Մամլո հաղորդագրություններ
Կառավարությունը կհատկացնի 2,228,871.1 հազար դրամ 8 մարզում 26 սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար
ևս 10 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գործադիրը որոշում է կայացրել 2024 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 2,228,871.1 հազար ՀՀ դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ: Ըստ այդմ՝ ֆինանսական միջոցներ կհատկացվեն Հայաստանի Հանրապետության համայնքներին համապատասխան մարզպետի աշխատակազմի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա՝ հիմք ընդունելով տվյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով համայնքի և ընտրված մասնակցի հետ կնքված գնման պայմանագրի շրջանակում մարզպետի աշխատակազմ ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը։ Ընդ որում՝ ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին վճարումն իրականացվում է ծախսը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, պայմանագրով սահմանված գումարի այն տոկոսային հարաբերակցությամբ, ինչ տոկոսային հարաբերակցությամբ նշված է սուբվենցիայի պայմանագրում:
Մանրամասնելով՝ Տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ որոշմամբ առաջարկվում է վերոնշյալ գումարը հատկացնել 8 մարզերի 20 համայնքների՝ թվով 26 սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար: Ծրագրերից մեկը 2021 թվականի է, 7-ը՝ 2022 թվականի և 18-ը՝ 2023 թվականի: Արագածոտնի մարզին 2 ծրագրի համար առաջարկվում է վճարել 292 մլն դրամ, Արարատի մարզին 5 ծրագրի համար՝ 529 մլն դրամ, Արմավիրի մարզին 6 ծրագրի համար՝ 373 մլն, Գեղարքունիքի մարզին 1 ծրագրի համար՝ 57 մլն, Լոռու մարզին 5 ծրագր համար՝ 488 մլն, Կոտայքի մարզին 2 ծրագրի համար՝ 187 մլն, Շիրակի մարզին 4 ծրագրի համար՝ 246 մլն և Տավուշի մարզին 1 ծրագրի համար՝ 54 մլն: «Այս որոշումն ընդունելուց հետո, կառավարությունն արդեն մի շարք որոշումներով 12 մլրդ 306 մլն հատկացրած կլինի սուբվենցիոն ծրագրերին»,-հավելել է ՏԿԵ նախարարը:
Թեմայի համատեքստում վարչապետը թվարկել է մարզերում իրականացվող և արդեն իսկ ավարտված սուբվենցիոն մի շարք ծրագրեր: Ըստ այդմ՝ «Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Աշտարակ բնակավայրի թիվ 4 «Հասմիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ: Կատարված է աշխատանքների 68 տոկոսը: Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Միջնատուն, Կանիաշիր և Ճարճակիս բնակավայրերի ներբնակավայրային փողոցների սալիկապատում: Ավարտված են աշխատանքները: Արարատի մարզի Արարատ համայնքի Ավշար բնակավայրի ջրամատակարարման ցանցի կառուցում: 90 տոկոսն արված է: Արարատ համայնքի Ավշար բնակավայրի գազաֆիկացում: 70 տոկոսն արված է: Արարատ համայնքի Երազ բնակավայրում մարզադպրոցի կառուցում: 80 տոկոսն արված է: Մասիս համայնքի Մասիս, Դաշտավան, Սայաթ-Նովա բնակավայրերի փողոցների նորոգում, ասֆալտապատմամբ: 70 տոկոսն արված է: Արտաշատ համայնքի Դալար, Մրգավան բնակավայրերի փողոցների ասֆալտապատման աշխատանքներ: 80 տոկոսն արված է: Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքի Բաղրամյան բնակավայրի Սարիթաղի փողոցի սկզբնամասի և Սարի թաղի փողոցի վերջնամասի 905 գծամետր ընդհանուր երկարության ճանապարհի ասֆալտապատում: Աշխատանքներն ավարտված են: Բաղրամյան համայնքի Հուշակերտ բնակավայրի մանկապարտեզի ջեռուցման համակարգերի կառուցում: Աշխատանքներն ավարտված են: Արաքս համայնքի Ապագա բնակավայրի այգու կառուցապատում, Արաքս բնակավայրում Դրոյի փողոց 3 հասցեում գտնվող մանկապարտեզի բակի և մշակույթի տան հարակից այգու բարեկարգում: Աշխատանքներն ավարտված են: Արաքս համայնքի Գայ բնակավայրի մշակույթի տան 2-րդ հարկի վերանորոգում: Աշխատանքների 90 տոկոսն արված է: Մեծամոր համայնքի Գետաշեն, Նալբանդյան, Արգավանդ, Ամասիա բնակավայրերի խմելու ջրամատակարարման ցանցերի կառուցում: Աշխատանքի 95 տոկոսն արված է: Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Ծովազարդ, Լճափ, Հայրավանք, Սարուխան, Գանձակ և Ծաղկաշեն բնակավայրերում խաղահրապարակների և պուրակների կառուցում: Աշխատանքների 90 տոկոսն արված է: Լոռու մարզում Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի կոյուղու հիմնանորոգում: Աշխատանքներն ավարտված են: Ալավերդի համայնքի Աքորի, Ակներ, Ծաղկաշատ, Հաղպատ, Սանահին, Ջիլիզա և Կաճաճկուտ բնակավայրերի ոռոգման և խմելու ջրամատակարարման համակարգերի վերանորոգում և վերակառուցում: Աշխատանքներն ավարտված են: Գյուլագարակ համայնքի Կուրթան, Հոբարձի, Գյուլագարակ, Գարգառ, Պուշկինո և Վարդաբլուր բնակավայրերի փողոցային լուսավորության անցկացում: Աշխատանքներն ավարտված են: Սպիտակ համայնքի Սպիտակ բնակավայրում նոր ավտոկայանատեղիի կառուցում, Քարաձոր բնակավայրում ժամանցի կենտրոնին կից խոհանոցի կառուցում: Աշխատանքների 85 տոկոսն արված է: Ստեփանավան համայնքի Արմանիս, Ուրասար, Կաթնաղբյուր բնակավայրերի և Ստեփանավան քաղաքի 4-րդ միկրոշրջանի գազիֆիկացում: Աշխատանքներն ավարտական փուլում են: Կոտայքի մարզի Զովունի բնակավայրի 3305 գծամետր ճանապարհի ասֆալտապատում: Արված են աշխատանքները: Նաիրի համայնքի Զովունի բնակավայրի մանկապարտեզի նոր մասնաշենքի նոր դահլիճի կառուցման աշխատանքներ: Կատարված է աշխատանքների 70 տոկոսը: Շիրակի մարզ, Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրում մանկապարտեզի կառուցում: Աշխատանքներն ավարտված են: Արթիկ համայնքի Սարալանջ բնակավայրի ճանապարհների տուֆ քարով սալապատում: Աշխատանքներն ավարտական փուլում են: Գյումրու Մուշ-2 թաղամասի 7-1 հասցեի բազմաբնակարան բնակելի շենքի էներգաարդյունավետ արդիականացում: Աշխատանքներն ավարտական փուլում են: Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրի գազիֆիկացում: Աշխատանքներն արված են: Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի ճանապարհների և բակերի հիմնանորոգում և ասֆալտապատում: Կատարված է աշխատանքների 95 տոկոսը»:
Կառավարության ղեկավարը նաև հավելել է, որ հետագայում այս ծրագրերի իրականացման վայրեր այցելելիս նկատելի են կրկնվող պրոբլեմներ, որոնցից ամենամեծն այն է, որ շահագործման հանձնելուց հետո, հետագա սպասարկման մասին հոգ չի տարվում: «Օրինակ, խնդիր է լինում, երբ տեսնում ես, որ ոռոգման համակարգ չկա կամ տարածքի հետագա հարդարման և այլնի աշխատանքներ չեն արվում: Մենք այս այցերի ընթացքում ձեռք բերած տեղեկատվության հավաքագրումով սուբվենցիոն ծրագրերում պետք է համապատասխան փոփոխություններ և լրացումներ անենք, զարգացնենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Փոփոխություն կկատարվի հանրակրթության պետական չափորոշիչի կետում
Կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի n 439-ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին: Իրավական ակտում փոփոխություն կատարելը պայմանավորված է այն հանգամանքով, որ հանրակրթության պետական չափորոշչի ներդրման աշխատանքների շրջանակում պարզվել է, որ ուսումնական պլանի ձևավորման համար «ներառում է» ձևակերպումը բավարար հիմնավոր չէ ուսումնական պլանում անհրաժեշտ բոլոր առարկաները ներառելու համար: Մասնավորապես, չափորոշչի 33-րդ կետի շրջանակներում որոշ դպրոցներ ուսումնական պլանում չեն ներառել «Արվեստ և արհեստ» բնագավառի առարկաները, քանի որ չափորոշչով և ուսումնական պլանով սահմանված չէ բոլոր բնագավառների արտացոլումն ուսումնական պլանում, կամ դրա պարտադիր լինելը չի ընկալվում:
Չափորոշչի 33-րդ կետում խոսվում է Հայաստանի և հայ ժողովրդի պատմության մասին՝ որպես «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառի առարկա, սակայն առարկայի ներկայիս անվանումը չի ներառում կամ հստակ չի ներկայացնում պետականության գաղափարը, ուստի «Հայաստանի» բառն անհրաժեշտ է ամրագրել նաև 35-րդ կետում՝ առարկայի անվամբ շեշտադրելով պետականության, դրա կարևորման գաղափարը սովորողների մոտ ամրապնդելու, սերնդի մեջ պետականության ընկալումը սերմանելու նպատակով: «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելով «Հայաստանի պատմություն» անվամբ` առարկայի անվանումը կհամապատասխանեցվի չափորոշչի 33-րդ կետում արդեն իսկ առկա «Հայաստանի պատմություն» ձևակերպմանը: Պատմության ուսուցանումը առաջին հերթին պիտի միտված լինի ժամանակակից Հայաստանի՝ Հայաստանի Հանրապետության դիրքից պատմական իրադարձությունների վերլուծությանն ու ներկայացմանը։ Այսպիսով, պատմության ուսուցանման միջոցով Հայաստանի Հանրապետության գոյությունը կներկայացվի պատմական իրադարձությունների և գործընթացների տրամաբանական շղթայի ներքո՝ նախորդող շրջանում տարբեր ձևաչափերով հայկական պետության գոյության ժամանակահատվածներում շեշտադրելով պետության գաղափարի կարևորությունը և պետականության ներքին ավանդույթը, պետության չգոյության ժամանակահատվածներում շեշտադրելով նման պետության ձևավորմանը միտված հանրային քայլերն ու ջանքերը։ Միաժամանակ, Հայաստանից դուրս ձևավորված համայնքները կներկայացվեն պետության և պետականության գաղափարի և դրա ամրապնդմանն ուղղված ջանքերի տեսանկյունից՝ արժևորելով Սփյուռքում հայկական համայնքների ներուժը։
Չափորոշչի 33-րդ կետում կատարվող փոփոխությունը հնարավորություն կընձեռի ուսումնական պլանում ներառելու սահմանված բոլոր բնագավառները՝ համապատասխան առարկաներով: «Հայոց պատմություն» առարկայի անվանումը «Հայաստանի պատմություն» անվամբ փոխելով` առարկայի դասագրքի անվանումն արդեն իսկ սովորողի մոտ պարտավորություն և սկզբունքներ կարմատավորի պետականություն ունեցող երկրի քաղաքացի ձևավորվելու գործընթացում: Արդյունքում առարկայի անվանումը կբխի չափորոշչի 33-րդ կետում առկա ձևակերպումից: Առարկայի շրջանակում կուսումնասիրվեն հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները:
Արձագանքելով՝ վարչապետն ընդգծել է. «Ինչո՞ւ ենք այս որոշումը ընդունում, որովհետև մենք մեր ռազմավարության հիմքում և մեր քաղաքականությունների հիմքում դնում ենք պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը։ Մենք պետք է, ընդհանուր առմամբ, արձանագրենք, որ պետությունը բոլորովին ուրիշ մտածողություն է, պետությունը բոլորովին ուրիշ մշակույթ է, պետությունը բոլորովին ուրիշ հայեցակետ է։ Մենք պետք է ուժ ունենանք խոստովանելու և առերեսվելու, որ այդ մտածողությունը միշտ չէ և ամենուր չէ, որ հասանելի է մեզ հենց այսօր հենց այս դահլիճում տեղի ունեցող քննարկումներում և որոշումներում, պետական տարբեր ինստիտուտների գործունեության և այդ գործունեության արտահայտչամիջոցների համատեքստում: Եվ մենք պետք է մեր հանրային կյանքի կենտրոնում դնենք պետությունը։ Մենք, իմ գնահատմամբ, մի պրոցեսի մեջ ենք, որ հիմա փորձում ենք, ըստ էության, բարձրանալ դեպի պետական ընկալման աշտարակ, որտեղից աշխարհը և կյանքը երևում է բոլորովին այլ կերպ»։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին նշել է. «Քանի որ այս նախագիծը դարձել է մեր վերջին շրջանում ամենաշատ քննարկվող նախագծերից մեկը հանրային հարթակում, կուզեի ևս մեկ անգամ պարզաբանել հիմնական մտահոգությունը, որը դիտարկել եմ այդ քննարկումների ընթացքում: Դա այն է, որ որոշ շրջանակների մոտ կար տպավորություն, թե առարկան վերանվանելով՝ մենք բովանդակության իմաստով որևէ բան դուրս ենք թողնելու և օրինակ մեր երեխաներն այլևս չեն ուսումնասիրելու մեր պատմության ինչ-որ դրվագներ կամ կտորներ: Ուզում եմ ևս մեկ անգամ հստակ ասել, որ բովանդակային տեսանկյունից ամբողջ բովանդակությունը շարունակելու է մնալ կրթական ծրագրի մաս, և այս իմաստով՝ բովանդակության կտորների դուրս թողման մասին պնդումներն ուղղակի կապ չունեն իրականության հետ: Այն, ինչ փոխվում է՝ այդ դեպքերի, իրադարձությունների և իրողությունների ներկայացման ձևն է, վերագնահատումն է հենց այն մեթոդաբանության դիրքերից, որոնց մասին դուք խոսեցիք: Այսինքն՝ սա կուզեի ևս մեկ անգամ ասել, որպեսզի նման շահարկումները տեղի չունենան: Եվ երկրորդը, սա սկիզբն է, պարոն վարչապետ, սրան պետք է հետևի համապատասխան ուսումնական նյութերի, դասագրքերի վերանայման աշխատանքները, որպեսզի այս փոփոխությունը լինի ոչ թե պիտակի մասին, անվան մասին, այլ լինի նաև իրական բովանդակություն, որն էլ հետևելու է արդեն այս աշխատանքներին»:
Ստեղծվել են անհրաժեշտ իրավական հիմքեր ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման նպատակով
Կառավարությունը հավանություն է տվել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին», «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին», «Կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին», «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» և «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Ընտանիքների անապահովության գնահատման ներկայիս համակարգի հիմնախնդիրները կարգավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ և լրացումներ մի շարք օրենքներում, որոնց ընդունման պարագայում հնարավոր կլինի ամբողջությամբ վերանայել ընտանիքի անապահովության գնահատման հետ կապված իրավահարաբերությունները կանոնակարգող կառավարության որոշումները: Նախագծերի մշակմամբ գործարկվելու է ընտանիքի նոր գնահատման համակարգ, վերանայվելու են գնահատման բնութագրիչները, հստակեցվելու են ընտանիքի կենսապայմանների բարձրացմանն ուղղված նպաստների նշանակման և վճարման ընթացակարգերը, ներդրվելու են աղքատության փուլային հաղթահարման մոդելներ։ Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքեր ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման նպատակով։
Կառավարության ղեկավարն արձագանքելով՝ նշել է, որ բավականին բարդ և ծավալուն թեմա է, բայց հետևյալ արձանագրումն է կատարվում, որ ընտանիքին՝ կախված անդամների թվից և կարգավիճակից (կարող են լինել անչափահաս, թոշակառու, հաշմանդամություն ունեցող անձ) կենսապահովման համար հարկավոր է այսքան գումար։ «Հաջորդիվ՝ մենք առանձնացնում ենք, որ ընտանիքում կա աշխատունակ մարդ, մեր քաղաքականությունն է, որ աշխատունակ մարդը պետք է աշխատի։ Ես ուզում եմ նորից արձանագրեմ, որ դա, կներեք, անընդունելի մտածողություն է, որ աշխատունակ մարդուն ինչ-որ մեկը պետք է օգնի, այսինքն՝ հումանիտար օգնություն տա։ Սա, կներեք, աբսուրդ է, սա էլ է ապապետական մտածողություն՝ աշխատունակ մարդը պետք է աշխատի։ Որտեղ աշխատի, ոնց աշխատի՝ սա երկրորդ թեման է: Եվ դրա համար մենք համակարգում ներդնում ենք հետևյալը, որ առաջինը՝ աշխատունակ մարդը, ով անապահով ընտանիքի ներկայացուցիչ է, պետք է գրանցվի որպես աշխատանք փնտրող, որպեսզի մեր աշխատանքի համակարգն իրեն տեսնի և պատեհ առիթով առաջարկի աշխատանք։ Համակարգի հաջորդ նորամուծությունն այն է, որ աշխատանք ստանալու պահին և հետագա ամիսներին նա չի զրկվելու այս սոցիալական աջակցությունից»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Օրենքով սահմանված լիազորություններն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով խրախուսում կտրվի հարկադիր կատարողին
Կառավարությունը հավանություն է տվել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Ներկայումս հարկադիր կատարողի վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով՝ 9-րդ հավելվածով (նվազագույն գործակիցը՝ 1,68՝ տեսուչի 1-ին մակարդակի աշխատավարձի համար և առավելագույն գործակիցը՝ 6.49՝ Կենտրոնական մարմնի բաժնի պետի 11-րդ մակարդակի աշխատավարձի համար): ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշմամբ հաստատված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարության շրջանակներում արդյունաքահեն համակարգի վրա հիմնված պարգևատրման 2022 թվականի սեպտեմբերից Ծառայությունից գործարկված պիլոտային ծրագիրը հաջողվել է, որի արդյունքում Ծառայության կատարողականի դրական ցուցանիշը զգալի աճ է գրանցել: Արդյունքում պարգևատրման հավելյալ ֆինանսական միջոցների ներգրավման կառուցակարգը օրենսդրորեն ամրագրելու անհրաժեշտություն է առաջացել:
Որոշման ընդունմամբ հնարավոր կլինի խրախուսել հարկադիր կատարողին՝ օրենքով սահմանված լիազորություններն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:
Կկատարելագործվի սոցիալական աջակցության ոլորտի իրավական դաշտը
Գործադիրի որոշմամբ, սոցիալական աջակցության ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով մշակվել է «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի նախագիծը և դրանից բխող մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը՝ նպատակ հետապնդելով կատարելագործել սոցիալական աջակցության ոլորտը կարգավորող իրավական դաշտը: Նախագծերը մշակվել են բնակչության կենսամակարդակի և սոցիալական վիճակի բարելավման և նրանց մատուցվող սոցիալական ծառայությունների պրոֆեսիոնալիզացիայի և որակի բարձրացման նպատակով՝ համապատասխանացնելով այդ նպատակի համար հարակից ոլորտները նույնպես:
Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել սոցիալական աջակցության ոլորտի իրավական դաշտը, կարգավորել որոշակի հարաբերություններ, որոնք կարգավորված չեն, իսկ որոշակի կարգավորված հարաբերություններում կատարել փոփոխություններ։ Որոշման ընդունման դեպքում կհստակեցվեն «Սոցիալական աջակցության մասին» օրենքի առարկան, սոցիալական աջակցության ոլորտի դերակատարների լիազորությունները, կբարելավվի ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը, կսահմանվեն նոր սոցիալական ծառայությունների տեսակներ, կբարելավվեն արդեն իսկ տրամադրվող սոցիալական ծառայությունների տրամադրման հետ կապված իրավակարգավորումները, կկարգավորվեն հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում սոցիալական աջակցության տրամադրման հետ կապված առանձնահատկությունները, կսահմանվեն սոցիալական աշխատողների հիմնական գործառույթները, կվերանայվեն նրանց իրավունքները և պարտականությունները, կսահմանեն նրանց գործունեության երաշխիքները, կսահմանվեն սոցիալական աշխատողների և սոցիալական սատարողի համար նոր պահանջներ, կպահանջվի ոչ դրամական սոցիալական ծառայությունների որակի չափորոշիչների և դրանց նկատմամբ, ինչպես նաև սոցիալական աջակցության ոլորտի բոլոր ծառայությունների նկատմամբ վերահսկողության, մշտադիտարկման և գնահատման կարգերի սահմանումը և այլն: Նախագծերի ընդունման դեպքում անհրաժեշտ կլինի կատարել մի շարք ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ, ինչպես նաև՝ ընդունել նորերը։ Արդյունքում իրավակարգավորումները թույլ կտան, որպեսզի սոցիալական աջակցության ոլորտում ավելանան մասնավոր դերակատարները, ոլորտը դառնա ավելի ճկուն արձագանքող, միաժամանակ դիմակայուն և զարգացած։
Կհստակեցվի մաքսային մարմինների անունից մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննելու և որոշում կայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը
Գործադիրը հավանություն է տվել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը կայանում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մաքսային մարմինների անունից մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննելու և որոշում կայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակի ընդլայնումը և նրանց միջև ըստ անհրաժեշտության վարչական վարույթների փոխանցման առանձնահատկությունը սահմանելը, էլեկտրոնային ծանուցման եղանակի սահմանումը։
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի մաքսային մարմինների անունից մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննելու և որոշում կայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը, ինչպես նաև կկանոնակարգվի մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով ծանուցումների հետ կապված հարաբերությունները։
Կբարձրացվի Հայաստանի տարանցիկ դերը և կխորանա համագործակցությունը Իրանի հետ բեռնափոխադրումների ոլորտում
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարանցիկ դերի բարձրացման և Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումների ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությամբ։
Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել դեպի երրորդ երկիր Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցման, ինչպես նաև առանց տարանցման Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու նպատակներով բեռնատար տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ճանապարհային հարկ վճարողների նկատմամբ արտոնություն սահմանելու հնարավորություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ բեռնատար տրանսպորտային միջոցի գրանցման (հաշվառման) երկրին, տեսակին, քանակին և արտոնության չափին համապատասխան և ճանապարհային հարկի արտոնություններից օգտվելու համար հավաստող փաստաթղթեր ներկայացնելու պահանջ։
Կկարգավորվի ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից վերահսկողության իրականացման նպատակով իրականացվող նմուշառման գործընթացը
Գործադիրը որոշում է կայացրել Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով նմուշառման, ինչպես նաև փորձանմուշների գնման ֆինանսավորման և գնված արտադրանքի տնօրինման կարգը սահմանելու մասին: Որոշմամբ առաջարկվում է սահմանել տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով նմուշառման, ինչպես նաև փորձանմուշների գնման ֆինանսավորման և գնված արտադրանքի տնօրինման կարգը։
Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը: Միաժամանակ որոշման ընդունման արդյունքում, կկարգավորվի ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով իրականացվող նմուշառման գործընթացը։
Կկարգավորվեն հանրակրթության ոլորտում առկա իրավահարաբերությունները
Կառավարությունը հավանություն է տվել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են հաստատության տնօրենի հավակնորդին տրվող հավաստագրի գործողության ժամկետի, դրանով պայմանավորված կարգավորումների հստակեցման, ինչպես նաև ուսուցչի մասնագիտական զարգացմանն ուղղված՝ հերթական և կամավոր ատեստավորումների գործընթացների արդյունքում կառավարության որոշումներով սահմանված դեպքերում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքերի տարանջատման, օրենքում որոշ հասկացություններ, լիազորող նորմերի ձևակերպումներ ու դրույթներ վերանայելու անհրաժեշտությամբ:
Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները թույլ կտան հստակեցնել ոլորտում առկա իրավահարաբերությունները, կարգավորել տնօրենի հավաստագրի կասեցման դեպքերի հավասարաչափ ազդեցության հնարավորությունը: Ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ու վարձատրության բարձրացմանն ուղղված՝ հերթական և կամավոր ատեստավորումների արդյունքում չատեստավորված մասնագետների հետ պայմանագրի լուծման մասով դրույթների հստակ տարանջատման արդյունքում այլևս այդ երկու ատեստավորումները միաժամանակ չեն դիտարկվի, այլ առանձին կետերով կկարգավորվեն՝ կիրառողների և շահառուների համար հստակ և հասկանալի դարձնելով հնարավոր հետևանքների մասին դրույթները: Ուսուցչի մոտ մասնագիտական զարգացման գնահատված կարիքը առարկայական գիտելիքի իմացությունը լինելու դեպքում ուսուցիչը նույն տարում պարդադիր մասնակցելու է պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող համապատասխան բովանդակությամբ վերապատրաստման, որից հետո՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ կամավոր ատեստավորմանը: Կսահմանվի ուսումնական հաստատություններում վարչատնտեսական կառավարման անցնելու մեկնարկային ժամկետ, որի արդյունքում տնօրենի թափուր տեղ առաջանալու պահից սկսած՝ նշանակված գործադիր մարմինների կամ ժամանակավոր պաշտոնակատարների համար հետագա անելիքները հստակ պլանավորելու և իրականացնելու հնարավորություն կընձեռվի: Հավաստագրի գործողության ժամկետը կհստակեցվի՝ նշանակված գործող տնօրենների համար դարձնելով այն անժամկետ նաև այն դեպքում, երբ ատեստավորման արդյունքում պայմանագրի ժամկետը երկարաձգվել է, իսկ նոր մրցույթին մասնակցող անձի համար առնվազն 5 տարի առաջ հավաստագրված լինելու մասին կարգավորում կսահմանվի: Օրենքի լրամշակման արդյունքում հնարավոր կլինի հավաստագրման դիմած անձանց համար կիրառելի դարձնել 12-րդ հոդվածի 21-րդ մասով սահմանված սահմանափակումները՝ գործող պրակտիկայում հանդիպող դեպքերում լրացուցիչ ռեսուրսներ խնայելու տեսանկյունից: Հանրակրթության բովանդակության փոփոխությունները կլինի առավել արդյունավետ իրականացնել՝ հնարավորինս զերծ մնալով հակասություններից և անհամապատասխանություններից: