Մամլո հաղորդագրություններ

Եվրոպական խորհրդարանի ընդունած փաստաթուղթն արտահայտում է օբյեկտիվ իրականությունը. Վարչապետ

19.01.2023

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մանրամասներին, պատասխանատուների կողմից ներկայացվել են պարզաբանումներ:

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված բոլոր հարցերն ընդունվել են չզեկուցվող փաթեթով:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է միայն Եվրոպական խորհրդարանի երեկվա՝ հունվարի 18-ի ընդունած զեկույցին.

«Հարգելի գործընկերներ, բնականաբար շատ ծանր է, և որևէ այլ թեմայի մասին խոսելու մեծ ցանկություն էլ չկա, բայց երեկ տեղի է ունեցել իրադարձություն, որը կարծում եմ՝ պետք է անպայման հիշատակվի, որովհետև շատ կարևոր իրադարձություն է:

Եվրոպական խորհրդարանի հունվարի 16-ից 19-ը տեղի ունեցած լիագումար նստաշրջանի ընթացքում, այսինքն՝ հունվարի 18-ին կայացած քվեարկությամբ ընդունվել է «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության իրականացում. 2022 թվականի տարեկան զեկույցը», որը զեկուցել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթրնը:

Այդ փաստաթղթում չափազանց կարևոր արձանագրումներ կան մեր տարածաշրջանի և Հայաստանի Հանրապետության մասին: Մասնավորապես, զեկույցը խստորեն դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի 2022 թվականի սեպտեմբերի ագրեսիան, որը գնահատել է որպես զինադադարի խախտում և խաղաղության գործընթացի համար լուրջ, բացասական հետևանքներ ունեցող  ակցիա:

Վերահաստատել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է լիարժեքորեն հարգվի և կոչ է արել ադրբեջանական իշխանություններին՝ անմիջապես դուրս բերել զորքերը Հայաստանի բոլոր տարածքներից: Համոզմունք է արտահայտում առ այն, որ ռազմական միջոցներով Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնել հնարավոր չէ: Դա պահանջում է համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքին համապատասխան, ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ԵԱՀԿ 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009 թվականի հիմնարար՝ տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները: Մտահոգություն է արտահայտում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ պատերազմական հանցագործությունների ու անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ և կոչ է անում ադրբեջանական իշխանություններին՝ ազատել իրենց հսկողության տակ գտնվող ռազմագերիներին: Ընդգծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագիրը պետք է հասցեագրի հակամարտության արմատական պատճառները, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, տեղահանված անձանց ու փախստականների վերադարձը, մշակութային, կրոնական ու պատմական ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը, ինչպես նաև տարածքային ամբողջականությունը: Ողջունում է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայությունը և կոչ է անում Եվրամիության խորհրդին՝ ընդլայնել տեղակայված փորձագետների քանակը, ավելացնել առաքելության կարողությունները, ամրապնդել ներկայությունը տարածաշրջանում: Խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է, քանի որ այն կարող է ստեղծել կանխամտածված մարդասիրական ճգնաժամ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Պահանջում է Ադրբեջանի իշխանություններից՝ անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը: Հիշեցնում է, որ միայն դիվանագիտական միջոցներով է հնարավոր հասնել արդար և տևական կարգավորման՝ հօգուտ Հայաստանի և Ադրբեջանի բնակչության:

Այս փաստաթուղթն ընդունվել է 407 կողմ, 92 դեմ, 142 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Պիտի ընդգծեմ, որ այս փաստաթուղթը միայն Հայաստանի մասին չէ, այն շատ ծավալուն փաստաթուղթ է, 92-ից 99-ը կետերը վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը, Լեռնային Ղարաբաղին, մեր տարածաշրջանին:

Ընդունված փաստաթուղթը շատ կարևոր է այն առումով, որ ըստ էության արտահայտում է օբյեկտիվ իրականությունը, և պետք է նաև այս առումով շնորհակալություն հայտնեմ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին, Հայաստանի Հանրապետության մեր այն գործընկերներին, ովքեր շարունակական, հետևողական աշխատել են օբյեկտիվ տեղեկատվությունը Եվրախորհրդի պատգամավորներին և մեր գործընկերներին հասցնելու ուղղությամբ: Մենք պետք է շարունակենք մեր ջանքերն այս ուղղությամբ և, ի վերջո, հասնենք հռչակված քաղաքական օրակարգի իրականացմանը»:

Օտարերկրյա իրավաբանական անձանց լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվությունը կտրամադրվի առավել պարզեցված ընթացակարգով

Կառավարությունը հաստատել է «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված գործունեության իրականացման վայրի պահանջ չնախատեսող՝ Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձանց կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար համապատասխան ոլորտների թույլտվության տրման կարգերը: Հիմնավորման համաձայն՝ օրենքով սահմանվում է Հայաստանում վայրի պահանջ չնախատեսող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու համար օտարերկրյա իրավաբանական անձանց տվյալ պետության օրենսդրությամբ համապատասխան գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում պարզեցված ընթացակարգով թույլտվության տրամադրում՝ առանց կառավարության քննարկմանը ներկայացնելու։ Որոշման ընդունմամբ առաջարկվում է սահմանել լիցենզավորվող գործունեության համապատասխան տեսակների համար օտարերկրյա իրավաբանական անձանց՝ տվյալ պետության օրենսդրությամբ համապատասխան գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում թույլտվության տրման կարգ՝ հիմք ընդունելով օրենքի պահանջները։ Արդյունքում ակնկալվում է օտարերկրյա իրավաբանական անձանց լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվությունը տրամադրել առավել պարզեցված ընթացակարգով: Հաստատվել են հետևյալ կարգերը՝ օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից փոստային կապի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվության տրման, օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվության, օտարերկրյա պետություններում մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա ստացած օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից ՀՀ տարածքում մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու թույլտվության, օտարերկրյա իրավաբանական անձանց երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվության տրամադրման, օտարերկրյա իրավաբանական անձանց մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվության տրամադրման։

Որոշ ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի

Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու վերաբերյալ որոշում: Ըստ հիմնավորման՝ որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքի (անմշակ կաշի) արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ: ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում երկրորդային հումքը տեղում վերամշակելու և տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունները օգտագործելով անմշակ կաշվե արտադրանքը: Ներկայումս Հայաստանում կաշվի վերամշակման գործունեություն իրականացնող տեղական արդյունաբերական ընկերություններն ունեն կաշվի հումքի պահանջարկ և հումքային բազայի հնարավորությունները դեռևս ոչ ամբողջական հզորությամբ են օգտագործվում։ Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մինչև կաշվի արգելքի սահմանումը տեղական կաշվի հումքի վերամշակումից ստացված արտադրանքի ծավալը կազմել է մոտ 34 մլն դրամ, իսկ կաշվի հումքի վրա արտահանման արգելքի սահմանումից հետո ընկերությունների կողմից վերամշակվող տեղական կաշվից ստացվող արտադրանքի ծավալն աճել է 5-6 անգամ՝ կազմելով մոտ 206 մլն դրամ: Կաշվի մշակումը վերամշակող ընկերությունների կողմից ավելացել է ավելի քանի 4 անգամ և որոշման ընդունումը հնարավորություն է տվել ընկերություններին ամբողջությամբ օգտագործել տեղական հումքն՝ առանց լրացուցիչ խմբաքանակ ներմուծելու։ Տեղական հումքի ապահովումը հնարավորություն է տվել ընկերություններին ընդլայնել արտադրական ծավալները և գրեթե ամբողջությամբ իրացնել տեղական հումքը։ Արգելքը կգործի 6 ամսով՝ մինչև 2023 թ. հուլիսի 20-ը։

Օրենսդրական նախաձեռնություններ


Կառավարության հավանությանն է արժանացել ««Առևտրային արբիտրաժի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է զարգացնել Հայաստանում արբիտրաժի ինստիտուտը և թեթևացնել դատարանների ծանրաբեռնվածությունը՝ բարձրացնելով արբիտրաժի ինստիտուտի, և, մասնավորապես, արբիտրների նկատմամբ հասարակության վստահությունը, բացառելով դատարանի կողմից արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու և արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումների քննման ընթացքում կողմերի չարաշահումները և սահմանելով դատավարական հնարավորինս սեղմ ժամկետներ: Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կարող է մեծանալ Հայաստանում օտարերկրյա ներդրումների հոսքը, ինչը կնպաստի Հայաստանում ձեռնարկատիրական միջավայրի զարգացմանը: Օրինագծերով առաջարկվում է, մասնավորապես, սահմանել արբիտրին բացարկ հայտնելու նվազագույն հիմքերը: Կսահմանվի նաև, որ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննելիս դատարանում արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի առկայության, ինչպես նաև արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննելիս դատարանում արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի առկայության դեպքերում դիմումները մեկ վարույթի շրջանակում քննել:

Գործադիրը հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագծի ընդունումը պայմանավորված է դատախազներին՝ որպես առանձնակի ռիսկային ինքնավար պաշտոն զբաղեցնող և իրենց պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձանց հավելումներ տրամադրելու անհրաժեշտությամբ: Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է դատախազներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի իննսուներկու տոկոսի չափով: Դատախազների վարձատրությունն ավելացնելու նման մոտեցումն առաջ է քաշվել՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ դատախազների վարձատրության չափի փոփոխության այլ մեխանիզմները, օրինակ՝ վարձատրության չափի գործակիցների փոփոխությունը, համակարգային անհամաչափություն կարող են առաջացնել պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգում։ Առաջարկվող լուծումը և՛ բխում է դատախազի աշխատանքի առանձնակի ռիսկային բնույթից, և՛ բացառում է համակարգային իրավակարգավորումներում անհամաչափությունները։ Դատախազներին վճարվող հավելումների չափը որոշելիս հիմք է ընդունվել առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված և մասնագիտացում պահանջող պաշտոններ զբաղեցնող անձանց տրամադրվող հավելումների միասնական, չտարբերակված մոտեցում սահմանելու անհրաժեշտությունը:

Կառավարությունը հավանություն է տվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունումը պայմանավորված է մարզպետներին բաժնետիրական ընկերություններում հիմնադրի անունից հանդես գալու իրավասություն վերապահելու անհրաժեշտությունից։ Արդյունքում կապահովվի պետական ընկերությունների արհեստավարժ, արդյունավետ, թափանցիկ և հաշվետվողականության վրա հիմնված կառավարում:

Արտոնություններ են տրամադրվել հերթական ներդրումային ծրագրերին. կստեղծվի ավելի քան 100 նոր աշխատատեղ

Կառավարության որոշումներով մի շարք ընկերությունների տրամադրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

«Սաթենկար» ՍՊԸ-ն ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել հագուստի արտադրության համար։ 2002 թ. հիմնադրված ընկերությունը արտադրությունն իրականացելու է Կոտայքի մարզում։ Թողարկված արտադրանքը նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ անդամ երկրներ, ԵՄ և ԱՄՆ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 946 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսում է ստեղծել 53 նոր աշխատատեղ՝ մինչև 157 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 946 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 75 մլն դրամ:

«Մեգ Մեդիքալ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել մեկանգամյա օգտագործման բժշկական պարագաների, այդ թվում՝ վիրաբուժական հավաքածուների, խալաթների, սավանների արտադրության համար։ 2002 թ. հիմնադրված ընկերությունն արտադրությունն իրականացնելու է Արագածոտնի մարզում և թղարկված արտադրանքը նախատեսում է արտահանել ՌԴ և ԱՄԷ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 33 մլն դրամի կապիտալ ներդրում և 25 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսում է ստեղծել 30 նոր աշխատատեղ՝ 150-180 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 63 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 3.1 մլն դրամ:

«Գարատ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։ 2021 թ. հիմնադրված ընկերությունն արտադրությունն իրականացնում է Արմավիրի մարզում։ Թողարկված արտադրանքը նախատեսվում է իրացնել ներքին շուկայում, ինչպես նաև արտահանել երրորդ երկրներ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 18.1 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և ստեղծել 20 նոր աշխատատեղ՝ 400-500 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 18.1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2 մլրդ դրամ:

«Լենտեքս» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել տրիկոտաժե կտորի, գուլպաների, զուգագուլպաների, հագուստի արտադրության համար։ 2001 թ. հիմնադրված ընկերությունը արտադրությունն իրականացելու է Գյումրիում, թողարկված արտադրանքը նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ անդամ երկրներ, ԵՄ և ԱՄՆ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.8 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Արդյունքում կստեղծվի 35 նոր աշխատատեղ՝ 100-115 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.9 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 95 մլն դրամ:

Կսահմանվի ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակ նշանակելու, վճարելու կարգը

Գործադիրը լրացումներ և փոփոխություններ են կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թ. օրենքի կիրարկումն ապահովելու, իրավակիրառ պրակտիկայում ծագած առանձին խնդիրները լուծելու համար: Ըստ այդմ՝ կսահմանվեն կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ վարելու կարգը, աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող ստաժը հաշվարկելու կանոնները, կենսաթոշակի վճարման առանձնահատկությունները։ Մասնավորապես, կենսաթոշակը նշանակումն ու վճարումն ապահովելու է, կենսաթոշակի էլեկտրոնային գործը (փաստաթղթերը) հաշվառելու և վարելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը: Կենսաթոշակ նշանակվում և վճարվում է նաև այն դեպքում, երբ քաղաքացին բնակվում է ՀՀ-ից դուրս՝ համաձայնագրի անդամ պետության տարածքում: Իրավակիրառ պրակտիկայում խնդիրներ են առաջանում այն դեպքում, երբ անձը դիմում է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի կամ թաղման նպաստի համար և մահվան պետական գրանցումը օբյեկտիվորեն ուշ կատարելու պատճառով բաց են թողնում իրավունքի իրացման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետները։ Առաջարկվում է այդ ժամկետները հաշվարկել մահվան պետական գրանցման օրվանից։ Քաղաքացիների կողմից ներկայացվող փաստաթղթերի թիվը կրճատելու և կենսաթոշակ, թաղման նպաստ նշանակելու ընթացակարգերը պարզեցնելու նպատակով առաջարկվում է կենսաթոշակ նշանակելու համար դիմելիս աշխատանքային գրքույկ ներկայացնելու պարտադիր պայմանը կիրառել, եթե այն թվայնացված չէ, իսկ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի դեպքում՝ մահվան վկայականը պահանջվում է, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալներով անձի մահվան պետական գրանցումն առկա չէ։ Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում դեռևս դիմում չի ստացվել։ ԵԱՏՄ անդամ այլ պետություններում դիմումները շատ քիչ են՝ յուրաքանչյուր պետությունում մինչև 10 դիմում։ Հայկական կենսաթոշակի համար դիմումներ չեն ստացվել: Համաձայնագրի շրջանակներում անդամ պետություններից յուրաքանչյուրը կենսաթոշակ է նշանակում և վճարում իր տարածքներում ձեռք բերված ստաժի համար, իր օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

 

← Վերադառնալ