Արտերկրյա այցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն ԱՄՆ

03.02.2025 - 07.02.2025

ևս 180 լուսանկար



Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, փետրվարի 3-7-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Այցի շրջանակներում վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»։

Նախատեսված են նաև մի շարք այլ հանդիպումներ։

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի:

Վարչապետն անդրադարձել է Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանում տեղի ունեցող գաղափարախոսական փոփոխությանը: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքն է բարձրագույն նպատակը և Հայաստանի Հանրապետությունից ավելի բարձր ազգային նպատակ չի կարող լինել: Հայաստանի Հանրապետությունը ոչ թե միջոց է` այլ նպատակների հասնելու համար, այլ Հայաստանի Հանրապետությունն ինքը նպատակն է, ամենաբարձր նպատակն է:

Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարն անդրադարձել է Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, բալանսավորման և բալանսավորված քաղաքականությանը, Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին և դրանց դիմագրավելու ուղղությամբ Կառավարության քայլերին:

* * *

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Վատիկանի միջև հանձնախմբի ատենապետ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի և Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովսեփ քահանա Կարապետյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սփյուռքում հայապահպանությանը և առկա հիմնախնդիրներին առնչվող հարցեր։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է լեզվի և մշակույթի պահպանման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը՝ ընդգծելով այս հարցերում պետական օժանդակության նշանակությունը։

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը միտված քայլերի շուրջ:

Հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Nahigian Strategies» կազմակերպության նախագահ Քիթ Նահիգյանին: Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել ՀՀ Կառավարության առաջնահերթություններին, առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին: Այս համատեքստում կարևորվել է բալանսավորված և բալանսավորման քաղաքականության հետևողական իրականացումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարների հետ: Քննարկվել են Ամերիկայի հայկական համագումարի գործունեությանը, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացմանն ու առաջմղմանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության հաստատումը նոր հնարավորություններ է բացում երկկողմ կապերի ընդլայնման ուղղությամբ և հույս հայտնել, որ համագումարը կշարունակի ջանքերը` միտված տարբեր ոլորտներում կապերի ընդլայնմանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Իրական Հայաստանի գաղափարախոսության, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման շուրջ:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ներկա է գտնվել «Save Armenia»-ի կողմից կազմակերպված ընդունելությանը` ի պատիվ վարչապետի այցի:

Կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովի համանախագահ, «Save Armenia»-ի խորհրդի անդամ Սեմ Բրաունբեքը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և ընդգծել կազմակերպության հանձնառությունն` աջակցելու Հայաստանին` իր օրակարգերն առաջ մղելու գործում: Նա նշել է, որ «Save Armenia»-ն նպատակ է հետապնդում միավորել քրիստոնեական առաջնորդներին և այլ շահագրգիռ խմբերին Հայաստանին օժանդակելու հարցում:

Ընդունելությանը մասնակցել են «Save Armenia»-ի համահիմնադիր Ռոբերտ Նիկոլսոնը, մի շարք դիվանագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ:

Վարչապետ Փաշինյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել ընդունելության կազմակերպման համար և նշել, որ իր համար պատիվ է ներկա գտնվել միջոցառմանը` կազմակերպությունների ու բարեկամների հետ, որոնք Հայաստանի և հայ ժողովրդի կողքին են եղել տասնամյակներ շարունակ։ Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Իհարկե, պետք է ասեմ, որ այժմ Հայաստանը գտնվում է խաչմերուկների մեջտեղում, շատ կարևոր ժամանակահատված մեր երկրի համար։ Շատ կարևոր է սահմանել, որոշել, թե որն է այս կարևոր և դժվարին ճանապարհին Հայաստանին օգնելու լավագույն միջոցը։

Մեր տարածաշրջանն, ընդհանուր առմամբ, չափազանց բարդ է՝ լի խորը պատմական հակադրություններով, որոնք նաև այսօր են արտացոլվում։ Բայց կարծում եմ` հիմա մենք պետք է կենտրոնանանք այնպիսի օրակարգի վրա, որը հեռանկար կբացի ապագայի համար, ինչն ամենակարևորն է։

Եթե հարցնեք, թե որն է Հայաստանին աջակցելու ամենաարդյունավետ միջոցն ԱՄՆ տեսանկյունից, կասեմ, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու օրակարգն ԱՄՆ քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկում ներառելը կլիներ շատ կարևոր, որովհետև իհարկե, մենք խթանում ենք ազատություններն, այդ թվում` կրոնական ազատությունը, բայց գիտեք, ես կարծում եմ` մարդկանց ազատությունները պաշտպանելու լավագույն գործիքը կայուն խաղաղությունն է, որովհետև կոնֆլիկտային միջավայրն ամենահարմար միջավայրն է մարդու բոլոր հնարավոր իրավունքները խախտելու համար։

Սա է պատճառը, որ մենք այժմ կենտրոնացած ենք խաղաղության օրակարգի վրա, որովհետև մեր համոզմունքն այն է, որ մեր տարածաշրջանում միայն կայուն խաղաղության առկայությունն է, որ կարող է երաշխավորել պատշաճ միջավայր ժողովրդավարության համար, մարդկանց իրավունքների պաշտպանության համար, և Հայաստանի զարգացման համար։

Հուսով եմ գիտեք, որ հիմա Հայաստանը ձգտում է դեպի ժողովրդավարություն, մենք փորձում ենք ժողովրդավարությունը խորացնել և դնել ինստիտուցիոնալ հենքի վրա, որպեսզի այն կախման մեջ չլինի իշխող ուժերի քաղաքական կամքից։ Սա շատ կարևոր է։ Ես հավատում եմ, որ ժողովրդավարությունը Հայաստանում անշրջելի է։ Հիմա գոյություն ունի միայն մեկ գործիք, որով փորձ է արվում խափանել Հայաստանի ժողովրդավարական ուղին, և դա պատերազմի, սրացումների և հակամարտության գործիքն է։

Սա է պատճառը, որ մենք այսքան կենտրոնացած ենք այս օրակարգի վրա, որովհետև համոզված ենք, որ խաղաղությունը շատ կարևոր է և առանցքային ազատության համար, այդ թվում` կրոնական ազատության, ժողովրդավարության և զարգացման համար, և մեր ժողովրդի ապագայի ու երջանկության համար։

Իհարկե, մենք ապավինում ենք մեր բարեկամներին, «Save Armenia» կազմակերպության մեր ընկերներին։ Մենք բարձր ենք գնահատում այն, ինչ արվել է մինչ օրս, և հույս ունենք ձեր աջակցությունը շարունակական կլինի և դուք ավելի ու ավելի կկենտրոնանաք, մասնավորապես, խաղաղության օրակարգին աջակցելու վրա: Հույս ունենք, որ մեր խաղաղության օրակարգը կդառնա նաև ձեր օրակարգը, ինչը կարծում եմ` կծառայի գլոբալ բարգավաճմանը, ժողովրդավարության գլոբալ հաղթանակին, ազատությանն ու երջանկությանը։ Շնորհակալություն»։

* * *

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի ներկայացուցիչներ՝ սենատոր Ռոջեր Ուիքերի (Հանրապետական կուսակցություն), կոնգրեսական Էնդի Հարրիսի (Հանրապետական կուսակցություն), կոնգրեսական Ֆրենկ Փալոնի (Դեմոկրատական կուսակցություն) և կոնգրեսական Ռիչարդ Հադսոնի (Հանրապետական կուսակցություն) հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը՝ ընդգծելով ՀՀ Կառավարության հանձնառությունը խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը ԱՄՆ-ի հետ բոլոր ուղղություններով։ Վարչապետն ընդգծել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և բարեփոխումների իրականացման գործում։

Հանդիպման մասնակիցները կարևորել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացումը։ Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին և կարևորել ԱՄՆ դերակատարությունը Հարավային Կովկասում կայունության ամրապնդման հարցում։

Սենատոր Ուիքերը և կոնգրեսականները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացմանը և ընդգծել ռազմավարական գործընկերության փաստաթղթով նախատեսված ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։ Նրանք նշել են նաև ԱՄՆ նոր վարչակազմի հետ ակտիվ երկխոսության անհրաժեշտությունը՝ երկկողմ օրակարգի շարունակական առաջմղման նպատակով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորություններին, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարներին։

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում այցելել է Ատլանտյան խորհուրդ, որտեղ հանդես է եկել ելույթով: Վարչապետը նախ պատասխանել է Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, Ուզբեկստանում և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթի հարցերին: Այնուհետև հանդիպումն անցկացվել է փակ ձևաչափով, որի շրջանակում Նիկոլ Փաշինյանը պատասխանել փորձագետների մի շարք հարցերի:

Ստորև ներկայացվում է վարչապետ Փաշինյանի ելույթը և Ջոն Հերբսթի հետ հարցուպատասխանն ամբողջությամբ.

Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, դեսպան Ջոն Հերբսթ - Այսօր պատիվ ունեմ հյուրընկալել Նորին գերազանցություն պարոն Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Այսօր շատ հետաքրքիր երկխոսություն տեղի կունենա։ Վարչապետը ղեկավարում է իր երկիրը՝ սկսած 2018 թվականի թավշյա հեղափոխությունից, որը մեծ ժողովրդավարական փոփոխություն բերեց Հայաստանի համար։ Այդ ժամանակից ի վեր նա իր երկիրն առաջնորդել է ալեկոծ ժամանակահատվածի միջով, անցկացրել է արտահերթ ընտրություններ 2021-ին: Լինելով մասնագիտությամբ լրագրող, պարոն վարչապետն այժմ փորձում է Հայաստանի և նրա ապագայի համար գրել նոր պատմություն։ Ապագա, որտեղ կլինի խաղաղություն և նորմալ հարաբերություններ հարևանների հետ, հարգանք ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ և ապագա, որտեղ Միացյալ Նահանգները, Արևմուտքը, Եվրոպան հետաքրքրված կլինեն Հայաստանի հետ համագործակցությամբ։ Արդեն գոյություն ունի նոր ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերություն, ինչը մեծ քայլ առաջ է Հայաստանի ապագայի և Վաշինգտոն-Երևան հարաբերությունների համար։ Ընդունեք շնորհավորանքներս՝ վարչապետ Փաշինյան ու Արտաքին գործերի նախարար Միրզոյան, այս զարգացման համար։ Այս համագործակցությունն ակնհայտորեն բխում է թե՛ Հայաստանի, թե՛ ԱՄՆ-ի շահերից։ Այսպիսով, հրավիրում եմ պարոն վարչապետին ամբիոնից ելույթ ունենալու, ինչից հետո տեղի կունենա քննարկում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հարգելի պրն. Հերբսթ, վերլուծական կենտրոնների հարգելի ներկայացուցիչներ,

Ուրախ եմ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը ձեզ հետ քննարկելու հնարավորության համար։ Հայաստանի Կառավարությունը որդեգրել է մի արտաքին քաղաքականություն, որը մենք անվանում ենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն։ Այդ քաղաքականության առանցքում Հայաստանի Հանրապետության անկախության և ինքնիշխանության մակարդակի բարձրացումն է։

Երբ մենք մտածում էինք, թե որն է անկախության մակարդակի բարձրացման բանաձևը, եկանք եզրակացության, որ դա նշանակում է քչերից կախվածությունը փոխարինել շատերից կախվածության։ Այժմ մենք գործում ենք այս բանաձևի շրջանակներում։ Իհարկե, մենք առաջին հերթին կենտրոնացած ենք մեր տարածաշրջանային հարաբերությունների վրա, որովհետև թե որքանով կլինենք անկախ, անվտանգ, որքանով մեր անվտանգության համակարգը կլինի հուսալի, կախված է նրանից, թե ինչպիսի հարաբերություններ կունենանք մեր տարածաշրջանում։

Գիտեք, որ մեր երկրի չորս սահմաններից երկուսն ամբողջությամբ փակ են, ես խոսում եմ Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր սահմանների մասին։ Մենք ունենք ևս երկու սահման՝ Վրաստանի և Իրանի հետ։ Իհարկե, այս երկու սահմանները մեզ համար շատ կարևոր են, մենք համագործակցում ենք, ունենք լավ հարաբերություններ մեր երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ, բայց մենք ցանկանում ենք նոր դարաշրջան բացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում։

Նախորդ տարիներին հսկայական առաջընթաց ենք գրանցել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում։ Որպեսզի այս առաջընթացն ըմբռնելի լինի ձեզ համար, գիտեք, որ հիմա մենք Ադրբեջանի հետ քննարկում ենք խաղաղության պայմանագրի նախագիծը, և այժմ այդ պայմանագրի 17 կետից 15-ի շուրջ ամբողջական համաձայնության ենք հասել և մնում է երկու կետ, որոնց շուրջ դեռ պետք է վերջնական համաձայնության հասնենք։ Հույս ունենք` այս գործընթացն ավարտին հասցնել հնարավորինս արագ։ Իհարկե, Ադրբեջանի հետ աշխատում ենք երկկողմ ձևաչափով, բայց ակնհայտորեն միջազգային հանրության ուշադրությունն ու աջակցությունը շատ օգտակար կլիներ կայուն խաղաղության հասնելու գործում պատշաճ միջավայր ձևավորելու համար։

Մենք Թուրքիայի հետ բավականին ակտիվ երկխոսություն ունենք։ Վերջին տարիներին ես մի քանի հանդիպում եմ ունեցել Թուրքիայի նախագահի հետ, ներկա եմ գտնվել Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը, վերջերս հանդիպել ենք Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում, և մենք շատ կոնկրետ համաձայնություն ունենք՝ առաջին փուլով բացել մեր սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող մարդկանց համար, և հույս ունենք հնարավորինս արագ հասնել այս համաձայնագրի իրականացմանը։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։

Մյուս կողմից մենք խորացնում ենք համագործակցությունը տարածաշրջանային այլ գործընկերների հետ, նկատի ունեմ՝ Վրաստանի և Իրանի հետ։ Իհարկե, կա միջազգային մի իրավիճակ, որը խոչընդոտում է մեր հարևանների հետ հարաբերությունների խորացմանը, և այս հանգամանքները բոլորին հայտնի են, ես չեմ նշի դրանք։ Բայց կարծում եմ` մեզ հաջողվում է հաշվի առնել այս բոլոր հանգամանքները, իսկ մյուս կողմից զարգացնել հարաբերությունները հարևանների հետ։ Իհարկե, հույս ունենք, որ մեր տարածաշրջանային իրավիճակում բեկում կլինի, երբ մեզ հաջողվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը բերել վերջնական տեսքի և ստորագրել այն, ինչպես նաև Թուրքիայի հետ հասնել հարաբերությունների կարգավորման, ինչը ոչ միայն ամբողջությամբ կփոխի տարածաշրջանային իրավիճակը, այլ նաև կարծում եմ` շատ շոշափելի ու զգալի ազդեցություն կունենա միջազգային իրավիճակի վրա։

Մենք շարունակում ենք մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Ես Եվրասիական տնտեսական միությունում մեր հարաբերությունները կգնահատեի նորմալ։ Եվրասիական տնտեսական միությունը գործում է և մենք աշխատում ենք դրա շրջանակներում։ Մյուս կողմից, մենք կասեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում, որն անվտանգային մեր հիմնական գործընկերն էր։ Այս որոշումը կայացնելու պատճառն այն իրավիճակն էր, երբ ՀԱՊԿ-ը չկատարեց Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորելու իր պարտականությունները։

Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ այժմ մենք գտնվում ենք մեր արտաքին հարաբերությունները բոլոր ոլորտներում դիվերսիֆիկացնելու գործընթացի մեջ, սկսած տնտեսությունից` մինչև անվտանգություն։

Գիտեք, որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ, և անցած տարի Եվրամիության հետ մեր հարաբերություններում մի շատ կարևոր բան տեղի ունեցավ։ Սկսած 2022 թվականից քաղաքացիական դիտորդական առաքելությունը տեղակայված է Հայաստան-Ադրբեջան սահմանին, և սա առաջին անգամն է, որ Եվրամիությունը որևէ կերպով մասնակցություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության օրակարգում։ Մենք զարգացնում ենք համագործակցությունը Եվրամիության հետ։ Վերջերս մեկնարկեցինք վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, և հույս ունենք այն ավարտին հասցնել հնարավորինս արագ։

Եվրամիությունը կայացրել է ևս մեկ շատ կարևոր որոշում՝ ներառելով Հայաստանը Խաղաղության եվրոպական հիմնադրամում, ինչը նույնպես շատ կարևոր քաղաքական որոշում է։ Վերջերս մենք ստորագրեցինք Ռազմավարական համագործակցության կանոնադրությունն ԱՄՆ-ի հետ, ինչը նույնպես շատ կարևոր որոշում է։ Մենք հույս ունենք ԱՄՆ-ի հետ հարաբերություններում նոր էջ բացել։

Մենք ակտիվորեն աշխատում ենք արտաքին քաղաքականության առումով, և բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության իրագործումը պրոցեսի մեջ է: Ես կարծում եմ` մենք դա անում ենք բավականին արդյունավետ կերպով։ Անկեղծ ասած, կարող եմ ասել, որ չնայած բոլոր մարտահրավերներին, մենք ի վիճակի ենք եղել բարձրացնել մեր անկախության ու ինքնիշխանության մակարդակը, և ես սովորաբար ասում եմ, որ Հայաստանը դառնում է ավելի ու ավելի անկախ երկիր, ինչը շատ կարևոր է։ Այն մեզ համար բացում է նոր հնարավորություններ, բայց մյուս կողմից, իհարկե, բերում է նոր մարտահրավերներ։

Ակնհայտորեն, այս օրերին միջազգային քաղաքականության մեջ կան բազմաթիվ մարտահրավերներ, մասնավորապես՝ Հայաստանի համար, ինչը մենք զգում ենք, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ բացվում են նոր հնարավորություններ, և մեր առաջադրանքն է կառավարել բոլոր մարտահրավերներն ու օգտվել հնարավորություններից այնքանով, որքանով հնարավոր է։

Կցանկանայի այս լսարանի ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր թեմայի վրա, որը ժողովրդավարությունն է։ Շատ կարևոր է շեշտել այն հանգամանքը, որ հիմա Հայաստանը զարգացող ժողովրդավարություն է։ Սա շատ կարևոր է և միջազգային հանրությունն ընդունում է այս փաստը։ Կարծում եմ` այս հանգամանքը, ես նկատի ունեմ ժողովրդավարությունը, շատ կարևոր ազդեցություն ունի մեր արտաքին քաղաքականության վրա, որովհետև երբ երկիրը ժողովրդավարական է, ակնհայտորեն այն փորձելու է խորացնել համագործակցությունը մյուս բոլոր ժողովրդավարական երկրների հետ, և մենք հույս ունենք մեր այս ձգտումը երկկողմանի կլինի։ Փաստացի մենք դա տեսնում ենք և գնահատում։

Մենք կշարունակենք ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը։ Իհարկե, ինչպես ամենուր, ժողովրդավարությունը բերում է մարտահրավերներ, բայց նաև բացում է հնարավորություններ, և մենք փորձում ենք կառավարել բոլոր մարտահրավերները, այդ թվում` ներքին, և օգտագործել բոլոր հնարավորությունները մեր երկիրը զարգացնելու նպատակով՝ կենտրոնում պահելով առաջին հերթին անվտանգային օրակարգը։

Բայց որպես անվտանգության ամենակարևոր շարունակություն մենք տեսնում ենք բարգավաճումն ու երջանկությունը, ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, անկախ դատական համակարգը և, ընդհանուր առմամբ, մեր քաղաքացիների հաջողությունը։ Մենք ուզում ենք, որպեսզի նրանք զգան, որ ժողովրդավարությունն իրապես գործոն է, որն ունակ է ապահովել անվտանգություն, բարգավաճում, ավելի ու ավելի հնարավորություններ բոլոր քաղաքացիների ու Հայաստանում ապրող բոլոր մարդկանց համար։ Մենք հույս ունենք, որ այս բարեփոխումների արդյունքում Հայաստանը կդառնա ավելի գրավիչ երկիր ներդրումների, ապրելու, այցելելու համար։ Սա է մեր քաղաքականությունը, որ մենք փորձում ենք առաջ տանել։

Իհարկե, մենք զգում ենք, որ Հայաստանի տեսանելիությունը՝ որպես ժողովրդավարական երկիր աճում է, որը շատ ոգևորող է, բայց մյուս կողմից իհարկե, հույս ունենք ավելի շատ տեսանելիություն ապահովել, ավելի շատ աջակցություն ստանալ մեր միջազգային գործընկերներից, ժողովրդավարությունում գրանցած Հայաստանի հաջողության պատմությունը, մարտահրավերների և անվտանգային սպառնալիքների պատմությունը ավելի տեսանելի դարձնել միջազգային հանրության համար, ինչը կարծում եմ` կարող է և կլինի մեր երկրի ու տարածաշրջանի համար կայունության և խաղաղության գործոն։ Ես փորձեցի ներկայացնել ընդհանուր պատկերը մեր երկրի և մեր տարածաշրջանի մասին և հիմա պատրաստ եմ պատասխանել ձեր բոլոր հարցերին։ Շնորհակալություն։

Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, դեսպան Ջոն Հերբսթ – Պարոն վարչապետ, շնորհակալություն այս համապարփակ ելույթի համար։ Ես պարոն վարչապետի հետ կունենամ հակիրճ զրույց, 15 րոպե, ինչից հետո խոսքը կտրամադրեմ լսարանին։ Իմ առաջին հարցին կարծես թե արդեն պատասխանել եք։ Ուզում եմ հարցնել` ինչո՞ւ եք այդպես հաստատակամ գնում դեպի Ադրբեջանի հետ խաղաղության։ Բայց կցանկանայի ևս մեկ հարց տալ։ Կարծում եմ` համոզիչ պատճառներ բերեցիք խաղաղության հասնելու ձեր ուղու համար, բայց հե՞շտ էր արդյոք համոզել Հայաստանի ժողովրդին այս ուղով գնալու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, ակնհայտորեն հնարավոր չէ ունենալ իրական և աճող անկախություն, բարգավաճում և անվտանգություն առանց խաղաղության։ Դա ուղղակի անհնար է։ Հայաստանում մարդիկ և քաղաքական ուժերը քննարկում են, թե ինչպե՞ս է հնարավոր և ո՞րն է ամենահուսալի գործիքը մեր երկրի և ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար։ Սա իսկապես շատ հրատապ և կարևոր հարց է։ Մեր պատասխանն այն է, որ խաղաղությունն է միակ հուսալի գործիքն անվտանգության համար, միակ հուսալի գործիքը բարգավաճման համար խաղաղությունն է։

Խաղաղությունն առանցքային է նույնիսկ ժողովրդավարության համար, որովհետև մենք չենք կարող ունենալ ժողովրդավարություն պատերազմի միջավայրում։ Կարող եմ ասել, որ պատմական գործոններով պայմանավորված, Հայաստանում մարդիկ այնքան էլ լավատես չեն խաղաղության օրակարգի առումով։ Բայց մյուս կողմից, եթե ինձ հարցնեիք` ես լավատես եմ, թե վատատես, այդ հարցին ես կպատասխանեի, որ չեմ կարծում, որ մենք պետք է լինենք լավատես կամ վատատես, մենք պետք է լինենք նախաձեռնող, ստեղծագործող և շարունակաբար աշխատենք այդ օրակարգի իրականացման ուղղությամբ։

Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ գործընթացը հաջող կլինի, դրա միակ երաշխիքը համառ աշխատանքն է, ստեղծագործող և նախաձեռնող լինելն է, չհանձնվելն է և շարունակաբար ցանկալիին հասնելու համար աշխատելն է։ Ակնհայտորեն, խաղաղության պոտենցիալ բարիքները կարևոր են ոչ միայն Հայաստանում ապրող մարդկանց համար, այլ ամբողջ տարածաշրջանի, նույնիսկ միջազգային հանրությունը կշահի այդ խաղաղությունից։

Այսպիսով, մենք ընկալում ենք այս գործընթացը որպես մեր ներդրումը համաշխարհային խաղաղությանը, որովհետև ինչպե՞ս է ձևավորվում համաշխարհային խաղաղությունն ու կայունությունը, երբ հնարավորինս շատ միջազգային հարաբերությունների շահագրգիռ կողմեր ներդրում անեն այդ գործին, աշխատեն այդ ուղղությամբ։ Եվ մենք այս գործընթացին այդ տեսանկյունից ենք նայում, դա ոչ միայն մեր պարտքն է մեր քաղաքացիների հանդեպ, մեր տարածաշրջանի հանդեպ, այլ դա մեր պարտականությունն է միջազգային հանրության, միջազգային կայունության և խաղաղության հանդեպ։

Մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունը ևս այս գործընթացին այդ տեսանկյունից կնայի։ Մենք ակնկալում ենք ստանալ մեր միջազգային գործընկերների աջակցությունը, այս ճանապարհը շարունակելու նրանց խրախուսումը։ Սա է պատճառը, որ փորձում ենք բացատրել մեր բոլոր մտադրությունների նյուանսները մեր միջազգային գործընկերներին։

Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, դեսպան Ջոն Հերբսթ – Շնորհակալություն։ Դուք նշեցիք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում խաղաղության պայմանագրի 17 կետից 15-ի մասով համաձայնության եք հասել։ 2-ի մասով դեռ ոչ։ Լինելով անկեղծ, բայց պահպանելով դիվանագիտական էթիկան, կարծում եմ` բանակցությունները դեռ երկար կտևեն, եթե Բաքվի իշխանությունները հետաքրքրված չլինեն մի խաղաղությամբ, որը հաղթանակ կլինի երկու կողմերի համար, ինչպես հարցին մոտենում է Ձեր Կառավարությունը։ Խնդրում եմ խոսեք այդ երկու կետերի մասին, որոնց շուրջ դեռ պետք է հասնել համաձայնության և համաձայնության հասնելու հեռանկարների մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Կետերից մեկը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով երրորդ կողմի ուժերի տեղակայմանը։ Ադրբեջանն առաջարկում է արգելք դնել սահմանի երկայնքով երրորդ կողմի ուժերի տեղակայման վրա՝ նկատի ունենալով Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ Մենք Ադրբեջանի այս ցանկությունն ի գիտություն ենք ընդունում և հանդես ենք եկել մեր սեփական առաջարկով, ինչը ենթադրում է կիրառել այդ կետը միայն սահմանի սահմանազատված հատվածներում։ Այսինքն, եթե մենք սահմանազատել ենք տվյալ հատվածը, դա նշանակում է, որ այդտեղ չպետք է ներկա լինի երրորդ կողմի ուժ։ Այսպիսով, մենք մեր առաջարկը ներկայացրել ենք գրավոր կերպով և սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։

Մյուս կետը վերաբերում է մեկը մյուսի դեմ իրավական կառույցներում ներկայացրած բողոքներին։ Գաղափարն այն է, որ բոլոր այդ բողոքները չեղարկվեն։ Ընդհանուր առմամբ, մենք այս գաղափարին ևս դեմ չենք, բայց մեր առաջարկը կայանում է ոչ միայն այդ բողոքները չեղարկելու մեջ, այլ նաև երկկողմ հարաբերություններում այդ հարցերը ևս չբարձրացնելու մեջ։ Հակառակ դեպքում տարօրինակ իրավիճակ կարող է ստեղծվել, երբ օրինակ` ինչ-որ հարց չեղարկվում է միջազգային կառույցի դատից, բայց կողմերից մեկը փորձում է այդ հարցը սեղանին դնել երկկողմ հարաբերություններում և կողմերից մեկը կարող է այդ հարցն օգտագործել սրումներ հրահրելու համար։ Այդ դեպքում արդեն հնարավոր չի լինի այդ հայցը փոխանցել միջազգային կառույցներին։ Մենք այդ գաղափարին էլ դեմ չենք։ Մենք առաջարկում ենք վերջ դնել կոնֆլիկտային հարցերի շուրջ հետագա քննարկումներին և բացել երկկողմ հարաբերությունների նոր դարաշրջան՝ սկսելով նոր ու մաքուր էջից։

Եթե նկատեցիք, սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի նախագծի բոլոր կարևոր հարցերն արդեն համաձայնեցված են։ Այդ նախագծում կային շատ խորը և զգայուն թեմաներ, բայց այդ բոլոր հարցերի շուրջ արդեն կա համաձայնություն։ Օրինակ, Հայաստանը և Ադրբեջանը համաձայնել են ճանաչել մեկը մյուսի տարածքային ամբողջականությունը՝ հիմնվելով Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանների վրա։

Մենք համաձայնեցրել ենք ունենալ մի այնպիսի դրույթ, որ Հայաստանը և Ադրբեջանը չունեն միմյանցից տարածքային պահանջներ և ապագայում ևս նման պահանջներ չեն բարձրացնի։ Սա փաստացի ապագա խաղաղության անկյունաքարն է և դրա շուրջ ամեն ինչ համաձայնեցված է։ Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև դա ակնհայտ է դարձնում այն, որ այժմ խաղաղությունն ավելի քան հասանելի է, և հիմա միայն քաղաքական կամք է հարկավոր խաղաղության պայմանագրի նախագիծն ավարտին հասցնելու, ստորագրելու ու կայուն խաղաղության հասնելու համար։

Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, դեսպան Ջոն Հերբսթ – Դուք նույնպես ընդունում եք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման կարևորությունը։ Այդ նպատակին հասնելու համար ակնհայտ առաջընթաց է գրանցվել, բայց այն դեռևս չի իրագործվել։ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման ինչպիսի հեռանկարներ կան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք կշարունակենք և շարունակում ենք այդ երկխոսությունը։ Կարծում եմ` Հայաստանը և Թուրքիան երբևէ այնպիսի ակտիվ երկխոսության մեջ չեն եղել, ինչպես հիմա։ Փաստացի, Թուրքիայի հետ հաղորդակցության որևէ խոչընդոտ չկա և մենք շարունակական կապի մեջ ենք։ Մեր արտգործնախարարներն են հանդիպում և խոսում շարունակաբար, մեր ներկայացուցիչները մշտական կապի մեջ են և մենք շատ ակտիվ աշխատում ենք ու անելիքների մասով կա ընդհանուր պատկերացում։ Բայց իհարկե, գոյություն ունեն որոշ նյուանսներ և իրական արդյունքի հասնելու համար որոշակի վերջնական քայլերի կարիք կա։ Հուսով ենք, որ շատ շուտով արդյունքը կլինի։

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, հանդես եկել ելույթով և պատասխանել բանախոսի հարցերին:

Իր ելույթում վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Տիկնայք և պարոնայք,
Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի հարգելի մասնակիցներ,

Ինձ համար պատիվ է այս շատ կարևոր թեմայի շուրջ կարծիքներով կիսվելու այս հնարավորությունն ունենալը։

Իմ տեսանկյունից կրոնի ազատությունը ժողովրդավարության մասին է: Չի կարող լինել ժողովրդավարություն՝ առանց կրոնական ազատության, քանի որ ազատ լինելը նշանակում է ազատ լինել Աստծո ընկալման և կրոնի ընկալման մեջ:

Բայց լինել ազատ, մյուս կողմից, նշանակում է հանդուրժողականություն ուրիշների կրոնական հայացքների նկատմամբ, և մեկն առանց մյուսի կարող է հանգեցնել կրոնական մոլեռանդության և ծայրահեղականության։

Աստծուն հավատալը կամ չհավատալն անձնական հավատքի և անձնական ազատության խնդիր է: Ինչպե՞ս հավատալ Աստծուն, ո՞ր կրոնի միջոցով` դա անձնական հավատքի և անձնական ազատության խնդիր է:

Իհարկե, ԱՄՆ-ն օրինակելի և առաջատար երկիր է բոլորի և բոլոր կրոնների համար` կրոնական ազատություն ապահովելու գործում: Այս ըմբռնումով էր, որ Հայաստանը միացավ ԱՄՆ-ի ոգեշնչմամբ ստեղծված Կրոնական ազատության և հավատքի միջազգային դաշինքին 2020 թվականի փետրվարին՝ նախագահ Թրամփի առաջին նախագահության օրոք։

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանի Հանրապետության գլխավոր կրոնական հաստատությունը Հայ Առաքելական եկեղեցին է, և դա բնական է, որովհետև Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որն ընդունել է Քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն և դա արվել է դեռևս 301 թվականին Հայոց թագավոր Տրդատ 3-րդի կողմից։ Այդ պահից Հայ Առաքելական եկեղեցին էական դեր է խաղացել մեր ժողովրդի համար։

Հայաստանում ունենք նաև Հայ Կաթողիկե եկեղեցին, ունենք նաև Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը, որոնք գործում են ազատորեն և մեծ հարգանք են վայելում մեր հասարակության մեջ։ Կան նաև այլ կրոնական կազմակերպություններ՝ հիմնված քրիստոնեության վրա, և նրանք գործում են ազատ։

Ուզում եմ նաև նշել, որ Հայաստանում է գտնվում աշխարհի ամենամեծ եզդիական համայնքը, և վերջերս Հայաստանում կառուցվել է աշխարհի ամենամեծ եզդիական տաճարը։ Հայաստանում ունենք Ռուս Ուղղափառ եկեղեցու, ասորական եկեղեցու, ռուս մոլոկանների, հեթանոսների ներկայությունը։

Հայաստանի հրեական համայնքը թեև փոքր է, բայց կարևոր դեր է խաղում մեր բազմազան հասարակության մեջ՝ իր հոգևոր կյանքով, որը կենտրոնացած է Երևանի Սինագոգի շուրջ:

Մեր մայրաքաղաք Երևանի կենտրոնում մենք գործող մահմեդական մզկիթ ունենք, որը մեր մշակութային ժառանգության շատ կարևոր մասն է։

Տիկնայք և պարոնայք,

Կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության շատ կարևոր մասն է: Տարածաշրջանային հարաբերությունների առումով չորս հարևան երկրներից երեքը` Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, հիմնականում մահմեդական բնակչություն ունեն։ Մեր մյուս հարևան Վրաստանը հիմնականում քրիստոնյա բնակչություն ունի՝ մեծ մահմեդական համայնքով։ Սա ցույց է տալիս, թե որքան կարևոր է կրոնական հանդուրժողականությունը մեր տարածաշրջանի կայունության համար։

Բարեբախտաբար, չնայած քաղաքական և էթնիկական հակասություններին, մենք ունենք կրոնական հանդուրժողականության և հարգանքի լավ ավանդույթ մեր տարածաշրջանում, և դա ավելի իրատեսական է դարձնում կայուն խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում: Եվ մենք հույս ունենք, որ մեր տարածաշրջանային վեճերը կվերածենք տարածաշրջանային երկխոսության, և կրոնական ազատությունն այն գործիքներից մեկն է, որը կարող է դա իրականություն դարձնել:

Շնորհակալություն ուշադրության համար»։

Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը պատասխանել է բանախոս Դեյվիդ Քարիի հարցերին:

Դեյվիդ Քարի - Շնորհակալություն պարոն վարչապետ այս միջոցառմանը ներկա լինելու համար, դա մեզ համար պատիվ է։ Ամենակարևոր հարցն այսօր այն է, թե ինչպես հասնել խաղաղության այն բարդ տարածաշրջանում, որտեղ Դուք ապրում եք։ Ուզում եմ շնորհավորել Ձեզ` «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համար։ Պատմեք, խնդրում եմ, ինչ հեռանկարներ կան «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հետ կապված։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Եվս մեկ անգամ շնորհակալություն։ Սա իսկապես լավ հնարավորություն է և պատիվ։ Այո, մենք նախաձեռնել ենք մի ծրագիր, որը կոչել ենք «Խաղաղության խաչմերուկ»։ Դա առաջին հերթին մեր տարածաշրջանային հաղորդակցությունների բացման մասին է, բայց այն միայն հաղորդակցությունների մասին չէ, որովհետև եթե հարցին նայենք կրոնական հանդուրժողականության տեսանկյունից, այն նաև մարդկանց միջև շփման մասին է, որովհետև երբ տրանսպորտային հաղորդակցությունները բաց են, սա առաջին հերթին մարդկանց համար իրար հետ շփվելու հնարավորություն է: Դա շատ որոշիչ գործոն է կայուն և ամուր խաղաղության համար։ Սա մեր տարածաշրջանային երկրներին ուղղված բաց առաջարկություն է, և իհարկե, նրանցից յուրաքանչուրի հետ մենք աշխատում ենք այս նախագիծը կյանքի կոչելու նպատակով։

Դեյվիդ Քարի - Հրաշալի է։ Հազարամյակներով Հայաստանը գտնվել է Աբրահամյան կրոնների խաչմերուկում։ Տնտեսությունից անդին անցնելով, ինչպե՞ս կարող է Հայաստանը մշակութային առումով դառնալ միջկրոնական երկխոսության մաս մահմեդականների, քրիստոնյաների, հրեաների և մյուսների միջև։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Արդեն նշել եմ, որ մեր երկրում ունենք տարբեր կրոնական համայնքներ։ Իհարկե, մեր երկրում չկա լարվածություն կրոնական համայնքների միջև։ Իհարկե, կան որոշակի ուժեր, ինչպես ամենուր, որոնք փորձում են սադրիչ քայլեր անել դրսից, բայց մեր ինստիտուտները հաջողությամբ արձագանքում են դրանց՝ թույլ չտալով որևէ մեկին լարվածություն սերմանել կրոնական համայնքների միջև։

Մեր երկրում տեղի է ունենում իրական երկխոսություն։ Ինչպես նշել եմ, մեզ մոտ է գտնվում աշխարհի ամենամեծ եզդիական համայնքը և այդ համայնքը մեր երկրի, ազգային ժառանգության շատ կարևոր մաս է կազմում։ Իհարկե, մենք մեծ հարգանք ենք տածում մահմեդականների, հրեաների և այլ կրոնական խմբերի նկատմամբ։ Ես արդեն ասել եմ, որ Հայաստանի ամենամեծ կրոնական հաստատությունը Հայ Առաքելական Եկեղեցին է, բայց մենք ունենք նաև Հայ Կաթողիկե եկեղեցի, և այլ եկեղեցիներ։ Սա մեզ համար շատ կարևոր ավանդույթ է։

Դեյվիդ Քարի - Արդեն տարիներ է, ինչ Հայաստանն անցում է կատարել կայսրության մաս կազմող երկրից անկախ պետության: Ինչպե՞ս է հայ ժողովուրդն էմոցիոնալ առումով ընդունել հանգամանքը, որ այն դարձել է իրապես անկախ պետություն՝ մնալով փոխկապակցված մնացած տարածաշրջանի հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, սա իսկապես շատ կարևոր հարց է։ Այժմ մենք փորձում ենք պետականության, անկախության գաղափարները մոտեցնել մեր ժողովրդին։ Որովհետև Դուք իրավացի եք, դրանք բացարձակապես տարբեր բաներ են, երբ կայսրության քաղաքացի ես ու երբ անկախ ու ժողովրդավարական երկրի քաղաքացի ես։ Երկար ժամանակ, մի քանի հարյուրամյակ, Հայաստանը չի ունեցել անկախ պետականություն, և 30 տարի առաջ մենք սկսեցինք մեր անկախության կերտումը, և հիմա գտնվում ենք կայուն ժողովրդավարություն ստեղծելու գործընթացի մեջ։ Դա հեշտ ճանապարհ չէ, բայց չափազանց կարևոր է։ Սակայն մենք անում ենք դա, ինչպես նշեցի, մենք զարգացող ժողովրդավարություն ենք, ինչը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը Հայաստանում մեծ ապագա ունի։

Դեյվիդ Քարի - Կուլիսների հետևում կարճ խոսակցություն ունեցանք և իմացա, որ սիրում եք հեծանիվ վարել, ինչը ես ինքս անում էի տարիներ առաջ։ Մի քանի անգամ եղել եմ Հայաստանում, տեսել եմ այդ գեղեցիկ երկիրը, նույնիսկ հայացք եմ նետել վիճելի տարածքներին, որտեղ վերջին տարիներին ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան։ Ես կցանկանայի տեսնել Հայաստանը` որպես ճամփորդության երկիր, որտեղ մարդիկ կգային․․․։ Ինչպիսի՞ ապագա է սպասվում, կարծում եք ինչ-որ մի օր Հայաստանը կդառնա՞ ճամփորդության համար գրավիչ երկիր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո իհարկե։ Իմիջիայլոց, մենք աշխատում ենք պրոֆեսիոնալ մրցաշար կազմակերպելու ուղղությամբ, գուցե անունը լինի Ճամփորդություն դեպի Հայաստան․․.

Դեյվիդ Քարի - Կարո՞ղ եմ դրա համար հոնորարներ ստանալ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո, իհարկե։ Բայց պրոֆեսիոնալ մրցաշար կազմակերպելը ժամանակ կպահանջի, գուցե մի քանի տարի, դրա համար մենք որոշել ենք այս տարի կազմակերպել սիրողական հեծանվավազք Հայաստանի հարավից դեպի հյուսիս, և բոլորիդ հրավիրում եմ մասնակցել։ Դա կլինի շատ լավ հնարավորություն` տեսնելու Հայաստանի Հանրապետության գեղեցիկ բնությունը, և մենք կուզենայինք ձեզ բոլորին տեսնել մեր երկրում։

Դեյվիդ Քարի - Շնորհակալ ենք այստեղ գալու համար։ Ձեր գալը նշանակում է, որ Դուք հավատում եք կրոնական ազատությանը, որ յուրաքանչյուրն իրավունք ունի դավանել իր կրոնին։ Ո՞րն է Ձեր եզրափակիչ ուղերձն այս մարդկանց, ովքեր տարբեր հավատքներ ունեն, բայց հավատում են, որ մարդիկ իրավունք ունեն դավանել իրենց սրտից բխող հավատքին։ Ի՞նչ կասեք նրանց ոգևորելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, ինձ համար Սուրբ Աստվածաշնչի, Նոր կտակարանի արժեքները շատ կարևոր են և իմ քաղաքական գործունեության սկիզբը հիմնված էր դրա վրա։ Երբ ես բանտում էի՝ որպես քաղբանտարկյալ, Աստվածաշունչն էր այն ուժը, որ օգնեց ինձ հաղթահարել այդ փորձությունը։ Իհարկե, շատ կարևոր է առաջնորդվել Աստվածաշնչով, ինձ համար, մասնավորապես, Նոր Կտակարանով, թե ինչպես վարվել ամենօրյա աշխատանքում։

Իհարկե, դա հեշտ չէ, մասնավորապես քաղաքականության մեջ, բայց մենք փորձում ենք ունենալ արժեքահեն քաղաքականություններ, լինի դա ներքին քաղաքականություն, տնտեսական քաղաքականություն, արտաքին քաղաքականություն։ Սրա համար կրոնական հանդուրժողականությունը և ազատությունը շատ կարևոր է։ Շատ դժվար է պատկերացնել ժողովրդավարություն՝ առանց կրոնական ազատության։ Այսպիսով, մենք տեսնում ենք Հայաստանը՝ որպես ժողովրդավարական երկիր, իրական ժողովրդավարական երկիր՝ աշխույժ քաղաքական երկխոսությամբ, տարածաշրջանային երկխոսությամբ, տարբեր մարդկանց, երկրների և քաղաքակրթությունների հետ երկխոսությամբ։

Մենք կաշխատենք այն ուղղությամբ, որպեսզի Հայաստանը դարձնենք շատ լուսավոր մի վայր տարբեր մարդկանց համար, որպեսզի նրանք գան, երկխոսության մեջ մտնեն, հեծանիվ վարեն, վայելեն բնությունը, կերակուրները և տեսնեն սրբավայրերը։ Մեր կրոնական կենտրոնը Էջմիածինն է, և ինչպես նշեցի` 301 թվականին Քրիստոնեությունն ընդունվեց հայոց թագավորի կողմից, որն առաջին դեպքն էր, երբ որևէ երկիր ընդունեց Քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն։ Այս զարգացման հետ կապ ունեցող բոլոր վայրերը հիմա գտնվում են Հայաստանում, դրանք սրբավայրեր են, և ես հրավիրում եմ այցելել դրանք, և Խոր Վիրապում, որտեղ մեր առաջին պատրիարքը կալանավորված էր՝ որպես քրիստոնյա, դա հետապնդում էր, բայց որոշ ժամանակ անց թագավորը հասկացավ, որ Քրիստոնեությունն է լավագույն կրոնը, և նա ընդունեց համապատասխան որոշում։ Այսպիսով, հրավիրում եմ բոլորիդ տեսնել բոլոր սրբավայրերը և փոխկապակցվել այս շատ հարուստ ու կարևոր պատմության հետ։

Դեյվիդ Քարի - Ես եղել եմ դրանցից մի քանիսում, շատ գեղեցիկ սրբավայրեր են։ Շնորհակալություն պարոն վարչապետ խաղաղության հանդեպ Ձեր հանձնառության համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալություն։

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում անցկացվող 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Ազգային աղոթքի նախաճաշին»։

Վարչապետը հանդես է եկել ելույթով: Միջոցառումն անցկացվել է փակ ձևաչափով:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում այցելել է Ջորջթաունի համալսարան: Վարչապետին դիմավորել է Էդմունդ Վոշլի անվան Արտաքին ծառայության ինստիտուտի դեկան, պրոֆեսոր Ջոուլ Հելմանը:

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել դասախոսությամբ, որին ներկա են եղել քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ և անվտանգություն ուսումնասիրող ուսանողներ և դասախոսներ:

Երկրի ղեկավարն իր ելույթում անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման, իրականացվող բարեփոխումների ընթացքին, տարածաշրջանում առկա իրավիճակին, մասնավորապես, Հայաստանի շուրջ տեղի ունեցած գործընթացներին և առկա մարտահրավերներին, ինչպես նաև դրանց լուծման քայլերին: Վարչապետն ընդգծել է ժողովրդավարության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում ՀՀ Կառավարության հանձնառությունը՝ այդ համատեքստում կարևորելով ինստիտուտների և նրանց կարողությունների զարգացումը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ու շեշտել ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Վարչապետը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` միտված տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը:

Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը պատասխանել է նաև ուսանողներին և դասախոսներին հետաքրքրող մի շարք հարցերի:

* * *

Վաշինգտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագահ Դանիել Թվինինգի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության և Ինստիտուտի միջև համագործակցության ընթացքը, Հայաստանում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև հետագա համատեղ քայլերը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների խորացմանը:

Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությունը և ընդգծել հանրային հաղորդակցության կարողությունների զարգացման կարևորությունը՝ այն դիտարկելով որպես բաց և թափանցիկ կառավարման հիմք: Վարչապետն ընդգծել է նաև Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև ստորագրված Ռազմավարական գործընկերության կանոնադրության կարևորությունը, որը նոր հնարավորություններ կստեղծի երկկողմ կապերի ընդլայնման համար՝ ներառելով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, քաղաքացիական հասարակության կարողությունների բարձրացումը և ռեֆորմների արդյունավետ իրականացումը:

Դանիել Թվինինգը վերահաստատել է Միջազգային հանրապետական ինստիտուտի հանձնառությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանի Կառավարության բարեփոխումների օրակարգին և ժողովրդավարական զարգացմանը:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ամերիկյան ռազմավարական հետազոտությունների Heritage հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման համատեքստում կարևորվել է երկկողմ փոխգործակցության զարգացումը տնտեսության, էներգետիկայի, ներդրումների, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ:

* * *

Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։

← Վերադառնալ