Արտերկրյա այցեր

Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան

29.04.2021 - 30.04.2021

ևս 49 լուսանկար



Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով, ապրիլի 29-ին ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան:

Կազանում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ:

Ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ Միխայիլ Միշուստինը նշել է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Հարգելի գործընկերներ,

Ուրախ եմ ձեզ տեսնել Ռուսաստանի Դաշնությունում՝ Թաթարստանում, Կազան քաղաքում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

Նախևառաջ ցանկանում եմ Ձեզ փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի ամենաջերմ ողջույններն ու լավագույն մաղթանքները։ Ցանկանում եմ ասել, որ մեզ համար թանկ են Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունները։ Դրանք երկարամյա դաշնակցային, ռազմավարական բնույթ են կրում, և հաջորդ տարի կնշենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի կնքման 25-ամյակը։

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ընդունված՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունները համատեղ աշխատանքի մեծ հնարավորություններ բացեցին։ Դա, առաջին հերթին, բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումն է, նոր ենթակառուցվածքային երթուղիների ձևավորումը։ Այս ամենը պայմաններ կստեղծի Հարավկովկասյան տարածաշրջանի կայուն զարգացման համար։

Ռուսաստանն աջակցում է, մենք մասշտաբային հումանիտար օժանդակություն ենք տրամադրում, և Հումանիտար արձագանքման միջազգային կենտրոնի գծով պայմաններ են ստեղծվում փախստականների՝ իրենց բնակության մշտական վայրեր վերադարձի և հաջորդիվ՝ ենթակառուցվածքների վերականգնման համար։

Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար գործընկերը։ Մեր համատեղ ձեռնարկություններն իրագործում են խոշոր տնտեսական նախագծեր։ Իհարկե, ցավոք, կորոնավիրուսն ազդեց երկկողմ առևտրի դինամիկայի վրա։ Նախորդ տարի մեր համատեղ ապրանքաշրջանառությունը նվազեց մոտավորապես 10 տոկոսով և կազմեց շուրջ 2 մլրդ 300 մլն դոլար։ Իհարկե, մեզ նման իրավիճակը ձեռնտու չէ։ Առաջարկում եմ հանձնարարել մեր միջկառավարական հանձնաժողովին, մեր կողմից Ձեզ քաջածանոթ Ալեքսեյ Օվերչուկին՝ նախապատրաստել նոր նախաձեռնություններ Հայաստանի հետ առևտրաշրջանառության և փոխադարձ ներդրումների ծավալն ավելացնելու համար։

Մենք նաև ակտիվ համատեղ աշխատում ենք կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ։ Հայկական կողմին ենք փոխանցել T-համակարգերը, ռեագենտները, ընթանում է ռուսաստանյան Սպուտնիկ –V պատվաստանյութի տրամադրումը։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել, որ Հայաստանն ակտիվորեն կիրառում է Զարգացման եվրասիական բանկի կողմից մշակված «Ճամփորդում եմ առանց Covid-19» բջջային հավելվածը՝ Ռուսաստան քաղաքացիների այցերի համար։ Դա շատ լավ միտում է։ Մենք դյուրացնում ենք մեր քաղաքացիների փոխադարձ տեղաշարժի բոլոր ընթացակարգերը։

Ակտիվ համագործակցում ենք նաև ԵԱՏՄ-ում։ Բոլոր չորս ազատությունները՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի հարցերը, այսօր մեր օրակարգում են։ Վստահ եմ, որ եվրասիական ինտեգրման խորացումը համապատասխանում է և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի քաղաքացիների, ձեռնարկատերերի շահերին։

Հարգելի Նիկոլ Վովայի,

Պատրաստ եմ Ձեզ հետ քննարկել ակտուալ թեմաները, այդ թվում նաև մեր երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերը»։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշել է.

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

Հարգելի Ռուստամ Նուրգալիևի,

Հարգելի գործընկերներ,

Շատ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար։ Անկեղծ ասած, առաջին անգամ եմ Թաթարստանում, և բոլորս գիտենք, որ սա Ռուսաստանի նշանակալի և զարգացած տարածաշրջաններից է։ Հուսով եմ և վստահ եմ, որ մեր բանակցությունների, այսօրվա հանդիպման և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում արդյունավետ քննարկումներ ու որոշումներ կունենանք։

Իհարկե, ինչպես Դուք արդեն ասացիք, մեր երկկողմ հարաբերությունները համաչափ ու բավական ակտիվ զարգանում են։ Պետք է նշեմ, որ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական հարաբերությունները խորանում են, և դա լավ գործոն է նաև մեր տարածաշրջանի կայունության համար։

Ցանկանում եմ հատուկ ընդգծել այն դերը, որ Ռուսաստանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինն ունեցան Լեռնային Ղարաբաղում պատերազմը կանգնեցնելու հարցում։ Արդյունավետ եմ գնահատում ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում։

Ցանկանում եմ նաև առանձնացնել եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, որը գլխավորում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը։ Մենք կառուցողական ենք տրամադրված այս հարցում, բայց ցանկանում եմ նշել, որ, ցավոք, Ադրբեջանը մինչ օրս չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շատ կարևոր դրույթը։ Դա վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձին։ Եվ ես ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանը այն ջանքերի համար, որոնք ներդրվում են այս հարցը լուծելու համար։

Բայց պետք է նշեմ, որ մենք շատ բարձր ենք գնահատում եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը, քանի որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը կարող է փոխել ողջ տնտեսական իրավիճակը մեր տարածաշրջանում և ամրապնդել տնտեսական կապերն ու ինտեգրումը Ռուսաստանի ու Հայաստանի միջև։ Այս կապակցությամբ ցանկանում եմ նշել այն կարևոր ու կառուցողական դերը, որն ունի Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Մենք իսկապես բարձր ենք գնահատում այդ աշխատանքը, և հուսով եմ, որ այն կոնկրետ արդյունքների կբերի։ Բոլորին հասկանալի է, որ դա կարևոր է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև մեր տարածաշրջանի համար առավել լայն իմաստով, քանի որ խոսք է գնում Պարսից ծոցի և Սև ծովի, Պարսից ծոցի և Ռուսաստանի Դաշնության միջև կապերի վերականգնման մասին։ Դա իսկապես կարող է դառնալ հզոր տնտեսական գործոն Եվրասիական տնտեսական միության զարգացման համար։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ հաստատել, որ մենք կառուցողական ենք տրամադրված և հուսով եմ, որ ներկայում ընթացող աշխատանքը կոնկրետ արդյունք կունենա, որոնք կայունություն, խաղաղություն ու բարեկեցություն կբերեն մեր ողջ տարածաշրջանի համար»։

Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինն անդրադարձել են պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և հումանիտար հարցերին։ Շոշափվել է հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքը։

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների օրակարգը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով։ Անդրադարձ է եղել տնտեսական համագործակցության զարգացման միտումներին, առևտրաշրջանառության աշխուժացմանը։ Այս համատեքստում խոսվել է առողջապահության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների և փոխշահավետ այլ բնագավառներում համագործակցության ընդլայնման հեռանկարների մասին։

Կողմերը փոխանակվել են տեղեկատվությամբ կորոնավիրուսի համավարակի հետևանքների հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերի և տնտեսության վերականգնման տեմպերի վերաբերյալ։ Արծարծվել է ռուսաստանյան պատվաստանյութի նոր խմբաքանակների ձեռքբերման հարցը։ Անդրադարձ է կատարվել զբոսաշրջային հոսքերի ավելացման ուղղությամբ հնարավոր գործողություններին։

* * * 

Աշխատանքային այցով Կազանում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին:

Քննարկման առարկա են դարձել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր:

* * *

Շարունակվում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան, որտեղ ընթանում են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքները։ Ապրիլի 30-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Նշենք, որ նեղ կազմով հանդիպումը կայացել էր ապրիլի 29-ին։

Ընդլայնված նիստի մասնակիցներն են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ուլուկբեկ Մարիպովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ Մասնակցում են նաև ԵԱՏՄ-ում դիտորդ պետությունների կառավարությունների ղեկավարները՝ Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլահ Արիպովը և Մոլդովայի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Աուրելի Չոկոն (առցանց ձևաչափով) և հրավիրյալ երկրների պաշտոնական պատվիրակությունների ղեկավարները՝ Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռոսուլզադը և Թուրքմենստանի փոխվարչապետ Սերդար Բերդիմուհամեդովը, ներկայացվել է Կուբայի Հանրապետության վարչապետ Մանուել Կրուսի վիդեոուղերձը։

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Կառավարությունների հարգելի ղեկավարներ,

Նիստի հարգելի մասնակիցներ,

Ցանկանում եմ, առաջին հերթին, անկեղծորեն շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Վլադիմիրի Միշուստինին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի կազմակերպվածության բարձր մակարդակի և ավանդական հյուրընկալության համար:

Գնահատանքի խոսք եմ ցանկանում հղել նաև Թաթարստանի Հանրապետության նախագահ Ռուստամ Նուրգալիևի Միննիխանովին՝ ջերմ ընդունելության համար։

Սրտանց ողջունում եմ Եվրասիական տնտեսական միության դիտորդ պետությունների կառավարությունների ղեկավարներին՝ Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Նիգմատի Արիպովին և Մոլդովայի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Աուրելի Վալերիանի Չոկոյին, որը մասնակցում է մեր հանդիպմանը առցանց ռեժիմով։

Ուրախ եմ նաև ողջունել Տաջիկստանի կառավարության ղեկավար Կոխիր Ռասուլզոդային և Թուրքմենստանի փոխվարչապետ Սերդար Գուրբանգուլիի Բերդիմուհամեդովին:

Բարեկամներ,

Երեկ, նեղ կազմով, մենք արդեն մտքերի մանրակրկիտ փոխանակում ունեցանք այսօրվա օրակարգի առանցքային հարցերի շուրջ։ Կցանկանայի հակիրճ անդրադառնալ մեր տեսանկյունից, Միության համար ակտուալ որոշ հարցերի:

ԵԱՏՄ գործունեությունը, որը լրացուցիչ խթան է հաղորդել անդամ պետությունների տնտեսական համագործակցության՝ որակապես նոր հիմքով զարգացմանը, այսօր առաջ է ընթանում նոր գլոբալ մարտահրավերների ֆոնին, որոնք էապես չեզոքացնում են միջպետական ինտեգրման էֆեկտները։ Դա և՛ համավարակի հետևանքով առաջացած սահմանափակումներն են, և՛ ողջ համաշխարհային տնտեսության՝ ժամանակային առումով համընկած կամ անմիջապես հաջորդած վերափոխումը, որտեղ բարձր տեխնոլոգիաները գնալով ավելի պահանջված են դառնում:

Միության՝ այս պայմաններին հարմարվելու տեսանկյունից առաջին պլան է մղվում այն ոլորտների համալիր ուսումնասիրության և բացահայտման անհրաժեշտությունը, որոնք գործնական համագործակցության ամենամեծ պաշարն ունեն: Մասնավորապես, նոր պայմանները բացահայտեցին առողջապահության, կրթության և սոցիալական ոլորտներում համագործակցության պահանջը:

Իհարկե, 2020 թվականը վերհանեց մի շարք նոր խնդիրներ, որոնց կարգավորմանն ուղղված լուծումները վերաբերում էին այնպիսի հարցերի, ինչպիսիք են ներքին շուկայի գործունեությունը, զգայուն ապրանքների առանձին տեսակների արտահանման և ներմուծման կանոնակարգումը:

Հարկ է Միության ինտեգրացիոն ներուժի հետագա բացահայտման պրիզմայով դիտարկել նաև տիեզերքի գծով միջպետական ծրագիրը, որը մենք երեկ քննարկում էինք: Վստահ եմ, որ այս ուղղությամբ համակարգված աշխատանքի արդյունքը երկար սպասեցնել չի տա:

Նիստի հարգելի մասնակիցներ,

Ինտեգրման արդիական խնդիրների լուծման տեսանկյունից կցանկանայի առանձնացնել այսօր դիտարկվող փաստաթուղթը՝ մինչև 2025 թվականը ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները: Կարծում եմ՝ ավելորդ չի լինի ևս մեկ անգամ արձանագրել, որ արդյունաբերության ոլորտը Միության տնտեսական համակարգի գլխավոր շարժիչ ուժերից է: Գործնականում անիրագործելի է ապրանքների լիարժեք միասնական շուկայի ստեղծումը` առանց այդ ուղղությամբ համակարգված քաղաքականության մշակման: Կարևոր ենք համարում արդյունաբերական համագործակցության խորացմանն ու ազգային արդյունաբերական քաղաքականությունների համակարգմանը միտված աշխատանքների շարունակումը:

Անկասկած, մենք նաև շահագրգռված ենք ԵԱՏՄ-ում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմամբ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում: Փաստաթղթի հիմնական դրույթների հետևողական իրագործումը կնպաստի ընդհանուր առմամբ ողջ արդյունաբերական համալիրի կայուն զարգացմանը:

Փաստաթղթի ամենակարևոր ուղենիշերից է արդյունաբերության նորարարական զարգացման և թվային փոխակերպման համատեղ խթանումը: Հաշվի առնելով փոփոխվող տնտեսական կոնյունկտուրան` տնտեսությունների տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակին անցումը որոշիչ նշանակություն է ձեռք բերում: Թվային փոխակերպումը շարունակում է մնալ ինտեգրման հիմնասյուներից մեկը: Մենք ավանդաբար այն տեսակետին ենք, որ անհրաժեշտ է հետայսու ևս խորացնել համագործակցությունն այս ուղղությամբ:

Վստահ եմ, որ Ռազմավարական ուղղությունների իրագործումը հեռանկարում թույլ կտա մեզ հասնել համաձայնեցված արդյունաբերական քաղաքականության և, այլ միջոցառումների հետ համատեղ, կծառայի Միությունում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմանը:

Հարգելի գործընկերներ,

Ամփոփելով կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլորիդ համատեղ աշխատանքի համար և ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունն ու անփոփոխ վճռականությունը` գործադրելու անհրաժեշտ բոլոր ջանքերը տնտեսական համագործակցության ոլորտների հետագա ընդլայնման և Միության ինտեգրման ներուժի հետևողական բացահայտման համար:

Շնորհակալություն ուշադրության համար»:

ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները քննարկել են օրակարգային հարցերը, ներառյալ զգայուն ապրանքների առանձին տեսակների արտահանումը կանոնակարգող միջոցների միավորումը, ԵԱՏՄ գյուղարտադրանքի շուկայի՝ բույսերի վտանգավոր վիրուսներից պաշտպանության միջոցները, Ղազախստանում արտադրվող և ԵԱՏՄ մյուս երկրներ տեղափոխման ենթակա ապրանքների համար սերիական արտադրանքի սերտիֆիկատի կիրառման ժամկետների երկարաձգումը: Ի գիտություն է ընդունվել էլեկտրոնային առևտրի զարգացման մասին զեկույցը: Հաստատվել են մինչև 2025 թվականը ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները: Անդրադարձ է եղել տիեզերական ծառայությունների ոլորտում համագործակցության հեռանկարներին։

Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրվել են Հուշագիր փոխգործակցության մասին և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը:

Նախատեսվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Ղրղզստանի Հանրապետությունում՝ Իսիկ-Կուլում։

* * *

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակում, այսօր այցելել է Կազանի Իննոպոլիս նորարարական քաղաք: Այն ռուսաստանյան առաջին քաղաքն է՝ նախատեսված ՏՏ բնագավառի մասնագետների համար։

Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել նորարարական քաղաքում, ծանոթացել տեխնոպարկի գործունեությանն ու տեխնոլոգիական միջավայրին։ Քաղաքապետ Ռուսլան Շիգալեևը և տեխնոպարկի գլխավոր տնօրեն Ռենատ Խալիմովը ներկայացրել են Իննոպոլիսի նպատակներն ու խնդիրները, ընթացիկ ու զարգացման ծրագրերը, պետություն-մասնավոր համագործակցությամբ քաղաքի զարգացման մոդելը։ 2015 թվականին բացված քաղաքն զբաղեցնում է 1200 հա մակերեսով տարածք, ներկայում ունի 3800 բնակիչ։ Այստեղ գործող ենթակառուցվածքների, տնտեսության, կրթության և ծառայությունների հիմքում տեղեկատվական տեխնոլոգիաներն են և ռոբոտաշինությունը։ Գործում է Հատուկ տնտեսական գոտի՝ հարկային արտոնություններով, որը և քաղաքը գրավիչ է դարձնում ՏՏ ընկերությունների, ստարտափերի համար։ Ներկայում գրանցված է 360-ից ավելի ընկերություն։ Ստեղծվել են ծառայությունների ապահովման համալիր ենթակառուցվածքներ՝ բնակելի համալիրներ, մանկապարտեզներ, դպրոց, բժշկական ու սպորտային կենտրոններ, փոստային ու բանկային բաժանմունքներ և այլն։ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է քաղաքում գործող ՏՏ մի շարք ընկերությունների ծրագրերին և գործունեության պայմաններին, որոշ տեխնոլոգիական ձեռնարկությունների կողմից վարչապետի պաշտոնակատարին են փոխանցվել Հայաստանի հետ փոխգործակցության զարգացման առաջարկներ։

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Իննոպոլիսի համալսարան, ծանոթացել, տեխնոլոգիական ոլորտի համար մասնագետների պատրաստման կրթական և հետազոտական ծրագրերին, որոնք ամբողջությամբ ֆինանսավորվում են պետության կողմից։

Վարչապետի պաշտոնակատարը հետաքրքրական է համարել Իննոպոլիսում ստեղծված տեխնոլոգիական միջավայրը՝ նշելով, որ Հայաստանում ՏՏ ոլորրտը դինամիկ զարգանում է, և կառավարությունը շահագրգռված է ոլորտի ընկերությունների գործունեության պայմանների շարունակական բարելավմամբ։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է Իննոպոլիսի հետ փորձի փոխանակումը՝ որպես նորարարական տեխնոլոգիաների կիրառման հաջող օրինակ։

Նախքան Իննոպոլիս այցը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի և ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի մասնակից մյուս կառավարությունների ղեկավարների հետ այցելել է «Կազան Էքսպո» միջազգային ցուցահանդեսային կենտրոն, ծանոթացել դրա գործունեությանը, գործող ցուցահանդեսներին և միջոցառումներին։

← Վերադառնալ