Մամլո հաղորդագրություններ

Հայաստանում նախատեսվում է ներդնել անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգ

20.06.2019

ևս 10 լուսանկար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը հավանություն է տվել «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի ընդունման արդյունքում՝ անշարժ գույքի շուկայի աստիճանական զարգացման պարագայում հանրապետությունում կներդրվի անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգը: Այն կարևոր քայլ կհանդիսանա հարկային համակարգի և անշարժ գույքի գնահատման արդյունավետության բարձրացման տեսանկյունից: Մասնավորապես, նախատեսվում է գույքային հարկերի՝ որպես սեփականությունից գանձվող հարկերի հարկման հորիզոնական և ուղղահայաց արդարության սկզբունքների ամրապնդում, հարկային բեռի արդարացի և հավասարաչափ բաշխում՝ առանց նվազ ապահոված հարկ վճարողների հարկային բեռի ավելացման, անշարժ գույքի սահմանմանը և շուկայական գնագոյացմանը համահունչ անշարժ գույքի՝ հողամասերի և դրանց բարելավումների միասնական գնահատման նոր, առավել արդյունավետ համակարգի ներդրում, գույքային հարկերի մասով հարկային վարչարարության պարզեցում, անշարժ գույքի շուկայի զարգացման և անշարժ գույքի շուկայի գնային իրավիճակի վերաբերյալ վերլուծական տեղեկատվության ապահովման նպաստում, անշարժ գույքի միասնական և շուկայական արժեքին մոտարկված զանգվածային գնահատում:

Ինչպես նշել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը, ներկայացված փոփոխությունները չեն վերաբերում գյուղատնտեսական նշանակության հողերին: Ըստ նրա՝ անշարժ գույքի գնահատման կարգը դիտարկվում է երեք ձևով՝ հողամաս, հողամասը՝ իր բարելավումներով, բազմաբնակարան շենքերի բնակարանների, ոչ բնակելի տարածքների, ավտոտնակների և բազմաբնակարան շենքում տեղակայված հասարակական ու արտադրական շինություններ: Սահրատ Պետրոսյանը նշել էնաև, որ առանձնատների մասով, մասնավորապես, հստակեցվել են ճոխություն համարվող բաղադրիչները՝ լողավազան, շվաքարաններ և այլն:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է օրինագծին և նշել. «Խոսքն այն երկար քննարկված փոփոխությունների մասին է, որ, այսպես ասած, եկամտային հարկի կամ Հարկային օրենսգրքի փոփոխության համատեքստում սոցիալական արդարության բաղադրիչը տեղափոխում ենք գույքի հարկման ռեժիմ: Սա շատ կարևոր գաղափարախոսական նշանակություն ունի: Իհարկե, այս նախագծով ամբողջ աշխատանքը չի ավարտվում: Դեռ պետք է շարունակենք այդ աշխատանքը, բայց կարևոր հանգրվան է, որ արդեն ԱԺ նախագծի փաթեթ է ուղարկվում»:

Հավանության է արժանացել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի նախագծով առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածով, ինչպես նաև 1692-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի մասով, հարկային մարմնին, իր լիազորությունների շրջանակում, ճանաչել որպես պատասխանատվություն կիրառող մարմին: Արդյունքում, մասնավորապես, կապահովվի հարկային օրենսդրությամբ սահմանված վիճակագրական տեղեկատվության ճշգրիտ ներկայացումը և կկարգավորի դրանից բխող հետագա աշխատանքների ճշտության խնդիրը:

Գործադիրն առաջարկություն է ներկայացրել «ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի և Արման Բաբաջանյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Մասնավորապես, կառավարությունն ընդունելի է համարում նախագծով առաջարկվող դրույթները, միևնույն ժամանակ առաջարկում է քննարկել ՀՀ արտաքին գործերի նախարարությունում և ենթակա մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու պահանջի նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով, որ դիվանագիտական ներկայացուցչության մարմիններում աշխատանքների համակարգում ենթադրող մի շարք պատասխանատու պաշտոններ ՀՀ օրենսդրության համաձայն չեն հանդիսանում ղեկավար պաշտոն (օրինակ՝ նախարարի խորհրդական, վարչության խորհրդական, մամուլի քարտուղար, ինչպես նաև պետական այլ մարմիններ գործուղված դիվանագետների զբաղեցրած հայեցողական պաշտոններ): Ըստ նախագծին կից հիմնավորման՝ օրինագծով նվազագույնի է հասցվում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոններում քաղաքական կամ անձնական շահով պայմանավորված նշանակումների հնարավորությունը, ինչն առողջացնում է դիվանագիտական ծառայության ոլորտը՝ ստեղծելով հավասար հնարավորություններ և առողջ մրցակցային մթնոլորտ դիվանագիտական ծառայության ոլորտում համապատասխան մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին տիրապետող դիվանագետների առաջխաղացման համար:

Օրինագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, հնչել են կարծիքներ, դիտարկումներ և առաջարկություններ: Մասնավորապես, քննարկվել է 10 տարվա ստաժի պահանջի օրենսդրական կարգավորումը: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է նախագիծը կառավարության եզրակացություններով ուղարկել ԱԺ՝ բարձրացված հարցերն առավել մանրամասն քննարկելու պայմանով:

Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել նաև «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքներիի նախագծերի վերաբերյալ:


Կանցկացվի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոն

Կառավարության պահուստային ֆոնդից 50 մլն դրամ կհատկացվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբին՝ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոնի իրականացման համար: Արդյունքում՝ միջազգային փառատոնի իրականացման միջոցով կարժևորվի մեծ կոմպոզիտորի հոբելյանը և ստեղծագործական հարուստ գործունեությունը: Փառատոնը տեղի է ունենալու սեպտեմբերի առաջին կեսին, համերգներ են տեղի ունենալու Երևանում, Գյումրիում և Ստեփանակերտում:

Գործադիրի որոշմամբ գումար կտրամադրվի Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին՝ դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման և կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգերի ներդրման և սպասարկման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը ստեղծել է «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը»։ Այն բաղկացած է «Նախադպրոցական կրթության», «Դպրոցների», «Մասնագիտական կրթության» կառավարման տեղեկատվական համակարգերից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ենթահամակարգերը։ Այս պահին ամբողջությամբ ներդրված է և սպասարկվում է միայն «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգը»։ «Դպրոց ընդունվելու հայտագրման էլեկտրոնային համակարգը» այս տարի այն կգործի միայն Երևան քաղաքի դպրոցների համար, հաջորդ տարվանից՝ ՀՀ բոլոր դպրոցների համար։ Որոշման ընդունման արդյունքում դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման և կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգերի ներդրման արդյունքում կհամակարգվի և կպարզեցվի դպրոց ընդունելության գործընթացը։

Գումար է հատկացվել ևս 32.5 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման համար

Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2019 թ. պետբյուջեում, փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից և 3 մլրդ 284.9 միլիոն դրամ հատկացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Գումարի 3,258 մլրդ դրամը շինարարական, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների համար է, իսկ 26.88 մլն դրամը` նախագծային աշխատանքների պատվիրման համար: Ընդհանուր առմամբ կհիմնանորոգվի 32.5 կմ ավտոճանապարհ: Հաշվի առնելով ժամանակի սղությունը և շինարարական աշխատանքների սեզոնային բնույթը՝ առաջարկվում է շինարարական աշխատանքների համար գնման ձև սահմանել հրատապ բաց մրցույթը, տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ գնանշման հարցումը, հեղինակային հսկողության ծառայությունների համար՝ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը, իսկ նախագծային աշխատանքների համար գնման ձև սահմանել մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը:

Գործադիրը հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 2» ծրագրի ուղեկցող միջոցառումներն իրականացնելու նպատակով 2,700,000 եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել ծրագրի ուղեկցող միջոցառումների փորձագիտական ծառայությունները ֆինանսավորելու, ինչպես նաև հիմնականում արտարժույթի փոխանակման ծախսերը վճարելու համար։

Այլ որոշումներ

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի լուծարման հետևանքով Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման կարգի կիրարկման ընթացքում ծագած խնդիրների լուծման պահանջով պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ ծրագրի 2019թ. բյուջեն կազմում է 638,600.8 հազ. դրամ, որից 33,292.0 հազ. դրամը նախատեսված է ծրագրի իրականացման նպատակով խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար: Ծրագրի շրջանակներում նախատեսված է պայմանագիր կնքել 2400 հողօգտագործողի հետ, իսկ ծրագրերում ընդգրկել 2923 անձի: Որոշմամբ առաջարկվում է, մասնավորապես, ծրագրի խորհրդատվական բաղադրիչի գործառույթների կազմակերպումը ևս վերապահել Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններին:

Գործադիրի որոշմամբ սեպտեմբերի 29-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքում կանցկացվի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն:

Կառավարության օրակարգից հանվել են 2-րդ, 4-րդ և 31-րդ հարցերը:

← Վերադառնալ