ՀՀ վարչապետի ելույթները և ուղերձները
Նիկոլ Փաշինյանի ելույթը խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփող հանրահավաքին
- 1670x1113px - 724 Կբ
- 1670x1113px - 595 Կբ
- 1670x1113px - 477 Կբ
- 1670x1113px - 601 Կբ
- 1670x1113px - 675 Կբ
- 1670x1113px - 607 Կբ
- 1670x1113px - 490 Կբ
- 1670x1113px - 452 Կբ
- 1670x1113px - 408 Կբ
- 1670x1113px - 809 Կբ
- 1670x1113px - 387 Կբ
- 1670x1113px - 468 Կբ
- 2100x1400px - 4 Մբ
- 1670x1113px - 336 Կբ
- 1670x1113px - 347 Կբ
- 1670x1113px - 481 Կբ
- 1670x1113px - 443 Կբ
- 2100x1400px - 2 Մբ
- 1670x1113px - 448 Կբ
- 1670x1113px - 411 Կբ
- 2100x1400px - 3 Մբ
- 1670x1113px - 455 Կբ
- 1670x1113px - 258 Կբ
- 1670x1113px - 480 Կբ
- 1670x1113px - 258 Կբ
- 1670x1113px - 280 Կբ
- 1670x1113px - 234 Կբ
- 2100x1400px - 3 Մբ
- 1670x1113px - 914 Կբ
- 2100x1400px - 2 Մբ
- 1113x1670px - 403 Կբ
- 1670x1113px - 385 Կբ
- 1670x1113px - 464 Կբ
ևս 30 լուսանկար
Սիրելի՛ ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ,
Ողջունում եմ բոլորիդ:
Ճիշտն ասած, երեկվանից մեր քաղաքական թիմում բուռն բանավեճ կար, թե արդյոք մենք այսօրվա հանրահավաքը պիտի՞ անենք, թե՞ չանենք, որովհետև երևի նկատել եք, որ հարթակին կանգնած շատերի աչքը կպնում է: Համոզված եմ, որ ձեզնից շատերն էլ նորմալ չեն քնել մինչև լուսաբաց, հետևել են ընտրությունների արդյունքներին, բայց, ի վերջո, մենք որոշեցինք, որ հանդիպման վայրը փոխել չի կարելի։ Որովհետև մենք պայմանավորվել էինք, որ հունիսի 21-ին Հանրապետության հրապարակում պետք է հավաքվենք և ավարտին հասցնենք սկսված խոսակցությունը. ես կիսատ խոսակցություններ չեմ սիրում, և մեր խոսակցությունը, որը պայմանականորեն կարող ենք սկսված համարել քարոզարշավի առաջին օրը, այսօր ամփոփում ենք:
Մենք ի՞նչ էինք ասում. մենք ասում էինք՝ ժողովուրդը ցույց կտա, որ իր դեմ խաղ չկա, և ժողովուրդը ցույց տվեց, որ իր դեմ խաղ չկա: Եվ մենք ասում էինք այդ նույնը ոչ միայն ընդհանուր Հայաստանի ժողովրդի մասին, այլև մարզ առ մարզ: Ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, այսինքն՝ ժողովուրդը հաղթել է Սյունիքի մարզում, Վայոց ձորի մարզում, Արարատի մարզում, Արմավիրի մարզում, Շիրակի մարզում, Արագածոտնի մարզում, Լոռվա մարզում, Տավուշի մարզում, Գեղարքունիքի մարզում, նույնիսկ Կոտայքի մարզում և Երևան մայրաքաղաքում: Հաղթանակն արձանագրվել է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Գորիսում, Մեղրիում, Իջևանում, Էջմիածնում, Արմավիրում: Եվ մենք ասացինք, իրար հետ, այն, ինչ խոստացել էինք: Մենք այսօր եկել ենք ամփոփելու այդ ասելիքը՝ արձանագրելու համար, որ այսօրվա հանրահավաքով ամփոփում ենք նախընտրական քարոզարշավը, ընտրությունները:
Ես հույս ունեմ՝ մենք փաստացի այսօր կարձանագրենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանում սկսված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է, և մենք վաղվանից վերադառնում ենք լիարժեք աշխատանքի: Բայց պիտի արձանագրենք, որ պայմանները և միջավայրն այսօր էականորեն փոխված են։ Որովհետև Հայաստանի Հանրապետությունը մեր կառավարությանը, քաղաքական այս թիմին տվել է մանդատ՝ երկրում հաստատելու իրավունքի և օրենքի դիկտատուրա: Ժողովուրդն իրականացրել է պողպատե հեղափոխություն:
Ընդ որում, ուզում եմ արձանագրել, որ հեղափոխությունից հետո արդեն երկրորդ անգամ մենք Հայաստանում իրականացրել ենք այնպիսի խորհրդարանական ընտրություններ, որ, միջազգային և տեղական բոլոր դիտորդների համաձայն, համապատասխանել են ժողովրդավարության չափանիշներին և եղել են լիովին օրինական: Դիտորդները, այնուամենայնիվ, մեկ հանգամանք նշել են, և մենք դա բոլորս գիտենք, մեր աչքի առաջ է եղել, որ այո, այս քարոզչության, ընտրությունների ընթացքում կիրառվել է որոշակի ագրեսիվ հռետորաբանություն: Ես հիմա նույնիսկ չեմ ուզում, որ մենք քննենք, հետաքննենք՝ ո՞վ սկսեց, ե՞րբ և ինչո՞ւ:
Ես ուրիշ բան եմ ուզում ասել և ուզում եմ կոչով դիմել քաղաքական և հանրային գործընթացի բոլոր մասնակիցներին. Հայաստանի ժողովուրդը կայացրել է իր որոշումը, Հայաստանի ժողովուրդն ստեղծել է նոր քաղաքական իրադրություն և նոր քաղաքական իրավիճակ: Եվ այդ իրավիճակի առաջին կետը և հանգրվանը հետևյալն է՝ ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, հանրային մասնակիցներին սկսել մեկ պարզ կետից՝ վերջ դնել հայհոյախոսությանը: Ես առաջին հերթին մեր քաղաքական համախոհներին, կողմնակիցներին եմ կոչ անում, որ մենք վերջ դնենք հայհոյախոսությանը, որովհետև Հայաստանի և Արցախի պատմության մեջ նոր էջ է բացվում, և մենք պետք է այդ էջն սկսենք ազգային և հանրային ներուժի համախմբմամբ, նոր արժեքների, իրապես ժողովրդավարական արժեքների, պետական և ազգային արժեքների վերահաստատմամբ։
Առաջին հերթին՝ այո, ես ասում եմ, որ ինքս էլ, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, գուցե ստիպված, գուցե կամա, գուցե ակամա, չեմ խուսափել այդ տրամաբանությունից։ Բայց ես առաջինը ինքս եմ ստանձնում այդ պարտավորությունը և կոչ եմ անում մեր բոլոր կողմնակիցներին՝ վերջ դնել հայհոյախոսությանը, անհարկի ագրեսիվությանը, անհարկի թշնամանքին, որովհետև մենք լրջագույն մարտահրավերների առաջ ենք, և մենք պետք է մեր պետականության կառուցման այս նոր և հրաշալի էջը բացենք: Սա ամենևին չի նշանակում, սակայն, թե մենք նախկինում ժողովրդի առաջ մեր ստանձնած որևէ պարտավորությունից կհրաժարվենք: Ո՛չ: Հայաստանում լինելու է անառարկելի օրինականություն, կարգուկանոն և պատասխանատվության անխուսափելիություն:
Եվ ես երկրորդ առաջարկն եմ անում հանրային, քաղաքական կյանքի ձեզ հայտնի մասնակիցներին. դուք գիտեք, որ ժողովրդից գողացվածի վերադարձը մեր հրատապ օրակարգն է միշտ եղել: Նախորդ երեք տարվա ընթացքում - ես ուզում եմ, որ դուք այս նրբությունները ճիշտ տարբերակեք, սիրելի ժողովուրդ - մենք ոչ մեկից ոչ մի բան չենք խլել, չնայած կարող էինք։ Մենք ցանկացել ենք, որ երկրում գործեն ինստիտուտներ, որոնք դուրս կլինեն անձերի և անհատների քմահաճույքից: Եվ այսօր արդեն ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմը գործարկված է, որն անխուսափելի գործելու է: Բայց ես, իմ նախորդ առաջարկի տրամաբանության մեջ, ուզում եմ առաջարկել բոլոր այդօրինակ մարդկանց և հիշեցնել, որ մեր ընդունած օրենսդրական փոփոխությունների արդյունքում այդ մարդիկ, ովքեր ունեն նմանատիպ խնդիրներ, կարող են բանակցել պետության հետ՝ գողացվածն ինքնակամ վերադարձնելու վերաբերյալ: Ես բոլոր այդ մարդկանց կոչ եմ անում՝ հենց այսօրվանից չկորցնել հնարավորությունը և չհասցնել նրան, որ պետական թափանիվները սկսեն գործել: Կոչ եմ անում՝ անհապաղ սկսել բանակցություններ գողացվածը վերադարձնելու վերաբերյալ, որը կծառայի Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական օրակարգի սպասարկմանը:
Հաջորդը. ես ուզում եմ ասել, որ վաղվանից, վաղը առավոտվանից քաղաքական խորհրդակցություններ եմ սկսում խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, ովքեր երկխոսելու, քննարկելու հակվածություն ունեն: Եվ ես նաև հույս ունեմ, որ ժողովուրդն այս մանդատը տալիս է ինձ, որովհետև մենք, այո՛, պիտի մեր երկրի և ժողովրդի պատմության այս փուլում գնանք մեր մշակութային, գիտական, տնտեսական, բիզնես լավագույն ներուժի, հանրային և քաղաքական լավագույն ներուժի համախմբմանը և ողջ ներուժը մեր երկրի, ժողովրդի, պետության, Հայաստանի և Արցախի անվտանգությանը և բարեկեցությանը ծառայեցնելուն:
Նման երկխոսության կոչ եմ անում նաև բոլոր այն կառույցներին, սեգմենտներին, որոնց հետ այս ընթացքում բանավեճ և հակադրություն ենք ունեցել: Մենք պարզում ենք ձեզ համախմբման մեր ձեռքը՝ ընդգծելով, որ դա չի կարող որևէ կերպ կասկածի տակ դնել ժողովրդի առաջ մեր ստանձնած պարտավորությունը՝ գործադրելու պողպատե մանդատը և Հայաստանում հաստատելու իրավունքի և օրենքի դիկտատուրա:
Ես հոգևոր և կազմակերպչական երկխոսության կոչ եմ անում նաև մեր երկրի հոգևոր առաջնորդներին, որովհետև հավատում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ երեկ, խորհրդարանական ընտրություններում- ես դեռ Արարատի մարզում քարոզչական հանդիպումներից մեկի ժամանակ էի ասել- որովհետև ձայն բազմաց, ձայն Աստծո, և Աստծո ձայնին առավելևս որևէ հոգևոր սպասավոր հակադրվելու իրավունք չունի: Եվ մենք, այո՛, պիտի նորոգենք մեր երկրի հոգևոր կյանքը նույնպես, որովհետև մեր երազանքները կյանքի կոչելու համար, ըստ տեսության, մեզ ընդամենը մեկ բան չի հերիքել՝ մանանեխի հատիկի չափ հավատ չի հերիքել։ Մենք մեր սրտում, մեր գիտակցության մեջ պիտի ստեղծենք այդ հավատ, և երբ ունենանք այդ հավատը՝ մենք սարեր շուռ կտանք միասին, և մենք կունենանք ազատ և երջանիկ երկիր, ազատ և երջանիկ հայրենիք:
Հաջորդը. դուք տեսաք, որ, ցավոք, ոմանք փորձեցին կրկին իրենց նեղ քաղաքական նպատակների համար հակադրություններ սերմանել Արցախի և Հայաստանի հայության միջև։ Ուզում եմ ասել, որ դա անթույլատրելի է։ Հայ ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի կառավարությունը եղել է, կա և կլինի Արցախի կողքին, Արցախի ժողովրդի կողքին, և ուզում եմ՝ մենք այսօր մեր բարձր ծափերով հավաստենք, որ անմնացորդ նվիրված ենք Արցախի մեր եղբայրներին ու քույրերին, մեր նվիրական երազանքներին և Արցախի խնդրի արդարացի կարգավորմանը՝ ինչպես նախորդ ելույթում առիթ եմ ունեցել ասելու, «Անջատում հանուն փրկության» բանաձևի շրջանակում։
Ես հիմա նույնիսկ հարկ չեմ համարում ասելու, որ, այո, այդ ծանր աղետից հետո Հայաստանի կառավարությունը տասնյակ միջոցառումներ է արել։ Արցախի որևէ բնակիչ չի մնացել առանց Հայաստանի կառավարության աջակցության։ Ոչ մի բնակիչ։ Հայաստանի ժողովուրդը և կառավարությունը կանգնել են արցախցիների կողքին, և մենք միասին պետք է արմատախիլ անենք մեր միջև հակադրություններ սերմանելու որևէ փորձ։ Հայաստանի կառավարությունը, Սփյուռքը, արդեն ասել եմ, Արցախի կառավարության հետ համատեղ մեկնարկել են 100 մլրդ դրամի ներդրումային ծրագիր Արցախում՝ բնակարանաշինության, ենթակառուցվածքների։ Եվ մի բան ասեմ, չզարմանաք՝ դա ավելին է, քան 1990 թվականից ի վեր Արցախում կատարված բոլոր ներդրումները միասին վերցրած: Խոսքը վերաբերում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով և իրականացված ներդրումներին: Ուզում եմ հավատալ և համոզված եմ, որ այն մարդկանց, ովքեր հայաստանցի-ղարաբաղցի հակադրության վրա իրենց ձեռքերն էին տաքացրել երկար տարիներ և գրպանները լցնել, նրանց չի հաջողվելու դա անել: Եվ կրկին իմ առաջարկած տրամաբանությամբ՝ ուղղակի կոչ եմ անում հրաժարվել այդ գործելակերպից, ուղղակի կոչ եմ անում հրաժարվել: Եթե պետք է՝ խնդրում եմ, եթե պետք է՝ պահանջում եմ, այդպես պահանջում է հայ ժողովուրդը և Հայաստանի ժողովուրդը. չփորձեք արցախցիների և հայաստանցիների միջև հակադրություն մտցնել, չի հաջողվի, չի հաջողվի, չի հաջողվի:
Ժողովուրդ, և մեր վերջին պայմանը այսօր, որը կիսատ էր մնացել. նախորդ հանրահավաքի ժամանակ ես իմ խոսքն ավարտեցի հետևյալով, ասացի՝ հունիսի 21-ին հրապարակում հավաքվելու ենք և վանկարկելու ենք Հայաստան: Շատերին թվաց, թե ես սխալվել եմ՝ քաղաքական մրցակցի անունը հրապարակում վանկարկելով։ Ոչ։ Որովհետև Հայաստանը քաղաքական մրցակցի անուն չէ։ Հայաստանը մեր անունն է, Հայաստանը յուրաքանչյուր հայի անունն է, և ես նկատի ունեի, որ մենք այս հաղթանակով Հայաստան անունը վերադարձնելու ենք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր հայի:
Եվ ուրեմն՝ Հա-յաս-տա՛ն, Հա-յաս-տա՛ն, Հա-յաս-տա՛ն:
Ժողովուրդ, Հայաստանում ըստ այդմ քաղաքական ճգնաժամը հաղթահարված է և ավարտված: Մենք բոլորով՝ թե՜ հրապարակի ժողովուրդը, թե՜ հարթակի ժողովուրդը, բոլորով վերադառնում ենք Հայաստանը նորովի կառուցելու, մեր երեխաների այս օրը և ապագան կառուցելու ամենօրյա քրտնաջան և տքնաջան աշխատանքին, վերադառնում ենք Արցախի մեր եղբայրների և քույրերի, Արցախի Հանրապետությանը զորավիգ լինելու մեր աշխատանքին, մեր Զինված ուժերը, մեր բանակը բարեփոխելու, վերականգնելու մեր աշխատանքին, մեր երկրի տնտեսությունը զարգացնելու, մեր խոստացած 500 մանկապարտեզները և 300 դպրոցները, 2600 կիլոմետր ճանապարհները կառուցելու, առնվազն 7 տոկոս տնտեսական աճ արձանագրելու, պետական բյուջեի եկամուտները մեծացնելու, Հայաստանը և հայաստանցիներին հարստացնելու և երկիրը հարստացնելու աշխատանքին: Այսպիսով, այս հանրահավաքի իմաստը և նպատակը դա է, և հույս ունեմ, որ բոլորը.. այսինքն՝ չկա ուրիշ տարբերակ:
Ես ասում էի ձեզ, որ չի լինելու հետընտրական պրոցես: Հետընտրական պրոցես չկա ու չի լինելու ինչի՞ պատճառով՝ որովհետև ընտրությունները տեղի են ունեցել օրինական, արդար, և ժողովուրդը կայացրել է իր որոշումը: Ժողովրդի կայացրած որոշման հետ պարզապես անհրաժեշտ է հաշվի նստել:
Եվ մի կարևոր հայտարարություն՝ այսօր Հայաստանի Հանրապետության Ոստիկանության զորքերի օրն է: Սովորաբար այս օրը մենք Ոստիկանությունում, Ոստիկանության զորքերի կենտրոնակայանում անում ենք հանդիսավոր միջոցառում՝ Ոստիկանության զորքերի, մեր եղբայրների օրը շնորհավորելու, բայց նրանք՝ Ոստիկանության զորքերի բազմաթիվ ծառայողները, այստեղ են, և ես ուզում եմ, որ դուք բուռն ծափերով ողջունեք և շնորհավորեք նրանց:
Ես ուզում եմ ասել, որ մեր իրավապահ մարմինները՝ Ոստիկանությունը, Ոստիկանության զորքերը, Ազգային անվտանգության ծառայությունը, Պետական պահպանության ծառայությունը, Դատախազությունը, Հատուկ քննչական ծառայությունը, Քննչական կոմիտեն, նաև մեր դատարանները, իսկապես բարձր մակարդակով ապահովեցին Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազատ ընտրելու իրավունքը և հնարավորությունը: Եվ մենք, այո, պետք է գնահատենք նրանց աշխատանքը։ Խնդրում եմ բուռն ծափերով եկեք գնահատանքի մեր վերաբերմունքը ցուցաբերենք: Պարզվում է՝ այսօր նաև Բուժաշխատողների օրն է, և շնորհակալ ենք, սիրելի բուժաշխատողներ, այս ընթացքում ձեր կատարած ծառայությունների համար:
Ուզում եմ ընդգծել նաև, որ Ոստիկանության զորքերի բազմաթիվ ծառայողներ, ինչպես նաև բազմաթիվ բուժաշխատողներ շատ մեծ մասնակցություն են ունեցել 44-օրյա պատերազմին, մեր հայրենիքի պաշտպանությանը, և նրանցից շատերը զոհվել են: Կարծում եմ որ իմաստ ունի ևս մեկ անգամ Ոստիկանության զորքերի և նաև Բուժաշխատողի օրվա կապակցությամբ մեկ րոպե լռությամբ հարգել մեր բոլոր ժամանակների բոլոր նահատակների հիշատակը: Լույս իջնի ձեր հոգիներին:
Եվ, ուրեմն՝
Հայաստանի Հանրապետության քաղաքացին արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետությունում ապագա կա, կա ապագա, ապագա կա, կա ապագա կա, ապագա կա, ապագա կա։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ:
Եվ ուրեմն՝
Կեցցե՜ ազատությունը
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը
Կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում, ազատ և երջանիկ Արցախում։
Հա-յաս-տա՛ն, Հա-յաս-տա՛ն, Հա-յաս-տա՛ն:
Եվ, ուրեմն՝
Սիրելի՜ ժողովուրդ հերթական անգամ դու հաղթեցիր։ Այս ընտրություններում դու հաղթեցիր, և արձանագրելով, որ դու ես տերը մեր երկրի, Հայաստանի Հանրապետության քաղաքացին է տերը մեր երկրի:
***
Հանրահավաքի ժամանակ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն՝ ժողովրդի ներկայացուցչի կողմից Պողպատե մանդատ է հանձնվել նորընտիր վարչապետին։ Մանդատը խորհրդանշական է և ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսք։
Նիկոլ Փաշինյան - Եվ, այո՝ արդեն խոսել ենք սրա մասին, որ այս մանդատն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվում է ժողովրդի կամքով իրավունքի և օրենքի դիկտատուրա: Հենց այս պահից, հենց այս վայրկյանից, և այս մանդատը մենք իրականացնելու ենք լիարժեք: Այո, այս մանդատի մեջ մուրճ էլ կա, սուր էլ կա, բահ էլ կա, այս մանդատի մեջ կա այն ամենը, ինչ անհրաժեշտ է ազատ, երջանիկ, հզոր Հայաստան կառուցելու համար: Շնորհակալ ենք ձեզ՝ այս մանդատը մեզ շնորհելու համար և հավատացեք՝ մենք այն անմնացորդ կծառայեցնենք ձեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն և ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը:
Եվս մեկ անգամ՝ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ: