Մամլո հաղորդագրություններ

Հանրապետության վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

19.04.2018

ՀՀ ԱԺ հատուկ նիստում ընտրվելուց և Հանրապետության նախագահի հրամանագրով վարչապետ նշանակվելուց հետո Սերժ Սարգսյանը օտարերկրյա պետությունների ղեկավարներից, ՀՀ պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից շնորհավորանքներ է ստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Հանրապետության վարչապետին շնորհավորական ուղերձներ են հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, ՉԺՀ վարչապետ Լի Քեցյանը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը:

Վարչապետ Սերժ Սարգսյանին ուղղված՝ ՉԺՀ վարչապետ Լի Քեցյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ անկեղծ շնորհավորանքներ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Հայաստանը հանդիսանում է Չինաստանի ավանդական և բարեկամ գործընկերը, հայ-չինական հարաբերությունները սկիզբ են առնում դարերի խորքից:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրների միջև պահպանվում են բարձր մակարդակի սերտ շփումներ, անշեղորեն ամրապնդվում է քաղաքական փոխվստահությունը,հետևողական կերպով առաջ է ընթանում պրակտիկ համագործակցությունը առևտրատնտեսական, հումանիտար, ենթակառուցվածքային և այլ ոլորտներում:

Չինական կողմը պատրաստ է հայկական կողմի հետ համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում հասնի նոր առաջադիմության, որպեսզի «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության համատեղ իրականացումը առավել շատ դրական արդյունքներ ապահովի՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ նոր պատասխանատու պետական պաշտոնում»:

Վարչապետ Սերժ Սարգսյանին ուղղված՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.


«Հարգելի՛ Սերժ Ազատի,
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Համոզված եմ, որ Ձեր մասնագիտական հմտությունները և կյանքի փորձը կօգնեն բարեկամ Հայաստանին հասնելու նոր հաջողությունների իր դինամիկ զարգացման ճանապարհին:

Վստահություն եմ հայտնում, որ Ղազախստանի և Հայաստանի միջև ավանդական բարեկամական և ջերմ փոխհարաբերությունները այսուհետ ևս կզարգանան՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների:

Հարգելի՛ Սերժ Ազատի, օգտնվելով առիթից, մաղթում եմ Ձեզ քաջառողություն և հաջողություններ նոր պատասխանատու պաշտոնում Ձեր նախաձեռնություններում, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի՛ Սերժ Ազատի,

Կցանկանայի հատկապես ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում: Վստահ եմ, որ նոր պաշտոնում Դուք կշարունակեք առաջնահերթ ուշադրություն հատկացնել երկկողմ համագործակցության ամբողջ համալիրի զարգացմանը, տարբեր ոլորտներում համատեղ հեռանկարային նախագծերի և նախաձեռնությունների առաջմղմանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը: Դա լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի շահերին»:

Վարչապետին ուղղված շնորհավորանքները շարունակվում են:

 

← Վերադառնալ