Մամլո հաղորդագրություններ

Չպետք է իրականացնել քայլեր, որ ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար. վարչապետն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին

12.01.2023

ևս 1 լուսանկար

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին: Վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

Սիրելի ժողովուրդ,

Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն Ադրբեջանի կողմից շարունակվում է արդեն 32 օր: Երկուշաբթի օրը խափանվել է Լեռնային Ղարաբաղին Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիա մատակարարող էլեկտրագծի աշխատանքը: Խափանումը տեղի է ունեցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, և մինչև այս պահը վերականգնողական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն չի ընձեռնվել ո՛չ Լեռնային Ղարաբաղի համապատասխան ծառայություններին, ո՛չ խաղաղապահներին, ո՛չ էլ որևէ տեղեկություն կա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու կամ ընթացքի վերաբերյալ:

Լեռնային Ղարաբաղին էլեկտրական էներգիայի մատակարարաման խափանումը նոր պրոբլեմներ են ստեղծել: Սկսկվել են հովհարային անջատումներ, քանի որ էլեկտրական հոսանքի տեղական հզորությունները չեն բավարարում: Մանկապարտեզները գործում են ոչ լիարժեք, այդ թվում՝ չափանիշներին համապատասխանող սննդի բացակայության պատճառով: Փակվում են աշխատատեղեր՝ էլ ավելի սրելով սոցիալական վիճակը Լեռնային Ղարաբաղում:

Հարգելի ներկաներ,
Սիրելի ժողովուրդ,

Իմ գնահատականը շարունակում է մնալ նույնը, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը սեփական Հայրենիքում ապրելու Լեռնային Ղարաբաղի հայության կամքը կոտրելու նպատակ ունի, բայց հավատում եմ, որ այդ կամքն անկոտրում է:

Բայց մյուս կողմից՝ մենք պետք է նաև որոշակի պատկերացում ունենանք, թե ինչպես պետք է հանգուցալուծվի այս իրավիճակը: Այս հարցում էլ, իմ ընկալմամբ, Լեռնային Ղարաբաղի ժողորդի և իշխանության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ: Ի՞նչ է սա նշանակում: Առաջին հերթին, վերջին տարիների զարգացումների, դրանց խորքային իմաստների և պատճառների հետ պետք է առերեսվել այն կտրվածքով, որ իրադարձությունների, իրադրությունների մեր գնահատականները պետք է լինեն փաստահենք: Այս առումով, առաջին հերթին, պետք է խուսափել իրադրությունն էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, որովհետև վերջնակետին հասնելու հստակ պատկերացումներով չզուգորդված հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս: Եվ հետո, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև պետք է սկսվի քաղաքական խոսակցություն, և Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերները պետք է հնարավորություն չտան, որ որևէ մեկն իրենց մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու կամ նման խոսակցությունն անհնար դարձնելու մեջ:

Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է, և չպետք է իրականացնել քայլեր, որ ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար: Այս սադրանքի և էսկալացիայի նպատակներից մեկը Բաքվի և Ստեփանակերտի միջև քաղաքական և պաշտոնական խոսակցության ակնհայտ անհրաժեշտությունը քողարկելն է ու օրակարգից դուրս մղելը: Չպետք է արվեն գործողություններ, որոնք նպաստում են այս սադրիչ խնդրի լուծմանը:

Մյուս կողմից՝ մեր դիվանագիտական ծառայությունը, արտաքին կապեր ունեցող մեր բոլոր գերատեսչություններն ու շրջանակները պիտի կրկնապատկեն ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի միջազգային տեսանելիությունը մեծացնելու և տարբեր ատյաններում քննարկման առարկա դարձնելու ուղղությամբ: Այս իմաստով՝ հսկայական աշխատանք է արվել, բայց անհրաժեշտ է ավելին:

Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը, որը ձևավորվել է Հայաստանում, պիտի շարունակի հնարավոր միջոցներ ձեռնարկել առաջացող օպերատիվ հարցերը լուծելու համար»:

← Վերադառնալ