Մամլո հաղորդագրություններ

Կառավարությունը շարունակում է կրթական հաստատությունների շենքային առավել բարենպաստ պայմանների ապահովումը

03.04.2025

ևս 6 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը վերաբաշխման միջոցով ավելի քան 525 մլն դրամ կհատկացնի թվով 1 դպրոցի 1 մասնաշենքի նորոգման աշխատանքների, 82 դպրոցի նորոգման համար անհրաժեշտ տեխնիկական վիճակի զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության, թվով 1 դպրոցի կառուցված մարզադահլիճի մասնաշենքի գազիֆիկացման աշխատանքների ձեռքբերման համար, ինչպես նաև նորոգման ընթացքում գտնվող թվով 21 դպրոցի համար հեղինակային հսկողության գումարի ապահովման համար։

Որոշմամբ նախատեսվում է 168.8 մլն դրամ հատկացնել Շիրակի մարզի Ազատանի միջնակարգ դպրոցի տարրական դասարանների համար նախատեսված մասնաշենքի նորոգման աշխատանքների ապահովման համար։ 310.5 մլն դրամ է հատկացվում թվով 82 դպրոցի նորոգման համար անհրաժեշտ տեխնիկական վիճակի զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության ձեռքբերման համար։ 22.4 մլն դրամ կհատկացվի 21 դպրոցում ընթացող նորոգման աշխատանքների նկատմամբ հսկողության ծառայության գնման նպատակով։ ՀՀ կառավարության որդեգրած «Մինչև 2026 թ.-ը առնվազն 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման» ծրագրի շրջանակում որոշմամբ ապահովվում է նաև Լոռու մարզի շինարարությունն ավարտված կամ 2025 թ.-ին ավարտվող թվով 14 մանկապարտեզի գույքով ապահովումը (21.8 մլն դրամ)։ Մանկապարտեզներից 10–ում շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ 4–ում նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում։ Շինարարական աշխատանքներն իրականացվել կամ իրականացվում են մարզերի զարգացման համար հատկացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ Որոշմամբ գումար է հատկացվում նաև Երևանի թիվ 33 հիմնական դպրոցի մարզադահլիճի մասնաշենքի գազիֆիկացման համար (1.9 մլն դրամ)։

Անդրադառնալով նորոգվող դպրոցներին՝ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե իրատեսակա՞ն է, որ 1 տարում աշխատանքները կավարտվեն: Ի պատասխան փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ տարեվերջին մոտ 80-100 նորոգված դպրոց պատրաստ կլինի. «Ցանկում ներառված 120 նորոգվող դպրոցները պետք է ավարտված, նորոգված լինեն մինչև 2026 թվականի ամռան ամիսները, որպեսզի սեպտեմբերին այդ դպրոցներում հնարավոր լինի նոր միջավայրում դասապրոցես կազմակերպել»:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք ուզում ենք հիմնանորոգման ենթակա դպրոցներ գտնել, և պրոբլեմ է, որովհետև դպրոցների մեծ մասում մասնագետներն առնվազն խորհուրդ են տալիս, որ միջնաժամկետում ավելի ճիշտ է, որ այս շենք ուղղակի քանդել, նորը կառուցել»:

Հաջորդիվ վարչապետը ներկայացրել է այդ դպրոցների ցանկը. Արագածոտնի մարզում՝ Թալինի ավագ դպրոց, Մաստարայի միջնակարգ դպրոց, Արագածի թիվ 2 միջնակարգ դպրոց, Բազմաղբյուրի միջնակարգ դպրոց, Ուշիի միջնակարգ դպրոց, Արարատի մարզում՝ Հովտաշենի միջնակարգ դպրոց, Բաղրամյանի միջնակարգ դպրոց, Արմավիրում՝ Խանջյանի միջնակարգ դպրոց, Նորավանի միջնակարգ դպրոց, Ալաշկերտի միջնակարգ դպրոց, Մեծամորի միջնակարգ դպրոց, Արմավիրի Նորակերտի միջնակարգ դպրոց, Քարակերտի թիվ 2 միջնակարգ դպրոց, Արմավիրի թիվ 2 հիմնական դպրոց, Գեղարքունիքի մարզում՝ Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոց, Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոց, Վարդաձորի միջնակարգ դպրոց, Ձորագյուղի միջնակարգ դպրոց, Կարմիր գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոց, Ծովագյուղի միջնակարգ դպրոց, Ծակքարի միջնակարգ դպրոց, Ակունքի միջնակարգ դպրոց, Լոռու մարզում՝ Ղուրսալիի միջնակարգ դպրոց, Ծաղկաբերի միջնակարգ դպրոց, Գյուլագարակի միջնակարգ դպրոց, Վարդաբլուրի միջնակարգ դպրոց, Լեռնանցքի միջնակարգ դպրոց, Լեռնավանի միջնակարգ դպրոց, Լուսաղբյուրի միջնակարգ դպրոց, Վանաձորի բնագիտամաթեմատիկական դպրոց, Գոգարանի միջնակարգ դպրոց, Լեռնապատի միջնակարգ դպրոց, Կաթնաջրի միջնակարգ դպրոց, Սպիտակի թիվ 3 հիմնական դպրոց, Արևաշողի միջնակարգ դպրոց, Ախթալայի թիվ 2 միջնակարգ դպրոց, Վանաձորի թիվ 22 հիմնական դպրոց, Կոտայքի մարզում՝ Ձորաղբյուրի միջնակարգ դպրոց, Գառնու ավագ դպրոց, Մրգաշենի միջնակարգ դպրոց, Արզնիի միջնակարգ դպրոց, Շիրակի մարզում՝ Աշոցքի միջնակարգ դպրոց, Ազատանի միջնակարգ դպրոց, Գյումրիի թիվ 9 հիմնական դպրոց, Գյումրիի թիվ 5 հիմնական դպրոց, Գյումրիի թիվ 31 հիմնական դպրոց, Գյումրիի թիվ 30 հիմնական դպրոց, Նոր կյանքի միջնակարգ դպրոց, Գյումրիի թիվ 45 միջնակարգ դպրոց, Գյումրու Օյունջյան վարժարան, Անուշավանի միջնակարգ դպրոց, Վահրամաբերդի միջնակարգ դպրոց, Հառիճի միջնակարգ դպրոց, Հայկավանի միջնակարգ դպրոց, Արևաշատի միջնակարգ դպրոց, Կառնուտի միջնակարգ դպրոց, Լեռնակերտի միջնակարգ դպրոց, Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 7 հիմնական դպրոց, Մուսաելյանի միջնակարգ դպրոց, Այգաբացի միջնակարգ դպրոց, Տավուշի մարզում՝ Բերդավանի միջնակարգ դպրոց, Թեղուտի միջնակարգ դպրոց, Տավուշի միջնակարգ դպրոց, Բերդի թիվ 3 հիմնական դպրոց, Իջևանի թիվ 4 հիմնական դպրոց, Սարի գյուղի միջնակարգ դպրոց, Սյունիքի մարզում՝ Կապանի թիվ 8 հիմնական դպրոց, Սիսյանի թիվ 4 հիմնական դպրոց, Գորիսի թիվ 5 հիմնական դպրոց, Շվանիձորի միջնակարգ դպրոց, Գորիսի թիվ 3 հիմնական դպրոց, Ձագիկավանի միջնակարգ դպրոց, Աճանանի միջնակարգ դպրոց, Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոց, Քարահունջի միջնակարգ դպրոց, Վայոց ձորի մարզում՝ Վայքի ավագ դպրոց, Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց, Մալիշկայի թիվ 2 միջնակարգ դպրոց, Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոց, Երևանում՝ թիվ 101 հիմնական դպրոց, թիվ 71 հիմնական դպրոց։

Նորոգման ընթացքում են գտնվում հետևյալ 21 դպրոցները՝ Արարատի մարզի Հնաբերդի միջնակարգ դպրոց, Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոց, Արմավիրի Այգեկի միջնակարգ դպրոց, Գեղարքունիքի Վաղաշեն միջնակարգ դպրոց, Լոռու մարզի Ագարակի միջնակարգ դպրոց, Լոռու մարզի Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոց, Վանաձորի թիվ 9 հիմնական դպրոց, Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոց, Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոց, Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոց, Շիրակի մարզում Ախուրյանի թիվ երկու հիմնական դպրոց, Գյումրիի թիվ 41 հիմնական դպրոց, Գյումրիի թիվ 38 հիմնական դպրոց, Գյումրիի թիվ 32 հիմնական դպրոց, Գյումրիի թիվ 28 հիմնական դպրոց, Գյումրիի թիվ 11 հիմնական դպրոց, Փանիկի միջնակարգ դպրոց, Գյումրիի թիվ 20 հիմնական դպրոց, Գյումրիի թիվ 23 հիմնական դպրոց, Տավուշի մարզում՝ Բերդի ավագ դպրոց և Կայանի միջնակարգ դպրոց։

Կկարգավորվի տնօրեն դառնալու բազմակի փորձ կատարած և հաջողություն չգրանցած հավակնորդների դիմելու հարցը

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է նախկինում ընդունած որոշման մեջ՝ 2023 թ.-ից մեկնարկած տնօրենների ընտրության և նշանակման նոր ձևաչափով գործընթացում առկա խնդիրները կարգավորելու նպատակով: Մասնավորապես՝ հարցազրույցի փուլը հաղթահարած հավակնորդների մասնագիտական զարգացման և աջակցության տրամադրման, ինչպես նաև զարգացման ծրագրի փորձաքննությունն իրականացնող կազմակերպությունների աշխատակարգի հաստատման և փորձաքննության ընթացակարգերի վերաբերյալ որոշ դրույթների վերանայման ուղղությամբ։ Տնօրենների ընտրությունը և նշանակումը նոր ձևաչափով իրականացնելու ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ հավակնորդը զարգացման ծրագրի գնահատման անցողիկ շեմը հաղթահարելով՝ հարցազրույցի ժամանակ էականորեն ցածր է գնահատվում հենց զարգացման ծրագրի վերաբերյալ հարցերի շրջանակում: Նշված հանգամանքը վկայում է կամ նրա ներկայացրած զարգացման ծրագրի՝ ինքնուրույն գրած չլինելու կամ տվյալ հավակնորդի՝ հաստատությունում ուսումնական գործընթացի վերաբերյալ բավարար պատկերացում չունենալու մասին:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է առկա խնդիրները: Մասնավորապես՝ այս պահին 437 դպրոց կամ պետական դպրոցների շուրջ 32 տոկոսն անցել է կառավարման նոր ձևաչափի, որոնցից տնօրեններ են նշանակվել 138-ում: Զարգացման ծրագրերի փորձաքննության գործընթացը դրական հաղթահարում է հավակնորդների շուրջ 13 տոկոսը, հարցազրույցի փուլը դրական է հաղթահարում նախորդ փուլը դրական հաղթահարածների շուրջ 38 տոկոսը: Ըստ նախարարի՝ սա վկայում է ոլորտում կարողությունների զարգացման լուրջ խնդիրների մասին:

Ներկայացվող փոփոխությունների արդյունքում ավելացվել են համապատասխան դրույթներ՝ որոնց համաձայն՝ փորձաքննության ընթացքում զարգացման ծրագրի վերաբերյալ տվյալների փոխանցման, արտահոսքի, հրապարակման կամ հավակնորդի հետ համագործակցության կամ փորձաքննող մյուս կազմակերպության (կազմակերպությունների) հետ փոխհամաձայնեցված գործունեության մասին տեղեկության առկայության և համապատասխան մարմինների կողմից տեղեկության ստուգման արդյունքներից կախված կամ հարցազրույցի ընթացքում զարգացման ծրագրի բաղադրիչից բացասական գնահատվելու դեպքում կազմակերպության հետ կնքված պայմանագիրը լուծվում է: Առաջարկվում է զարգացման ծրագրի գնահատումը բաժանել 2 մասի՝ «բովանդակություն և ինքնուրույն աշխատանք» բաղադրիչների՝ հաշվի առնելով, որ երբեմն հավակնորդը զարգացման ծրագրի բովանդակությունը կարողանում է ներկայացնել՝ դժվարանալով պատասխանել ընթացիկ իրավիճակային հարցերի, որոնք բխում են ներկայացրած ծրագրի տարբեր բաղադրիչներից, ինչը երբեմն ինքնուրույն գրված չլինելու մասին է վկայում: Որոշմամբ՝ զարգացման ծրագրի դրական եզրակացություն ունենալու, բայց հարցազրույցի արդյունքում 2 անգամ չհաղթահարած անձը պետք է նորից զարգացման ծրագիր ներկայացնի, եթե մասնագիտական հանձնաժողովը բացասական է գնահատել զարգացման ծրագրի բաղադրիչը: Սույն կարգավորումը հավակնորդի համար գործընթացին պատասխանատվությամբ վերաբերվելու և բավարար կարողություններ ձեռք բերելու կամ զարգացնելու դրդապատճառ կհանդիսանա: Բացի այդ, դրույթներ են ավելացվել այն մասին, որ հանձնաժողովի առնվազն 5 անդամի դրական եզրակացություն ստացած մասնակիցը համարվում է հարցազրույցի փուլը հաղթահարած և լիազոր մարմնի կողմից տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել 5 տարի ժամկետով (առանց փորձաշրջանի), իսկ հանձնաժողովի անդամների 4 դրական եզրակացության դեպքում հավակնորդը լիազոր մարմնի կողմից տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել 5 տարի ժամկետով՝ 1 տարի փորձաշրջանով: Գնահատողի եզրակացությամբ փորձաշրջանն անցած կհամարվի 18 և ավելի միավոր ստացած տնօրենը: Առաջարկվող փոփոխությունները թույլ կտան տնօրենի նշանակումից հետո, ըստ անհրաժեշտության, ի դեմս մենթոր դպրոցի՝ հիմքեր ստեղծել հաստատությունում կրթության կազմակերպումը տարեցտարի որակապես փոխելու՝ ապահովելով տվյալ դպրոցում կրթության որակի բարձրացման համար անհրաժեշտ նախապայմանները։ Կկարգավորվի նաև տնօրեն դառնալու բազմակի փորձ կատարած և հաջողություն չգրանցած հավակնորդների դիմելու հարցը՝ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր զարգացման ծրագրի փորձաքննության համար պետական բյուջեի միջոցներից հատկացվում է գումար:

Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է քաղաքական արձանագրում անել՝ փորձի վրա հիմնվելով. ՀՀ-ում, ընդհանուր առմամբ բոլոր ոլորտներում կա կադրային ճգնաժամ։ Վարչապետը թվարկել է այդ ոլորտները՝ կրթական, իրավական, համայնքային և այլն: Այս համատեքստում վարչապետն անդրադարձել է նաև իշխանությանն ուղղված քննադատությանը՝ սխալ կադրային քաղաքականություն վարելու վերաբերյալ. «Այո՛, սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետև երկրում կադրային ճգնաժամ է, մարդկային ռեսուրսի ճգնաժամ է»:

Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը ԿԳՄՍ նախարարին առաջարկել է տնօրենի հավակնորդների համար նախապատրաստական դասընթացներ անցկացնել. «Այսինքն՝ ոչ մեկին թույլ չտանք տնօրենի մրցույթին մասնակցի, մինչև նա չգնա, չսովորի, չավարտի և սերտիֆիկատ չստանա»:

Աջակցություն կցուցաբերվի Լոռու մարզի Աշոտաբերդ թաղամասի N 8 բազմաբնակարան շենքի հրդեհից տուժած բնակիչներին

Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասի N 8 բազմաբնակարան շենքում 2025 թ. փետրվարի 8-ին տեղի ունեցած հրդեհից տուժած բնակիչներին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Որոշմամբ առաջարկվում է Լոռու մարզպետի աշխատակազմին հատկացնել 24,915.7 հազար դրամ՝ 16 շահառու ընտանիքների համար առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքների հրատապ ձեռքբերման, հյուրանոցային ծառայությունների փոխհատուցման, ինչպես նաև տուժած բնակիչներին կենցաղային գույքի ձեռքբերման և վարձակալած բնակարանների ընթացիկ տարվա վարձավճարների ֆինանսական աջակցության տրամադրման համար։

Կբարելավվեն պետբյուջեից տրամադրվող սուբսիդիաների միջոցով ՀՀ ենթակառուցվածքները

Կառավարությունը փոփոխություններ է կատարել պետբյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների տրամադրման կարգում։ Գործող կարգի համաձայն՝ սուբսիդիաներն ուղղված են այնպիսի ծրագրերի ֆինանսավորմանը, որտեղ պետությունը փոխհատուցում է կազմակերպությունների կրած վնասի մի մասը, եթե վերջիններս ներմուծում, արտահանում, արտադրություն, աշխատանքների կատարում կամ ծառայությունների մատուցում են իրականացնում գնային սահմանափակումներով։ Ըստ հիմնավորման՝ ներկայումս գործող կարգում բացակայում է այնպիսի մեխանիզմ, որը թույլ կտար փոխհատուցել իրականացված աշխատանքների դիմաց կազմակերպության կատարած ծախսերը, օրինակ՝ ներդրումային ծրագրին առնչվող ճանապարհների, ջրագծերի կառուցման և այլ ենթակառուցվածքների հասանելիության ապահովման հետ կապված ծախսերը։ Ներկայում գործող ընթացակարգերով մասնավոր ներդրողների կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ենթակառուցվածքների կառուցման ծախսերի փոխհատուցման մեխանիզմներ առկա չեն։ Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կտա Կառավարությանը սուբսիդավորել ներդրումային նախագծերի մեջ պարունակվող ենթակառուցվածքների ստեղծման կամ բարելավման բաղադրիչը, որն ազդում է արտադրության մակարդակի վրա: Վարկի, լիզինգի և դրանց տոկոսադրույքների մասով նախագծում կատարվող լրացումները թույլ կտան ամբողջացնել սուբսիդիայի տրամադրման շղթան՝ աջակցության ծրագիր, դրա հիման վրա սուբսիդիայի հատկացում, սուբսիդիայի տրամադրման կարգին համաձայն պայմանագրի կնքում և հաշվետվության կազմում: Փոփոխություններն ուղղված են պետբյուջեից տրամադրվող սուբսիդիաների միջոցով ՀՀ ենթակառուցվածքների բարելավմանը։ Ներդրողներն իրենց միջոցներով կիրականացնեն ենթակառուցվածքային աշխատանքներ (օրինակ՝ ճանապարհներ, ջրագծեր), իսկ պետությունը այդ ծախսերի փոխհատուցումը կիրականացնի որպես սուբսիդիա։ Արդյունքում, ակնկալվում է, որ նոր կարգավորումները կխթանեն ներդրումները՝ նպաստելով դրանց շրջանակներում իրականացվող ենթակառուցվածքների զարգացմանը։ Ակնկալվում է նաև, որ նոր կարգավորումները կհստակեցնեն վարկերի և լիզինգի մասով պետական աջակցության տրամադրման մեխանիզմները:

Հստակեցվել է նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը կուտակային կենսաթոշակը ստանալու համար պահանջ հանդիսացող հիվանդությունների ցանկը

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն սահմանված հիվանդությունների (վիճակների) ցանկը վերանայելու նպատակով: Օրենքի համաձայն՝ մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա ամբողջությամբ ստանալու պահանջ՝ Կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում՝ կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա։ Ըստ այդմ, վերանայված ցանկով մասնավորապես, առաջարկվում է՝ հստակեցնել սրտային անբավարարության, Կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի քրոնիկ պրոգրեսիվող կամ կայուն նյարդաբանական դեֆիցիտով հիվանդություններով, նորագոյացություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքերը, երբ օրենքի կիրառմամբ միանվագ կվերադարձվեն կուտակային հատկացումները։

Կկրճատվեն գործարար միջավայրի համար համապատասխանության գնահատման աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամանակի և ֆինանսական ռեսուրսները

Գործադիրը սահմանել է Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ՀՀ տարածք ներմուծվող և ՀՀ տարածքում իրացվող համապատասխանության գնահատման ենթակա պարենային արտադրանքի համար համապատասխանության գնահատման փաստաթղթերի ձևակերպման և ներկայացման, ինչպես նաև ազգային ռեեստրում ներառման պահանջները: Ըստ այդմ՝ առաջարկվում է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից՝ երրորդ երկրներից ներմուծելու դեպքում ՀՀ-ում գործող տեխնիկական կանոնակարգով սահմանված համապատասխանության գնահատման փաստաթղթի բացակայության կամ ԵԱՏՄ համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում չներառված համապատասխանության գնահատման մարմնի կողմից տրամադրված լինելու դեպքում արտադրանքը կրկին պահվում է մաքսային պահեստում մինչ ներմուծողի կողմից կապահովվի համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայություն՝ առանց փորձարկման, ինչի արդյունքում նախատեսվում է գործարար միջավայրի համար համապատասխանության գնահատման աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամանակի և ֆինանսական ռեսուրսների կրճատում:

Օրենսդրական նախաձեռնություն. առաջարկվում է խստացնել զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքից խուսափելու դեպքերի համար նախատեսված պատիժները

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքից խուսափելու դեպքերին համարժեք իրավական արձագանք տալու և նմանատիպ դեպքերը նվազեցնելու նպատակով առաջարկվում է խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասի և 462-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիաներով նախատեսված պատիժները: Ըստ հիմնավորման՝ ներկայում պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճը (2023 թվականի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ և 462-րդ հոդվածներով նախաձեռնվել է ընդհանուր 1499 քրեական վարույթ, իսկ 2024 թվականի ընթացքում՝ ընդհանուր 1779 քրեական վարույթ) վկայում է քրեական քաղաքականության վերանայման և հիշյալ արարքները կատարած անձանց նկատմամբ պատժողական խիստ քաղաքականության որդեգրման անհրաժեշտության մասին: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սանկցիայում «երկուսից հինգ» տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել «երեքից վեց» տարի ժամկետով ազատազրկմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվում է տուգանք պատժատեսակի չափը սահմանել տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով, իսկ ազատազրկման համար նախատեսված՝ «առավելագույնը երկու տարի» ժամկետը փոխարինել «մեկից երեք տարի» ժամկետով:

Խրախուսվում է հերթական ներդրումային ծրագիրը. Կոտայքի մարզում կհիմնվի 5-րդ սերնդի ապակե ջերմատուն

Գործադիրի որոշմամբ «ՊԻՈՆ» ՍՊԸ-ին թույլատրվել է օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը նախատեսվում է Կոտայքի մարզի Ալափարս գյուղում հիմնել է 4 հա ընդհանուր մակերեսով 5-րդ սերնդի ապակե ջերմատուն, որում աճեցվելու են բարձրորակ վարդեր և պիոներ: Ընկերությունը նախատեսում է իրականացնել 3 մլրդ դրամի ներդրում՝ սարքավորումների և հումքի ձեռքբերման, շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2028 թ. ընկած ժամանակահատվածում նախատեսվում է ստեղծել 60 նոր աշխատատեղ՝ 270 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 73.6 մլն դրամ:

Այլ որոշումներ

Գործադիրի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ է նշանակվել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանը:

Կառավարությունը հաստատել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Աջակցություն ոռոգման համակարգի արդիականացմանը» ծրագրի «Աջակցություն ոռոգման համակարգերի հիմնանորոգմանը» միջոցառման արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2025 թ. նախահաշիվը: Ոռոգման համակարգերի արդիականացմանն ուղղված նպատակային ներդրումների իրականացմամբ պայմանավորված՝ նախատեսվում է շարունակել Սևան-Հրազդանի ոռոգման համակարգից սնվող՝ «Ջրառ» ՓԲԸ-ի հաշվեկշռում Ստորին Հրազդանի ջրանցքի 2-րդ հերթի, Արզնի-Շամիրամ ջրանցքի 1-ին հերթի 1-ին և 5-րդ հատվածների և Արզնի-Շամիրամ ջրանցքի 2-րդ հերթի հիմնանորոգման աշխատանքները: Այդ աշխատանքների համար կհատկացվի 219,928.7 հազար դրամ։ Արդյունքում՝ նախատեսվում է ոռոգման համակարգերի ամրության և հուսալիության մակարդակի բարձրացում, կորուստների նվազեցում, Սևանա լճի ջրերի խնայողություն, ջրանցքների կայունության ապահովում, շահագործման աշխատանքների բարելավում, անխափան ջրամատակարարում։

Գործադիրը հավանություն է տվել 2025 թ. փետրվարի 28-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ըստ հիմնավորման՝ ԱԶԲ կողմից առաջարկվող արդյունքահեն վարկավորման (RBL) ծրագրով նախատեսվում է ներգրավել 45.3 մլն եվրո արժողությամբ վարկ: Վարկային ծրագրի նպատակն է խթանել բարեփոխումները հետևյալ ուղղություններով` առողջապահական հաստատությունների կառուցում ու բարելավում, առողջապահական ծառայությունների որակի գնահատում և հաշվետվողականության թվայնացում և ինստիտուցիոնալացում, բժշկական հաստատությունների լիցենզավորում, առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացում, հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացում, էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառության բարելավում:

← Վերադառնալ