանամերձ համայնքում մենք ձեր ծախսած գումարի 70 տոկոսը հետ ենք վերադարձնում ձեզ, այսինքն` մարդը ներդրում է անում, և մենք այդ գումարի 70 տոկոսը վերադարձնում ենք իրեն: Մարդ կա` կարողանում է իր եղբորից, հարևանից կարող է պարտք վերցնել կամ ինքը գումար ունի պարտք, կարող է այդ ներդրումն անել, բայց բնական հարց է ծագում` իսկ այն մարդը, որ հնարավորություն չունի, նա ի՞նչ անի: Այդ մարդուն էլ մենք առաջարկում ենք աննախադեպ էժան վարկեր` 2, 3, 5 տոկոսով, և այսօր այդ հնարավորությունը տալիս ենք:
Այսօր Հայաստանում որևէ մեկը չի կարող ասել` «ես ուզում եմ գործ անել, ինձ թույլ չեն տալիս գործ անել»: Ես չեմ բացառում, որ այդպիսի դեպքեր կլինեն, բայց դրանք մեզնից թաքուն դեպքերն են: Երբ բռնենք այդպես վարվողներին, գիտենք` նրանց հետ ինչ կլինի»:
Անդրադառնալով տնտեսական վիճակի և տնտեսության ոլորտում կառավարության հաջողությունների վերաբերյալ քննարկումներին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Աշխարհի պատմության մեջ դուք չեք գտնի երկրորդ դեպք, երբ երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, և դրան չի հաջորդել տնտեսական փլուզում: Ռեցեսիա չի հաջորդել դրան, և մենք հիմա տնտեսական աճի ցուցանիշի մեջ ենք: 10 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում աշխատատեղերի թիվն ավելացել է 51 հազարով: Դա աշխատաշուկայի ընդհանուր 10 տոկոսն է: Մենք, իհարկե, այսօր չենք կարող վստահ ասել, թե այդ աշխատատեղերի որ մասն է զրոյից ստեղծվել, որ մասը ստվերից դուրս է եկել, բայց եթե նույնիսկ ամբողջն է ստվերից դուրս եկել, դա աննախադեպ հաջողություն է: 25, 30 տարի մենք ասել ենք` պայքարենք ստվերային տնտեսության դեմ: Հիմա առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանի բյուջեի եկամտային մասը 11 միլիարդ դրամով գերակատարվել է: Այս տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային մասն առնվազն 40 միլիարդ դրամով գերակատարվելու է: Սա նշանակում է` մենք ճանապարհներ ենք կառուցելու, մեր ողջ զինվորականության աշխատավարձը 10 տոկոսով հուլիսից բարձրացնելու ենք, սեպտեմբերի 1-ից բարձրացնելու ենք ուսուցիչների աշխատավարձը: Մենք արդեն 15 հազար բուժաշխատողների աշխատավարձը բարձրացրել ենք հունվարի 1-ից, մենք 82 հազար նպաստառուների և թոշակառուների նպաստներն ու թոշակները բերել, համապատասխանեցրել ենք նվազագույն պարենային զամբյուղին: Մենք 200 հազար մարդու աշխատավարձը կենսաթոշակային համակարգի փոփոխությամբ արդեն հուլիսի 1-ից ենք բարձրացրել, և մենք այսօր տնտեսական այս բարդություններից հետո արդեն հունվարին ունեցանք 5.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, փետրվարին ունեցանք արդեն 7 տոկոսի միջակայքում տնտեսական ակտիվության ցուցանիշ:
Որ ասում են կառավարությունը տնտեսական ռազմավարություն չունի, տնտեսական քաղաքականությունը լավը չէ, գիտեք ինչի՞ց է, որովհետև այդ բոլոր մարդիկ որ խոսում են, տնտեսական քաղաքականության իրենց պատկերացումն այն է, որ կառավարությունը տարբեր բիզնեսների մեջ փայեր չի մտնում, մտած չի բիզնեսի մեջ, չի ասում՝ դու այստեղ դիր, այնտեղ տար, սա տուր, սա քեզ, սա ինձ և այլն, իրենք վատ են զգում, դիսկոմֆորտի մեջ են: Եվ եկեք ընդունենք, որ ավանդական բիզնեսը, որ այսօր կա Հայաստանում, սովոր չէ այսպես աշխատել, որովհետև մենք իրեն ասում ենք` մենք քեզնից բան չենք ուզում, գնա, աշխատի, հարկ վճարի:
Այո՛, Հայաստանի տնտեսական էլիտան շոկի մեջ է, չի հասկանում, ասում է` լավ, մեզնից այս չեն ուզում, այն չեն ուզում, միայն օրինական հարկ են ուզում, սրանք որտե՞ղ են մեզ «գցում»: Իրենք շոկի մեջ են, չեն հասկանում` ինչ է կատարվում, և իրենց ահազանգն այն է, որ տնտեսական քաղաքականություն չկա, որովհետև իրենց իմացած տնտեսական քաղաքականությունը հետևյալն է. դու այսքան «նալոգ» կտաս, այսքան հարկ կթաքցնես, դու այս մեկի հետ փայ կմտնես, այս փայդ կծախես այն մեկին, այստեղ սա կանես կամ կծախսես, այս ավտոն կարելի է առնել, այս ավտոն չի կարելի առնել: Դա ուղղակի ծիծաղելի խոսակցություն է: Այսօր Հայաստանում ռեալ տնտեսական պրոցեսներ են գնում, և եթե տնտեսական պրոցեսները չգնային, մենք այդ գումարները, հարկերը որտեղի՞ց ենք հավաքում: Ընդ որում, ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ հարկերի գերակատարման մասին այսքան խոսում ենք, մենք տեսանելի ահազանգեր չունենք տնտեսական դաշտից, որ հարկային մարմինն իրենց տեռոր է անում: Ոչ ոք ոչ ոքի տեռոր չի անում»:
Խոսելով Հայաստանի ժողովրդավարական փոփոխությունների մասին` վարչապետ Փաշինյանն ասել է. «Եվրոպայի խորհրդի անդամ դառնալու առաջին օրից մենք եկել ենք այստեղ և ներկայացել ենք որպես կիսաավտորիտար, ամեն ինչը կիսա, ինչ ունեցել ենք, կիսա է եղել: Մենք այսօր Եվրոպայի խորհրդում հանդես ենք գալիս որպես լիարժեք ժողովրդավարական պետություն, և դա ոչ ոք կասկածի տակ չի առնում, այսինքն` այդ ինչպե՞ս է, որ 20, 25, 30 տարի անընդհատ քայլ առաջ, քայլ առաջ, ձեռք էինք առնում արդեն, ասում էինք` ամեն ընտրությունից հետո ասում եք քայլ առաջ, այսպես որ գնա, 50 տարի տեղ չենք հասնի: Այդ ինչպե՞ս եղավ, որ մի քանի ամսում Հայաստանը դարձավ կատարյալ ժողովրդավարական երկիր: Այդ ինչպե՞ս եղավ, այդ ի՞նչ հրաշք էր: Ես նկատի ունեմ, որ որպես վարչապետ ամեն օրվա հետ ավելի վստահ եմ զգում, որ մենք մեր առջև դրված խնդիրները կատարում ենք»:
Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է հանդիպումը շարունակել «Եվրոպական խորհրդարանական ասոցիացիա» կենտրոնի բակային հատվածում, քանի որ այնտեղ ևս հավաքված էին հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր ցանկանում էին շփվել և հարցեր ուղղել ՀՀ վարչապետին: Դիմելով նրանց` Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է. «Այս հանդիպումն ինձ համար առնվազն նույնքան կարևոր է, որքան ելույթը և հանդիպումը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, որովհետև շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանում տեղի ունեցած ամենակարևոր փոփոխությունը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունն այսօր ռեալ համախմբում է, այսօր Հայաստանի իշխանությունն ունի այդ լեգիտիմությունը` ներկայացնելու ամբողջ հայությանը, որովհետև այն հեղափոխությունը, որ տեղի է ունեցել Հայաստանում, միայն Հայաստանում ներկաները չեն արել: Այդ հեղափոխությունն անհնար կլիներ առանց սփյուռքի մեր հայրենակիցների մասնակցության, և ես գիտեմ՝ այստեղ կան մարդիկ, որ Ստրասբուրգից, Ֆրանսիայի տարբեր հատվածներից, նույնիսկ Գերմանիայից են եկել: Ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել հեղափոխության ընթացքում ձեր ակտիվության համար և ուզում եմ ասել, որ համախմբման պատճառն այն է, որ այդ հեղափոխությունը նաև ձեզնից յուրաքանչյուրի հաղթանակն էր: Պարտադիր չէ, որ բոլորը ֆիզիկապես Հրապարակում ներկա լինեին: Դուք թեկուզ սոցիալական ցանցերում ձեր բարոյական աջակցությամբ շատ մեծ ուժ եք տվել մեզ և այն ժամանակ որպես հեղափոխության մասնակից, կազմակերպիչ մեզ մեծ ուժ էիք տալիս ձեր հայացքներով, ձեր էներգիայով: Հիմա էլ նույնքան և նույնիսկ ավելի կարևոր է այսօրվա ձեր աջակցությունը մեզ համար` որպես կառավարություն և ինձ համար` որպես վարչապետ, որովհետև ձեր աջակցությունը մեզ ուժ է տալիս և՛ ներքաղաքական, ներքին տնտեսական հարցերը լուծելիս, և՛ մեզ ուժ է տալիս նաև միջազգային հարաբերություններում:
Երբ ես վարչապետ ընտրվեցի, եկա Հանրապետության հրապարակ և, դիմելով ժողովրդին, ասեցի հետևյալը` ժողովուրդ ջան, այսօր դուք հաղթեցիք, և այդ հաղթանակի պատճառն այն չէ, որ ես ընտրվել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ, այլ այն, որ դուք եք որոշել, թե ով է լինելու Հայաստանի Հանրապետության վարչապետ: Եվ այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իմ հիմնական ուղերձը դա էր, որ այսուհետ Հայաստանի Հանրապետությունում միայն ու միայն ժողովուրդն է որոշում` ով լինի իշխանություն, ով լինի ընդդիմություն, և սա մեր ձեռք բերած ամենամեծ հաջողությունն է: Հեղափոխությունից առաջ Հայաստանի երիտասարդությունը, չգիտեմ քանի տարի, վանկարկում էր` մենք ենք տերը մեր երկրի: Այսօր դա արձանագրված է որպես իրողություն, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին է տերը Հայաստանի Հանրապետության, և հավատում եմ, որ դուք բոլորդ այստեղ այսօր կանգնած եք որպես հպարտ և արժանապատիվ քաղաքացիներ:
Եվ ուրեմն` կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»:
Այնուհետև վարչապետը պատասխանել է Ստրասբուրգի և հարակից շրջաններում բնակվող մեր հայրենակիցների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, երկրում տեղի ունեցող բարեփոխումներին, տնտեսական և սոցիալական զարգացմանը և այլն:
Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ստրասբուրգի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ վարչապետի` Ստրասբուրգ աշխատանքային այցի վերջին կանգառն էր: Ապրիլի 11-ի երեկոյան Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան: