Մամլո հաղորդագրություններ

Վարչապետն այցելել է Զինվորի տուն և Հայրենիքի պաշտպանների հետ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել հերոս հայորդիների հիշատակին

27.09.2021

ևս 12 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանն վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ այցելել է Զինվորի տուն՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

Կառավարության ղեկավարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել հատուկ զինհաշմանդամների համար ստեղծված վերականգնողական մասնագիտական կենտրոնի ընթացիկ գործունեությանը, զարգացման հետագա ծրագրերին, ինչպես նաև կենտրոնում բացված «Գեղեցկություն՝ զինվորներից» խորագրով ցուցահանդես-վաճառքում ներկայացված աշխատանքներին: Վերջիններից գոյացած ողջ հասույթը տղաները նվիրաբերելու են հենց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։

Տեղեկացվել է, որ Զինվորի տանն առաջիկայում կբացվի հատուկ սենյակ, որտեղ տղաները կուսումնասիրեն կավագործություն, քանդակագործություն, տարբեր ուղղություններով կզարգացնեն իրենց հմտությունները:

Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել նաև «Միասնականության գորգ» նախագիծը, որի շրջանակում Զինվորի տունը և «Մեգերյան Կարպետը» համատեղ ստեղծում են շուրջ երկու միլիոն հինգ հարյուր հազար հանգույց ունեցող գորգ, որի աշխատանքներին հնարավորություն ունի մասնակցելու աշխարհի յուրաքանչյուր հայ:

Միասնության գորգի դազգահը դրված է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում՝ Արմենակ Ուրֆանյան սրահում, որը բացվել է Հայոց բանակի հիմնադրման 28-ամյակի առթիվ և որը վերանորոգվել ու կահավորվել է գերժամանակակից սարքավորումներով «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը հանդիպել է Զինվորի տանը բուժում ստացող Հայրենիքի պաշտպաններին, ծանոթացել նրանց վերականգնման ընթացքին, պատասխանել նրանզ հուզող մի շարք հարցերի: Հանդիպման ընթացքում էլ՝ ժամը 11:00-ին, վարչապետը տղաների հետ մեկ րոպե լոռությամբ հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոս հայորդիների հիշատակին:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բոլոր զինհաշմանդամների խնդիրները, իսկ ծրագրերն ուղղված են լինելու նրանց անհրաժեշտ պարագաներով ու ժամանակակից սարքավորումներով ապահովմանը, կրթության համար համապատասխան պայմանների ստեղծմանը, մասնագիտական վերապատրաստման գործընթացի ապահովմանը: «Կարևոր է, որ զինհաշմանդամները պատրաստվեն լիարժեք կյանքի՝ հաշվի առնելով իրենց նախասիրություններն ու պետության կողմից կրթական կոմպոնենտի ապահովումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա կնպաստի նաև տղաների՝ սեփական ուժերի նկատմամբ վստահության ամրապնդմանը:

Հաշվի առնելով նաև բարձրացված հարցերը՝ վարչապետը Առողջապահության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներին հանձնարարել է ուսումնասիրել ներկայացված խնդիրներն ու գտնել դրանց լուծման անհրաժեշտ միջոցներ:


 

← Վերադառնալ