Մամլո հաղորդագրություններ

Բարեփոխումների օրակարգը պետք է բխի մեր իրականությունից. վարչապետը ծանոթացել է ԿԳՄՍ նախարարության ծրագրերի ընթացքին

17.03.2021

ևս 5 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալները, նախարարության ենթակա կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Կրթության ոլորտում սովորաբար բարեփոխումները տեղի են ունենում մաքսիմալ դժվար, և մեր պարագայում էլ դա բացառություն չէ: Բայց ուրախ եմ արձանագրել, որ մենք այս ընթացքում իրականացրել ենք և իրականացնում ենք բովանդակային լրջագույն փոփոխություններ՝ մասնավորապես, արդեն կարող ենք արձանագրել, որ ընդունված է նախակրթության չափորոշիչը, հանրակրթության չափորոշիչը: Հիմա աշխատում ենք առարկայական չափորոշիչների վրա և համոզված եմ, որ հաջողությամբ նաև այդ աշխատանքը կիրականացնենք:

Շատ կարևոր է արձանագրել, որ մենք մեր քննարկումներում գալիս ենք այն եզրակացության, որ կարևոր է ոչ միայն բովանդակային, այլև ֆիզիկական և նաև ֆինանսատնտեսական միջավայրի փոփոխությունը: Ուզում եմ կարևորել այն, որ մենք հիմա փորձում ենք ինստիտուցիոնալ հենքի վրա դնել մի հարց, որը երկար տարիներ կամ Հայաստանի անկախության առաջին օրերից եղել է մեր քաղաքական և կրթական օրակարգի առաջնահերթությունների շարքում: Խոսքն ուսուցիչների աշխատավարձի և վճարման համակարգի մասին է, և սա չափազանց լուրջ թեմա է. որովհետև, մի կողմից, մենք արձանագրում ենք հանրակրթության չափորոշչի, առարկայական չափորոշչի կարևորությունը, բայց չենք արձանագրում մի շատ կարևոր նրբություն՝ մենք պետք է համոզված լինենք, որ դասասենյակ մտնող ամեն ուսուցիչ համապատասխանում է այն չափորոշիչներին, որ պետության կողմից առաջարկվող բովանդակությունը կարողանալու է պատշաճ ձևով մատուցել աշակերտներին: Եվ, ընդ որում, դրա համար ստանալ արժանապատիվ վարձատրություն, որը հենց իր՝ մասնագետի համար սեփական մասնագիտական վերապատրաստման խթաններ, մոտիվացիա կստեղծի և մյուսներին էլ հնարավորություն կտա, ակնհայտ կդարձնի այդ աշխատանքի կարևոր և արժանապատիվ բնույթը:

Մենք պատրաստվում ենք այս տարի սեպտեմբերից փոխել ուսուցիչների վճարման, աշխատավարձի համակարգը հետևյալ տրամաբանությամբ. հաջողությամբ ատեստավորում անցած, այսինքն՝ մասնագիտական որակավորումը հաստատած, վերահաստատած ուսուցիչների աշխատավարձը 30-50 տոկոսով սկզբնական շրջանում կբարձրանա: Եվ հետագայում ես համոզված եմ, որ այս համակարգի առավել հղկման արդյունքում այս գործընթացում կունենանք լրջագույն հաջողություններ այս եռանկյունու մեջ՝ հանրակրթության չափորոշիչ, առարկայական չափորոշիչ և ուսուցիչների ատեստավորման համակարգ:

Ուզում եմ ընդգծել, որ ճիշտ է բավական դանդաղ, բայց մենք հաստատուն քայլերով գնում ենք դեպի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ընդունում, որը բովանդակային կարևոր միջավայրի փոփոխություն է: Բայց նաև եկել ենք եզրակացության, որ այս դեպքում էլ բովանդակային միջավայրի փոփոխությունը պետք է կարողանանք զուգորդել ֆիզիկական միջավայրի փոփոխությամբ: Եվ այստեղ ես ուզում եմ շատ կարևորել ակադեմիական քաղաքի հիմնման գաղափարը, որի իմաստը և տրամաբանությունը հետևյալն է՝ մեր բարձրագույն ուսումնական հաստատությունների մի մասի կամ մեծ մասի Երևան քաղաքի կենտրոնից տեղափոխումով - ցանկալի է Երևան քաղաքից դուրս, թեկուզ ոչ հեռու - ձևավորել և ստեղծել, կառուցել ակադեմիական քաղաք, որն իր միջավայրով, տրամաբանությամբ, քաղաքաշինությամբ կապահովի նոր բովանդակության ներմուծումը Հայաստանի բարձրագույն կրթության համակարգ: Այս նախագիծը մենք պետք է հետևողականորեն առաջ մղենք, որովհետև կարծում եմ՝ ակնհայտ է, որ մեր բազմաթիվ բուհեր այլոց շարքում ունեն նաև հետևյալ խնդիրը՝ իրենց ֆիզիկական միջավայրով չեն համապատասխանում բարձրագույն կրթության ժամանակակից չափորոշիչիներին: Շատ դեպքերում ուղղակի անհնար է այս իրավիճակը շտկել, հետևաբար, կարծում եմ, որ ակադեմիական քաղաքի հիմնադրումը պետք է դառնա բարձրագույն կրթության ֆիզիկական միջավայրի մեր կարևոր անելիքներից մեկը:

Ի դեպ, քանի որ մենք օլիմպիական տարում ենք գտնվում, ուզում եմ հարցը կապել նաև սպորտի զարգացման հետ, որովհետև ամեն դեպքում պետք է արձանագրել, որ զարգացած սպորտ ունեցող երկրներում ուսանողական սպորտը շատ կարևոր խթան է հանդիսանում ընդհանրապես սպորտի մասսայականացման և զարգացման համար: Ցավով եմ արձանագրում, որ այս առումով էլ մեր բազմաթիվ բուհեր, օրինակ, ուսանողական սպորտի զարգացման կամ նույնիսկ գոյություն ունենալու համար պատշաճ պայմաններ չունեն: Այս առումով նույնպես չափազանց կարևոր եմ համարում ակադեմիական քաղաքի նախագիծը: Նաև օլիմպիական տարի է, այսօր կքննարկենք մեր անելիքները օլիմպիական տարում: Օլիմպիադան պետք է տեղի ունենար նախորդ տարում, բայց համավարակի պատճառով հետաձգվել է և այս տարի վստահաբար տեղի է ունենալու՝ համենայնդեպս, այդպես է ասվում և կտեսնենք, թե ինչ անելիքներ և ակնկալիքներ ունենք:

Հարգելի գործընկերներ ևս մի հարցը, որը մենք շատ ինտենսիվ քննարկել ենք և պիտի առաջիկայում որոշում կայացնենք: Խոսքը գիտության ֆինանսավորման ծավալների և ծավալների փոփոխության մասին է: Այստեղ, ըստ էության, չկա որևէ տարընթերցում և նույնիսկ բանավեճ: Այն, որ հատկապես նոր միջավայրում գիտության ֆինանսավորումը պետք է ավելացնել, այստեղ քննարկելու նյութ չկա: Բայց շատ կարևոր է ունենալ համակարգ, որը մեզ կօգնի ամեն ավելացրած դրամ իրապես ծառայեցնել գիտության, իրապես գիտնականի ֆինանսավորմանը, իրապես գիտությամբ զբաղվող միջավայրերի և անձանց ձևավորման գործին: Այս առումով մոտավորապես 10 օր առաջ մենք կառավարությունում խորհրդակցություն ունեցանք, ձեռք բերեցինք պայմանավորվածություններ և կլսենք, թե այդ պայմանավորվածությունների իրագործման առումով ուր ենք հասել:

Եվ, ի վերջո, մշակույթի ոլորտի մասին հետևյալը կուզենայի ասել: Նախկինում առիթ ունեցել եմ ասելու՝ համարում եմ, որ մշակույթը կամայական երկու քաղաքացու հարաբերությունների որակը բարձրացնելու միջոց է և հարթակ: Մեր քաղաքական դիրքորոշումն է, որ մշակույթը կրթության և հանրային կրթության անբաժանելի մաս է, և մշակույթի նշանակությունը հանրության ինտելեկտուալ մակարդակը շարունակաբար բարձրացնելն է: Բայց նոր աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական իրավիճակում ես ուզում եմ ընդգծել մշակույթի ևս մի կարևոր գործառույթ, որի մասին մենք, իհարկե, չենք մոռացել, բայց որի դերը, ցավոք, երկար ժամանակ թերագնահատվել է, և մենք պետք է ճիշտ գնահատենք դերը:

Խոսքը հանրային ռազմավարական խոսույթների ձևավորման և մշակման հարթակի մշակութային գործառույթի մասին է: Հիմա մենք, բնականաբար, շատ ենք մտածում, վերլուծում այն գործընթացները, որ տեղի են ունեցել Ղարաբաղի հարցի համատեքստում, և այս իրավիճակի խորը և լուրջ վերլուծությունը մեզ բերում է հետևյալ հակադրության - ես Ղարաբաղի հարցի օրինակը բերեցի, բայց կարող ենք խոսել ցանկացած ռազմավարական հարցի մասին - մշակութային հարթակներում ձևավորվում է որոշակի խոսույթ, որը դառնում է հանրային գիտակցություն: Եվ եթե մշակութային հարթակներում ձևավորված խոսույթը չի համապատասխանում այն բանակցային բովանակությանը, որն իրականության մեջ տեղի է ունենում, ճգնաժամը դառնում է անխուսափելի, որովհետև չկա և չի կարող լինել իշխանություն, կառավարություն, որը կարողանա, և, դա ճիշտ նպատակ էլ չէ, հակադրվել հանրային գիտակցությանը, որն առաջին հերթին մշակվում և ձևավորվում է մշակութային հարթակների վրա:

Մենք պետք է այս հարցին շատ խորը և լուրջ ուշադրություն դարձնենք, որովհետև հանրային, այո՛, մշակութային հարթակները, բեմերը այն կարևոր, որոշ դեպքերում՝ կարևորագույն հարթակներն են, որտեղ ձևավորվում են հանրության ռազմավարական ընկալումները, ձգտումները, և գործնականում իրականացվող քաղաքականությունը չպետք է և չի կարող հակասություն ունենալ այդ խոսույթի հետ: Եթե այդտեղ կա շեղում, խզում, ճգնաժամն անխուսափելի է: Եվ մենք շատ դեպքերում հենց այս պրոբլեմի պատճառով է, որ չենք կարողանում հասնել իրական զարգացման. որովհետև մշակութային հարթակներում ձևավորվում է մեկ տիպի հանրային գիտակցություն և խոսույթ, իսկ իրական կյանքում և քաղաքականության մեջ, փակ դռների հետևում փորձ է արվում ձևավորել բոլորովին ուրիշ խոսույթ, որը, ի վերջո, հնարավոր չի լինի կյանքի կոչել, որովհետև հակասում է ձևավորված մշակութային հանրային խոսույթին:

Եթե վերցնենք համաշխարհային պատմությունը, կտեսնենք, որ այն իրականությունը, որը մենք ունենք, նախ ձևավորվել է գրքերում, պիեսների, վեպերի մեջ, հետո է դարձել իրականություն: Եվ սա է ամենակարևոր արձանագրումը: Նկատի ունեմ՝ քաղաքականություններն ընդհանրապես ձևավորվում են, այո՛, կառավարություններում, քաղաքական քննարկումների արդյունքում: Բայց շատ կարևոր է, թե նրանք ինչ կապ, ինչ հարաբերություն ունեն այն խոսույթների հետ, որ հանրությունը ձևավորում է մշակութային հարթակներում, որովհետև իրական մտածողությունը ձևավորվում է այստեղ, և մենք պետք է կարողանանք ապահովել կապն իրական քաղաքականության և մշակութային միջավայրում ձևավորվող խոսույթի և գաղափարների միջև: Այդ ազդեցությունը, բնականաբար, պետք է լինի փոխադարձ: Ես չեմ ասում, որ դոմինանտ պիտի լինի քաղաքական ասելիքը կամ մշակութային խոսույթը, ես ասում եմ, որ այստեղ պետք է լինի օրգանական կապ, որովհետև սա է կենսունակ քաղաքականությունը, որը հաշվի է առնում և՛ հանրային մտածողության առանձնահատկությունները, և՛ նաև այն քաղաքական իրողությունները, որոնք ձևավորվում են իրական հարաբերությունների միջավայրում:

Հարգելի գործընկերներ, ուզում եմ նաև նախապես շնորհակալություն հայտնել բոլորիդ այն աշխատանքի համար, որ այս ընթացքում արվել է և հույս, համոզմունք հայտնել, որ մենք վճռականորեն կշարունակենք իրականացնել այն ծրագրերը, որոնց ճշմարտության և օգտակարության մեջ համոզված ենք և որոնց հրատապ լինելու մեջ, ցավոք, շատ դեպքերում համոզվում ենք իրական կյանքում ունեցած շատ լուրջ բարդություններով: Սա նշանակում է, որ բազմաթիվ բարեփոխումներ ուղղակի ուշացել են, բայց դա ոչ միայն չպիտի մեզ հետ պահի այդ բարեփոխումների ճանապարհով գնալուց, այլև, ընդհակառակը, պետք է մեծացնի մեր վճռականությունը:

Մյուս կողմից, կրկին ուզում եմ ընդգծել բարեփոխումների օրակարգի մի շատ կարևոր առանձնահատկություն, որը կապ ունի իմ նախորդ ասածի հետ: Ի վերջո, այո՛, բարեփոխումները պետք է տեղի ունենան և պետք է ունենան շարունակական բնույթ, բայց, այնուամենայնիվ, շատ կարևոր է, որպեսզի մենք հոգ տանենք, որ մեր բարեփոխումների բովանդակության և մեր քաղաքացիների կյանքի, կենցաղի, ապրվող բովանդակության միջև խզում տեղի չունենա: Մենք չպետք է մեր բարեփոխումների օրակարգը հակադրենք մեր իրականությանը: Մենք պետք է մեր բարեփոխումների օրակարգը բխեցնենք մեր իրականությունից և մեր իրականությունը պետք է որոշակի ազդեցություն ունենա մեր բարեփոխումների օրակարգի վրա: Մեր բարեփոխումները պետք է ոչ թե հակադիր ու թշնամական լինեն մեր իրականության հետ, այլ, հակառակը, պետք է օրգանական կապ ունենան իրականության հետ, բխեն այդ իրականությունից, իրականության կարիքները ըմբռնելու և հասկանալու առանձնահատկություն ունենան:

Հարց է, թե մենք ինչքան պետք է բարեփոխենք մեր իրականությունը՝ այնքան, որքան այդ իրականությունն օբյեկտիվորեն փոխվելու անհրաժեշտություն ունի իր կենսունակությունը մեծացնելու տրամաբանությամբ: Այս առումով կարծում եմ, որ մենք պետք է միջավայրի հետ կապված հարցերը նկատի ունենանք՝ միևնույն ժամանակ նկատի ունենալով, որ որևէ գործ առաջ չի գնա առանց առաջնորդության: Առաջնորդությունն ամենակարևոր գործընթացն է, որը, բնականաբար, մենք պետք է ստանձնենք, ստանձնել ենք և պետք է այդ պարտավորությունը կատարենք անմնացորդ»:

Վարչապետը խոսքը փոխանցել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին, ով անդրադարձել է գերատեսչության կողմից իրականացվող բարեփոխումների ընդհանուր ուղղություններին: Նախարարը խոսել է նաև հանրային լայն դիսկուրսի առարկա դարձած առարկայական չափորոշիչների մասին՝ նշելով, որ հայոց լեզու և պատմություն առարկաների գծով քննարկումներն ավարտվել են, կոնցեպտուալ որևէ տարաձայնություն չկա, ներկայում քննարկվում են մասնագիտական շարադրանքին առնչվող որոշ հարցեր, որոնք ևս շուտով կավարտվեն:

Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալները զեկուցել են ըստ ոլորտների կատարված աշխատանքի, ընթացիկ վիճակի և հետագա անելիքների մասին:

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հանրակրթության չափորոշիչների մշակմանը և իրականացմանը վերաբերող մանրամասներ: Նրա խոսքով՝ կառավարության որոշմամբ հաստատված ճանապարհային քարտեզով նախատեսվում է, որ այս չափորոշիչները վերջնական կներդրվեն 2023թ. սեպտեմբերից: Մինչ այդ, դրանց լիարժեք ներդրման համար նախատեսվում է ուսուցիչների մեծածավալ վերապատրաստումներ, փորձնական ուսումնական նյութերի մշակում, նոր դասագրքերի հրատարակում և փորձարկում: Նախատեսվում է 2021թ. սեպտեմբերից Տավուշի մարզի բոլոր դպրոցներում սկսել մշակված չափորոշիչների փորձարկման գործընթացը: Իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ, ընթանում է ուսուցիչների, տնօրենների, վարչական աշխատակիցների վերապատրաստում: Կա նաև ենթակառուցվածքների արդիականացման խնդիր: Այս նպատակով, մասնավորապես, Տավուշի մարզում փորձարկման համար ԵՄ դրամաշնորհային ծրագրով ձեռք են բերվում լաբորատոր սարքավորումներ: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության շրջանակում աշխատանք է տարվում մաթեմատիկայի վիրտուալ լաբորատորիայի ստեղծման ուղղությամբ, որը զուգահեռաբար կփորձարկվի: Համաշխարհային բանկի հետ քննարկվում է լրացուցիչ վարկային միջոցների ներգրավման հարցը՝ լաբորատորիաների հիմնման և նոր դասագրքերի հրատարակման համար: Որպես նոր նախաձեռնություն՝ նախատեսվում է մարզառազմական ճամբարի ստեղծում, որը պարտադիր է լինելու 11-րդ դասարանի համար: Այն պետք է օգնի ապահովել նախնական զինվորական պատրաստականության առարկայի գործնական ուսուցումը և փորձարկվելու է այս տարի ամռանը: Մյուս նախաձեռնությունը հայրենագիտական արշավներն են, որոնք պարտադիր են լինելու 6-րդ, 7-րդ դասարանների համար և ուղղված են լինելու հայրենաճանաչության մակարդակի բարձրացմանը: Նաև աշխատանք է տարվում օտար լեզուների և, մասնավորապես, տարածաշրջանային լեզուների ուսուցման ուղղությամբ:

Ինչ վերաբերում է նախադպրոցական կրթության չափորոշչին, այն մշակվել է և այժմ գտնվում է հանրային քննարկման վերջնական փուլում և առաջիկայում կներկայացվի կառավարություն: Որպես կարևոր փոփոխություն՝ այստեղ առաջարկվում է պետական ֆինանսավորման բաղադրիչի ներդրում որոշ թիրախային խմբերի համար, որը ենթադրում է, համայնքային ֆինանսավորումից բացի, նաև պետության ֆինանսական մասնակցություն նախադպրոցական կրթության զարգացմանը:

Նախարարի տեղակալի գնահատմամբ՝ այս բարեփոխման իրականացման տեմպն օպտիմալ է, և դա նաև միջազգային փորձագետների գնահատականն է:

Վարչապետը կարևորել է նախադպրոցական կրթության ոլորտում ևս ֆիզիկական միջավայրի ձևավորումը՝ այս առումով անդրադառնալով մոդուլային նախակրթարանների կառուցման ծրագրին: Ի պատասխան Ժ. Անդրեասյանը զեկուցել է, որ կատարված վերլուծության արդյունքում առանձնացվել է շուրջ 5 տասնյակ համայնք, որտեղ նպատակահարմար է կառուցել մոդուլային նախակրթարաններ: Ներկայում քննարկվում է այս նախագծի մեթոդաբանական և ֆինանսական գնահատականը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին՝ հետևողական լինել, որպեսզի քննարկված որևէ նախագիծ ֆինանսավորման խնդիր չունենա և ողջ ծավալով իրականացվի, այդ թվում նաև՝ պարտքի ներգրավման մեխանիզմների կիրառմամբ: Միևնույն ժամանակ կառավարության ղեկավարն ընդգծել է կարողությունների հստակ գնահատման և ծախսարդյունավետության ապահովման անհրաժեշտությունը: «Մեզ համար ռազմավարական խնդիր է, որպեսզի կրթության ոլորտում կոնսերվատիվ մոտեցումից դուրս գանք, օրինակ, մոդուլային նախակրթարանների առումով ֆինանսական միջոցներ ներգրավենք ու սկսենք կառուցել, ապա փոխանցենք համայնքին, որպեսզի վերջինս շարունակի իրականացնել մնացած ծախսերը: Այստեղ կարելի է դիտարկել նաև սուբվենցիոն ծրագրերի ձևաչափի կիրառումը», - նշել է կառավարության ղեկավարը:

Ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ Ժ. Անդրեասյանը նշել է, որ գործընթացը կամավոր բնույթ ունի, իրականացվելու է առաջին անգամ, այս տարվա համար նախատեսված է բնագիտական բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Ուսուցչի գիտելիքներն ստուգելու համար նախատեսված թեստերն արդեն պատրաստ են, մայիսին նախատեսվում է դիմումների ընդունելություն, սեպտեմբերին տեղի կունենա թեստավորումը, և հաջորդիվ թեստավորման համապատասխան արդյունք արձանագրած ուսուցիչները կստանան աշխատավարձի հավելավճարներ: Հավելավճարի չափը կախված է լինելու թեստավորման արդյունքներից: Նախատեսվում է այս տարի ունենալ 2000-ից ավելի դիմում, ակնկալվում է, որ մինչև 2023թ. ուսուցիչների կեսն այս գործընթացով անցած կլինի:

Զեկուցվել է նաև, որ ի կատարումն վարչապետի հանձնարարականի՝ հեռավոր շուրջ 101 բնակավայրում մանկավարժական կադրերի պակասը լրացնելու և կրթական բնականոն գործընթացն ապահովելու նպատակով իրականացվել են հեռավար կրթության գործընթացը կազմակերպելու քայլեր. «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ձեռք են բերվել տեխնիկական սարքավորումներ, և ստեղծվել են հեռաուսուցման՝ տեխնիկապես հագեցած դասասենյակներ կամ լաբորատորիաներ: Հեռավար ուսուցման գործընթացը նախատեսվում է իրականացնել 2021թ. սեպտեմբերից՝ ինչպես այդ դպրոցների մանկավարժական ներուժի, այնպես էլ դրա բացակայության դեպքում՝ մենթոր դպրոցների հետ համագործակցությամբ:

Արթուր Մարտիրոսյանը զեկուցել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում զարգացման գործընկերների հետ աշխատանքի, երկկողմ, բազմակողմ ձևաչափով համագործակցության, ռեսուրսների ներգրավման, ռազմավարությունների և ռազմավարական այլ փաստաթղթերի մշակման աշխատանքների վերաբերյալ: Նա անդրադարձել է նաև երիտասարդության ոլորտի հետ կապված միջոցառումներին՝ տեղեկացնելով, որ ամփոփման փուլում է գտնվում այս ոլորտի ռազմավարությունը: Նշվել է, որ այս տարի Հայաստանում անց են կացվելու ԱՊՀ շրջանակին վերաբերող մի շարք կրթական և երիտասարդական միջոցառումներ, որոշները նախատեսվում է անցկացնել Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում: Խոսքը վերաբերում է ԱՊՀ կրթության, երիտասարդության խորհրդի նիստին և «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթի եզրափակիչ փուլին, որին նախորդում է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական գաղափարներ գեներացնող ծրագրի անցկացումը: Նախարարի տեղակալի խոսքով, որպես երիտասարդությանը մոտիվացնող գաղափար, դիտարկվում է մարզկենտրոններում երիտասարդական կառույցների ստեղծումը:

Վարչապետը, մարզերում երիտասարդությանը մոտիվացնելու, աջակցելու համատեքստում, կարևորել է մարզկենտրոնների և մարզային քաղաքների մեծ մասում որոշակի մշակութային միջավայր ունեցող կենտրոնների ստեղծումը, որի ուղղությամբ արդեն իսկ որոշակի աշխատանք է կատարվել: Զեկուցվել է, որ այս առումով դրամաշնորհային մրցույթներն անցկացվել են, կան հաղթող կազմակերպություններ, ներկայում քննարկվում է ֆինանսավորման հարցը: Նախնական հաշվարկով՝ այն կազմելու է 130 մլն դրամ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել գործընթացը՝ նպատակ ունենալով արդյունքում ստեղծել կրթամշակութային, ստեղծարար բաղադրիչով երիտասարդական կենտրոններ, ինչպիսին, օրինակ, «Թումոն» է: «Երիտասարդության աջակցության ծրագրերը պետք է միտված լինեն համապատասխան միջավայրի ձևավորմանը և իրական ազդեցության ապահովմանը», - նշել է նա:

Կարեն Թռչունյանը ներկայացրել է բարձրագույն կրթության և գիտության ոլորտում կատարվող բարեփոխումները: Բացի համապատասխան օրենքի նախագծի մշակումից, նախատեսվում է իրականացնել բուհերի ռեսուրսների գնահատում, ինչի արդյունքների հիման վրա կմշակվի բուհերի զարգացման ռազմավարություն: Շահագրգիռ գերատեսչությունների հետ աշխատանք է տարվում աշխատաշուկայի պահանջարկի գնահատման շուրջ, Գիտության պետական կոմիտեի հետ քննարկվում է գիտության ֆինանսավորման ծավալի ավելացումը ոչ միայն ակադեմիական, այլև բուհական և գիտահետազոտական համակարգերում կիրառելու հեռանկարը: Զեկուցվել է նաև ակադեմիական քաղաքի տեսլականի և անհրաժեշտ ֆիզիկական միջավայրի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ ակտիվ աշխատանքը:

Քննարկմանն ընդգծվել է Հայաստանում գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական բյուջեով նախատեսված հատկացումների ավելացման կարևորությունը, ինչը կխթանի որակյալ կրթական համակարգի ստեղծումը, բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստումը և գիտելիքահեն տնտեսության կառուցումը: Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ առաջիկա 10 օրվա ընթացքում գիտության բնագավառի լիազոր մարմնի կողմից կներկայացվի ոլորտի զարգացման համապարփակ ծրագիր:

Վարչապետն անդրադարձել է նաև նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտին՝ մասնավորապես, ընդգծելով համապատասխան մասնագետների պահանջարկի խնդիրը: Քննարկվել են մասնագիտությունների քվոտավորման հարցեր, պահանջարկ-առաջարկ շղթայի կարգավորման մեխանիզմները, այդ թվում՝ մասնավոր ընկերությունների հետ մասնագիտական կրթություն-աշխատաշուկա կապի ձևավորմանը միտված քայլերը: Նշվել է, որ օրենսդրական փոփոխությունների կարիք կա, և այս ուղղությամբ ԿԳՄՍ նախարարությունը համագործակցում է Եվրոպական կրթական հիմնադրամի հետ: Նախատեսվում է մինչև ամառ օրենսդրական փոփոխությունների փաթեթը ներկայացնել կառավարություն:

Արա Խզմալյանը զեկուցել է մշակույթի բնագավառում կատարված աշխատանքների մասին. 2020թ. դեկտեմբերին ԵՄ գրասենյակի աջակցությամբ իրականացվել է մշակութային ՊՈԱԿ-ների կառավարման պրոբլեմների վերլուծություն և մշակվել են լուծման մեխանիզմներ: Կարևոր խնդիրներից է տնօրենների ինստիտուտի լիարժեք կայացումը, որը ենթադրում է ֆինանսական ինքնավարություն և պետական գույքի արդյունավետ կառավարում՝ հաշվի առնելով մեծ ներուժի առկայությունը: Հաջորդ քայլը արդյունավետության առանցքային ցուցիչների (KPI) սահմանումն է, որի ուղղությամբ էլ աշխատանք է տարվում միջազգային գործընկերների հետ: Ըստ նախարարի տեղակալի՝ այս տարի մշակութային ծրագրերը, ստեղծագործական ռեսուրսը միտված են լինելու հետպատերազմյան ճգնաժամի հետևանքների մեղմացմանը: Թիրախայինը կրկին սահմանամերձ համայնքներն են՝ Արցախում, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերում ևս իրականացվելու է «Թիկունքը՝ մշակույթ» նախաձեռնությունը: Աշխատանք արդեն սկսվել են, առաջիկայում մշակույթի ոլորտի կառույցների ներկայացուցիչների հետ նախատեսվում է այց Արցախ: Համապատասխան կազմակերպությունների հետ քննարկվում է հաշմանդամություն ունեցող զինծառայողներին տարբեր ծրագրերում ներգրավելու հարցը: Առաջիկայում Տավուշի մարզի Բերդ քաղաքում կբացվի Գեղագիտության ազգային կենտրոն:

Ա. Խզմալյանը տեղեկացրել է նաև, որ պատմամշակութային ժառանգության պահպանման համատեքստում ապրիլի 18-ին՝ Հուշարձանների պահպանության միջազգային օրը, նախատեսվում է համաժողով բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որի շրջանակում կքննարկվեն նաև Արցախում պատմամշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող ոչ միայն գիտական, այլև տեղեկատվական քաղաքականությանը վերաբերող հարցեր: Նախատեսվում է նաև Հայաստանում «Կապույտ վահան» միջազգային կազմակերպության մասնաճյուղի բացում:

Վարչապետը կարևորել է հետպատերազմական շրջանում հոգեբանական վերականգնման ծրագրերի իրականացումը և դրանցում մշակութային բաղադրիչի պարտադիր ներառումը: «Հետպատերազմական մշակութային քաղաքականությունը պետք է միտված լինի հանրության հոգեբանության վերականգնմանը և ճգնաժամի հետևանքների հաղթահարմանը», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հանձնարարելով համապատասխան աշխատանք իրականացնել: Ինչ վերաբերում է մշակութային ՊՈԱԿ-ների գործունեությանը, կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ պետք է քաջալերել տնօրեններին՝ ակտիվ աշխատել սեփական եկամուտներն ավելացնելու ուղղությամբ և միևնույն ժամանակ ընկալելի դարձնել, որ սեփական եկամուտների ավելացումը չի ենթադրում պետական ֆինանսավորման կրճատում:

Կարեն Գիլոյանը ներկայացրել է սպորտի ոլորտում կատարվող աշխատանքները և առաջիկա անելիքները: Մասնավորապես, անդրադարձ է եղել ամռանը հնարավոր օլիմպիական խաղերին Հայաստանի մասնակցությանը, հայ մարզիկների համար պատրաստվածության պատշաճ պայմանների և միջավայրի ապահովմանը վերաբերող հարցեր: Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ առաջին անգամ մշակվել է հոգեբանական աջակցության ծրագիր՝ օլիմպիական խաղերից առաջ հայ մարզիկների անհրաժեշտ հոգեբանական պատրաստվածություն ապահովելու համար: Մշակվում է մեկ այլ ծրագիր՝ հաշմանդամություն ունեցող երիտասարդներին, նաև զինծառայողներին սպորտում ներգրավելու համար: Այս ուղղությամբ համագործակցություն է իրականացվում Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեի հետ: Առաջիկայում Արցախում նախատեսվում է մարզադպրոցի բացում՝ հրաձգության, ըմբշամարտի և բռնցքամարտի խմբակներով: Մշակվում է ուսանողական սպորտը խթանելու ծրագիր, քննարկվում է սպորտային առանձին հեռուստաալիք ստեղծելու գաղափարը, դիտարկվում են մարզիչների համար սոցիալական երաշխիքների ապահովման հնարավորությունները:

Վարչապետը կարևորել է սպորտի մասսայականացման ուղղությամբ միջոցառումների իրականացումը և բարձրացված մի շարք հարցերի լուծման առնչությամբ համապատասխան հանձնարարականներ է տվել:

Ամփոփելով քննարկումը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բովանդակություն ձևավորող գերատեսչությունն է, և բարեփոխումները պետք է իրականացվեն հենց այս տրամաբանության ներքո:
 

← Վերադառնալ