Մամլո հաղորդագրություններ
Կառավարության որոշումները կնպաստեն Արարատյան հարթավայրի արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն ու օգտագործմանը
ևս 11 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպության կողմից Հայաստանի վարկանիշի բարձրացման փաստին:
Արարատյան հարթավայրի արտեզյան ավազանի ջրային պաշարների վերականգնման, արդյունավետ օգտագործման ու կառավարման և այդ նպատակով ձկնաբուծարանների գործող կարողությունների վերազինման, նորագույն ու ժամանակակից սարքավորումներով հագեցման համար պետական օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումներ: Հանրապետությունում արդյունագործական ձկան արտադրության ծավալը կազմում է շուրջ 17000 տոննա, որից Արարատյան հարթավայրում՝ շուրջ 14000 տոննա։ ՀՀ մարզպետարաններից ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ ոլորտում գործունեություն է իրականացնում ավելի քան 165 ձկնաբուծական տնտեսություն, որից 136-ը՝ Արարատյան հարթավայրում։ Հանրապետությունում արդյունագործական ձկնաբուծության նպատակով հիմնականում բուծվում են իշխանազգի, թառափազգի և կարպազգի ձկնատեսակներ։ Արարատյան հարթավայրի արդյունագործական ձկնաբուծարաններում 1 լ/վ ջրահոսքով արտադրվում է ավելի քան 500 կգ ձուկ։ Նկատի ունենալով նաև ձկնաբուծության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև արտահանման ծավալների ավելացման առաջնահերթությունները՝ արդիական խնդիր է պետական օժանդակության համապատասխան մեխանիզմների կիրառմամբ, մասնավորապես՝ արդյունագործական ձկնաբուծության համար նախատեսված ջրախնայողական համակարգերի, ջրի բազմակի օգտագործման, թթվածնով հարստացման, ինչպես նաև ձկնաբուծության ոլորտում կիրառվող ժամանակակից ինտենսիվ տեխնոլոգիաների ներդրումը։ Մասնավորապես, փոփոխություններ և լրացում է կատարվել կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրում, որոնցով ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողների կողմից ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռք բերվող սարքավորումների համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 50 տոկոսը, բայց ոչ ավելի 6.0 մլն դրամը կսուբսիդավորվի։ Սահմանվել են նաև այնպիսի կարգավորումներ, որոնք կապի մեջ են դնում օգտագործված ջրի քանակը և այդ ջուրն օգտագործելու արդյունքում արդյունաբերական արտադրանքի քանակը:
Անդրադառնալով ընդունված որոշումներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք պետք է հաշվի առնենք, որ ձկնարդյունաբերությունն այսօր Հայաստանի տնտեսության կայացած ճյուղերից է, և պարզ է, որ դրա արդյունքում մենք նաև լուրջ խնդիրներ և ռիսկեր ենք ունեցել: Մենք մի ժամանակ հաշվարկել էինք, որ տարեկան 1 մլրդ դոլարի ջուր ենք սպառում, որպեսզի 150-200 մլն դոլարի ձուկ արտադրենք: Բայց մենք ունենք իրողություններ, և ընտրությունը հետևյալն է. կամ, ասենք, արտեզյան ավազանի վրա խաչ ենք քաշում, որը չենք կարող անել, կամ էլ ասում ենք՝ ձկնարդյունաբերության վրա ենք խաչ քաշում, որը կրկին չենք կարող անել, որովհետև երկու դեպքում էլ նշանակում է հարվածել տնտեսությանը: Դրա համար էլ մենք պետք է քայլ-քայլ գնանք, որպեսզի կարողանանք այս ռիսկերը և հնարավորությունները կառավարել և գալ հավասարակշռված լուծումների»:
Վարչապետի խոսքով՝ կառավարությունն աջակցելու է տեղական արտադրողներին բոլոր ոլորտներում՝ պայմանով, եթե համոզվի, որ դրանով բարձրացնում է վերջիններիս մրցունակությունը: «Մեր կուրսը շատ հստակ է. մենք աջակցելու ենք տեղական արտադրողներին բոլոր ոլորտներում մի պայմանով՝ համոզվելով միայն, որ մենք դրանով նրանց մրցունակությունն ենք բարձրացնում, ոչ թե նրանց նստեցնում ենք «աջակցության թմրանյութի ասեղի» վրա, այլ մենք օգնում ենք նրանց, որպեսզի լինեն առավել ինովացիոն, առավել մրցունակ, առավել արդյունավետ: Հետևաբար, այո, մենք այս ոլորտում ունենք շատ լուրջ խնդիր, որը պետք է լուծենք հավասարակշռված քայլերով: Եվ, այո, պայմանավորվել ենք, որ նաև այսպիսի ծրագրերը հընթացս պետք է մոնիթորինգ անել և այն պահին, երբ հասկանանք, որ ծրագիրն արդյունավետ չէ, պետք է չվախենալ և նաև հրաժարվել դրանից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ ընկերություններն էլ պետք է իրենց գործունության արդյունավետությունը, որակը, մրցունակությունը բարձրացնեն.«Շատ կարևոր է նաև, որ տնտեսվարողների համար առաջարկվող պայմանները կանխատեսելի լինեն: Այսինքն՝ մեր մտադրություններն էլ կանխատեսելի լինեն, և իրենք էլ իմանան ինչ պետք է անեն, որ երաշխավորեն իրենց հետագա գործունեությունը և ինչ չանելու դեպքում է երաշխավորված, որ չեն շարունակելու գործել»:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնել է, որ քրեական գործով քննության արդյունքում պարզվել է, որ ժամանակին բնապահպանության հայտնի նախարարը որոշ տնտեսությունների ջրօգտագործման թույլտվություն է տվել առանց փորձաքննության, այսինքն՝ վերջիններս ապօրինի գործունեություն են ծավալում: Խոսքը ձկնաբուծարանների ավելի քան 200 տնտեսությունների մասին է: Այդ հարցի առնչությամբ վարչապետը նշել է. «Շատ բարդ իրավիճակ է, որովհետև 200 տնտեսությունը, եթե նայենք մեր վիճակագրության, արտահանման ծավալների, արտադրության ծավալների մեջ, մեր տնտեսության շոշափելի մասն է կազմում: Այստեղ պետք է շատ նուրբ լուծումներ գտնել, բայց պետք է գտնել լուծումներ»:
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ազատ տնտեսական գոտի կստեղծվի
Կառավարությունն ընդունել է «ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Եվրասիական լոգիստիկ պարկ ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին» որոշում: Շիրակի միջազգային օդանավակայանի հարևանությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասնավոր նախաձեռնության նպատակն է՝ սպասարկել էլեկտրոնային առևտրի լոգիստիկ պահեստները և արտահանմանն ուղղված արտադրական գործընթացները: Ազատ տնտեսական գոտու ստեղծումը կխթանի օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավումը, երկրի ներդրումային գրավչության բարձրացումը, նոր աշխատատեղերի ստեղծումը և կայուն տնտեսական զարգացումը: 10-12 տարվա ընթացքում նախատեսվում է կառուցել 319 հա տարածքով ազատ տնտեսական գոտի։ Ազատ տնտեսական գոտու ամբողջական գործարկումը նախատեսվում է իրականացնել 5 փուլով։ Առաջին փուլը կգործարկվի 30 հա տարածքի վրա: Ազատ տնտեսական գոտու ամբողջական գործարկմամբ աշխատանքով կապահովվի մոտ 13 հազար մարդ:
Արտոնություններ են տրամադրվել հերթական ներդրումային ծրագրերին. կիրականացվի ավելի քան 24 մլրդ դրամի ներդրում
Կառավարության որոշումներով «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ, «Գոլդ քափ» և «Զեննի» ՍՊԸ-ները կօգտվեն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
«Ջերմուկ գրուպ»-ը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է Ջերմուկ քաղաքում պոլիմերային շշերի արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակում կիրականացվի 20,869,461,200 ՀՀ դրամի ներդրում, որից 804.9 մլն ՀՀ դրամը նախատեսվում է իրականացնել հոսքագծի ձեռքբերման համար, իսկ 20 մլրդ 68 մլն ՀՀ դրամը` ցանկում նշված հումքի և սարքավորման ձեռքբերման համար: Ներկայում առկա է 408 աշխատատեղ: Կստեղծվի 15 նոր աշխատատեղ՝ 180,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 26 մլրդ ՀՀ դրամ, որից 15.6 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 8 մլրդ 320 մլն ՀՀ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 2 մլրդ 80 մլն ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 20,068,242,276 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 804,398,571 ՀՀ դրամ:
«Գոլդ քափ» ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է Երևանում պլաստմասե խցանների արտադրության մեջ։ Նախատեսվում է իրականացնել 4,622,041,000 ՀՀ դրամի ներդրում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 23 նոր աշխատատեղ՝ 160,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 5.7 մլրդ ՀՀ դրամ, որից 3 մլրդ 990 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1 մլրդ 140 մլն ՀՀ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 570 մլն ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 4,141,057,500 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 269,168,738 ՀՀ դրամ:
«Զեննի» ՍՊԸ-ն ներմուծվող հումքն օգտագործելու է կոշիկի և կաշվե պարագաների արտադրության մեջ՝ իրականացնելով 440 մլն ՀՀ դրամի ներդրում հումքի և նոր սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայում առկա է 101 աշխատատեղ` 100,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Նախատեսվում է ստեղծել ևս 10 նոր աշխատատեղ` 120,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 950 մլն ՀՀ դրամ, որից 900 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 50 մլն ՀՀ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 394,845,000 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 20,094,400 ՀՀ դրամ:
Անդրադառնալով ընդունված որոշումներին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ կառավարության նախորդ նիստում մենք անդրադարձանք ավելի քան 10 մլրդ դրամի ներդրումային ծրագրի, կառավարության այս նիստում անդրադառնում ենք մոտավորապես 24 մլրդ դրամի ներդրումային ծրագրի: Այսինքն՝ մեկ շաբաթվա ընթացքում մենք քննարկել ենք 34 մլրդ դրամի ներդրումային ծրագիր և կոնկրետ որոշում ենք կայացրել»:
Կապահովվի զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքի իրացման ամբողջական գործընթացը
Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով կապահովվի զինծառայողների սոցիալական երաշխիքների, մասնավորապես՝ բնակարանային ապահովության իրավունքի իրացման ամբողջական և զինծառայողների շահերից բխող գործընթացը: Ըստ այդմ՝ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների շարքում ներառվում են նաև Պաշտպանության նախարարությունում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք: Նախատեսվում է այլ բնակավայրի տարածքում տեղակայված զորամասի զինծառայողի կողմից Երևան քաղաքում կամ այլ քաղաքում, կամ այլ բնակավայրում բնակելի տարածություն վարձակալելու դեպքում փոխհատուցումը հաշվարկել վարձակալված բնակելի տարածության գտնվելու վայրի համար սահմանված չափով, բացառությամբ Երևան քաղաքի համար սահմանված չափերի: Բնակվարձի փոխհատուցումը շարունակելու համար զինծառայողի կողմից ներկայացվող՝ Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրվող՝ կնքված վարձակալության մասին պայմանագրի շրջանակում օրենքով սահմանված կարգով եկամտային հարկի վճարում կատարված լինելու մասին տեղեկանքը փոխարինվում է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրվող՝ ՀՀ տարածքում շահառուի և նրա հետ բնակվող չափահաս անձանց սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու և բնակելի տարածության վարձակալության գրանցված իրավունքը շարունակելու կամ դադարած լինելու մասին տեղեկանքով:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել, որ կառավարությունը հետևողականորեն գնալու է Զինված ուժերի, զինծառայողների ծառայության պայմանները բարելավելու ուղղությամբ: «Մենք հետևողական քայլեր ենք անելու: Իհարկե, բոլոր դեպքերում այդ քայլերի արդյունավետությունը պետք է լինի մեր ամենակարևոր պայմանը: Այս կարգի որոշումների դեպքում պետք է նաև պրակտիկայում տեսնենք՝ ինչ թերություններ են ի հայտ գալիս, որպեսզի շտկենք և լինեն մաքսիմալ արդյունավետ՝ և՛ ծառայության պայմանների առումով, և՛ պետական բյուջեի միջոցները ծախսելու արդյունավետության իմաստով: Այնպես որ, այո՛, համարձակ պետք է գնալ առաջ, լուծել խնդիրները, լուծումներից հետո վերադառնալ, համոզվել, որ մենք իրոք լուծել ենք խնդիրը և ոչ թե նոր խնդիրներ ենք առաջացրել»,-ասել է վարչապետը:
Կառավարությունը պետբյուջեից գումար է հատկացրել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի ստեղծագործական, վարչական և սպասարկող անձնակազմերին լրավճարներ հատկացնելու համար
Գործադիրը որոշել է Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբին պետբյուջեից հատկացնել 57762,0 հազար դրամ՝ երգչախմբի ստեղծագործական, վարչական և սպասարկող անձնակազմերին 2019 թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներին լրավճարներ հատկացնելու համար: Հիմնավորման համաձայն՝ 2018 թ. պետբյուջեից տրամադրված ֆինանսավորմանը զուգահեռ «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի կողմից երգչախումբը մինչև մայիս ամիս ստացել է հովանավորչական գումար՝ աշխատավարձի լրավճարների համար: Այդ ֆինանսավորումը դադարեցվել է 2018 թ. մայիսի 1-ից: Կարևորելով երգչախմբի առանձնահատուկ դերը հայ երգչախմբային արվեստի զարգացման և միջազգային հանրահռչակման գործում և մաեստրո Հովհաննես Չեքիջյանի անգնահատելի ծառայությունները հայրենիքին՝ Մշակույթի նախարարությունը 2018 թ. պետբյուջեի ընդհանուր հատկացումների շրջանակում այլ ծրագրերից հնարավորության սահմաններում կատարել է միջծրագրային վերաբաշխում և երգչախմբին հատկացրել 6 ամսվա լրավճար: 2019 թ. հունվար-հուլիս ամիսներին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից շարունակվել են հատկացումները, որոնք օգոստոսից դադարեցվում են: Երգչախումբը միակն է Հայաստանում իր բացառիկ ներդրմամբ հայ երգչախմբային արվեստի զարգացման, միջազգային հանրահռչակման գործում: Լրավճարի տրամադրումը կնպաստի երգչախմբի պահպանմանը, կադրերի հոսքի կանխմանը, երգչախմբային արվեստի հետագա զարգացմանը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ վարչապետի հանձնարարականով նախարարությունն ուսումնասիրում է ակադեմիական երգչախմբերի և նվագախմբերի ֆինանսական վիճակը:
Նիկոլ Փաշինյանն, անդրադարձել է հարցին և ընդգծել, որ այստեղ ընդհանուր առմամբ սկզբունքային գաղափարական հարց կա: «Երբ մենք ասում ենք Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ, անհասկանալի է, թե ինչու այդ երգչախումբը պետք է ֆինանսավորվի ինչ-որ անհատ մարդկանց, բարեգործների կողմից: Սա շատ վատ տրամաբանություն է, որովհետև պետությունը պետք է հստակ իր պարտավորությունները ճանաչի, իր պարտավորությունները կատարի և պետք է նաև պայմաններ առաջադրի: Ընդհանուր առմամբ իմ եզրակացությունն այնպիսին է, որ մենք արվեստին և մշակույթին պետք է նայենք որպես մեր տնտեսության ճյուղերից մեկը, որովհետև, իմ ընկալմամբ, դա տնտեսության ճյուղ է, որը պետությունն ինչ-որ առումով նաև ֆինանսավորում է, և մենք պետք է հասկանանք՝ այդ ֆինանսավորման արդյունքում ինչ ենք ստանում: Նախարարությունում էլ քննարկել ենք, որ այս ոլորտում մենք պետք է շատ հստակ խնդիր դնենք, որ մեր կոլեկտիվները, թանգարանները, թատրոնները պետք է մեծացնեն իրենց եկամուտները: Ես ուզում եմ հստակեցնենք: Սա չի նշանակում, որ մենք ասում ենք՝ իրենք շահութաբեր լինեն, չնայած դա էլ ինչ-որ մի պահի պետք է դառնա խոսակցության շատ կարևոր նյութ: Մենք ասում ենք, որ իրենց եկամուտները պետք է ավելացնեն: Այս ընթացքում իմ ունեցած շփումները, ցավոք, բերում են այն մտքի, որ այս տրամաբանությունը դրված չէ շատ տաղանդավոր, գերտաղանդավոր կոլեկտիվների հիմքում: Եվ մենք այս քաղաքականությունը պետք է վարենք՝ առաջինը չպետք է թույլ տանք, որպեսզի մեր պետական մշակութային օջախներն անընդհատ բարեգործությունների հույսին մնան, բայց, մյուս կողմից էլ, պետք է հստակ խնդիր դնենք, որ սա տնտեսության ճյուղ է և պետք է որոշակի տնտեսական կանոններով աշխատի, մասնավորապես, սեփական եկամուտներն ավելացնի: Դա նշանակում է, որ այս ճյուղը պետք է մարդկանց հետ անընդհատ և ուղիղ հաղորդակցության մեջ լինի, նաև պահանջարկ, առաջարկ ձևավորի»- ասել է գործադիրի ղեկավարը:
Վարչապետը, անդրադառնալով, մասնավորապես, թանգարանների այցելուների թվի աճին, նշել է. «Հիմա ես ուզում եմ ներկայացնել կոնկրետ վիճակագրություն: Անցած տարվանից՝ հեղափոխությունից հետո, մենք խոսել ենք այս մասին և այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանի թանգարանների այցելուների թիվն աճել է շուրջ 31 տոկոսով, Հայաստանի թատրոնների այցելուների թիվն աճել է շուրջ 41 տոկոսով: Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել ամենակարևոր փաստի վրա, որ այս թվերը և բազմաթիվ այլ թվեր ցույց տալիս մի շատ հստակ և կարևոր մի բան՝ Հայաստանի կառավարության և Հայաստանի հանրության միջև կա երկխոսություն: Այդ երկխոսությունը տեղի է ունեցել և տեղի է ունենում, և այս ընթացքում բոլոր քննարկումներում ես պնդում եմ և շարունակում եմ պնդել, որ բոլոր այն ցուցանիշները, որ մենք ունենք, կառավարության և հանրության երկխոսության արդյունք են:
Հետևաբար, մենք պետք է հստակ գնանք այս ճանապարհով: Եվ, այո՛, մեր երկրում պետք է բացառել այնպիսի թանգարանների գոյությունը, որտեղ մարդ չի մտնում, որտեղ ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերվում: Եվ ընդհակառակը, այս ընթացքում ես համոզվել եմ, որ մեր երկրում կան թանգարաններ, որոնք ճիշտ ներկայացնելու դեպքում այցելուների կիլոմետրերով հերթեր կառաջանան՝ և՛ Գյումրիում, և՛ Երևանում, և՛ տարբեր տեղերում: Այնպես որ, խնդիրը պետք է շատ հստակ ձևակերպել և աշխատանքի տրամաբանությունն այսպես էլ պետք է հաղթի: Եթե կա մի թանգարան, որի ղեկավարությունը խնդիրը չի կարողանում լուծել, այո, պետք է որոշում կայացնել և փոխել ղեկավարությանը: Այո, կլինեն ակցիաներ, կլինեն ցույցեր, ամեն ինչ էլ կլինի, բայց սա ստրատեգիական խնդիր է: Պարապությունն ընդհանրապես որևէ ոլորտից պետք է բացառել. որտեղ պարապ մարդ տեսնենք, պետք է ուղարկել տուն՝ հանգստանալու»:
Վարչապետը հանձնարարել է, որ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբին միջոցներ հատկացնելու հարցն ամբողջական լուծել 2020 թվականի բյուջեի շրջանակում:
Հանրապետության հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններին, ինչպես նաև մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին գույքով ապահովելու համար անհրաժեշտ 523,400.0 հազար դրամը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կտրամադրվի ՀՀ 2019 թ. պետբյուջեի հարկային եկամուտներից: Այդ նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Արդյունքում կապահովվի մատաղ սերնդի համակողմանի ու ներդաշնակ զարգացումը, նրանց կենցաղում առողջ ապրելակերպի արմատավորումն ու ռազմահայրենասիրության արժեհամակարգի ձևավորումը, ինչպես նաև մարզական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման համար մարզակառույցները ժամանակակից մարզական գույքով համալրումն ու նրանց նյութատեխնիկական պայմանների բարելավումը: Արայիկ Հարությունյանը կարևորել է որոշման ընդունումը, որովհետև տարիներ շարունակ այս խնդիրը դպրոցներում չի լուծվել, մասնավորապես, վերջին 10 տարվա ընթացքում որևէ մարզական գույք չի տրամադրվել դպրոցներին:
Վարչապետ Փաշինյանը ևս կարևորել է ընդունված որոշումը և այդ համատեքստում ընդգծել նախարարությունները միավորելու որոշման հիմնավորված լինելը. «Այդ հաղորդակցությունը որ կա նույն համակարգում՝ սպորտ, ֆիզկուլտուրա, հանրակրթություն և այլն, մեր առաջնահերթություններն ավելի տեսանելի են դարձնում: Իհարկե, սա շատ կարևոր որոշում է, և պետք է այս տեմպով անպայման շարունակել»:
Կառավարության մեկ այլ որոշմամբ գումար կհատկացվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ այս տարվա սեպտեմբերի 5-8-ը ՌԴ Մոսկվա քաղաքում կայանալիք ՀԱՊԿ երկրների սամբոյի պատանեկան միջազգային փառատոնին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցությունը ապահովելու նպատակով:
Օրենսդրական նախաձեռնություն. քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու համար կնախատեսվի քրեական պատասխանատվություն
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի առավել արդյունավետ, լիարժեք և վճռական պայքար մղել քրեական ենթամշակույթ երևույթի գոյությունը բացառելու ուղղությամբ՝ այդպիսով ապահովելով հասարակական անվտանգությունն ու պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանումը: Նախագծի կարգավորումներով, մասնավորապես, առաջարկվում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար նախատեսել քրեական պատասխանատվություն: Հիմքում ունենալով իրավական որոշակիության սկզբունքի առավելագույնս պահպանումը՝ Նախագծով ՀՀ քրեական օրենսգրքում լրացվող 223.2-րդ հոդվածով առաջարկվում է սահմանել «քրեական ենթամշակույթ կրող խմբավորում», «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ» (այդպիսի անձ կարող է համարվել, օրինակ, քրեական հեղինակությունը, «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող անձը) հասկացությունները՝ այդպիսով ապահովելով նշված հասկացությունների բովանդակության կանխատեսելիությունը: Միաժամանակ, առաջարկվում է, նախագծի կարգավորումներին համահունչ, համապատասխան լրացում կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում՝ լուծելով լրացվող նոր հանցակազմերի ենթակայության հարցը:
Անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խոսքը վերաբերում է, այսպես կոչված, օրենքով գողերին և այդ առնչությամբ առկա այլ երևույթներին: «Այս օրենքի ընդունման նպատակն այն է, որ այս ամենի հետ առնչություն ունեցող մարդիկ, այսինքն՝ այս ամենի մեջ ներգրավված մարդիկ ենթարկվեն քրեական պատասխանատվության: Սա շատ տրամաբանական օրենքի նախագիծ է, որովհետև այս ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը, և, հետևաբար, նրանց բոլորին պետք է ուղարկել իրենց տանն ապրելու»:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի պարզաբանմամբ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ կհամարվի ոչ միայն օրենքով գողը, այլ նաև կարող է լինել քրեական հեղինակություն, որը նույն հանցավոր ենթամշակույթ կրող խմբի ստեղծող ու ղեկավարող է:
Կառավարության ղեկավարն ևս մեկ անգամ ընդգծել է հարցի կարևորությունը և նշել, որ այդ խնդիրը պետք է շատ վճռական լուծել, որի համար գործիքակազմ իրավապահները շատ դեպքերում չեն ունենում, ինչը խնդիր է առաջացնում: «Այստեղ մենք պետք է շատ վճռական գործենք: Պարզ է նաև, որ դիմադրություն է լինելու, բայց պետք է շատ վճռական գործենք, ամենակոշտ ձևերով պետք է գնանք ու հարցը լուծենք, որովհետև սա հանրային առողջության և առողջացման շատ կարևոր խնդիր է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կկարգավորվի մաքսային ձևակերպումների ավարտից հետո բաց թողնվող տրանսպորտային միջոցներին ժամանակավոր համարանիշեր տրամադրելու գործընթացը
Գործադիրը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ մաքսային ձևակերպումների ավարտից հետո բաց թողնվող տրանսպորտային միջոցներին ժամանակավոր համարանիշեր տրամադրելու գործընթացի կարգավորման համար: Որոշմամբ «Ժամանակավոր» տեսակի համարանիշեր կարող են հատկացվել նաև տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմինների կողմից, ինչի շնորհիվ անձանց համար հնարավորություն կստեղծվի համարանիշերի տրամադրումն ապահովել անմիջականորեն տրանսպորտային միջոցների բացթողման ժամանակ՝ այդպիսով ապահովելով մեկ պատուհանի միջոցով որոշ ծառայությունների տրամադրման հնարավորությունը: Արդյունքում կխնայվի պետական ծառայությունների աշխատանքային և ժամանակային ռեսուրսի օգտագործումը, կկրճատվի հայտարարատուների ժամանակի ծախսը, և կբացառվի պետական մարմիններին բազմակի դիմելու անհրաժեշտությունը:
Այլ որոշումներ. կապահովվի Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացումը
Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացումը։ Ըստ հիմնավորման՝ 2019 թ. այդ աշխատանքների իրականացման նպատակով անօդաչու թռչող սարքերի և արբանյակային պատկերների միջոցով քարտեզագրվել են ծովի մակարդակից մինչև 1901.5 մետր նիշն ընկած մաքրման ենթակա ամբողջ տարածքները: Հիմք ընդունելով ժամանակից մեթոդներով իրականացված գնահատման արդյունքները՝ ընթացիկ տարվա համար վերանայվել են առաջնահերթ մաքրման ենթակա տարածքները. Վարդենիսի մասնաճյուղի Վարդենիսի տեղամասի (54,1 հա) և Ծովակի տեղամասի (12,7 հա) ջրածածկ, ճահճային և ցամաքային տարածքներում նախատեսված մաքրման փոխարեն կիրակացվի Վարդենիսի մասնաճյուղի Ծովակի տեղամասի 94 հա ճահճապատ և 4 հա ջրածածկ տարածքների մաքրում։ Այսպիսով՝ մաքրման աշխատանքներ կիրականացվեն 98 հա տարածքում՝ նախատեսված 66.8 հա փոխարեն: Բացի այդ, որոշմամբ նշված միջոցառման իրականացման նպատակով ՀՀ 2019թ. բյուջեով հատկացված 117062.0 հազ. դրամ գումարից գնումների շրջանակում կնքված պայմանագրերով տնտեսված 2590.7 հազ. դրամը կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է. «Այս նախագիծը շատ հատկանշական է: Տեսեք՝ հիմա քննարկում ենք և այս տարվա ընթացքում մի քանի անգամ քննարկել ենք, որ մենք մեր ծախսերը կարծես 100 տոկոսով չենք կարողանում իրականացնել, և եկամտային մասերում ունենք գերակատարումներ, ծախսային մասերում՝ թերակատարումներ: Իհարկե, մեծ հաշվով սա մի փաստ է, որը մեզ մտահոգում է, բայց կարծում եմ՝ այս կարգի նախագծերը նաև ցույց են տալիս այն ետնապատկերը, որում մենք այդ ամենն ունենում ենք: Տվյալ դեպքում մենք ունենք բյուջեից հատկացված գումար, այդ բյուջեից հատկացված գումարը նախատեսված էր իքս տարածք մաքրելու համար, բայց հիմա մեր կառավարության սեղանին նախագիծ է, որ այդ գումարով կարելի է մաքրել ավելի շատ տարածք և ինչ-որ գումար էլ վերադարձնել պահուստային ֆոնդ: Քանի որ առաջիկայում մենք էլի քննարկելու ենք, իմ գնահատականն այն է, որ մենք ծախսային մասերը թերակատարում ենք՝ նաև կոռուպցիոն սողանքները փակելու և փակվելու հետևանքով կամ արդյունքում: Իհարկե, սա իր հետ բերում է նաև պրոբլեմներ, բայց մեծ հաշվով խոսում է մեր համակարգի շատ լուրջ առողջացման պրոցեսի մասին: Մեծ հաշվով, որքան էլ տեղեկատվությունը վերլուծում եմ, ռիսկեր չեմ տեսնում, որովհետև կարծում եմ, որ այդ բոլոր ռիսկերը կառավարելի են, և մենք գնում ենք ճիշտ ճանապարհով: Այլ բան է, որ մենք մեր ծախսերի համակարգը, իրոք, պետք է շատ արդյունավետ դարձնենք՝ այնպես, որ մյուս տարվանից ընդհանրապես այդ կարգի խնդիր չունենանք»:
Կառավարության այսօրվա նիստում ընդուված որոշումներից մեկը վերաբերում էր «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը, որի նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել պետական կառավարման համակարգի բարելավմանը և արդյունավետության բարձրացմանը՝ խթանելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկությունը և վստահությունը: Հիմնավորման համաձայն, ի կատարումն ԲԿԳ շրջանակում ստանձնած պարտավորությունների, 2018թ. մարտից ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ԲԿԳ-Հայաստան չորրորդ գործողությունների ծրագրի նախագծի մշակման գործընթացը: Ծրագիրը կազմվել է ինչպես կառավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկությունների հիման վրա՝ ներառելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բյուջետային միջոցների թափանցիկությունը, իրական սեփականատերերի ռեգիստրի ներդրումը՝ միջազգային ստանդարտների հիման վրա, կրթության, առողջապահության, ջրային և հողային տվյալների թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը, համայնքային կայքերում ծառայությունների հասանելիության ապահովումը, պետական ծառայությունների վերաբերյալ քաղաքացիների հետադարձ կապի ապահովումը և մի շարք այլ առանցքային բարեփոխումներ:
Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով թվայնացման գործընթացին, նշել է. «Մենք պայմանավորվել ենք, որ հընթացս դադարեցնում ենք լոկալ թվայնացման դրսևորումները: Թվայնացումը պետք է լինի ընդհանուր ցանցի և շղթայի մեջ, որպեսզի չունենանք այն իրավիճակը, երբ տարբեր գերատեսչություններ թվայնացման աշխատանք են կատարում, հետո պարզվում է, որ այդ թվայնացված համակարգերն իրար հետ գործակցելու և տեղեկատվության փոխանակման խնդիր են ունենում: Այս խնդիրը լուծելը դրված է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վրա, և աշխատակազմը նույնպես պետք է ապահովի, որ առաջադրված խնդիրն արդյունավետ լուծվի»:
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2009 թ. հոկտեմբերի 22-ի «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով կարգավորման ենթակա վայրի կենդանիները և բույսերը, դրանց մասերն ու ածանցյալները ՀՀ տարածքից արտահանելու և ՀՀ տարածք ներմուծելու թույլտվությունների (հավաստագրերի) տրամադրման կարգը, թույլտվության (հավաստագրի) ու հայտի ձևերը հաստատելու մասին» որոշման մեջ: Ըստ հիմնավորման՝ գործող կարգում հստակեցված չեն նմուշների արտահանման թույլտվությունների ստացման գործընթացում հայտին կից պահանջվող նմուշի ձեռքբերման և նմուշի ծագման տարբերությունները: Փոփոխություններով առաջարկվում է որոշման մեջ հստակեցնել նմուշի ձեռքբերման և ծագման հասկացություններն ու դրանց բովանդակությունը: Սահմանված կարգով մաքսային մարմնի կողմից Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացվում միայն ՀՀ տարածքից ՍԻԹԵՍ-ի նմուշների արտահանված և վերաարտահանված նմուշների վերաբերյալ տեղեկատվություն: