Արտերկրյա այցեր

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիա

13.02.2020 - 15.02.2020

ևս 91 լուսանկար



 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Բեռլինի «Թեգել» օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման արարողությունը, որից հետո վարչապետն ուղեւորվել է Գերմանիայի Բունդեսթագ, որտեղ հանդիպում է ունենալու Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Այնուհետեւ վարչապետը հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ: Երկու երկրների ղեկավարները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:

Երեկոյան կառավարության ղեկավարը Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում հանդիպում կունենա ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ։

* * *

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Բունդեսթագի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և ուրախությամբ նշել, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում տված խոստումը կատարվել է. Բունդեսթագը վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Վոլֆգանգ Շոյբլեն վստահություն է հայտնել, որ վարչապետի այցը Բեռլին նոր ազդակ կհաղորդի հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել վերը նշված համաձայնագիրը վավերացնելու համար և նշել, որ այն կնպաստի Հայաստանում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: «Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանը ժողովրդավարության վերաբերյալ բոլոր վարկանիշային աղյուսակներում մեծ առաջընթաց է գրանցել: Մեր կառավարությունը Գերմանիայի հետ հարաբերությունների զարգացման ևս մի կարևոր նպատակադրում ունի: Ձեր երկիրը մեզ համար հետաքրքիր է որպես կայացած խորհրդարանական պետություն, քանի որ 2018 թվականից Հայաստանը կիսանախագահական կառավարման համակարգից ևս անցում է կատարել խորհրդարանական համակարգի»,- ասել է վարչապետը` կարևորելով այս ուղղությամբ գերմանական փորձի փոխանակումը` համակարգը մեր երկրում ավելի ֆունկցիոնալ դարձնելու նպատակով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է` իր գլխավորած կառավարության նպատակն է, որպեսզի Հայաստանում ևս ժողովրդավարությունը, անկախ, վստահելի դատական համակարգը նույնքան անշրջելի լինի, որքան Գերմանիայում է:

Վարչապետն անդրադարձել է Հայաստանում ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին և դրա հանգամանքներին: Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Բունդեսթագի ներկայացուցիչներին որպես դիտորդ հրավիրել է հետևելու հանրաքվեի ընթացքին:

Վոլֆգանգ Շոյբլեն գերմանական կողմի աջակցությունն է հայտնել մեր երկրում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին և ժողովրդավարական գործընթացին` ընդգծելով, որ ուշադրությամբ հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև համագործակցության զարգացմանը: Վոլֆգանգ Շոյբլեն հույս է հայտնել, որ Հայաստանը, անձամբ վարչապետ Փաշինյանը կշարունակի ջանքերը նպաստելու երկու միությունների միջև հարաբերությունների խթանմանը:

ՀՀ կառավարության ղեկավարը ևս կարևորել է ԵԱՏՄ-ԵՄ համագործակցության նոր բանաձևերի որոնումը և նշել, որ ԵԱՏՄ շրջանակում ևս հարցը քննարկվում է:

* * *

Բեռլինում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը:

Գերմանիայի կանցլերը ողջունել և կարևորել է ՀՀ վարչապետի այցը` վստահություն հայտնելով, որ այն հնարավորություն է տալիս քննարկել երկու երկրների հարաբերությունների օրակարգային հարցերը: Տիկին Մերկելը նշել է, որ իր երկրի կառավարությունը շարունակելու է տարբեր ուղղություններով աջակցությունը հայկական կողմին` ժողովրդավարական բարեփոխումներն արդյունավետ առաջ մղելու նպատակով:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացումներին` նշելով, որ տնտեսության տարբեր ճյուղերում արձանագրվում են բարձր աճի տեմպեր: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է հայկական շուկայում գերմանական բիզնեսի և կապիտալի ներկայացվածության ընդլայմամբ և գերմանական ընկերություններին հրավիրել մասնակցելու մեր երկրում տարբեր ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարբեր, այդ թվում` արդյունաբերության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանում ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին, դրա հանգամանքներին և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է միջազգային դիտորդներին հրավիրել հանրաքվեն դիտարկելու նպատակով:

Անգելա Մերկելը Գերմանիայի կառավարության աջակցությունն է հայտնել Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին և կարևորել ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Վարչապետ Փաշինյանի դիմավորման և պատվիրակություններին ողջունելու արարողությունից հետո երկու երկրների ղեկավարները մինչ բանակցությունները սկսելը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

Իր խոսքում Անգելա Մերկելը նշել է.

«Սիրով Գերմանիայում մեկ անգամ ևս ողջունում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մենք առիթ ունեցել ենք հանդիպելու, և այդ պահից ի վեր մեր երկու երկրների կապերն ավելի ինտենսիվ են դարձել։ Մենք այսօր խոսելու ենք մեր երկկողմ հարաբերությունների խորացման մասին։

Տեղյակ եք, որ Հայաստանում վարչապետով պայմանավորված շատ բան է փոխվել։ Կա խորհրդարանական ժողովրդավարություն, տեղի են ունեցել ընտրություններ, և նաև թարմացման մեծ գործընթաց է ընթանում, այդ թվում, օրինակ, դատաիրավական ոլորտում, որն իրականացվում է Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ։ Դա այդքան էլ դյուրին գործընթաց չէ, բայց մենք Հայաստանին ցանկանում ենք հաջողություն այդ քայլերում։

Ինչպես արդեն ասացի, մեր հարաբերություններն ինտենսիվացել են։ Երբ այցելել էի Հայաստան` եղա Թումո կենտրոնում և շատ էի հիացել այդ կենտրոնով։ Մեզ մոտ Թումո կենտրոն բացելու համար ստորագրվել է համաձայնագիր, և այս տարվա աշնանը մենք կկարողանանք Բեռլինում բացել այն։

Նախորդ տարվա հոկտեմբերին մենք ունեցել ենք տնտեսական ֆորում, և այն մի նոր ճյուղ է բացել գերմանահայկական հարաբերություններում։ Եվ մենք շնորհակալություն ենք հայտնում այն բանի համար, որ Հայաստանն ինտենսիվ մեզ հետ համագործակցում է Աֆղանստանի խաղաղապահ առաքելությունում։

Հայաստանը Եվրոպական միության հետ է համաձայնագիր ստորագրել, միևնույն ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր է, և մենք դեռ պետք է երկար աշխատանք տանենք` երկու միությունների համագործակցության համար:

Այսօրվա քննարկման կարևոր հարցերից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման: Մենք պետք է երկար աշխատանք տանենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում առաջընթաց ունենանք:

Պարոն վարչապետը շարունակելու է իր ուղևորությունը Մյունխեն, շնորհակալ ենք և ուրախ ենք, որ այսօր այստեղ եք»:

Իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.

«Հարգելի տիկին կանցլեր,
ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ,
Տիկնայք և պարոնայք,

Մեծ ուրախությամբ եմ ցանկանում արձանագրել, որ իմ պաշտոնավարումից ի վեր, վերջին մեկ ու կես տարվա ընթացքում, տիկին կանցլերի հետ մենք հանդիպում ենք արդեն երրորդ անգամ: Սա ինքնին խոսուն փաստ է, ինչը վկայում է մեր հարաբերությունների բարձր մակարդակի մասին:

Գերմանիան Հայաստանի մտերիմ բարեկամն ու գործնկերն է, և մենք զգում ենք այդ բարեկամության ուժը և՛ զգացական, և՛ գործնական առումներով։ Գերմանիան այն հզոր կամուրջներից մեկն է, որը կապում է Հայաստանը Եվրոպական միության, եվրոպական քաղաքակրթության և մշակույթի հետ:

Այսօր վստահությամբ կարող եմ արձանագրել, որ մեր բարեկամությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա: Դրանք միավորում են մեր երկու երկրները և հուսալի հենք ծառայում ամենատարբեր ոլորտներում համագործակցության համար:

Ուրախ եմ արձանագրել, որ մենք այսօր կապված ենք նաև փոխշահավետ համագործակցությամբ ու գործնական ծրագրերով։ Պատրաստ ենք անել հնարավորը այն առավել ամրապնդելու և առաջ մղելու համար: Քիչ անց տիկին Մերկելի հետ հնարավորություն ենք ունենալու քննարկելու մեր համագործակցության օրակարգը:

Առանձնակի ցանկանում եմ շեշտել այն աջակցությունը, որը Գերմանիան ցուցաբերում է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին: Մենք երախտապարտ ենք Գերմանիայի և Եվրոպական Միության բարոյական, քաղաքական, փորձագիտական և ֆինանսական աջակցության համար: Այն կարևորագույն նշանակություն ունի մեր երկրում ժողովրդավարության անշրջելիությունն ապահովելու և այդ նպատակով իրավունքի գերակայությունը ամրապնդելու և տնտեսական ու քաղաքական ինստիտուտները բարեփոխելու համար:

Ընդհանուր առմամբ ուզում եմ ընդգծել մեր հետաքրքրությունների ևս մեկ ասպեկտ Գերմանիայի հետ հարաբերություններում: Դուք գիտեք, որ 2018 թվականից Հայաստանն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի և Գերմանիան մեզ համար շատ կարևոր և հաջողված մոդել է խորհրդարանական կառավարման արդյունավետ, ուժեղ պետություն լինելով, որտեղ հստակ գործում են հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմները և որտեղ ժողովրդավարությունը շատ վաղուց թերևս կասկածի տակ չէ և այն անշրջելի է պատմականորեն: Այս առումով Գերմանիայի հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են, և այսօր տիկին կանցլերի հետ խոսելու ենք ներկայումս Հայաստանի տեղի ունեցող զարգացումների, մեր բարեփոխումների օրակարգի մասին, այդ թվում` ինչպես և նախկինում խոսել ենք, ժողովրդավարությունը Հայաստանում ինստիտուցիոնալ առումով ուժեղ և անշրջելի դարձնելու մասին, և սա շատ կարևոր խոսակցություն է:

Ընդհանուր առմամբ Գերմանիայի հետ համագործակցության համատեքստում կցանկանայի առանձնացրել գերմանական Միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) և Գերմանական վերակառուցման բանկի (KfW) գործունեությունը մեր երկրում:

Մեր հանդիպման զգալի հատված նվիրելու ենք տնտեսական օրակարգին, որը վերջին մեկ ու կես տարվա ընթացքում զգալի առաջընթաց է ապրել: Այս համատեքստում կարևորում ենք հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը: Ուրախ եմ, որ փետրվարի վերջին նախատեսվում է գերմանացի գործարարների պատվիրակության այցը Հայաստան, իսկ հոկտեմբերին՝ «Գերմանական տնտեսական միության» կողմից «Հայաստան-Գերմանիա տնտեսական ֆորում 2020» համաժողովի անցկացումը: Մենք մեծապես շահագրգռված ենք գերմանական ընկերությունների մուտքով Հայաստան:

Ուրախությամբ պետք է փաստեմ, որ անցած տարվա մեր հանդիպումից հետո, տիկին կանցլեր, շոշափելի առաջընթաց ունենք գրեթե բոլոր պայմանավորվածությունների շուրջ:

Անչափ ուրախալի է, որ KfW բանկի հետ ստորագրվել է Բեռլինում մեր կողմից տեխնոլոգիաների ուսուցման ԹՈՒՄՈ կենտրոն հիմնելու վերաբերյալ համաձայնագիր: Մեզ համար մեծ պատիվ է Գերմանիայի նման տեխնոլոգիական հսկա հանդիսացող երկին մեր առաջավոր փորձի փոխանցումը:

Տիկին կանցլերի հետ անդրադառնալու ենք նաև մշակութային, գիտակրթական համագործակցությունը: Մեզ համար կարևոր է կրթական ոլորտում Գերմանիայի առաջատար փորձի տրամադրումը: Մենք մեծապես շահագրգռված ենք Հայաստանում գերմաներեն լեզվի և մշակույթի հետագա տարածմամբ: Լիահույս ենք, որ 2017թ. դեկտեմբերին Երևանում բացված Գյոթեի անվան կենտրոնը մոտ ապագայում կվերածվի լիարժեք ինստիտուտի:

Ամփոփելով խոսքս, թույլ տվեք արձանագրել, որ այսօր հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակի վրա։

Շնորհակալություն»:

* * *

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ, որտեղ «Տևական համագործակցություն նոր նախանշանների ներքո, Հայաստան-Գերմանիա հարաբերություններ» խորագրով հանդիպում է ունեցել ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ:

Հիմնադրամի համանախագահ, նախագահության խորհրդի անդամ Կլարա Գեյվիցը շնորհակալություն է հայտնել վարչապետին հիմնադրամ այցելելու և փորձագիտական շրջանակներին Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները ներկայացնելու պատրաստակամության համար: «Հայաստանը միշտ եղել է տարբեր մշակույթների խաչմերուկում, սակայն պահպանել է իր ինքնությունը։ Այսօր էլ Հայաստանը քաղաքական կարևոր դերակատարում ունի։ Տեսնում ենք, որ բարի դրացիական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, ԵԱՏՄ֊ի անդամ երկիր է և միաժամանակ ԵՄ֊ի հետ ունի ստորագրած համապատասխան համաձայնագիր»,- ասել է Կլարա Գեյվիցը` արձանագրելով, որ Գերմանիան լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ և կարևոր է համարում համագործակցության խորացման հնարավորությունները։ Կլարա Գեյվիցը նկատել է, որ Հայաստանը կարող է դառնալ գրավիչ երկիր արտասահմանյան ներդրողների համար։ «Նոր կառավարությունը, ստանձնելով պարտավորություններ, առճակատվում է հին բեռի հետ։ Համոզված ենք, որ դյուրին չէ փոփոխություններին հասնելը, և մենք կարող ենք մեր նպաստը բերել այդ զարգացումներին», - ֊ասել է Կլարա Գեյվիցը` հիշեցնելով, որ հիմնադրամն ունի ներկայացուցչություն Հայաստանում և տարբեր միջոցառումների շրջանակում իր աջակցությունն է ցուցաբերել Հայաստանին։

Իր խոսքում վարչապետ Փաշինյանըն անդրադարձել է Հայաստանի տնտեսության ոլորտում տեղի ունեցող դրական զարգացումներին, տարբեր ուղղություններով կառավարության քաղաքականությանը, դատաիրավական բարեփոխումներին և այլ թեմաների:

Մասնավորապես, վարչապետը նշել է.

«Հարգելի՛ բարեկամներ,
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Մեծարգո՛ տիկին Գեյվից,
Տիկնա՛յք և պարոնյա՛ք,

Ուրախ եմ այսօրվա հնարավորության համար: Ուղիղ մեկ տարի առաջ իմ առաջին պաշտոնական այցն եմ կատարել Գերմանիա և ուրախ եմ, որ մեր հարաբերություններն այսպիսի ինտենսիվություն են ձեռք բերում: Նախորդ տարի իմ այցի շրջանակում հնարավորություն ունեցա հանդիպում ունենալ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում և այս անգամ ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալվել Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ հնարավորություն ունեմ վերջին մեկ տարվա ընթացքում շփվել գերմանական թինկ թանկների ամենախոշոր և նշանակալից երկու ներկայացուցիչների հետ և թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ այսպիսի հնարավորության համար:

Այո՛, 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն, որի հիմնական ասելիքը և բովանդակությունն ամփոփված է հենց այդ բառերի մեջ՝ սիրո և համերաշխության հեղափոխություն: Բայց այդ հեղափոխության ամբողջ կոնտեքստը ժողովրդավարությունն էր, օրենքի իշխանությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, և այն շարունակում է այսօր լինել մեր հիմնական օրակարգը:

Շատ կարևոր է արձանագրել, թե Հայաստանի Հանրապետությունում ինչ է տեղի ունեցել հեղափոխությունից հետո` վերջին մեկուկես տարվա ընթացքում, և ինչպիսին են արդյունքները Հայաստանում հեղափոխությունից հետո: 2019 թվականն այս առումով շատ կարևոր տարի էր, որովհետև առաջին ամբողջական տարին էր, երբ Հայաստանում կառավարման ղեկին է հայտնվել հեղափոխության արդյունքներով ձևավորված իշխանություն, կառավարություն, խորհրդարան: 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և այդ խորհրդարանական ընտրություններն առաջինն էին, որոնց արդյունքներն ընդհանրապես չվիճարկվեց որևէ մեկի կողմից ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո, ոչ հանրային կարծիքի առումով: Դրանից առաջ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած բոլոր խորհրդարանական ընտրությունները վիճարկվել էին, արժանացել միջազգային դիտորդների ծանր քննադատությանը: Եվ այս անգամ ոչ միայն հայ հանրությունը, այլ նաև միջազգային հանրությունը ոչ միայն որևէ քննադատություն չհնչեցրեց խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, այլև արձանագրեց, որ այն տեղի է ունեցել միջազգային ստանդարտներին համապատասխան: Սա հեղափոխության առաջին և ամենակարևոր արդյունքն էր:

Բայց դրանից հետո էլ 2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունն առաջընթաց է արձանագրել քաղաքական և մարդու իրավունքների հետ առնչվող բոլոր վարկանիշային ցուցակներում: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունն առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության համաշխարհային ինդեքսում, խոսքի ազատության համաշխարհային ինդեքսում: Այսօր Հայաստանի Հանրապետությունն համացանցի ազատության առումով զբաղեցնում է 8-րդ տեղը վարկանիշային ցուցակում՝ կիսելով այդ հորիզոնականը Ֆրանսիայի հետ: Մենք հակակոռուպցիայի ընկալման վարկանիշում հսկայական առաջընթաց ենք արձանագրել և այս պրոցեսն աներկբա շարունակվելու է Հայաստանի Հանրեպությունում:

Ուզում եմ արձանագրել, որ նաև 2019 թվականին Հայաստանի Հարապետությունում տնտեսական առումով շատ նշանակալի տարի էր: Նախ երկար տարիների ընդմիջումից հետո տնտեսական վարկանիշային երկու կազմակերպությունները՝ «Ֆիթչը» և «Մուդիսը» բարձրացրեցին Հայաստանի վարկանիշը, տեղի ունեցավ եվրոբոնդերի թողարկում, որն աննախադեպ էր իր պահանջարկով և ցածր տոկոսադրույքներով: Բացի այս, 2019 թվականին և՛ Համաշխարհային բանկը, և՛ Արժույթի միջազգային հիմնադրամը փոխեցին Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարի վերաբերյալ իրենց գնահատականները՝ այն էականորեն բարելավելով, այսինքն դարձնելով ավելի բարենպաստ: Այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունն իսկապես վայելում է այն պտուղները, որոնք պիտի վայելեր հեղափոխությունից հետո: Իհարկե, չեմ ասում, թե ամեն ինչ կատարյալ է Հայաստանի Հանրապետությունում, բայց կարող եմ ասել, որ մենք ձգտում ենք կատարելության և ոչ միայն ձգտում ենք, այլև կոնկրետ գործունեություն ենք ծավալում դրա համար:

Բայց այնուամենայնիվ, ձեր թույլտվությամբ, ես ուզում եմ մի քանի տնտեսական արդյունքների մասին խոսել: 2019 թվականի արդյունքներով մենք սպասում ենք 7,9-8 տոկոս տնտեսական աճ, և Արժույթի միջազգային հիմնադրամի արձանագրմամբ` սա լավագույն ցուցանիշն է ամբողջ եվրոպական տարածաշրջանում՝ ներառյալ նախկին խորհրդային հանրապետությունների շրջանում: Մենք ունեցել ենք ընդամենը 1,4 տոկոսի գնաճ 2019թ.: Բացի այդ, գործազրկությունը 2,2 տոկոսով անկում է ապրել: Արտահանումն ավելացել է 9 տոկոսով: 2018 թվականից ի վեր մենք կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում 105 մլն դոլարի գումար ենք վերադարձրել պետական բյուջե: Բայց պետք է ասեմ, որ և՛ անձամբ ես, և՛ մեր հանրությունն այս ցուցանիշից դժգոհ ենք, որովհետև մենք կարծում ենք, որ հակակոռուպցիոն պայքարը Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի շատ ավելի էֆեկտիվ: Հակակոռուպցիոն պայքարի հետ կապված, ցանկանում եմ մի այսպիսի նրբություն ընդգծել, որը կարևոր է Հայաստանում տեղի ունեցող երևույթները, իրականությունը գնահատելու համար:

Մենք ասում ենք, որ սովորաբար, հեղափոխություններից հետո գալիս է նոր իշխանություն և պայքարում է նախորդ իշխանության կոռուպցիայի դեմ: Բայց մենք ասում ենք, որ մեզ համար գոյություն չունի նախկին և ներկա կոռուպցիա, և մեզ համար նույնն է գործող պաշտոնյաների կոռուպցիան, ինչ նախկին պաշտոնյաների կոռուպցիան: Եվ 2018 թվականից ի վեր իմ կողմից նշանակված մի քանի փոխնախարարներ են ձերբակալվել, ընդամենը մեկ շաբաթ առաջ կոռուպցիոն մեղադրանքով ձերբակալվեց Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը, և այդ ձերբակալությունը երրորդ հանրապետության պատմության մեջ ամենաբարձրաստիճան գործող պաշտոնյայի ձերբակալությունն էր: Այսինքն, մեր երկրի պատմության մեջ երբեք նման ռանգի գործող պաշտոնյա չի ձերբակալվել: Զուգահեռ տեղի ունեցավ մաքսանենգության մի խոշոր դեպքի բացահայտում, որում ներգրավված էին Մաքսային կոմիտեի պաշտոնյաներ: Եվ սա ընդգծում եմ` ցույց տալու համար, որովհետև սա կարծում եմ կարևոր նրբություն է, որ մեզ համար կոռուպցիայի դեմ պայքարը չի եղել, չի և չի լինելու որևէ քաղաքական խնդիր լուծելու գործիք: Որովհետև ես հրապարակային էլ ասել եմ, որ գործող պաշտոնյաներն ավելի վտանգավոր են, քան նախկինում գործած պաշտոնյաները հենց այն հիմնավորմամբ, որ նրանք գործում են այսօր, մանավանդ Հայաստանում տեղի ունեցած հսկայական քաղաքական փոփոխություններից հետո և նրանց գործողություններն այդ առումով շատ ավելի վտանգավոր են:

Շարունակելով տնտեսական մեր հաջողությունների թվարկումը, ուզում եմ ընդգծել, որ 2018-2019 թվականներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներն ավելացել են ավելի քան 1 մլրդ դոլարով: Մենք 1 մլրդ դոլարով մեկուկես տարվա ընթացքում 2018-2019 թվականների արդյունքներով բարձրացրել ենք բյուջեի եկամուտները: Կամ մեկ այլ ուրախալի փաստ, որ մենք արդեն 2 տարի անընդմեջ տուրիզմի ոլորտում երկնիշ աճ ենք արձանագրում: 2018-ին զբոսաշրջության ոլորտն աճել էր 12 տոկոսով, 2019-ին` 15 տոկոսով: Եվ ես համոզված եմ, որ այս պրոցեսը կշարունակվի, մանավանդ, որ մեր կառավարության կողմից ձեռնարկած բարեփոխումների շնորհիվ Հայաստան են մուտք գործել բյուջետային ավիաընկերությունները, այնպիսին, ինչպիսին «Ryanair»-ը, որն ի դեպ շատ շուտով ուղիղ չվերթներ կսկսի Բեռլինից դեպի Երևան, Մեմինգեմից դեպի Գյումրի, որը Հայաստանի երկրորդ քաղաքն է: Համոզված եմ, որ Գերմանիայից զբոսաշրջիկների աճի տեմպը ոչ միայն կպահպանվի, այլև կավելանա:

Շատ կարևոր է արձանագրել այն գաղափարախոսությունը, որն այսօր ընկած է Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության հիմքում: Ընդհանրապես, հեղափոխությունը հիմնված էր շատ երկար տարիներ մեր կողմից բարձրաձայնվող մի կարգախոսի վրա:

Երբ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ասում էինք, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես: Մենք ուզում ենք, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի որդեգրի հենց այս կարգախոսը, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը ես եմ: Երբ տեղի ունեցավ քաղաքական հեղափոխությունը` մենք որդեգրեցինք տնտեսական հեղափոխության օրակարգը և ըստ էության նույն հայեցակարգը դնում ենք տնտեսական հեղափոխության հիմքում` քաջալերելով մեր քաղաքացիներին տնտեսական գործունեություն ծավալել և հավատալ աշխատանքով սեփական բարեկեցությունը և երկրի բարեկեցությունը ապահովելու ուժին: Եվ մենք մեր քաղաքացիներին, այդ թվում, իհարկե օտարերկրյա ներդրողներին կոչ ենք անում տնտեսական գործունեություն ծավալել Հայաստանի Հանրապետությունում և այսպիսով հարստանալ և հարստացնել:

Երբ մենք այս քաղաքականանությունը, հայեցակարգը առաջարկում էինք, դա 2018 թվականն էր` անմիջապես հեղափոխությունից հետո: Շատ մեծ հոռետեսություն կար, թե ինչպես դա կարող է որևէ տնտեսական արդյունքի բերել և 2019 թվականն այս առումով շատ կարևոր էր, որովհետև ցույց տվեց, որ տնտեսական հեղափոխությունը նույնպես հնարավոր է իրականացնել այն պայմաններում, երբ յուրաքանչյուր քաղաքացի քաջալերվում է հավատալ իր ուժերին, իր ստեղծարար տաղանդին և իհարկե կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկում այդ ստեղծարար տաղանդի իրացման համար պայմաններ ստեղծելու առումով:

Մեր այսօրվա տնտեսական քաղաքականության առանցքը հենց դա է, մենք ասում ենք, որ անհատական ջանքն է այն կարևոր գործոնը, որ ի վերջո հանգեցնելու է Հայաստանում տնտեսական հեղափոխության, որը մեր համոզմամբ և արձանագրված ցուցանիշներով արդեն իսկ սկսվել է: Բայց այս առումով մեզ համար շատ կարևոր է, որպեսզի քաջալերենք կրթությունը: Առաջիկայում ես պատրաստվում եմ հրապարակել մինչև 2050 թվականը մեր ռազմավարական տեսլականը Հայաստանի վերաբերյալ և այնտեղ ձևակերպված են լինելու այն խնդիրները, որոնք մենք ձևակերպում ենք որպես ռազմավարական նպատակ մեր երկրի համար: Եվ այնտեղ կա մի կետ, որը կապված է կրթության հետ, որը ես շատ կարևորում եմ և այդ կետը հնչում է մոտավորապես այսպես, որ մենք խնդիր ունենք` կրթությունը Հայաստանի Հանրապետությունում դարձնել ազգային ապրելակերպ:

Ի՞նչ է դա նշանակում. սովորաբար շատ տեղերում կամ շատ դեպքերում կրթություն ասելով հասկանում են նախակրթարան, դպրոց, բուհական կրթություն, բայց մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կրթության նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխվի, որովհետև կարծում ենք, որ կրթությունը մի պրոցես է, որ մարդ պետք է ապրի ամբողջ կյանքի ընթացքում: Ես ինքս էլ որպես վարչապետ մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ ես հենց այդպես եմ վերաբերվում հարցերին, որովհետև մեզնից յուրաքանչյուրի կրթական մակարդակը, ինտելեկտուալ մակարդակը, մասնագիտական մակարդակը ամեն յուրաքանյուր օրը պետք է ավելի բարձր լինի, քան նախորդ օրը: Եվ սա է այն մոդելը, որ մենք ուզում ենք դնել մեր հասարակության հիմքում:

Ընդ որում, կրթություն ասելով մենք չենք հասկանում գիտելիք, որովհետև կարծում ենք, որ ենթադրենք` նույնիսկ փականագործը ամեն հաջորդ օրը պետք է լինի ավելի լավ փականագործ, քան նախորդ օրը, ավելի պրոֆեսիոնալ փականագործ, քան նախորդ օրը: Ազգային ժողովի պատգամավորն ամեն հաջորդ օր պետք է լինի ավելի լավ պատգամավոր, քան նախորդ օրը, վարչապետն ամեն հաջորդ օր պետք է լինի ավելի լավ վարչապետ, քան նախորդ օրը, իսկ սա հնարավոր է այն պարագայում, երբ մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է, որ կրությունը մեր ամենօրյա աշխատանքի անբաժանելի և անսակարկելի մասը պետք է դառնա:

Հարգելի ներկաներ, ցանկանում եմ խոսել մեր այսօրվա օրակարգի ամենահրատապ հարցի վերաբերյալ, որովհետև կա մի ոլորտ, որտեղ վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք չենք կարող պարծենալ մեծ հաջողություններ ունենալով և դա դատաիրավական համակարգն է, որովհետև մեր գործող դատական համակարգը` ներառյալ Սահմանադրական դատարանը ձևավորվել է հին քաղաքական պայմաններում և 2018 թվականի թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո այդտեղ մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել և սրա պատճառներից մեկն այն է, որ մենք առաջնորդվել ենք և շարունակում ենք առաջնորդվել Հայաստանի Հանրապետությունում ինստիտուցիոնալ քայլերով առաջ գնալու ճանապարհով, որպեսզի մեր գործողությունները չլինեն տարերային, իներցիոն և մեր գործողությունների արդյունքում մենք համոզված լինենք, որ բերելու ենք օգուտ, այլ ոչ թե վնաս: Որովհետև մեր երկիրը, ցավոք սրտի, երկար ժամանակ ապրել է կառավարության կողմից վերահսկելի դատական համակարգի պայմաններում: Եվ մեր խնդիրն է ոչ թե վերահսկողություն հաստատել դատական համակարգի վրա, այլ ստեղծել երաշխիքներ, որ երկրում կա իսկապես անկախ և անկողմնակալ դատական համակարգ, որը չի գտնվում ոչ միայն կառավարության, այլև որևէ այլ արտաքին, ներքին ուժի ազդեցության ներքո:

Եվ այս առումով շատ կարևոր է, որ մենք սկսենք գործնականացնել դատաիրավական համակարգի բարեփոխումները, այդ թվում` Եվրամիության աջակցությամբ: Մենք ընդունել ենք դատաիրավական համակարգի բարեփոխումների ռազմավարությունը, հակակոռուպցիոն ռազմավարությունը և այս առումով մենք սերտորեն համագործակցում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ և շնորհակալ ենք, որ նրանք աջակցում ենք մեզ և պատրաստ են աջակցել, ընդ որում տեխնիկապես, ֆինանսապես և գործնական աջակցությամբ:

Ընթացիկ շրջանի ամենակարևոր նորությունը սակայն այն իրադարձություններն են, որոնք տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության Սահմանդրական դատարանի շուրջ: Վերջերս Հայաստանի խորհրդարնը հսկայական մեծամասնությամբ ընդունեց որոշում 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակել հանրաքվե Սահմանադրական դատարանի հարցով: Հանրապետության նախագահն արդեն ստորագրել է հանրքվե անցկացնելու որոշումը և մենք Սահմանադրական դատարանի հարցով կունենանք հանրաքվե 2020 թվականի ապրիլ 5-ին: Ես ուզում եմ ավելի մանրամասն ներկայացնել, թե ինչն է նման որոշման պատճառը և ինչ բովանդակություն ունի սահմանդրական հանրաքվեն:

2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում ընդունվեց նոր Սահմանադրություն, որն ամբողջապես ուժի մեջ մտավ 2018 թվականի ապրիլի 9-ին: Այդ Սահմանադրության մեջ նկարագրված է Սահմանադրական դատարանի բոլորովին նոր մոդել, քան գոյություն է ունեցել նախկինում Հայաստանի Հանրապետությունում և ընդ որում այդ մոդելը լայնորեն արժանացել է միջազգային մեր գործընկերների հավանությանը և դրվատանքին: Ի՞նչ է նախատեսված այդ մոդելում. նախատեսված է, որ ի տարբերություն նախկինի` Սահմանադրական դատարանը պետք է լինի հավասարակշռված և Սահմանադրական դատարանը պետք է ձևավորվի հետևյալ սկզբունքով` երեքական թեկնածուներ պետք է առաջադրեն Հանրապետության նախագահը, կառավարությունը և դատավորների ընդհանուր ժողովը և այդ թեկնածուների ընտրությունը պետք է տեղի ունենա խորհրդարանում: Սա առաջին կարևոր սկզբունքն է, այսինքն իշխանության երեք տարբեր ճյուղերը պետք է ներկայացնեն թեկնածուներ և խորհրդարանը պետք է ընտրի: Հաջորդ կարևոր սկզբունքը` Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետ է սահմանված 12 տարին, ընդ որում մեկ անձը կարող է Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվել միայն մեկ անգամ: Երորդ կարևոր սկզնունքը` Սահմանդրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրական դատարանի կողմից 6 տարի ժամկետով: Ընդ որում, նույն անձը չի կարող ավելի քան մեկ անգամ, այսինքն ավելի քան 6 տարի լինել Սահմանադրական դատարանի նախագահ: Սա է այն մոդելը, որ գործում է մեր ներկայիս Սահմանդրությամբ:

Հարց, արդյոք մենք ունենք այսօր այդպիսի Սահմանադրական դատարան: Ոչ, մենք այսօր չունենք այդպիսի Սահմանադրական դատարան, որովհետև նախորդ խորհրդարանի և կառավարության օրոք նոր Սահմանադրությունը ուժի մեջ մտնելուց ընդամենը 19,20,30 օր առաջ տեղի են ուեցել օրենսդրական մանիպուլյացիաներ, որով մենք այսօր գործող Սահմանադրությամբ Սահմանադրական դատարան չոնենք: Հարց, իսկ ե՞րբ կունենանք մենք այդպիսի Սահմանդրական դատարան, մեր Սահմանդրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան, եթե որևէ բան չփոխենք: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, մեր Սահմանդրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան 2035 թվականին, ոչ մի օր շուտ: Ինչո՞ւ, որովհետև նախորդ կառավարության ներկայացուցիչները որոշակի օրենսդրական մանիպուլյացիաների արդյունքում, օրինակ ընտրել են Սահմանադրական դատարանի նախագահ, որը պետք է պաշտոնավարի մինչև 2035 թվականը:

Այսինքն, ի հեճուկս մեր Սահմանադրության` 18 տարի Հայաստանում Սահմանադրական դատարանի նախագահի ընտրություններ տեղի չեն ունենալու: Այսինքն, սա մոտավորապես նույնն է, եթե մենք հիմա օրենսդրական փոփոխություններ անենք, մանավանդ, որ մենք խորհրդարանում ունենք սահմանադրական մեծամասնություն և որոշենք, որ մինչև 2035թ. Հայաստանում խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունենալու և վարչապետը չի փոխվելու: Չնայած Սահմանադրությամբ նախատեսված է, որ հինգ տարին մեկ պետք է լինի խորհրդարանական ընտրություն: Հաջորդը. չնայած մեր Սահմանադրությամբ նախատեսված է, որ Սահմանադրական դատարանի դատավորները կարող են պաշտոնավարել 12 տարի, մեր Սահմանադրական դատարանի անդամների մեծ մասը, եթե ոչինչ չփոխվի, այդ օրենսդրական մանիպուլյացիանների արդյունքում պետք է ունենա պաշտոնավարման 25-30 տարի ժամկետ: Սա ուղղակի անընդունելի իրավիճակ է մեզ համար, որովհետև այսպիսի Սահմանադրական դատարանի գոյությունը, ընդհանրապես կասկածի տակ է դնում ինստիտուցիոնալ բարեփոխումների ողջ օրակարգը Հայաստանի Հանրապետությունում, որովհետև դա կուսակցականացված Սահմանադրական դատարան է և այդ կուսակցությունն այն կուսակցությունն է, որը Հայաստանի Հանրապետությանն առաջնորդել է դեպի կոռուպցիոն համակարգ, որն այսօր ըստ էության երազում է Հայաստանում ժովրդավարության ձախողում: Մենք այսպիսի իրավիճակ չենք կարող հանդուրժել և ի՞նչ ենք արել՝ մենք հարցը հանել ենք հանրաքվեի, համաժողովրդական հանրաքվեի և այդ հանրաքվեով մենք առաջարկում ենք հետևյալը. Սահմանադրական դատարանի այն անդամների, որոնց պաշտոնավարումը չի համապատասխանում գործող Սահմանադրությամբ առաջադրված պայմաններին և պահանջներին, լիազորությունը դադարեցվի և մենք կունենանք նոր, մեր Սահմանադրությանը համապատասխանող Սահմանադրական դատարան: Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ հանրաքվեի բարեհաջող արդյունքի պարագայում Հանրապետության նախագահը, կառավարությունը և դատավորների ընդհանուր ժողովը կառաջադրեն Սահմանադրական դատարանի թեկնածուներ, և մենք կունենանք մեր Սահմանադրությանը համապատասխան Սահմանադրական դատարան: ԸՆդ որում, հիմա խորհրդարանի օրակարգում են դատական օրենսգրքի բարեփոխումները, համաձայն որոնց, բոլոր նորանշանակ դատավորները, ներառյալ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուները, կանցնեն բարեվարքության ստուգում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, որն ի դեպ նույնպես նոր է ձևավորվել և տեղի է ունեցել աննախադեպ բան:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այսօր ղեկավարում է մի թեկնածու, որն առաջադրվել է ընդդիմության կողմից: Սա կարծում եմ` կարևոր փաստ է արձանագրելու համար և ահա այդ հանձնաժողովը, օրենքի ընդունումից հետո, որը վստահ եմ մինչ այդ կնդունվի, կստուգի բոլոր դատավորների թեկնածուների համապատասխանությունը, որովհետև մեր օրենսդրության համաձայն, այդ թվում` Սահմանադրական դատարանի դատավորների անաչառությունը և չքաղաքականացված լինելը պարտադիր պայման են: Եվ մենք պետք է անպայման ապահովենք այդպիսի պայմաններ:

Հարգելի գործընկերներ, ուզում եմ ընդգծել, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում բարեփոխումների օրակարգի շրջանակներում Եվրամիությունը դարձել է Հայաստանի Հանրապետության հիմնական գործընկերը և դա շատ կարևոր է, բայց ես ուզում եմ ընդգծել Գերմանիայի առանձնահատուկ դերը այս ողջ պրոցեսում: Բացի այն ամենից, ինչ հրապարակային ասվում է, ես ուզում եմ ընդգծել, որ մենք, կոնկրետ մեր կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունը և համոզված եմ նաև շատ ընդիմադիր ուժեր` Գերմանիայի հետ հարաբերություններում ունեն ևս մեկ հետաքրքրություն:

Ինչպես արդեն ասացի, 2018թ ապրիլից Հայաստանը կառավարական կիսանախագահական համակարգից անցնում է խորհրդարանական համակարգի: Եվ մենք դիտում ենք Գերմանիան որպես խորհրդարանական կայացած կառավարում ունեցող երկիր, որտեղ այդ կառավարման համակարգի հաջողությ ունն ապացուցվել է և մեզ համար շատ կարևոր է հնարավորություն ունենալ ուսումնասիրել Գերմանիայի փորձը, տեսնել հակակշիռների և փոխզսպումների այն համակարգը, որը թույլ է տվել կառուցել անշրջելի ժողովրդավարություն` հակակշիռների և փոխզսպումների հուսալի համակարգով, դատական անկախ համակարգով և որը նաև խթանել է տնտեսական զարգացումը և մրցունակ տնտեսությունը:

Այս առումով, կարևոր եմ համարում Գերմանիայի հետ մեր համագործակցությունը և շատ ուրախ եմ այս հնարավորության համար: Իհարկե մեր բարեփոխումների օրակարգն, ըստ էության գծագրված է, և նկարագրված է Եվրամիության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում: Եվ մենք հետևողականորեն իրականացնլու ենք այդ համաձայնագրով նախատեսված բարեփոխումները: Ոզում եմ ասել, որ մեզ համար շատ կարևոր է տնտեսական համագործակցության հնարավորությունը Եվրամիության հետ և Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, կարևորում է համագործակցությունը տնտեսական ու քաղաքական համագործակցության հաստատումը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև: Նախորդ տարի Հայաստանը նախագահել է ԵԱՏՄ-ում և դա ակնհայտորեն բարեհաջող նախագահություն էր: Հայաստանը ԵԱՏՄ-ի և ԵՄ համագործակցության տնտեսական և քաղաքական համագործակցության ջատագովն է և մենք մեր ուժերի ներածին չափով ջանքեր կգործադրենք, որպեսզի այդ համագործակցությունը կայանա: Բայց ուզում եմ ասել նաև,որ Հայաստանի Հանրապետությունը լավ միջավայր է այն օտարերկրյա, ներառյալ գերմանական և Եվրոպական ներդրումների համար, որոնք ուզում են անսահմանափակ մուտք ունենալ դեպի ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկա:

Եվ ուզում եմ ընդգծել նաև, որ Հայաստանում արտադրված ապրանքներն առանց մաքսային խոչընդոտների կարող են արտահանվել դեպի ԵԱՏՄ տարածք: Հարգելի գործընկերներ, կրկին ևս մեկ անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս հնարավորության համար, և ուզում եմ ընգծել, որ ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետությունում այլևս անշրջելի է: Այն, որ ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետությունում եկավ՝ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության միջոցով, որը իր ձևով, տեսքով, բովանդակությամբ ճիշտ է շատ նման էր Արևելյան Եվրոպայում տեղի ունեցած 80-ականների վերջի 90-ականների սկզբի հեղափոխություններին, բայց այնուամենայնիվ այն առանձնահատուկ էր:

Եվ ես ուզում եմ ևս մի կարևոր ընդգծում անել, որը նույնպես կարևորագույն փաստ է Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների վերաբերյալ: Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների, պրոցեսների ընթացքում ոչ մի արտաքին ուժ ներգրավված չի եղել: Մեր քաղաքական թիմի համար սա եղել է սկզբունքային հարց, հեղափոխության ընթացքում մենք թույլ չենք տվել որևէ արտաքին քաղաքական ուժի` ներգրավված լինել այդ ողջ պրոցեսում: Եվ ես սա ի՞նչի համար եմ ընդգծում, ցույց տալու համար, որ այդ պրոցեսները բխել են մեր ժողովրդի մտայնությունից և ցանկությունից, իսկ սա նշանակում է, որ ժողովրդավարությունը, օրենքի և իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, լավ կառավարումը, թափանցիկությունը մեր ժողովրդի մտայնությունից եկող պահանջարկ է և հետևաբար ժողովրդավարությունը Հայաստանում ունի խորը հիմքեր, այն բխում է մեր ժողովրդի ընկալումներից, մենթալիտետից, մշակույթից: Սա ամենակարևոր երաշխիքն է և Հայաստանի Հանրապետությունը այսօր էլ շարունակելու է լինել Ժողովրդավարական պետություն և ես հույս ունեմ, որ մեր բոլոր միջազգային գործընկերները կաջակցեն մեր երկրին ու ժողովրդին այս կարևորագույն գործընթացը շարունակելու և ինստիտուցիոնալ առումով ժոովրդավարությունը Հայաստանում ուժեղացնելու գործում: Շնորհակալ եմ»:

Այնուհետև վարչապետը պատասխանել է ներկաների, այդ թվում` ադրբեջանցի փորձագետներ ներկայացող անձանց հարցերին, որոնք վերաբերել են ղարաբաղյան հակամարտությանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ միակողմանի գործողություններով հնարավոր չէ ղարաբաղյան հարցը լուծել։ «Եթե անգամ ենթադրենք, որ Հայաստանի որևէ իշխանություն միակողմանի գործողություն պետք է ձեռնարկի, ապա այն ոչ թե կլուծի խնդիրը, այլ, ընդհակառակը, կխորացնի։ Ադրբեջանում շատ են սիրում խոսել տարածքների մասին, բայց շատ կարևոր է հասկանալ, որ մենք խոսում ենք անվտանգության մասին։ Մի երկրում, որտեղ մարդուն հերոսացնում են այն բանի համար, որ նա սպանել է հայի.. Ես չգիտեմ, դուք տեղյա՞կ եք, ներկաները տեղյա՞կ են, որ 2004 թվականին ՆԱՏՕ-ն խաղաղասիրական ծրագրով սպաներ է հրավիրում Հայաստանից ու Ադրբեջանից։ Բուդապեշտում նրանք համատեղ սեմինարների են մասնակցում, և ադրբեջանցի սպան կացնով սպանում է քնած հայ սպային։ Դրանից հետո Բուդապեշտում տեղի է ունենում դատավարություն ու ադրբեջանցի սպան դատապարտվում է ցմահ ազատազրկման։ Որոշ ժամանակ անց Հունգարիայի կառավարությունը որոշում է այդ սպային արտահանձնել Ադրբեջան։ Եվ ժամանելուն պես Ադրբեջանի նախագահը հրամանագիր է ստորագրում այդ սպային ազատ արձակելու մասին, վճարվում է այդ ողջ ընթացքում նրա չստացած աշխատավարձը, տրվում են բնակարան, զինվորական կոչում ու նա լրատվամիջոցներով համընդհանուր քաջալերանքի և հերոսի կոչման է արժանանում։ Անվտանգության գոտին, որի մասին խոսում են Ադրբեջանում, հենց այս տրամաբանության պատճառով է գոյացել։ Որովհետև, երբ խաղաղ բնակավայրերը ռմբակոծվում էին ադրբեջանցիների կողմից՝ մարդիկ, խաղաղ բնակիչները, երեխաները տարիներով նկուղներից դուրս չէին գալիս։

Եվ երբ ասվում է տարածք, մենք դա ընկալում ենք որպես անվտանգություն։ Եվ նախ՝ ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ Ղարաբաղի Հանրապետությունը պատրաստ չէ զիջել սեփական անվտանգությունը, ինչպես որևէ երկիր պատրաստ չէ զիջել իր անվտանգությունը։ Այսինքն, այս իրավիճակի լուծումը կարող է կապված լինել միայն անվտանգության երաշխիքների հետ, որոնք չկան։ Եվ չեն եղել։ Եվ դրանց բացակայությունն է ստեղծել այսօրվա իրավիճակը։ Իսկ ինչ վերաբերում է իմ այն արտահայտությանը, որ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», դա ունի շատ պարզ ու կոնկրետ բացատրություն։ Մենք ասել ենք, որ Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում Հայաստանի Հանրապետության վրա։ Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ Եվ սրանով ամեն ինչ ասված է։

Եվ ուզում եմ հստակ ասել, որ մենք որևէ կառուցողական քայլ Ադրբեջանի կողմից վերջին մեկուկես տարվա ընթացքում բանակցային պրոցեսում չենք տեսել, բայց մյուս կողմից ուզում եմ գնահատել այն իրավիճակը, որ մեզ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հաջողվել է հասնել նրան, որ 2018 թվականի սեպտեմբերից ի վեր, երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք, տարածաշրջանում, շփման գծում լարվածություն աննախադեպ ցածր է։ Եվ ես հույս ունեմ, որ կառուցողական քննարկումների արդյունքում մեզ կհաջողվի ոչ միայն պահպանել այս համեմատաբար կայուն և հանդարտ իրավիճակը, այլև առաջ շարժվել դեպի իրավական կարգավորում»:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 14-ի առավոտյան այցելել է Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատ, որտեղ աշխատանքային նախաճաշի շրջանակում հանդիպում է ունեցել Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի դաշնային պետքարտուղար Թոմաս Բարայսի, Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն, արտաքին տնտեսական հարցերով խորհրդի նախագահ Ֆոլքեր Թրայերի և պալատի ներկայացուցիչների հետ:

Թոմաս Բարայսը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար և նշել, որ գերմանական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմամբ ու ընդլայնմամբ: Նա վստահություն է հայտնել, որ վարչապետի այցը նոր խթան կհանդիսանա երկկողմ բիզնես կապերի ընդլայնման, տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ նոր ծրագրերի իրականացման համար:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող զարգացումներին և բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերին: Վարչապետը մանրամասն խոսել է արդյունաբերության, զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում իրականացվող ծրագրերի և ՀՀ կառավարության առաջնահերթությունների մասին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական փոխգործակցության զարգացմամբ ու գերմանական բիզնեսի ու կապիտալի` հայկական շուկայում ներգրավվածության ընդլայնմամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առաջիկայում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ հնարավոր քայլերն ու ծրագրերը, որոնք նոր ազդակ կհաղորդեն հայ-գերմանական առևտրատնտեսական հարաբերություններին: Կողմերը կարևորել են նաև բիզնես ֆորումների անցկացումն ու գործարարների միջև կապերի ու համագործակցության խորացումը։

* * *

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինից ժամանել է Մյունխեն: ՀՀ վարչապետը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը, որի ընթացքում ողջույնի խոսքով են հանդես եկել անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Ինշիգերը և Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:

Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցում են ավելի քան 40 երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ: Մասնավորապես, մասնակիցների թվում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն, Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրենինգերը և այլք:

* * *

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵՄ բյուջեի և կառավարման հանձնակատար Յոհաննես Հանի հետ։

Վարչապետը, կարևորելով այսօրվա հանդիպումը, նշել է, որ Եվրոպական միությունը դարձել է Հայաստանի բարեփոխումների օրակարգի կյանքի կոչման գլխավոր գործընկերը: «Շատ ուրախ եմ, որ կարողացել ենք ստեղծել հարուստ օրակարգ՝ դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության ուղղությամբ: Մենք հակակոռուպցիոն ռազմավարության իրագործման փուլում ենք: Այս բարեփոխումների փաթեթը համարում եմ մեր ռեֆորմների առաջին փուլի վերջին մասը, և դրանից հետո մենք պետք է շարունակենք ամեն ինչ դարձնել ավելի ու ավելի լավ: Այս ճանապարհին համագործակցությունը ԵՄ-ի հետ շատ կարևոր է: Ցանկանում եմ շեշտել, որ և՛ խորհրդատվական, և՛ ֆինանսական, և՛ քաղաքական աջակցությունը շատ կարևոր են մեզ համար: Շնորհակալ եմ այսօրվա հնարավորության համար՝ քննարկելու մեր ապագա համագործակցության պլանները»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին Յոհաննես Հանը նշել է, որ իր՝ Հայաստան այցի ժամանակ քննարկել են ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողովի անցկացման հարցը, որը տեղի կունենա Լյուքսեմբուրգում: «Այդ ֆորումը լավ հնարավորություն է, որպեսզի ներկայացնեք Ձեր երկիրը: Մենք մեծ փորձ ունենք նմանատիպ ներդրումային ֆորումներ կազմակերպելու հարցում և, կարծում եմ, որ այս անգամ էլ լավ արձագանք կունենանք: Ինչպես Դուք նշեցիք, Հայաստանում բարեփոխումներ եք իրականացնում, և սա ինչ-որ առումով երաշխիք կարող է հանդիսանալ Ձեր պոտենցիալ գործընկերների համար, որ Ձեր երկիրը հիանալի գործընկեր կարող է դառնալ»,- ասել է Յոհաննես Հանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ներդրումային համաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքներին, ՀՀ-ԵՄ համագործակցությանը, օրակարգային հարցերին, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող համատեղ միջոցառումներին վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսության զարգացման միտումներին, զբոսաշրջության, ենթակառուցվածքների, էներգետիկայի և այլ ոլորտների զարգացումներին:

* * *

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ։

Ողջունելով Մոլդովայի նախագահին՝ վարչապետ Փաշինյանը նշել է.

«Հարգելի Իգոր Նիկոլայի,

շատ ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար։ Մենք բավական հաճախ ենք հանդիպում ԵԱՏՄ, ԱՊՀ և մյուս միջազգային կազմակերպությունների շրջանակում անցկացվող տարբեր միջոցառումների ժամանակ։ Կարծում եմ՝ մեր հանդիպումների այս ինտենսիվությունը պետք է վերածենք մեր տնտեսական հարաբերությունների ինտենսիվության, քանի որ մեր քաղաքական հարաբերությունները փայլուն են, բայց, ցավոք, չենք կարող պարծենալ տնտեսական ապրանքաշրջանառության մեծ ծավալներով։ Մեր օրակարգի գլխավոր հարցը մեր տնտեսական կապերի զարգացումն ու ակտիվացումն է, մեր բիզնես շրջանակների միջև հանդիպումների կազմակերպումը, նրանց խթանելը, մղելը, որպեսզի Հայաստանի և Մոլդովայի միջև ապրանքաշրջանառության ակտիվացման հնարավորություններ գտնեն։

Ծրագրում եմ այս տարի պաշտոնական այց կատարել Մոլդովա և վերջերս էլ Ալմաթիում հանդիպում ունեցա Մոլդովայի վարչապետի հետ։ Մենք պայմանավորվեցինք, որ մինչև այցը կաշխատենք այցի օրակարգի վրա, որպեսզի այն հնարավորինս արդյունավետ լինի։ Կարծում եմ՝ ընդհանուր շատ հետաքրքրություններ կան թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով։ Մենք լավ համագործակցում ենք, բայց, այնուամենայնիվ, գլխավոր հարցը տնտեսական կապերի ակտիվացումն է»։

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն իր խոսքում նշել է.

«Հարգելի պարոն վարչապետ, թանկագին բարեկամ,

ծանոթությունից ի վեր մեկ տարվա ընթացքում մեզ հաջողվել է շատ հանդիպումներ ունենալ։ Շատ ուրախ եմ, որ մենք ակտիվ համագործակցում ենք ԱՊՀ շրջանակում, Մոլդովան դիտորդի կարգավիճակով մասնակցում է Եվրասիական հանձնաժողովի աշխատանքներին։ ԵԱՏՄ-ն մեզ համար առաջնահերթություն է, այս տարի առաջին անգամ նաև մեր վարչապետն է մասնակցել այդ նիստին, մինչ այդ միայն նախագահն էր մասնակցում։ Ցանկանում եմ նշել, որ մեր երկկողմ օրակարգը շատ ակտիվ է, բայց ամբողջովին համաձայն եմ Ձեզ հետ, որ տնտեսական արդյունքները չեն համապատասխանում մեր երկրների միջև առկա հնարավորություններին։ Այս տարի, եթե չեմ սխալվում, այդ ծավալը 3.5-4 մլն եվրո է, և դա այն ծավալը չէ, որի մասին կարելի է խոսել որպես դրական դինամիկա։ Լիահույս եմ, որ այս տարի կկարողանանք նոր ազդակ հաղորդել մեր երկկողմ հարաբերություններին։

Փետրվարի 24-25-ը Մոլդովայի խորհրդարանի նախագահը պաշտոնական այց կկատարի Հայաստան։ Կարծում եմ, որ այս միջոցառումները՝ մեր խորհրդարանի խոսնակի այցը, միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպումը, միջկառավարական հանձնաժողովի նիստը, Ձեր պաշտոնական այցը, ընդ որում՝ կարծում եմ, որ Ձեր պաշտոնական այցի շրջանակում կարող ենք նաև գործարար համաժողով կազմակերպել, նոր ազդակ կհաղորդեն մեր երկկողմ հարաբերություններին։ Մենք պատմականորեն շատ լավ ենք հարաբերություններ ենք ունեցել, որոնք այսօր էլ այդ հունով շարունակվում են։ Մոլդովայում կա հայկական սփյուռք, ձեր ժողովրդի ներկայացուցիչներն ընդգրկված են մեր խորհրդարանական խմբակցության կազմում, Նախագահի աշխատակազմում։ Այդ իսկ պատճառով մենք անհամբեր սպասում ենք Ձեզ։ Հույս ունենք առաջիկայում համաձայնեցնել Ձեզ հարմար ժամանակահատվածում Մոլդովա պաշտոնական այց կատարելու ժամկետները և սկսել նախապատրաստական աշխատանքները»։

Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը և նախագահ Դոդոնն անդրադարձել են հայ-մոլդովական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում քննարկվելիք հարցերին և նշել, որ նիստում կնախապատրաստվեն այն փաստաթղթերը, որոնք կքննարկվեն վարչապետի՝ Մոլդովա կատարելիք պաշտոնական այցի ժամանակ։ Այցը նախատեսվում է այս տարվա առաջին կիսամյակում։

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Ստևո Պենդարովսկու հետ:

Վարչապետը նշել է, որ Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, շահագրգռված է եվրոպական երկրների, այդ թվում Հյուսիսային Մակեդոնիայի հետ հարաբերությունները զարգացնելու հեռանկարով: «Մենք կարծում ենք, որ Հայաստանը կարող է շատ հետաքրքիր վայր լինել արտասահմանյան ներդրողների համար, որոնք ցանկանում են հասանելիություն ունենալ Եվրասիական տնտեսական միության շուկային: Իհարկե, շատ օգտակար կլինի միմյանց կապել մեր բիզնես համայնքներին, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչ հնարավորություններ կարող են գտնել, թե՛ Հյուսիսային Մակեդոնիայում, թե՛ Հայաստանում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ստևո Պենդարովսկին նշել է Հայաստանի հետ արդեն երեք տասնամյակ հաստատված դիվանագիտական հարաբերությունների փաստը և նկատել, որ այդ ընթացքում երկկողմ գործակցությունը տնտեսական ոլորտում չի հասել ցանկալի արդյունքների: Հյուսիսային Մակեդոնիայի նախագահը հավելել է, որ իրենց երկիրը շահագրգռված է տարբեր ոլորտներում համագործակցության խորացմամբ ու ընդլայմամբ և պատրաստ են հայ գործընկերների հետ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

Հյուսիային Մակեդոնիայի նախագահը հետաքրքրվել է Հայաստանում տեղի ունեցող ժողովդավարական բարեփոխումների ընթացքով: Վարչապետ Փաշինյանը մանրամասն անդրադարձել է Հայաստանի բարեփոխումների լայն օրակարգին:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, պայմանավորվել, որ առաջիկայում երկու կառավարություններն այդ ուղղությամբ կիրականացնեն համապատասխան քայլեր:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ:

Վարչապետը կարևորել է այսօրվա հանդիպումը և նշել, որ այն լավ առիթ է քննարկելու ընթացիկ հարցերն ու խնդիրները: «Ինչպես գիտեք, Հայաստանը գտնվում է ժողովրդավարական բարեփոխումների լայնածավալ գործընթացում, որն արագացավ հատկապես 2018 թվականի ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո: Շուտով պարզ դարձավ, որ մեր երկրի սահմանադրական համակարգը գրավված էր հեղափոխությունից առաջ. ավելին, այն ականապատված էր: Եվ հիմա մենք ջանքեր ենք գործադրում ականազերծելու ժողովրդավարությունը և դատական համակարգը Հայաստանում: Ես ուրախ եմ ընթացիկ զարգացումների վերաբերյալ Ձեզ իրազեկելու այս հնարավորության համար, քանի որ վերջերս մենք որոշեցինք հանրաքվե անցկացնել Սահմանադրական դատարանի վերաբերյալ: Ուրախ եմ տեղեկացնել, թե ինչ և ինչու է կատարվում, և թե ինչ կլինի հետո»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին, ԵԽ գլխավոր քարտուղարը նշել է. «Պարոն Վարչապետ, շնորհակալ եմ այս հնարավորության համար, որը, ինչպես Դուք նշեցիք, շատ կարևոր է ընթացող զարգացումների մասին տեղեկացված լինելու առումով: Հիշեցնեմ, որ մենք արդեն սկսել ենք Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև ինտենսիվ համագործակցությունն անցյալ տարվա մայիսին Եվրոպայի խորհրդի բարձր մակարդակի աշխատանքային խմբի այցից հետո: Ես գիտեմ, որ Դուք ինքներդ եք խնդրել Եվրախորհրդին՝ ներգրավվել այս գործընթացում: Եվ Եվրախորհուրդն սկսեց ուշադիր հետևել, թե ինչ է կատարվում: Կան մի շարք մտահոգություններ, և հետաքրքիր կլինի Ձեզնից լսել, թե ինչպես եք տեսնում հետագա զարգացումները և թե մենք ինչպես կարող ենք շարունակել օգնել Ձեր երկրին»:

Վարչապետ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին, այդ թվում` դատաիրավական ոլորտում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ոլորտների վերաբերյալ միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող վարկանիշային աղյուսակներում մեր երկիրը նախորդ տարի գրանցել է մեծ առաջընթաց: ՀՀ կառավարության ղեկավարը մանրամասն խոսել է Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեի հանգամանքների մասին:

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Եվրոպայի խորհրդի լիարժեք աջակցությունն է հայտնել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին, այդ թվում` դատաիրավական ոլորտում և նշել, որ կշարունակեն քննարկումները ՀՀ կառավարության հետ այդ ուղղությամբ համագործակցության շուրջ:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում շարունակում է երկկողմ հանդիպումները տարբեր երկրների նախագահների ու կառավարությունների ղեկավարների հետ: Վարչապետը նախ հանդիպում է ունեցել Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի, ապա Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցի հետ:

Նիկոլ Փաշինյանը և Բոյկո Բորիսովը քննարկել են հայ-բուլղարական տնտեսական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձ են կատարել զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, տրանսպորտի, էնեգետիկայի ոլորտներում փոխգործակցության զարգացմանը, մտքեր փոխանակել տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ:

Կողմերը պայմանավորվել են հանձնարարել կառավարությունների համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին քննարկել նշված ուղղություններով համագործակցության զարգացման հեռանկարները և նախապատրաստել կոնկրետ ծրագրեր:

Բոյկո Բորիսովը վարչապետ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Բուլղարիա, ինչը սիրով ընդունվել է: Նրանք վստահություն են հայտնել, որ բարձր մակարդակի փոխայցելությունները նոր ազդակ կհաղորդեն երկկողմ հարաբերություններին բոլոր ոլորտներում:

Հայաստանի վարչապետը և Լատվիայի նախագահն անդրադարձել են երկկողմ համագործակցության խթանմանը վերաբերող հարցերի, խոսել Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման մասին: Նիկոլ Փաշինյանը և Էգիլս Լևիցն անդրադարձել են նաև Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին և այդ ուղղությամբ համագործակցությանը:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպում է ունեցել Քուվեյթի վարչապետ Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Սանահի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Սանահը կարևորել են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, կրթական, մշակութային ոլորտներում hամագործակցության զարգացումը: Հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու տեսանկյունից կողմերն անհրաժեշտ են համարել կառավարությունների միջև ակտիվ գործակցությունն ու կոնկրետ ծրագրերի քննարկումը:

Ընդգծելով ժողովուրդների միջև կապերի ամրապնդման կարևորությունը` Հայաստանի և Քուվեյթի վարչապետներն անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության խթանմանը, այդ համատեքստում նաև երկկողմ ուղիղ ավիաչվերթերի կազմակերպման հնարավորությանը:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող քայլերը և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Քուվեյթի բիզնեսի` հայկական շուկա ներգրավմամբ ու ընդգծել, որ դա հնարավորություն կտա ներդրողներին մուտք գործել նաև Եվրասիական տնտեսական միության շուկա:

Հայաստանի և Քուվեյթի վարչապետներն անհրաժեշտ են համարել գործարար կապերի ընդլայնման ուղղությամբ աշխատանքների իրականացումը և պայմանավորվել հանձնարարել կառավարությունների պատասխանատուներին քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Զրուցակիցները կարևորել են նաև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը, ինչը կնպաստի հարաբերությունների հետագա ընդլայնմանն ու ամրապնդմանը:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգի հետ:

Վարչապետ Փաշինյանը նկատել է, որ սա իրենց առաջին հանդիպումն է և հույս հայտնել, որ երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչների հանդիպումները կկրեն շարունակական բնույթ, ինչը կնպաստի Հայաստանի ու Նորվեգիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Նորվեգիայի հետ տարբեր ոլորտներում համագործակցությամբ, այդ թվում առևտրատնտեսական կապերի զարգացմամբ:

Էռնա Սոլբերգը ևս կարևորել է Հայաստանի հետ կապերի ընդլայնումը և հետաքրքրվել մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքով:

Վարչապետը մանրամասն անդրադարձել է ՀՀ կառավարության բարեփոխումների լայն օրակարգին ու այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:

Զրուցակիցները հայ-նորվեգական հարաբերությունների զարգացման գործում կարևորել են նաև դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնումը:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել նաև Լիբանանի փոխվարչապետ Զեյնա Աքարի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների մի քանի հարցեր:

* * *

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ տեղի է ունեցել պանելային քննարկում, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Քննարկման ընթացքում բանախոսները պատասխանել են նաև ներկաների հարցերին:

Բանախոսը խոսքը նախ տրամադրել է Ադրբեջանի նախագահին, այնուհետև ՀՀ վարչապետին, որում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Խորհուրդ կտայի, որպեսզի նախագահ Ալիևն այդքան հեռու չգնար պատմության գիրկը: Քանի որ, երբ հայ թագավոր Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեական ռազմական առաջնորդ Պոմպեի հետ, Հարավային Կովկասում և ընդհանրապես ամբողջ աշխարհում չկար որևէ պետություն, որը կանվանվեր Ադրբեջան: Ուստի ես չեմ կարծում, թե ճիշտ մոտեցում է այդքան հեռու գնալ, որովհետև ես կարող եմ գնալ էլ ավելի հեռուն և սկսել օրինակ մ.թ.ա. 405թ, բայց այդպես չեմ վարվի, քանի որ չեմ կարծում, որ դա ճիշտ մոտեցում է:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին որպես պետության, գիտեք ես պետք է ասեմ, որ չեմ համաձայնվի նախագահ Ալիևի հետ: Քանի որ Կովկասյան Բյուրոն որոշում կայացրեց, որ Ղարաբաղը լինի Հայաստանի մաս, և այդ որոշումից հետո, որը ամբողջովին օրինական որոշում էր, Իոսիվ Ստալինի անձնական նախաձեռնությամբ, այդ որոշումը Մոսկվայում փոխվեց: Դա կարծես դավ էր, համաձայնություն էր Ստալինի, Լենինի և Աթաթուրքի միջև: Ղարաբաղը երբևէ չի եղել անկախ Ադրբեջան պետության կազմում: Ղարաբաղը դրվել է, մտցվել է Ադրբեջանի կազմի մեջ միայն Խորհրդային Միության ձևավորման գործընթացում: Եվ երբ մենք խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, մենք պետք է որոշենք, թե որ երկրի տարածքային ամբողջականության մասին ենք խոսում:

Իմ հարցն այն է, թե եթե Ադրբեջանը հարգում էր Խորհրդային Միության տարածքային ամբողջականությունը` դառնալով անկախ պետություն, ի՞նչպես էր հարգում այդ տարածքային ամբողջականությունը, եթե Ադրբեջանը դուրս եկավ Խորհրդային Միությունից նույն կերպ, ինչ Լեռնային Ղարաբաղը դուրս եկավ Խորհրդային Միությունից: Կարող եք ասել, թե ես հիմա խոսում եմ մի պետության մասին, որը գոյություն չունի, այսինքն Խորհրդային Միության, բայց Խորհրդային այն հանրապետությունը, որի կազմի մեջ էր Լեռնային Ղարաբաղը, նույնպես գոյություն չունի: Գոյություն չունի Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, և դա ճշմարտություն է: Եվ ինչպես Ադրբեջանն անկախություն ձեռք բերեց Խորհրդային Միությունից, նույն կերպ Ղարաբաղը ձեռք բերեց անկախություն և Խորհրդային Միությունից, և Խորհրդային Ադրբեջանից:

Ինչ վերաբերում է Խոջալուին, ապա 90-ականների կեսին Ադրբեջանի նախկին նախագահ Այաս Մութալիբովը հարցազրույց տվեց ռուսական «Независимая газета» թերթին` ասելով, որ Խոջալուի սադրանքը կազմակերպվել էր ադրբեջանական ընդդիմության կողմից` նրան իշխանությունից հեռացնելու նպատակով: Եվ դա տեղի ունեցավ, որովհետև այդ իրադարձության հետևանքով Այազ Մութալիբովը հեռացվեց Ադրբեջանի նախագահի պաշտոնից: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փաստաթղթերին, ո՞րն է եղել այդ փաստաթղթերի ընդհանուր իմաստը: Այդ փաստաթղթերի ընդհանուր իմաստն է, առանց պայմանների և անհապաղ հաստատել հրադադար, այսինքն՝ դադարեցնել բռնություններն ու ռազմական գործողությունները: Եվ երբ մենք նայենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թիվ 8.8.4 բանաձևը, կտեսնենք, որ այնտեղ գրված է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը և դրա հետևանքով Ադրբեջանը կորցրել է տարածքներ: Եվ առաջին հերթին Ադրբեջանն է, որ չի հարգել, պահել անվտանգության խորհրդի փաստաթղթի պայմանները, և շատ կարևոր է նշել դա:

Գիտեք, սակայն, ես չեմ կարծում, թե ճիշտ մոտեցում է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները յուրաքանչյուր անգամ կրկնեն նույն բանը: Դժբախտաբար 25 անգամ 30 տարիներին մենք կրկնում ենք նույն բաները, և մտավախություն ունեմ, որ միջազգային հանրությունն ինչ-որ առումով միգուցե հոգնած կլինի նույն բանը լսելուց: Եվ ես կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է նոր գաղափարներ առաջ քաշել:

Երբ ես դարձա Հայաստանի վարչապետ` ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության միջոցով, ես հասկացա, որ հնարավոր չէ 30 տարի տևած հակամարտությունը լուծել մեկ կամ երկու քայլերով: Եվ ես մտածեցի, որ այս խնդիրը լուծելու համար մեզ անհրաժեշտ է ունենալ հեղափոխություններ, և ես սկսեցի միկրո հեղափոխությունների գործընթացը: Հաջորդ անգամ երբ հնարավորություն ունենամ, կամ խոսքը հասնի ինձ, ձեզ կներկայացնեմ միկրո հեղափոխությունների նշանակությունը Լեռնային Ղարաբաղի բանակցային գրծընթացում, որը նախաձեռնել եմ ես:

Շնորհակալություն»:

Հարց- Դուք միջազգային այս լսարանում եք, բազմաթիվ փորձված բանակցողներ կան, շատերն այս մարտահրավերի ուղղությամբ արդեն մոտ 30 տարի աշխատում են՝ փորձելով օգնել վեճի խաղաղ կարգավորմանը: Ի՞նչ մի բան կուզեիք, որ միջազգային համայնքը, միջազգային հանրությունն աներ, որով Ձեզ կօգներ, որպեսզի առաջ տանեիք այն տարբերակը, որն ըստ Ձեզ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդար և խաղաղ լուծումն է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո, շատ կոնկրետ բան կա, որ միջազգային հանրությունը կարող է անել: Հստակորեն հայտնել, ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում, միջազգային հանրությունը պետք է հստակ և միանշանակ կերպով դա շեշտի և ասի: Եթե որևէ մեկն այլ կերպ է մտածում և ասում է, թե կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում, ես կարծում եմ` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կպատասխաներ, որ այդ պարագայում ուրեմն մենք կարող ենք ասել, որ այս հակամարտությունն արդեն լուծված է: Ես սակայն կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է տևական, հարատևելի խաղաղություն:

Հայաստանը Լեռնային Ղարաբաղը չի ներկայացնում բանակցային գործընթացում, սակայն ես գիտեմ, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պատրաստ են իրական ջանք գործադրել մեր տարածաշրջանում հարատևելի խաղաղություն ստեղծելու համար: Եվ որպես Հայաստանի վարչապետ՝ ես այս իրավիճակը համարում եմ ոչ միայն իմ պատասխանատվությունը հանուն իմ երկրի անվտանգության, այլ նաև գիտակցում եմ իմ պատասխանատվությունը տարածաշրջանի անվտանգության համար, համաշխարհային, գլոբալ անվտանգության համար: Եվ ես առաջարկում եմ նախագահ Ալիևին այս իրավիճակն ընկալել որպես մեր երկուստեք խնդիրը, անելիքը: Այն է՝ ձևավորել հարատևելի խաղաղություն և կայունություն ու այս իրավիճակը դիտարկել ոչ միայն որպես մեր ազգային օրակարգի հիմնախնդիր, այլ նաև որպես գլոբալ ու տարածաշրջանային անվտանգության օրակարգի խնդիր: Եվ մեր պարտականությունը, մեր պարտքն է մեր ջանքերը գործադրել, մեր ներդրումն ունենալ գլոբալ, համաշխարհային անվտանգության մեջ: Եվ ես ձեզ հավաստիացնում եմ, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պատրաստ են դրան:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատասխանում արտահայտած մտքերին արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով. «Մի քանի մեկնաբանություն եմ ցանկանում անել: Նախ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի վերաբերյալ, այնտեղ չկա «հայկական զորք» գրված, գրված է այսպես ՝ «տեղի հայկական ուժերը»: Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ձևավորել է ինքնապաշտպանության ուժեր և գրված չէ «հայկական զորք»: Ինչ վերաբերում է տուժածներին, այո, դա ողբերգություն է, դա հակամարտություն է և հազարավոր մարդիկ զոհվել են այդ հակամարտության հետևանքով և՛ հայ, և՛ ադրբեջանցի, և դա փաստ է: Անձամբ ես, սակայն, «Նեզավիսիմայա Գազետա» թերթում ընթերցել եմ Ադրբեջանի նախկին նախագահի հարցազրույցը, և ես, կարծում եմ, մենք դա էլ կարող ենք գտնել ինտերնետում: Ինչ վերաբերում է պատմական փաստերին.՝ կա գիրք՝ «Լեռնային Ղարաբաղ. իրավական կողմեր»: Այն ինչ ես ասել եմ նույն գրքում կարելի է գտնել, կարելի է գտնել պատմության գրքերում, քաղաքների անունների և էթնիկ զտման մասին: Կար Շահումյանի շրջան, այդ շրջանում որեւէ հայ այժմ չի ապրում, չնայած բնակչությունն այնտեղ ամբողջությամբ հայեր էին։ Այժմ Շահումյանի շրջանն ադրբեջանական անուն է կրում, այն ինձ համար բավականին բարդ բառ է արտաբերելու համար։ Բացի այդ, նախագահ Ալիևը նշեց, որ ադրբեջանցի զինվոր է սպանվել հայի կողմից, մինչդեռ այսօր հայ զինվոր է վիրավորվել ադրբեջանցի դիպուկահարի ձեռքով։ Եվ մեր երկկողմանի համատեղ խնդիրն է դադարեցնել այս պրոցեսը»։


Հարց- Ես հետազոտող եմ Մաքս Պլանկի անվան միջազգային իրավունքի ինստիտուտում: Նախագահ Ալիևն արդեն նշեց միջազգային իրավունքի դերը: Իմ հարցն ուղղված է երկու բանախոսներին էլ: Այս վեճն ինչո՞ւ չեք ներկայացնում, հատուկ համաձայնությամբ ներկայացրեք Արդարադտության միջազգային դատարանին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք էլ ենք հավատարիմ բանակցային գործընթացին, խաղաղության գործընթացին, ինչպես ասացի, և ես կարծում եմ, որ բանակցությունը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագության ձևաչափում, և մենք շատ ինտենսիվ ենք աշխատում: Ինչպես ասացի, մենք պատրաստ ենք իրական ջանք գործադրել փոփոխության հասնելու համար, հակամարտության լուծմանը հասնելու համար: Բայց ոչ ոք ինձ չհարցրեց այն մինի հեղափոխությունների մասին, որոնք ես արել եմ բանակցային գործընթացում:

Իմ սկզբունքային պատկերացումը հետևյալն է, ինչպես արդեն նշել եմ. հնարավոր չէ այս երկար տևած հակամարտությունը մեկ կամ երկու քայլով լուծել: Ինչո՞ւ եմ ասում՝ մեզ միկրո հեղափոխություններ են պետք: Ես կարծում եմ` մեզ պետք են միկրո հեղափոխություններ, եթե այդ բառը պայմանականորեն օգտագործենք, որպեսզի դրանք հետո փոխարինենք մինի հեղափոխությունների, որից հետո բեկում ունենանք բանակցային գործընթացում: Ո՞րն էր այդ միկրո հեղափոխությունը: 2018թ. սեպտեմբերին ես հայտարարեցի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ինչո՞ւ է սա միկրո հեղափոխություն, քանի որ ես Հայաստանի առաջին առաջնորդն եմ, ով ասում է, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար: Իսկ հիմա անցել է ավելի քան մեկ տարի այդ հեղափոխությունից, սակայն ես ոչ միայն Հայաստանի միակ առաջնորդն եմ, ես Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներից միակն եմ, ով ասում է, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Սա շատ կարևոր միկրո հեղափոխություն է:

Հաջորդ հեղափոխությունն այն է, որ իմ մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ ես սոցիալական ցանցերի օգտատեր հայերին և ադրբեջանցիներին կոչ արեցի սոցիալական ցանցերը չօգտագործել իրար վիրավորելու, իրար սպառնալու համար: Ես կոչ արեցի սոցիալական մեդիաները, նոր տեխնոլոգիաներն օգտագործել փորձելու համար իրար ավելի լավ հասկանալ: Դա էլ մոտեցում է, և ես կարծում եմ և փորձել եմ ուղղակիորեն դիմել, խոսք ուղղել Ադրբեջանի ժողովրդին: Եթե Իլհամ Ալիևը դեմ չի լինի, ես դեմ չեմ լինի, եթե նախագահ Ալիևը խոսի հայ ժողովրդի հետ: Բայց մենք մի շատ տարօրինակ փաստ ունենք: Նախագահ Ալիևը հրաժարվում է խոսել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, և դա շատ տարօրինակ փաստ է: Ինչպե՞ս է հնարավոր լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ չխոսելով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Ի դեպ Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է որպես հակամարտության կողմ և բանակցությունների կողմ ԵԱՀԿ-ի կողմից: Դա երկու անգամ է տեղի ունեցել. 1992թ. մարտի 24-ին և 1994թ. Բուդապեշտում ԵԱՀԿ գագաթնաժողովում:

Շնորհակալություն:

Հարց- Ռուսաստանն այն պետություններից է, որը փորձում է լուծում բերել: Առաջարկներից մեկն այն էր, որ միգուցե կարգավիճակի հարցը պետք է թողնել հետոյին և փորձել անել մի բան, որին կողմերն ավելի պատրաստակամորեն կհամաձայնեն: Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա շրջանների հետ կապված, միջանցք ստեղծելու հետ կապված և այլ քայլեր: Տեսնո՞ւմ եք ինչ-որ հնարավորություն միջանկյալ մի լուծման, որը կարգավիճակի հարցը կթողնի հետոյի և այլ հարցեր հիմա այս փուլում կլուծի:

Հարցին նախ պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի արտահայտած մտքերին արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով. «Իմիջայլոց մի փոխադարձ միկրոհեղափոխություն ունենք և հուսով եմ հնարավորություն կունենամ այդ մասին ասել: Երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք Դուշանբեում՝ Տաջիկստանի մայրաքաղաքում, դրանից հետո նախագահ Ալիևի հետ մենք մինի հեղափոխություն արեցինք, այդ հանդիպումից հետո լարվածությունը, ընհանուր առմամբ, աննախադեպ անկում ապրեց և մենք կարողացանք ուղիղ գիծ ստեղծել, կոնտակտի, շփման և տեղեկատվության փոխանակման համար:

Պետք է ընդունեմ, որ այդ պարագայում նախագահ Ալիևն ինձ հետ այդ քայլի համահեղինակ է: Նախագահ Ալիևը խոսում է տարածքների մասին և Ադրբեջանի տեսակետից, իր կարծիքով դրանք տարածքներ են, բայց Ղարաբաղի տեսակետից դա անվտանգություն է:

Պետք է հասկանալ, թե ինչու է ձևավորվել այսօրվա ստատուս քվոն, որովհետև երբ Լեռնային Ղարաբաղը փորձեց ինքնորոշման իր իրավունքից օգտվել` ռազմական գործողություններ սկսվեցին Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ, և Լեռնային Ղարաբաղի հայերը հարկադրված եղան ինքնապաշտպանություն կազմակերպել:

Նախագահ Ալիևը Շուշիի մասին խոսեց, Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի մասին: Տարիներ շարունակ այն Շուշիից ռմբակոծվում էր և խաղաղ քաղաքացիները երկար ժամանակ ապրում էին ստորգետնյա կացարաններում, և դա է ճշմարտությունը: Հնարավոր չէ, որ անվտանգությունը որևէ մեկը զիջի, Ղարաբաղի պարագայում էլ դա անհնար է:

Նախագահ Ալիևը նշեց Ադրբեջանի զինված ուժերի մասին: Իմ որդին իր զինծառայությունն անցնում է Լեռնային Ղարաբաղում, բայց նա գնաց այնտեղ, որպես կամավոր, նա հոժարակամ գնաց այնտեղ: Գնաց պաշտպանելու իր հայրենակիցներին, քանի որ ինքը գիտի պատմությունը, ինքի գիտի թե ինչ է եղել 1988 թ.-ից սկսած: Ես արդեն ասացի Շահումյանի շրջանի մասին, որտեղ բնակչությունը 100 տոկոսով հայկական էր, հիմա մեկ հայ այնտեղ չի ապրում: Մենք գիտենք նաև Նախիջևանի դեպքը, որտեղ ահռելի հայկական բնակչություն կար: Նախիջևանն էլ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետություն է, և հիմա մեկ հայ այնտեղ չկա:

Եվ մեկ նախադասություն էլ ասեմ, նախագահ Ալիևն ասում է, թե Լեռնային Ղարաբաղը բանակցությունների և հակամարտության կողմ չէ, բայց Ադրբեջանը երկու անգամ համաձայնագրեր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի հետ: Առաջին անգամ 1994 թվականին և դա հրադադարի համաձայնագիրն էր Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև: Պաշտպանության նախարարներն են ստորագրել այդ փաստաթուղթը: Դրանից երեք ամիս անց 1994 թ. հուլիսին իրենք վերահաստատել են, որ հրադադարը պահպանվելու է այնքան, մինչև կոնֆլիկտը ստանա քաղաքական լուծում»:

Քննարկման ավարտին, արձագանքելով Ադրբեջանի նախագահի խոսքին, վարչապետ Փաշինյանն ասել է. «Պարոն նախագահ, այնքան էլ կառուցողական չէր, բայց ես կասեմ, որ Տիգրան Մեծի ժամանականերում մեր ամբողջ տարածաշրջանում ընդամենը երկու ազգ կար՝ հայեր և վրացիներ: Եվ ոչ միայն Տիգրան Մեծի ժամանակներում, այլ նաև Բագրատունիների, Արշակունիների ժամանակներում: Դա կարելի է գտնել պատմության ցանկացած գրքում: Ես շատ ուրախ եմ այս քննարկման համար: Կցանկանայի կրկին հաստատել, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պատրաստ են իրոք իրական ջանք գործադրել այս կոնֆլիկտի լուծման ուղղությամբ»:

Քննարկումից առաջ նախ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի կարճատև զրույցը:

← Վերադառնալ