Մամլո հաղորդագրություններ

Հուսով ենք` գլոբալ ժողովրդավարությունը կկանգնի մեր կողքին մարտահրավերներին դիմակայելու հարցում. վարչապետ Փաշինյանը մասնակցել է «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին

14.05.2024

ևս 12 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին: ՀՀ վարչապետը «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (From the frontline: Armenia’s defence of democracy) թեմայով քննարկմանը հանդես է եկել ելույթով և պատասխանել մի քանի հարցերի:

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի հարգելի մասնակիցներ,
Տիկնայք և պարոնայք,

Պատիվ ունեմ ձեզ հետ կիսելու այն մարտահրավերները, որոնց բախվում է հայկական ժողովրդավարությունը։ Լավ նորությունն այն է, որ ժողովրդավարությունն իսկապես իրականություն է դարձել Հայաստանում, բայց ի՞նչ է փոխվել Հայաստանի քաղաքացիների համար իրական ժողովրդավարությամբ։

Մինչև 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը մեր երկրում զանգվածային ընտրակեղծիքներն էին սովորաբար ուղեկցում ընտրություններին։ Քաղաքացիների մոտ վստահություն չկար, որ իրենք ունեն խորհրդարան ու կառավարություն ընտրելու և ձևավորելու իրական հնարավորություն։

Հիմա իրավիճակը բոլորովին այլ է. քաղաքացիները գիտեն, որ իրենք որոշում կայացնելու բավականաչափ ուժ ունեն։ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում անցկացված երկու համընդհանուր ընտրությունները թե՛ հայ հասարակության, թե՛ միջազգային հանրության կողմից ճանաչվել են որպես ժողովրդավարական, ազատ և մրցակցային։

Հայաստանը հսկայական առաջընթաց է գրանցել ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում. ձեռքբերում, որը շատ լավ արտացոլված է տարբեր հեղինակավոր ժողովրդավարական ցուցիչներում: Այժմ մենք 43-րդն ենք «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության խոսքի ազատության ինդեքսում՝ մինչդեռ 2017-ին մենք զբաղեցնում էինք 79-րդ տեղը: 2017 թվականին Freedom House-ի կողմից դասակարգվելով որպես մասամբ ազատ համացանց ունեցող, այժմ մենք վայելում ենք ազատ համացանց ունեցող երկրի կարգավիճակը: «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանն այժմ 62-րդ տեղում է` 2017 թ.-ի 107-րդի փոխարեն: Economist Intelligence Unit-ի ժողովրդավարության ինդեքսում այժմ մենք 84-րդն ենք, մինչդեռ 2017 թ-ին զբաղեցնում էինք 111-րդ տեղը։

Այս առաջընթացը գնահատելու համար անհրաժեշտ է նշել, որ ժողովրդավարական բարեփոխումներին զուգահեռ Հայաստանը դիմակայել է արտաքին անվտանգության մարտահրավերներին: 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում, ադրբեջանական զորքերի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածքներ 2021 և 2022 թվականներին և ավելի քան 200 քառակուսի կիլոմետր հայկական տարածքների օկուպացումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անտարբերության և անգործության պայմաններում, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 000 հայերի հարկադիր տեղահանումը կասկածներ են առաջացրել Հայաստանի քաղաքացիների շրջանում` արդյոք ժողովրդավարությունը ճիշտ ընտրություն է, թե՞ գուցե ժողովրդավարությունը նշանակում է ավելի քիչ անվտանգություն:

Այսպիսով, ժողովրդավարությունը պետք է ապացուցի իր արդյունավետությունն անվտանգության, տնտեսական և հումանիտար մարտահրավերներին դիմակայելիս:

Եվ մենք հուսով ենք, որ Գլոբալ ժողովրդավարությունը կկանգնի մեր կողքին բոլոր այդ մարտահրավերներին դիմակայելու հարցում:

Մենք գոհ ենք հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից։ Եվ մենք ողջունում ենք ԵՄ-ի որոշումը՝ ընդլայնելու իր կարողությունները։ Մյուս կողմից մենք հույս ունենք, որ Հայաստանը կներառվի Եվրոպական Խաղաղության հիմնադրամում, և այս առումով մենք ապավինում ենք ԵՄ անդամ բոլոր երկրների աջակցությանը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և իմ բարձր մակարդակի հանդիպման ընթացքում, որը տեղի ունեցավ ապրիլի 5-ին Բրյուսելում, Եվրամիությունը և Միացյալ Նահանգները ստանձնեցին Հայաստանի տնտեսական դիմակայունության, պետական ինստիտուտների հզորացման և Լեռնային Ղարաբաղից փախստականների մարդասիրական կարիքների բավարարմանն ուղղված պարտավորությունների նոր փաթեթ:

Այդ պարտավորությունների արագ և արդյունավետ իրականացումը չափազանց կարևոր է:

Տիկնայք և պարոնայք,

Ի հեճուկս բոլոր մարտահրավերների, մենք հավատում ենք, որ ժողովրդավարության իրական և ամենահավակնոտ ուղեկիցը հարատև և կայուն խաղաղությունն է: Եվ իմ գլխավորած կառավարությունն այս առումով վերցրել է իր պատասխանատվության բաժինը։ Վերջերս մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք Ադրբեջանի հետ՝ սկսելու մեր միջպետական սահմանների սահմանազատումն Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի հիման վրա։

Դա նշանակում է, որ սահմանազատում կատարելիս մենք պարզապես պետք է վերարտադրենք Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև եղած վարչական սահմանները, որոնք Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն դարձան պետական սահմաններ։ Սահմանների սահմանազատման մեկնարկը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Ալիևի և իմ միջև քառակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնության իրականացումն է։ Այժմ ժամանակն է ներառել և արտացոլել այդ համաձայնությունները խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։

Մեր տարածաշրջանային կայունության մեկ այլ առանցքային գործոն «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն է, որը նախաձեռնել է իմ գլխավորած կառավարությունը։ Այս նախագիծը ենթադրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերականգնում և բացում են տրանսպորտային և այլ հաղորդակցություններն այն երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո, որոնց միջով դրանք անցնում են, և հիմնված է հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Հայեցակարգի այս տարրերը համաձայնեցվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպման ժամանակ, որը վարում էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, և արտացոլված են հանդիպման արդյունքներով նախագահ Միշելի հրապարակային հայտարարության մեջ: Մենք պատրաստ ենք շարժվել համաձայնեցված կետերի իրականացման ուղղությամբ։

Տիկնայք և պարոնայք,

Ձեր հարցերին պատասխանելուց առաջ ուզում եմ շեշտել, որ ժողովրդավարությունը ռազմավարություն է Հայաստանի համար։ Մենք հավատում ենք ժողովրդավարությանը, ապրում ենք ժողովրդավարության մեջ:

Շնորհակալություն»:

«Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ի շրջանակում վարչապետը պատասխանել է մոդերատոր Politico in Europe-ի գործադիր խմբագիր Գորդոն Ռեպինսկու հարցերին:

Գորդոն Ռեպինսկի - Դուք նշեցիք անվտանգության հետ կապված Հայաստանի իրավիճակը։ Անդերս Ֆոգ Ռասմուսենը ձեր հարևանին անվանել է ավտոկրատիա։ Դուք գտնվում եք շատ բարդ աշխարհաքաղաքական և աշխարհագրական դիրքում։ Ինչպե՞ս եք լուծում անվտանգության հետ կապված խնդիրն այդ միջավայրում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Անկեղծ ասած, ես չէի ցանկանա մեկնաբանել մեր հարևան երկրների ներքին իրավիճակը։ Բայց մյուս կողմից, ինչպես ասել եմ, ժողովրդավարությունը հանգամանքների բերումով չի ժամանել Հայաստան։ Ես գտնում եմ, որ այն լիովին համապատասխանում է մեր ժողովրդի մտածելակերպին։ Այն մեր կառավարության համար ռազմավարություն է, այն մեր քաղաքական համոզմունքն է, այն նաև մեր քաղաքական ինքնությունն է։

Մեր քաղաքական թիմի անդամները կյանքի մեծ մասը պայքարել են հանուն ժողովրդավարության, օրենքի գերակայության և խոսքի ազատության։ Հիմա մենք ունենք այս բոլոր արժեքները մեր երկրում իրականացնելու հնարավորություն։ Բայց իհարկե, անվտանգային իրավիճակը բարդ էր, և այժմ այն ավելի բարդ է ոչ միայն մեր տարածաշրջանային իրավիճակի բերումով, այլ նաև գլոբալ իրավիճակի բերումով, որովհետև ակնհայտորեն աշխարհակարգը փլուզվում է այս պահին։

Իմ գնահատականն այն է, և ես այդ մասին առիթ ունեցել եմ հրապարակայնորեն ասելու, որ պատերազմը, որ տեղի ունեցավ մեր տարածաշրջանում, ինչ-որ առումով հետագա զարգացումների նախաբանն էր։ Եվ այժմ հիմնական հարցը անվտանգությունն է։

Ո՞րն է մեր ռազմավարական տեսակետը, ինչպե՞ս ենք մենք պատրաստվում երաշխավորել մեր երկրի անվտանգությունը։ Վերջերս ես մեր խորհրդարանում ելույթ ունեցա, որտեղ ասացի, որ իմ կարծիքով` անվտանգության ապահովման համար ամենակարևոր գործիքը լեգիտիմ արտաքին քաղաքականությունն է։ Սա է պատճառը, որ մենք այդքան հաճախակի ենք ցիտում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։

Կցանկանայի լսարանին տեղյակ պահել, թե ինչի մասին է Ալմա-Աթայի հռչակագիրը։ Այն ընդունվել է 12 Խորհրդային հանրապետությունների կողմից, որտեղ նշվում են մի քանի շատ կարևոր մտքեր։ Առաջինը` Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ, և Խորհրդային հանրապետությունների միջև վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ, քանի որ Խորհրդային հանրապետությունները դառնում են անկախ երկրներ։

Շատ կարևոր է, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ մասնակցությամբ, որտեղ երկու շատ կարևոր համաձայնություն եղավ։ Առաջին՝ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են մեկը մյուսի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, և Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է ծառայի որպես հիմք` երկու երկրների միջև սահմանազատման համար։ Սա է պատճառը, որ ես ասացի, որ մենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր սահման գծելու խնդիր չունենք։ Մենք պարզապես պետք է վերարտադրենք գոյություն ունեցած սահմանը հողի վրա։ Այս գործընթացը հենց հիմա տեղի է ունենում, և ես հույս ունեմ, որ հաստատակամորեն կշարունակենք այն։

Գորդոն Ռեպինսկի - Սահմանային կոնֆլիկտը, որ վերջին տարիներին տեղի է ունեցել, բացասաբար է ազդում Ռուսաստանի հետ հարաբերությունների և Հայաստանի համար Ռուսաստանի դերի վրա։ Ի՞նչ կասեք այս մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Հիմա նույնպես պաշտոնապես մենք ՀԱՊԿ անդամ ենք, բայց ես հայտարարել եմ, որ սառեցրել ենք մեր մասնակցությունը:

Գորդոն Ռեպինսկի - Այսինքն շարունակո՞ւմ եք մնալ անդամ, թե՞...

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դա հետագա խոսակցության հարց է, բայց շատ կարևոր է արձանագրել ներկայիս իրավիճակը։ Մեր հարաբերություններում ճգնաժամ առաջացավ հենց այդ կետից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստան, և համաձայն ՀԱՊԿ-ի ընթացակարգերի` կազմակերպությունն ու իր անդամ պետությունները պետք է աջակցեին Հայաստանին այս իրավիճակում։ Բայց նույնիսկ պաշտոնական դիմումից հետո ՀԱՊԿ-ը մերժեց որևէ հստակ քայլ անել, և փաստորեն, դա է ՀԱՊԿ-ին բոլոր մակարդակներում մեր մասնակցությունը սառեցնելու հիմնական պատճառը։

Գորդոն Ռեպինսկի - Ակնկալում եք արդյոք, որ Արևմուտքը կգրավի ներկայիս վակուումը և կապահովի ձեր անվտանգությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մեր քաղաքական դիրքորոշումը և քաղաքականությունը կայանում է նրանում, որ մենք դիվերսիֆիկացնենք մեր արտաքին հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Հիմա մենք պաշտպանական ոլորտում համագործակցություն ենք զարգացնում Հնդկաստանի, Ֆրանսիայի, այլ երկրների հետ։ Հիմա մենք Եվրամիության հետ որոշակի համագործակցություն ունենք, որովհետև ինչպես նշեցի, մենք ուրախ ենք մեր և Ադրբեջանի սահմանին ԵՄ Քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման համար։ Իհարկե, դա քաղաքացիական առաքելություն է, բայց մյուս կողմից, ինչ-որ առումով այն մի նոր գործոն է մեր տարածաշրջանի անվտանգության համար։ Սա առաջին անգամ է, որ Եվրամիությունը որևէ կերպով մասնակցում է Հայաստանի Հանրապետության անվտանգության օրակարգին։

Գորդոն Ռեպինսկի - Դուք ցանկանո՞ւմ եք դառնալ ԵՄ անդամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հիմա մենք սպասում ենք Հայաստանը Եվրոպական Խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ ԵՄ որոշմանը։ Մենք նաև հույս ունենք սկսել վիզաների ազատականացման բանակցությունները, և անցած տարի ես Եվրոպական խորհրդարանում հայտարարեցի, որ Հայաստանը պատրաստ է լինել այնքան մոտ Եվրամիությանը, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ Սա է մեր դիրքորոշումը։

Գորդոն Ռեպինսկի - Հիմա փոխանցեմ լսարանից եկած հարցը, որը նույնպես Եվրոպայի հետ սերտանալու ձեր հնարավորությունների մասին է։ Կարո՞ղ եք մանրամասնել, թե ինչ նախաձեռնություններ է ձեռնարկում Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ինչպես ասել եմ, կոռուպցիայի դեմ պայքարում հսկայական առաջընթաց ունենք, բայց դժբախտաբար, մենք չենք կարող ասել, որ կոռուպցիան արմատախիլ ենք արել Հայաստանից։ Բայց ի՞նչ անել` շարունակել, լինել հաստատակամ, և լինել հաստատակամ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգում։ Սա է պատճառը, որ Եվրամիության հետ համագործակցությունը մեզ համար մեծագույն նշանակություն ունի, որովհետև Եվրամիությունն այսօր մեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի իրականացման հիմնական գործընկերն է։

Մենք հույս ունենք, որ Եվրամիությունը, ինչպես նաև ԱՄՆ-ն ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում կավելացնեն աջակցությունը Հայաստանին, որովհետև ինչպես ասել եմ, ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է։

Իմիջիայլոց, 2019-ին մենք ԱՄՆ-ի հետ սկսել ենք Ռազմավարական երկխոսություն, և այսօր մենք տեսնում ենք Եվրամիության հետ մեր համագործակցության ամրապնդում։ Ես նաև նշեցի, որ վերջերս եռակողմ հանդիպում ունեցանք ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի մասնակցությամբ, իմիջիայլոց, դա նախադեպը չունեցող ձևաչափ էր, որտեղ մենք ընդունեցինք մի հսկայական օրակարգ` ինստիտուցիոնալ և տնտեսական բարեփոխումների մասին։ Շատ կարևոր է նաև, որ մենք ավելի ու ավելի շոշափելի աջակցություն ստացանք ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի փախստականների հումանիտար կարիքները հասցեագրելու համար, ինչը նույնպես շատ կարևոր է, քանի որ այն շատ զգայուն և էմոցիոնալ հարց է մեզ համար։

Գորդոն Ռեպինսկի - Եվ վերջին հարցը։ Ո՞ր թվականին կուզենայիք, որպեսզի Հայաստանը դառնար ԵՄ անդամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այս տարի։

← Վերադառնալ