ևս 2 լուսանկար
Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը վերաբերող հարցեր: Նշելով, որ ՀՀ կառավարությունը կարեւորում է մեր երկրում ֆուտբոլի եւ ընդհանրապես առողջ ապրելակերպի զարգացումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետությունն այդ նպատակով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ աշխատանքներ է տանում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ:
Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանի ու Վրաստանի ֆեդերացիաները որոշել են դիմել ՖԻՖԱ՝ 2029 թվականին անցկացվելիք Աշխարհի երիտասարդական առաջնությունը համատեղ ուժերով անցկացնելու նպատակով: Վարչապետը հույս է հայտնել, որ համատեղ հայտը կբավարարվի եւ հավելել, որ ակնկալվում է նաեւ ՈւԵՖԱ-ի աջակցությունն այդ հարցում:
Ալեքսանդր Չեֆերինը նշել է, որ ՈՒԵՖԱ-ն սերտորեն համագործակցում է ՀՖՖ-ի հետ՝ ի նպաստ մեր երկրում ֆուտբոլի զարգացման ու առաջընթացի: Նա համոզմունք է հայտնել, որ ՀՀ կառավարության ենթակառուցվածքների բարելավման քայլերը եւս նոր ազդակ կհաղորդեն երկրում այս մարզաձեւի առաջընթացին: Ալեքսանդր Չեֆերինը հավելել է, որ ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է Հայաստանի եւ Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությյունն անցկացնելու համատեղ հայտին:
Մտքեր են փոխանակվել նաեւ Գերմանիայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության շուրջ: