Արտերկրյա այցեր

Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն

03.10.2021 - 04.10.2021

ևս 104 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Լիտվայի Հանրապետություն: Այցի շրջանակում վարչապետը հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացնում են առողջապահության, մշակույթի, բիզնեսի ոլորտները:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին` վարչապետը նշել է, որ սա իր առաջին այցն է Լիտվա և հույս ունի, որ այն արդյունավետ կինի: «Պետք է արձանագրել հետևյալը․ հունիսի 20-ի ընտրություններից հետո նկատելի է, որ ԵՄ երկրների հետաքրքրությունը ՀՀ-ի հետ հարաբերությունների զարգացման առումով մեծացել է, չնայած այն երբեք էլ փոքր չի եղել: Այս առումով Լիտվան առանձնահատուկ ակտիվություն և աջակցություն է փորձում ցուցաբերել: Դա պատահական չէ, որովհետև Լիտվայի հետ ավանդական կապեր կան, Լիտվան շատ ավելի լավ է ճանաչում Հայաստանի Հանրապետությունը, ԽՍՀՄ ժամանակ երկու երկրների միջև ակտիվ շփումներ են եղել: Հույս ունենք, որ մեր համագործակցությունն էլ ավելի արդյունավետ կլինի:

ԵՄ-ի հետ աշխատում ենք առաջիկա տարիների ընթացքում 2,6 մլրդ եվրոյի ներդրումային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ, որոնք ունեն մի քանի ուղղվածություն` գործարարության, տեխնոլոգիաների, ՓՄՁ-ների զարգացման, թվայնացման, Սյունիքի կամ Հայաստանի հարավային շրջանների զարգացման ուղղությամբ: Արդեն իսկ ծրագրի վերաբերյալ մեր պատկերացումները ներկայացրել ենք ԵՄ գործընկերներին և հույս ունենք առարկայական աշխատանք տանել դրանց իրականացման ուղղությամբ։ Այդ ծրագրերը պետք է իրականացվեն ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ և այդ ծրագրերի մեկնարկը ներառված է հաջորդ տարվա բյուջեում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի շուրջ ստեղծված իրադրությանը և հավելել, որ հետպատերազմական շրջանը շատ ծանր էր: «Եթե ներքաղաքական իրադրության հետ կապված խնդիրները լուծեցինք, ապա արտաքին միջավայրի խնդիրները շարունակում են լարված լինել: Ընտրությունների միջոցով ներքին լարումները հաղթահարելու հետաքրքիր փորձառություն էր, դրանք ծառայեցին որպես խնդիրները կարգավորելու գործիք, իսկ նախկինում հիմնականում ընտրությունները դառնում էին ներքաղաքական լարվածության մեկնակետ։ Այս առումով, գոհունակությամբ պետք է նշեմ, որ հանրային հուզումների այն մթնոլորտը, որ ունեինք նոյեմբերից մինչև հունիս, լուծված է»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` արտաքին միջավայրի հետ կապված խնդիրները բավականին բարդ են, և միջավայրը Հայաստանի շուրջ շարունակում է մնալ լարված: «Չնայած այս ամենին, մենք որդեգրել ենք մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու քաղաքականությունը: Հասկանում ենք, որ խաղաղությունը միայն Հայաստանի Հանրապետությունից չի կախված, սակայն միևնույն ժամանակ, մենք շարունակելու ենք այս ուղեգիծը»,- ասել է կառավարության ղեկավարը` ընդգծելով, որ ամեն օր տեղի են ունենում զարգացումներ, որոնց նպատակը հակառակն ապացուցելն է, սակայն Հայաստանը պիտի փորձի շարժվել այս ճանապարհով։

Վարչապետ Փաշինյանը շեշտել է. «Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանությունը, այդ թվում` ինքնորոշման իրավունքը պաշտպանելը մեր առաջնահերթություններից է, սակայն մենք պետք է իմանանք, որ քայլում ենք ականապատ դաշտով, որում պետք է չափազանց զգույշ և շրջահայաց լինենք: Ըստ էության, այդ դաշտը միշտ էլ ականապատ է եղել, այլ բան, որ ականների խտությունն ավելանում է, ու դա տեսանք հենց նախորդ տարվա աշնանը։ Ցավոք, պատերազմը մեզ համար ունեցավ դժվար, նույնիսկ աղետալի ընթացք, բայց Հայաստանը, հայությունը, Արցախի ժողովուրդը ցույց են տալիս բացառիկ դիմակայունություն, և դա շատ կարևոր է: Մեզ պետք է ուժերի գերլարում՝ մեր առաջ դրված խնդիրները լուծելու համար, և դրա գագաթնակետը ես ձևակերպում եմ որպես խաղաղ դարաշրջան բացելու անհրաժեշտություն ու հրամայական: Այս ճանապարհին կարևոր է վելուծել նախորդ շրջանը և ճիշտ հետևությունների գալ»:

Վարչապետը նկատել է, որ նախընտրական քարոզարշավն այսպիսի բաղադրիչ բավականաչափ պարունակել է, շատ է խոսվել տեղի ունեցածի մասին, բայց կան նրբություններ, որոնց մասին չի խոսվել: Կառավարության ղեկավարը կարևորել է անցած 30 տարիները վերլուծելը և հույս հայտնել, որ արդյունքում կկարողանանք նոր էջ բացել մեր պետության պատմության համար, որը կլինի շատ ավելի պոզիտիվ:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերի, որոնց շրջանակում անդրադարձել է Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանը, կառավարության առաջնահերթություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Իրանի հետ հարաբերություններին:

Վարչապետը նշել է, որ հաջորդ տարվա համար կառավարությունը նախատեսում է իրականացնել աննախադեպ ծավալի` 350 մլրդ դրամի կապիտալ ծրագրեր, որոնք իրենց հերթին բերելու են նոր աշխատատեղեր: Լայն թափով շարունակվելու է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը, առաջիկա հինգ տարիներին երկրում կառուցվելու կամ հիմնանորոգվելու են մի քանի հարյուր դպրոցներ ու մանկապարտեզներ, շարունակվելու են զբոսաշրջության զարգացմանն ուղղված աշխատանքները: «Մեր խնդիրն է ստեղծել անհրաժեշտ պայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան իրենց ստեղծագործական ընդունակություններով սեփական բարեկեցությունը բարելավել»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունը վերջին երկու տասնամյակում առաջին անգամ փայաբաժին ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում` հանքարդյունաբերական ամենախոշոր ընկերությունում: «Հույս ունենք որ պետության փայաբաժինը ժամանակի հետ կավելանա: Սա ուղղակի փայաբաժնի առք ու վաճառք չէ, այլ մի մեծ ներդրումային ծրագիր է, որն իրականացվելու է կառավարության աջակցությամբ` մասնավոր ընկերության կողմից: Այսօր, երբ Հայաստանի արտահանման կառուցվածքն ուսումնասիրենք, կտեսնենք, որ մի հսկայական մասն ուղղակի խտանյութ է, որը հիմնականում արտահանվում է Եվրոպական միություն, որտեղ դրանից ձուլում են պղինձ: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանում ստեղծվի պղնձաձուլարան, ինչը նշանակում է հազարավոր աշխատատեղերի ստեղծում»,- ասել է վարչապետը` հավելելով, որ արդյունքում ՀՀ-ում կարտադրվի պղինձ: «Այս ներդրումային ծրագրի շրջանակում, տարբեր գնահատականներով, առաջիկա տարիներին մինչև 5 հազար աշխատատեղ կստեղծվի: Այդ հարցը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` կառավարությունը փնտրում և գտնում է գործընկերներ, որոնք կստեղծեն նոր աշխատատեղեր:

Ի պատասխան Իրանի հետ հարաբերությունների հարցին` կառավարության ղեկավարը նշել է. «Իրանի հետ ունենք ջերմ հարաբերություններ։ Նախագահ Ռայիսին պաշտոնը ստանձնել է 2021թ․ օգոստոսին, ես էլ ընտրություններից հետո պաշտոնս ստանձնել եմ օգոստոսին, և արդեն երկու անգամ հանդիպել ենք: Փաստ, որը ցույց է տալիս, թե ինչքան ենք կարևորում այդ հարաբերությունները: Նորություն չէ, որ կան որոշակի շրջանակներ, որոնց հաջողվում է, ժամանակ առ ժամանակ, Իրանի մամուլում հրապարակել նյութեր, թե Հայաստանը ներգրավված է ինչ-որ դավադրությունների մեջ՝ Իրանի դեմ: Իրանի մեր գործընկերները, վստահ եմ, գիտեն, որ ՀՀ-ն երբեք ներքաշված չի եղել և երբեք չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի, որովհետև մեզ համար այդ հարաբերությունները չափազանց կարևոր են, ու մենք երբեք չենք մոռանա, որ 1990-ականների սկզբին Իրանը Հայաստանի համար եղել է «կյանքի ճանապարհ»։ Սա մի այնպիսի հիմք է մեր հարաբերությունների համար, որ ՀՀ-ն չի կարող դավադրության մեջ ներքաշվել Իրանի դեմ:

Այլ բան, որ Իրանի հետ տնտեսական հարաբերությունները խոչընդոտվում են պատժամիջոցների պատճառով։ Ոչ միայն ՀՀ-ն, այլև աշխարհում շատ երկրներ կան, որ չունեն հնարավորություն` շրջանցել այս իրողությունը։ ՀՀ-ն երբեք Իրանի դեմ դավադրությունների մեջ չի մտնի, և դա այնքան ակնհայտ է, որ դրա մասին նույնիսկ պետք չէ ասել: Հակառակը՝ մենք խոշոր նախագծեր ունենք Իրանի հետ։ Պարոն Ռայիսիի հետ քննարկումների ժամանակ առաջարկել ենք արագացնել դրանք, մասնավորապես՝ կառուցվում է դեպի Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրագիծը, որը կառուցում է իրանական ընկերություն, և խնդրում ենք հնարավորինս արագ կառուցել այն: Հույս ունենք առաջիկայում երկարաձգել գազ- էլեկտրաէներգիայի դիմաց գործարքը: Հանդիպումների ժամանակ առաջարկել եմ վերադառնանք կամ վերհիշենք, որ կար Մեղրիի ջրամբարի և ՀԷԿ-ի շինարարության հարց, որը կարծում եմ, շատ կարևոր է ոչ միայն էներգետիկ, այլև ջրային ռեսուրսների համատեղ կառավարման առումով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է, որ վերջին շրջանում լուծվել է Իրանի հետ ունեցած երկարատև խնդիրներից մեկը` կապված դեպի Արաքս գետ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի արտանետումների հետ։ «Հարցն անընդհատ բարձրացվում էր, և ուրախ եմ արձանագրել, որ այն լուծվել է, որովհետև կոմբինատն անցել է փակ ցիկլի և արտանետումներ չի անում: «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, ի դեմս որի ունենք գործընկեր, արձագանքեց կառավարության հորդորներին, և սա մեզ հնարավորություն տվեց ավելի խորացնել հարաբերությունները նրանց հետ»,- նշել է կառավարության ղեկավարը:

Վարչապետ Փաշինյանը, պատասխանելով ներկաներից մեկի հարցին, վերահաստատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու պատրաստակամությունը և անդրադարձել գերիներին վերադարձնելու ու ականապատ տարածքների քարտեզների հարցին:

«Տեսեք, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է ինձ հետ հանդիպել։ Ասեմ, որ դեռ հուլիսին եմ հայտարարել, որ մենք պատրաստ ենք և՛ բարձր, և՛ բարձրագույն մակարդակում հանդիպել, այսինքն՝ դա թարգմանաբար նշանակում է, և՛ արտգործնախարարների մակարդակով, և՛ վարչապետ-նախագահ մակարդակով պատրաստ ենք հանդիպել: Վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում հայտարարել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը սպասում է իր լուծմանը, և կարող եմ ասել, որ մի քանի ագամ արդեն ողջունել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները, որտեղ նրանք մի քանի անգամ արձանագրում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու ու այս նպատակով խաղաղ գործընթացը վերականգնելու անհրաժեշտությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այս համատեքստում, վարչապետը նշել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա է հայտարարում, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։ «Ձեր կոնկրետ նշած հարցին կարող եմ տալ հետևյալ պատասխանը․ ենթադրվող առաջիկա հանդիպմանը ես պատրաստ եմ ինձ հետ տանել այն քարտեզները, որոնց մասին խոսք է գնում, իսկ խոսք է գնում այն քարտեզների մասին, որոնք Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերին իրարից չեն բաժանում, այսինքն՝ դրանք ռազմական գործնական անվտանգային նշանակություն չունեն, այլ ունեն միայն հումանիտար նշանակություն, որովհետև գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում։

Ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին։ Տեսեք, Ադրբեջանի նախագահը բողոքում է, որ այդ քարտեզների որակը, որ նախկինում փոխանցել ենք, լավը չէ: Տեսեք, մենք երկու արձանագրում ենք անում` առաջինը. մենք տվել ենք այն քարտեզները, որ ունենք, այսինքն՝ այնպես չէ, որ լավ որակի քարտեզները պահել ենք դարակում, վատ որակի քարտեզները տվել ենք։ Ես չեմ բացառում և նաև գիտեմ, որ քարտեզների որակի հետ կապված խնդիր կա, ինչո՞ւ, որովհետև քարտեզի որակը կախված է քարտեզագրողի որակից, նրա պրոֆեսիոնալ հմտությունից, ինչ քարտեզագրել է, այն էլ ունենք։ Եվ մենք այստեղ անկեղծ ենք, բաց ենք, ու որևէ մեկին խաբելու մտադրություն չունենք, որովհետև այստեղ խոսքը ոչ միայն Ադրբեջանի մասին է, այլև մեր միջնորդ գործընկերների, որոնք մեր բարեկամ երկրներն են, մեր գործընկերներն են։ Սա պատվաբեր չի լինի, ուղղակի այդ իրավիճակում փորձ անել որևէ այլ բան այլ կերպ անել։

Մենք տվել ենք այն քարտեզները, որ ունենք, մենք ուրիշ քարտեզներ, նկատի ունեմ, արդեն իսկ փոխանցված տեղանքի առումով, ուրիշ քարտեզներ ուղղակի չունենք։ Եվ սա փաստ է, ու սա պետք է արձանագրել որպես իրողություն։ Ինչ վերաբերում է վստահությանը, պարզ է, որ այս իրավիճակում Ադրբեջանը մեզ չի վստահում, մենք Ադրբեջանին չենք վստահում, և ամբողջ խնդիրն այն է, որ փորձենք փոքր քայլերով այնպես շարժվենք առաջ, որ գոնե ինչ որ վստահություն ձևավորվի։ Այդ վստահությունն ինչո՞ւ է կարևոր, որ կարողանանք, այո, նաև հումանիտար հարցերն ավելի արագ լուծել, և մեր գերեվարված եղբայրներին օր առաջ վերադարձնել իրենց ընտանիքներ»,- նշել է վարչապետ Փաշինյանը։

Հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, ՀՀ կառավարության գործունեության առանձին ուղղությունների և այլ հարցերի:

* * *

Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր մակարդակի բանակցություններ է անցկացրել Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ:

Դիմավորման արարողությունից հետո երկու երկրների կառավարությունների ղեկավարները նախ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը քննարկել են առանձնազրույցի, ապա ընդլայնված կազմերով հանդիպման ընթացքում:

Լիտվայի վարչապետը կարևորել է Նիկոլ Փաշինյանի այցը Վիլնյուս և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտում համագործակցության զարգացմանը: Ինգրիդա Շիմոնիտեն ողջունել է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ուղղված վերջին տարիների քայլերը և նշել, որ ինչպես Եվրոպական միության, այնպես էլ երկկողմ փոխգործակցության շրջանակում իր երկրի կառավարությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել Հայաստանում տարբեր ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումներին: Տիկին Շիմոնիտեն հիացմունքով է արտահայտվել Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին և ընդգծել դրանց ժողովրդավարական սկզբունքներին և բարձր չափանիշներին համապատասախանության փաստը: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը ստացել է ժողովրդի լիարժեք մանդատը` ավելի լայն թափով առաջ մղելու բարեփոխումները:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-լիտվական առևտրատնտեսական կապերի ընդլայնումը և Լիտվայի հետ փոխգործակցության զարգացումը տարբեր ուղղություններով: Վարչապետը նշել է երկու երկրների գործարարների միջև կապերի ընդլայնմանը միտված ծրագրերը և համոզմունք հայտնել, որ Երևանի և Վիլնյուսի միջև ուղիղ ավիաչվերթերի կազմակերպումը նոր ազդակ կհաղորդի զբոսաշրջության ոլորտում ընդլայնման և առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել լիտվական կողմին մեր երկրին կորոնավիրուսի դեմ 50 հազար դեղաչափ պատվաստանյութ տրամադրելու համար և նշել, որ միայն համատեղ ջանքերով կլինի արդյունավետ պայքարել համավարակի դեմ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում Լիտվայի հետ սերտ գործակցությունը և հավելել, որ Հայաստանը շարունակելու է ժողովրդավարության ամրապնդման հաստատակամ քայլերը:

Կողմերն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: Վարչապետ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել գործընթացների վերաբերյալ և կարևորել Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ամբողջական իրականացումը, մասնավորապես ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձի ապահովումը:

Հանդիպման արդյունքներով վարչապետեր Փաշինյանի և Շիմոնիտեի ներկայությամբ Հայաստանի և Լիտվայի առողջապահության նախարարությունների միջև ստորագրվել է փոխգործակցության մասին համաձայնագիր: Այն ստորագրել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Լիտվայի առողջապահության նախարար Արունաս Դուլկիսը:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի կառավարության ղեկավար Ինգրիդա Շիմոնիտեն հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Ստորև ներկայացվում են երկու վարչապետների հայտարարություններն ու հարցուպատասխանը:

Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտե - Շատ հաճելի է Լիտվայում ողջունել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով առաջին պաշտոնական այցով գտնվում է Լիտվայում:

Մեր երկրները վաղուց ունեն բարեկամական հարաբերություններ և կարծում եմ, որ կկարողանանք Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ միասին շատ բան անել, որպեսզի մեր հարաբերություններն ավելի սերտանան: Համոզված եմ, որ դա անելու ուղիները կգտնենք:

Այս տարի տոնում ենք մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Դիվանագիտական հարաբերությունների վերականգնման տարեդարձը նշում ենք մի շարք պետությունների հետ, սակայն միայն մի քանի պետությունների ներկայացուցիչների հետ ենք հասցրել հանդիպել: Եվ շատ ուրախ եմ, որ այս հանդիպումը տեղի է ունենում: Շուտով մեր մայրաքաղաքները կկապակցվեն ուղիղ թռիչքով, և դա մեր ժողովուրդներին թույլ կտա միմյանց պետություններն ավելի լավ ճանաչել և շարունակել խորացնել հարաբերությունները:

Անշուշտ, մենք այս հանդիպմանը չէինք կարող չքննարկել մարտահրավերները, որոնք ծառացած են պետությունների առջև: Կորոնավիրուսի համավարակը դեմ, մասնավորապես, համագործակցության շատ հաջող փորձ ունենք՝ մեր բուժաշխատողներն աջակցություն են ցուցաբերում Հայաստանին: Մեր կառավարությունը երկու որոշում է կայացրել Հայաստանի ժողովրդին պատվաստանյութ նվիրաբերելու մասին: Ես հուսով եմ՝ կկարողանանք այս խնդրի հաղթահարման գործում աջակցել, մենք կօգնենք կառավարությանն այս հարցի հետ կապված երկու երկրների Առողջապահության նախարարությունների միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում:

Երախտապարտ եմ Հայաստանի կառավարությանը, որ արձագանքում է, անդրադառնում է անօրինական միգրացիայի խնդիրներին: Հրատապ կարիքներից մեկը թարգմանիչների ապահովման անհրաժշետությունն է: Թարգմանիչներ են անհրաժեշտ ապօրինի սահմանը հատած անձանց հետ հաղորդակցվելու համար, և Հայաստանը մեզ օգնեց՝ տրամադրելով թարգմանիչներ: Մենք շատ բարձր ենք գնահատում այդ աջակցությունը:

Ինչպես տեսանք, Հայաստանում վերջերս տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ժողովրդավարության աջակցությունը շատ ուժեղ է: Վարչապետը և նրա քաղաքական ուժը վիթխարի աջակցություն ստացան: Բարեփոխումները և ժողովրդավարական փոփոխությունները վիթխարի աջակցություն ստացան: Ես կարծում եմ, որ ընտրությունների լավագույն փորձի փոխանակումը, սխալներից քաղված դասերը և այլընտրանքների մասին տեղեկությունների փոխանակումը կարող են օգտակար լինել: Մենք երկար ուղի ենք անցել, հարուստ փորձ ենք կուտակել և այդ փորձը փոխանակել ենք ու ավելի ինտենսիվ դեռ ապագայում փոխանակելու ենք: Այս այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետը կլինի Լիտվայի որոշ պետական մարմիններում, որոնք մասնակցություն կունենան փորձի փոխանակման գործում, մասնավորապես՝ թափոնների վերամշակման և այլ բնագավառներում:

Եվրամիության շրջանակում մենք սատարում ենք տարածաշրջանային մարտահրավերների հաղթահարմանը: Ընդամենը վերջերս Եվրամության և Հայաստանի միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և այդ համաձայնագրի հիման վրա մի շարք բարեփոխումներ են իրականացվելու: Մենք հավատացած ենք, որ եվրոպական կառուցներն իրենց աջակցությամբ, մասնակցությամբ շատ կարևոր դեր պետք է ունենան: Խաղաղության վերահաստատման և պահպանման մեխանիզմներն էլ են շատ կարևոր: Մենք պատրաստ ենք Հայաստանի բարեկամը լինել նաև ապագայում:

Շատ շնորհակալություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մեծարգո տիկին վարչապետ, զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, տիկնայք և պարոնայք,

Ելույթիս սկզբում ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Լիտվայի վարչապետ տիկին Ինգրիդա Շիմոնիտեին Լիտվա պաշտոնական այց կատարելու հրավերի, ինչպես նաև ինձ և պատվիրակության անդամներին ցուցաբերված ջերմ հյուրընկալության համար:

Լիտվան Եվրոպական միությունում մեր առանցքային գործընկերներից է, և ես բարձր եմ գնահատում այս հնարավորությունը՝ հանդիպելու Լիտվայի վարչապետի, նախագահի և խորհրդարանի նախագահի հետ՝ մեր երկկողմ օրակարգը քննարկելու, ինչպես նաև ԵՄ հետ Հայաստանի համագործակցության վերաբերյալ և տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին տեսակետներ փոխանակելու համար:

Հայաստանն ու Լիտվան կապված են բազմաթիվ թելերով: Ժողովրդավարական արժեքները և մեր ժողովուրդների միջև գոյություն ունեցող ավանդական բարեկամական հարաբերություններն ամուր հիմք են ստեղծել երկկողմ համագործակցության համար՝ ամենատարբեր ոլորտներում:

Այսօր մենք ունենք չօգտագործված ներուժ՝ մեր համագործակցությունն ընդլայնելու զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդի վերամշակման և արդյունաբերության ոլորտներում:

Հայաստանը դինամիկ հարաբերություններ ունի Եվրոպական միության հետ: Իսկ Լիտվան, որպես բարեկամ պետություն և Արևելյան գործընկերության աջակից, կարող է կարևոր դերակատարում ունենալ ԵՄ հետ Հայաստանի երկխոսության և համագործակցության խթանման հարցում:

Հանդիպմանը ես իմ գործընկերոջը տեղեկացրեցի մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի և վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած զարգացումների մասին: Մասնավորապես, շեշտեցի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական համապարփակ և կայուն կարգավորումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը վայելող հայտնի սկզբունքների հիման վրա:

Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ Լիտվայի որդեգրած հավասարակշռված և կառուցողական դիրքորոշումը:

Մենք նաև բարձր ենք գնահատում ձեր կառավարության կողմից ցուցաբերված մարդասիրական օգնությունը՝ դիմակայելու այն մարտահրավերներին, որոնց բախվել է մեր ժողովուրդը վերջին մեկ տարվա ընթացքում: Այս առումով, կցանկանայի նաև երախտագիտությամբ հիշատակել Հայաստանին 50 հազար չափաբաժին պատվաստանյութ տրամադրելու Ձեր որոշումը, տիկին վարչապետ:

Գործընկերոջս տեղեկացրել եմ նաև հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, որոնց արդյունքներով հնարավոր եղավ հաղթահարել ներքաղաքական ճգնաժամը և հանրային հուզումների մթնոլորտը Հայաստաի Հանրապետությունում: Դրանք Հայաստանում տեղի ունեցած երկրորդ անընդմեջ ընտրություններն էին, որոնք միջազգային դիտորդների կողմից որակվել էին որպես ազատ, արդար և մրցունակ:

Ընտրությունների արդյունքում մեր կառավարությունը մանդատ ստացավ` աշխատելու մեր ժողովրդի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ. մի ռազմավարական նպատակ, որն արձանագրված է մեր կառավարության գործունեության ծրագրում:

Այս առանցքային նպատակին մենք մտադիր ենք հասնել երկխոսության և մեր տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտի հաղթահարման միջոցով: Մենք վճռական ենք անցնելու այս ճանապարհը: Սակայն, ափսոսանքով պետք է նշել, որ հրադադարի ռեժիմի մշտական խախտումները, ռազմագերիների պատանդների, այլ պահվող անձանց վերադարձի խնդիրը, եռակողմ համատեղ հայտարարության, ես նկատի ունեմ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, կամայական մեկնաբանությունները և ագրեսիվ հռետորաբանությունը շարունակում են սրել իրավիճակը՝ խոչընդոտելով տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար այդքան անհրաժեշտ ամուր և հարատև խաղաղության հաստատմանը:

Բայց ուզում եմ նաև ընդգծել, որ անկախ այս հանգամանքներից մենք շարունակաբար, հետևողական, անհոգնել հետևելու ենք տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգին և շատ ուրախ եմ, որ մեր միջազգային գործընկերների ընկալումը մեր այս օրակարգի նկատմամբ շարունակաբար մեծանում է:

Մեկ անգամ ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Շիմոնիտեին հյուրընկալության և ջերմ ընդունելության համար: Օգտվելով առիթից ցանկանում եմ նրան պաշտոնական այցով հրավիրել Հայաստանի Հանրապետություն:

Հարց- Հայաստանի հանրային հեռուստաընկերություն - Հարցս վերաբերում է երկուս վարչապետերին: Պարոն վարչապետ, երեկ էլ, այսօր էլ վերահաստատեցիք, որ չնայած արտաքին միջավայրում նկատված խնդիրներին՝ մենք որդեգրել ենք մեր տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելու քաղաքականությունը: Ինչպե՞ս եք դա հնարավոր համարում, եթե տարածաշրջանի երկրներից մեկը՝ Ադրբեջանը, շարունակում է սադրանքի դիմել սահմանին, առաջ քաշել նախապայմաններ, նաև չկատարել նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ շարունակելով պատանդառության և գերության մեջ պահել հայերին: Եվ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, տևական խաղաղության հաստատման համար ինչպիսի՞ն է Եվրամիության անդամ երկրի՝ Լիտվայի դիրքորոշումը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալ եմ: Ես իմ խոսքում անդրադարձա Ձեր բարձրացրած բոլոր հարցերին և կարծում եմ, որ ինչպես արդեն նշեցի՝ մենք պետք է հետևողական լինենք մեր հռչակած և որդեգրած օրակարգում, նաև մանրամասնենք մեր պատկերացումները բոլոր հարցերի լուծման վերաբերյալ: Ուզում եմ ընդգծել, որ տարածաշրջանային կոմունիկացիաների, հաղորդակցության ուղիների բացումն այս առումով շատ կարևոր է: Պիտի ընդգծեմ, որ նախկինում էլ առիթ եմ ունեցել ասել, որ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և կոմունիկացիաների բացման այնպիսի սցենարներ պիտի որդեգրվեն, որոնք ոչ թե պետք է խորացնեն մեկուսացումը տարածաշրջանի երկրների և ժողովուրդներին միմյանցից, այլ հակառակը, նրանց խաղաղ գոյակցության համար պայմաններ ստեղծեն: Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ըստ էության սկսել է ակտիվացնել իր գործունեությունը: Պիտի արձանագրեմ, որ դրական եմ համարում Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել՝ սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը, որն իմ կարծիքով, պիտի մեկնարկի դրա համար անհրաժեշտ պայմանների ստեղծմամբ:

Իհարկե, գերիների, պատանդների և այլ պահվող անձանց օր առաջ վերադարձը շատ կարևոր խնդիր է: Ես երեկ էլ մեր համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ առիթ ունեցա ասելու, որ ինչպես նախկինում եմ հայտարարել՝ պատրաստ եմ հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Ադրբեջանը բարձրացնում է հումանիտար սպառնալիք ներկայացնող ականապատ դաշտերի քարտեզների հարցը: Մենք քարտեզների մի մասը փոխանցել ենք և ինչպես երեկ ասացի՝ այդ պոտենցիալ հանդիպմանն ընդառաջ ես պատրաստ եմ վերցնել բոլոր այդօրինակ քարտեզները, որոնք հումանիտար սպառնալիք են ներկայացնում և անվտանգային գործառույթ չունեն մեզ համար: Հույս ունեմ, որ Ադրբեջանի նախագահն էլ իր հերթին իր հետ կբերի, պայմանական կամ ուղիղ իմաստով Ադրբեջանում պահվող գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց: Ընդորում, տվյալ դեպքում պետք է նկատի ունենալ ոչ միայն նրանց, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես, այլ այն մեր քաղաքացիներին, որոնք մեր տեղեկություններով գտնվում են Ադրբեջանում, բայց նրանց գերեվարված լինելու փաստը հաստատված չէ:

Հեշտ չէ խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն իրականացնելը, բայց մյուս կողմից կարծում եմ, որ խաղաղությունն այլընտրանք չունի և մենք քայլ առ քայլ, հետևողականորեն պիտի իրականություն դարձնենք այդ օրակարգը: Շնորհակալ եմ:

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտե – Շնորհակալություն, ես ավելացնելու շատ բան չունեմ: Կարծում եմ, որ բոլորը, այդ թվում՝ մենք, հույս ենք փայփայում, որ հնարավոր կլինի վերադառնալ հակամարտության քաղաքական կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Հաճելի է լսել, որ եղել են որոշ դրական փոփոխություններ: Վարչապետը նշեց նախարարների հանդիպումը: Կարծում եմ, որ դա միակ դրական իրադարձությունը չէ: Եվրամիության մակարդակով մենք մի շարք քաղաքական առաջնորդներ ունենք, ովքեր ավելի սերտ և անկեղծորեն մտածում են տարածաշրջանում անվտանգության և խաղաղության մասին: Ես հավատացած եմ և համոզված, որ Եվրոպական միությունը բավարար ուշադրություն կդարձնի այս խնդրին և նաև պրակտիկ խորհուրդներով ու լուծումներով կօգնի հակամարտության գործնական կարգավորմանը:

Հարց- լիտվական ԶԼՄ ներկայացուցիչ - Ադրբեջանի նախագահը ցանկություն է հայտնել Ձեզ հետ հնարավորինս շուտ հանդիպելու, Դուք էլ եք ասում, որ իր հետ պատրաստ եք հանդիպել: Ե՞րբ եք ակնկալում, որ նման հանդիպում հնարավոր է տեղի ունենա և ո՞րտեղ եք ակնկալում, որ այն տեղի կունենա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Կարծում եմ՝ ժամկետի և տեղի սահմանափակում չունենք, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նման հանդիպումներ կազմակերպելու պրակտիկա ունեն: Թերևս միակ տրամաբանական սահմանափակումն այն է, որ այդ հանդիպումները տեղի են ունենում երրորդ երկրների տարածքում:

Իրականում իմ պատրաստակամությունը նոր չէ, որովհետև ես արդեն վերջին ամիսներին մի քանի անգամ ողջունել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները, որոնք վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից սեղանին դրված սկզբունքների և տարրերի հիման վրա:

Այդ հանդիպմանը մենք պատրաստ ենք եղել, այսինքն՝ դրա մասին առաջին անգամ չէ, որ հայտարարում ենք և ես հույս ունեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո հնարավոր կլինի ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:

Իհարկե, ուզում եմ ընդգծել, որ մենք նաև հիմա համագործակցում ենք, ունենք եռակողմ աշխատանքային խումբ՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ, որը ձևավորվել է հունվարի 11-ի եռակողմ հայտարարության հիման վրա: Այդ հայտարարությունը, հիշեցնեմ, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման մասին է, որն էլ հերթին բխում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետից, որի առանցքը հետևյալն է, որ տարածաշրջանի բոլոր ենթակառուցվածքային, տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները բացվում են: Ցավոք, մինչև այս պահը դրանք բացված չեն, որովհետև նաև խնդիր կա. երբեմն արվում են մեկնաբանություններ, որոնք դուրս են հայտարարության այս տրամաբանությունից:

Տրամաբանորեն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհները, որոնք գոյություն ունեն՝ պիտի բացված լինեին կամ գտնվեին բացման շեմին: Հույս ունեմ, որ այս հարցում էլ մեզ հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել, բայց այս ամենի կոնտեքստում ուզում եմ ընդգծել՝ հումանիտար հարցը կրկին նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ ձևակերպված է, որ ռազմագերիները, պատանդները, այլ պահվող անձինք պետք է վերադարձված լինեին մինչև այս պահը, բայց ցավոք վերադարձված չեն:

Կարծում եմ, որ ռազմագերիների, պատանդների, այլ պահվող անձանց վերադարձը կապահովի որոշակի պոզիտիվ ֆոնի ստեղծում, որի ֆոնին և՛ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի, և՛ տարածաշրջանային կոմունիկացիաների, և՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ ու քաղաքական կարգավորման շուրջ տարվող բանակցություններն ավելի արդյունավետ լինելու հնարավորություն կունենան: Շնորհակալ եմ:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ:

Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Լիտվա և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկկողմ, բազմակողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: Պարոն Նաուսեդան հույս է հայտնել, որ երկու երկրների կառավարությունների գործակցությունը նոր թափ կհաղորդի տնտեսական և հումանիտար ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը: Լիտվայի նախագահը կարևորել է նաև Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների շրջանակում գործակցությունն ու լիտվական փորձի փոխանակումը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահություն հայտնել, որ հայ-լիտվական բարեկամական հարաբերությունները շարունակաբար կզարագանան ու առաջընթաց կարձանագրեն: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարևորել է տնտեսության ոլորտում կապերի ընդլայնումը և առևտրաշրջանառության ծավալների ընդլայնմանը միտված քայլերը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Եվրոպական միության Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում համագործակցությանը, ԵՄ-ի կողմից Հայաստանի համար նախատեսված 2,6 մլրդ եվրո փաթեթի արդյունավետ իրականացմանը, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին: Լիտվայի նախագահը իր երկրի աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահության ջանքերին:

* * *

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն: Կառավարության ղեկավարը հանդիպում է ունեցել Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիելսենի հետ:

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության զարգացումն ու ամրապնդումը, ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակում: Նիկոլ Փաշինյանը և տիկին Չիմիլիտե-Նիելսենն ընդգծել են միջխորհդարանական կապերի կարևորությունը, որոնք կարող են նպաստել երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը, իրավապայմանագրային դաշտի կատարելագործման ուղղությամբ փորձի փոխանակմանը:

Կողմերն անդրադարձել են Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, դրանց արդյունավետ իրականացման գործում փոխգործակցությանը:

Լիտվայի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ իր երկիրը պատրաստ է սերտորեն համագործակցել ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում ևս նշել, որ դեկտեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ լիտվական կողմը կիրականացնի Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտ գործողություններ:

Հանդիպման ավարտին վարչապետ Փաշինյանը գրառում է կատարել Սեյմասի պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև ծանոթացել այնտեղ բացված հայ-լիտվական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի լիտվական մամուլում հայ ժողովրդի պատմությանը վերաբերող հրապարակումների ցուցահանդեսում ներկայացված նյութերին:

* * *

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն: Կառավարության ղեկավարը հանդիպում է ունեցել Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիելսենի հետ:

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության զարգացումն ու ամրապնդումը, ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակում: Նիկոլ Փաշինյանը և տիկին Չիմիլիտե-Նիելսենն ընդգծել են միջխորհդարանական կապերի կարևորությունը, որոնք կարող են նպաստել երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը, իրավապայմանագրային դաշտի կատարելագործման ուղղությամբ փորձի փոխանակմանը:

Կողմերն անդրադարձել են Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, դրանց արդյունավետ իրականացման գործում փոխգործակցությանը:

Լիտվայի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ իր երկիրը պատրաստ է սերտորեն համագործակցել ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում ևս նշել, որ դեկտեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ լիտվական կողմը կիրականացնի Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտ գործողություններ:

Հանդիպման ավարտին վարչապետ Փաշինյանը գրառում է կատարել Սեյմասի պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև ծանոթացել այնտեղ բացված հայ-լիտվական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի լիտվական մամուլում հայ ժողովրդի պատմությանը վերաբերող հրապարակումների ցուցահանդեսում ներկայացված նյութերին:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլնյուսում այցելել է «Անտակալնիս» զինվորական գերեզմանատուն, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Լիտվայի անկախության համար զոհվածների հիշատակին։

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիլնյուսի USAD աղբի վերամշակման գործարան, ծանոթացել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ աղբի վերամշակման գործընթացին: Գործարանի տնօրինությունը վարչապետին է ներկայացրել վերամշակվող աղբից ստացվող հումքը:

Ընկերության ղեկավարները պատրաստակամություն են հայտնել կիսվել իրենց ունեցած փորձով և տեխնիկական օժանդակություն ցուցաբերել հայկական կողմին` նմանատիպ ծրագրեր իրականացնելու գործում:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է աղբի վերամշակման ոլորտում Լիտվայի գործընկերների հետ համագործակցությունը և նշել, որ այս ոլորտում Լիտվայի փորձն ու օրինակն օգտակար կարող է լինել ՀՀ կառավարության համար:

* * *

Պաշտոնական այցով Լիտվայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիլնյուսում գտնվող Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոն, հանդիպում ունեցել փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ:

Վարչապետը նախ անդրադարձել է մեր երկրում և Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հունիսին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները մեր հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ծառայեցին որպես ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու գործիք:

«Սովորաբար ընտրությունները մեր երկրում հարուցել են ներքաղաքական ճգնաժամեր, և թերևս ամենաաղմկոտ ներքաղաքական խնդիրները մեր երկրի պատմության ընթացքում ծագել են ընտրություններին հաջորդող շրջանում: Սա առաջին դեպքն է, երբ ընտրությունները դարձել են ճգնաժամի հաղթահարման գործիք, այլ ոչ թե առիթ: Պատերազմից հետո լուրջ քննարկումներ սկսվեցին, թե ինչքանով է խորհրդարանական համակարգը պատեհ Հայաստանի համար, դրանց համար իսկապես կային առիթներ, բայց պիտի արձանագրեմ, որ այս ընտրությունները երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի պատմության մեջ միջազգային դիտորդների կողմից որակվեցին որպես ազատ, մրցակցային և ժողովրդավարական, ինչը նույնպես աննախադեպ է»,- ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` այս ընտրությունները, որոնք տեղի ունեցան հետպատերազմական շրջանում, գեներացրեցին նաև կարևոր քաղաքական բովանդակություն: «Պատերազմից հետո կարևոր էր արձանագրել այն ուղենիշերը, որոնց ուղղությամբ պետք է Հայաստանը շարժվի: Պետք է խոստովանեմ, որ քաղաքական դաշտում այս հարցերի պատասխաններն այնքան էլ ձևակերպված չէին, սակայն վերջին ընտրությունները գեներացրեցին կոնկրետ քաղաքական բովանդակություն: Առնվազն մեր քաղաքական ուժի պարագայում ոչ այնքան քաղաքական քարոզարշավ էր, որքան երկխոսություն քաղաքացիների հետ, որտեղ նրանք ոչ միայն լսողի, այլև ասողի դերում էին: Մենք էինք լսում, թե ինչ են քաղաքացիները մտածում մեր նախորդ 30 տարիների պատմության մասին: Այս հանգրվանում էլ ձևակերպվեց այն ռազմավարությունը, որ ՀՀ կառավարությունը ներառեց այն իր ծրագրում. մենք դա ձևակերպում ենք Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշարջան բացելու անհրաժեշտություն»,- նշել է վարչապետը` ավելացնելով, որ այն արժանանում է նաև քննադատության, ինչը հասկանալի է:

«Որովհետև ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնք, մեծ հաշվով, կասկածի տակ են դնում այն, թե ինչքանով է հնարավոր խաղաղությունը մեր տարածաշրջանում, կամ պատեհ այն իրավիճակին, որ ունենք մեր տարածաշրջանում՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ:

Կա նաև ավելի մեծ հարցադրում, թե ինչքանով է ժողովրդավարությունն ի վիճակի ապահովել անվտանգությունը և խաղաղ զարգացումը: Բայց մեր դիրքորոշումը հստակ է, որ ի հեճուկս բոլոր այն հանգամանքների, որոնք կասկածի տակ են դնում խաղաղության օրակարգի մրցունակությունը, մենք հետևողականորեն պիտի առաջ շարժվենք այդ ճանապարհով:

Մենք կարծում ենք, որ պետք է որդեգրել փոքր քայլերի քաղաքականություն` չշտապելով սահմանել անհաղթահարելի նշաձողեր: Բայց մյուս կողմից անհրաժեշտ են կոնկրետ արդյունքներ և գործընթացներ, և այս առումով կարևոր ենք համարում խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև կառավարության ղեկավարը պատասխանել է փորձագետների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են Հարավային Կովկասում խաղաղության հեռանկարներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը և մի շարք այլ թեմաների:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի կառավարության ղեկավար Ինգրիդա Շիմոնիտեն Կաունասում ներկա են գտնվել ՀՀ անկախության 30-ամյակին և հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված համերգին, որում հանդես է եկել Կաունասի ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն ավարտվել է։

← Վերադառնալ