Մամլո հաղորդագրություններ

Կառավարությունը հավանություն է տվել «Յու Էմ Ագրո» ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրին

20.07.2023

ևս 8 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը:

Նիստի սկզբում վարչապետն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը, բրյուսելյան եռակողմ վերջին բանակցություններին և այլ հարցերի:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է հավանություն տալ «Յու Էմ Ագրո» ՍՊԸ կողմից ներկայացված ներդրումային ծրագրին: Նախագծի ընդունումը պայմանավորված է ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում անհրաժեշտ ենթակառուցվածքների հասանելիության ապահովմամբ՝ աջակցելու իրականացվող ներդրման 20 տոկոսի չափով նշված ենթակառուցվածքի՝ մինչև 300 հա հողամասերի ջրարբիականացման ծրագրի իրականացման և համապատասխան պոմպակայանի կառուցման միջոցով: Որպես արդյունք ակնկալվում է անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովում՝ ներդրումային ծրագրի իրականացմանը նպաստելու և առավել արդյունավետ դարձնելու համար։ Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կտա նպաստել ընկերության կողմից ներդրումային ծրագրի արդյունավետ իրականացմանը։

Արձագանքելով՝ վարչապետը նշել է. «Ես ուզում եմ նաև այս ծրագրի ստեղծման պատմությանն անդրադառնալ, որովհետև եթե չեմ սխալվում, դա COVID-ից առաջ էր, երբ մենք Ջերմուկ այց ունեինք, և ներդրողներից մեկը հենց տեղում հրավիրեց գնալ իր նորակառույց հյուրանոցը տեսնել, ինչը նախատեսված չէր նախապես հաստատված ծրագրով: Մենք գնացինք այնտեղ և արձանագրեցինք, որ տասնյակ միլիոն դոլարների ներդրում է արված, բայց այդ հյուրանոց հասնելու համար պետք է հասնել քարուքանդ ճանապարհով, և այդտեղ դիսոնանս կար: Այդ քննարկումների, այդ այցի արդյունքներով էր, որ վերադարձանք և ասացինք՝ տրամաբանական է, որ այնուամենայնիվ, եթե այդ ծավալի ներդրումներ է արվել, կառավարությունը, համայնքը համատեղ իրենք էլ իրենց հերթին որոշակի ներդրում անեն, որովհետև անտրամաբանական կլիներ ակնկալել, որ հյուրանոցը կառուցած ներդրողն ինքը կառուցեր նաև ենթադրենք մի քանի կիլոմետր ճանապարհ, որը միայն այդ հյուրանոց չի տանում, այլ անցնում է թաղամասերի միջով: Այստեղից էլ առաջացավ գաղափարը:

Իհարկե, հընթացս մենք առանձին որոշումներով եղել են դեպքեր, երբ մասնավոր ներդրումներին զուգահեռ հանրային ներդրումներ ենք իրականացրել: Բայց նախորդ նիստերից մեկում կոնկրետ որոշում կայացրեցինք կոնկրետ ֆորմուլաներ, բանաձևեր ունենալ, թե որ դեպքում ինչ համամասնությամբ, ինչ սկզբունքի հիման վրա պետք է այս աջակցություններն իրականացնենք: Շատ ուրախ եմ, որ այս բանաձևի ներքո մենք, ըստ էության, մեխանիզմը գործարկել ենք, և հիմա արդեն նաև մասնավոր հատվածն արձագանքել է և շուրջ 25 մլրդ ներդրում արել, որոնց դիմաց մենք պետք է ենթակառուցվածքային աջակցություն ցուցաբերենք»:


Կառավարության ղեկավարը նաև ընդգծել է, որ ծրագիրը շատ կարևոր է, և հույս հայտնել, որ առաջիկայում նմանատիպ ծրագրեր ևս կլինեն. «Եթե հիշում եք՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում անընդհատ խոսում ենք կլաստերային զարգացման տրամաբանության մասին: Սա էլ է այդ կլաստերային զարգացման տրամաբանության մեջ, որովհետև այս դեպքում արդեն հանրային ներդրումները գնում են մասնավոր ներդրումների հետևից, որովհետև մենք ինչ-որ մի տեղ, եթե շատ անկեղծ լինենք, ինչ-որ մի ճանապարհ պիտի կառուցեինք, ինչ-որ մի տեղ ինչ-որ մի ջրագիծ պետք է կառուցեինք և կառուցում ենք: Բայց շատ կարևոր է, որ նաև ունենանք կոնկրետ հասցեներ, որ ոչ թե ուղղակի ընդհանուր քաղաքական սփռման տրամաբանությամբ ենք կառուցում, այլ գնում ենք մասնավոր ներդրողների հետևից, որը ենթադրում է, որ արդեն մասնավոր պետական զարգացման կլաստեր է ձևավորվում, և ենթադրում է, որ այդ ներդրման շրջակայքում, միջավայրում տնտեսական ակտիվության նոր զարգացումներ կլինեն և այդպես շարունակ»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը թեմայի շրջանակում հավելել է, որ սրա շրջանակում կարելի է դիտարկել նաև կլաստերների մոտարկման հարցը քարտեզի վրա. «Իմ կարծիքով, սա տարածքային համաչափ զարգացման կարևոր տրամաբանություն է, որովհետև երբ մի քանի ուղղություններ մի տեղ կենտրոնանում են, այնտեղ, որտեղ դրա հնարավորությունը կա, մենք սիներգիայի էֆեկտ կարող ենք ստանալ, և արագ կոնկրետ նոր տարածքների զարգացման ակտիվ գործընթաց կարող է սկսվել»,- ասել է վարչապետը:

Կապահովվի ուժային կառույցների աշխատակիցների ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվածությունը

Կառավարությունը որոշում է կայացրել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի n 2111-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Կառավարության որոշման նախագիծը բխում է 2023 թվականի մայիսի 11-ի N 734-Լ «Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերի կանոնակարգը, կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի կազմը, մասնակցության հայտի օրինակելի ձևը, ստուգողական կետի նկարագրի սյունակներում կիրառվող նշանների օրինակելի ձևը, նախահաշիվը և ժամանակացույցը հաստատելու մասին» կառավարության որոշման 2-րդ կետից և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2022 թվականի հունվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացված խորհրդակցությանը կայացված որոշումից՝ ի գիտություն ընդունելով ՀՀ վարչապետի դիրքորոշումն առ այն, որ «Հայաստանի Հանրապետության Վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղեր»-ին պետք է մասնակցեն ՊՆ, ԱԱԾ, Ոստիկանության, Փրկարար ծառայության, ինչպես նաև ՊՊԾ, ՊԵԿ, Քննչական կոմիտեի և Գլխավոր դատախազության թիմերն՝ ըստ մարզաձևերի:

Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի ուժային կառույցների աշխատակիցների ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվածությունը, կամրապնդվի նրանց առողջությունը և երկարակեցությունը: Որոշման ընդունման դեպքում ակնկալվում է ռազմակիրառական մարզաձևերի մասսայականացում, ֆիզիկական պատրաստականության դերի ու նշանակության բարձրացում, ուժային կառույցների միջև մարզական առողջ մթնոլորտի ստեղծում: Յուրաքանչյուր տարի ակնկալվում է՝ 184 անձանց մասնակցության ապահովում, որից 120 մարզիկ, 8 ղեկավար, 16 ներկայացուցիչ և 40 մրցավար:

Կառավարության ղեկավարի դիտարկմամբ, կարևոր է խորությամբ հասկանալ, թե ինչ է արվում և ինչի համար, որովհետև կարող է թվալ, թե ուղղակի հերթական փառատոնի կազմակերպման մասին է խոսքը: «Ե՛վ այո, և՛ ոչ։ Կարծում եմ՝ կարևոր միջոցառում է՝ նախ զինվորական ծառայության առանձնահատկություններից ելնելով, և ընդհանուր սոցիալ-հոգեբանական առումով: Կարևոր եմ համարում, որ մեր ծառայությունների, ծառայողների համար սոցիալական շփման որոշակի միջավայր նաև ձևավորվի։ Շատ դեպքերում տեսնում ենք, որ այդ ծառայությունների մեջ ամենատարբեր յուրահատկությունների և հանգամանքների բերումով մարդիկ շատ հաճախ սոցիալական կյանքի, սոցիալականացման հարթակներ չունեն:

Հաջորդ հանգամանքը, որը կարևոր է, մրցակցության ոգին և հմտությունների շարունակական զարգացման ևս մի խթան ունենալն է։ Մենք բանակում և ԱԱԾ-ում սկսել ենք կամավոր ատեստավորման գործընթացը և հիմա տեսնում ենք, ավելի համոզվել ենք, որ գնում ենք ճիշտ ճանապարհով, որը լուծում և վեր է հանում մի շարք խնդիրներ, որոնց լուծման անխուսափելիության գիտակցումը շատ կարևոր է։

Հաջորդը՝ դրամական խթանն է։ Իհարկե, լավագույնները կամավոր ատեստավորման արդյունքում իրենց աշխատավարձը կկրկնապատկեն, բայց կարող են նաև մրցանակային հիմնադրամից իրենց բաժինն ունենալ: Այս առումով, մեր ուժային կառույցների փոխադարձ շփումը նաև այսպիսի հարթակներում, ընդհանուր առմամբ, մեր ծառայությունների փոխգործակցության որակն էականորեն կավելացնի»
,- ասել է վարչապետը։

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Զինված ուժերում կամավոր ատեստավորման թեմային

Թեմայի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է Զինված ուժերում ատեստավորման գործընթացի մասին, ինչին ի պատասխան Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է, որ ատեստավորման պրոցեսն արդեն իսկ հունիս ամսվա սկզբից մեկնարկել է։ «Մենք արդեն ունենք կամավոր ատեստավորմանը մասնակցած շուրջ 1000 զինծառայող: Առաջին հայտ ներկայացրած 4000 զինծառայողներից 1000-ն արդեն հանձնել են համապատասխան քննությունները։ Ունենք և՛ ատեստավորվածներ, և՛ իհարկե մարդիկ, ովքեր չեն կարողացել հաղթահարել՝ հաշվի առնելով տարբեր հանգամանքներ: Խոսքը վերաբերում է պատրաստվածության մակարդակին։ Ակնհայտ է, որ այն ստորաբաժանումները, որոնք հավուր պատշաճի պատրաստվել են, կարողանում են հաղթահարել ատեստավորման շեմը, ավելին՝ արձանագրում են շատ լավ արդյունքներ։

Գործընթացը բավականին առողջ է, ունենք դժվարություններ, արձանագրվում են թերություններ, որոնց մասին գիտեինք, բայց արդեն փաստացի արձանագրվում են, և սրա մասով, ինչպես Ձեր կողմից արդեն նշվեց, մենք պետք է շատ արագ և գործնական քայլեր կատարենք թերացումները շտկելու և առաջ շարժվելու համար»
,- ընդգծել է Սուրեն Պապիկյանը։

Վարչապետը նաև հետաքրքրվել է՝ արդյոք օգոստոսի 1-ից փաստացի կլինեն զինծառայողներ, որոնց աշխատավարձը կկրկնապատկվի, ինչին Սուրեն Պապիկյանը դրական պատասխան է տվել և հավելել. «Մենք ունենք ատեստավորման տարբեր սանդղակներ: Դուք գիտեք, որ կա բավարար նշաձող, կա լավ և կա գերազանց, այսինքն՝ մենք արդեն իսկ ունենք զինծառայողներ, ովքեր հաղթահարել են գերազանցի նշաձողը: Նրանց պարագայում ոչ միայն կրկնակի, այլև կրկնակիից ավելի է աշխատավարձը: Այսինքն՝ կառավարությունը, ըստ էության, ստեղծել է այդ հնարավորությունը, և ամեն ինչ կախված է պատրաստվածության մակարդակից»:

Վարչապետը նաև ընդգծել է, որ այն զինծառայողները, ովքեր չեն հաղթահարել ատեստավորումը՝ հնարավորություն ունեն պատրաստվել և անցնել այն, իսկ այն զինծառայողները, ովքեր ստացել են բավարար կամ լավ, կրկին հնարավորություն ունեն կամավորության սկզբունքով պատրաստվել և բարձրացնել իրենց արդյունքները:

Սուրեն Պապիկյանը հավելել է, որ այդ գործընթացը կարգավորվել է նախարարի հրամանով և եռամսյա ժամկետում, այսինքն՝ նվազագույնը երեք ամիս հետո զինծառայողները կարող են կրկին անգամ դիմել և բարելավել իրենց ցուցանիշները:

Ընդգծելով ևս մեկ կարևոր թեմա, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շատ կարևոր եմ համարում նաև ուշադրություն հրավիրել բանակում մեր իրականացրած ևս մեկ շատ խորքային, ինստիտուցիոնալ փոփոխությանը, որը ժամկետային զինծառայողների կամավոր ատեստավորման միջոցով պայմանագրային զինծառայության անցնելն է: Այդտեղ էլ ունենք կոնկրետ արդյունքներ: Պիտի նաև ասեմ, որ առնվազն Պաշտպանության նախարարի հետ մեր աշխատանքային քննարկումների ընթացքում դա մեր ոգևորության ամենակարևոր թեմաներից մեկն է, որովհետև ի՞նչ է տեղի ունեցել՝ նախորդ օրը Պաշտպանության նախարարությունը տեսանյութ էր հրապարակել երկու եղբայրների մասին, որոնք գյուղերից մեկից զորակոչվել են բանակ, և որոշում են կայացրել, որ պիտի «Պաշտպան հայրենյաց» ծրագրին մասնակցեն, ատեստավորվեն: Ատեստավորման արդյունքում եղբայրներից մեկը հաղթահարել է ատեստավորումը, և կստանա բարձր աշխատավարձ»:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հավելել է՝ քանի որ նրանց զորամասը նաև մարտական հերթապահություն իրականացնող է, բավարարի պարագայում՝ 330.000 դրամ, լավի դեպքում՝ 420.000 դրամ աշխատավարձի մասին է խոսքը:

Վարչապետը շարունակելով, նշել է. «Հիմա այդ աշխատավարձը նշանակվել է: Եղբայրներից մեկը հաղթահարել էր, մյուսը չէր հաղթահարել, բայց միևնույնն է՝ պայմանագրային զինծառայության էր անցել և դեռ պատրաստվում է շարունակել: Վերադարձել են իրենց տուն, ապրում են իրենց տանը, դարձել են պրոֆեսիոնալ զինվոր և կծառայեն իրենց ծանոթ միջավայրում: Ամեն ամիս իրենց տուն կմտնի առնվազն 600.000 դրամ: Սա շատ կարևոր բան է: Երբ ժամանակին ասում էինք, կառավարության ծրագրում գրում էինք, որ պետք է պրոֆեսիոնալ բանակ հիմնենք և ժամկետային զինծառայության բանաձևերն ու մոտեցումները փոփոխություն կրեն, այն ժամանակ շատ քննադատություններ էին ուղղված, թե ինչպե՞ս է արվելու, այս ի՞նչ ծրագիր է: Պաշտպանության նախարարության հրապարակած նախորդ օրվա տեսանյութը, ռեպորտաժն այս դահլիճում մեր ասածի, հայտարարածի և նաև այլ ֆորմատներով հայտարարածի կոնկրետ իրականացումն է, որը հանրամատչելի է, և յուրաքանչյուրը կարող է տեսնել:

Մեկ ուրիշ կարևոր լուր է ինձ հաղորդել Պաշտպանության նախարարը, որով ուզում եմ կիսվել: Մեր դիտարկմամբ՝ այս տարի կունենանք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան դիմորդների բավականին մեծ թիվ, զգալի աճ: Իհարկե, այդ թվերը չենք հրապարակի, բայց զգալի աճ ունենք, և ուզում եմ ասել, որ դա կապված է նաև այս դահլիճում մեր կայացրած մեկ այլ որոշման հետ, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունված, ավարտած և ծառայության անցած սպաները ծառայության անցնելու պահին կստանան բնակարան: Իհարկե, այնտեղ կարգավորումներն այնպես ենք անում, որ դա կհամարվի իրենց սեփականությունը, բայց մինչև ծառայության ավարտն այն օտարելու հնարավորություն նրանք չեն ունենա: Ենթադրաբար կարող են լինել նաև Երևանում, բայց նրանք եթե օրինակ ծառայում են Սյունիքի մարզում, կարող են այդ բնակարանները վարձակալության տալ, և իրենց ընտանիքի կարիքները լրացուցիչ բավարարել»:


Այս առումով, կառավարության ղեկավարը կարևորել է նաև հանրակրթության և բարձրագույն կրթության բարեփոխումների տրամաբանության մեջ ռազմական կրթության կիրառումը նույնպես: «Պիտի նաև ընդգծեմ, որ մեր ծրագրերում է սպայական համալսարան և սպայական ավագ դպրոց ունենալը, որն այժմ արդեն համոզված ենք, որ պիտի տեղակայվի Ակադեմիական քաղաքում, որի ծրագիրը, ըստ էության, հիմա շատ մեծ ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ մտել է իրականացման փուլ: Առաջիկայում մենք կունենանք գլխավոր հատակագիծը և կսկսենք նախագծերը հերթով, փուլ-փուլ իրականացնել»,- ասել է վարչապետը և խնդրել ԿԳՄՍ նախարարին տեղեկություններ տրամադրել այս տարվա բուհական ընդունելության քննությունների և դրանց արդյունքների մասին:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այս պահին արդեն ամփոփվել են հիմնական փուլի արդյունքները: «Այս տարի մեր դիմորդների թիվը 13314 էր, որը համադրելի է նախորդ 2 տարիների թվի հետ: Ընդունվածների ընդհանուր թիվը 9147 է, և դա կրկին մոտավորապես համադրելի ցուցանիշ է նախորդ տարիների համեմատ: Անվճար տեղերի թիվը եղել է 2128: Այդ տեղերից սպառվել կամ ընդունվել են 1782-ը, որը 83.7 տոկոսն է: Սա էլ համադրելի ցուցանիշ է նախորդ տարիների հետ: Վճարովի տեղերը հատկացված են եղել 15984-ի չափով, ընդունելությունն իրականացված է 7242-ի չափով: Սա, իհարկե, շատ ցածր ցուցանիշ է, և դա նորություն չէ, 45.3 տոկոսն է: Ընդ որում, պետք է շեշտեմ, որ սրա մեջ մտնում է թե՛ պետական, թե՛ ոչ պետական բուհերի ցուցանիշները: Օրինակ, ոչ պետական բուհերի պարագայում 3700-ից ավելի տեղ է հատկացված եղել, որոնցից ընդունելությունը շուրջ 3 տոկոս է: Այսինքն՝ իրականում գրեթե ընդունելություն չի իրականացվում ոչ պետական բուհերում, և դա նույնպես իր ազդեցությունն է ունենում այս ցածր ցուցանիշի վրա: Բայց սա նաև ցույց է տալիս, որ մենք էականորեն մտածելու բան ունենք, թե ինչպես ենք այս մասնագիտությունները և տեղերը պլանավորում: Այսինքն՝ արդյոք, օրինակ այս 15984 վճարովի տեղերը, որոնք բուհերը սահմանել են, որ կազմակերպեն կրթությունը, իրոք հենց այն ուղղություններն են, որոնցով պետք է այդ կրթությունն իրականացվի: Իհարկե, այստեղ ունենք ցուցանիշներ, որոնք հատկապես մտահոգիչ են մի քանի բուհերի մասով: Շարունակում է շատ ցածր ու մտահոգիչ մնալ ագրարային ուղղությամբ ընդունելությունը Ագրարային համալսարանում: Հատկացված տեղերի ցուցանիշով ընդամենը 7 տոկոս է ընդունելությունը կազմում հիմնական փուլով: Եվ, իհարկե, այստեղ իրոք շատ մեծ աշխատանք կա անելու, որին էլ ուղղված է մեր բարեփոխումների պրոցեսը»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարը:

Վարչապետը թեմայի առնչությամբ ընդգծել է, որ բուհական համակարգը խորը ճգնաժամի մեջ է, և կառավարության պարտքն է այդ խորը ճգնաժամը հաղթահարել. «Լավ լուրն այն է, որ կառավարությունն ունի ծրագիր, թե ինչպես հաղթահարել այդ ճգնաժամը: Հաջորդ լավ լուրն այն է, որ այդ ծրագիրն սկսել է իրագործվել: Խոսքը «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Մեջբերելով նախարարի խոսքը Ագրարային համալսարանի վերաբերյալ, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Ակադեմիական քաղաքում հենց բուհին կից պետք է լինեն մի քանի տասնյակ հեկտար փորձարարական վարելահողեր, այգիներ, ֆերմերային տնտեսություն, որպեսզի ուսանողը լսարանից դուրս գալու և այգի մտնելու, իր սովորածը տեղում կիրառելու և կիրառածի արդյունքներն ամփոփելու և լսարան վերադառնալու հնարավորություն ունենա:

Նիկոլ Փաշինյանը հիշատակել է ԿԳՄՍ նախարարության կողմից տարածված այն հայտարարությունը, ըստ որի՝ ազդարարվում է մինչև 2030 թվականը կրթության զարգացման ռազմավարության իրագործման փուլը և ընդգծել, որ այդ ռազմավարության մեջ բուհերի հատվածով այլոց շարքում կա մի հետևյալ առանձնահատկություն, որ հանրապետությունում պետք է լինի մինչև 8 լիարժեք պետական ֆինանսավորմամբ բուհ:

Կառավարության ղեկավարի այն հարցին, թե ինչ ճանապարհով է առաջարկվում իրագործել այս ծրագիրը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանել է, որ հուլիսի 17-ին հրապարակվել է բաց հրավեր՝ ուղղված բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին, որն իրականացվում է բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների միավորման գործընթացի շրջանակներում: Նախարարը մանրամասնել է, որ նախորդ տարի վարչապետի հրամանով ձևավորած աշխատանքային խումբն ուսումնասիրել է առկա իրավիճակը՝ ընդունելությունների, դիմորդների թիվը, պահանջարկը, իրականացվող կրթական ծրագրերը և առանձնացրել է 6 հիմնական ուղղություններ, որոնցով ակնկալվում է բարձրագույն կրթության կազմակերպումը: «Դրանք հետևյալն են՝ դասական ուղղվածության բուհը, որտեղ պետք է լինեն հիմնականում հիմնարար գիտությունները, այդ թվում՝ թե՛ բնագիտական, թե՛ հասարակագիտական, և՛ հումանիտար բնագավառների, բժշկական ուղղությունը, տեխնոլոգիականը, որում ներառվելու են հիմնականում կիրառական գիտությունները, ճարտարագիտության բնագավառը, ագրոտեխնոլոգիական ոլորտը, շինարարական տեխնոլոգիաները, կրթականը, արվեստներինը և սպայականը: Հիմա մենք հայտարարություն ենք հրապարակել, որում հրավիրել ենք մինչև փետրվարի 15-ը մեր մասնագիտական հանրույթին իրականացնել քննարկումներ և մեզ ներկայացնել հայեցակարգային առաջարկներ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Ըստ ԿԳՄՍ նախարարի, պլանավորվում է, որ առաջին փուլում այս 6 ուղղություններից 4-ը՝ տեխնոլոգիականը, կրթականը, արվեստներինը և սպայականը կտեղակայվեն Ակադեմիական քաղաքում, որն էլ արդեն պլանավորվում է թե՛ գլխավոր հատակագծի, թե՛ նախագծման գործընթացում: Նախարարը հավելել է, որ գործընթացին միանալու են նաև միջազգային փորձագետներ, ովքեր կաջակցեն նաև հայեցակարգային առաջարկները ներկայացնելու գործում: «Սահմանվել է, որ 2027 թվականից պետական ֆինանսավորում և աջակցություն նախատեսվում է, որ կստանան միայն խոշորացված բուհերը և դրանց միավորված գիտական կազմակերպությունները, ընդ որում հստակ խթաններ են սահմանվել, որ այս բուհերում և դրանց միավորված գիտահետազոտական կազմակերպություններում նախատեսվելու է աշխատավարձերի կրկնապատկում, և էականորեն վերանայվելու է դասախոսների աշխատանքի կառուցվածքը, որպեսզի հետազոտությունը դառնա բարձրագույն կրթության անբաժանելի մասը: Առանձին պետական ֆինանսավորում է տրամադրվելու գիտական հետազոտությունների զարգացման ծրագրերին, որն էլ կօգնի ապահովել բարձրագույն կրթության մրցունակությունը»,- իր խոսքը եզրափակել է ԿԳՄՍ նախարարը:

Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, որ գործընթացի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխանող բուհեր: «Այսօր Հայաստանում չկա գեթ մեկ բուհ՝ ո՛չ հայկական, ո՛չ արտերկրյա, որը մեր օրենսդրությամբ և հավաստագրման, արտոնագրման պայմաններին համապատասխանի: Չկա ուղղակի այդպիսի բուհ: Այս ցուցանիշները, որ մենք նայում ենք, սրա հետևանքն են: 2027 թվականից հետո թույլ չենք տալու որևէ նման բուհի գոյություն, որովհետև դա նշանակում է, որ մեր ուսանողներին, ըստ էության, չասեմ՝ խաբում ենք, բայց դրան նմանվող ինչ-որ բանով ենք զբաղված: Այս տրամաբանության մեջ բուհերը գործելու են միայն Ակադեմիական քաղաքում:

Ես խնդրում եմ, կոչ եմ անում, որ բոլոր թե՛ հայաստանյան, թե՛ Հայաստանում գործող օտարերկրյա արտոնագրերով բուհերը տրամադրվեն այս ուղղությամբ դիրքավորվելու այս նախագծի շուրջ»,- ընդգծել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը թեման եզրափակել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի գնահատմամբ, ըստ որի՝ գյուղական բնակավայրերում կան ուսուցիչներ, ովքեր ամսական ստանում են 400.000 դրամ և ավելի աշխատավարձ: «Սա շատ կարևոր արձանագրում է, և մենք այս ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակենք: Նման փաստերի արձանագրումն ուժեղացնում է մեր համոզմունքը բարեփոխումների կուրսի ճշմարտացիության և արդյունավետության վերաբերյալ»,- նշել է վարչապետը:


Նոր միջոցառումների ծրագիր, որը կապահովի գյուղատնտեսության ոլորտում 2023-2026 թվականներին ռազմավարության կատարումը

Կառավարությամբ որոշմամբ, լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության կատարմանն ուղղված 2020-2022 թվականների միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը հաստատելու մասին» N 1886-Լ որոշման մեջ:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության կատարումն ապահովող 2023-2026 թվականների միջոցառումների ծրագրի ընդունման անհրաժեշտությամբ։

Նախագծով առաջարկվող լրացումները նպատակ ունեն հստակ սահմանել այն միջոցառումները, որոնք նախատեսվում է իրականացնել 2023-2026 թվականներին, այդ միջոցառումների իրականացման համար ֆինանսավորման աղբյուրներն ու ակնկալվող արդյունքները, ինչպես նաև նպաստել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության՝ կլիմայական վտանգների, ռիսկերի և աղետների դիմակայության, ինչպես նաև կլիմայի փոփոխության մարտահրավերների նկատմամբ հարմարվողականության արդյունավետության բարձրացմանը: Մասնավորապես՝ հիմնվելով տեղական և միջազգային լավագույն փորձի վրա հզորացնել գյուղատնտեսության ոլորտում ներգրավված կառույցների, գյուղացիական տնտեսությունների և համապատասխան մասնագետների կարողությունները, կլիմայական վտանգների, ռիսկերի և աղետների նկատմամբ գյուղատնտեսական արտադրության դիմակայության բարձրացման նպատակով պարբերաբար մշակել և ներդնել ապահովագրական նոր պրոդուկտներ, մշակել և ներդնել սերմնաբուծության և սերմարտադրության ոլորտներին հասցեական աջակցության մեխանիզմներ, ներդնել հողային և ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետ և խնայողական տեխնոլոգիաներ, մշակել և իրականացնել հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների բացասական ազդեցությունը մեղմող միջոցառումներ, տարածել և ներդնել անասնակերի որակի բարելավման ու արտադրության ծավալների ավելացմանն ուղղված տեխնոլոգիական նորարարություններ։

Միջոցառումների իրականացումը կնպաստի ռազմավարությամբ նախանշված հետևյալ հիմնական ցուցանիշների ապահովմանը մինչև 2026թ․՝ գյուղատնտեսության համախառն արտադրանքը ավելացնել մինչև 1,4 տրլն. ՀՀ դրամ, գյուղացիական տնտեսությունների թիվը կրճատել մինչև 280,000-ի, տարեկան կտրվածքով մեկ գյուղացիական տնտեսության ստեղծած արժեքը հասցնել մինչև 4․5 մլն ՀՀ դրամ, ագրոպարենային արտադրանքի արտահանման ծավալը հասցնել մինչև 1․5 մլրդ. ԱՄՆ դոլար, մշակովի դարձնել վարելահողերի շուրջ 75%-ը, գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության ազդեցության վերաբերյալ գիտելիքի և հմտությունների հզորացում, գյուղատնտեսական արտադրության դիմակայության բարձրացում կլիմայի փոփոխության, հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների և ռիսկերի նկատմամբ, կլիմայի փոփոխության և հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների և ռիսկերի նկատմամբ գյուղատնտեսությանը և տնտեսվարողներին հասցվող վնասների մեղմում։

Այս համատեքստում կառավարության ղեկավարը նշել է, որ տնտեսական աճի ֆոնին գյուղատնտեսության ոլորտում աճն առնվազն տպավորիչ չէ և երկու զուգահեռ պրոցես նկարագրել, ըստ որի՝ մի կողմից անկում է ապրում ավանդական գյուղատնտեսությունը, իսկ ժամանակակից, ինտենսիվ գյուղատնտեսությունն աճ է գրանցում, այդ թվում՝ կառավարության ծրագրերով: Վարչապետն ընդգծել է, որ ինտենսիվ այգիների կաթիլային ոռոգման, խելացի անասնագոմերի հիմնման պրոցեսը դժվարությամբ, բայց առաջ է գնում, և ուրախությամբ արձանագրել, որ հիմա արդեն կան կոնկրետ օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե այս դահլիճում կայացրած որոշումներն ինչ ազդեցություն են ունեցել կյանքում: «Հիմա մեր հիմնական խնդիրն՝ հաջողության պատմությունները մարդկանց ի ցույց դնել, տանել ցույց տալ, թե կառավարությունն ինչ է արել, ինչով է աջակցում, ինչպես կարելի է այդ ծրագրերից օգտվել: Իհարկե, մյուս կողմից՝ տեսնում ենք նաև, որ այդ ծրագրի համատեքստում լինում են նաև չարաշահումներ, դրանցով իրավապահ մարմինները կզբաղվեն, իսկ ծրագրային բովանդակությունը պետք է հետևողական և անընդհատ առաջ մղվի, այսինքն՝ գյուղատնտեսությունը պետք է արդիականանա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ այն ինտենսիվ այգիները, որոնք 2017-2018 թթ. սկսած նոր ծրագրերով իրագործվել են, արդեն տալիս են արդյունաբերական արտադրանք, որն արդեն կսկսի ազդել գյուղատնտեսության թվերի վրա:

Այս առումով վարչապետը նշել է. «Հիշում եմ ինտենսիվ այգիների գործունեության հետ կապված մեր քննարկումները, որոնց ընթացքում շատ մտահոգություններ էին հայտնվում՝ սննդի անվտանգության, որակի, համային հատկանիշների վերաբերյալ»։ Կառավարության ղեկավարի հավաստմամբ, այսօր շուկայում կա նոր որակի և մրցունակ ապրանք։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այդ քաղաքականությունը պետք է շարունակել. «Սննդի անվտանգության տեսչական մարմինը, կառավարությունը և Էկոնոմիկայի նախարարությունը, իհարկե, շատ հետևողական պետք է լինեն, որպեսզի սննդի անվտանգության նորմերը պահպանվեն», - ասել է վարչապետը: Նա նաև ընդգծել է, որ գյուղմթերքի որակական հատկանիշների վերադարձի որոշակի գործընթաց է նկատվում. «Դա կոնկրետ աշխատանքի արդյունք է, և այդ աշխատանքը պետք է ոչ մի վայրկյան չդադարի, որպեսզի նաև զբոսաշրջության և մրցունակության առումով Հայաստանում արտադրված սննդամթերքը որոշակի անվտանգային և որակական չափանիշների համապատասխանի, և այս գործընթացը մենք պետք է անհոգնել շարունակենք: Շատ կարևոր եմ համարում, որ այս դահլիճում կայացված որոշումների հետևից գնանք, տեղում տեսնենք, թե ինչպես են արտահայտվել այդ որոշումները, հասկանանք, թե ինչ բացեր և բացթողումներ կան այդ որոշումների մեջ, շտկենք դրանք: Սա պետք է լինի անընդհատ գործընթաց»,- ասել է կառավարության ղեկավարը։

Սամբոյի աշխարհի առաջնությունը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում

«Հարգելի գործընկերներ, մենք չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունեցինք որոշում ապահովելու Սամբոյի աշխարհի առաջնության անցկացումը Հայաստանի Հանրապետությունում՝ Երևանում։ Աշնանը հերթական խոշոր միջազգային մրցաշարն է տեղի ունենալու, և հաջողություն եմ մաղթում մեր մարզիկներին, որոնք հույս են տալիս, որ այս տարի միջազգային նվաճումներով գուցե թե նախորդ տարվա նվաճմանն առնվազն մոտ լինենք կամ կրկնենք, կամ գուցե նույնիսկ գերազանցենք»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։

Օդանավ շահագործողի վկայականի տրամադրման ընթացակարգերը կհամապատասխանեցվի գործող միջազգային չափանիշներին

Կառավարության որոշման նախագծով փոփոխություն կկատարվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի N 963-Ն որոշման մեջ: Նախագծի մշակումը պայմանավորված է օդանավ շահագործողի վկայականի տրամադրման ընթացակարգերը գործող միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, ինչպես նաև գործնական կիրառության ընթացքում ի հայտ եկած կարգավորման օրենսդրական բացերի լրացման անհրաժեշտությամբ: Նախագծով Վկայականի տրամադրման ընթացակարգերը համապատասխանեցվել են «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (Չիկագոյի կոնվենցիա) N 6 հավելվածի, ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) դոկ 8335 փաստաթղթի պահանջներին: Նախագծի ընդունումը դրական ազդեցություն կունենա գործարար միջավայրի վրա՝ ապահովելով վկայականի տրամադրման գործընթացի հստակությունն ու մատչելիությունը օդանավ շահագործողների համար։ Նախագծով առաջարկվող փոփոխության արդյունքում կխթանվի հայաստանյան ավիաընկերությունների զարգացումը, նպաստավոր հարթակ կստեղծվի ինչպես միջպետական, այնպես էլ ներպետական կապերի ամրապնդման համար, կբարձրանա պետության ճանաչելիությունը միջազգային ասպարեզում։

Միջազգային համագործակցություն

Կառավարության որոշմամբ, հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին համաձայնագրին կից լրացուցիչ թիվ 1 համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Կառավարությունը հարթակի ներդրմամբ նպատակ ունի ապահովել շուրջ 1,000.0 հազ. քաղաքացիների իրազեկվածությունը հարթակի և նրա գործառութային հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաև խթանել ՀՀ-ում աշխատաշուկայի հագեցվածությունը նորարարական լուծումներով, որոնք ոլորտում տարվող քաղաքականությունը կդարձնեն ավելի հասցեական և արդյունավետ։

Կառավարության մեկ այլ որոշմամբ, հավանություն է տրվել 2023 թվականի հունիսի 1-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:

Վերոնշյալ փոփոխության կատարման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկրի տնտեսական զարգացման ու անվտանգության ապահովման համար ՀՀ-ում իրականացվում են լայնածավալ ճանապարհաշինարարական ծրագրեր՝ միտված ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանը: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ճանապարհաշինարարության ոլորտում էականորեն աճել է բիտումի սպառման պահանջարկը, որից ելնելով էլ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել նավթային բիտումի ներկրման ծավալները Հայաստանի Հանրապետություն՝ առանց մաքսատուրքի գանձման ռեժիմի։

Սույն արձանագրությունը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև շարունակել զարգացնել տնտեսական հարաբերություններ: Սույն Արձանագրությունը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը:

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում կստեղծվի Հայաստանի Հանրապետության դեսպանություն

Կառավարությունը որոշում է կայացրել Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին (նստավայրը` Մոնտեվիդեո):

Ուրուգվայում ՀՀ դեսպանության բացումը նախատեսված է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով: Դեսպանություն հիմնելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2021 թվականի օգոստոսի 16-18-ը Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Ֆրանցիսկո Բուստիժո Բոնասոյի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում: ՀՀ վարչապետը ևս հավաստիացրել է, որ Ուրուգվայում Հայաստանի դեսպանության հարցը օրակարգում է, և տվյալ գործընթացը սեղմ ժամկետներում կմտնի ինստիտուցիոնալ դաշտ: Վերը նշվածը հաշվի առնելով, Ուրուգվայում Հայաստանի դեսպանության բացումը համարվում է նպատակահարմար, ինչը համահունչ է Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը և շահերին։


Սահմանվել է ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում պայմանագրային զինծառայողներին ամսական դրամական հատուցում վճարելու կարգը և չափերը

Կառավարության որոշմամբ, սահմանվել է ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում պայմանագրային զինծառայողներին ամսական դրամական հատուցում վճարելու կարգը, սահմանվել է ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահով¬վելու դեպքում պայմանագրային զինծառայողներին վճարվող ամսական դրամական հատուցման չափերը՝ 1) Երևան քաղաքում` մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին` 65000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 85000 դրամ, 2) այլ քաղաքներում` մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին` 38000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 50000 դրամ, 3) այլ բնակավայրերում` մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին` 20000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 25000 դրամ: Ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին» N 1321-Ն որոշումը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին հանձնարարվել է ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշման համաձայն այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում ստացող պայմանագրային զինծառայողներին սույն որոշմամբ սահմանված ամսական դրամական հատուցման հաշվարկումը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն oրենքով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասի» օրենքի (այսուհետ՝ օրենք) 65-րդ հոդվածի 1-ին մասում կատարված փոփոխությունների համաձայն ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող և ծառայողական բնակարանով չապահովված պայմանագրային զինծառայողներին և օրենքով նրանց հավասարեցված անձանց ամսական դրամական հատուցում վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի 25.05.2023թ. N 558-Ա որոշման 2-րդ հավելվածով հաստատված ցանկի 9-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից: 

← Վերադառնալ