Մամլո հաղորդագրություններ

Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին ներկա են գտնվել հայ-վրացական Բարեկամության կամրջի գործարկման պաշտոնական միջոցառմանը

19.08.2022

ևս 21 լուսանկար



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր Հայաստանի և Վրաստանի միջպետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցակետի տարածքում մասնակցել են հայ-վրացական Բարեկամության կամրջի գործարկման պաշտոնական միջոցառմանը: Արարողությանը ներկա են եղել նաև երկու երկրների կառավարության անդամները, մասնավորապես հայկական կողմից` փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը  և այլք:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես նշել է.

«Հարգարժա՛ն պարոն վարչապետ Ղարիբաշվիլի,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ բոլորիդ ողջունելու հայ-վրացական գործընկերային սերտ և բազմաբովանդակ համագործակցությունն ազդարարող այս կամրջի գործարկման միջոցառմանը:

Անկասկած, ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա խարսխված մեր երկու եղբայրական երկրների դարավոր կապերն ունեն նման արդիական և ժամանակի պահանջներին համահունչ կարևոր ենթակառուցվածքի կարիք, որն ամուր հենք է ստեղծում մեր հետագա ծավալուն համագործակցության համար:

Առավել քան համոզված եմ, որ այսօր առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթյուններին համապատասխան զարգացնելու և խորացնելու հարաբերությունները եղբայրական Վրաստանի հետ:

Հարգելի՛ ներկաներ,

Ներկայիս բարդագույն մարտահրավերների պայմաններում ակնառու աճ է արձանագրվել հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններում: Ես այսօր հաճելիորեն զարմացա՝ արձանագրելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 97 տոկոս առևտրաշրջանառության աճ ունենք: Իհարկե, նախորդ տարիները, հետքովիդյան տարին բազան այդքան էլ մեծ չի եղել, բայց ամեն դեպքում, սա շատ տպավորիչ ցուցանիշ է, որը, կարծում եմ՝ համատեղ ու անդադար, շարունակական ու հետևողական աշխատանքների իրագործման արդյունք է: Մեր ինտեսիվ հարաբերությունների ֆոնին, երբ վերադառնում ենք և նայում ենք թվերին և տեսնում ենք այսպիսի դրական տենդենցներ, դա իհարկե մեզ ոգևորում է, որ մեր ինտեսիվ հարաբերությունները փորձենք ավելի ինտենսիվ դարձնել :

Հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններն ունեն առավել մեծ ներուժ, և հենց սա նկատի ունեմ, որ մեր աշխատանքով պետք է այդ ներուժը կարողանանք օգտագործել: Համագործակցության խորացման լուրջ հնարավորություններ կան արդյունաբերության, գյուղատնտեսության, դեղագործության, տեղեկատվության և կապի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Ակնհայտ է, որ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առանցքային նշանակություն ունեն հաղորդակցային ուղիները, որոնք հնարավորություն են տալիս ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը և կենսական կապ հաստատել և ապահովել ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակով։

Մեր երկկողմ համագործակցության տրանսպորտային ոլորտի առաջնահերթությունն ու տրանսպորտային միջազգային մի շարք կառույցներում փոխգործակցությունը, մեզ հնարավորություն են ընձեռում իրատեսական քայլեր ձեռնարկել ոչ միայն Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի, այլ նաև տրանսպորտի ոլորտի հանգուցային կապ ապահովող այլ նախաձեռնությունների համար։ Լիահույս եմ, որ առավել ակտիվ աշխատանքների իրականացման և ձեռք բերված պայմանավորվածությունների համադրման ու կյանքի կոչման ճանապարհով արդեն իսկ հետաքրքրություն ցուցաբերած և այլ շահագրգիռ կողմերի ներգրավումը կնպաստի տարածաշրջանային հեռանկարային համագործակցությանը։

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Վրաստանի միջև կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացվում թե՛ ցամաքային, թե՛ օդային ուղիներով: Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, անհրաժեշտ է հավելյալ ջանքեր գործադրել և համատեղ շարունակական աշխատանքներ իրականացնել դրանց առավել դյուրին շարժն ապահովելու համար։ Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել նաև երկաթուղային տրանսպորտային համագործակցության և մուլտիմոդալ, մասնավորապես՝ լաստանավային փոխադրումների ընդլայնման կարևորությունը։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայաստանի համար Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, մեծ դեր ունի էներգառեսուրսների, կապի և հեռահաղորդակցության հուսալի և անվտանգ մատակարարման առումով: Համագործակցության արդյունավետ մեծ փորձ կա էներգետիկայի ոլորտում: Նշված, ինչպես նաև կիբերանվտանգության ապահովման ուղղությամբ առօրյա և հետևողական աշխատանք պետք է իրականացվի համապատասխան գերատեսչությունների և կառույցների կողմից։

Պետք է նշեմ, որ երկու երկրների միջև անհրաժեշտ է զարգացնել միջսահմանային համագործակցությունը, որը կանխարգելիչ գործողությունների իրականացման առումով նկատելիորեն նպաստավոր էր հատկապես համավարակային շրջանում։

Մեր երկու երկրների համար կարևոր է մշակութային և հումանիտար ոլորտում համագործակցության ընդլայնումը: Պետք է շարունակենք ջանքեր գործադրել զբոսաշրջության ոլորտում՝ միաժամանակ Հայաստան և Վրաստան այցելուների համար համատեղ զբոսաշրջային փաթեթներ առաջարկելու միջոցով։

Անդրադառնալով Հայաստանի և Վրաստանի միջմարզային և ապակենտրոնացված համագործակցությանը՝ պետք է նշեմ, որ այն ունի զարգացման բավականաչափ մեծ հնարավորություններ: Պետք է դիտարկել միջազգային կառույցների ներգրավումը անդրսահմանային համագործակցության տարբեր ծրագրերում:

Ոչ պակաս կարևոր է շրջակա միջավայրի պահպանության, աշխատանքի և զբաղվածության, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության ոլորտներում հետագա համագործակցության զարգացումը: Անհրաժեշտ է առավել ակտիվացնել համատեղ միջոցառումների կազմակերպումը, իրականացնել փորձի փոխանակումներ։

Մեծարգո պարոն վարչապետ,
Հարգելի՛ գործընկերներ,

Վերոնշյալ բոլոր ուղղությունների կենսագործման համար, բնականաբար, անհրաժեշտ են միջգերատեսչական հանդիպումներ, ակտիվ փոխայցելություններ և միջանձնային սերտ կապեր: Իսկ այդ պայմանների ապահովման հարցում կարևոր է անխոչընդոտ և հեշտացված կարգով շփումների իրականացումը, ինչին էլ այսուհետ կնպաստի այս կառույցը, այս կամուրջը:

Ավարտելով խոսքս՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ներգրավված կողմերին, ֆինանսա¬վորող, նախագծող և շինարարական կազմակերպություններին՝ երկու երկրների բարեկամությունը խորհրդանշող այս ենթակառուցվածքը իրականություն դարձնելու և կատարված արդյունավետ աշխատանքի համար։ Վստահ եմ, որ գործադրված ջանքերը համապատասխան դրական լիցք կհաղորդեն հնարավոր բոլոր ուղղություններով փոխշահավետ համագործակցությանը և մեր երկկողմ եղբայրական կապերին։

Մեզ բոլորիս մաղթում եմ հետագա հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ մեր պետությունների առաջընթացի և մեր երկու ժողովուրդների բարօրության։

Շնորհակալ եմ և շնորհավորում եմ»:

Իրակլի Ղարիբաշվիլին իր խոսքում նշել է.

«Հարգարժա՛ն պարոն վարչապետ,
Հարգելի՛ հյուրեր,

Մենք լավ գիտենք, որ մեր երկրների միջև բարեկամությունը չափվում է բազմաթիվ դարերով: Մեր հարաբերությունը ոչ միայն եղբայրության, ընկերության օրինակ է, այլ նախապայման է ողջ տարածաշրջանի բարեկեցության, կայունության, անվտանգության և զարգացման համար:

Բարեկամության կամուջը, որը միասին ենք կառուցել, մեր համագործակցության և մեր բարեկամության հաջողությունն է մարմնավորում: Երկու պետությունների տարածքում գտնվող համատեղ կառուցված ժամանակակից չափորոշիչներով և չափանիշներով 160մ երկարության քառաշերտ կամուրջը տարածաշրջանում հազվագյուտ նախագիծ է: Նրա գործարկմամբ տրանսպորտի թողունակությունը կրկնապատկվում է սահմանին, բարելավվում է անվտանգության որակը ինչպես երկու երկրների քաղաքացիների, հյուրերի, այնպես էլ տարանցիկ ավտոտրանսպորտի համար, իսկ դա իր հերթին կնպաստի առևտրային և տնտեսական հարաբերությունների էլ ավելի հզորացմանը:

Պարո՛ն վարչապետ,
Թանկանգի՛ն հյուրեր,

Պետք է նշեմ, որ կամուրջը ոչ միայն Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների և հյուրերի համար կլինի օգտակար, այլ այն ռազմավարական նշանակություն է ձեռք բերում, որպես արևելք-արևմուտք միջազգային ուղու նշանակալի մաս: Ես ուզում եմ նշել, որ այսօր մեր երկրում ճանապարհային միջանցքի զարգացումը բարձր տեմպերով է ընթանում: Արդեն կառուցել ենք արևելք-արևմուտք մայրուղու կեսը, ընդամենը երկու տարում դրա բոլոր հիմնական հատվածների շինարարությունը կավարտվի: Նման զանգվածային նախագծերի համատեքստում էլ ավելի հրատապ է դառնում անցման կետերի ժամանակակից չափորոշիչներով կամուրջի գործարկումը: Եվ ուզում եմ մեկ անգամ ևս նշել, որ երկու բարեկամ երկրների համատեղ և հաջող համագոծակցության համար շատ կարևոր էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությունը, շնորհակալություն բանկի ներկայացուցչին: Այս նախագծի համար տրամադրվել է ավելի քան 7 մլն եվո: Շնորհակալություն նաև անձամբ բանկի ղեկավարությանը, շնորհակալություն եմ հայտնում նաև շինարարական և վերահսկողական ընկերություններին, արհեստավարժ թիմերին, նախագծի հեղինակներին, ինժեներներին, շինարարներին, բոլորին, ովքեր այս կարևոր նախագծի իրականացմանը մասնակցել են:

Ուզում եմ ասել, պարոն վարապետ, որ մեր երկրների միջև նոր բարեկամության կամուրջ ենք կառուցել, և դա պաշտոնապես տոնում ենք: Այս կամուրջը հզորացնում է մեզ, մեր երկրները, ողջ տարածաշրջանը:

Մեկ անգամ ևս շնորհակալություն, մեր երկրներին՝ խաղաղություն, մեր ժողովուրդներին՝ բարեկեցություն և առաջընթաց»:

Բագրատաշեն անցման կետի կամրջի վերակառուցման ծրագրին իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ: Հյուսիսային սահմանի արդիականացման ծրագրի վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2012թ. նոյեմբերի 23-ին: 2014 թ. դեկտեմբերի 24-ին Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև կնքվել է միջկառավարական համաձայնագիր, որով ստեղծվել է միջկառավարական հանձնաժողով՝ ծրագիրը համատեղ իրականացնելու նպատակով: Շինարարությունը մեկնարկել է 2021 թվականին: Կատարվել են հիմքերի հորատման, հիմքերի և հենապատերի ամրանավորման և բետոնացման, թունելային անցումների բետոնացման աշխատանքները: Տեղադրվել են կամուրջների 50 նախալարված ամրաններով հեծանները, կատարվել են ամրանավորման և բետոնացման, մակերեսի ասֆալտապատման աշխատանքներ։ Իրականացվել են լուսավորության և ջրահեռացման համակարգերի մոնտաժման աշխատանքներ։ Տեղադրվել են արգելափակոցները, ասֆալտապատվել են մայթերը և մոտեցնող ճանապարհները, ավարտվել են ճանապարհային նշանների և գծանշման աշխատանքները։ Ծրագրի շրջանակներում անցակետում տեղադրվել է 6X10մ չափերով ՀՀ դրոշը՝ 30 մետր բարձրությամբ մետաղական սյան վրա։ Փաստացի կատարված է պայմանագրային աշխատանքների 100%-ը։ 

← Վերադառնալ