Մամլո հաղորդագրություններ

Կառավարությունն ընդլայնել է համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը

13.02.2025

ևս 12 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակը ՀՀ-ում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդրված՝ առողջապահության և կրթության գծով սոցիալական ծախսերի շրջանակի ընդլայնումն է։ Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, դա վերաբերում է 3 ուղղության:

Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ առողջապահության գծով սոցիալական ծախսեր են համարվում նաև 2024 և 2025 թթ. հաշվետու տարիների ընթացքում հանրապետությունում ատամնաբուժական ծառայությունների ձեռք բերման ծախսերը: Ընդ որում, առաջարկվում է սահմանել, որ սոցիալական ծախսի այս տեսակի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել նաև հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձ հանդիսացող՝ ՀՀ Կառավարության 2012 թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված սոցիալական փաթեթի շահառուները: Կրթության գծով սոցիալական ծախսեր են համարվում նաև երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի, ինչպես նաև կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով տրամադրվող կրթական ծառայությունների ձեռքբերման ծախսերը և միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) կրթական ծրագրերի շրջանակում դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերը։ Միաժամանակ առաջարկվում է սահմանել՝ փոխհատուցվելու են նաև 2024 թ. հաշվետու տարվա ընթացքում վերոնշյալ նոր ուղղություններով կատարված սոցիալական ծախսերը, դասագրքերի վարձակալության մասով յուրաքանչյուր աշակերտի համար փոխհատուցման չափը տարեկան 3000 դրամ է, կրթական ծրագրերի երաշխավորված լինելու հանգամանքը 2024 թ. հաշվետու տարվա մասով դիտարկվելու է հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ, իսկ հետագա հաշվետու տարիների մասով՝ կրթական ծառայությունները մատուցող անձի կողմից հաշվարկային փաստաթղթի դուրս գրման ամսաթվի դրությամբ, սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե սոցիալական ծախսերը կատարվել են անկանխիկ, բացառությամբ դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերի, որոնց մասով վճարում կատարված լինելու հանգամանքը հաշվի չի առնվում։

«Նախատեսվում է սահմանել, որ նոր ուղղություններով սոցիալական ծախսերի մասով հայտարարատուները եկամտահարկից փոխհատուցում ստանալու են նաև 2024 թվականի համար, այսինքն՝ հետադարձ ուժով: Նոր ուղղություններ սոցիալական ծախսերի մասով, այդ թվում՝ 2024 թ.-ի ընթացքում կատարված, եկամտային հարկից փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե սոցիալական ծախսերը կատարվել են անկանխիկ՝ բացառությամբ դասագրքերի վարձակալության ծախսերի, որոնց մասով վճարում կատարած լինելը հաշվի չի առնվում: Այսինքն՝ սա ավտոմատ է տեղի ունենում: Նոր կրթական ծառայությունների մասով կատարված սոցիալական ծախսերը փոխհատուցվում են, եթե կրթական ծառայությունները երաշխավորված են լիազոր մարմնի կողմից: Ընդ որում՝ 2024 թ.-ի մասով կրթական ծրագրերի մասով երաշխավորված լինելու հանգամանքը դիտարկվելու է հայտարարագրի ներկայացման պահի դրությամբ, իսկ հետագա հաշվետու տարիների մասով՝ կրթական ծառայությունները մատուցող անձի կողմից հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթվի դրությամբ: Այսինքն՝ 2024-ի ընթացքում մատուցված ծառայությունների մասով սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է, որպեսզի կրթական ծրագրերը երաշխավորվեն մինչև հայտարարագրի ներկայացումը»,- ասել է Ֆինանսների նախարարը:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խոսքն աշխատող և եկամտային հարկ վճարող քաղաքացիների մասին է: «Իմաստը հետևյալն է՝ մարդն աշխատել է, եկամտային հարկ է վճարել, բայց նաև զուգահեռ ծախս է արել Կառավարության սահմանած այս ուղղություններով, հիմա Կառավարությունը, երբ հայտարարագրում տեսնում է, որ մարդն այդ ծախսն արել է, ասում է՝ մինչև 100 հազար դրամ մենք վերադարձնում ենք»,- ասել է վարչապետը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ սոցիալական կրեդիտը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ, օրինակ՝ մարդը բնակարան է վարձով տվել, բնակարանի գումարը հայտարարագրել է, և հայտարարագրածից եկամտահարկ է վճարել: «100 հազար դրամ սոցիալական կրեդիտը հետ է ստացվում այն պարագայում, երբ քաղաքացու վճարած եկամտային հարկի մնացորդ գոյություն ունի: Այսինքն՝ այդ բոլոր ծախսերից, որ ստացել է, գոնե 100 հազար դրամ պետք է մնացած լինի իր եկամտահարկից, որ դեռ հետ չի ստացել, որ այս հատվածը հնարավորություն ունենա հետ ստանալ», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն այն համարել է սոցիալական և տնտեսական հեղափոխական նշանակություն ունեցող ծրագիր: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս գումարները վերադարձվում են մարդու վճարած եկամտահարկից. «Այստեղ ո՞րն է նրբությունը. մարդն այլ ծրագրերով եկամտային հարկի վերադարձ է ունեցել, օրինակ՝ հիպոթեկի ծրագրով, որտեղ մենք 2024թ. ավելի քան 68 մլրդ դրամ վերադարձրել ենք մեր քաղաքացիներին։ Այս սոցիալական կրեդիտը հետ է վերադարձվում այն պարագայում, երբ իր վճարած եկամտահարկի մնացորդ դեռ գոյություն ունի»:

Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում արծարծվել են համակարգի արդյունավետ իրականացմանն առնչվող հարցեր: Ներկայացվել են գործընթացի լավարկմանը վերաբերող մի շարք առաջարկություններ, հարցադրումներ և դիտարկումներ: Վարչապետը հանձնարարել է՝ աշխատանքներ իրականացնել համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի ընդլայնման թեմայի մանրամասները հանրությանը ներկայացնելու, իրազեկելու ուղղությամբ. «Հարգելի գործընկերներ, համընդհանուր հայտարարագրման համակարգի այս նրբությունները քաղաքացիներին բացատրելն առաջիկա մեկ տարվա համար՝ առնչվող բոլոր գերատեսչությունների առաջնահերթությունն է»:

Պետությանը վերադարձված ապօրինի մասնավորեցված անշարժ ևս 7 գույք ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Կառավարության այսօրվա երեք որոշումներով ՀՀ սեփականություն հանդիսացող 7 անշարժ գույք ամրացվել է ՏԿԵ նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ դրանց հետագա տնօրինումն իրականացնելու նպատակով: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, նշված 7 գույքերը վերադարձվել է Գլխավոր դատախազության հայցերի հիման վրա, Հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացրած դատական ակտերով: Գույքերի նկատմամբ արդեն իսկ գրանցված է ՀՀ սեփականությունը: «Գույքերը գտնվում են հիմնականում Երևան քաղաքում և Կոտայքի մարզում. ունեն տարբեր կադաստրային արժեքներ: Ամենամեծ կադաստրային արժեքով գույքը 730 մլն ՀՀ դրամ է»,- նշել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանը թվարկել է այդ գույքերը՝ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 2/5 հողամաս հասցեում գտնվող 1.2 հա մակերեսով հողամասը. արժեքը՝ 730 մլն 462 հազար դրամ, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 8 հասցեում գտնվող 2 հա մակերեսով հողամասը՝ արժեքը 730 մլն դրամ, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող 0.5 հա մակերեսով հողամասը՝ արժեքը 9 մլն 388 հազար դրամ, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 30 հասցեում գտնվող 0.4 հա մակերեսով հողամասը՝ արժեքը 9 մլն 382 հազար դրամ, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մկրտչյան փողոցի 32/1 հասցեում գտնվող 2.6 հա մակերեսով հողամասը՝ արժեքը 431 մլն 915 հազար դրամ, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մկրտչյան փողոցի 36/1 հասցեում գտնվող 2.6 հա մակերեսով հողամասը՝ արժեքը 427 մլն դրամ, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի թիվ 22 հասցեում գտնվող 3 հա մակերեսով հողամասը՝ արժեքը 86 մլն 625 հազար դրամ:

«Սա մեր ստանձնած քաղաքական հանձնառությունների իրավական, օրինական իրացումն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվել. «Հիմա մենք կարո՞ղ ենք արձանագրել, որ ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմը ՀՀ-ում, ըստ էության, լիարժեք աշխատում է: Մենք զուգահեռաբար երկու մեխանիզմ էլ ունեք, մեկը՝ պետական շահերի պաշտպանության, և մի մեխանիզմ, որ նոր ենք ներդրել՝ համայնքային շահի պաշտպանության համակարգը, որը դարձյալ զրոյից է ներդրվել»:

Ի պատասխան Աննա Վարդապետյանը նշել է. «Թվարկված 7 գույքերի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը շուրջ 1 միլիարդ 732 մլն դրամ է: Սա կադաստրային արժեքն է, և հետագա գնահատումը շուկայական արժեքի շրջանակներում մի քանի անգամ առնվազն գերազանցելու է հնչեցված թվային արտահայտումը: 2023-2024 թվականների ընթացքում Դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ 2023 թվականի սկզբին ներդրված համայնքային շահերի պաշտպանության գործառույթի և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում ընդհանուր վերադարձված գույքերի շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը գերազանցում է 30 մլն ԱՄՆ դոլարը: Ձեր հարցին պատասխանելով, թե արդյոք այլևս իրողություն է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը, թե ոչ՝ արդեն դատական ակտով օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված է, որ այդ ինստիտուտը գործում է և եռաստիճան դատական համակարգում վերջնական օրինական ուժի մեջ մտած վճռով ունենք ամբողջությամբ բավարարված հայց»:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 15-ի վճռով, խոսքն առաջին ատյանի դատարանի մասին է, գլխավոր դատախազության հայցադիմումն ամբողջությամբ բավարարվել էր, և վճռի հիման վրա, որն օրինական ուժի մեջ է մտել տարեսկզբին, ՀՀ սեփականության իրավունքն է արդեն գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող մեկ բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ: Հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է նաև 50,720 եվրոյին համարժեք շուրջ 22 մլն դրամ: «Վճռի մնացած մասի կատարման նպատակով գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով տրամադրել կատարողական թերթ, որպեսզի հարկադիր կատարման ծառայության միջոցով մնացածը կատարվի»,- ասել է Աննա Վարդապետյանը:

ՀՀ գլխավոր դատախազը նաև տեղեկացրել է, որ մինչ այժմ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում վերադարձված գույքերը հաշտություններ են եղել: «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մեր գործառույթի շրջանակում այս պահին ներկայացված հայցադիմումների թիվը 136-ն է, որոնք տարբեր ատյանների դատարաններում են: Հիշեցնենք, որ այդ հայցադիմումներով պահանջում ենք բռնագանձել 270 շարժական, 1381 անշարժ գույք, 359 իրավաբանական անձում մասնակցություն: Մոտավոր դրամական պահանջն այս պահին կազմում է 527 մլրդ դրամ: Ընդհանուր հայցագինը կազմում է շուրջ 600 մլրդ դրամ, իհարկե այս թիվը ևս շուկայական և կադաստրային արժեքների հարաբերակցության արդյունքում կփոխվի»,- նշել է Աննա Վարդապետյանը:

Գլխավոր դատախազն անդրադարձել է նաև անցած տարի գործարկված՝ վերականգնված միջոցների միասնական հաշիվ մեխանիզմին. գործարկման օրվանից՝ դեկտեմբերի 5-ից, մինչ օրս վերականգնված միջոցների միասնական հաշվին մուտքագրվել է շուրջ 10 մլրդ 283 մլն դրամ: «Սա տնտեսական հանցագործությունները չի ներառում: Այսինքն՝ բոլոր այն հանցագործությունները, որոնք կապված են հարկային պարտավորությունների չկատարման հետ, բոլոր այդ վերականգնումները վճարվելու են ոչ թե այս հաշվեհամարին, այլ համապատասխան հարկ վճարողների համար նախատեսված հաշվեհամարին»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը:

Նշվել է նաև, որ Կառավարության որոշմամբ նախաքննական մարմինները Գլխավոր դատախազություն են փոխանցում տեղեկատվություն՝ քրեական վարույթներով որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ: Այդ տեղեկատվությունը գտնվում է ամփոփման փուլում և սահմանված ժամկետում՝ 2025 թվականի հուլիսի 30-ին, Գլխավոր դատախազությունը կհրապարակի նաև տեղեկատվություն քրեական վարույթներով որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև, որ 2024 թվականի ընթացքում հարկային հանցագործությունների հետ կապված քրեական գործերով 43 մլրդ դրամի վերականգնում է եղել. «Բայց սա ամբողջը չէ, և՛ համայնքային, և՛ պետական շահի պաշտպանության ոլորտներում մենք արդեն ունենք լուծումներ և դրանց մասին հրապարակումներ արվել են»:

Վարչապետը նշել է՝ ձևավորվել է պետական ինստիտուտ, որը դուրս է նախկին-ներկա տրամաբանությունից. «Վերաբերում է բոլորին, բոլոր այն դեպքերին, երբ ապօրինի գույք է ձեռք բերվել, և այդ ապօրինի գույքի ձեռքբերման մեխանիզմ է ձևավորվել: Իհարկե, մենք նաև պետք է ուշադիր լինենք, որ այդ թվում՝ միջազգային ատյաններում գնա, հաստատվի, ընկնի տեղը, որպեսզի լրացուցիչ խնդիրներ չառաջանան: Բայց փաստն այն է, որ ինստիտուտն այսօր արձանագրված է և աշխատում է»:

Թեմայի շրջանակում Աննա Վարդապետյանն անդրադարձել է նաև առանձին համայնքների մասով վերականգնումներին. «Օրինակ՝ երեկ Արարատի մարզի տվյալներն ամփոփելու արդյունքում պարզվեց, որ 2024 թվականի ընթացքում համայնքին վերադարձվել է 900 հազար դոլարի չափով գույք և դրամական միջոց: Շարունակվում են ամփոփումները: Կարծում եմ շատ կարևոր է, որ բոլոր գույքերը, որոնք վերադարձվում են համայնքին, չդառնան վարչական ծախս, այլ դառնան հանրային բարիք»:

Սահմանվել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը

Գործադիրը սահմանել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը: Արդյունքում՝ տնտեսավարող սուբյեկտերը «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի և ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների բավարարման պարագայում կարող են օգտվել ոլորտի պետական աջակցությունից և հարկային արտոնություններից: Ըստ այդմ՝ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի շրջանակում աշխատանքային միգրանտների և նոր աշխատողների ներգրավման համար, կամ մասնագետի վերապատրաստման համար աջակցություն կստանան այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք ավելացված արժեքի հարկի և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկներով հայտարարագրած գործունեության բոլոր տեսակներից իրացման շրջանառության առնվազն 90 տոկոսը պետական աջակցության տրամադրման հաշվետու ժամանակաշրջանում ձևավորած կլինեն նախագծի հավելվածով սահմանված բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների հանրագումարից: Որոշմամբ սահմանված տնտեսական գործունեության դասակարգիչների ներքո գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները ՀՀ հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված նվազեցումները կարող են կիրառել նաև 2024 թ. հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Հանրապետության բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգի ներդրման միջոցառումներ կիրականացվեն

Կառավարությունն ընդունել է որոշում՝ հանրապետության բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգի ներդրման ապահովման նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է աղբահանության ոլորտի ռազմավարությամբ ամրագրված հանրապետության բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգի ներդրման միջոցառումների իրականացում՝ 2025-2032 թթ. ընթացքում։ Մասնավորապես առաջարկվում է՝ թափոնների տեսակավորմանն ու առանձին հավաքմանն ուղղված մեխանիզմների ներդրում միջոցառմամբ թափոնների վերամշակման արտադրությունների աշխարհագրական տեղադիրքերի հիման վրա ձևավորել օգտահանվող թափոնների ընդունման կետեր և ապահովել օգտահանվող թափոնների հոսքը դեպի վերամշակման արտադրություններ: Համաձայն ռազմավարության դրույթների՝ նախատեսվում է իրականացնել հանրապետության աղբահանության և կոշտ թափոնների կառավարման գոտիավորված տարածքների (Հյուսիսային, Հարավային և Կենտրոնական) տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ՝ յուրաքանչյուր գոտում նախատեսվող աղբավայրերի, փոխաբեռնման կայանների տեղադիրքերի որոշմամբ, ինստիտուցիոնալ ու ֆինանսական գնահատականների ապահովմամբ և այնուհետև համապատասխան ներդրումային ծրագրերի իրականացում՝ յուրաքանչյուր գոտու համար ԵՄ չափանիշներին համապատասխան աղբավայրերի և փոխաբեռնման կայանների կառուցմամբ, գոյացող աղբի հավաքման ու տեղափոխման համար ինտեգրված լոգիստիկայի ապահովմամբ, հնարավոր վերամշակման ենթակառուցվածքների ստեղծմամբ։

Փոփոխություններ և լրացումներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում և կարգում

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում և կարգում: Հիմնավորման համաձայն՝ 2024 թ. հունիսի 15-ից մեկնարկել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրերի տրամադրման գործընթացը, հուլիսի 15-ից մեկնարկել է անհատական բնակելի տան կառուցման հավաստագրերի տրամադրման գործընթացը, գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրերի տրամադրման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 1-ից։ Փոփոխություններով կարգավորվում և պարզաբանվում են իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները, ինչպես նաև վերանայվում են ծրագրի այն պայմանները, որոնք խոչընդոտում են հավաստագրերի արդյունավետ իրացմանը։ Մասնավորապես՝ հստակեցվում է, որ դիմում-հայտարարության մեջ գրանցված ամուսինների և նրանց անչափահաս երեխաների տվյալների առկայությունը պարտադիր է, իսկ մյուս անդամներին ըստ իրենց ցանկության, բացառությամբ այն դեպքերի, երբ ամուսինը կամ երեխան ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից չեն հաշվառվել որպես բռնի տեղահանված կամ հանդիսանում են աջակցության ծրագրի շահառու։ Ձեռքբերվող անշարժ գույքի բնակմակերեսի նկատմամբ կիրառվող սահմանաչափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով նվազեցվում է 3 քմ-ով՝ սահմանելով 9 քմ։ Սահմանվում է նաև՝ ձեռք բերվող բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան կամ կառուցվող անհատական բնակելի տան և դրա կառուցման համար նախատեսված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառու ընտանիքի բոլոր չափահաս անդամների անվամբ։ Որոշմամբ սահմանվում է, որ եթե հիփոթեքային վարկը տրամադրվել է 2024 թ. մայիսի 16-ից հետո, ապա աջակցությունն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կազմում է 3 մլն դրամ։ Սահմանվում է, որ եթե շահառու ընտանիքն ընտրում է ծրագրի՝ անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչը, ապա իրացվող հավաստագրի արժեքում ներառվող անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողի նկատմամբ մակերեսի սահմանաչափ չի կիրառվում, աջակցությունը սահմանվում է մինչև 4 մլն դրամ 3-ի փոխարեն։

Պետական գույքերը կօտարվեն դասական աճուրդներով

Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշումներ:

Ըստ այդմ՝ առաջարկվում է Գեղարքունիք մարզի Սևան համայնքի Ռուսական փողոց թիվ 9 հասցեում գտնվող՝ անշարժ գույքն օտարել դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 190 500 000 ՀՀ դրամ։ Գույքի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 153 789 428.00 ՀՀ դրամ է: Որոշմամբ սահմանվել է նաև, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով մինչև գնահատման հաշվետվության ժամկետի ավարտը՝ 2026 թ. դեկտեմբերի 19-ը կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման։

Առաջարկվում է դասական աճուրդով օտարել նաև Երևանի Մուրացանի փողոց 110/1 հասցեում գտնվող գույքը: Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 403 300 000 ՀՀ դրամ։ Որոշմամբ՝ գույքի վաճառքի նպատակով մինչև 2025 թվականի հուլիսի 19-ը կկազմակերպվեն հերթական աճուրդներ՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման:

Երևան, Մալաթիա-Սեբաստիա Ծովակալ Իսակովի պողոտայի 17/2, 17/5, 17/6 և 17/7 հասցեներում գտնվող գույքը նույնպես կօտարվի դասական աճուրդով:Աճուրդով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով:

Կապահովվի ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց մատուցվող՝ աջակցության կենտրոնի ծառայությունների միասնական որակը

Կառավարությունը հաստատել է Աջակցության կենտրոնի գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները և աջակցության կենտրոնի կողմից ծառայությունների մատուցման կարգը: Ըստ այդմ՝ առաջարկվում է Գենդերային բռնության դեպքերի վարման միջգերատեսչական ուղեցույցների հիման վրա սահմանել աջակցության կենտրոնների գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները և աջակցության կենտրոնի կողմից ծառայությունների մատուցման կարգը։ Նկատի ունենալով, որ աջակցության կենտրոնները պետք է մատուցեն ինչպես սոցիալ-հոգեբանական, այնպես էլ իրավաբանական աջակցություն՝ առաջարկվում է, որ աջակցության կենտրոնի անձնակազմը առնվազն ներառի 1 հոգեբանի, 1 սոցիալական աշխատողի և 1 իրավաբանի։ Միաժամանակ, հաշվի առնելով ընտանեկան և կենցաղային բռնության առանձնահատկությունները, բռնության ենթարկված անձանց կրկնազոհացնելու վտանգը՝ նախագծով առաջարկվում է նաև սահմանել նշված մասնագետների պարտադիր վերապատրաստման պահանջ։ Առաջարկվում է նաև սահմանել, որ աջակցության կենտրոնը պետք է գործի շաբաթական առնվազն 40 ժամ։ Նշված կարգավորումները մշակվել են՝ հիմք ընդունելով ՀՀ-ում արդեն իսկ գործող և պետության համաֆինանսավորմամբ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ծառայություններ տրամադրող աջակցության կենտրոնների փորձը։ Բացի այդ, հարկ է նկատել, որ աջակցության կենտրոնների կողմից մատուցվող ծառայություններն առավելապես առնչվում են սոցիալ-հոգեբանական, սոցիալ-իրավական, սոցիալ-տնտեսական աջակցության տրամադրմանը, որոնց բնականոն և արդյունավետ իրականացումը հնարավոր է 40-ժամյա աշխատանքային շաբաթվա ընթացքում։ Որոշմամբ՝ աջակցության կենտրոնը պետք է ունենա շուրջօրյա հասանելի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամար։ Արդյունքում՝ կապահովվի ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց մատուցվող՝ աջակցության կենտրոնի ծառայությունների միասնական որակը և մեթոդաբանությունը, կսահմանվեն նվազագույն չափորոշիչները, որոնք հնարավորություն կտան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն առավել արդյունավետ կերպով իրականացնել մասնավոր կազմակերպությունների կողմից աջակցության կենտրոնի ծառայությունների տրամադրման որակի նկատմամբ մշտադիտարկումը։ Բացի այդ, այն կնպաստի նաև աջակցության կենտրոնների գործունեության լավարկմանը, քանի որ հստակ կլինի նրանց կողմից ծառայությունների մատուցման ընթացակարգը, բացի այդ, կսահմանվեն այն անհրաժեշտ ձևաթղթերը, որոնք կկիրառվեն աջակցության կենտրոնների կողմից իրենց ամենօրյա աշխատանքում։

Օրենսդրական նախաձեռնություններ. առանձնահատուկ հարգանքի տուրք՝ կյանքի մեծ մասը սպորտին և դրա զարգացմանը նվիրած անձանց

Գործադիրի հավանությանն է արժանացել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունմամբ առանձնահատուկ հարգանքի տուրք կմատուցվի կյանքի մեծ մասը սպորտին և դրա զարգացմանը նվիրած անձանց: Ըստ հիմնավորման, կարևորելով վաստակաշատ անձանց և սպորտում ավանդ ունեցող անձանց, այդ թվում օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոնների մեծ ներդրումը սպորտի զարգացման, մարզիկների կրթության և հայրենասիրական դաստիարակության գործում՝ մարզադպրոցների անվանակոչումը կհանդիսանա նրանց նվիրումով աշխատանքի յուրատեսակ գնահատականը:

Կառավարությունը հավանություն է տվել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրինագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ-ում ձերբակալված անձանց պատշաճ բժշկական զննությունն ու դրա արդյունքների ամբողջական արձանագրումը՝ միասնական չափանիշների հիման վրա, ինչի արդյունքում հնարավոր կլինի ավելի արդյունավետ կերպով քննել խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի ենթադրյալ դեպքերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան կերպով հավաքագրված բժշկա-իրավական ապացույցների հավաքմամբ։ Նախագծով առաջարկվում է նաև նախատեսել բժշկի պարտականությունը՝ մարմնական վնասվածք հայտնաբերելու կամ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրության ձևաթուղթ կազմելու դեպքում այդ մասին իրազեկելու իրավասու քննչական մարմնին և դատախազությանը, հնարավորության դեպքում՝ էլեկտրոնային եղանակով՝ ապահովելու համար իրազեկման օպերատիվությունը։

Կհստակեցվեն պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեությանն ուղղված ֆինանuավորման ձևերը

Կառավարությունը հաստատել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային–ծրագրային, գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման կարգերը: Որոշման ընդունումը հնարավոր կդարձնի ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի համապատասխանեցումը գիտության զարգացման արդի վիճակին և միջազգային չափանիշներին, կնպաստի գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը, կապահովի ՀՀ գիտության ոլորտի առաջընթացը և դինամիկ զարգացումը, ինչպես նաև սահմանված կլինի գիտական արդյունքի որակի ավելի բարձր նշաձող: Նոր ֆինանսավորման կարգերում ներառված կլինեն գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման շրջանակում ներկայացվող ծրագրերի հայտի տեսակները և դրանց համար նախատեսվող պահանջները՝ մինչև հինգ տարվա ծրագրային ֆինանսավորման մոդելի ներդրմամբ, կազմակերպությունների ֆինանսավորման կատարողականի վրա հիմնված մեխանիզմները, ֆինանսավորման ենթակառուցվածքի պահպանման և բոնուսային կամ տույժային մեխանիզմները, գիտական և գիտատեխնիկական փորձաքննության տեսակները:

ՀՀ մարզերի լողավազաններում նախատեսվածից շատ դպրոցահասակ երեխաներին լողի անվճար ուսուցման ծրագրում ընդգրկելու ցանկությամբ, ինչպես նաև մարզերում լող մարզաձևի մասնագիտական կրթություն ունեցող մարզիչ-մանկավարժների սակավությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Հիմնավորման համաձայն՝ 2024-2025 թթ. փորձնական ծրագիրը նախատեսվում էր իրականացնել հանրապետությունում գործող լողավազաններից 9-ում՝ այդ թվում Կապանում և Էջմիածնում երկուական, մեկական Վանաձորում, Մեծամորում, Հրազդանում, Իջևանում և Ապարանում, սակայն 2024 թ. նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթը շահել է միայն Արագածոտնի մարզի Արագած համայնքի լողավազանը: Որոշմամբ՝ յուրաքանչյուր տարի լողավազաններում լող մարզաձևով կզբաղվեն յուրաքանչյուր լողավազանում դպրոցահասակ երեխաների 2 տարիքային 3-ական խումբ՝ 1-ին տարիքային խմբում կընդգրկվեն 8-12 տարեկան երեխաները, 2-րդ տարիքային խմբում՝ 13-17 տարեկանները: 1-ին տարիքային յուրաքանչյուր խմբում պարապողների առավելագույն քանակը 12-ն է, իսկ 2-րդում՝ 10-ը: 1-ին և 2-րդ տարիքային խմբերում պարապմունքները կանցկացվեն շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ: Ծրագիրը կիրականացվի 9 ամիս անընդմեջ տևողությամբ, մարզումների իրականացման ժամանակահատվածը կորոշվի լողավազանի ղեկավարության հայեցողությամբ: Որոշման ընդունմամբ առավել շատ դպրոցահասակ երեխաներ լողալ կսովորեն և կներգրավվեն սպորտի մեծ նվաճումների գործընթացում: Նաև կապահովվի ՀՀ մարզերում լողի մարզիչների պահանջվող թիվը:

Միջազգային համագործակցություն. ՀՀ և ԱՄԷ վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին հուշագիր կստորագրվի

Կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկությունը։ Այն կկարգավորի ՀՀ և ԱՄԷ վարորդական վկայականների հետ կապված իրավահարաբերությունները: Մասնավորապես՝ կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է մյուս կողմի կողմից այն քաղաքացիներին տրամադրված վավեր վարորդական վկայականը, որոնք ժամանում են ոչ բնակության նպատակով՝ պայմանով, որ վարորդական վկայականի տնօրինողը բավարարում է հուշագրի 2-րդ հոդվածում ներկայացված աղյուսակում նախատեսված՝ վարորդական վկայականների տարբեր կարգերի կապակցությամբ մյուս կողմի սահմանած նվազագույն տարիքի հետ կապված պահանջները: Բնակության նպատակով ժամանող քաղաքացիների դեպքում հուշագրի յուրաքանչյուր կողմ մյուս կողմի տրամադրած վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձին ազատում է դրա հետ կապված տեսական և գործնական քննություններից:

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության, Ռումինիայի ու Եվրոպական հանձնաժողովի միջև «Սևծովյան ավազանի Interreg NEXT ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 72,275,137 եվրո (մասնակից բոլոր երկրների համար), որտեղից ԵՄ դրամաշնորհային ֆինանսավորումը կազմում է 65,047,623 եվրո (ամբողջի 90%-ը) և տրամադրվում է ծրագրի շրջանակում ընտրության փուլերն հաջողությամբ անցած մասնակից երկրների իրավաբանական անձանցից կազմված կոնսորցումների ներկայացրած ծրագրերին: Ինչ վերաբերում է մնացած 10%-ին, ապա այն ենթադրում է մասնակից պետության կողմից համաֆինանսավորում: Ծրագիրն ընդհանուր առմամբ ուղղված կլինի նորարարական և խելացի տնտեսական վերափոխմանը և տարածաշրջանային համագործակցության խթանմանը, ինչպես նաև ավելի կանաչ, ցածր ածխածնի՝ դեպի զուտ զրոյական ածխածնային տնտեսություն և մաքուր ու վերականգնվող էներգիայի անցմանը, կանաչ և կապույտ ներդրումների ու շրջանաձև տնտեսության խթանմանը, կլիմայի փոփոխության մեղմացմանը և հարմարեցմանը, ռիսկերի կանխարգելմանը և կառավարմանը և կայուն քաղաքային շարժունակությանը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է հետազոտական և նորարարական կարողությունների զարգացում և ընդլայնում, առաջադեմ տեխնոլոգիաների կիրառում, կլիմայի փոփոխության հարմարվողականությանը, աղետների ռիսկերի կանխարգելմանը և էկոհամակարգի պահպանմանն ուղղված մոտեցումների կիրառում, բնության, կենսաբազմազանության և կանաչ ենթակառուցվածքների պաշտպանության և պահպանման ուժեղացում՝ այդ թվում նաև քաղաքային տարածքներում, աղտոտվածության բոլոր տեսակների նվազեցում: Ծրագրի շահառու կարող են լինել պետական և տարածքային կառավարման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները, հիմնադրամները, հասարակական կազմակերպությունները, առևտրային պալատները, ակադեմիական և կրթական հաստատությունները, մշակութային և հնագիտական ասոցիացիաները:

Հավանություն է տրվել նաև 2024 թ. սեպտեմբերի 10-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության կառավարությունների միջև Կատարի Պետության տարածքում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարության որոշումներով «Դուստր Մարիաննա» և «Ավալանժ» ընկերությունները կօգտվեն ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

«Դուստր Մարիաննա» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել սերուցքային կարագի, կաթնային յուղի և կաթնամթերքի արտադրության համար՝ իրականացնելով 5 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 390 աշխատատեղ 140 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 440-ի՝ 140 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 750 մլն դրամ։

«Ավալանժ» ընկերությունը ներմուծվող սարքավորումներով նախատեսվում է ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում կառուցել նոր ջերմատուն՝ վարդերի աճեցման համար՝ իրականացնելով 40 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման (ներառում է նաև ներմուծվող ապրանքների արժեքը), 25 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման և 78 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 67 աշխատատեղ՝ 112 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2026 թ. ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել՝ մինչև 68-ի 115 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 19.7 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 990 հազ դրամ։

← Վերադառնալ