ևս 3 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանին և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանին:
Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի գործունեությունը հայ ժողովրդի հոգևոր, կրթական և մշակութային զարգացմանը նպաստելու գործում և պատրաստակամություն հայտնել աջակցելու հայապահպանության ուղղությամբ Հայաստանում և սփյուռքում իրականացվող նախաձեռնություններին ու ծրագրերին։
Պերճ Սեդրակյանը նշել է, որ սփյուռքում մեծ խանդավառությամբ են ընդունում հայրենիքում տեղի ունեցող դրական փոփոխությունները, այդ թվում՝ Հայաստանում արձանագրվող տնտեսական զարգացումներն ու զբոսաշրջության ոլորտում միտումները: ՀԲԸՄ նախագահն ընդգծել է, որ միության աջակցությամբ իրականացվող ծրագրերն ուղղված են հայրենիքի հետ կապերի ամրապնդմանը և սփյուռքի հիմնախնդիրների լուծմանը: Նրա խոսքով, իրենց նպատակն է ՀԲԸՄ ծրագրերը դարձնել համահունչ կառավարության ծրագրերին, ինչը կնպաստի դրանց արդյունավետության ապահովմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀԲԸՄ-ի կողմից տարբեր ոլորտներում, մասնավորապես, կրթության, գիտության, զբոսաշրջության, սոցիալական բնագավառներում իրագործվող ծրագրերի ընթացքն ու առաջիկայում նախատեսվող նախաձեռնությունները:
Նիկոլ Փաշինյանը և Պերճ Սեդրակյանը մտքեր են փոխանակել նաև ազգային նպատակների շուրջ սփյուռքահայության համախմբման, հայապահպանության և այլ հարցերի վերաբերյալ: