Մամլո հաղորդագրություններ
Այլևս չունենք Հայաստանի օրակարգ և Սփյուռքի օրակարգ, ունենք համազգային օրակարգ, որի նպատակը համազգային նպատակների իրագործումն է. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի հայ համայնքի ներկայացուցիչներին
- 1670x1113px - 629 Կբ
- 1670x1113px - 2 Մբ
- 1670x1113px - 2 Մբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 2 Մբ
- 1670x1113px - 868 Կբ
- 1670x1113px - 760 Կբ
- 1670x1113px - 824 Կբ
- 1670x1113px - 563 Կբ
- 1670x1113px - 629 Կբ
- 1670x1113px - 587 Կբ
- 1670x1113px - 582 Կբ
- 1670x1113px - 806 Կբ
- 1670x1113px - 2 Մբ
- 1670x1113px - 2 Մբ
- 1670x1113px - 632 Կբ
- 1670x1113px - 659 Կբ
- 1670x1113px - 2 Մբ
- 1670x1113px - 537 Կբ
- 1670x1113px - 952 Կբ
- 1670x1113px - 2 Մբ
ևս 18 լուսանկար
Իրան կատարած պաշտոնական այցի առաջին օրվա վերջին հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի և իր գլխավորած կառավարական պատվիրակության հետ ունեցել է տեղի հայ համայնքի հետ: Հանդիպումը կայացել է Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միությունում: Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա են եղել հազարավոր իրանահայեր, ովքեր ՀՀ կառավարության ղեկավարին ողջունել են մեծ ոգևորությամբ, ջերմությամբ և ծափողջյուններով:
Նիկոլ Փաշինյանը մինչ ելույթով ներկաներին դիմելը` գրառում է կատարել «Արարատ» մարզամշակութային միության պատվավոր հյուրերի գրքում:
Ողջունելով իրանահայ համայնքի ներկայացուցիչներին` Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Իրանի հպարտ հայության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ: Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը` մաքուր հայկական, մաքուր հայաստանյան, մաքուր ընտանեկան, մաքուր հարազատ այսպիսի մթնոլորտում: Ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, հպարտանում եմ ձեր ոգով, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, որ ապրելով հայրենիքից դուրս, այո, բարեկամական, եղբայրական Իրանում, այնուամենայնիվ շատ կարևոր է, որ ապահովել եք այսպիսի մթնոլորտ: Սա փաստում է, որ Իրանի քաղաքացի լինելը որևէ հակասության մեջ չի մտել և չի մտնում հայ լինելու հետ, հայաստանցի լինելու հետ, հայաստանակենտրոն լինելու հետ:
Նախորդ ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխական օրերին, իհարկե, շատ հնարավորություն չեմ ունեցել հետևելու, թե ինչ է կատարվում մեր համայնքներում, մասնավորապես, Իրանի հայ համայնքում, բայց նաև գիտեմ, որ ողջ համայնքն ուշի ուշով հետևել է հայաստանյան իրադարձություններին: Չեմ սասանվի ոչ մի րոպե ասել, որ սիրելի հայրենակիցներ, դուք լիարժեք մասնակիցն ու հեղինակն եք այն ժողովրդական հեղափոխության, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Անկախ նրանից, թե ով է ֆիզիկապես այդ օրերին եղել ՀՀ-ում` առանց ձեր աջակցության այդ փոփոխությունները տեղի չէին ունենա:
Այո, ձեզնից յուրաքանչյուրն իր սիրով, ուշադրությամբ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության լիարժեք մասնակիցն է, և Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության հաղթանակը ձեզնից յուրաքանչյուրի անհատական հաղթանակն է, որովհետև այս հաղթանակը միասնություն է բերել հայ ժողովրդին և այդ միասնությունը երբեք որևէ բանով չի խաթարվելու:
Ուզում եմ հստակ արձանագրել. այո ՀՀ-ում սփյուռքի հետ կապված հարցերում կարող են լինել քննարկումներ, բանավեճեր, տարբեր մոտեցումներ և տեսակետներ, բայց ուզում եմ մի կոնկրետ խնդիր դնել բոլորիս առաջ, առաջին հերթին, իհարկե, իմ և մեր կառավարության առաջ. պետք է բացառել այնպիսի գործողությունները, որոնք որևէ կերպ կասկածի տակ կդնեն այն բացառիկ ազգային միասնությունը, որ այսօր վայելում է հայ ժողովուրդը Հայաստանում, Իրանում և ի սփյուռս աշխարհի: Այդ միասնությունը դուրս է ցանկացած քաղաքական, կուսակցական շահից, մեր ազգային միասնությունը վեհ է ամեն ինչից և բոլորս ծառայում ենք այդ ազգային միասնությանը:
Չեմ կարող իմ առանձնահատուկ հարգանքի և գնահատանքի խոսքերը չասել «Արարատ» ակումբին, որը երկար տարիներ անհատական ջանքերով, համայնքի ջանքերով, առանձին խմբերի ջանքերով, կուսակցությունների ջանքերով կարողացել է ստեղծել այսպիսի մի բացառիկ հայկական օջախ, որի ամեն քարից, ծառից, ամեն անկյունից երևում է հայկականությունը: Սա իսկապես մեր միասնական հպարտությունն է, շնորհակալություն եմ հայտնում «Արարատ» ակումբի սիրելի մասնակիցներ, կազմակերպիչներ: Ընդգծում եմ, որ այս ծառայությունը բացառիկ է ոչ միայն Իրանի հայ համայնքի, այլ ընդհանրապես հայության և ՀՀ-ի համար:
Ուզում եմ ընդգծել նաև այն բացառիկ ծառայությունը, որ այստեղ իրանահայ համայնքում ունեցել է և ունի Հայ Առաքելական եկեղեցու իրանահայ թեմը, Հայ Կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին: Այն, որ բոլորս այստեղ նույն տանիքի տակ ենք հավաքված` ընդգծում է, որ մեր ժողովրդի պատմության համար իսկապես նոր էջ է բացվել, և այդ պատմության մեջ մեզնից յուրաքանչյուրն ունի գրելու և ստեղծելու իր բաժինը:
Մեր հեղափոխության և կառավարության մեծագույն առաքելությունն այն է, որ մեզնից յուրաքանչյուրը, ձեզնից յուրաքանչյուրը, մենք` որպես ամբողջություն, ոչ միայն հավատանք մեր հայրենիքի, ժողովրդի ապագային, այլև վստահ, համոզված լինենք, որ մենք հաղթական քայլելու ենք 21-րդ դարում: Սա մի նոր համազգային քայլարշավ է, որով մենք նոր էջ պետք է բացենք մեր ժողովրդի պատմության մեջ:
Շնորհակալություն եմ հայտնում, որ դուք այսպիսով արձանագրում եք նաև ձեր հավատարմությունն այն արժեքներին, որ բերեց տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը:
Մեր միասնական խնդիրը հետևյալն է. մենք այլևս չունենք Հայաստանի օրակարգ և Սփյուռքի օրակարգ, ունենք համազգային օրակարգ, որի նպատակը մեր համազգային նպատակների և երազանքների իրագործումն է:
Բազմիցս ասել եմ. շատ երկար ժամանակ տառապանքների մեջ, չարչարանքների մեջ մեր ժողովուրդը երազել է, մենք երազել ենք նոր հաղթանակների, նոր երջանկության և նոր միասնության մասին: Ուզում եմ ասել, որ եկել է երազանքները կյանքի կոչելու ժամանակը և այսօրվա ձեր ներկայությունը վկայում է, որ մենք միասնական ենք և վճռական երազանքները կյանքի կոչելու ճանապահին, լինի դա տնտեսապես Հայաստանը հզորացնելու, լինի Արցախի ժողովրդի արդար պահանջի իրացման, լինի մեր երազանքների իրացման հարցը:
Մենք մեր ձեռքերով պետք է կերտենք մեր ապագան, այնպես, ինչպես մեր ձեռքերով կերտել ենք մեր ներկան: Մեր ճակատագիրն այլևս արևելքներում, հյուսիսներում և հարավներում չէ, այլ մեր ձեռքերում է, և մենք որպես արժանապատիվ քաղաքացիներ` մեր ձեռքը պետք է վերցնենք մեր ճակատագրի ղեկը և որպես պետություն, որպես ժողովուրդ պետք է առաջնորդենք նորանոր հաղթանակների: Բայց ուզում եմ նաև ընդգծել, որ այս երազանքների իրականացումը յուրաքանչյուրիցս, առավել ևս ինձնից, կառավարությունից է կախված:
Ձեր առանձնահատուկ պարտականությունն այսօր դուք կատարեցիք, որովհետև հանդիպումից այնքան էներգիա, ուժ ստացա, որ Հայաստան վերադառնալուց հետո իմ առաքելության մեջ լինելու եմ կրկնակի, եռակի, քառակի ջանասեր: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այսպիսի հանդիպման և մթնոլորտի համար:
Ուրեմն կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ հայ-իրանական բարեկամությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք որպես ազատ, հպարտ և արժանապատիվ ժողովրդի արժանապատիվ և հաղթական զավակներ: Շնորհակալ եմ»:
Այնուհետև վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաների մի շարք հարցերին, որոնք վերաբերել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը, Իրան կատարած այցին և բանակցությունների արդյունքներին, ՀՀ կառավարության առաջնահերթություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին ու այլ թեմաների:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցադրումներին, որի սղագրությունը ներկայացվում է ստորև.
Հարց – Պարոն վարչապետ, Նիկոլ Փաշինյան, բարի գալուստ մեր գաղութ:
Նախ, ի՞նչ կասեք հայ-թուրքական հարաբերությունների մասին, որը շատ քիչ է դիտարկվում և լսվում Ձեր ելույթների մեջ: Երկրորդը՝ վերջին հանդիպումները Մնացականյանի և Մամեդյարովի միջև ընդհանրապես լրատվական գործակալությունների մոտ ընդհանուր լուրեր են դրվել: Արդյոք այդ հանդիպումները միայն բարև-բարի լույս և նման բառերով են ավարտվե՞լ, թե՞ կան ինչ-որ պայմանավորվածություններ, որքանով հնարավոր է այս լսարանին ասել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին: Չգիտեմ ինչու չհիշատակեցիք իմ և Ալիևի հանդիպումները: Ես ձեզ կարող եմ ասել հետևյալը, որ ըստ էության, հանդիպումների շրջանակի մասին ինչ-որ կար ասելու, ես ամեն ինչը հրապարակային ասել եմ, և ես ուզում եմ ընդհանրապես մի բան ասել՝ ուղիղ ձեր աչքերի մեջ նայելով: Ես հույս ունեմ, որ դա ասելու կարիք ընդհանրապես չկա էլ, և դուք բոլորդ դա գիտեք: Ուրեմն բացառվում է, այսինքն՝ լեզուս չի էլ պտտվում դա ասեմ ես, այսինքն՝ այսօր մարդիկ կան, այնպիսի տպավորություն են ստեղծում, ես ոմանց կարդում եմ, որ մեր բանի մասին գրում են, այնպիսի տպավորություն է, որ նույնիսկ չգիտեմ ինչ ասեմ: Այսինքն՝ ինչ, մենք ժողովրդի ուժով և ժողովրդի մանդատով հասել ենք կառավարական կարգավիճակների, որ մեր հայրենիքի և ժողովրդի դեմ գործե՞նք: Որտե՞ղ է այդ տրամաբանությունը, մեկը կարող է բացատրի:
Ինչ վերաբերում է կոնկրետ պայմանավորվածություններին: Պայմանավորվածությունը հետևյալն է, որ մենք պետք է քննարկենք հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունները: Արդյոք ես այսպիսի հնարավորություններ այսօր տեսնո՞ւմ եմ և կարող եմ ասել, որ այդ խոսակցությունների գործընթացում տեսնո՞ւմ եմ որևէ առաջընթաց: Ցավոք, այդպիսի բան ասել ես չեմ կարող՝ մի պարզ պատճառով, որովհետև, գիտեք, վերջերս մի այսպիսի խոսակցություն տեղի ունեցավ, երբ միջազգային ներկայացուցիչները գալիս են և մեզ հարցնում են՝ իսկ դուք պատրա՞ստ եք փոխզիջումների: Մենք նրանց շատ պարզ պատասխանում ենք, ասում ենք՝ իսկ ձեզ ո՞վ է ասել, որ այդ հարցի պատասխանողը և առաջին պատասխանողը մենք պետք է լինենք: Իսկ դուք Ադրբեջանին հարցնո՞ւմ եք՝ իրենք պատրա՞ստ են փոխզիջումների, թե՞ պատրաստ չեն փոխզիջումների: Մենք այդ հարցին չենք պատասխանի այնքան ժամանակ, մինչև այս հարցին հստակ չի պատասխանել Ադրբեջանը: Հիմա մենք կարող ենք շատ հստակ հիմնավորել, թե ինչու այդ հարցին առաջինը պետք է պատասխանի Ադրբեջանը: Որովհետև Ադրբեջանն է, որ ամեն օր սպառնալիքներով է խոսում Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ և մեր հասցեին: Եվ եթե ասում եմ, որ եթե որևէ մեկը մտածում է որ կարող է սպառնալիքով կամ ուժով Ղարաբաղի հարց լուծել, ինքը չարաչար սխալվում է: Բայց չարաչար սխալվում է հենց այն պատճառով, որ այդ ասողը չի գիտակցում, որ ինքը գործ ունի ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, ինքը գործ ունի համայն հայության հետ, որն այսօր առավել միասնական է, քան երբևէ: Եվ Ղարաբաղի նկատմամբ որևէ սպառնալիքի դեպքում այդ միասնությունը կրկնապատկվելու է, եռապատկվելու է, տասնապատկվելու է և դառնալու է շատ ավելի հզոր ուժ, քան այսօր է: Դրանում որևէ մեկը չպետք է կասկածի:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ցավոք թուրքական իշխանությունների դիրքորոշումը որևէ հնարավորություն չի թողնում, որ մենք այսօր լրջորեն այդ թեմայով խոսենք, որովհետև Թուրքիան շարունակաբար մեր երկկողմ հարաբերությունները կապում է Ղարաբաղի հարցի, այսինքն՝ Հայաստան-Ղարաբաղ-Ադրբեջան հարաբերությունների հետ: Եվ հետևաբար, քանի այսպիսին է իրավիճակը, ցավոք, մենք լավատեսության հիմք չենք կարող ունենալ, չնայած մենք ասել ենք և ասում ենք, որ պատրաստ ենք առանց նախապայմանների այդ հարաբերությունները քննարկել: Բայց սա նշանակում է, որ Թուրքիան նույնպես պետք է չունենա նախապայմաններ, իսկ այսօր նա ունի նախապայման, և այդ նախապայմանը կապված է Ղարաբաղի հարցի հետ: Եվ այս համատեքստում ես ուզում եմ ասել, որ մեզ համար չափազանց կարևոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը: Բայց հիմա հարց կարող է առաջանալ՝ «բա Դուք հիմա ասում եք առանց նախապայմանների պատրաստ եք հարաբերությունների, Թուրքիային մեղադրում եք նախապայման ունենալու մեջ և հիշատակում եք Ցեղասպանության մասին: Մի՞թե չի ստացվում, որ դա նույնպես նախապայման է»: Մենք ասում ենք շատ հստակ, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ոչ թե Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների հարց է, այլ ցեղասպանությունների դեմ պայքարի և գլոբալ անվտանգության օրակարգի հարց է, և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումը մենք համարում ենք մեր ներդրումը գլոբալ անվտանգությանը և ցեղասպանությունների դեմ գլոբալ պայքարի հարցին: Այնպես որ մենք շարունակելու ենք հետապնդել Հայոց ցեղասպանության ճանաչումը, և մենք շարունակելու ենք հետապնդել Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը: Ես ուզում եմ ասել, որ մեր կառավարության առաջնային խնդիրներից մեկը բանակցային գործընթացում Ղարաբաղի սուբյեկտության բարձրացումն է: Եվ առաջիկայում էլ, մենք նախնական խոսել ենք, որ պետք է հանդիպում ունենանք Ադրբեջանի նախագահի հետ: Դա, ըստ էության, լինելու է առանց օրակարգի հանդիպում, բայց այդ հանդիպման կարևոր ուղենիշերից մեկը լինելու է բանակցային ֆորմատի քննարկում, ինչը նշանակում է, որ քանի դեռ այս ֆորմատի վերաբերյալ մենք համաձայնություն ձեռք չենք բերել, այս շփումները, այս քննարկումները պաշտոնական բանակցություններ համարել չի կարելի, որովհետև ես ասել եմ, որ Ղարաբաղի անունից ես հանդես եմ գալիս և խոսում եմ Հայաստանի Հանրապետության անունից, որովհետև Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, և ես չեմ խոսում Արցախի Հանրապետության անունից, որովհետև Արցախի Հանրապետությունն ունի իր իշխանությունը, իր նախագահը, իր կառավարությունը, և բանակցային գործընթացում Արցախի անունից պետք է խոսի Արցախի իշխանությունը: Եվ սա շատ կարևոր է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ղարաբաղը բանակցային գործընթացում սուբյեկտության նոր մակարդակ ունենա: