Արտերկրյա այցեր

Վարչապետի աշխատանքային այցը Սոչի

26.11.2021 - 26.11.2021

ևս 17 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ քաղաք Սոչի։

Այստեղ նախատեսված է Հայաստանի վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը։ Տեղի է ունենալու նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։

* * *

Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, թույլ տվեք առաջին հերթին շնորհակալություն հայտնել Ձեզ հրավերի և այս հանդիպման կազմակերպման համար: Բայց մինչ այսօրվա օրակարգին անցնելը` թույլ տվեք իմ և հայ ժողովրդի անունից ցավակցել Ձեզ Կուզբասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, զոհվել են բազմաթիվ մարդիկ, և ես ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել զոհերի բոլոր ընտանիքներին ու հարազատներին:

Ակնհայտ է Ձեր անձնական և Ռուսաստանի Դաշնության դերը նախորդ տարվա պատերազմը կանգնեցնելու գործում: Նոյեմբերի 9-ից հետո ռուսական խաղաղապահ ուժերը տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում, Լաչինի միջանցքի երկայնքով: Ակնհայտ է, որ ռուս խաղաղապահները, Ռուսաստանի Դաշնությունն առանցքային դերակատարում ունեն Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում, բայց ցանկանում եմ ընդգծել, որ, ցավոք, իրավիճակը ոչ այնքան կայուն է, որքան կցանկանայինք:

Նախորդ տարվա նոյեմբերի 9-ից հետո մի քանի տասնյակ մարդ է մահացել երկու կողմերից էլ, դեպքերը տեղի են ունենում և Լեռնային Ղարաբաղում, և այս տարվա մայիսի 12-ից հետո մենք փաստացիորեն ունենք ճգնաժամային իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանին ևս: Մեր գնահատականն այնպիսին է, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք: Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը դելիմիտացված և դեմարկացված չէ, բայց պետական սահման գոյություն ունի և դա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն է:

Ես չեմ համաձայնի Ադրբեջանի նախագահի ձևակերպման հետ, թե փաստացի բոլոր կետերը, բացի կոմունիկացիաների ապաշրջափակումից, արդեն իրականացվել են: Դուք գիտեք, և դա մենք բազմիցս քննարկել ենք Ձեզ հետ, և ուղիղ, և հեռախոսով, որ առկա է նաև ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հարցը: Դա շատ կարևոր հումանիտար հարց է, և ես ուզում եմ ասել, որ մենք այսօր հավաքվել ենք ոչ նրա համար, որպեսզի միայն հնչեցնենք խնդիրները, այլ նաև խոսենք և քննարկենք այն խնդիրները, որոնք առկա են:

Ես նույնպես բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է սկսել սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը: Բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման թեման նույնպես շատ կարևոր է մեզ համար, և մենք անկեղծորեն հետաքրքրված ենք այդ հարցերի լուծմամբ: Հույս ունեմ, որ այսօր այս քննարկումները, բոլոր հարցերը մենք կքննարկենք, և Դուք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը հիշատակեցիք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը, և հենց նոր Ադրբեջանի նախագահը հիշատակեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների մասին, իհարկե, մենք դրանում նույնպես հետաքրքրված ենք: Մենք գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, բայց կարծում եմ, որ շատ հարցեր կարող ենք և պետք է քննարկել և լուծել եռակողմ ֆորմատով, երկկողմ ֆորմատով:

Ես պետք է ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների միջև արդեն ուրվագծվում են նաև ուղիղ կապեր և կարծում եմ, որ դա նույնպես պետք է ընդգծել ոչ այնքան լավ և պոզիտիվ նյուանսների ֆոնին: Այդ պոզիտիվ նյուանսները նույնպես պետք է ընդգծել: Եվ ամենակարևորը, ցանկանում եմ կրկնել, կարծում եմ, որ այսօրվա հանդիպման գլխավոր նպատակն է ոչ միայն բարձրաձայնել ինչ-որ խնդիրների առկայության և բացակայության մասին, այլ գլխավորն այն է, որ այսօր մենք կարողանանք գալ կոնկրետ կամ որքանով հնարավոր է կոնկրետ որոշումների տարածաշրջանում` Հարավային Կովկասում կայունության համար, քանի որ մեր պատասխանատվությունն է` խաղաղությունը, կայունությունը և մարդկանց անվտանգությունը»:

* * *

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն: Դրանում, մասնավորապես, նշված է.

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ․Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ. Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ․Պուտինը, 2021թ. նոյեմբերի 26-ին հանդիպեցինք Սոչի քաղաքում և քննարկեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրագործման, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին հայտարարության կատարման ընթացքը:

Վերահաստատեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման։ Պայմանավորվեցինք ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների շուտափույթ լուծմանը։

Նշեցինք Ռուսական խաղաղապահ առաքելության կարևոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում։

Պայմանավորվեցինք ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման վրա Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։

Բարձր գնահատեցինք 2021թ. հունվարի 11-ի հայտարարության համաձայն ստեղծված՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Ընդգծեցինք տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու համար կոնկրետ ծրագրերի հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը։

Ռուսաստանի Դաշնությունն այսուհետ ևս կշարունակի ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն` Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների ստեղծման նպատակով»:

* * *

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ամփոփել են Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները և հանդես եկել մամուլի համար հայտարարություններով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ նշված է.


«Վլադիմիր Վլադիմիրի,

Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ հրավերի և, իհարկե, աշխատանքային դրական մթնոլորտի համար։

Ուզում եմ հաստատել, որ մենք շատ դրական հանդիպում, խոսակցություն ունեցանք, քննարկեցինք օրակարգի փաստացի բոլոր հարցերը։ Սա ոչ թե հանդիպում էր, որպեսզի թաքցնեինք խնդիրները, այլ հանդիպում, որտեղ մենք բաց քննարկում էինք բոլոր հարցերը։ Եվ կուզենայի դրական համարել այն, որ շատ հարցերի մասով մենք հստակեցրեցինք դիրքորոշումները, և պարզվեց, որ որոշ հարցերի շուրջ որևէ տարընթերցում չունենք, ինչպես թվում էր այս հանդիպումից առաջ։

Ցանկանում եմ նշել, որ, իրապես, տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման առնչությամբ արձանագրեցինք, որ ունենք ընդհանուր պատկերացում, թե ինչպես են գործելու այդ կոմունիկացիաները։

Դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացն սկսելու թեման նոր չէ, մենք քննարկել ենք այդ հարցը։ Նաև եռակողմ հայտարարություն ենք ընդունել, որում արձանագրել ենք, որ մինչ այդ պետք է ստեղծել անհրաժեշտ պայմաններ, այսինքն՝ պետք է անվտանգության և կայունության մեխանիզմներ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին։

Իհարկե, արծարծվեցին նաև հումանիտար հարցեր։

Ընդհանուր առմամբ, այսօրվա խոսակցությունը և հանդիպումը շատ դրական եմ գնահատում։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանի Դաշնությանը նախաձեռնության համար։ Կարծում եմ՝ եթե այս հանդիպման բազայի վրա հաջողվի մեր խոսակցության որոշակի դինամիկա ձևավորել, կարող ենք նաև կոնկրետ արդյունքներ ակնկալել։

Վերահաստատում եմ Հայաստանի և Հայաստանի կառավարության պատրաստակամությունը, որը Հայաստանի ժողովրդից մանդատ է ստացել՝ մեր երկրի, մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու։ Մենք շահագրգռված ենք դրանում, և, իհարկե, այսօրվա հանդիպումը նպաստ բերեց այդ օրակարգի իրականացմանը։

Շնորհակալություն»:

Վլադիմիր Պուտինն ի նշան խաղաղության եռակողմ հանդիպման ամփոփիչ հայտարարության ժամանակ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին նվիրել է ձիթենու ճյուղեր:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սոչիում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ Վլադիմիր Պուտինը նշել է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ, որ այսօր այստեղ եք՝ Ռուսաստանում: Եվ ինչպես մենք մեր եռակողմ հանդիպումից հետո նշեցինք, և կարծում եմ՝ Դուք ևս համամիտ եք, հանդիպումն օգտակար էր և ժամանակին՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի է ունենում, ավելի վաղ է տեղի ունեցել և այսօր է տեղի ունենում: Մենք այդ նպատակով էլ հավաքվում ենք, որպեսզի թույլ չտանք որևէ ողբերգական դեպք սահմանին և ընդհանրապես երկու երկրների և ժողովուրդների միջև, որպեսզի շարժվենք առաջ: Դրանում, իհարկե, շահագրգռված են տարածաշրջանի բոլոր երկրները՝ և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը: Հույս ունենանք, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները դրական հունով կզարգանան՝ շատ մոտ ապագայում և հնարավորինս արագ:

Ինչ վերաբերում է մեր երկկողմ հարաբերություններին՝ մենք շատ ենք խոսել այդ մասին, ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները կրում են ռազմավարական, դաշնակցային բնույթ, ունեն պատմական խորը արմատներ: Դա շատ թանկ է մեզ համար, և մենք ամեն կերպ կպահպանենք մեր շփումների այդ մակարդակը:

Տնտեսության մեջ՝ Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է, Հայաստանի տնտեսության մեջ խոշորագույն ներդրողը: Իհարկե, անցյալ տարի առևտրաշրջանառությունը մի փոքր նվազեց, բայց այս տարի զարգանում է արագացված տեմպերով, և հույս ունենք, որ կհասնի ոչ միայն մինչ համավարակը եղած մակարդակին, այլ ավելի առաջ կգնանք:

Ինչպես և պայմանավորվել էինք, եռակողմ հանդիպումից առաջ մենք երկկողմ հանդիպում ենք անցկացրել Ադրբեջանի նախագահի հետ, Դուք դա գիտեիք: Մենք այդպես էլ պայմանավորվել էինք, որ այդ ռեժիմով կաշխատենք: Եվ այժմ, եռակողմ հանդիպումից հետո, հնարավորություն ունենք երկկողմ ձևաչափով զրուցել և քննարկել մեր երկկողմ կապերի ողջ համալիրը: Խնդրեմ»

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ հրավերի և այսօրվա հանդիպումների կազմակերպման համար: Իհարկե, մեր երկկողմ հարաբերությունները շատ կարևոր են: Դուք արդեն ընդգծեցիք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները ռազմավարական, դաշնակցային են: Մեր օրակարգը բոլոր ոլորտներում հագեցած է: Գործնականում մենք համագործակցում ենք և օրակարգ ունենք ՀԱՊԿ, ԱՊՀ, Եվրասիական տնտեսական միության շրջանակում:

Բայց պետք է խոստովանել, որ վերջերս մեր բոլոր հանդիպումների ժամանակ, զրույցների ընթացքում մենք մեծամասամբ քննարկում ենք տարածաշրջանային օրակարգը, քանի որ դրանք շատ փոխկապակցված թեմաներ են: Ցանկանում եմ կրկին ընդգծել Ձեր դերը՝ 44-օրյա պատերազմը դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահների տեղակայման գործում, ինչը շատ կարևոր կայունացնող և անվտանգության գործոն է մեր տարածաշրջանում: Դուք այսօր բազմիցս ընդգծեցիք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման կարևորությունը, և այդ հարցը մշտապես քննարկվել է մեր երկկողմ հանդիպումների ժամանակ:

Բայց քանի որ այսօր տարածաշրջանային հարցերի մասին արդեն արտահայտվել ենք, ցանկանում եմ նշել, որ չնայած տնտեսական և մյուս դժվարություններին՝ 2021 թվականին նկատելի է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ներդրումների որոշակի ակտիվացում: Սա ընդհանրապես ազդանշան է ներդրողների համար, որ Հայաստանի Հանրապետությունը շատ հուսալի երկիր է տարածաշրջանի իմաստով, և սա մեզ համար, իրապես, շատ կարևոր ուղերձ է:

Ցավոք, Covid-19-ի հետ կապված տնտեսական դժվարությունները շարունակվում են, բայց վերջերս մենք ուրախությամբ արձանագրեցինք, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում գրանցվել է առևտրաշրջանառության ակտիվացում: Սա նույնպես շատ կարևոր է: Հուսով եմ, որ մեզ, ի վերջո, կհաջողվի լուծման հասնել մեր տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացման հարցում, ինչը կհանգեցնի Եվրասիական տնտեսական միության շրջանակում առևտրատնտեսական կապերի ու Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ կապերի ակտիվացմանը:

Եվս մեկ անգամ շնորհակալություն»:

Ռուսաստանի Դաշնության նախագահը հավելել է. «Միանգամայն համաձայն եմ Ձեզ հետ՝ այդ կոմունիկացիաները, տրանսպորտային ուղիները, որոնց մասին այսօր եռակողմ ձևաչափով խոսեցինք, չափազանց կարևոր են։ Ի դեպ, դրանք կարևոր են տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսությունների համար, ներառյալ Ռուսաստանի, քանի որ մենք շահագրգռված ենք, որպեսզի մեր ռազմավարական գործընկերոջ՝ Հայաստանի հետ կապող ուղիները լինեն հուսալի, բազմակողմանի, և որ ամենակարևորն է՝ ողջ տարվա ընթացքում հեշտորեն աշխատող: Հուսով եմ, որ մենք այդ աշխատանքի ավարտական փուլ կմտնենք: Որոշ հարցեր կան, որոնք լրացուցիչ համաձայնեցման կարիք ունեն, բայց այսօրվա հանդիպման ժամանակ պարզ դարձավ, որ դրանք սկզբունքային բնույթ չեն կրում:

Ինչ վերաբերում է զուտ տնտեսական, պրագմատիկ հարցերին՝ կարելի է ասել, որ դրանք, ըստ էության, համաձայնեցված են: Այդ իսկ պատճառով էլ կասկած չունեմ, որ ամենամոտ ժամանակներում նկատելի և դրական տեղաշարժ կլինի: Դուք բացարձակապես ճիշտ եք, և ես համաձայն եմ Ձեզ հետ, երբ այսօր եռակողմ քննարկման ժամանակ ասացիք՝ հենց մարդիկ տեսնեն, որ այդ ամենը գործում է, տարածաշրջանում միանգամից այլ մթնոլորտ կձևավորվի: Այստեղ որևէ կասկած չկա:

Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ այսօրվա կառուցողական զրույցի համար: Մենք դեռ հնարավորություն ունենք խոսելու նաև մեր երկկողմ հարցերի շուրջ: Մենք կանոնավոր կերպով կապի մեջ ենք, բավական հաճախ հանդիպում ենք, հեռախոսով ենք մշտական կապի մեջ: Այսօր հնարավորություն ունենք անձամբ զրուցելու, այնպես որ օգտվենք այդ հնարավորությունից:

Շնորհակալություն»:

← Վերադառնալ