Արտերկրյա այցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Մյունխեն

16.02.2024 - 18.02.2024

ևս 93 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն:

Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: 

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը:

Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցում են մի քանի տասնյակ երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ, ինչպես նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը և այլք:

Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետ Փաշինյանի մի շարք երկկողմ հանդիպումներ:

* * *

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ:

Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում և Բալկաններում առկա իրավիճակի ու տեղի ունեցող գործընթացների, անվտանգության ու կայունության ապահովման շուրջ:

Կոսովոյի վարչապետն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին` վերջին տարիների իրադարաձությունների համատեքստում` նշելով, որ պատմականորեն երկու ժողովուրդներն անցնում են դժվարին ժամանակաշրջանով:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել բազմաոլորտ փոխգործակցությանը, ինչպես նաև միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարներին:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Amazon Web Services ընկերության փոխնախագահներ Մայքլ Փանքեին և Մաքս Պետերսոնին:

Քննարկվել են ՀՀ կառավարության և Amazon Web Services-ի միջև փոխգործակցությանը, համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Ընկերության ներկայացուցիչներն ընդգծել են Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու և էլ ավելի ամրապնդելու պատրաստակամությունը ու հավելել, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ քննարկումների և երկխոսության փուլում են:

Մասնավորապես, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել թվայնացման ոլորտում ծրագրերի իրականացմանն ու այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող համատեղ աշխատանքներին:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ թվայնացմանն ուղղված աշխատանքները ՀՀ կառավարության առաջնահերթությունների թվում են և կարևորել հատկապես այդ ուղղությամբ սերտ փոխգործակցությունը:

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է նաև «Թվային վստահություն և կառավարության շարունակականություն. ամպային հաշվողականությունը փոփոխվող աշխարհաքաղաքական դարաշրջանում» խորագրով կլոր սեղան-քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով: Միջոցառումը կազմակերպել են Amazon Web Services ընկերությունը և Մյունխենի անվտանգության համաժողովը:

* * *

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյին:

Վարչապետը կարևորել է ՎԶԵԲ տարեկան ժողովն այս տարվա մայիսին Երևանում անցկացելու որոշումը և վստահություն հայտնել, որ այն կանցնի բարձր մակարդակով:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը, ինչի արդյունքում մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր: Վարչապետի խոսքով՝ այդ փոխգործակցությունը նպաստել է նաև ՀՀ տնտեսության կայունությանն ու զարգացմանը:

ՎԶԵԲ նախագահը ևս գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ փոխգործակցությունից և հավելել, որ իրականացվող համատեղ ծրագրերը շարունակաբար ընդլայնվում են:

Տիկին Բասսոն կարևորել է ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհաշինության, մասնավոր հատվածի և այլ ուղղություններով ծրագրերի իրականացումը և նշել, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է ընդլայնել երկկողմ փոխգործակցությունը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հետագա համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

* * *

Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի և Իրաքի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Մոհամմեդ Շիա Սուդանիի հանդիպումը:

Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Իրաք բազմաոլորտ համագործակցությունը և ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը: Այդ առումով, ընդգծվել է Իրաքի նախագահի` նախորդ տարի Հայաստան կատարած այցի և առաջիկայում ՀՀ նախագահի` Իրաք նախատեսվող այցի կարևորությունը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության տնօրեն Էմի Պոպի հետ:

Քննարկվել են ՀՀ կառավարության և Միգրացիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:

Վարչապետն անդրադարձել է միգրացիայի ոլորտում մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում` թվայնացման ուղղությամբ քայլերին: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերը, միաժամանակ կարևորել միջազգային հանրության շարունակական աջակցությունը:

Էմի Պոպը շեշտել է միգրացիայի ոլորտում Հայաստանում իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը և նշել, որ կազմակերպությունն իր հերթին պատրաստ է սերտ համագործակցությամբ նպաստել դրանց հետագա արդյունավետ կյանքի կոչմանը: Միգրացիայի միջազգային կազմակերպության տնօրենը բարձր է գնահատել ԼՂ-ից բռնի տեղահանվածների հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերը:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ։

Նիկոլ Փաշինյանը և Իեն Բորջը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի սկզբունքներին։

Միաժամանակ, կարևորվել է ԵԱՀԿ մանդատին համապատասխան կազմակերպության գործիքակազմի արդյունավետ կիրառումը՝ նպաստելու տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովմանը։

Քննարկվել են Հայաստանի և Մալթայի միջև բազմաոլորտ համագործակցությանը և կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Կարևորվել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:

* * *

Մյունխենի անվտանգության համաժողվի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում շարունակում է երկկողմ հանդիպումները միջազգային գործընկերների հետ:

Համաժողովի երկրորդ օրը վարչապետի առաջին հանդիպումը եղել է Լիխտենշտայնի իշխան Ալոիս ֆոն ունդ ցու Լիխտենշտայնի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Լիխտենշտայն հարաբերությունների հետագա զարգացմանն ու փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կողմերը կարևորել են առևտրատնտեսական կապերի խորացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Լեխտենշտայնի իշխանը կարևորել է Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցությունը, Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգը:

Փոխգործակցության զարգացման համատեքստում զրուցակիցները շեշտել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:

Մտքեր են փոխանակվել հարավային Կովկասում ու միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հայկական կողմի սկզբունքներն ու դիրքորոշումները:

* * *

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը:

Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Հաճելի է Ձեզ տեսնել այսօր։ Մենք գնահատում ենք այն դինամիկան, որ ունենք մեր երկկողմ հարաբերություններում։ Կարծում եմ` մենք հաստատել ենք շատ արդյունավետ գործընկերություն և 2019-ին սկսեցինք Ռազմավարական երկխոսությունը: Այս տարին ևս կարևոր է, մենք սպասում ենք մեր Ամերիկյան գործընկերների հետ բավականին ծավալուն օրակարգով նիստին։ Սա շատ լավ հնարավորություն կլինի՝ քննարկելու տարբեր հարցեր, մեր երկխոսությունն առավել արդյունավետ դարձնելու համար։ Իհարկե, տարածաշրջանային հարցերը ևս շատ կարևոր են մեր օրակարգի համար։ Դժբախտաբար, այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա է լարվածության նոր փուլ, վերջերս տեղի ունեցավ լարվածության նոր աճ, որը պատճառ դարձավ մեծ կորուստների։ Հայ դիրքապահներ սպանվեցին Ադրբեջանի հետ սահմանին։ Ես կցանկանայի այս իրավիճակը ևս քննարկել Ձեզ հետ»։

Իր հերթին Էնթոնի Բլինքենը նշել է. «Հաճելի է այսօր հանդիպել Ձեզ՝ պարոն Փաշինյան։ Հայաստանը շատ արժեքավոր գործընկեր է ԱՄՆ-ի համար, և մենք գնահատում ենք նրա՝ կայուն խաղաղության հանդեպ հանձնառությունը։ Մենք նաև կարող ենք ուժեղացնել մեր երկրների միջև կապերը բոլոր ուղղություններով։ Մենք այս ամենը քննարկել ենք վարչապետ Փաշինյանի հետ»։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ, կարևորել ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումը:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել անձամբ պարոն Բլինքենի ջանքերը` բանակցային գործընթացին ու երկխոսությանն աջակցելու, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ: Վարչապետը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ գնալ կոնկրետ լուծումների, մասնավորապես, արդեն իսկ միջազգային հարթակներում գրավոր կերպով հրապարակային արձանագրված սկզբունքների հիման վրա:

Էնթոնի Բլինքենն ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը` շարունակելու ջանքերը բանակցային ու խաղաղ գործընթացին և երկխոսությունը շարունակելու հույս հայտնել:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

* * *

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգին վերաբերելի հարցեր, ինչպես նաև անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել կանցլեր Շոլցի ջանքերը` երկխոսությանն աջակցելու, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ: Վարչապետը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հավատամրությունը խաղաղության գործընթացին:

Օլաֆ Շոլցն ընդգծել է պատրաստակամությունը` շարունակելու ջանքերն ի նպաստ խաղաղության և երկխոսության:

* * *

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ:

Նիկոլ Փաշինյանը և Հելգա Շմիդը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի սկզբունքներին, այսօր Ադրբեջանի նախագահի հետ ունեցած բանակցությունների արդյունքներին։

Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերի շարունակականությունը:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ:

Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական համագործակցության շարունակական զարգացումը: Այդ համատեքստում ընդգծվել է գործարար կապերի ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ:

Վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերին, այդ թվում` երկարաժամկետ հատվածով: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է բռնի տեղահանված փախստականների հիմնական խնդիրներն ու կարիքները:

Այս համատեքստում, մտքեր են փոխանակվել միջազգային հանրության կողմից անհրաժեշտ օժանդակության, համապատասխան ծրագրերի իրականացման քայլերի ու հնարավորությունների վերաբերյալ:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի հետ:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և կազմակերպության միջև համագործակցությանը և դրա ընդլայնմանը վերաբերող հարցեր:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի նախագահ Դեյմոն Ուիլսոնի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, ՀՀ կառավարության հավակնոտ օրակարգի առաջմղմանը, կոռուպցիայի դեմ պայքարի քայլերին, խոսքի և մամուլի ազատությանը վերաբերող հարցեր:

Դեյմոն Ուլիսոնն ընդգծել է վերջին տարիներին Հայաստանի առաջընթացը վերոնշյալ ոլորտներում` պատրաստակամություն հայտնելով հետագայում ևս օժանադակություն ցուցաբերել ՀՀ կառավարության ծրագրերին:

Կարևորվել է ՀՀ կառավարության և Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի միջև հետագա սերտ համագործակցությունը:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ: Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր, երկուստեք կարևորվել են այդ ուղղությամբ շարունակական ջանքերը:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Սիմենս էներջի» ընկերության գործադիր տնօրեն Քրիստիան Բրուքի հետ:

Քննարկվել են կանաչ ջրածնային էներգիայի արտադրության ոլորտում համագործակցութանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանում «Սիմենս էներջի»-ի կողմից ծրագրերի իրականացման հնարավորություններին:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է կանաչ ջրածնային էներգիայի զարգացումը մեր երկրում և հայտնել կառավարության աջակցությունը` ոլորտում նոր ծրագրերի իրականացման գործում:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մասնակցել է «Գորշ գոտիները եվրոպական մայրցամաքում» խորագրով կլոր-սեղան քննարկմանը:

Այն անցկացվել է փակ ձևաչափով, վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Renew Europe, Ֆրանսիա) հետ:

Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր, որոնց առաջմղման հարցում կարևորվել է ԵՄ օրենսդիր մարմնի դերը։ Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել գործընկերության խորացման հեռանկարներին և այդ ուղղությամբ երկուստեք գործադրվող ջանքերին։

Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետը խոսել է առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ հայկական կողմի մոտեցումների մասին։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության համար դժվարին պայմաններում Եվրոպական խորհրդարանի կողմից ցուցաբերած սկզբունքային մոտեցմանն ու հստակ գնահատականներով և ուղերձներով ընդունված փաստաթղթերը։

Նատալի Լուազոն շնորհակալություն է հայտնել վարչապետին` Հայաստանի Հանրապետության Երախտագիտության մեդալով պարգևատրելու համար և նշել, որ հետագայում ևս շարունակելու է ակտիվ գործունեությունը` ի նպաստ Հայաստանի ու բարեկամ հայ ժողովրդի:

Մեդալն օրերս Նատալի Լուազոյին էր հանձնել Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` ՀՀ համար առանցքային կարևորության հարցերի առաջմղման, մարդասիրական արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպում է ունեցել էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող Fichtner ընկերության գործադիր տնօրեն Մարտին Շտիկելի և ընկերության ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են կանաչ ջրածնային էներգիայի և կուտակիչ կայանների կառուցման ոլորտում համագործակցությանը ու փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:

Վարչապետը կարևորել է վերոնշյալ ուղղությունների զարգացումը Հայաստանում և նշել, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է գերմանական ընկերության հետ փոխգործակցության խորացմամբ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները գործակցության հնարավորությունների շուրջ:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում վարչապետը նախ անդրադարձել է Մյունխենի անվտանգության համաժողվի շրջանակում տեղի ունեցած հանդիպումների, քննարկումների արդյունքներին, նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, դրանց հաղթահարմանն ուղղված քայլերին և այլ թեմաների:

Վարչապետ Փաշինյանի եռօրյա աշխատանքային այցը Մյունխեն ավարտվել է:

← Վերադառնալ