Մամլո հաղորդագրություններ
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Ռուտեի հադիպումը. երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարություններով
- 1670x1113px - 680 Կբ
- 1670x1113px - 626 Կբ
- 1670x1113px - 568 Կբ
- 1670x1113px - 563 Կբ
- 1670x1113px - 450 Կբ
- 1670x1113px - 406 Կբ
- 1670x1113px - 432 Կբ
- 1670x1113px - 427 Կբ
- 1670x1113px - 433 Կբ
- 1670x1113px - 317 Կբ
- 1670x1113px - 396 Կբ
- 1113x1670px - 418 Կբ
- 1670x1113px - 399 Կբ
- 1670x1113px - 426 Կբ
- 1670x1113px - 381 Կբ
ևս 12 լուսանկար
Հաագայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռուտեի հադիպումը:
Պարոն Ռուտեն կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Նիդերլանդներ և երկու երկրների միջև փոխգործակցության զարգացումը բոլոր ոլորտներում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են նաև երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, գործարար կապերի ընդլայնման ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացումը: Նրանք համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա է տնտեսական փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացումը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին:
Այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարություններով:
Մարկ Ռուտեն, մասնավորաապես նշել է.
«Շատ շնորհակալ եմ: Ինձ համար մեծ հաճույք է Նիկոլ Փաշինյանին և իր կառավարության մի քանի անդամներին այստեղ ողջունել և ընդունել:
Նիդերլանդները և Հայաստանը աշխարհագրական առումով մի քանի հազար կիլոմետր հեռու են իրարից, բայց մնացած առումներով տարածութունը մեր երկրների միջև փոքր է: Մենք մշակութային արժեքների գնահատողն ենք. Դրենցի թանգարանում ցուցահանդես է երեկ բացվել, և հուսով եմ շուտով կայցելեմ այնտեղ: Մենք նաև հիանալի դիվանագիտական հարաբերություններ ունենք, որոնք արդեն 30 տարի է գոյություն ունեն: Նիդերլանդների դեսպանության բացումը տեղի ունեցավ Երևանում, որը հաստատում է մեր երկկողմանի հիանալի հարաբերությունները:
Վարչապետ Փաշինյանի այցը շատ ճիշտ պահին է տեղի ունենում, քանի որ Հայաստանի կառավարությունն անցած տարվա ընտրություններից հետո, շատ մեծ պլաններ ունի. շատ թեմաներ ունենք խոսելու, շատ մեծ պլաններ կան: Հայաստանը մեծ ներդրումներ է արել և գնում է ժողովրդավարության ճանապարհով, չնայած երբեմն լինում են բարդ իրավիճակներ և պայմաններ: Վարչապետ Փաշինյանի ղեկավարությամբ թավշյա հեղափոխությունից հետո շատ մեծ փոփոխություններ են իրականացվել, կոռուպցիայի և շատ այլ խնդիրների դեմ պայքար է իրականացվել: Ես մեծապես համոզված եմ, որ բարեփոխումները լինելու են շատ արդյունավետ, և բոլոր հայերը դրանից օգուտ են ստանալու: Ես մեծ գնահատական եմ տալիս պարոն Փաշինյանին, շատ եմ գնահատում իր կառավարության գործունեությունը և իրեն խոստացել եմ, որ կօժանդակենք ամեն կերպ:
Չնայած շատ դրական ձեռքբերումներ կան, ցավոք, աղետալի պատերազմն Ուկրաինայում բոլորին վշտացնում է: Իհարկե, այդ մասին մենք այսօր խոսել ենք: Մեր դիրքորոշումը շատ պարզ է՝ այդ ահավոր պատերազմը պետք է դադարի, և բոլոր կողմերը պետք է սեղանի շուրջ նստեն և բանակցություններ սկսեն դրա վերաբերյալ: Միայն դա կարող է հանգեցնել մշտական խաղաղության: Ցավոք, Հայաստանը շատ լավ գիտակցում է՝ ինչ է նշանակում պատերազմը, և այդ իսկ պատճառով էլ այդքան կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերջերս սկսել են բանակցություններ վարել, որպեսզի շուտով իրականանա Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնությունը: Մենք շեշտում ենք դրա կարևորությունը և Մինսկի խմբի համանախագահներին օժանդակում ենք: Շատ բարդ խոսակցություն է այդքան վշտից հետո: Պարոն Փաշինյանն այդ մասին պառլամենտում շատ պարզ խոսքեր արտահայտեց: Ես իմ հարգանքն արտահայտեցի դրա վերաբերյալ, Հայաստանի կառավարության ջանքերն այդ առումով, մենք սրտանց ողջունում ենք և շարունակելու ենք ողջունել: Դեռ չենք ավարտել, իհարկե, մեր խոսակցությունները, շուտով նստելու ենք սեղանի շուրջ, բայց ուզում եմ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել պարոն Փաշինյանին և նախարարներին այցի համար:
Այս այցի ժամանակ նորից հաստատեցինք, թե ինչն է միավորում մեր ազգերին: Դա խոստանում է շատ լավ և դրական համագործակցություն ապագայում: Անձնապես շատ եմ ողջունում այդ բոլորը, նորից շնորհակալություն եմ հայտնում, և հուսով եմ՝ նորից կհանդիպենք»:
Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Մեծարգո պարոն վարչապետ,
Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության և պաշտոնական այցով հրավիրելու համար: Պետք է արձանագրեմ, որ սա Հայաստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Նիդերլանդների Թագավորություն: Եվ ես այսօր մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ փաստը, որ այս ժամանակում տեղի է ունենում այս պաշտոնական այցը , ես գնահատում եմ ոչ միայն մեր հարուստ պատմական հարաբերությունների և առևտրատնտեսական բավական զարգացած հարաբերությունների արտահայտություն, այլև Նիդերլանդների և անձամբ Ձեր, պարոն վարչապետ, աջակցությունը հայկական ժողովրդավարությանը, մեր կառավարության որդեգրած ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին: Առաջին անգամ եմ ընդհանրապես Նիդերլադներում գտնվում և շատ տպավորված եմ Ձեր հիասքանչ և գեղեցիկ երկրով: Եվ, իհարկե, դա լրացուցիչ խթան է և ոգևորում է մեզ, որպեսզի մենք հետագայում զարգացնենք հարաբերությունները բոլոր ոլորտներում և քաջալերենք նաև մարդկային, մշակութային, տնտեսական կապերի հետագա զարգացումը մեր երկրների միջև: Պիտի արտահայտեմ նաև իմ շնորհակալությունը Ձեզ, պարոն վարչապետ, Ձեր արտահայտած դիրքորոշումների վերաբերյալ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման և այն բանի համար, որ Դուք հստակ աջակցում եք ՀՀ կառավարության որդեգրած խաղաղության օրակարգին: Պետք է ասեմ, որ այո՛, մենք խաղաղության օրակարգ որդեգրելու և իրականացնելու մանդատ ենք ստացել մեր ժողովրդից նախորդ տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որը պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ միջազգային հանրության կողմից միանշանակ գնահատվել է որպես ազատ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը չափազանց հարուստ է, և մենք հույս ունենք բոլոր ուղղություններով առաջ ընթանալ: Մենք շատ հետաքրքրված ենք և այսօր մի քանի առիթներով քննարկել ենք, մասնավորապես, Հայաստանում գյուղատնտեսական տեխնոլոգիաների ավելի լայնածավալ կիրառման հարցը: Մենք գիտենք, որ Նիդերլանդները ամենազարգացած գյուղատնտեսական և տեխնոլոգիական երկիր է, և մենք ուրախ ենք և շնորհակալ, որ և կառավարությունը, և բիզնեսը, որի հետ այսօր հանդիպում ունեցանք, հետաքրքրված են այդ ուղղություններով հետագա զարգացումների համար: Ժողովրդավարական բարեփոխումների աջակցման գործում մեծ է Նիդերլանդների Թագավորության և Ձեր կառավարության դերը: Իհարկե, մեր հիմնական համագործակցության գործընկերը Եվրամիությունն է այս հարցում, և իհարկե, Եվրամիության անդամ երկրների աջակցությունը կարևոր է: Պիտի արձանագրեմ, որ 2021 թվականին ուժի մեջ մտավ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնաված գործընկերության համաձայնագիրը, որը, ըստ էության, հենց ժողովրդավարական բարեփոխումների համատեղ օրակարգն է: Եվ մենք վճռական ենք այդ օրակարգը լիարժեք իրականացնելու, վճռական ենք մեր երկրի և մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու առումով: Մենք քննարկեցինք նաև այն պրոցեսները, որ տեղի են ունենում Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, Հայաստան- Ադրբեջան հարաբերություններում: Եվ պետք է ուրախությամբ նշեմ, որ ըստ էության, արձանագրում ենք, որ մենք ընդհանուր պատկերացումներ ունենք այդ պրոցեսների վերաբերյալ և ընդհանուր պատկերացում ունենք, որ խաղաղության օրակարգն իսկապես պետք է իրագործվի: Բայց նաև, մենք բոլորս գիտենք, որ առանց միջազգային հանրության աջակցության դա հնարավոր չէ, և ուրախ ենք, որ միջազգային մեր գործընկերների շրջանում այդ օրակարգն ըմբռնում է գտնում: Կրկին անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս ջերմ ընդունելության համար և համոզմունք հայտնել, որ այցի արդյունքներով մեր հարաբերությունների հետագա զարգացման նոր խթան կտրվի:
Շնորհակալություն»:
Նիկոլ Փաշինյանը և Մարկ Ռուտեն պատասխանել են լրագրողների հարցերին:
«Շանթ» հեռուստաընկերություն, Վահագն Հակոբյան – Հարցս ուղղում եմ Նիդերլանդների վարչապետին: Պարոն վարչապետ, Նիդերլանդները՝ որպես Եվրոպական Միության հիմնադիր անդամ, որպես Եվրամիության արժեքներն առաջ մղող, ինչպե՞ս է վերաբերում այն փաստին, որ Ադրբեջանը շարունակում է պահել հայ ռազմագերիներին, նրանց ազատ չի արձակում: Ավելին՝ չնայած այն բազմաթիվ հայտարարություններին, որ Հայաստանն անում է, որ պատրաստ է խաղաղության, Հայաստանը խաղաղության ջատագովներից է, Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը և ավելին՝ մինչ օրս շարունակում է գտնվել Հայաստանի սուվերեն տարածքում:
Վերջում՝ Դուք նաև խոսեցիք մշակութային արժեքներից, ինչպե՞ս եք վերաբերում այն փաստին, որ Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանը՝ այդ երկրի իշխանությունների կողմից ամենաբարձր հովանավորությամբ, ձևախեղում և ոչնչացնում է Արցախի հայկական պատմամշակութային արժեքները: Շնորհակալություն:
Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտե - Շնորհակալություն, հարցի համար: Նախևառաջ ասեմ, որ 2020 թվականի պատերազմը բոլորիս ցույց տվեց, որ վերջնական խաղաղությունը մեծ կարևորություն ունի, դրա համար էլ այդքան ուրախ ենք, որ ինտենսիվ երկխոսություն է տեղի ունենում: Դրանք, իհարկե, վերին աստիճանի դժվար և հուզմունքային զրույցներ են՝ այսպիսի պատմությունով: Միևնույն ժամանակ ասեմ, որ հետևողական խաղաղությունն իրագործելի է, և միայն այդ խաղաղությամբ կարող են երկու երկրներն այդ տարածաշրջանում ապրել: Պետք է շատ իրատես լինենք այդ առումով:
Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմը նույնպես ազդեցություն ունի երեք նախագահների վրա Մինսկի խմբի առումով նկատի ունեմ՝ Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը: Դրականն այն է, որ այդ նախագահներն ակտիվ են, ակտիվ գործունեություն են ցուցաբերում, իրենց դրական աշխատանքը շարունակում են, և իմ գործընկերը, ինչպես ասաց այդ մասին, Եվրոպական Միությունը շատ ակտիվ է այդ առումով: Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը շատ դյուրացնող դեր է կատարում Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների միջև: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին, որ բռնություններին վերջ դրվի, լարվածությունը նվազի և կոնֆլիկտը խաղաղության սեղանի շուրջ լուծվի: Իհարկե, այդ մասին շատ երկար չեմ կարող խոսել, բայց մենք երկուսով մեր զրույցների և հեռախոսազրույցների ժամանակ այդ նույնը հաստատել ենք, որ դա շատ կարևոր է իրականացնել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կուզեմ անդրադառնալ՝ ընդգծելով, որ մենք նաև Ադրբեջանում պահվող մեր գերիների հետ կապված հարցն ենք քննարկել: Եվ պիտի արձանագրեմ, որ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը շատ հստակ բանաձև է ընդունել այդ առիթով: Նաև պիտի արձանագրեմ, որ այդ հարցում վարչապետ Ռուտեի հետ մեր դիրքորոշումները համընկնում են: Իհարկե, հասկանալի է, որ այդ իրավիճակը միջազգային հանրության համար ավելի ու ավելի անընդունելի է դառնում, երբ մարդկանց կյանքերը կարող են օգտագործվել քաղաքական նպատակներով: Մեր դիրքորոշումը հստակ է՝ ռազմագերիները պետք է վերադառնան տուն:
Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտե - Նիդերլանդները կշարունակի պայքարել այդ ուղղությամբ, որպեսզի գերիները կարողանան ապահով կերպով վերադառնալ իրենց Հայրենիք:
Հարց - Պարոն Ռուտե, Եվրամիությունը հաճախ խնդիրներ է ունենում Արևելյան Եվրոպայի երկրների հետ: Հիմա Ֆրանսիայի նախագահը տարբեր պլաններ ունի Եվրամիությունը վերակազմակերպելու առումով: Միգուցե նոր քաղաքական միություն են պլանավորում ստեղծել, ուրիշ թեկնածու երկրներ միգուցե ներառվեն, միգուցե Հայաստանն ընդգրկվի դրա մեջ: Ի՞նչ կարծիքի եք Դուք: Միգուցե Հայաստանի համար էլ լավ միտք է, միգուցե Հայաստանի վարչապետն այդ մասին կարողանա ինչ-որ բան արտահայտել, կամ ինչպիսի՞ տեսակետներ ունի այսպիսի միության մասին:
Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտե - Իհարկե, շատ հետաքրքիր պլաններ են արտահայտվել: Մենք էլ դրա մանրամասներին ծանոթ չենք: Հուսով ենք՝ շուտով կարող ենք ծանոթանալ: Հիմա շատ բան հայտնի չէ այդ մասին: Շատ քիչ բան է հայտնի: Մեր առաջին նախնական արձագանքն այն է, որ շատ հետաքրքիր միտք է, մտահղացում է: Մենք, իհարկե, շատ լավ գիտակցում ենք, որ Արևմտյան Բալկաններում շատ մեծ լարվածություններ կան՝ Հյուսիսային Մակեդոնիայում, Ալբանիայում: Հեռանկարներ կան, որպեսզի նրանք ընդգրկվեն և թեկնածու դառնան, անդամակցեն այդ նոր միությանը: Բայց, ցավոք, խնդիրներ են առաջացել Մակեդոնիայի, Ալբանիայի և Բուլղարիայի շուրջ, և դեռ այդ հարցերը չեն լուծվել: Ես հաջորդ շաբաթ այց եմ կատարելու Սոֆիա: Բայց այդ նրբությունները գոյություն ունեն: Ես ուզում եմ այդ հարցերն ավելի խորապես քննարկել, հետո նոր ինչ-որ կարծիք արտահայտել: Բայց ներկա դրությամբ կարող եմ ասել, որ հետաքրքիր մտահղացում է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եթե ես ճիշտ հասկացա հարցը, պիտի արձանագրեմ, որ Եվրամիության Արևելյան գործընկերության հետ կապված վերջին զեկույցները մեզ համար շատ հաճելի են, որովհետև այդ զեկույցները ցույց են տալիս, որ Հայաստանն իսկապես ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով շատ վստահ է առաջ ընթանում: Բայց այստեղ կա մի նրբություն, որի մասին ես կցանկանայի ասել. մենք չենք ուզենա, որ Արևելյան գործընկերության երկրները գնահատվեն ըստ նրա, թե իրենք արդյոք Եվրամիությանը միանալու օրակարգ ունեն, թե օրակարգ չունեն, որովհետև, կարծում եմ, որ դրանք տարբեր խնդիրներ են: Մենք բարեփոխումների ուղղությամբ շատ լավ առաջ ենք շարժվում և մենք չենք ցանկանա, որ այդ բարեփոխումների առաջընթացը գնահատվեր ըստ այնմ, թե մենք Եվրամիության անդամի թեկնածու ենք, թե թեկնածու չենք: Եվ այս առումով Արևելյան գործընկերության երկրների դասակարգումները պիտի խնդրենք, միջնորդենք, որ տեղի չունենան, որպեսզի երկրները խմբավորվեն ըստ իրենց օբյեկտիվ ցուցանիշների և հաջողությունների, բարեփոխումների տրամաբանության:
Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, Իրինա Մկրտչյան – Հարցս ուղղում եմ Նիդերլանդների Թագավորության վարչապետին: Արդյոք պատասխան այց Հայաստան կատարելու ծրագրեր կա՞ն, թե ոչ: Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման երկխոսության վերաբերյալ ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը:
Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտե - Վիզաների հարցը շատ բարդ է: Մենք այդ մասին խոսակցություններ ենք վարում Հայաստանի հետ: Ներկա դրությամբ այդ մասին նորություններ չունենք հայտնելու: Բայց խոսակցության նյութ է:
Ես շատ կգնահայտեի, ես Հայաստանում չեմ եղել մինչ օրս: Եթե ես ստանամ այդպիսի հրավեր: COVID-ի միջոցառումների պատճառով այնքան ենք հետ ընկել մեր աշխատանքից, բայց մեծ հաճույքով կայցելեի Հայաստան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեծ հաճույքով պաշտոնապես Ձեզ հրավիրում եմ առաջիկա հնարավոր ժամանակահատվածում այցելել Հայաստանի Հանրապետություն: Ես ուրախ կլինեմ Ձեզ ընդունել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Նիդերլանդների Թագավորություն ավարտվել է: