Մամլո հաղորդագրություններ

«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան

28.04.2024

ևս 38 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում ներկա են գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը:

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը հետևել են մրցաշարի եզրափակիչ մրցախաղերի ընթացքին: Մրցումների ավարտից հետո տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Մինչ պարգևատրման արարողությունը, հանձնվել են շնորհակալագրեր:

Այս տարի առաջին անգամ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարն անցկացվել է բացառապես դպրոցականների համար: Ընդհանուր առմամբ, հանրապետության բոլոր դպրոցների շուրջ 45%-ն ընդգրկվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի նախընտրական փուլերում: Մրցումներին Երևանի և ՀՀ մարզերի 626 հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների ավելի քան 3100 աշակերտ է մասնակցել:

Մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով, ինչպես նաև դրամական պարգևներով: Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցները պարգևատրվել են. 1-ին տեղ՝ 4 մլն դրամ, 2-րդ տեղ՝ 2,500,000 դրամ, 3-րդ տեղ՝ 1,500,000 դրամ: Պարգևատրվել են նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները. 1-ին տեղ՝ 700,000 դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 դրամ, 3-րդ տեղ՝ 300,000 դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները ևս պարգևատրվել են դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ (4 մասնակից) 150,000-ական դրամ, 2-րդ տեղ՝ (4 մասնակից) 100,000-ական դրամ, 3-րդ տեղ՝ (4 մասնակից) 75,000-ական դրամ:

Վարչապետը պարգևներ է հանձնել 10-12-րդ դասարանների մրցանակակիրներին` Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի, Երևանի Ալեքսանդր Քեմուրջյանի անվան թիվ 170 ավագ դպրոցի և Թեղուտի միջնակարգ դպրոցի աշակերտներին: 5-9-րդ դասարանների մրցանակակիրներին՝ Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի, Երևանի թիվ 104 հիմնական դպրոցի, Քաջարան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտների պարգևները հանձնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Պարգևատրումից հետո Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և շնորհավորել ներկաներին կայացած մրցաշարի առիթով: Վարչապետի խոսքով, սեղանի թենիսի մրցաշարի վերապահումը միայն դպրոցականներին, ճիշտ որոշում էր այն առումով, որ այն բոլորովին այլ էմոցիա և տրամադրություն էր հաղորդել մրցաշարի մասնակիցներին: Կառավարության ղեկավարի խոսքով, մրցաշարը կարևոր է նաև ուսուցիչների աշխատանքն ընդգծելու առումով, քանի որ աշակերտների հաղթանակների մեծ մասն նրանց աշխատանքի արդյունքն է:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս մրցաշարերը կարևոր են այն առումով, որ ավելի ու ավելի շատ պետք է կապված լինեն կրթության, դպրոցի հետ և հավելել, որ պետք է հետևողականորեն զարգացնել այս ուղղությունը՝ նաև հաշվի առնելով, որ սրանով առողջ ապրելակերպն է քարոզվում, ինչն ունի և՛ առողջապահական, և՛ կրթական, և՛ մեր երկրի մարզական ամբիցիաներն աջակցելու նպատակ:

Իր խոսքի վերջում վարչապետը շնորհակալություն է հայտնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կազմակերպչական աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու, իսկ Սեղանի թենիսի ֆեդերացիային մրցաշարն արդար, ազատ, թափանցիկ անցկացնելու համար:

← Վերադառնալ