Մամլո հաղորդագրություններ

Վարչապետն ընդունել է Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտի նոբելյան մրցանակակիր Հարալդ Զուր Հաուզենին

22.05.2019

ևս 3 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտի նոբելյան մրցանակակիր Հարալդ Զուր Հաուզենին:

Վարչապետը ողջունել է անվանի գիտնականին Հայաստանի կառավարությունում և բարձր գնահատել նրա ներդրումը գլոբալ առողջապահության զարգացման գործում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է բնակչության շրջանում վարակիչ հիվանդությունների դեպքերի կանխարգելման նպատակով անվտանգ և արդյունավետ պատվաստումների իրականացումը, և այս ոլորտում պարոն Զուր Հաուզենի տպավորիչ ձեռքբերումները և փորձը օգտակար կլինեն, կնպաստեն հանրային իրազեկվածության բարձրացմանը:

Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարալդ Զուր Հաուզենը նշել է, որ ուրախ է այցելել մեր երկիր, հանդիպել ՀՀ վարչապետին և, առաջին անգամ գտնվելով Հայաստանում, տպավորված է ջերմ հյուրընկալությամբ: Անդրադառնալով գլոբալ առողջապահության մարտահրավերներին՝ պարոն Զուր Հաուզենը նշել է, որ, իր կարծիքով, պատվաստումը վարակիչ հիվանդությունները կանխարգելող լավագույն լուծումներից է, և հանրային ճիշտ իրազեկումը դրա կարևորության վերաբերյալ էական նշանակություն ունի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել պատվաստումների ազդեցության, հանրային տեղեկացվածության բարձրացման հարցերի շուրջ:

                                                                    ***
Գերմանացի վիրուսաբան Հարալդ Զուր Հաուզենը Նոբելյան մրցանակ է ստացել՝ բացահայտելով մարդու պապիլոմավիրուսի (HPV) դերը արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման մեջ: Նա Հայաստանում է Երևանի պետական բժշկական համալսարանի «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման շրջանակում և մայիսի 23-ին ԵՊԲՀ նիստերի դահլիճում հանդես է գալու «Link between Nutritional infections and common human cancer» զեկույցով:

 

← Վերադառնալ