Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

Միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դադարեցնելու համար. վարչապետի հոդվածը Լe Monde-ում

24.07.2023

Ֆրանսիական հեղինակավոր Լe Monde պարբերականում հրապարակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը: Ստորև ներկայացվում է հոդվածի թարգմանությունը.

«Հուլիսի 15-ին հանդիպել եմ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս հանդիպումը վերջին չորս ամիսների ընթացքում տարբեր ձևաչափերով և տարբեր մայրաքաղաքներում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումների շարքից վերջինն է: Հայաստանն իր գործողություններով ապացուցել է, որ կառավարությունը և ժողովուրդն ունեն իրական կամք՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար:

Մենք հաստատապես համոզված ենք, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը կարող է կարևոր դրական հետևանքներ ունենալ համաշխարհային մասշտաբով: Հայաստանը վերջին տարիներին այս բարդ տարածաշրջանում դարձել է կայուն ժողովրդավարական երկիր։ Աշխարհագրական առումով մենք ռազմավարական խաչմերուկ ենք։

Եթե մենք կարողանանք առաջ տանել մեր խաղաղության օրակարգը, կարգավորել հարաբերությունները մեր հարևանների հետ և ստեղծել հզոր տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքներ, դա կհանգեցնի բարեկեցության աճի, այն կկառուցի կամուրջներ Ասիայի և Եվրոպայի միջև ու կնպաստի համաշխարհային առևտրին և միջազգային կայունությանը։ Չնայած խաղաղության համաձայնագիրն ուրվագծվում է, այն իրականություն դարձնելու համար դեռ էական խոչընդոտներ կան: Տասնամյակներ ձգվող այդ խոչընդոտների հաղթահարումը հնարավոր կլինի միայն Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն իսկապես հավատացող գործընկերների ամուր աջակցությամբ:

Այսօր խաղաղության ամենամեծ խոչընդոտն Ադրբեջանի ագրեսիվ և անօրինական գործողություններն են Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ մասնավորապես Լաչինի միջանցքում, ինչպես նաև՝ Հայաստանի սահմաններում։ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղի հայությանը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է: Դեկտեմբերից ի վեր բնապահպանական բողոքի կեղծ պատրվակով Ադրբեջանի կողմից խստորեն սահմանափակվել է մուտքը միջանցք: Այժմ Բաքուն ավելի հեռու է գնացել՝ միջանցքի մուտքի մոտ սահմանային անցակետ տեղադրելով, ընդհուպ խոչընդոտելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մուտքը։ Սա նշանակում է, որ սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը լրջորեն խաթարված է։ Amnesty International-ը, Human Rights Watch-ը, Եվրոպական խորհրդարանը, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը և այլ ազդեցիկ կառույցներ նախազգուշացրել են խորացող հումանիտար ճգնաժամի մասին:

Ադրբեջանը ոչ միայն արգելափակում է մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքը, այլև միտումնավոր խափանել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը և էլեկտրամատակարարումը։ Այս գործողություններն ուղեկցվում են աճող ագրեսիվ հռետորաբանությամբ և քարոզչությամբ, ինչպես նաև ադրբեջանական ուժերի կողմից գյուղացիների թիրախավորմամբ:

Նպատակը պարզ է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար հնարավորինս դժվարացնել կյանքը և, ի վերջո, ստիպել նրանց լքել իրենց տները։ Դա էթնիկ զտման դասական օրինակ է, և եթե միջազգային հանրությունը չարձագանքի` իրավիճակը կդառնա մարդկության հերթական ձախողումը։ Միջազգային հանրությունը պետք է համարձակ քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի՝ Սարաևոյի ոճի պաշարումը դադարեցնելու համար:

Շրջափակումը՝ Ադրբեջանի կողմից իրավաբանորեն ամրագրված պարտավորությունների և ամենակարևոր Արդարադատության միջազգային դատարանի բազմաթիվ նմանօրինակ որոշումների խախտում է: Փետրվարին Արդարադատության միջազգային դատարանը հայտարարեց, որ Ադրբեջանը պետք է «ձեռնարկի իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ»:

Սակայն անցել է հինգ ամիս, և իրավիճակն ավելի է վատացել։ Եվրամիությունը հստակ հայտարարել է, որ Ադրբեջանի գործողություններն անընդունելի են։ Այժմ կառույցը պետք է օգտագործի իր լծակները՝ էներգետիկ իր գործընկերոջ՝ Բաքվի վրա ճնշում գործադրելու համար՝ առանց հապաղելու Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումն իրականացնելու համար: Եվրախորհրդարանը և ԵՄ անդամ երկրների մի շարք խորհրդարաններ ընդունել են բանաձևեր՝ կոչ անելով ԵՄ-ին գործել այս ուղղությամբ:

Ներկայիս ճգնաժամն ընդգծում է, թե ինչու Լեռնային Ղարաբաղի 120 000 հայերի իրավունքների և անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար առանցքային նշանակություն ունի: Եվրամիությունը և մյուս միջազգային գործընկերներն այս հարցում հիմնարար դերակատարում ունեն:

Բաքվի և Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների միջև պետք է ուղիղ և ինստիտուցիոնալ երկխոսություն հաստատվի, որի արդյունավետությունը պահանջում է միջազգային մեխանիզմի ստեղծում և երաշխիքներ միջազգային գործընկերներից՝ անվտանգությունն ու ներգրավված կողմերի պարտավորությունների կատարումն ապահովելու համար։

Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունն առանցքային հարց է, որը պետք է լուծվի մեր տարածաշրջանում արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու համար: Կան դեռևս չլուծված խնդիրներ. Ադրբեջանը դեռևս հրաժարվում է ճանաչել միջազգայնորեն ընդունված սահմանները, օկուպացված է պահում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասը, չի վերադարձնում ռազմագերիներին, որոնց պարտավորվել է վերադարձնել 2020 թվականին։ Բաքվի իշխանությունները կիրառում են ուժ և ուժի սպառնալիք՝ իրենց ծավալապաշտական նպատակներին հասնելու համար։

Սա չպետք է հանդուրժել. խաղաղ գործընթացի հետևողական տորպեդահարումը չպետք է անհետևանք մնա: Հակառակ դեպքում, Լեռնային Ղարաբաղը շրջափակած ադրբեջանական ուժերը կմտածեն, որ կարող են անպատիժ գործել։

Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ միջնորդական և օժանդակող ջանքերը, մասնավորապես՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծումը: Այն կենսական խնդիր է կատարում Ադրբեջանի հետ մեր միջազգային սահմանի մոնիտորինգի, տեղում կայունության բարձրացման և սահմանամերձ շրջաններում ապրողների հետ վստահության ամրապնդման գործում: Սրանք սկզբունքներ են, որոնք առանցքային են Հայաստանի ինքնության համար։ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը գիտակցաբար հետամուտ են եղել քաղաքական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ պաշտպանելու մարդու իրավունքները, ամրապնդելու օրենքի գերակայությունը, լրատվամիջոցների ազատությունը և պայքարելու կոռուպցիայի դեմ: Միջազգային վարկանիշային աղյուսակում Հայաստանի առաջընթացն արտացոլում է մեր ձեռքբերումներն ու վճռականությունը, և ԵՄ աջակցությունն այս գործընթացներում շատ գնահատելի է։

«Ժողովրդավարական ապագայի հանդեպ անսասան հանձնառությունն օգնեց հայ ժողովրդին դիմանալ դժվարին ժամանակներում: Մենք կշարունակենք այդ հանձնառությունը, քանի որ ձգտում ենք կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Հենց այս պահին նման համաձայնության հասնելու հնարավորությունների պատուհան կա։ Հայաստանի կառավարությունը հավատարիմ է այս գործընթացին և նշանակալի քայլեր է ձեռնարկել դրան հասնելու համար։ Այժմ մեզ անհրաժեշտ է Եվրոպայի և գործընկերների աջակցությունն ամբողջ աշխարհում՝ ապահովելու համար, որ Ադրբեջանը նույնպես կատարի իր հանձնառությունները և իրավական պարտավորությունները: Եթե հաջողության հասնենք, ապա կայուն խաղաղության համաձայնագիրը կարող է իսկապես գլոբալ ազդեցություն ունենալ»:

← Վերադառնալ