Մամլո հաղորդագրություններ

Հանրապետության 337 դպրոցներ կհամալրվեն վերանորոգված ու կահավորված ԳՏՃՄ լաբորատորիաներով

27.07.2023

ևս 8 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը: Նիստի սկզբում կառավարության ղեկավարն անդրադարձել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելուն և Ադրբեջանի գործողությունների նպատակներին:

Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի դրամաշնորհային հիմունքներով բյուջետային աջակցություն՝ 29.3 մլն եվրո ծավալով

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինան¬սավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Դրանով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրումը, որով Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի դրամաշնորհային հիմունքներով բյուջետային աջակցություն՝ 29.3 մլն եվրո ծավալով: Բացի այդ, Ծրագրի իրականացմանն օժանդակելու նպատակով կտրամադրվի լրացուցիչ տեխնիկական աջակցություն՝ 2.7 մլն եվրո ծավալով (Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 32 մլն եվրո): Հայաստանի Հանրապետության կողմից համաֆինանսավորում չի նախատեսվում:

Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի կրթական համակարգի մրցունակությունը՝ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով սահմանված կրթական բարեփոխումներին, ինչպես նաև ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրին ու դրանից բխող գործողությունների ծրագրին համահունչ: Հիմնվելով ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն նորարարության համար» ծրագրի մոդելների ու ձեռքբերումների վրա՝ Ծրագիրն ընդգրկելու է Արարատի, Կոտայքի ու Գեղարքունիքի բոլոր դպրոցներն ու Սյունիքի մարզի Կապան քաղաքի 13 դպրոցները։ Ընդհանուր առմամբ, մինչև 337 դպրոց ունենալու է վերանորոգված ու կահավորված ԳՏՃՄ լաբորատորիաներ, վերապատրաստված ուսուցիչներ և վերապատրաստման նորացված մեթոդաբանություն:

Թեմայի շուրջ ծավալված մտքերի փոխանակության ժամանակ քննարկվել են լաբորատորիաների ստանդարտներին, դրանց հետագա հագեցման և վերականգնման անհրաժեշտությանը, ինչպես նաև լաբորատորիաների լիարժեք գործարկման ու կիրառմանը վերաբերող հարցեր:

Վարչապետն անդրադարձել է նաև այս տարվա սեպտեմբերի 1-ից ԳՏՃՄ առարկաների ուսուցիչների աշխատավարձերի գործակցային բարձրացմանը: ԿԳՄՍ նախարարն այս թեմայի կապակցությամբ նշել է, որ սեպտեմբերից մեկնարկում է հավելավճարի նոր համակարգը բոլոր դպրոցների ուսուցիչների համար, որոնք դասավանդում են ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն և ինֆորմատիկա: Նրանք յուրաքանչյուր ժամի համար լրացուցիչ գործակցով կվարձատրվեն: Նախարարը հիշեցրել է, որ գյուղական փոքր դպրոցների համար կա ևս մեկ հավելավճարի ծրագիր, որի արդյունքում ստացվում է, որ գյուղական փոքր դպրոցի, օրինակ՝ ֆիզիկայի ուսուցիչը երկու ծրագրով էլ լրացուցիչ վարձատրվում է:

Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է, թե այս ծրագիրը որքանով է անդրադառնում կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձների վրա, ինչին ԿԳՄՍ նախարարը պատասխանել է, որ նրանց դեպքում բոլոր վերոնշյալ գործակիցները հաշվարկվում են արդեն ատեստավորման արդյունքում բարձրացված աշխատավարձի նկատմամբ:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է նաև Երևանի դպրոցներում լաբորատորիաների հիմնման հարցով, ինչին ի պատասխան նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ բացի այս ծրագրից, կա համագործակցության ծրագիր Համաշխարհային բանկի հետ, որի շրջանակներում արդեն այս տարի Արմավիրի մարզի բոլոր դպրոցները կստանան լաբորատորիաներ, մյուս տարի պլանավորված է, որ կստանան Արագածոտնի մարզի բոլոր դպրոցները, իսկ մնացած մարզերը և Երևանը նախատեսված են Միջնաժամկետ ծախսային ծրագրով:

Հավանություն է տրվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին

Կառավարության որոշմամբ, հավանություն է տրվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Նախագծի ընդունումը պայմանավորված է առաջին ատյանի դատարանների դատավորներին տրվող վարձատրության համակարգի վերանայման անհրաժեշտությամբ և բխում է դատավորի անկախությունը երաշխավորելու, ինչպես նաև առաջին ատյանի դատարանների դատավորների առկա թափուր պաշտոնները համալրելու նպատակով համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետների համար գրավչություն ապահովելու անհրաժեշտությունից: Նախագծով առաջարկվում է 60% հավելում սահմանել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, սնանկության դատարանի և վարչական դատարանի դատավորների համար՝ ապահովելով դատավորի բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեմայի հետ կապված նշել է. «Քանի որ կարող են լինել որոշ քննադատություններ, չնայած՝ մենք դատավորների աշխատավարձերը բարձրացնում ենք թոշակների բարձրացումից և նաև նվազագույն աշխատավարձի բարձրացումից հետո, բայց ամեն դեպքում ուզում եմ շեշտել, որ մենք դատավորների և ընդհանրապես՝ պաշտոնյաների աշխատավարձերն առաջին հերթին բարձրացնում ենք քաղաքացիների համար, որովհետև քաղաքացիներն են, որ օգտվում են պաշտոնյաների ծառայությունից: Դատական համակարգում աշխատավարձերի բարձրացումը մեր շարունակական քաղաքականությունն է:

Երբ Հակակոռուպցիոն դատարանը ստեղծում էինք և Հակակոռուպցիոն կոմիտեի, Հակակոռուպցիոն դատարանի աշխատավարձերի նոր սանդղակ էինք սահմանում, այն ժամանակ այդ մտահոգությունները կար, որ մենք անհամաչափություն ենք ստեղծում, բայց ասում էինք, որ ընդհակառակը՝ մենք այդ նշաձողը սահմանում ենք հետագայում այլ օղակներում նույնպես այդ աստիճանին հասնելու համար, ինչը, ըստ էության, անում ենք: Եվ այո՛, առաջիկայում՝ նաև մեր բյուջետային հնարավորություններից կախված, նաև Վերաքննիչ դատարանին էլ կանդրադառնանք»:

Կառավարության ղեկավարը կարևորել է աշխատավարձերի փոփոխությունը և ֆինանսական ծախսը՝ ընդգծելով, որ այն պիտի ենթադրի նաև բովանդակային փոփոխություններ. «Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև, օրինակ՝ Կառավարությունը, ըստ էության, քաղաքականություններ վարելու մի քանի գործիք ունի, որոնցից ամենակարևորը պետական բյուջեի միջոցների ծախսումն է: Եվ մենք, պետական բյուջեում ուղղություններով ծախսումներ իրականացնելով, իրականացնում ենք քաղաքականություն: Մենք, օրինակ, հանրակրթության ոլորտում քաղաքականությամբ բերում ենք նաև որոշակի բովանդակային փոփոխություններ՝ Զինված ուժերում, իրավապահ համակարգում և այլն, և այդպես շարունակ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել է, որ այս ֆինանսական ներդրումների արդյունքում ակնկալվում է ունենալ նոր ստանդարտի դատական համակարգ: «Մենք պետք է համոզված լինենք, որ Հայաստանում գործում է անկախ դատական համակարգ՝ ոչ միայն Կառավարությունից, այլև ընդհանրապես՝ անկախ դատական համակարգ: Պատկերացրեք, որ դա շատ մեծ հարցեր կլուծի, և շատ մեծ լարվածություններ կնվազեն, եթե մենք բոլորս իմանանք, որ Հայաստանում կա անկախ դատական համակարգ, և այդ անկախ դատական համակարգը գործում է օրենքի, օրինականության, արդարության և Սահմանադրության շրջանակներում, որը պետք է խոստովանենք, որ լիարժեք չենք կարողացել լուծել: Բայց լուծումը մեկն է՝ պետք է անհոգնել, անընդհատ աշխատել այս ուղղությամբ և գնալ առաջ»,- ասել է վարչապետը:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն իր հերթին ընդգծել է, որ դատական համակարգում իրականացվող բարեփոխումների և կոմպլեքս լուծումների նպատակը քաղաքացիներին որակյալ և արագ ծառայությունների մատուցումն է:

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ապահովման նպատակով Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետների աշխատակազմերին գումար կհատկացվի

Կառավարությունն ընդունել է որոշում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի n 2111-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետների աշխատակազմերին գումար հատկացնելու մասին:

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի դրույթների համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ: Որոշման նախագծով առաջարկվում է համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար 1 մլրդ 670 մլն 826 հազար դրամ հատկացնել համապատասխան մարզպետարանների աշխատակազմերին` ՀՀ 2023 թվականի պետական բյուջեից հատկացնելով 858 մլն 47.5 հազ դրամ, իսկ 812 մլն 778․9 հազ դրամը նախատեսվում է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին ՀՀ կառավարության որոշումներով սուբվենցիայի ծրագրերին հատկացված, սակայն դեռևս վճարումներ չկատարված ֆինանսական միջոցների հաշվին։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ապահովում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում թվարկել է այն ծրագրերը, որոնք այս որոշմամբ ֆինանսավորվում են. «Արագածոտնի մարզում՝ Թալին խոշորացված համայնքի Մաստարա բնակավայրի 8-րդ փողոցի 8-րդ հասցեում գտնվող միջոցառման տան տարածքի ցանկապատի կառուցման աշխատանքներ: Ծրագիրն ավարտված է։ Արարատի մարզում՝ Արարատ խոշորացված համայնքի Զանգակատուն բնակավայրի փողոցների վերանորոգում՝ ասֆալտապատմամբ: Ծրագիրն ավարտված է։ Արարատ խոշորացված համայնքի՝ Երասխ բնակավայրի գազիֆիկացում: Ծրագիրն ավարտված է։ Արտաշատ խոշորացված համայնքի՝ Աբովյան, Նշավան, Բյուրեղավան բնակավայրերի ոռոգման համակարգի կառուցում, նորոգում: Կատարված է աշխատանքների 80 տոկոսը։ Արարատի մարզի՝ Արարատ խոշորացված համայնքի Պարույր Սևակ բնակավայրի ջրահեռացման համակարգի կառուցում: Կատարված է աշխատանքների 80 տոկոսը։ Արարատ խոշորացված համայնքի՝ Պարույր Սևակ և Արմաշ բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի կառուցում: Ծրագիրն ավարտված է։ Արմավիրի մարզի՝ Բաղրամյան խոշորացված համայնքի Դալարիկ բնակավայրի Օրջոնիկիձե, Երիտասարդական, Գորկու և Շահումյան փողոցներում ոռոգման ներտնտեսային բաց և փակ ցանցի կառուցում: Ծրագիրն ավարտված է։ Խոյ խոշորացված համայնքի՝ Գեղակերտ բնակավայրի ոռոգման ցանցի կառուցում: Ծրագիրն ավարտական փուլում է։ Արաքս խոշորացված համայնքի՝ Խորոնք բնակավայրի մանկապարտեզի շենքի կապիտալ նորոգում, Ջրառատ բնակավայրի մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգում, Մեծամոր բնակավայրի՝ Խաչատուր Աբովյան փողոցի 1/2 հասցեում մանկապարտեզի շենքի հիմնանորոգում, Գայի բնակավայրի մանկապարտեզի բակի նորոգում: Ծրագրի 75 տոկոսն արված է։ Վաղարշապատ խոշորացված համայնքի՝ Էջմիածին բնակավայրի Չարենց թաղամասի հյուսիսային մասի կոյուղու կառուցում: Ծրագիրն ավարտված է։ Խոյ խոշորացված համայնքի՝ Արշալույս բնակավայրի 27, 28, 29, 32 փողոցների գազաֆիկացում: Ծրագիրն ավարտված է։ Խոյ խոշորացված համայնքի՝ Մոնթեավան բնակավայրի կենտրոնական առաջին փողոցի ասֆալտապատման աշխատանքներ: Ծրագիրն ավարտված է։ Արմավիր խոշորացված համայնքի՝ Սարդարապատ բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգում, գազաֆիկացում և ջեռուցման համակարգի կառուցում: Կատարված է աշխատանքների 70 տոկոսը։ Արմավիր խոշորացված համայնքի՝ Այգեվան բնակավայրի ջրամատակարարման ցանցի վերակառուցում, ծրագիրն ավարտված է։ Արմավիր խոշորացված համայնքի՝ Արմավիր բնակավայրի Գորկու փողոցի հիմնանորոգում: Ծրագիրն ավարտված է։ Արաքս խոշորացված համայնքի՝ Գայ և Արաքս բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում: Ծրագիրն ավարտված է։ Գեղարքունիքի մարզի՝ Գավառ բնակավայրի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգում: Ծրագրի 80 տոկոսը կատարված է։ Մարտունի խոշորացված համայնքի՝ Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի թիվ 1 մանկապարտեզի հիմնանորոգում, Երանոս բնակավայրի 3-րդ մսուր-մանկապարտեզի հիմնանորոգում և ցանկապատի կառուցում: Ծրագրի 75 տոկոսը կատարված է։ Մարտունի խոշորացված համայնքի՝ Մարտունի բնակավայրի Նժդեհ, Կոմիտաս, Գետափնյա 2, Կարապետյան, Մամիկոնյան փողոցների մայթերի կառուցում: 85 տոկոսը կատարված է։ Շիրակի մարզ՝ Գյումրի համայնքի տիկնիկային թատրոնի շենքի վերանորոգում: 85 տոկոսը կատարված է։ Սյունիքի մարզի՝ Մեղրի համայնքի Մեղրի բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգում: Ծրագիրն ավարտված է։ Տավուշի մարզի՝ Բերդ խոշորացված համայնքի Չինարի բնակավայրի ոռոգման համակարգի սնուցման համար ինքնահոս ջրի մատակարարում: Ծրագիրն ավարտված է»,-ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը:

Թեմայի շրջանակում վարչապետը հետաքրքրվել է՝ արդյոք վերացվել են Տավուշ գյուղի կարգավորիչ կայանի խողովակների թերությունները, ինչին ի պատասխան ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ ինժեներական սխալներով է կառուցված եղել, որի հետևանքով խողովակները պայթում էին, այժմ 6 կիլոմետրանոց նոր գիծ է անցկացվել այլ վայրով, այլ լուծումներով և միացվել է գյուղի համակարգին:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Արարատի մարզի Դեղձուտի դպրոցում իրականացված շինաշխատանքներում հայտնաբերված թերություններին և ընդգծել, որ հետևողական է լինելու, որպեսզի թերությունները վերացվեն, և ծրագիրն իրականացվի պատշաճ: Քաղաքաշինության կոմիտեի նախագահը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականից հետո շտկման աշխատանքներն իրականացվում են:

Այս համատեքստում, կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ իրականացվող աշխատանքների որակի վերահսկողությունն սկզբունքային նշանակություն ունի և հանձնարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին քննարկել և աուդիտ անել որակի վերահսկողության մեխանիզմները, հասկանալ, թե ինչպես են դրանք գործում, որից հետո անդրադառնալ այն հարցին՝ արդյոք լրացուցիչ մեխանիզմների, թե գործող մեխանիզմների աշխատանքի կարգավորման անհրաժեշտություն կա:

Միջազգային համագործակցություն

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2016 թվականի հունվարի 26-ի թիվ CAM 1002 01 Y վարկային համաձայնագրի փոփոխություն N 2»-ի ստորագրման առաջարկությանը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2016 թվականի հունվարի 26-ի թիվ CAM 1002 01 Y վարկային համաձայնագրի փոփոխություն №2-ով նախատեսվում է «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի իրականացման և վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետները երկարաձգել համապատասխանաբար մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը և 2025 թվականի մարտի 1-ը: Համաձայնագրի նախորդ՝ №1 փոփոխությամբ նշյալ ժամկետները երկարաձգվել էին համապատասխանաբար մինչև 2023 թվականի հուլիսի 31-ը և 2023 թվականի սեպտեմբերի 30-ը:

Ծրագրով նախատեսվում է կառուցել Վեդու ջրամբարը 29,4 մլն մ3 ընդհանուր ծավալով, որի հետևանքով մեխանիկական ոռոգման եղանակից ինքնահոսի անցնելով տարեկան կտնտեսվի շուրջ 19․0 մլն. կվտ/ժամ էլեկտրաէներգիա՝ ապահովելով շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը։ Միաժամանակ, ոռոգելի հողատարածքները կավելանան շուրջ 300 հա-ով, ոռոգման ցանցի կորուստները կկրճատվեն 20-25%-ով, և փորձնական տարածքներում ներտնտեսային ոռոգման ցանցի կառուցման շնորհիվ հնարավոր կլինի նոր տեխնոլոգիաների՝ կաթիլային ոռոգման կիրառումը, ինչպես նաև կնպաստի Սևանա լճից ջրառի կրճատմանը։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից։ Վարկային միջոցների մասհանված գումարը կազմում է 70 մլն եվրո գումար, իսկ չմասհանված միջոցների ընդհանուր գումարը՝ 5 մլն եվրո գումար։

Տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների նոր մոդելների ներդրման շրջանակում սեղմ ժամկետում կվերակառուցվի, կկահավորվի և կգործարկվի Գեղակերտ համայնքի փոքր տունը

Կառավարությունը վերաբաշխում և լրացումներ է կատարել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և փոփոխություններ ու լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ:

ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում տարեցների սոցիալական ծառայություններ տրամադրելու հայեցակարգին և հայեցակարգի իրականացման 2015-2019 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» N39 արձանագրային որոշման N 1 հավելվածով նախատեսվել է հանրապետությունում ներդնել տարեցներին մատուցվող ծառայությունների նոր մոդել՝ համայնքային խնամքի փոքր տներ կազմակերպելու միջոցով: Այդ կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշմամբ հատկացված միջոցների շրջանակներում նախարարությունը Գեղակերտ համայնքի Մ.Խորենացի փողոցի թիվ 25 հասցեում գնել է առանձնատուն: Վերոնշյալ առանձնատունը անհրաժեշտ է վերակառուցել որպես համայնքային փոքր տուն։

Նպատակ ունենալով ներդնել մատուցվող ծառայությունների նոր մոդելներ, որոնք հիմնված են անձի ինքնուրույնությանը և սոցիալականացմանը՝ ապահովելու արժանապատիվ կենսապայմաններ, նախարարությունը նպատակ ունի սեղմ ժամկետում վերակառուցել, կահավորել և գործարկել Գեղակերտ համայնքի փոքր տունը: Համայնքահեն փոքր տանը բնակեցվելու են շուրջ 12-16 շահառու: Սույն որոշման նախագծով նախատեսվում է ֆինանսավորել ձեռք բերված փոքր տան հիմնանորոգման աշխատանքները, տեխնիկական հսկողության և հեղինակային հսկողության ծառայությունները, ընդամենը 42,700,800 դրամի չափով 1141 ծրագրի «11007. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ժամանակավոր խնամքի տրամադրման ծառայություններ» միջոցառման տնտեսումների հաշվին: Նախագծի կարգավորման նպատակը գնված տան վերանորոգման աշխատանքների կատարման, տեխնիկական հսկողության և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման համար ֆինանսական միջոցների տրամադրումն է, իսկ վերջնարդյունքում՝ հանրապետությունում փոքր համայնքային տների կազմակերպումը։ Ձեռք բերված փոքր տան հիմնանորոգման աշխատանքների իրականացման արդյունքում հնարավորություն է ստեղծվում փոքր տանը բնակվող շահառուների համար ապահովել ընտանեկանին մոտ միջավայր, որտեղ շահառուներն ապահովված կլինեն անհրաժեշտ բոլոր պայմաններով և պարագաներով։

Թվով 5 հանրակրթական դպրոցի կհատկացվի կապիտալ դրամաշնորհներ 38,706.7 հազար դրամի չափով՝ վերջիններիս խնայողությունների հաշվին

Գործադիրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում կապիտալ ծախսեր իրականացնելու նպատակով՝ «Հանրակրթության ծրագիր» ծրագրի շրջանակներում դպրոցներին հատկացված սուբսիդիայից չօգտագործված գումարներից վերջիններիս գանձապետական հաշիվների մնացորդները՝ 38,706.7 հազ. դրամի չափով կփոխանցվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ որպես «Նախորդ տարիների՝ ՀՀ պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորման նպա¬տակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների) վերա¬դարձից մուտքեր»՝ գանձապետարանում բացված 900005280640 հաշվեհամարին:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թվով 5 հանրակրթական դպրոցի հատկացնել կապիտալ դրամաշնորհներ 38,706.7 հազար դրամի չափով՝ վերջիններիս խնայողությունների հաշվին: Գումարն ուղղվելու է դպրոցների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավմանը: Այդ դպրոցներն են՝ Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան հ.194 հիմնական դպրոցը Աբովյանի կրթահամալիրը, Ալ. Քեմուրջյանի անվան Երևանի հ. 170 ավագ դպրոցը, Երևանի Ս.Խանզադյանի անվ. թիվ 184 ավագ դպրոցը, Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցը, Գորիսի Ա. Բակունցի անվան հ. 1 ավագ դպրոցը: Նախագծով նախատեսվում է նաև մի շարք որոշումներում կատարել փոփոխություններ և լրացումներ:

Որոշման նախագծի ընդունմամբ մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններ հնարավորություն կունենան կապիտալ ծախսեր կատարելու իրենց խնայողություններ հաշվին: Որոշման ընդունման արդյունքում կապահովվեն կրթության համար առավել բարենպաստ պայմաններ։

Փոփոխվել է ցերեկային ծառայություն ստանալու հնարավորություն ունեցող երեխաների տարիքային շեմը

Կառավարությունը փոփոխել է ցերեկային ծառայություն ստացող երեխաների տարիքային շեմը: Ներկայում Նախարարության ենթակայության ցերեկային ծառայություններ տրամադրող պետական ոչ առևտրային կազմակերպություններում ծառայություններ ստացող երեխաների տարիքային շեմը տարբեր է՝ 2-18, 3-18, ինչպես նաև 6-18 տարեկան։ Չնայած այն հանգամանքին, որ բոլոր կազմակերպություններում ծառայությունների տրամադրման բնույթը և ծավալը նույնն է, տարիքային շեմը խիստ տարբեր է, որի պատճառով՝ 2-3 տարեկան, իսկ որոշ դեպքերում 2-6 տարեկան երեխաների իրավունքներն ապահովելու նկատառումից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել և ծառայություն ստացողների տարիքային շեմը սահմանել նույնը։ Հարկ է նկատի ունենալ, որ գործող մեկ այլ կարգավորմամբ՝ մասնավորապես ՀՀ կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 381 որոշմամբ արդեն իսկ ամրագրված է 2-18 տարեկան երեխաների խնամք ստանալու հնարավորությունը։

Նախագծով նախատեսվում է փոփոխել ծառայություն ստանալու հնարավորություն ունեցող երեխաների տարիքային շեմը՝ հնարավորություն ստեղծելով ծառայություններ տրամադրել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին՝ սկսած 2 տարեկանից։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարիքին համապատասխան ծառայություններ տրամադրել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին՝ սկսած 2 տարեկանից՝ հաշվի առնելով վերջիններիս վերականգնողական ներուժը, ինչպես նաև կանխելով վերջիններիս՝ շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում հայտնվելու ռիսկը։

Կկարգավորվեն ՀՀ սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու ընթացքում շահառուներին հիփոթեքային վարկերի տրամադրման գործընթացում ծագած խնդիրները

Կառավարության որոշմամբ, լրացումներ և փոփոխություններ կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի n 842-լ որոշման մեջ: Նախագծով կարգավորվում են ՀՀ սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ պայմանագիր կնքած բանկ կամ վարկային կազմակերպություն դիմած շահառուներին հիփոթեքային վարկերի տրամադրման գործընթացում ծագած խնդիրները։ Նախագծի հիմնական նպատակն է վերանայել ծրագրի այն պայմանները, որոնց առկայությունը հանգեցնում է գործընկեր կազմակերպությունների կողմից լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման պահանջի կիրառման, ինչպես նաև հստակեցնել Ծրագրում կիրառված որոշ ձևակերպումները։ Ներկայացվող նախագծով առաջարկվում է հստակեցնել Ծրագրում կիրառված որոշ ձևակերպումներն ու բարելավել Ծրագրի իրականացման պայմանները։

Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի անխոչընդոտ իրականացնել Ծրագիրը, որով նախատեսվում է ապահովել բնակարանային ապահովության խնդիր ունեցող ընտանիքների՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում բնակարանային պայմանների բարելավումը, մեծացնել սահմանամերձ գյուղական բնակավայրերի բնակության պահանջարկը, նպաստել սահմանամերձ համայնքների ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովմանը։

Հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը

Գործադիրի որոշմամբ, հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը։ Նախագիծը մշակվել է հանրապետությունում գյուղատնտեսական բարձր ավելացված արժեք ապահովող արտադրանքի արտադրության և արտահանման ծավալների ավելացման, գյուղատնտեսությունը որպես շահութաբեր բիզնեսի տրամաբանությամբ վերագործարկելու անհրաժեշտությամբ պայմա¬նավորված։ Նախագծով առաջարկվող ծրագրի հիմնական նպատակը՝ աջակցությամբ ջերմատնային տնտեսությունների հիմնման միջոցով նպաստել՝ ջերմատներում աճեցվող մշակաբույսերի արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։ Ծրագիրը կիրականացվի 2023-2026 թվականներին։

Ծրագրի իրականացման արդյունքում՝ 1) ծրագրի շրջանակում արդիական պահանջներով ջերմատնային տնտեսությունների կառուցում՝ շուրջ 35 հա ընդհանուր մակերեսով, 2) բերքատվության բարձրացում 2-3 անգամ՝ ավանդական եղանակով մշակվող ջերմատների նկատմամբ, մասնավորապես՝ լոլիկի դեպքում 1 քառ. մ-ի հաշվով 40-50 կգ բերքի ստացում, 3) ջերմատնային արտադրանքի ծավալների ավելացում, մասնավորապես՝ 2024 թվականին՝ 6,7 հազ․ տոննա, 2025 թվականին՝ 11,3 հազ․ տոննա, 2026 թվականին՝ 15,6 հազ․ տոննա, իսկ 2027 թվականից յուրաքանչյուր տարի (մոտ 15 տարի) կապահովվի շուրջ 15,6 հազ․ տոննա լոլիկի բերք, 4) արտահանման ծավալների ավելացում, մասնավորապես՝ լոլիկի դեպքում 2025 թվականից տարեկան շուրջ 10․0 հազ տոննայով, 5) ոչ սեզոնային ամիսներին ինքնարժեքի իջեցում՝ արտադրության արդյունավետության բարձրացման հաշվին, 6) 1 հա ջերմատունը կստեղծի շուրջ 10-12 աշխատատեղ, իսկ 35 հա-ի դեպքում՝ 350 նոր աշխատատեղ, 7) մեր գնահատմամբ, 35 հա ջերմատան շահագործման դեպքում, պետական բյուջեի մուտքերը յուրաքանչյուր տարի եկամտային հարկի գծով կկազմեն շուրջ 168,0 մլն ՀՀ դրամ, իսկ 35 հա ջերմատան կառուցապատման դեպքում պետական բյուջեի մուտքերը ավելացված արժեքի հարկի գծով կկազմեն շուրջ 490,0 մլն ՀՀ դրամ։

← Վերադառնալ