- 1670x1113px - 596 Կբ
- 1670x1113px - 692 Կբ
- 1670x1113px - 678 Կբ
- 1670x1113px - 707 Կբ
- 1670x1113px - 789 Կբ
- 1670x1113px - 587 Կբ
- 1670x1113px - 536 Կբ
- 1670x1113px - 470 Կբ
- 1670x1113px - 715 Կբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 691 Կբ
- 1670x1113px - 722 Կբ
- 1670x1113px - 779 Կբ
- 1670x1113px - 795 Կբ
- 1670x1113px - 843 Կբ
- 1670x1113px - 874 Կբ
- 1670x1113px - 694 Կբ
- 1670x1113px - 798 Կբ
- 1670x1113px - 801 Կբ
- 1670x1113px - 760 Կբ
- 1670x1113px - 727 Կբ
- 1670x1113px - 701 Կբ
- 1670x1113px - 723 Կբ
- 1670x1113px - 745 Կբ
- 1670x1113px - 734 Կբ
- 1670x1113px - 972 Կբ
- 1670x1113px - 702 Կբ
- 1670x1113px - 689 Կբ
- 1670x1113px - 797 Կբ
- 1670x1113px - 616 Կբ
- 1670x1113px - 607 Կբ
- 1670x1113px - 615 Կբ
- 1670x1113px - 593 Կբ
- 1670x1113px - 715 Կբ
- 1670x1113px - 717 Կբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 1018 Կբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 822 Կբ
- 1670x1113px - 795 Կբ
ևս 38 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Վարչապետին Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև քննարկումները կշարունակվեն ընդլայնված կազմով:
Քննարկումների արդյունքներով Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան հայտարարություններով:
***
Թբիլիսիում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
Իրակլի Կոբախիձեն ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և ընդգծել երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների հետևողական զարգացման կարևորությունը բոլոր ոլորտներում: Վրաստանի վարչապետը շեշտել է Հայաստանի հետ առևտրատնտեսական փոխգործակցության, բիզնես կապերի ընդլայնման և ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար` նշելով, որ փոխադարձ բարձր մակարդակի այցերի ինտենսիվ բնույթը վկայում է երկու երկրների կառավարությունների շահագրգռվածությունը` ընդլայնելու և ամրապնդելու բազմակողմ համագործակցությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է բարեկամ Վրաստանի հետ ռազմավարական համագործակցությամբ և կարևորել տնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները ենթակառուցվածքների զարգացման համատեղ ծրագրերի ուղղությամբ, ինչը կնպաստի նաև տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը:
Վարչապետ Փաշինյանը Վրաստանի գործընկերոջը մանրամասներ է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների, ինչպես նաև սահմանազատման գործընթացի վերաբերյալ:
Իրակլի Կոբախիձեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը միտված քայլերը` ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման: Վրաստանի վարչապետը ևս մեկ անգամ հայտնել է իր երկրի պատրաստակամությունը` նպաստելու երկու հարևան պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը:
***
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել քննարկումների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Ստորև ներկայացվում են երկու վարչապետների հայտարարությունները:
Իրակլի Կոբախիձե - Հարգելի պարոն վարչապետ,
Կրկին ողջունում եմ Ձեզ, ողջունում եմ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ներկայացուցիչներին: Շատ հաճելի է Ձեզ հյուրընկալել, հարգելի պարոն վարչապետ:
Հիշեցնեմ մարտին իմ այցելությունը Հայաստանի Հանրապետություն, երախտագիտությունս եմ հայտնում ջերմ ընդունելության և հյուրընկալության համար: Վրաստանի և Հայաստանի միջև մեր հարաբերությունները հիմնված են բազմամյա բարեկամական կապերի վրա, որոնք գոյություն ունեն մեր ժողովուրդների միջև՝ հարյուրամյակների փոխադարձ հարգանքի հիման վրա: Եվ ես շատ ուրախ եմ, որ այս ամենի արդյունքում ռազմավարական գործընկերություն է հաստատվել քաղաքական տեսանկյունից, որը կաջակցի մեր հարաբերությունների հետագա խորացմանը: Շատ ուրախ եմ, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը կարևոր դերակատարում է ունեցել և գործնական արդյունքների բերել:
Երախտագիտությունս հայտնեցի իմ գործընկերոջը` վարչապետին, իր այն որոշման համար, որով աջակցություն ցուցաբերվեց ՄԱԿ-ի բանաձևին՝ կապված ներքին տեղահանված անձանց և փախստականների` Աբխազիայի և Ցխինվալի շրջաններ վերադարձի հետ: Այդ որոշումը կնպաստի մեր երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը:
Ես նաև երախտագիտությունս հայտնեցի իմ գործընկերոջը՝ աջակցելու մեր երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Մեր հարաբերությունները շատ դինամիկ են, բարձրաստիճան այցերը հաճախակի են, և մենք պարտավոր ենք այս շարժը մեր հարաբերություններում պահպանել: Մենք զրուցեցինք բոլոր ուղղություններով մեր հարաբերությունների խորացման մասին՝ քաղաքական, տնտեսական, կրթական և այլ բնագավառներում: Այս ոլորտները մեզ համար հավասարապես առաջնահերթ են:
Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանը և կայունությանը: Կընդգծեի, որ մեր ջանքերը, մասնավորապես, տարածաշրջանում առկա դժվարությունների հաղթահարման ուղղությամբ շարունակվում են: Վրաստանը ողջունում է դրական ընթացքն Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության լուծման ուղղությամբ, և պատրաստ ենք մեր դերակատարումն ունենալ ապահովելու կայունությունը տարածաշրջանում՝ բնականաբար, մեր ուժերի ներածի չափով:
Եվ վերջում, կրկին ցանկանում եմ գոհունակություն հայտնել մեր այսօրվա հանդիպումների համար: Մենք շատ հետաքրքիր զրույցներ ենք ունեցել, հնարավորություն ունեցանք տեսակետներ փոխանակել Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների, այն գործընթացների մասին, որոնք տարածաշրջանում են ընթանում:
Շատ շնորհակալություն, պարոն վարչապետ, Վրաստան այցելելու համար և շնորհակալություն Վրաստան-Հայաստան հարաբերությունների զարգացմանը Ձեր ներդրման համար:
Շնորհակալություն:
Նիկոլ Փաշինյան - Մեծարգո վարչապետ Կոբախիձե,
Հայաստանի և Վրաստանի կառավարությունների հարգելի անդամներ,
Հարգելի ներկաներ,
Ուրախ եմ հերթական անգամ եղբայրական Վրաստան այցի առիթով։ Թույլ տվեք շնորհակալություն հայտնել ինձ և իմ գլխավորած պատվիրակությանը ցուցաբերված ավանդական ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։
Վերջին տարիներին Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում նկատելի է լուրջ ակտիվություն, որի շնորհիվ մեզ հաջողվել է նաև ընդլայնել բոլոր բնագավառներում մեր երկրների միջև ծավալված բազմաբովանդակ փոխգործակցությունը: Ասվածի լավագույն ապացույցն այն է, որ այս տարվա հունվարին Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը հասցվեց ռազմավարական գործընկերության մակարդակի: Այդպիսով, մեզ հաջողվել է մշակել արդյունավետ և պարբերական շփումների կենսունակ մի մեխանիզմ, որը հիմնված է փոխադարձ շահերի, մեր երկրների բարեկամ ժողովուրդների որդեգրած սկզբունքների և ժողովրդավարական արժեքների վրա։
Առանձնահատուկ պետք է ընդգծեմ, որ Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Այս փաստը համարում եմ Հարավային Կովկասում կայունության և երկարատև խաղաղության հաստատման կարևոր գործոններից մեկը: Մեր երկրների միջև առկա համագործակցությունը մեր պատկերացումների գործնական արտացոլումն է, թե ինչպիսին պետք է լինեն տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի, ընդհանուր շահերի և համընդհանուր զարգացմանը միտված տնտեսական համագործակցության վրա:
Հարգելի գործընկերներ,
Այսօր առիթ ունեցել ենք անդրադառնալ մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը և կայունության ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Պետք է նշեմ, որ Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում մեզ հաջողվել է արձանագրել որոշակի առաջընթաց: Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել սահմանազատման հետագա գործընթացում առաջնորդվել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի դրույթներով, ինչը նշանակում է, որ այդ գործընթացի հիմքում պետք է ընկած լինեն Խորհրդային Միության խորհրդային հանրապետությունների ադմինիստրատիվ սահմանները: Ակնկալում ենք, որ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում, ինչի վերաբերյալ արդեն իսկ քննարկեցինք և ունենք ընդհանուր ըմբռնում, որը կարծում եմ՝ շատ կարևոր է :
Կարծում եմ՝ տեղյակ եք, որ շուրջ երկու տարվա բանակցությունների արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են առավելապես համաձայնեցնել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի տեքստը՝ մոտավորապես 80 տոկոսը: Մենք Ադրբեջանին առաջարկել ենք ամենամոտ ապագայում ստորագրել այդ փաստաթղթի նախագծում առկա և մինչ այս պահն արդեն իսկ համաձայնեցված դրույթները, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և շարունակել քննարկումները երկուստեք կարևորություն ներկայացնող բոլոր հարցերը հասցեագրելու ուղղությամբ:
Տարածաշրջանի կայունության և տնտեսական զարգացման համար առանցքային կարևորություն ունի տնտեսական բոլոր ենթակառուցվածքների և կապուղիների ապաշրջափակումն ու լիարժեք գործարկումը, որը համարում ենք մեր Կառավարության առաջնահերթություններից մեկը: Այս հարցում մեր պատկերացումները լավագույնս արտացոլված են Հայաստանի Կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը, ի դեպ, առաջին անգամ միջազգային մեր գործընկերների դատին եմ հանձնել հենց Թբիլիսիում տեղի ունեցած համաժողովի ընթացքում :
Հարգելի պարոն վարչապետ,
Ես իրապես հավատում եմ, որ մենք ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու և մեր տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն: Համոզված եմ նաև, որ այդ խաղաղության շահառուն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են, այլև դրանից հավասարապես օգտվելու են Վրաստանը, Թուրքիան, Իրանը: Ահա այս է պատճառը, որ չնայած բոլոր բարդություններին, մեր Կառավարությունը հետևողականորեն շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղությունը հնարավոր դարձնելու ուղղությամբ, և մենք բարձր ենք գնահատում նաև Վրաստանի Կառավարության ջանքերը՝ իր ներդրումն ունենալ և իր վարած քաղաքականություններով նույնպես նպաստել տարածաշրջանում և միջազգային կայունության և խաղաղության հաստատմանը:
Շնորհակալություն: