Մամլո հաղորդագրություններ
Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Դուշանբեում Իլհամ Ալիևի հետ ոչ պաշտոնական հանդիպումից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-ին սոցիալական ցանցում ուղիղ միացմամբ մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դուշանբեում ունեցած ոչ պաշտոնական հանդիպման վերաբերյալ:
Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Գիտեմ, որ որոշակի հետաքրքրություն կա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած իմ շփումների վերաբերյալ: Ըստ էության, այդ շփումը նույնպես ոչ ֆորմալ էր, և դա մեր այդպիսի առաջին քննարկումն էր, այդպիսի առաջին շփումն էր: Հիշում եք, որ հունիսի 14-ին՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման օրը, Ռուսաստանի Դաշնության նախագահը ծանոթացրել էր մեզ: Ասինքն՝ մենք ծանոթ էինք, բայց դրանից հետո ոչ մի շփում, խոսակցություն, և նույնիսկ այդ ծանոթացման ժամանակ ոչ մի շփում, խոսակցություն չէր եղել, պարզապես ծանոթացել էինք: Այս անգամ որոշակի առարկայական խոսակցություն ստացվեց, և այդ առարկայական խոսակցության արդյունքում մենք մի քանի կարևոր կետեր արձանագրեցինք:
Այդ կետերից առաջինը վերաբերում էր նրան, որ մենք պայմանավորվեցինք, որ մեր պաշտպանության նախարարներին հանձնարարություն տանք, որպեսզի նրանք կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարումն իջեցնելու վերաբերյալ: Այսինքն՝ խոսքը վերաբերում է սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված քայլերին: Կարծում եմ՝ սա կարևոր պայմանավորվածություն է:
Ես այս պայմանավորվածության մասին նաև անմիջապես տեղյակ եմ պահել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, և այս պայմանավորվածությունը, ըստ էության, նրա համար նույնպես ընդունելի է եղել: Եվ մենք կարող ենք ասել՝ կա պայմանավորվածություն, որ հայ-ադրբեջանական սահմանի և Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով միջոցներ ձեռնարկվեն հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կանխարգելելու վերաբերյալ:
Երեկ երեկոյան Դուշանբեից ես համապատասխան հրաման եմ տվել մեր Զինված ուժերին: Ուրախ եմ արձանագրել, որ նախորդ գիշեր, համենայն դեպս իմ վարչապետ ընտրվելուց հետո եղել է ամենահանգիստ, ամենախաղաղ գիշերը: Եվ ես հույս ունեմ, որ այն տրամաբանությունը, որ վերջին շրջանում գործում էր և, ցավոք, մենք զոհեր էինք ունենում և կորուստներ էին տեղի ունենում թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից, այս մարդաորսին, ըստ էության, պետք է դադար տրվի և այդ մասին մենք՝ Ադրբեջանի նախագահի հետ, ձեռք ենք բերել պայմանավորվածություն:
Հաջորդ կետով արձանագրել ենք բանակցային պրոցեսի և բանակցային մեթոդի նկատմամբ մեր հավատարմությունը: Այսինքն՝ արձանագրվել է, որ բանակցություններով պետք է կարգավորվի Ղարաբաղի հարցը:
Եվ երրորդ շատ կարևոր կետը հետևյալն է, որ մենք պայմանավորվել ենք օպերատիվ կապի որոշակի կոմունիկացիա ստեղծել: Առայժմ սա համաձայնություն է, իսկ թե ինչպիսին կլինի կոնկրետ այդ կոմունիկացիոն կապը զուտ տեխնիկական առումով՝ մենք կոնկրետ այդպիսի պայմանավորվածություն ձեռք չենք բերել: Պարզապես համաձայնվել ենք, որ կհանձնարարենք մեր համապատասխան գերատեսչություններին, որ նրանք օպերատիվ կապի այդպիսի համակարգ կարողանան մշակել, որպեսզի հնարավոր լինի կողմերի միջև օպերատիվ կապ հաստատել, որովհետև ամեն անգամ այդ բանավեճն ի վերջո տեղի է ունենում՝ ով սկսեց, ով խախտեց զինադադարի ռեժիմը, ով առաջինը կրակեց, ով երկրորդը կրակեց: Այդ խոսակցությունն անընդհատ շարունակվում է, և մենք հիմա խնդիր ունենք փորձել օպերատիվ կապի որոշակի միջոց ունենալ, եթե իսկապես երկուստեք ուզում ենք, որ հրադադարի ռեժիմը լիարժեք պահպանվի, որովհետև կիսահրադադարի ռեժիմն այնքան էլ հասկանալի չէ: Մենք պետք է անպայման այդպիսի օպերատիվ կապի կոմունիկացիա ունենանք:
Ընդհանուր առմամբ, սա է Ադրբեջանի նախագահի հետ մեր պայմանավորվածությունը: Իհարկե, մեր շփումը եղել է երեկ երեկոյան և այսօր ևս որոշակի քննարկումներ ենք ունեցել, որպեսզի այս կետերը համաձայնեցնենք ու ճշգրտենք, որ մենք ճիշտ ենք հասկանում իրար և, ըստ էության, արձանագրվել է:
Ընդհանուր քննարկումներ ենք ունեցել, բայց ես ուզում եմ ասել, որ բովանդակային որևէ քննարկում չի եղել: Այսինքն՝ այս փուլում քննարկումը եղել է հետևյալը՝ ինչպես անել, որ շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածությունը նվազի, որպեսզի մենք կարողանանք կանխել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Եթե մենք խոսում ենք ընդհանրապես հարցի կարգավորման մասին, հասկանալի է չէ՞, որ կարգավորման համար հարկավոր է կարգավորման մթնոլորտ: Երբ ամենօրյա ռեժիմով փոխադարձ կրակոցներ են հնչում, փոխհրաձգություն է տեղի ունենում, այնքան էլ տրամաբանական չէ կարգավորման մասին խոսելը, պետք է մենք իսկապես գնանք քայլերի, որտեղ հնարավոր լինի արդեն նորմալ մթնոլորտում խոսել կարգավորման սկզբունքների, բովանդակության, նրբությունների մասին: Եվ անկեղծ ասած, ես ուրախ եմ, որ այս պայմանավորվածությունները ձեռք բերվեցին և հույս ունեմ, որ կպահպանվեն դրանք: Համենայնդեպս ես կարծում եմ՝ մենք բոլորս էլ գիտակցում ենք, որ այս պայմանավորվածությունների պահպանումը չափազանց կարևոր է: Մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի այս պայմանավորվածություններն արդյունավետ լինեն»: