Մամլո հաղորդագրություններ

Որոշ հիվանդությունների դեպքում զինակոչիկները կարող են ճանաչվել սահմանափակումով պիտանի. Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում

19.12.2024

ևս 18 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության որոշմամբ կհստակեցվեն զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում, դրանց նկարագրություններում և հակացուցված զինվորական ծառայության պայմաններում որոշակի հիվանդությունների արտահայտման, հետազոտման և փորձաքննության, դրանց արդյունքներով պիտանիության աստիճանի ու հակացուցումների շրջանակի որոշման հետ կապված հարաբերությունները: Նախատեսվում է քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները մեկ անգամ տրված տարկետման ժամկետի ավարտից և առողջական վիճակի վատթարացում չարձանագրվելուց հետո ճանաչել զինծառայության համար սահմանափակումով պիտանի, ինչպես նաև հստակեցնել այդպիսի առողջական վիճակին հակացուցված զինծառայության պայմանները և մի շարք հիվանդությունների նկարագրությունները:

Ինչպես նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ զինակոչիկին որոշ հիվանդությունների նախանշանների պարագայում տրվում է 1 տարով տարկետում, և ենթադրվում է, որ դիտարկման ընթացքում պիտի տեսանելի դառնա, թե արդյոք տվյալ զինակոչիկի հիվանդությունը զարգանո՞ւմ է, բարդանո՞ւմ է, որը կտանի ազատմա՞ն, թե՞ ոչ: «Իհարկե, լինում են նաև հիվանդություններ, որոնք հնարավոր է այդ մեկ տարվա ընթացքում բժշկական միջամտության միջոցով չեզոքացնել: Սակայն փորձը ցույց է տալիս, որ հանրության շրջանում չկա այդ շահագրգռվածությունը՝ բժշկական միջամտության միջոցով առողջությունը վերականգնելու ուղղությամբ աշխատանք կատարելը, և, իհարկե, սա բերում է նրան, որ 1 տարվա տարկետումը դառնում է ևս մեկ տարվա: Մեր գնահատմամբ՝ սա մի յուրօրինակ սողանցք է զինծառայությունից խուսափելու համար: Դրանից ելնելով՝ այս փոփոխությունով վերականգնում ենք նաև արդարությունը և հնարավորություն չենք ընձեռում տարաբնույթ միջոցներով և ձևերով զինծառայությունից խուսափելը, այսպես ասած, «խրախուսելը»»,- ասել է նախարարը:

Սուրեն Պապիկյանը նշել է մի իրավիճակ ևս, որ կապված է լեղապարկի հիվանդության հետ. «Սպաների մի զգալի հատված տարիքի բերումով ունենում է լեղապարկի խնդիր: Սպաները, որոնք ուզում են ծառայել, ստիպված են լինում այս հիվանդության բերումով հաճախ ընդհատել զինծառայությունը, որովհետև համարվում են ոչ պիտանի ծառայության համար: Առաջարկում ենք՝ այս հիվանդությունը նույնպես սահմանափակումով ծառայելու հնարավորություն ընձեռի: Շատ սպաներ հնարավորություն կունենան ոչ միայն ծառայելու, այլև հետագայում ատեստավորվելու և բնականոն իրենց ծառայությունը շարունակելու»:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ վերջերս ԱԽ նիստին քննարկվել և հավանություն է տրվել բանակի կերպափոխման հայեցակարգին: Վարչապետն ընդգծել է՝ պետք է կերպափոխվի ոչ միայն բանակը, այլև հանրության վերաբերմունքը բանակի նկատմամբ. «Չնայած թվում է, թե ավելի լավ վերաբերմունք ինչպես կարելի է ունենալ բանակի նկատմամբ, քան մենք ընդհանրապես ունենք, բայց սա այն դեպքն է, երբ մեր խոսույթն իրականությունից, ցավոք, շատ դեպքերում կտրված է և տարբերակված: Կարծում եմ, որ բանակի ընկալումն ընդհանուր առմամբ շատ կողմերով և շատ տեղերով պետք է կերպափոխվի, այդ թվում՝ բանակի ֆունկցիոնալ նշանակության առումով, և բանակը պետք է հստակ մեր քաղաքական և ռազմավարական ընկալումների շրջանակում տեղավորվի, այդ թվում՝ տարածաշրջանային իրադրության, այդ թվում՝ խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ»:

Վարչապետը վերահաստատել է՝ Հայաստանի Հանրապետության միակ խնդիրն իր միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պահպանումն է։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև բանակում ծառայության համակարգի բարեփոխման և երիտասարդների շրջանում առողջապահական խնդիրների դեմ պայքարի անհրաժեշտության մասին հարցին: Վարչապետը նշել է, որ զորակոչի տարիքի երիտասարդների մեծ մասը չի զորակոչվում բանակ՝ հիմնականում առողջական խնդիրների պատճառաբանությամբ։ «Այստեղ մենք կարող ենք երկու հնարավոր հետևության գալ՝ կամ մենք համատարած և համընդհանուր առողջական պրոբլեմներ ունենք մեր սերնդի, որը մեր պետական անվտանգության լրջագույն մարտահրավեր է կամ, մյուս կողմից մենք ունենք համատարած, այսպես ասենք՝ իրադրությունների և օրենքով ընձեռնված հնարավորությունների չարաշահման հետ»,- ասել է երկրի ղեկավարը:

Վարչապետի դիտարկմամբ՝ առողջապահական իմաստով առկա խնդիրը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների և մշակույթի պակասն է, երիտասարդության շրջանում ծխախոտի և ալկոհոլի լայն կիրառումը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ սա լուրջ մարտահրավեր է, որի կառավարման համար Կառավարությունն արդյունավետ միջոցը դեռևս չի գտել. «Բայց կարծում եմ՝ միակ միջոցն արդյունավետ դա հետևողականությունն է, որ մենք անընդհատ աշխատենք: Բայց մյուս կողմից՝ մենք ունենք այս խնդիրը, ժամկետային զինծառայությունից ազատվելու հարցը՝ կապված առողջական խնդիրների հետ: Ընդ որում, այստեղ մի հատ ուրիշ օբյեկտիվ հանգամանք էլ կա: Դա մեր բժշկական տեխնիկայի զարգացվածությունն է, այդ թվում՝ Կառավարության աջակցությամբ, որովհետև այսօր բազմաթիվ բժշկական կենտրոններ, այդ թվում՝ տնտեսության արդիականացման ծրագրով, որը մենք լիզինգի ծրագիր ենք անվանում, հնարավորություններից օգտվելով գերժամանակակից սարքավորումներ են ձեռք բերում: Կան ինչ-որ իրավիճակներ, երբ, օրինակ՝ 10 տարի առաջ հնարավոր չէր Հայաստանում ախտորոշել, հիմա ամենափոքր և աննշան բանն ախտորոշվում է, և դա դառնում է ելման կետ հետագայում, այդ թվում՝ զինծառայությունից ազատվելու համար»:

Երկրի ղեկավարն ընդգծել է նաև բանակում ծառայության ընկալման փոփոխության անհրաժեշտությունը: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բանակում ծառայությունը չի սահմանափակվում միայն խոշոր տրամաչափի զենքերի կիրառմամբ. «Բանակը շատ մեծ օրգանիզմ է և այնտեղ ամենատարաբնույթ, բազմաբնույթ, ընդհուպ գրասենյակային ծառայություններ կան: Հետևաբար, մենք պետք է այս վերաբերմունքը նույնպես վերանայենք, և պարտադիր չէ, որ բոլոր հիվանդությունները լինեն սահմանափակում բանակում ծառայելու համար: Կարող են լինել սահմանափակումներ բանակում ծառայության բնույթի համար՝ ելնելով այդ հիվանդության պայմաններում այդ ծառայությունն արդյունավետ կատարելու օբյեկտիվ հնարավորությունից: Բայց այստեղ էլ մենք պետք է վերանայումներ անենք, և կարծում եմ, որ մենք քայլ-քայլ պետք է գնանք այդ ճանապարհով: Եվ այս որոշումն այդ մեր քայլերից մեկն է, բայց ընդամենը մեկը: Սա ամբողջը չէ: Մենք մեր քննարկումներում եկել ենք այն եզրակացության, որ շրջահայաց, հիմնավորված, բայց քայլ-քայլ մենք պետք է գնանք այդ ճանապարհով: Եվ պետք է ուղիղ ասել՝ Հայաստանում բանակում ժամկետային զինծառայության սահմանափակումները պետք է բերվեն նվազագույնի»:

Կառավարությունը պետբյուջեից ուբվենցիոն ծրագրերի համար 2024 թ. հատկացրել է 31,8 մլրդ դրամ

Կառավարությունն ընդունել է որոշում՝ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 2 մլրդ 954 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ: Ըստ այդմ՝ նախատեսվում է համաֆինանսավորել 28 համայնքների 46 ծրագրեր: Արագածոտնի մարզին կհատկացվի 133,2 մլն դրամ, Արմավիրի մարզ՝ 237 մլն դրամ, Գեղարքունիքի մարզին՝ 519,7 մլն դրամ, Լոռին՝ 515 մլն դրամ, Կոտայքին՝ 71,9 մլն դրամ, Շիրակին՝ 204,9 մլն դրամ, Սյունիքին՝ 699,2 մլն դրամ, Վայոց ձորին՝ 224,1 մլն դրամ, Տավուշի մարզին՝ 349,5 մլն դրամ:

ՏԿԵ նախարար Դավիթ Խութադյանը նշել է. «Այս որոշումով արդեն 2024 թվականի պետբյուջեից կունենանք 31,8 մլրդ դրամի չափով համաֆինանսավորում սուբվենցիոն ծրագրերի համար, որը նախորդ տարվա ցուցանիշից 1,5 մլրդ դրամով ավելի է»:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ստացվում է, որ մարզերում միայն սուբվենցիոն ծրագրերով մոտավորապես 130-140 մլն դոլարի ներդրում ենք անում 1 տարվա ընթացքում: Ըստ էության, կարող ենք ասել, որ այս ներդրումներն արվում են առաջին հերթին Կառավարության և նաև համայնքների կողմից, բայց եկեք չմոռանանք, որ համայնքների բյուջեների մի զգալի մասը նույնպես ձևավորվում է պետական բյուջեից հատկացված միջոցներով: Սա ամենաարդյունավետ գործիքներից մեկն է, որ տարածքային համաչափ զարգացման ուղղությամբ կոնկրետ քայլեր ենք անում»:

Վարչապետն անդրադարձել է նաև ծառայողական մեքենաներին՝ ուղերձ հղելով բոլոր համայնքների ղեկավարներին. «Մեր բոլոր համայնքների ղեկավարներին այդ ուղերձները պետք է հստակ տալ, որ, մասնավորապես, ծառայողական ավտոմեքենաների գծով այն որոշումը, որ կայացրել ենք, շարունակում է մնալ ուժի մեջ: Եվ այն սկզբունքը, որը ես առաջադրել եմ՝ բոլոր համայնքներում պետք է կիրառվի. բոլոր համայնքներում՝ առանց բացառության: Իհարկե, այն համայնքները, որոնք չեն ուզենա կիրառել, դրան համապատասխան հետևանք կհետևի: Այսինքն՝ սուբվենցիոն ծրագրերի և այլ ծրագրերի սահմանափակումներ կլինեն: Այդ պարագայում համայնքները և ղեկավարները թող բնակիչների հետ պարզաբանեն այդ հարցը, թե որն է ավելի մեծ և կարևոր առաջնահերթություն: Իհարկե, հույս ունեմ, համոզված եմ, որ համայնքների և ղեկավարների առնվազն մեծամասնությունն այդ ճանապարհով կգնա, և շնորհակալ կլինեմ դրա համար»:

Երկրի ղեկավարը բարերար-գործարարների ուշադրությունը հրավիրել է նաև այն փաստի վրա, որ նրանք սուբվենցիոն ծրագրերին մասնակցելու հնարավորություն ունեն։ «Այսինքն՝ շատ դեպքերում կարող են ֆինանսական աջակցություն տրամադրել համայնքին, և համայնքն իր բյուջեով մասնակցի երկկողմ սուբվենցիային՝ Կառավարություն և համայնք։ Բայց կարող է լինել նաև եռակողմ սուբվենցիա՝ մասնակցի համայնքը, անհատը կամ այլ կազմակերպություն և Կառավարությունը։ Սա շատ կարևոր է: Սա էլ է կուլտուրայի հարց, երբ տեսնում ենք, որ մարդիկ ուզում են համայնքի համար ինչ-որ բան անել»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ երբեմն անարդյունավետ ծախսեր են արվում, որի արդյունքում համայնքի կյանքում ոչ մի բան չի փոխվում։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է այդ ներուժը բովանդակային առումով փոփոխելու անհրաժեշտությունը. «Այն ուղղությամբ պետք է տանենք, որ այդ թվում անհատների միջոցներն ուղղվեն երկրի, համայնքի զարգացմանը, բարեգործության տրամաբանությունից պետք է դուրս գալ»:

Վարչապետի դիտարկմամբ՝ պետք է այնպիսի օրենք ընդունել, որ ՀՀ-ն դադարի second hand ապրանքների արտահանման հիմնական ուղղություն դառնալ, ինչն անթույլատրելի է և ուղիղ հակասում է այն տրամաբանությանը և գաղափարախոսությանը, որն իրագործվում է: «Ես դեմ եմ բոլոր նման դեպքերում որևէ կարգի օգնություն, աջակցություն ստանալուն: Նույնիսկ, եթե եկել է ՀՀ, մաքսատանը կանգնած է, ոչինչ, թող մաքսատնից հետ տան: Աշխարհում այնքան երկրներ կան, որ դրա կարիքն ունեն, և իրենց համար խնդիր չէ այդ օգտագործած, մաշած, կիսափչացած ապրանքներն ընդունել: Ով դրա կարիքն ունի, թող ուղարկեն այնտեղ: ՀՀ չմտնի՛, ընդհանրապես չմտնի՛ որևէ այդպիսի ապրանք: ՊԵԿ-ին, այդ թվում հրապարակային ասում եմ, նման դեպքեր չլինեն, կամ եթե առանձնահատուկ դեպքեր կան, ինձ անպայման դրա մասին պետք է զեկուցել», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Թեմայի առնչությամբ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ վարչապետի հանձնարարականից հետո այդ հարցում հետևողական են եղել, և դրանից հետո մարդասիրական հանձնաժողովը նման որոշումներ չի կայացնում: «Եղել են տարբեր համայնքներից դիմումներ, որ փաստն արդեն կայացած է եկել, բեռն արդեն հասել է, բայց խնդրել ենք վերադարձնել, որովհետև մենք նման ձևով որոշում տարուց ավելի է, որ չունենք»,- ասել է փոխվարչապետը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ հարցը պետք է ճիշտ հասկանալ՝ բարեգործությանը դեմ չէ ասվածը, այլ բարեգործության այն ընկալմանն է դեմ, որը երկար ժամանակ նաև օբյեկտիվ պատճառներով գործել է Հայաստանում: «Եղել են ժամանակներ, որ ՀՀ-ի համար դա կարևոր է եղել: Եվ ես ուզում եմ Կառավարության ու ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք պահանջված ապրանքները, սնունդն ուղարկել են Հայաստան: Բայց, կարծում եմ, որ մենք այդ էջը պետք է փակված համարենք: Բարեգործության մասին նոր օրենք պետք է ընդունենք, որտեղ շատ հստակ և խիստ տրամաբանություն կլինի, և բարեգործություն ասածը մեր երկրում պետք է ունենա այն իմաստը, ինչ առաջավոր և զարգացած երկրներում է»:

Հաջորդիվ վարչապետը թվարկել է այն սուբվենցիոն ծրագրերը, որոնց համաֆինանսավորման համար Կառավարությունը գումար է հատկացրել: Այդ ծրագրերն են՝ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Աշտարակ, Ավան, Բյուրական, Լեռնարոտ, Ոսկեվազ և Ուջան բնակավայրերի փողոցների հիմնանորոգում, տուֆ քարով սալապատում (ավարտված), Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արաքս բնակավայրի մշակույթի տան 2-րդ հարկի վերանորոգում (ավարտված), Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակի կառուցման, Արաքս բնակավայրի Դեմիրճյան և Դրոյի փողոցների, Մեծամոր բնակավայրի Սարյան և Աբովյան փողոցների գազիֆիկացում (կատարված է շինարարական աշխատանքների 75 %), Խոյ համայնքի Արագած բնակավայրի մշակույթի տան 2-րդ և 3-րդ հարկերի վերանորոգում և ջեռուցում (կատարված է շինարարական աշխատանքների 97 %-ը), Հովտամեջ բնակավայրի ներտնտեսային ոռոգման ջրագծերի վերակառուցում (ավարտված), Մեծամոր համայնքի Նոր Արմավիր բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում (աշխատանքների՝ 75 %), Տարոնիկ բնակավայրի մանկապարտեզի շենքի հարակից տարածքի բարեկարգում (ավարտված), Նորապատ բնակավայրի 2-րդ, 9-րդ փողոցների և 9-րդ փողոցի 1-ին նրբանցքի ջրագծերի փոխարինում (ավարտված), Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Զովաբեր, Գագարին, Գեղամավան, Չկալովկա և Նորաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգում (ավարտված), Վարդենիս համայնքի Փոքր Մասրիկ և Նորաբակ բնակավայրերում ոռոգման ջրագծերի կառուցում կամ վերակառուցում (ավարտված), Մարտունի համայնքի Արծվանիստ, Վարդենիկ, Զոլաքար, Վաղաշեն, Երանոս և Վարդաձոր բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցում (90%), Ճամբարակ համայնքի 3-րդ մանկապարտեզի մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքներ (97 %), Լոռու մարզ՝ Վանաձոր համայնքի Վանաձոր բնակավայրի թիվ 8 տնակային մանկապարտեզի շենքի կառուցում /2-րդ փուլ/ (85 %), Ալավերդի համայնքի Նեղոց և Ախթալա բնակավայրերի կենտրոնական խաղահրապարակների, Ճոճկան բնակավայրում Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հուշարձանի տարածքի վերակառուցում (ավարտված), Ճոճկան բնակավայրի «Բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում (ավարտված), Օձուն և Հագվի բնակավայրերի ճանապարհների կապիտալ վերանորոգում ասֆալտապատմամբ (ավարտված), Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի զբոսայգու բարեկարգում, կանաչապատում, մանկական խաղահրապարակի ստեղծում (ավարտված), Գյուլագարակ համայնքի Գարգառ բնակավայրի ՕԿՋ-ի և ներքին ցանցի կառուցում (80%), Սպիտակ համայնքի Լուսաղբյուր բնակավայրի ճանապարհների ասֆալտապատում և սելավատարների գաբիոնով կառուցում (ավարտված), Մեծ Պարնի բնակավայրի մշակույթի տան ներքին հարդարում (ավարտված), Լերմոնտովո համայնքի Անտառաշեն բնակավայրի գազիֆիկացում (ավարտված, Կոտայքի մարզ՝ Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր բնակավայրի Մհեր Մկրտչյան և Չարենցի փողոցների հենապատերի վերակառուցման աշխատանքներ (ավարտված), Հրազդան համայնքի տարածքում մայթերի նոր եզրաքարերի կառուցման աշխատանքներ (ավարտված), Շիրակի մարզ՝ Գյումրի համայնքի թվով 9 մանկապարտեզների վերանորոգում /Փարոս, Ձյունիկ, Լապտերիկ, Անի պարտեզ, Կարմիր գլխարկ, Հենզել-Գրետել, Երազանք, Արձագանք և Հուսո Առագաստ մանկապարտեզներ/ (ավարտական փուլ), Ախուրյան համայնքի Հովիտ բնակավայրի ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքներ (ավարտված), Աշոցք համայնքի Թավշուտ բնակավայրում ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ (ավարտված), Աշոցք համայնքի Բավրա, Զույգաղբյուր, Ղազանչի և Կարմրավան բնակավայրերի բնական գազի ներքին ցանցի կառուցում (ավարտված), Ամասիա համայնքի Բերդաշեն բնակավայրի խմելու ջրագծի վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ (ավարտված), Սյունիքի մարզ՝ Տեղ համայնքի Տեղ բնակավայրի ոռոգման ներտնտեսային ցանցի կառուցում (ավարտված), Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի ջրամատակարարում (ավարտված), Կապան համայնքի «Կապանի թիվ 2 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում և տարածքի բարեկարգում (65 %), Կապանի համայնքապետարանի մասնաշենքի ուժեղացում, վերակառուցում և նոր մասնաշենքի կառուցում (70 %), Սզնակ բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավում ( 75 %), Վայոց ձորի մարզ՝ Ջերմուկ համայնքի Գնդեվազ համայնքի խմելու ջրի ակունքի և խմելու ջրի ջրագծերի հիմնանորոգում (ավարտված), Գնդեվազ գյուղի ոռոգման ցանցի ընդլայնում (ավարտական փուլ), Արենի համայնքի Ագարակաձոր, Խաչիկ և Ռինդ բնակավայրերում ոռոգման արտաքին և ներքին ցանցերի կառուցում (ավարտված), Չիվա բնակավայրում ջրաղբյուրի կապտաժի ու ջրագծի հիմնանորոգում և կոյուղու մաքրման կայանի կառուցում (ավարտված), Ագարակաձոր, Ելփին, Չիվա բնակավայրերում փողոցների լուսավորման համակարգերի կառուցում (ավարտված), Տավուշի մարզ՝ Նոյեմբերյան համայնքի Կողբ, Պտղավան, Դեղձավան բնակավայրերի փողոցների ասֆալտապատում (90 %), Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի մանկապարտեզի բակի բարեկարգում (95 %), Դիլիջան համայնքի Դիլիջան բնակավայրի Մյասնիկյան- Սայաթ Նովա- Աղստև հատվածի սելավատարի կառուցում (70%), Դիլիջան բնակավայրի Մյասնիկյան 84, Գետափնյա 74, Օրջոնոկիձե 77 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում (ավարտված), Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի ճանապարհների հիմնանորոգում, ասֆալտապատում (95 %), Իջևան բնակավայրի Մետաղագործների փողոցի 9 հարկանիներից դեպի սեփական տներ տանող ճանապարհի հիմնանորոգում և սալարկում տուֆ քարով (99 %), Բերդ համայնքի Բերդ բնակավայրի թիվ 2, Տավուշ, Չորաթան, Պառավաքար, Չինչին, Վ․Կ․Աղբյուր, Արծվաբերդ, Այգեձոր, Այգեպար, Մովսես բնակավայրերի մանկապարտեզների շենքերի վերանորոգում (98%), Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրի փողոցի տուֆապատում (70 %):

Դավիթ Առուշանյանը նշանակվել է Շիրակի մարզպետ

Կառավարության որոշմամբ Մուշեղ Մուրադյանը ազատվել է Շիրակի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ էլ Դավիթ Առուշանյանը նշանակվել է Շիրակի մարզպետ:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դավիթ Առուշանյանին և հաջողություն մաղթել։

Դավիթ Առուշանյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել. «Ինձ համար մեծ պատասխանատվություն և պատիվ է հայրենի մարզի կառավարումը ստանձնելը։ Վստահ եմ՝ բոլորիս, այդ թվում՝ Շիրակի մարզի թիմի ջանքերի շնորհիվ հաջողելու ենք»:

Վարչապետն անդրադարձել է վերջին շրջանում Գյումրիում տեղի ունեցած իրադարձություններին և նշել. «Դրանք ինչ-որ առումով ճգնաժամային էին և ցավալի, բայց կարծում եմ՝ մենք ժողովրդավարության ևս մեկ կարևոր ինստիտուտ ենք ներդնում ՀՀ-ում: Խոսքը նախնական ընտրությունների կամ քվեարկության ինստիտուտի մասին է, որը, կարծում եմ, չափազանց կարևոր է, և որը մեր երկրի ժողովրդավարական համարումը և ժողովրդավարությունը՝ որպես ինստիտուտ, ևս մեկ քայլով ամրացնում է: Վերջին շրջանում և դրանից առաջ էլ շատ քննարկումներ կան ընդդիմության հարգելի գործընկերների կողմից, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ինչքանով է Հայաստանը և Հայաստանի Կառավարությունը նվիրված ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին՝ սկսած անկախ դատական համակարգից, վերջացրած մարդու իրավունքների պաշտպանությամբ: Իհարկե, սա շատ կարևոր հարց է, բայց շատ կարևոր է, որ այս հարցերի բոլոր պատասխանները, բոլոր մանրամասներով ունենք: Ես, ոչ այս ձևաչափով, առաջիկայում տարբեր ձևերով և տարբեր առիթներով այս հարցերին կետ-կետ կանդրադառնամ: Մի բան կարող եմ ասել, որ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում առաջին փորձից հետո առավել ևս տրամադրվածությունն այն է, որ մենք մեր հետագա գործունեության ընթացքում նախնական քվեարկության ինստիտուտն ավելի կամրապնդենք և կկիրառենք: Նույնիսկ կա գաղափար, որ գուցե քննարկենք՝ ինչ խթաններ ստեղծենք, որպեսզի մյուս կուսակցությունները նույնպես նման պայմաններում գնան այդ ճանապարհով: Բայց դա առանձին քաղաքական քննարկման թեմա է, որ, իհարկե, Կառավարության կազմով կամ առնվազն քաղաքականություն մշակող մարմինները պետք է այս թեմային անդրադառնան: Այն շատ նախնական առաջարկ է, բայց, կարծում եմ, առնվազն քննարկել արժե»:

Հեղեղումներից տուժած 25 ընտանիք բնակարան գնելու համար 1 քմ-ի համար կստանա 148,050 դրամ՝ նախկին 63,400 դրամի փոխարեն

Կառավարությունը փոփոխություններ է կատարել Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգում: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, գործող կարգավորումներով 1 քառակուսի մետրի համար 63 հազար դրամ արժեքով Ալավերդիում հնարավոր չի եղել համարժեք բնակարաններ գնել: Այս հանգամանքով պայմանավորված՝ վթարային, քանդման ենթակա շենքի բնակիչները չեն կարողացել ծրագրի շահառու դառնալ: «Նոր փոփոխությամբ առաջակում ենք 1 քառակուսի մետրի համար սահմանել 148,050 դրամ՝ գործող 63,400 դրամի համեմատությամբ: Առաջարկվում է նաև ձեռք բերվող բնակարանի գինը տրամադրվող գումարից ցածր լինելու դեպքում հնարավորություն տալ շահառուներին ավելի մասն օգտագործել բնակարանի նորոգման կամ կենցաղային առաջին անհրաժեշտության իրերի ձեռքբերման նպատակով, որի վճարումը կկատարվի ծախսերը փաստացի հիմնավորող փաստաթղթերով»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ դիմումների ընդունման վերջնաժամկետը 2025 թ. մարտի 1-ն է: Ծրագրի շահառու 25 ընտանիք: Մեկ այլ որոշմամբ էլ այդ նպատակի համար հատկացել է 150 մլն դրամ:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է վթարային շենքերը քանդվելու պայմանը. «Այդ շենքերը չեն մնալու, սա սկզբունքային հարց է, եթե այդ շենքերը չեն քանդվելու, եթե այդ երաշխիքը չկա, ապա պետք է չընդունել որոշումը»: Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը վստահեցրել է, որ այդ մասին պայմանավորվածություն կա, բնակիչները տեղեկացված են՝ մինչև քանդման ենթակա շենքերից դուրս չգան, փոխհատուցում չի տրվելու:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից 11 ամսում պետական բյուջե մուտք է գործել 107 միլիարդ դրամ

Զեկուցվող օրակարգային հարցերի քննարկումից հետո, վարչապետը տեղեկություն է փոխանցել նախորդ շաբաթ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցած 33 մլրդ 249 մլն դրամի վերաբերյալ՝ որպես Հայաստանի Հանրապետության շահաբաժին: «Կարծում եմ, որ սա մի իրադարձություն է, որն արժե ընդգծել, որովհետև, ըստ էության, նման բան 20 և ավելի տարի տեղի չի ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Ուզում եմ ընդգծել, որ խոսքը չի վերաբերում, այսինքն՝ այս թիվը չի ներառում վճարված հարկերը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ այս տարի արդեն 73 մլրդ 800 մլն դրամի հարկ է վճարվել և գոնե տեսանելի հորիզոնում սա նույնպես նախորդ շրջանում մեկ տարվա վճարված հարկերի համեմատությամբ շատ մեծ թիվ է:

«Իհարկե, այս հարկերի և շահաբաժնում էական դեր ունեն նաև միջազգային շուկայի գները: Սա միայն մի գործոնով չէ պայմանավորված, բայց պիտի նաև արձանագրեմ, որ այն պահից, երբ Կառավարությունը բաժնեմաս է ձեռք բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, վճարվող հարկերի բավականին լավ դինամիկա ունենք: Էլի եմ ասում, այստեղ պետք է հաշվի առնել միջազգային գներ, վաճառքների ծավալ: Բայց, ըստ էության, երկու գործոնի համադրությամբ ստացվում է, որ այս տարի 11 ամիսների տվյալով պետական բյուջեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից 107 մլրդ դրամի մուտք է ունեցել: Եվ սա կարևոր արձանագրում է»,-նշել է վարչապետը:

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ներկայացմամբ, 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ընդհանուր շահաբաժինը կազմել է ավելի քան 294 մլրդ դրամ, որից այս փոփոխությունով վճարվել է 152 մլրդ դրամը, որից համապատասխան Կառավարության մասնաբաժնով ՀՀ բյուջե է վճարվել 33 մլրդ 249 մլն դրամ և հավելել, որ կա դեռևս չվճարված 142 մլրդ դրամի շահաբաժին, որից կրկին պետական բյուջե պետք է վճարվի պետության մասնաբաժնին համապատասխան:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարությունը պետք է իր մասնակցությունն օգտագործի, որպեսզի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որպես ընկերություն, ավելի ու ավելի արդյունավետ դառնա, քանի որ, ըստ վարչապետի, անկախ միջազգային գներից, ակնհայտ է, որ այս շահաբաժինը, մասնավորապես, այլ կոնֆիգուրացիաներում երբեք Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չէր մտնի, այլ կբաշխվեր անհատների կամ ընկերությունների միջև: «Բայց ես նաև ուզում եմ մեր հեռանկարն ընդգծել. շատ քննարկումներ կան և՛ Հայաստանում, և՛ Հայաստանի դուրս, քննադատություններ այս բաժնեմասի հետ կապված, ես կարծում եմ, որ հիմա Կառավարության միջոցով այս բաժնեմասերի տերն էլի ժողովուրդն է, բայց ես կարծում եմ, որ մենք հետագայում պետք է միտված լինենք այնպիսի կարգավորումներ անել, որպեսզի էլի ՀՀ քաղաքացիները բաժնետոմս ունենալու հնարավորություն ունենան: Եվ մենք արդեն քննարկել և որոշել ենք, որ ընկերությունը պետք է զարգացնենք այն ուղղությամբ, որ Կառավարության բաժնեմասը դրվի բաց բաժանորդագրության, այսինքն՝ այն, ինչ միջազգայնորեն ընդունված է անվանել IPO, այսինքն՝ ցուցակվի, բայց դրա համար պետք է ընկերությունն առողջացման և թափանցիկության բոլորովին ուրիշ մակարդակում լինի, և հիմա Կառավարությունը պետք է իր մասնակցությունն օգտագործի այդ տրամաբանությամբ»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հավաստմամբ, պղնձի գինը միակ բաղադրիչ չէ, որի արդյունքում 33 մլրդ շահաբաժին է ստացվել, քանի որ արդեն երկու տարի է, ինչ ընկերության աշխատանքի թափանցիկությունն էականորեն փոխվել է, և այդ իմաստով ծախսերի հիմնավորվածությունը գլոբալ իմաստով շատ ավելի թափանցիկ է: Մհեր Գրիգորյանը նաև հավելել է, որ մյուս տարի ընկերությունը, բացի ֆինանսական հաշվետվությունից, հրապարակելու է նաև չորս հաշվետվություն, որոնք ուղղակիորեն վերաբերելու են կայուն զարգացմանը, բնապահպանությանը և սոցիալական պատասխանատվությանը: Ամփոփելով՝ փոխվարչապետը նշել է. «Քանի որ մենք բաժնետեր ենք, շատ դեպքերում կարող է տպավորություն լինել, որ բարձր շահութաբերության կոնսեսուսը բնապահպանությունն է, բայց ճիշտ հակառակն է՝ եթե մենք ավելի կոշտ չլինեինք բնապահպանական ստանդարտների նկատմամբ, այս շահաբաժինը շատ ավելի մեծ կլիներ»:

Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ

Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակը ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված յուրաքանչյուր զինծառայողի ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերը երկրորդ անգամ փոխհատուցելու հնարավորության ապահովումն է:

Որոշմամբ առաջարկվում է՝ շահառու ծնողներին փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար փոխհատուցում տրամադրել առավելագույնը՝ երկու անգամ (յուրաքանչյուր զոհված զինծառայողի դեպքում): Հիմնավորման համաձայն՝ ծրագրի մեկնարկից սկսած (2022 թ. մայիսից) փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցում տրամադրելու համար Առողջապահության նախարարությունը ներկայացրել է տեղեկատվություն՝ շուրջ 60 շահառու ծնողների վերաբերյալ, որից նշված ժամանակահատվածում փոխհատուցում տրվել է (ամբողջովին կամ մասնակի) 27 շահառուի (շուրջ 45 %): Նախատեսվում է, որ 2025 թ. փոխնակ մոր ծառայություններից երկրորդ անգամ օգտվելու համար դիմող շահառուների թիվը չի գերազանցի 2-3-ը, ինչը կպահանջի 11-16.5 մլն դրամ։

Ռազմական դրության ժամանակ տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասը կփոխհատուցվի

Կառավարությունն ընդունել է որոշում՝ 2020 թ. հայտարարված ռազմական դրության և զորահավաքի շրջանակում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավված տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց այդ տրանսպորտային միջոցների սեփականատերեր հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց համարժեք փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Որոշմամբ հաստատվում են ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավված տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց այդ տրանսպորտային միջոցների սեփականատերեր հանդիսացող թվով 3 ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող փոխհատուցումների չափերը, նախատեսվում է անհրաժեշտ գումարը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացումը։

Համալրվել է «Մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրում ընդգրկված հաստատությունների ցանկը

Մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզներ և նախակրթարանների ծրագրում ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների ցանկը համալրելու նպատակով գործադիրն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է գործող կարգում ավելացնել Կոտայքի մարզի Մարմարիկի նախակրթարանը, Արագածոտնի մարզի Ցամաքասարի նախակրթարանը, Շիրակի մարզի Ղազանչ բնակավայրի մանկապարտեզը, Շիրակի մարզի Ղարիբջանյան բնակավայրի մանկապարտեզը, Կոտայքի մարզի Ֆանտան բնակավայրի մանկապարտեզը, Կոտայքի մարզի Զառ բնակավայրի մանկապարտեզը, Կոտայքի մարզի Կապուտան բնակավայրի մանկապարտեզը, Արմավիրի մարզի Հովտամեջ բնակավայրի մանկապարտեզը, Գեղարքունիքի Խաչաղբյուր բնակավայրի մանկապարտեզը, Արագածոտնի Մելիքգյուղ բնակավայրի մանկապարտեզը, Արագածոտնի մարզի Կաքավաձոր բնակավայրի մանկապարտեզը, Արագածոտնի մարզի Ոսկեթաս բնակավայրի մանկապարտեզը, Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրի մանկապարտեզը, Արարատի մարզի Բերքանուշ բնակավայրի մանկապարտեզը, Արագածոտնի մարզի Թալին բնակավայրի մանկապարտեզը, Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր բնակավայրի մանկապարտեզը, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 6 մանկապարտեզը, ՀՀ Տավուշի մարզի Կողբի թիվ 1 մանկապարտեզը, Տավուշի մարզի Բերդի թիվ 2 մանկապարտեզը, Տավուշի մարզի Բերդի թիվ 3 մանկապարտեզը, Տավուշի մարզի Տավուշ բնակավայրի մանկապարտեզը, Տավուշի մարզի Վ. Ծաղկավան բնակավայրի մանկապարտեզը, Տավուշի մարզի Չինչին բնակավայրի մանկապարտեզը, Տավուշի մարզի Վ. Կ. Աղբյուր բնակավայրի մանկապարտեզը, Տավուշի մարզի Մովսես բնակավայրի մանկապարտեզը, Տավուշի մարզի Նավուր բնակավայրի մանկապարտեզը, Տավուշի մարզի Չինար բնակավայրի մանկապարտեզը, Տավուշի մարզի Պառավաքար բնակավայրի մանկապարտեզը, Տավուշի մարզի Ոսկևանի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի Ոսկեպարի մասնաճյուղը, Տավուշի մարզի Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզը, Արագածոտնի Աշտարակ բնակավայրի թիվ 1 «Մանուշակ մանկապարտեզ»-ը, Արարատի մարզի Ջրահովիտ բնակավայրի կրթահամալիրը, Արմավիրի մարզի գ. Հայկավանի կրթահամալիրը, Շիրակի մարզի գ. Գետափի կրթահամալիրը, Արարատի մարզի գ. Արևաբույրի կրթահամալիրը: Բնակավայրերը կունենան ժամանակակից շենքային պայմաններ` ապահովված համապատասխան ենթակառուցվածքներով և գույքով, կբարելավվեն շենքերի և կոմունալ ենթակառուցվածքների ֆիզիկական վիճակը, կբարեկարգվեն բակային տարածքները:

Օրենսդրական նախաձեռնություններ. կստեղծվեն ՏՏ ոլորտի ընկերություններում ներդրումներ կատարելու համար լրացուցիչ գործիքներ

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծի ընդունմամբ կստեղծվեն Հայաստանում գործող ընկերություններում, հատկապես, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում ներդրումներ կատարելու համար լրացուցիչ գործիքներ: Այդ գործիքների իրավական կարգավորումը կնպաստի ներդրումների և ներդրողների ներգրավմանը, փոխարկելի փոխառության պայմանագրի կողմերի միջև ծագող հարաբերությունների հստակ կարգավորմանը, իրավահարաբերությունների կայունությանն ու կանխատեսելիությանը՝ բարձրացնելով ՀՀ ընկերությունների ներդրումային գրավչությունը: Օրինագծերի նպատակն է ստեղծել իրավական պայմաններ փոխարկելի փոխառության պայմանագրերի կնքման և կատարման համար՝ բարձրացնելով ՀՀ ընկերությունների ներդրումային գրավչությունը: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ փոխառության պայմանագրով, որի համաձայն փոխառու է հանդիսանում բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, կարող է նախատեսվել, որ փոխառության գումարի կամ դրա մասի վերադարձի և տոկոսների կամ դրանց մի մասի վճարման պարտավորության փոխարեն փոխառության պայմանագրով սահմանված դեպքերում, կարգով և պայմաններով փոխառուն պարտավոր է փոխատուի օգտին տեղաբաշխել համապատասխանաբար պայմանագրով սահմանված կարգով որոշված քանակի, տեսակի և դասի բաժնետոմսեր կամ տրամադրել բաժնեմասեր (փոխարկելի փոխառության պայմանագիր): Առաջարկվում է նաև սահմանել, որ փոխարկելի փոխառության պայմանագրում բաժնետոմսերի կամ բաժնեմասերի փոխարկման հնարավորությունը պետք է սահմանված լինի պայմանագրի կնքման պահին: Հարկ է նշել, որ նախագծով նաև նախատեսվել է ֆինանսական կազմակերպությունների կողմից փոխարկելի փոխառության պայմանագրերի կնքման դեպքերի, կարգի և պայմանների սահմանումը թողնել ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքներին և ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին։

Կառավարությունը հավանություն է տվել ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Նախագծերն ընդունվելու դեպքում կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման գործընթացը և կապահովվի հասցեականությունը՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի տվյալների հիման վրա նպաստը կնշանակի և կվճարի Միասնական սոցիալական ծառայությունը։ Մասնավորապես, առաջարկվում է հետևյալ կարգավորումը՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստ հաշվարկելու համար հիմք հանդիսացող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվելու է գործող կարգով՝ հաշվարկային ժամանակահատվածում անձի ունեցած եկամուտը 12-ի բաժանելու միջոցով։ Հաշվարկային ժամանակահատվածում եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը հաշվառվելու է ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա դրությամբ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա։ Միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս, եթե անձը հանդիսանում է համատեղությամբ աշխատող կամ միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ, ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվելու է առանձին՝ յուրաքանչյուր գործատուի համար (կամ որպես ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ) և տեղեկատվությունը հարկային մարմնի միջոցով փոխանցվելու է գործատուներին, իսկ մայրության նպաստի դեպքում, հաշվի առնելով բոլոր գործատուների մոտ ունեցած եկամուտը Միասնական սոցիալական ծառայության կողմից նշանակվելու և վճարվելու է մեկ նպաստ։

Միջազգային համագործակցություն. Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրվի

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել և խորացնել երկարատև տնտեսական հարաբերություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են առևտուրը, դեղագործական արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, տրանսպորտ և նյութատեխնիկական ապահովում, գյուղատնտեսություն և անտառատնտեսություն, հետազոտություն և նորարարություն, շրջակա միջավայրի պաշտպանություն և ջրային ռեսուրսների կառավարում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության այլ ոլորտներ։ Համաձայնագիրն ուղղված է երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը, տնտեսական կապերի ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը, երկու երկրների տնտեսական համագործակցության ասպարեզում առկա ներուժի օգտագործմանը: Համաձայնագրով նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացումն ու դիվերսիֆիկացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում: Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի միջև համատեղ տնտեսական միջկառավարական հանձնաժողովի ստեղծում՝ երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը համակարգելու և խթանելու նպատակով:

Հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացում» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագրին կից լրացուցիչ թիվ 1 համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացման նպատակն է նպաստել ՀՀ-ում պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանը։

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը: Կոնվենցիայի ստորագրմամբ հնարավոր կլինի՝ բացառել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը, ինչը հնարավորություն կտա խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը պայմանավորվող պետություններում` ստեղծելով նպաստավոր մրցակցային պայմաններ, ստեղծել ներդրումային բարենպաստ միջավայր, խթանել երկկողմ առևտրաշրջանառությունը, ներդրումների հոսքը` օտարերկրյա ներդրումների համար ստեղծելով բարենպաստ հարկային միջավայր, ստեղծել կանխատեսելի և կայուն հարկային դաշտ ներդրողների համար, նպաստել միջազգային հար¬կային հարաբերություններում ՀՀ ներգրավվածության աճին։

Մեկ միասնական իրավական ակտի միջոցով կսահմանվի նվիրատվության և նվիրաբերության ենթակա պետական գույքի կազմը

Կառավարությունն ընդունել է «Պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրատվության և նվիրաբերության ու պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության և հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման կարգերը հաստատելու և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին նվեր ընդունելու լիազորություններ վերապահելու մասին» որոշում: Ըստ այդմ առաջարկվում է՝ մեկ միասնական իրավական ակտի միջոցով սահմանել նվիրատվության և նվիրաբերության ենթակա պետական գույքի կազմը, սուբյեկտները և համապատասխան սուբյեկտներին պետական գույքի նվիրատվության և նվիրաբերության դեպքերը և պայմանները: Հիմնավորման համաձայն՝ դա կնպաստի պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև բնակչության սոցիալական և բնակարանային պայմանների խնդիրների լուծմանը։

Խրախուսվում է հերթական ներդրումային ծրագիրը

Գործադիրը բավարարել է «ՌՈԶ ԱՐՏ» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը Կոտայքի մարզում նախատեսում է ընդլայնել առկա 26,5 հա հոլանդական վարդի աճեցման ջերմոցային տնտեսությունը և կառուցել 6 հա մակերեսով նոր ջերմատուն, որը հագեցած կլինի հիդրոպոնիկ եղանակով բարձրակարգ հոլանդական վարդերի աճեցման համար անհրաժեշտ ֆրանսիական Ռիշել Գրուպ ընկերության վերջին սերնդի մետաղակոնստրուկցիայով և սարքավորումներով, հատուկ լաբորատոր պայմաններում աճեցված վարդի տնկիներով: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 7.5 մլրդ դրամի ներդրում՝ սարքավորումների և հումքի ձեռքբերման (ներառում է նաև ներմուծվող ապրանքների արժեքը), շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 292 աշխատատեղ 370 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2026 թ., նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 337-ի՝ 370 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 214 մլն դրամ:

Այլ որոշումներ. պետական աջակցություն՝ սահմանամերձ համայնքներին բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի սակագների մասնակի փոխհատուցում տրամադրելու համար

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման նպատակով ՀՀ կառավարության կողմից 2014 թ. դեկտեմբերի 18-ին ընդունված որոշման կիրառումն ապահովելու և Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի բնակիչ-բաժանորդների կողմից սպառած էլեկտրաէներգիայի, բնական գազի և ջրօգտագործողների կողմից օգտագործած ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման, ինչպես նաև անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով գործադիրն ընդունել է որոշում:

«Պետական աջակցություն բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների իրականացման» ծրագրի շահառուներին տրամադրված վարկի գումարների սուբսիդավորումն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ 2024թ. պետբյուջեով ծրագրին նախատեսվել էր հատկացնել 1,192 մլն դրամ, որը վերաբաշխման արդյունքում դարձել էր 2,909.3 մլն դրամ, ընդ որում 26.11.2024 թ. դրությամբ ծրագրի մնացորդը կազմում է՝ 4.3 մլն դրամը։ Ներկայումս ծրագրի շահառուների թիվը շուրջ 16000 է: Ակնհայտ է, որ շահառուների թիվը ընթացս կավելանա շուրջ 4066-ով, տվյալ պահի դրությամբ ծրագրին մասնակցող ֆինանսական կառույցների կողմից շահառուներին տրամադրված վարկի գումարը կազմում է շուրջ 35 մլրդ։

← Վերադառնալ