Մամլո հաղորդագրություններ

Կառավարությունը մոտ 10 մլրդ դրամ կհատկացնի քաղաքային նշանակություն ունեցող մի շարք ծրագրերի իրականացման համար

13.04.2023

ևս 9 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է ապրիլի 11-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված հերթական սադրանքին:

Քաղաքային նշանակություն ունեցող մի շարք ծրագրերի իրականացմամբ պայմանավորված՝ կառավարությունը մոտ 10 մլրդ դրամ կհատկացնի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Մասնավորապես, ՀՀ 2023 թ. պետբյուջեից ներգրավվող ֆինանսական միջոցներով նախատեսվում է հիմնանորոգել Շենգավիթ վարչական շրջանի հ. 140, Աջափնյակ վարչական շրջանի Գուրգեն Մարգարյանի անվան հ. 41 և Նոր Նորք վարչական շրջանի հ.105 մսուր-մանկապարտեզները, ինչպես նաև բարեկարգել Աջափնյակ վարչական շրջանի հ.48 և Էրեբունի վարչական շրջանի հ.71 մսուր-մանկապարտեզների բակային տարածքները: Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ շատրվանների կառուցման և շրջակա տարածքի բարեկարգման նախագիծը կստեղծի Կենտրոն վարչական շրջանում նոր մշակութային և հանգստյան գոտի, որը կհաղորդի Երևան քաղաքին ճարտարապետական և զբոսաշրջային նոր շունչ: Նախատեսվում է հիմնանորոգել Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական և Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասում գտնվող այգիները: Կարևորելով Երևան քաղաքի պոլիկլինիկաների կողմից մատուցվող առողջապահական ծառայությունները և դրանց որակական բարձրացումը՝ նախատեսվում է հիմնանորոգել Արաբկիր վարչական շրջանի հ.11 պոլիկլինիկան և Կիլիկիա թաղամասում գտնվող հ. 8 պոլիկլինիկայի մասնաշենքը: Նախատեսվում է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վերին Ջրաշեն թաղամասում, ինչպես նաև Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հ. 61 դպրոցից մինչև Արմենակյան-Հովսեփյան փողոցների խաչմերուկը ընկած հատվածում կառուցել կոյուղատար համակարգ, որտեղ դրա բացակայության պատճառով տեղի բնակիչները և դպրոցի շահառուները բախվում են մի շարք կենցաղային խնդիրների: Նոր Խարբերդ թաղամասի գազատարի կառուցման առաջին փուլով նախատեսվում է կառուցել շուրջ 10,6 կմ երկարությամբ գազատար։ Այս փուլում նախատեսվում է նաև կառուցել գազաբաշխիչ կայան (ԳԲԿ), որը գտնվելու է Մասիս խոշորացված համայնքի տարածքում: Կառուցման համար արդեն նախատեսված է 480քմ արտադրական նշանակության հողամաս։ Նախատեսվում է Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի շահագործման ոչ պիտանի վերելակները փոխարինել 473 նոր վերելակներով, որն էապես կնպաստի Երևան քաղաքի ընդամենը փոխարինման ենթակա վերելակների թվի կրճատմանը: Նախատեսվում է կառուցել Նորք-Մարաշ վարչական շրջանի Գրիգոր Հովսեփյան փողոցից դեպի Սարալանջ տանող ճանապարհ, որի երկարությունը կկազմի շուրջ 1381 մ: Երևան քաղաքում փողոցների միջին նորոգման աշխատանքներ են իրականացվելու Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ, Էրեբունի և Նոր Նորք վարչական շրջաններում:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն քննարկվել է երկար ժամանակ. «Տեղյակ եք՝ մարզերում իրականացնում ենք տարբեր պետական, այդ թվում սուբվենցիոն ծրագրեր: Ընդ որում, հիմա այդ ներդրումների ծավալները բավականին տպավորիչ են. Վայոց ձորի մարզ կատարած այցի ընթացքում արձանագրեցի, որ միայն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասով 2018թ.-ից մինչև օրս Վայոց ձորում ներդրել ենք 35 մլրդ դրամ: Դա ահռելի գումար է, և կարծում եմ՝ ընդհանրապես մենք այս վիճակագրությունը՝ 2022թ. արդյունքներով բոլոր պետական ծրագրերը և սուբվենցիոն ծրագրերը, ներդրումները ըստ մարզերի կենտրոնացնենք, որպեսզի նաև վիզուալ տեսնենք: 2019, 2020 թվականներից սկսած Երևանի մեր գործընկերները բարձրացնում էին այն հարցը, որ Երևան քաղաքը սուբվենցիոն ծրագրերից չի օգտվում, մենք շատ դեպքերում նաև պետական ուղիղ ֆինանսավորմամբ չենք իրականացնում ներդրումներ: Քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ այս պարագայում տեսնենք, թե ինչ կարևոր ծրագրեր կան, որոնք նաև մեր քաղաքական հանձնառությունն են, փորձենք դրանք հերթով իրականացնել: Եվ ահա շուրջ մեկ տարի քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, թե որ ծրագրերը պիտի իրականացվեն»:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը մանրամասներ է ներկայացրել նախատեսվող ծրագրերի վերաբերյալ:

Շարունակվում են հանրապետության ճանապարհների վիճակի բարելավման աշխատանքները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով: Որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 62 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 13.3կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 36.5 կմ, մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներ՝ 12.2 կմ: Որոշման նպատակն է 2023 թ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված թվով 9 ճանապարհահատվածների և թվով 1 տրանսպորտային օբյեկտի հիմնանորոգման աշխատանքները 2023 թ.-ին ավարտելու, թվով 2 ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների մի մասը 2023 թ.-ին իրականացնելու, 2022-2023թթ. փոխանցիկ թվով 2 ճանապարհահատվածների և 2022-ից անավարտ մնացած թվով 1 ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները 2023 թ. ավարտելու, ինչպես նաև թվով 1 ճանապարհահատվածի հեղինակային հոսկողության վճարման համար նախատեսել ֆինանսական միջոցներ։ Ընդհանուր առմամբ նախագծով նախատեսվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 11,184,131,508.0 դրամ, որից 10,999,795,128.0 դրամ ՝ շինարարական աշխատանքների համար, տեխնիկական հսկողության համար՝ 98,661,468.0 դրամ, հեղինակային հսկողության համար՝ 85,674,912.0 դրամ։ Նշված բոլոր աշխատանքները նախատեսվում են ավարտել 2023 թ.-ին։

Հիմնանորոգվում են, մասնավորապես, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Փոքրաշենից դեպի Թորոս գյուղի 1.8 կմ, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Մալիշկայից դեպի Վայք 3 կմ, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Զառիթափից դեպի Ջերմուկի խաչմերուկ 8.7 կմ, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ծղուկից դեպի Սառնակունք և Սպանդարյան համայնքներ 7.5 կմ, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Դիլիջանի ոլորաններից դեպի Դիլիջանի օղակաձև հանգույց 1 կմ ( կբարելավվեն նաև ոլորանների պարամետրերը), Երևան - Եղվարդ - Արագյուղ - Հարթավան - հանրապետական նշանակության ավտոճանապարհի Զովունիից դեպի Եղվարդ 15.6 կմ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Արթիկ քաղաքի վարչական սահմաններում գտնվող 3.9 կմ, Գոշավանքին հանրապետական նշանակության ավտոճանապարհի դեպի Գոշավանքի վանական համալիր 3.9 կմ, Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի Մարցից դեպի Աթան 17 կմ, Ահնիձոր մարզային նշանակության ավտոճանապարհի դեպի Ահնիձոր 4 կմ, Լորուտ մարզային նշանակության ավտոճանապարհի դեպի Լորուտ 1.6 կմ, Դիտավան ավտոճանապարհի դեպի Դիտավան 3.1 կմ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցի 1.725կմ և Արևելյան փողոցի 0.120 կմ հատվածների, Երևան - Արմավիր - Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ Ընկերության բեռնային համալիր տանող 1.7կմ երկարությամբ ճանապարհը: Հիմնանորոգվում է նաև Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 11.4 կմ հատվածում գտնվող կամուրջը:

Մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի 5 կմ ընդհանուր երկարությամբ՝ Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի համապատասխան հատվածի հիմնանորոգումը:

Կառավարությունը հաստատել է նաև Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի «Մակլեռ» հանգստավայրի 3 կիլոմետր երկարությամբ և 8 մետր լայնությամբ մակերեսով ասֆալտապատ ավտոճանապարհի կառուցման ծրագիրը: Հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում հանրապետությունում նմանատիպ ճանապարհների կառուցման փորձը՝ կանխատեսվում և գնահատվում է, որ այս ճանապարհի կառուցման արժեքը կկազմի շուրջ 900 մլն դրամ։

Աջափնյակ վարչական շրջանի վթարային շենքերի տեղը նոր բազմաբնակարաններ կկառուցվեն

Գործադիրը համաձայնություն է տվել Երևան քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 10 և թիվ 17 շենքերի և հարակից տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու, ներդրումային ծրագրին հավանություն տալու և համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն: Այդ հասցեներում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերը գնահատվել են որպես 4-րդ աստիճանի վթարային և շենքի բնակիչների անվտանգության ապահովման խնդիրները լուծելու համար անհրաժեշտություն է առաջանում քանդել վթարային շենքը՝ արդյունքում տեղում նոր կառուցվող շենքերից բնակարանների հատկացում կատարելով բնակիչներին: Քաղաքաշինական ծրագրի իրականացման արդյունքում վթարային այդ շենքերը կապամոնտաժվեն, կվերանա շենքերի փլուզման վտանգը, կկառուցվեն նոր բազմաբնակարան շենքեր, կապահովվի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչների և երրորդ անձանց անվտանգությունը, կբացառվեն անկանխատեսելի հետևանքները և կլուծվեն քաղաքի տվյալ հատվածում բնակվող բնակիչների բնակարանային խնդիրները: Տարածքում կբարելավվի բնակիչների կյանքի որակը՝ վերականգնելով հանգստի, զբոսանքի ժամանցի համար տեղային գրավիչ, գեղագիտական վայրերը, կմաքրվեն անկանոն, քաոսային կերպով տեղաբաշխված և բարեկարգ բակի ստեղծմանը խոչընդոտող ծանրաբեռնված տարածքները՝ ազատելով դրանք տարերայնորեն տեղակայված կառույցներից, և տեղում կիրականացվեն կանաչապատման և բարեկարգման աշխատանքեր և կստեղծվեն կանաչ հանգստի գոտիներ: Կբարելավվի սանիտարական վիճակը և կվերականգնվի էկոլոգիական հավասարակշռությունը, ինչպես նաև կանաչապատման և հանգստի վայրերի ստեղծման համար ընդհանուր օգտագործման տարածքը առավելագույնս կազատվի ավտոտնակներից և այլ օբյեկտներից՝ դրանք տեղակայելով ստորգետնյա կառուցվածքներում: Որոշմամբ նախատեսվում է համագործակցել կառուցապատող «ՄԼ Մայնինգ» ՍՊ ընկերության հետ՝ նկատի ունենալով վերջինիս կողմից Երևանի քաղաքապետարանին ներկայացված համագործակցության առաջարկը:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է որոշմանը և նշել, որ երկար քննարկումների արդյունքում այս երկու շենքերի համար ստեղծել են մի համակարգային լուծում, որը կարող է հիմք հանդիսանալ բոլոր մնացած ծրագրերի համար՝ 4-րդ կարգի վթարային շենքերի և հետագայում նաև 3-րդ կարգի վթարային շենքերի համար: «Այստեղ կարևորագույն կետն այն է, որ Երևան քաղաքը դառնում է միջնորդ կառուցապատողի և բնակչի միջև և կարծում եմ որ հաջողությամբ այս ծրագիրն իրականացնելու ենք»,-ասել է փոխքաղաքապետը:

Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս ծրագրի հաջողությամբ իրականացումը, որի օրինակը կարող է նպաստել վթարային մնացած շենքերի խնդրի շղթակայան լուծմանը: «Նաև այս մեխանիզմով մենք կարող ենք մեր բնակֆոնդի թարմացման հարցը լուծել, որովհետև դժբախտաբար այդտեղ էլ ունենք շատ խորը և արմատական պրոբլեմներ: Մենք այդ պրոբլեմները վերջերս քննարկել են, այդ թվում Անվտանգության խորհրդի նիստում: Եկել ենք այն եզրակացության, որ մենք մեր բնակֆոնդը, ըստ էության, առաջիկա 20-25 տարվա ընթացքում ամբողջությամբ պետք է թարմացնենք: Սա ազգային անվտանգության խնդիր է, որը մենք անպայման պետք է լուծենք, և դրա համար պետք է մեխանիզմներ գտնել: Իհարկե, դա միակ մոդելը չի լինի, որովհետև հիմա կան կառուցապատողներ, որոնք այդ խնդիրը լուծում են»,-ասել է վարչապետը:

Հայաստանում կներդվի արդյունաբերական եղանակով խեցգետինների բուծման և աճեցման տեխնոլոգիա

Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թթ. ծրագիրը: Կարգավորման նպատակն է ներդրումային ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, տեղական արտադրության խթանմանը, հանրապետությունում հավելյալ արժեքի ստեղծմանը։ Ծրագրով հանրապետությունում նախատեսվում է հիմնել 18 խեցգետնաբուծական ժամանակակից համալիրներ (12 փոքր, 3 միջին և 3 խոշոր)։ Նախատեսվում է տնտեսավարողներին տրամադրել փոխհատուցում՝ կատարված ներդրումների 50%-ի չափով։ Նախագծի ընդունման դեպքում փոխհատուցվող ընդհանուր գումարը կազմում է 897,0 մլն դրամ, ինչի համար անհրաժեշտ կլինի ՀՀ 2024, 2025 և 2026 թթ. պետբյուջեից տարեկան հատկացնել 299,0 մլն դրամ։ Ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ-ում կներդվի արդյունաբերական եղանակով խեցգետինների բուծման և աճեցման տեխնոլոգիա՝ ձևավորելով խեցգետնաբուծական համալիրների ընդարձակ ցանց և վերականգնել խեցգետնի արտահանման գործընթացը։ Արդյունքում հանրապետությունում տարեկան կարտադրվի 162 տոննա խեցգետին, կամ տարեկան լրացուցիչ ստանալ 1 մլրդ 620 մլն համախառն արտադրանք։ Ծրագիրը կնպաստի արտադրական ենթակառուցվածքների զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։ Այն թույլ կտա լուծել նաև կարևոր բնապահպանական խնդիր՝ պահպանել խեցգետնի բնական պաշարները, ինչը թույլ կտա ժամանակի ընթացքում վերականգնել խեցգետնի երբեմնի հարուստ պոպուլյացիան։

«Կար ժամանակ, երբ Հայաստանում իրականացվում էր տարեկան շուրջ 3000 տոննա խեցգետնի որս, որից շուրջ 2000 տոննան արտահանվում էր։ Սակայն խեցգետնի չկանոնակարգված և անվերահսկելի որսը (առավելապես Սևանա լճից) հանգեցրին դրա պաշարների կտրուկ նվազման։ Խեցգետնի բնական պաշարների ցածր մակարդակը ստիպում է քայլեր ձեռնարկել ապրանքային խեցգետնի արտադրության այլընտրանքային ուղիներ գտնելու ուղղությամբ»,–նշել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը՝ հավելելով, որ ծրագրի շրջանակում պետական աջակցությունն իրականացվելու է 2024 թվականից՝ ծախսերի մասնակի փոխհատուցման եղանակով:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագրի իրականացումը և նշել՝ նման նախագծեր ընդունելիս անհրաժեշտ է կենտրոնանալ այն մեթոդաբանության վրա, ըստ որի մի որոշումով հնարավոր լինի մի քանի հարցեր համակարգային լուծել: «Դուք տեղյակ եք, որ նախկինում մեր կողմից կայացված որոշմամբ և Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի համաձայն՝ ձկնաբուծարանները պետք է անցնեն արտադրության փակ ցիկլի: Սա շատ կարևոր է, որովհետև, մենք պրոբլեմ ունենք Արարատյան դաշտի արտեզյան ավազանի մակարդակի հետ, որը մեր ձկնաարդյունաբերության հիմնական ռեսուրսն է: Ցավոք, այն շահագործվել և էականորեն մաշվել է: Երբ մենք փակ ցիկլի վերաբերյալ որոշումը կայացրել ենք, արձանագրել ենք, որ, այնուամենայնիվ, պետք է այդ գործառույթները և համակարգը ներդնենք իրատես ժամկետներում իրատեսական քայլերով, որպեսզի նաև բավականին մեր տնտեսության մեջ կարևոր տեղ զբաղեցնող ձկնաարդյունաբերությունը չոչնչացնենք: Ահա, կարծում եմ՝ այս ծրագիրը գալիս է լրացնելու այդ շղթան, որովհետև մեր մոտեցումն այն է, որ խեցգետնաբուծությունը պետք է այս ծրագրով քաջալերենք և աջակցենք, հատկապես այդ երկրորդային ջրերի վրա: Այսինքն՝ երբ ձկնաբուծարաններից ջուրը հեռանում է, այդ հեռացող ջրի վրա խեցգետնի արդյունաբերությունն այդպիսի պետական ծրագրով մենք խթանենք: Սրանով մենք մի քանի հարց ենք լուծում: Արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունում շատ բարձրորակ խեցգետին հնարավոր է ստանալ, ինչը շուկայում շատ շոշափելի և տեսանելի ապրանք է բարձր գնով: Սրանով մեր ջրի շահագործման շղթան կերկարացնենք և ավելացված արդյունքը կմեծացնենք»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի դիտարկմամբ՝ ծրագիրը կնպաստի նաև ձկնաբուծարանների արտադրողականության աճին: Այդ համատեքտում Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկրում, հատկապես սննդի արդյունաբերության, ժամանակակից ստանդարտների ներդրման կարևորությունը. «Նույն ձկնաարդյունաբերության ոլորտում, կարծում եմ՝ խնդիրներ ունենք, որոշակի մտահոգություններ են առաջանում համային որակների և այլնի հետ կապված: Մենք բոլոր այս ստանդարտները պետք է հետևողականորեն ներդնենք: Հույս ունեմ, որ մենք սրանով նաև արդյունաբերության մի շատ կարևոր ճյուղ ենք քաջալերում Հայաստանի Հանրապետությունում»:

Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում ընդգծել է պետական մի շարք ծրագրերի՝ «խելացի անասնագոմերի, «ինտենսիվ այգիների», պատշաճ տեմպով իրականացումը և նշել, որ անհրաժշետ է լավարկել դրանց բովանդակությունը և հեշտացնել իրագործման մեխանիզմները:

Վարչապետն անդրադարձել է նաև երաշտի խնդրին, որը սպառնում է ոչ միայն Հայաստանին, այլև ողջ աշխարհին: Կառավարության ղեկավարն այդ համատեքստում կարևորել է առօրյա վերաբերմունքի փոփոխությունը՝ սկսած փողոցային ցայտաղբյուրներից: «Փականներ պետք է դրվեն։ Ջրի խնայողություն պետք է տեղի ունենա ամեն օր՝ կենցաղում, արդյունաբերության մեջ, ձկնարդյունաբերության մեջ, գյուղատնտեսության մեջ։ Եթե ոռոգման, ջրի խնայողության նոր տեխնոլոգիաներ չներդնենք, մենք ունենալու ենք լուրջ պրոբլեմներ, որոնք մեր լուծման հասանելիությունից դուրս են», - նշել է Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը հայտնել է, որ սուբվեցիոն ծրագրերից մեկով ջրի պակասի խնդիրը լուծելու համար Չիվա գյուղում իրականացվում է դեռ խորհրդային տարիներից կառուցված, բայց չօգտագործվող ջրամբարի վերանորոգումը։ Սակայն, ըստ վարչապետի, նման ծրագրերը բավարար չեն և պետք է անցնել ջրի խնայողության ռեժիմի։

Գործադիրը 480 մլն դրամ կհատկացնի Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման համար

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 480 մլն դրամ հատկացնել «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում» միջոցառման իրականացմանը: Ըստ հիմնավորման՝ մետրոյի թունելներում տեղադրված հզոր օդափոխման համակարգը նվազեցնում է խոնավությունը թունելներում։ Հզոր օդափոխիչների բացակայության հետևանքով թունելներում առկա գրեթե ամեն ինչ ենթարկվում է կոռոզիայի։ Թունելային հզոր օդափոխության համակարգն ապահովում է արտակարգ և վթարային իրավիճակներում՝ հրդեհի կամ ծխահարության դեպքում՝ մետրոյի թունելներում և կայարաններում մաքուր օդի ներհոսքը։ Երևանի մետրոպոլիտենում տեղադրված բոլոր հզոր օդափոխիչները տեղադրվել են 1980 թվականին և ծայրաստիճան մաշված են, ֆիզիկապես սպառել են իրենց ռեսուրսները։

Կապահովվի Շուռնուխի և Որոտանի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրումը

Կառավարության որոշմամբ ֆինանսական միջոցներ են հատկացել Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրումը մինչև 2023 թ. հուլիս ամիսը ներառյալ ապահովելու նպատակով։ 2021 թ. փետրվարից մինչև 2022 թ. նոյեմբեր ներառյալ՝ շահառուներին տրամադրվել է միանվագ (300,000 դրամ) և ամենամսյա (68000 դրամ) դրամական օգնություն։ Ըստ Սյունիքի մարզպետարանի տվյալների՝ ս.թ. մարտի 7-ի դրությամբ աջակցության շահառուների ցուցակում ընդգրկված է 38 անձ, որից մեկը շահառու ընտանիքում ծնված երեխա է:

Կընդլայնվի սովորող և վարձու աշխատող հանդիսացող ուսանողների ուսման վարձը՝ նրանց կողմից վճարված եկամտային հարկի գումարներից փոխհատուցվող մասնագիտությունների ցանկը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ընդլայնել ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում առկա ուսուցմամբ սովորող և վարձու աշխատող հանդիսացող ուսանողների ուսման վարձը՝ նրանց կողմից վճարված եկամտային հարկի գումարներից փոխհատուցվող մասնագիտությունների ցանկը: Կարգավորման նպատակն է խթանել սովորողների ուսուցումը մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և կլինիկական օրդինատուրայում՝ հաշվի առնելով աշխատաշուկայում առկա մասնագետների պահանջարկը, պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտներն ու մասնագիտությունները, ոլորտների ռազմավարության ծրագրերից բխող կարիքների բավարարումը: Որոշմամբ ներկայացված մասնագիտությունները ներառվել են «Բնական գիտություններ, մաթեմատիկա և վիճակագրություն», «Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն», «Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնային տնտեսություն և անասնաբուժություն» և «Ծառայություններ (սերվիս)» ոլորտներից: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերոհիշյալ մասնագիտությունների նկատմամբ հետաքրքությունն աճել է՝ բացառությամբ որոշ (շուրջ 20) մասնագիտությունների, ինչն արտահայտվել է տվյալ մասնագիտություններով բուհերում սովորող ուսանողների քանակի աճով: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է նաև, որ աշխատաշուկայում կան մի շարք մասնագիտություններ, որոնց գրավչությունը բարձրացնելու խնդիր է առաջացել՝ հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջարկը, մասնավորապես այն, որ երկրի տնտեսության զարգացման գործընթացում գյուղատնտեսության ոլորտն ունի բարձր պահանջարկ, սակայն չկան բավարար մասնագետներ:

Գործադիրն ընդունել է նաև որոշում՝ Հայաստանի բասկետբոլի, բադմինթոնի, վոլեյբոլի, ըմբշամարտի և ֆուտբոլի ֆեդերացիաների կողմից 2023 թ. Եվրոպայի և աշխարհի առաջնություններին պատշաճ մասնակցությունն ապահովելու համար: Այդ նպատակի համար կառավարության պահուստային ֆոնդից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կհատկացվի 1,056,530.7 հազար դրամ: Արդյունքում՝ ֆեդերացիները կունենան միջազգային մրցաշարերին պատշաճ մասնակցելու հնարավորություն՝ ավելացնելով Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակիցների թիվը:

Կստեղծվեն պայմաններ Հայաստանի մշակող արդյունաբերության միջազգային մրցունակության աճի համար

Գործադիրը հաստատել է Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների հայեցակարգը: Հայաստանի տնտեսության համար կարևոր նշանակություն ունի արդյունաբերության ճյուղը, քանի որ ՀՆԱ-ի ձևավորման գործընթացում վերջինիս մասնաբաժինը կազմում է դրա 1/5-րդ մասը։ 2019 թ. մշակող արդյունաբերության դերը ՀՆԱ-ի մեջ ընդլայնվել է՝ կազմելով 11.7%: 2020 թվականին մշակող արդյունաբերության դերը շարունակել է ընդլայնվել՝ կազմելով 12.4%, որը վերջին 9 տարիների ամենաբարձր ցուցանիշն է: Տնտեսության այս ճյուղը, հատկապես մշակող արդյունաբերության ուղղությունը, միշտ գտնվել է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։ Ըստ հիմնավորման՝ արդյունաբերության ճյուղը, ունենալով զարգացման որոշակի մակարդակ, այնուամենայնիվ, դեռևս ունի զարգացման մեծ ներուժ, մասնավորապես արտադրության և արտահանման ծավալների ավելացման առումով։ Որոշման ընդունման արդյունքում՝ գերակա ոլորտները կհամախմբվեն միասնական օրակարգի շուրջ, պետության աջակցության գործիքակազմը զգալիորեն կբարձրացնի տնտեսավարողների միջազգային մրցունակությունը: Բացի այդ, կստեղծվեն պայմաններ Հայաստանի մշակող արդյունաբերության միջազգային մրցունակության աճի համար:

Միջազգային համագործակցություն

Կառավարության որոշմամբ կստեղծվի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ առևտրական կցորդի հաստիք: Ըստ հիմնավորման՝ Գերմանական կողմի հետ քննարկվում են Հայաստանում ներդրումային խոշոր ծրագրերի իրականացումն արդունաբերության, այդ թվում՝ մետալուրգիայի․ քիմիայի, մեքենաշինության, այլընտրանքային էնէրգետիկայի, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։ ԳԴՀ-ում ՀՀ առևտրական կցորդի առջև դրված են հետևյալ խնդիրները՝ ՀՀ-ի և ԳԴՀ-ի միջև բազմակողմանի և փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանն աջակցելը, երկու երկրների միջև արտաքին առևտրատնտեսական հարաբերություններում ՀՀ պետական շահերի պաշտպանությանը նպաստելը և այլն: Առևտրական կցորդի հաստիքի ստեղծումը հնարավորություն կընձեռի նաև առավել օպերատիվ կերպով տեղեկատվություն ստանալ ԳԴՀ տնտեսական իրավիճակի, արտաքին տնտեսական գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրության մասին, ինչպես նաև Հայաստանի վերաբերյալ նմանատիպ տեղեկությունն հաղորդել ԳԴՀ շահագրգիռ մարմիններին:

Հավանության է արժանացել «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի` Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությունը: Փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկրի տնտեսական զարգացման ու անվտանգության ապահովման համար ՀՀ-ում իրականացվում են լայնածավալ ճանապարհաշինարարական ծրագրեր՝ միտված ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանը: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ճանապարհաշինարարության ոլորտում էականորեն աճել է բիտումի սպառման պահանջարկը, որից ելնելով էլ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել նավթային բիտումի ներկրման ծավալները ՀՀ՝ առանց մաքսատուրքի գանձման ռեժիմի։ Արձանագրության ստորագրումը հնարավորություն կընձեռի իրավահավասարության փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև շարունակել զարգացնել տնտեսական հարաբերություններ:

Գործադիրը հավանություն է տվել 2023 թ. մարտի 6-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործում» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին համաձայնագրին կից թիվ 3 լրացուցիչ համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ծրագիրն ուղղված է ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման, ինչպես նաև կառավարման գործընթացի բարելավմանն առաջնային բուժօգնության կազմակերպման մակարդակում: 1 մլն ԱՄՆ դոլարի տրամադրման վերաբերյալ դրամաշնորհային ծրագրի շրջանակում նախատեսվում էր սահմանամերձ ՀՀ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում իրականացնել կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտություններ: Ծրագիրը մեկնարկվել է 2021 թ. հունվարի 19-ից՝ ՀՀ Լոռու մարզում, այնուհետ շարժական մամոգրաֆը տեղակայվել է ՀՀ Տավուշի մարզում, իսկ ներկայում ծրագիրը շարունակվում է ՀՀ Սյունքի մարզում: Ըստ հիմնավորման՝ իրականացված հետազոտությունների արդյունքները փաստում են ծրագրի բարձր արդյունավետության և սոցիալական նշանակության մասին։ Մեկնարկից ի վեր՝ մինչ 2023թ-ի փետրվարի 28-ը իրականացվել է 18,652 մամոգրաֆիկ հետազոտություն: Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման տեսակետից և ՀՀ 3 մարզերում իրականացված հետազոտությունների արդյունքում տնտեսված գումարը, առաջարկվել է դրամաշնորհային ծրագրում ներառել նաև Շիրակի մարզը։

Այլ որոշումներ

Գործադիրի որոշմամբ «Բեսթ Բայ Արամ» ՓԲԸ-ն կներառվի «Էկոս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում: Ընկերությունը նախատեսում է ծավալել մշակող արդյունաբերության գործունեություն, մասնավորապես՝ էլեկտրաշարժիչների, գեներատորների և տրանսֆորմատորների արտադրության, մետաղե կոնստրուկցիաների և դրանց մասերի արտադրության, այլ պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրության և արտահանման ոլորտում։ Ծրագրի շրջանակում (2023-2030 թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 4,320,184 հազ. դրամ: Ծրագրի ընթացքում կստեղծվի 50 նոր աշխատատեղ` 600 հազ. դրամ (վարչական բաժնի աշխատակիցների), 350 հազ. դրամ (արտադրական բաժնի աշխատակիցների համար) միջին ամսական աշխատավարձով: Արտադրության մոտավոր տարեկան ծավալները նախատեսվում է 75,000 հազ. դրամից հասցնել մինչև 988,250 հազ. դրամի՝ 8 տարում ընդհանուր հասցնելով 5,780,950 հազ. դրամի։

Կառավարությունը սահմանել է պատժից ազատվող դատապարտյալներին տրամադրվող սոցիալական աջակցության ձևը, ծավալն ու տրամադրելու կարգը: Որոշմամբ, մասնավորապես, սահմանվում են տրամադրվող ծառայությունների տեսակները, կարգավորվում են սոցիալական աջակցության տրամադրման գործընթացի ընթացակարգային և այլ հարցեր: Դատապարտյալին տրամադրվող միանվագ դրամական օգնության չափը նախատեսվում է սահմանել 100 հազար ՀՀ դրամ՝ ևս 50 հազար ՀՀ դրամով ավելացվելու հնարավորությամբ: Գումարի չափը որոշվել է իրավահամեմատական եղանակով՝ համադրելով ՀՀ կառավարության և Երևան քաղաքի ավագանու որոշումներով սոցիալական աջակցության տարբեր տեսակների դեպքում տրամադրվող դրամական միջոցները:

Գործադիրը հավանություն է տվել «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ապահովել հանրապետության տարածքում սպանդանոցային ծագման կենդանական ծագման մթերքի իրացումը և սպառումը, ապահովել կենդանական ծագման մթերքի հետագծելիությունը՝ սպառողին ապահովելով անվտանգ և որակյալ մսամթերքով, կանխել կենդանիների և մարդկանց համար վարակիչ հիվանդությունների տարածումը:

 

← Վերադառնալ