ՀՀ վարչապետի ելույթները և ուղերձները

Վարչապետի եզրափակիչ ելույթը՝ Ազգային ժողովում Կառավարության 2022 թվականի ծրագրի կատարման զեկույցի քննարկմանը

21.04.2023

ևս 8 լուսանկար



Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,

Կառավարության հարգելի անդամներ,

Սիրելի ժողովուրդ,

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի նախագահին՝ այսօր առավոտյան կայացրած որոշման համար և նաև շնորհակալություն հայտնել ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ղեկավարին՝ կառուցողական ելք առաջարկելու համար: Վերջին երեք, արդեն չորս օրերին ես առավելագույն ժամանակ եմ անցկացրել Ազգային ժողովում, որովհետև կարևոր եմ համարել բոլոր պատգամավորների հարցերը լսելը, այդ թվում՝ ընդդիմության, ելույթները լսելը և բացակայել եմ միայն այն դեպքում, երբ այլ կերպ հնարավոր չէր: Եվ ցավում եմ, որ մեծամասնության մի քանի պատգամավորների և ընդդիմության մի քանի պատգամավորների ելույթները բաց եմ թողել, բայց նաև համացանցով փորձել եմ լրացնել այդ բացը:

Ընդհանուր առմամբ, և ուզում եմ ընդգծել՝ սա ոչ միայն ինստիտուցիոնալ մոտեցում է, ինստիտուտի նկատմամբ հարգանք, որովհետև մենք խորհրդարանական երկիր ենք և խորհրդարանական դեբատներում պիտի գեներացվի հիմնական քաղաքական միտքը, այլև իսկապես շատ կարևոր է վերլուծել ամեն նախադասություն և փորձել ցանկացած նախադասության միջից դուրս բերել ռացիոնալը, ինչը հետագայում իրապես կարող է դառնալ քաղաքական միտք: Եվ կարևոր է նաև տալ որոշ պարզաբանումներ, արձագանքել որոշ պնդումների և թեզերի:

Ընդհանուր առմամբ, ընդդիմության մեր հարգելի գործընկերների միտումն էր՝ ցույց տալ, որ Կառավարության ներկայացրած զեկույցը, ըստ էության, մի փաստաթուղթ է, որի մեջ ընդգծված ձեռքբերումները Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն զգում: «Հայաստան» խմբակցության ղեկավարը հենց այդպես էլ ասաց:

Բայց պիտի արձանագրեմ, որ բացարձակապես համաձայն չեմ, որովհետև, ընդհակառակը, սա այն դեպքն է, որ մեր նշած ցանկացած տող Հայաստանի Հանրապետության կոնկրետ քաղաքացին չի կարող պարզապես չզգալ, որովհետև վերջին հինգ տարում կառուցված, հիմնանորոգված և նորոգված՝ 2500 կմ ճանապարհներով քաղաքացին չի կարող չերթևեկել և չի կարող դա չնկատել: Չի կարող չնկատել, որ հենց ընտանեկան բյուջեի միջոցները, որ նախկինում ավտոմեքենաներ նորոգելու վրա էին ծախսում, հիմա ծախսում են գուցե այլ կարիքների համար: Չեն կարող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չնկատել 437 568 դեպք առողջապահական լրացուցիչ ծառայությունը, որ ստացել են Հայաստանի Հանրապետության առողջապահական հիմնարկներում: Դա հնարավոր չէ չնկատել, որովհետև դա թիվ չէ, դեկլարացիա չէ. դա մարդիկ են, ովքեր կոնկրետ ստացել են այդ ծառայությունները՝ բյուջեի հաշվին: Չի կարող ատեստավորված ուսուցիչը չնկատել, որ իր աշխատավարձը կրկնապատկվել է: Եվ մենք բոլորս չենք կարող չնկատել, որ Հայաստանի Հանրապետությունում կա ուսուցիչ, ով ստանում է 400-450 000 ՀՀ դրամ աշխատավարձ: Սա մի իրողություն է, որը երբեմնի ֆանտաստիկայի ժանրից է: Չեն կարող Հայաստանի Հանրապետության 29 000 քաղաքացիները չնկատել, որ 2022 թվականի ընթացքում Կառավարությունից ստացել են 35 մլրդ ՀՀ դրամ՝ բնակարաններ ձեռք բերելու համար: Չեն կարող գիտնականները չնկատել, որ իրենց աշխատավարձը բարձրացել է 66-166 տոկոսով:

Չեն կարող չնկատել այն մարզիկները, ովքեր ստանում են Կառավարության աջակցությունը: Առանց անհատական տվյալները բացահայտելու, որովհետև չի կարելի, ասեմ, որ վերջին օրերին մամուլի վերնագրերում հայտնված մեր մարզիկները, մինչև իրենց այդ հերթական հանգրվանը, օրինակ՝ մեկ հոգի Կառավարությունից ամեն ամիս ստացել է 1 400 000 ՀՀ դրամ, 2 հոգի ստացել են ամսական 760 000 ՀՀ դրամ, 1 հոգի՝ ամսական 400 000 ՀՀ դրամ, 1 հոգի՝ 350 000 ՀՀ դրամ, 2 հոգի՝ 300 000 ՀՀ դրամ, 4 հոգի՝ 150 -270 000 ՀՀ դրամ: Եվ Կառավարությունը առաջին հաջողություններից նրանց ուղեկցում է: Ուրիշ բան, որ մենք, ամեն անգամ այդ փողը տալով, ռեպորտաժ չենք անում, մեծ միջոցառումներ չենք կազմակերպում, այդ մարզիկների ֆոնին չենք նկարվում: Սրանք օլիմպիական մարզաձևերին են վերաբերում: Ասեմ նաև, որ արձանագրելով սամբո ըմբշամարտի մեր թիմի հաջողությունը՝ ես հանձնարարական եմ տվել, որ սամբոն նույնպես ընդգրկվի մարզաձևերի այդ ցանկում, և մեր չեմպիոններին նույնկերպ մենք այդ վճարումները կիրականացնենք, մանավանդ որ այս տարի նոյեմբերին մենք պատրաստվում ենք հյուրընկալել Սամբոյի աշխարհի առաջնությունը:

Չեն կարող ավելի քան 700 000 աշխատողները չնկատել, որ իրենց միջին աշխատավարձը, 2021 թվականի դրությամբ, 2022 թվականին ավելացել է 31 528 ՀՀ դրամով: Մեր ընդդիմության ներկայացուցիչներն ասում են, որ հազարավոր քաղաքացիներ սոված են քնում: Կարող է լինել և կա այդպիսի բան, բայց մենք ասում ենք, որ աշխատաշուկայում հազարավոր թափուր աշխատատեղեր կան: Հազարավոր: Ավելին ասեմ՝ մի քանի ժամ առաջ հրապարակվել է աշխատատեղերի վերաբերյալ նոր ցուցանիշը, և մենք ունենք նոր պատմական ռեկորդ՝ 706 000 աշխատատեղ, նախկինը 704 000 էր: Այս տարվա մարտին, նախորդ տարվա մարտի նկատմամբ, ունենք 51 000-ով ավելի աշխատավարձ: Սրանք այն մարդիկ են, որոնք գուցե այլևս սոված չեն քնում, որովհետև աշխատում են և ստանում են աշխատավարձ: Ավելին, 2019 թվականի մարտի նկատմամբ՝ աշխատավարձի համախառն ֆոնդը կրկնապատկվել է: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատող քաղաքացիներն այս տարվա մարտին կրկնակի ավելի շատ աշխատավարձ են ստացել, քան 2019 թվականին, և 2019 թվականին, որտեղ դեռ նախորդ տարիների նկատմամբ կրկին համեմատական աճը մեծ էր:
Չեն կարող մեր մարզերի բնակիչները չնկատել, որ վերջին 5 տարում մարզերում ներդրվել է 1,2 մլրդ ԱՄՆ դոլար: Հայաստանի Հանրապետության մարզերում երբեք, որևէ հնգամյակում այս չափի ներդրում չի եղել: Ուզում եմ հիշեցնել, որ մեր խորհրդարանում կան մարդիկ, ովքեր և շարունակում են իրենց ներկայացնել որպես Սյունիքի համարյա թե իրավատեր և սեփականատեր: Սյունիքի մարզում 2018 թվականից մինչև օրս Կառավարությունը ներդրել է 100 մլրդ ՀՀ դրամ: Ոչ մի մարզում մենք ավելի մեծ ներդրումներ չենք արել, ինչքան արել ենք Սյունիքի մարզում: Հիմա եկեք տեսնենք՝ իսկ ի՞նչ էր տեղի ունենում դրանից առաջ Սյունիքի մարզում: Իսկ որևէ մեկը հաշվե՞լ է, թե Սյունիքի մարզում մինչև 2018 թվականը քանի հայկական գյուղ է դատարկվել, ֆիզիկապես: Տասնյակ գյուղեր դատարկվել են, և բոլորը գիտեն դրա մասին:

Խոսում ենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին, այստեղ ներկայացվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից 2022 թվականին վճարված հարկերը: Իսկ դրանից առաջ որտե՞ղ են եղել, ո՞ւր են գնացել այդ հարկերը: Ասում եք՝ խոստումները չեք կատարել. Կապանում մենք խոստացանք, ասացինք՝ բավական է, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Հայաստանի ժողովուրդը՝ ի դեմս Կառավարության, իր մասնաբաժինն է ունենալու: Երբ այդ մասնաբաժինը ստացվեց, և հերթով այս կոռուպցիայի ծորակները փակեցինք, մի կուսակցություն կար այստեղ, ցաքուցրիվ եղավ, 11 կտորի բաժանվեցին 6 հոգին: Ինչո՞ւ, որովհետև նրանց դարդն ամենևին էլ Սյունիքն ու Հայաստանը չէր: Այդ ԶՊՄԿ-ից եկող ծորակիկներն էին, որոնցից սնվում էին, կտրվեցին: Փակեցինք, հիմա նրանք այլևս էլ քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում, որովհետև հիմա փորձ են անում դեռ փախցրած մի քանի միլիոն դոլարները տանել-թաքցնել, որ վայելեն: Չմտածեք, դրանց հետևից էլ ենք գալու: Այսօր ի՞նչ ենք անում. նախընտրական ծրագիրը, որը շատ արագ՝ երկու ամսվա ընթացքում, իրականացրել ենք, և այսօր Սյունիքում 40 կրթահամալիր ենք կառուցում: Ասում եք՝ մեր երեխեքը, այդ մեր երեխեքը չե՞ն, որ կրթություն են ստանում: Ձեր երեխեքը եվրոպաներում, այստեղ էլիտար դպրոցներում սովորել են, իսկ մեր երեխեքը հովիվ էին:

Գեղամ Նազարյանի ելույթը լսեցի և հույս ունեի, որ ինքը մի թեմայի կանդրադառնար, բայց չանդրադարձավ: Ինքը չանդրադարձավ նրան, որ Կառավարությունը, այդ թվում՝ իր հարցուպատասխանի շնորհիվ, այսօր հետևյալն է ասում. այդ թվում՝ Սյունիքին, այդ թվում՝ այդքան թվարկված Աճարկուտին ու Կիրանցին, բոլոր սահմանամերձ, սահմանապահ մարզերին, ասում է՝ ժողովուրդ ջան, եթե հող ունեք, տուն կառուցեք, Կառավարությունը ձեզ 16 մլն ՀՀ դրամ է տալիս և փակում է ամբողջ գումարը 5-10 տարվա ընթացքում, տոկոսն էլ հետը, տուն կառուցեք սահմանամերձ բնակավայրում: Իսկ ինչո՞ւ չեք ասում՝ Դուք եք չէ՞ առաջարկել: Ոչ թե Դուք եք առաջարկել, այլ մենք ծրագիրն ընդունել ենք, Դուք ասել եք, որ լավ չի աշխատում ծրագիրը, պետք է լավարկել, լավարկել ենք: Ինչո՞ւ ենք լավարկել: Այդ թվում՝ լավարկել ենք և անում ենք ի հիշատակ մեր ընկած զինվորների:

Երևանցին չի կարող չտեսնել տարբերությունը, որովհետև այսօր տասնյակ նոր ավտոբուսներ դուրս են գալիս երթուղի, չի կարող հարյուրավոր փոխված վերելակները չտեսնել, ուզենա էլ, չի կարող չտեսնել: Քաղաքացին չի կարող չտեսնել, որ Պարեկային ոստիկանության համար կապ չունի՝ պատգամավոր ես, նախարար ես, վարչապետի բարեկամն ես, ում բարեկամն ուզում ես եղիր: Եվ այստեղ խնդիրը միայն այն չէ, որ ինչ-որ մարդկանց կանգնեցնում են, խնդիրն այն է, որ մարդկանց արժանապատվությունն է դրանով պահպանվում և պաշտպանվում, որովհետև երբ մարդը տեսնում է, որ երկրում չկա առաջին սորտի մարդ, երկրորդ սորտի մարդ, այո, իրեն էլ կբռնեն, կպատժեն, պատժել այն առումով, որ օրենքով սահմանված միջոց կձեռնարկեն: Ինքը չի տեսնում, որ փոքր խախտման համար իրեն պատժում են, մեկ էլ ինչ-որ մեկը գալիս է «գելենվագենով» անցնում է, այնպես են անում, որ չտեսնեն: Չի կարող չնկատել:

Բիզնեսը չի կարող չնկատել, որ 2022 թվականին 2021 թվականի համեմատ առևտրաշրջանառությունը 2 տրլն ՀՀ դրամով աճել է: 5 մլրդ ԱՄՆ դոլարի մասին է խոսքը՝ ո՞ւր է գնացել այդ գումարը. այդ գումարը գնացել է փոքր բիզնեսի, մեծ բիզնեսի, միջին բիզնեսի գրպանն է գնացել, սրանով են աշխատատեղեր ստեղծվել: Դուք գիտե՞ք մարդ, որ այսօր իշխանության հետ հատուկ հարաբերությունների շնորհիվ կարող է հարկ չվճարել: Բացառված է այդպիսի բան: Եվ պետք է արձանագրել. այսօր բիզնեսը, ես անընդհատ դա եմ ասում, նայում է, թե ինքն ինչքան փող է աշխատել նախորդ տարվա ընթացքում, չի հավատում իր աչքերին, որովհետև չի եղել, որ իր ամեն աշխատած կոպեկի վրա իշխանության 4-5 ներկայացուցիչ չկանգնի, չի եղել այդպիսի բան: 2022 թվականին Հայաստանը պատմականորեն շահութահարկի ռեկորդ է ունենալու, այսինքն՝ Հայաստանում բիզնեսը պատմական ռեկորդ է սահմանել շահույթի, որովհետև ոչ ոք իր շահույթին վայիս չի եղել, ասել ենք՝ վճարեք հարկերը և ոչ մի խնդիր չունեք, իսկ ով չի վճարել հարկերը, նրանց հետևից պետք է գնալ:

Լավ, այս ամենն ինչի՞ համար եմ ասում՝ ասելու, որ ընդդիմության բոլոր փաստարկները սխալ են, որ ամեն ինչ փայլուն է և վարդագույն: Ոչ, իհարկե: Իսկ եթե ամեն ինչ այսքան լավ է, ինչո՞ւմն է պրոբլեմը: Պրոբլեմն այն է, որ մարդիկ տագնապած են, մարդիկ կսկիծ ու դառնություն ունեն իրենց մեջ: Մեծ անորոշություններ կան, և պետք է ուղիղ ասել, որ մենք ապրում ենք անվտանգության ճգնաժամ: Այո, դա պետք է ասել, և սրա պատասխանատվությունից ոչ ոք չի պատրաստվում հրաժարվել: Իմիջիայլոց, որ անընդհատ այդքան ասում եք` իշխանությունը հեռանա, հարգելիներս, հոդված եք մեջբերում` իշխանությունը հեռացել է: Կրկին եմ ասում՝ շատ ներկաներ այստեղ նստած են իշխանության հեռացման շնորհիվ, որովհետև ձեր տեղն ուրիշ մարդիկ էին նստած: Որ մենք չհեռանայինք, դուք այստեղ ի՞նչ էիք անում: Իշխանությունը, Կառավարությունը, մենք հեռացել ենք, բայց մենք չենք փախել. մենք ժողովրդին ասել ենք՝ ժողովուրդ, սա է, թող մեր ընդդիմությունն էլ գա, ասի՝ ինչն ինչոց է, մենք էլ մեր տեսակետն ասենք, դուք եղեք դատավոր: Ժողովուրդը դատավոր է եղել, ժողովուրդը այդ բոլոր գրած, չգրած հոդվածները կարդացել է:

Եվ այստեղ հաջորդ մի երանգը, որը ես ռացիոնալ եմ համարում: Ընդդիմադիր մեր գործընկերների կողմից մի քանի տեղ, ոչ ուղղակի, բայց այս երանգը հնչեց. լավ, այս անվտանգային միջավայրում ինչ եք եկել ասում՝ ասֆալտ ենք անում, լույս ենք քաշում, գուցե այդ ամբողջ միլիարդները, որի մասին խոսում եք, ամբողջը դնենք անվտանգության վրա, ասֆալտի հերն էլ անիծած: Սրա մեջ տրամաբանություն կա, բայց էլի ամբողջական չէ, որովհետև նախ ասֆալտն ինքը նույնպես անվտանգային խնդիր ունի, որովհետև ասֆալտը նաև զորքի շարժունակությունն է, անվտանգային համակարգի շարժունակությունն է: Եվ երկրորդը՝ իսկ ո՞վ է ասել, որ եթե այսօր, օրինակ, 5 մլրդ կամ 2 մլրդ տանք, 1 մլրդ տվել ենք, կրկնակի տանք մեր բանակին կամ մեր ցանկացած պետական կառույցին, այդ կառույցն ի վիճակի է ծախսել: Այստեղ ֆունդամենտալ խորը խնդիրներ ունենք՝ ինստիտուցիոնալից մինչև պրակտիկ: Այսօր չենք կարողանում այդ գումարները լիարժեք ծախսել՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Եվ եթե որևէ մեկին թվում է, թե այդ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներին ավելի լավ է տիրապետում, գլուխ գովալու հարց չէ: Երբ դուք էիք իշխանություն, դուք էիք ավելի լավ տիրապետում, բացառված էր, որ ընդդիմությունն ավելի լավ տիրապետեր: Այսօր մենք ենք Կառավարություն, մենք ենք ձեզանից լավ տիրապետում: Այստեղ, մեծ հաշվով, վիճելու բան էլ չկա:

Բայց երբ ես ասում եմ անվտանգության ճգնաժամ, մենք պետք է հասկանանք՝ այդ ինչ անվտանգության ճգնաժամ է: Սա մեր անկախության օրոք ստեղծված անվտանգային ճարտարապետության ճգնաժամ է: 2020 թվականին չի ստեղծվել այդ ճգնաժամը, այդ ճգնաժամն ստեղծվել է ավելի շուտ: Եվ, օրինակ, այո, տարեթվեր կարող ենք նշել: Այո, հոկտեմբերի 27-ն էլ հիշատակվեց, այն մեր անվտանգային ճարտարապետության խորքային և լրջագույն ճգնաժամի արտահայտություն էր, բայց հետագայում էլ, եթե գալիս ենք Ղարաբաղի հարցին և տարածաշրջանին, օրինակ, մեզ ասում եք, էլի հարցուպատասխանի ժամանակ խոսվեց, որ մենք այդ ճգնաժամը ստեղծել ենք: Մե՞նք ենք ստեղծել մեր անվտանգային համակարգի այդ ճգնաժամը:

Եկեք գնանք 2011 թվական: Իսկ ինչ՞ եղավ: Շատ լավ դիվանագիտություն էիք վարում, շատ լավ բանակցող էիք, այդ ինչպե՞ս եղավ, որ մեր ռազմավարական դաշնակիցը երեք միլիարդի զենքի գործարք կնքեց Ադրբեջանի հետ: Դուք էլ գնացիք հեռվից՝ Արգենտինայից, դրա հետ կապված մտահոգություն հայտնեցիք: Երևի այդքան հեռու գնացել էիք՝ տեսնելու այդ հայտարարությունից հետո կարողանո՞ւմ եք հետ գալ, թե՞ չէ, հետո տեսաք՝ կարծես թե նորմալ է, թողեցիք, հետ եկաք:

Այդ ճգնաժամը 2016-ին է եղել, դրանից առաջ է եղել: Ոչ ոք հիմա չի հիշում. Եվրամիության հետ ասոցացման պայմանագիր էիք ստորագրում, հետո ասոցացման պայմանագիրը մեկ օրում հանկարծ որոշեցիք չստորագրել: Արտաքին քաղաքականության մասին այդքան մեզ հայհոյում եք, ինչ ասես ասում եք, ձեզ թվում է՝ այս ամեն ինչը մոռացվե՞ց: Ի՞նչ եղավ, որ մեկ օրում որոշեցիք՝ երեք տարի, գուցե ավելի երկար բանակցել էիք ասոցացման համաձայնագիր ստորագրելու մասին, մեկ էլ մեկ օրում ամեն ինչ շրջվեց: Ի՞նչ եղավ, ինչպե՞ս եղավ, ի՞նչ էիք բանակցել, ինչպե՞ս էիք բանակցել:

Կրկին այստեղից անդրադարձ եղավ բաների, որոնց տասնյակ անգամ անդրադարձել եմ: Բայց, ի վերջո, մի սովետական մուլտ կա՝ «это будет так», այսպես էր լինելու, այնպես էր լինելու, իրենք այս կողմից էին մտնելու, մենք այս կողմից, այս կարգավիճակով և այլն: Թող լիներ, հարգելիներս, թող լիներ: Եթե այդպես էր լինելու, ինչո՞ւ էիք 2018 թվականի ապրիլին այս ամբիոնից բանակցային գործընթացի կանգ ազդարարում, ինչո՞ւ էիք պատերազմի անոնս անում, եթե այդպես էր լինելու: Ասեիք՝ չէ, այսպես է լինելու: Այսօր այս տեքստը, երբ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչն այստեղից հնչեցնում էր, «Պատիվ ունեմ» խմբակցության լիդերը, երբ իր խմբակցության պատգամավորը հարց էր տալիս, ասում էր՝ Ղարաբաղի բանակցություններից ինչ կա, թող այս ամբիոնից ասեր՝ ուրեմն, ժողովուրդ ջան, լսեք, այսպես է լինելու, այնպես է լինելու: Այսօր մենք կհավատայինք:

Տեսեք, ինչ են ասում: Ես կրկին չեմ ուզում, որ մեղադրանքի համատեքստում լինի, ուզում եմ՝ մենք մեր տրամաբանությունը հասկանանք, ասում են՝ Ադրբեջանն էր չստորագրողը: Սա այնքան տարածված բան է, ասում են՝ Հայաստանն այնպես էր անում, որ Ադրբեջանը չստորագրի, Ադրբեջանը դառնում էր դեստրուկտիվ, Հայաստանը՝ կոնստրուկտիվ, և Հայաստանի դիրքերն ամրանում էին: 2011 թվականին Ադրբեջանը չստորագրեց, գնաց ու չստորագրեց՝ ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո. Ադրբեջանին զենք վաճառեցին, Ադրբեջանը սկսեց էսկալացիա: Քննիչ հանձնաժողովում սրա մասին շատ ավելի մանրամասն կխոսենք՝ ցույց տալու համար, թե 2011 թվականին Ադրբեջանի չստորագրելուց հետո սահմանին հրադադարի խախտման դեպքերը քանի տասնյակ հազար անգամով են ավելացել ու դարձել պատերազմ:

Մեր բանակցությունների արդյունքում Ադրբեջանն ստացավ բանակցային սեղանի շուրջ «ոչ» ասելու լեգիտիմ իրավունք: Իսկ Հայաստանն իրավունք չուներ «ոչ» ասելու, իրավունք չուներ «ոչ» ասելու: Մեր ընդդիմության ներկայացուցիչները, ներկայացնելով բանակցային իրենց մեթոդաբանությունը, ի՞նչ են ասում՝ Ադրբեջանը կորցրեց հույսը, որ իր հարցը կլուծի բանակցային եղանակով, ինչից ակնհայտ է դառնում, որ մեր բանակցային ռազմավարությունը եղել է այս՝ Ադրբեջանին անընդհատ տալ հույս, որ իր խնդիրը կլուծի բանակցային եղանակով: Իսկ Ադրբեջանն ի՞նչ խնդիր ուներ՝ ինքը ոչ ոքից երբեք էլ չի թաքցրել:

Եվ այդ անհեթեթ կարգախոսը՝ «ամենավատ բանակցություն ավելի լավ է, քան ամենալավ պատերազմը»: Սա անհեթեթություն է: Հիմա դրա արդյունքում ամենավատ բանակցություններով բերեցինք-հասցրեցինք 2016 թվականի պատերազմին: 2020 թվականի պատերազմը 2020 թվականի սեպտեմբերին չի սկսվել, 2020 թվականի պատերազմը սկսվել է 2015 թվականի օգոստոսին, 2016 թվականի ապրիլին, և չորս օր հետո կանգնել է: Ասում են՝ մայիսին եք մասնակցել: Առաջին օրն եմ զանգել, Պաշտպանության նախարար է եղել պարոն Օհանյանը, հենց առաջին օրը՝ նույն առավոտյան, Հրազդանում ընտրություններում նախընտրական շտաբի պետ էի, զանգել եմ Պաշտպանության նախարարին: Մինչև կազմակերպել են, դա էլ է արագության խնդիր: Բանակի մասին եք ասում, ասում եք՝ բանակն այսպես, բանակն այնպես, պատգամավորն ասում է՝ հայկական, թե ոչ հայկական բանակ, ասում եք՝ այս ինչ եք ասում: Իսկ համոզվա՞ծ եք, որ սխալ է ասում: Բանակի մասին եք ասում. դուք գիտեք, որ բանակի ամենակարևոր ուժը պատերազմի ժամանակ ՄՈԲ ռեսուրսն է: Ձեր նախարար լինելու օրոք քանի՞ անգամ են վարժական հավաքներ տեղի ունեցել, ի՞նչ մասշտաբով, ամեն տարի ի՞նչ մասշտաբով են տեղի ունեցել: Դրա համար էր, որ 2020 թվականին մեր ՄՈԲ ռեսուրսը ո՛չ կրակել գիտեր, ո՛չ էլ ընդհանարապես տեղում կողմնորոշվել: Սա է Ձեր ասածը: Չեմ ուզում սա ասել մեղադրանքով, իրողությունն եմ ասում:

Հիմա էլ ասում են՝ այն ժամանակ ինչո՞ւ չեք հանդիպել բանակցած մարդկանց հետ, խորհրդակցել: Հանդիպել ենք, և առաջին հայացքից առաջին տպավորությունը եղել է այն, որ այս մարդկանց թվում է, թե մենք միամիտ ենք: Կամ, կներեք, ինչո՞ւ պիտի բանակցային արդյունքների մասին հանդիպումներով իմանայինք: Սա պետությո՞ւն չէ, ո՞ւր է բանակցությունների ընթացքը՝ արձանագրված Արտաքին գործերի նախարարությունում: Ցաքուցրիվ, դարակների տակից, սառնարանի ոտքի տակից մի երկու թուղթ ենք գտել, իրար կպցրել: Այսինքն՝ մենք տառաճանա՞չ չենք, չենք կարողանո՞ւմ կարդալ: Կամ եթե նույն Սերժ Սարգսյանը, նույն Վարդան Օսկանյանը, մյուսները բան ունեին ասելու, այդ ինչպե՞ս է՝ Սերժ Սարգսյանն ինձ մոտ մարդ էր ուղարկում, ասում էր՝ գիտես ինչ, տանս հարցը լուծի, չէր կարողանում լուր ուղարկել, որ Ղարաբաղի հարցում, գիտես, այսպիսի բաներ կան: Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը գալիս էր, ինձ հետ էր սուրճ խմում՝ նույն տեղը ամիսներ, տարիներ, գնում էր, իր հետ էր սուրճ խմում: Ինձ ասում էր, որ գնում է այնտեղ, իրեն էլ ասում էր, որ գալիս է: Թող գրեր, անստորագիր գրեր, լուր ուղարկեր: Օսկանյանն իբր այն ժամանակ բան պիտի ասեր, ասում եմ՝ թող հիմա ասի: Ասում է՝ պիտի ասեի, որ կամ 5 շրջանը տուր կամ 7-ը կամ 4-ը կամ 3-ը: Այն ժամանակ ասեիք, հրապարակային ասեիք, երկուսդ էլ ասեիք, ասեիք՝ վեր կաց և հողերը հանձնի: Ինչո՞ւ չէիք ասում: Իսկ ինչո՞ւ էիք ասում՝ եկել է՝ հողերը տա, հողերը տալիս է, եկել է՝ հողերը տա: Ասեիք՝ լսի, հազիվ եկել ես, հազիվ լեգիտիմ ես, տուր հողերը, տուր հողերը: Դժվա՞ր էր այդ ամեն ինչն անել:

Հիմա սխալների մասին: Բազմաթիվ սխալներ են եղել, բազմաթիվ՝ ինձնից առաջ էլ, իմ ժամանակ էլ, ցավոք, հետո էլ են սխալներ լինելու, հարցը դա չէ: Բայց ո՞րն է ամենամեծ սխալը. և՛ ասեմ, և՛ հերքեմ, և՛ ասեմ, և՛ փորձեմ հակառակը ցույց տալ: Ամենամեծ սխալն այն է, որ անցած տարի իմ ունեցած ելույթն այստեղից՝ նշաձողի ցածրացման մասին պետք է 2019 թվականին ունենայի: Պետք է ասեի այն, ինչ այսօր ասել եմ: Կրկին ուզում եմ ասել: Եվ ոչ միայն խոսելով մեր ընդդիմադիր գործընկերների, այլև իշխանության մեծամասնությունը ներկայացնող մեր գործընկերոջ մի արտահայտության մասին: Ախր ինքնորոշման մեր կոնցեպտը մենք չենք հասկացել և չենք էլ հասկանում մինչև հիմա՝ ինչ ենք ասել: Ինքնորոշմանը ես իմ ելույթում մանրամասն անդրադարձա: Հարց՝ ինքնորոշվել-վերջացրե՞լ է Լեռնային Ղարաբաղը: Եթե ինքնորոշվել է, ուրեմն մենք խնդիր չունենք, հարցը լուծված է, իսկ եթե չի ինքնորոշվել, նշանակում է՝ ինքն ինչ-որ բանի մաս է, որից պետք է ինքնորոշվի, մի կարգավիճակ ունի, որից պետք է շարժվի և ստանա երկրորդ կարգավիճակը: Հենց սա է, որ մենք չենք խոստովանել, բայց միևնույն ժամանակ այստեղ է, որ մեր խոսույթը տարբերվել է:

Ասում են՝ ինչո՞ւ չենք ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Շատ պարզ պատճառով՝ որովհետև դեռևս 1996 թվականին միջազգային հանրությունը մեզ պարզ ասել է՝ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Այն ժամանակ ֆեյսբուք չի եղել, որ բոլորը կիսվեն ու տարածեն: Եվ դրա համար էր Տեր-Պետրոսյանն ասում՝ այս հարցին փորձագետներ, 6 հոգի են տիրապետում: Որովհետև այն ժամանակ այդ նիստերն ուղիղ նայել հնարավոր չէր: Սա է ճշմարտությունը, և սրա համար է, որ ասում եմ՝ այնտեղ ուրիշ բան ենք խոսացել, եկել ենք, այս ամբիոններից ուրիշ բան ենք խոսացել: Եվ մանավանդ խորհրդարանի այս՝ ընդդիմադիր հատվածը: Գիտեք ինչո՞ւ: Որովհետև ինքն իշխանության է եկել այդ կարգախոսի ներքո, և Ղարաբաղի խոսույթը՝ այն, ինչ իրենք ասել են Հայաստանում, բացառապես ուղղված է եղել ներսում իշխանություն պահելուն, իսկ այն, ինչ ասել են դրսում, նվիրված է եղել նրան, որ միջազգային հանրությունը չնկատի իրենց ոչ լեգիտիմ բնույթը: Սա է ամբողջ ճշմարտությունը: Մենք էլ այդ նույն տրամաբանության մեջ ենք եղել, և այո, ասում են՝ գրել եք «ինքնորոշում», չեք կատարել, գրել եք «անջատում հանուն փրկության» և չեք կատարել: Երկու տեղում էլ նույն պրոբլեմն է՝ որովհետև մենք բազային տվյալը չենք ճանաչում, չենք ընդունում, դրա համար շարունակությունն էլ չենք կարողանում որևէ ձևով կառավարել և կորցնում ենք, կորսվում է:

Երեկ մեր գործընկերը խոսեց «անջատում հանուն փրկության» կոնցեպտի մասին: Ժողովուրդ, անջատում ի՞նչ է նշանակում՝ ինչի՞ց անջատում, ումի՞ց անջատում: Անգլերեն՝ remedial secession: Ես այսօր առավոտյան բացեցի Օքսֆորդի բառարանը` secession բառի բացատրությունը լսելու: Այն է՝ «the fact of an area or group becoming independent from the country or larger group that it belongs to», հայերեն՝ «տարածքի կամ խմբի անկախանալու փաստը պետությունից կամ ավելի մեծ խմբից, որին նա պատկանում է»: Հասկանո՞ւմ եք: Մենք այս փաստերի հետ չենք առերեսվել: Այստեղից են մեր բոլոր պրոբլեմները: Մենք չենք առերեսվել 1996 թվականի Լիսաբոնի հետ, դրանից առաջվա փաստաթղթերի հետ, մենք մեզ խաբել ենք: Մենք մեզ խաբել ենք: Եվ սա իմ ամենամեծ սխալն է: Որովհետև, տեսեք, երբ մենք 2018 թվականին էլ, դրանից առաջ էլ, որտեղ գնում էինք ծնունդ, կնունք, ամեն տեղ մարդիկ անպայման խմում էին խաղաղության կենացը: Անպայման: Մենք ժողովրդի այս ուղերձը չլսեցինք և չասեցինք՝ ժողովուրդ, գիտեք ինչ, չի լինի, որ և՛ խաղաղություն լինի, և՛ ստատուս քվոն պահպանվի: Չի լինի նման բան: Երբ մենք ասում ենք խաղաղություն, ասում ենք՝ դե խաղաղություն, այսպես ձգենք էլի: Եվ, իմիջիայլոց, բանակցային այն տակտիկան, որ «վատագույն բանակցություններն ավելի լավ են, քան լավագույն պատերազմը», դրա մասին էր: Իրենք որ ասում են հաջող դիվանագիտություն՝ նկատի ունեն, որ իրենք հաջող ժամանակ են ձգել: Բայց՝ ա) իրականում ժամանակը մենք չենք ձգել, այլ ձգել է Ադրբեջանը, և բ) 2018 թվականին էլ ժամանակ ձգելու տեղ չկար: Դա է եղել և շարունակում մնալ մեր ամենամեծ սխալը:

Բայց ի՞նչն է ետ պահել իրականում: Այն, ինչի մասին խոսեց Արմեն Ռուստամյանը, և ինչի մասին խոսեց Արծվիկ Մինասյանը: Եվ ինչի մասին ես այլ ձևակերպումներով խոսել եմ մի քանի անգամ տարբեր ասուլիսներում՝ ասելով, որ ոչ թե խնդիրն այն է եղել, որ քաղաքական կամք չի եղել՝ փոխզիջման կամ զիջման գնալու, այլ չի եղել զգացողություն, թե որտեղ է ավարտվում այդ զիջումը: Որովհետև այն զգացողությունը, որ զիջումից հետո նոր պահանջ է լինելու, և, իմիջիայլոց, Սերժ Սարգսյանի բանակցային պատմությունը դա է ցույց տվել, և այո, այն, որ մեզ ուզում են ոչնչացնել, այդ շատ հստակ գիտակցությունն է, որ թույլ չի տվել դա անել, որովհետև եթե լիներ զգացողություն, որ մի գիծ կա, որտեղ զիջում ենք ու վերջ, դրանով ավարտվում է, մենք ստանում ենք խաղաղություն, այդ զիջումը կլիներ:

Ասում են, որ գրված էր՝ Լեռնային Ղարաբաղը պետք է միանար բանակցություններին: Ոչ, այդպես չի ասվում, ասվում է՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները, այսինքն՝ բանակցություններին պետք է գային այդ տրամաբանությամբ Լեռնային Ղարաբաղի հայ և ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները: Այնքան կուզենամ, որ գլուխը տարուբերելով լիներ, այդ թուղթը ես երևի վերջին 5 տարվա ընթացքում 500 անգամ կարդացել եմ: Մեր խնդիրն ի՞նչ է՝ պետք է ուրիշների՝ մեզ ոչնչացնելու մղումը կառավարել: Եկեք սա ձևակերպենք և մեթոդների մասին մտածենք: Ես երբեք չեմ ասել, որ մենք բարձրագույն ճշմարտության կրող ենք: Երբեք չեմ ասել, և եթե այդպես լիներ, այս խոսակցությունը տեղի չէր ունենա:

Ասում եք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո պարտավորվել եք: Ճիշտ եք ասում: Մենք ենք գրել մեր թղթի մեջ: Հարգելիներս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրար հետ չեն խոսում, ասում է՝ ես իր հետ չեմ խոսա, նույն սեղանի շուրջ չեմ նստի: Ասեք ձևը Հայաստանի Հանրապետության իշխանությանը՝ պարտադրելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ նստել իրար հետ նույն սեղանի շուրջ: Ասեք ձևը:

Դուք հիշեցիք Քելբաջարի ՀԴՄ-ն: Շնորհակալ եմ, որ հիշեցիք, որովհետև դա անկյունաքարային հարցն է: Հենց այդ մասին է. մեզ թվում էր, որ մենք կարող ենք հարկ չվճարել, ՀԴՄ չտպել, հետո հայրենասիրական ճառեր ասենք: ՀԴՄ-ն պետություն ունենալու գինն է, որով մենք վճարում ենք: Երկու օր առաջ հարկատուների օրն էր, և կրկին եմ ասում՝ եկեք հասկանանք՝ հարկն ինչ է: Հարկը պետություն ունենալու գինն է: Ինչքան Հայաստանի Հանրապետությունում ԶՊՄԿ-ն թաքցրել է հարկերը, այնքան հրաժարվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից: Եվ մենք դրա հետևանքներն ենք կրում:

Պետք է արձանագրենք՝ եթե մենք ուզում ենք տնտեսություն ունենալ, պետք է մեր տնտեսությունը, այո, գեներացնի հարկեր: Մենք պետք է հարկեր վճարենք, յուրաքանչյուրս: Առաջիկայում հարկերի համընդհանուր հայտարարագրման մեխանիզմն է գալու, կողմ քվեարկեք, հարգելի ընդդիմադիրներ, որովհետև դա նրա մասին չէ, որ ինչ-որ մեկն ինչ-որ մեկից ուզում է փող տանել: Դա նրա մասին է, որ եթե մենք՝ որպես ժողովուրդ, ուզում ենք ունենալ պետություն, պետք է վճարենք այդ պետության գոյության իրավունքի համար, որովհետև պետությունն ունենալն ամենաթանկ հաճույքն է, որ ժողովուրդը կարող է իրեն թույլ տալ: Դրանից ավելի թանկ հաճույք չկա: Եվ մենք, այո, 30 տարի չենք վճարել մեր պետության համար, մեր պետության համար վճարել են ուրիշները, և այսօր էլ են շարունակում վճարել ուրիշները, դրա համար ծորակն ուրիշ տեղ է: Հիմա մենք պետք է այնպես անենք, որ ծորակը տեղափոխենք այստեղ՝ այս շենք, դուք, մենք, Ազգային ժողովի պատգամավորների ձեռքին պետք է լինի այդ ծորակը: Պրոբլեմն այն է, որ այդ ծորակը մեր ձեռքում չէ:

Էլի մի քանի դիտարկումներ կան, որոնց ուզում եմ անդրադառնալ, հոկտեմբերի 19-ին էլ, որ հոկտեմբերի 19-ին Շուշին մերն էր մնում: Եկեք քննիչ հանձնաժողով, և մենք, որքան էլ բարդ լինի, դա պետք է հրապարակային անենք, ձեզ այնպիսի մեծ հիասթափություններ են սպասվում, ընդ որում՝ ապացուցելի հիասթափություններ: Եկեք, խնդրում եմ, եկեք, եկեք, տվեք բոլոր հարցերը: Ընդ որում, կբաժանենք երկու մասի՝ ես հրապարակային ելույթ կունենամ, հետո հարցերը կլսենք: Այն հարցերին, որ թեկուզ ինչ-որ կերպ հնարավոր է հրապարակային պատասխանել, ես հրապարակային կպատասխանեմ, մյուս հատվածին էլ ոչ հրապարակային կպատասխանեմ:

Ասում են՝ այս նախընտրական ծրագիրը, այս կետը չեք կատարել, լեգիտիմության ճգնաժամ կա: Այսինքն՝ փաստորեն սրանից առաջ ձեզ համար լեգիտի՞մ էինք: Առաջին անգամ է, որ դուք խոստովանում եք, որ մենք երբևէ լեգիտիմ ենք եղել, այն էլ այն համատեքստում, որ հիմա լեգիտիմության ճգնաժամ է: Բա եթե լեգիտիմ էինք՝ ինչո՞ւ էիք մեզ ինչ ասես ասում: Ասե՞լ եք, որ լեգիտիմ ենք, ներողություն եմ խնդրում, եթե մեզ ճանաչել եք լեգիտիմ, ուրեմն ներողություն եմ խնդրում:

Ուզում եմ ավարտել այս ընթացքում այս դահլիճում և դահլիճից դուրս անընդհատ քննարկվող և օդում պտտվող մի թեմայով: Փորձ են անում ներկայացնել, որ Կառավարություն-եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունները Կառավարության հետ լավ չեն, կամ պրոբլեմներ կան այդ հարաբերություններում: Գիտեք, շատ տարօրինակ ու աղմկոտ հայտարարություն եմ անելու. եթե եկեղեցու հարաբերությունները Կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ, և դա՝ համաձայն քրիստոնեական տեսության: Եվ ես ուզում եմ դա ապացուցելու համար մեջբերել Պողոս առաքյալի՝ հռոմեացիներին ուղղված թղթի 13-րդ համարից մի մեջբերում, որտեղ ասվում է՝ «Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, և եղած իշխանությունները Աստծուց են կարգված, հետևաբար՝ ով հակառակում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակում»: Թող եկեղեցին ինքն իր էության, ինքն իր տեսության և ինքն իր հավատի մասին մտածի, և Աստված մեզ օգնի պահպանել, զարգացնել և հզորացնել ու խաղաղություն բերել Հայաստանի Հանրապետությանը:

Այստեղ ասում են՝ գնալու է, այս է ստորագրելու, այն է ստորագրելու: Կրկին եմ ասում՝ եթե բանը հասնի այնտեղ, որ թուղթը հասել է այն կետին, որ ստորագրենք, թե չստորագրենք, դա վատ նորություն չէ, դա լավ նորություն է: Ես ուզում եմ հիշեցնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պատմությունը. հիշո՞ւմ եք՝ որքան ինչ ասես ասեցիք, ոտքի տակ տվեցիք նոյեմբերի 9-ի այդ հայտարարությունը: Այդ նոյեմբերի 9–ի հայտարարությունը մեր երազած հայտարարությունը չէր, բայց այսօր մենք ինչի մասին խոսում ենք, ինչ ասում ենք՝ մեր դիրքորոշումը իրավականորեն Լաչինի միջանցքի հետ կապված, Լեռնային Ղարաբաղի հետ կապված, Լեռնային Ղարաբաղի շփման գծի հետ կապված, տարածաշրջանային կոմունիկացիաների հետ կապված, գերիների հետ կապված, ամեն ինչը հիմնավորում ենք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Այլ բան, որ այդ հայտարարությունը կյանքի չի կոչվում: Եվ սա է պատճառը, որ այդ փորձը հաշվի առնելով՝ մենք ասում ենք, որ խաղաղության պայմանագրի մեջ պետք է լինեն մեխանիզմներ, որոնք բացառեն նման իրավիճակը: Ասում եք՝ ինչի՞ մասին եք բանակցում, ամեն ինչի մասին ասել եմ իմ ելույթում, կետ-կետ, ասել եմ մեր դիրքորոշումների և պրոբլեմների մասին, որոնք կան: Բայց ձեզ ասեմ՝ այն թուղթը, որը ձեզ առաջարկում ենք, կարող ենք ցույց տալ այդ թուղթը, երբ մենք ուղարկել ենք ադրբեջանական կողմին, նույն պահին ես պատրաստ եմ, այսօր էլ եմ պատրաստ մեր ուղարկած թուղթը ստորագրել: Այլ բան, որ Ադրբեջանը չի ընդունում մեր ուղարկած թուղթը, և հետևաբար, պետք է որոշել՝ ինչ անել:

Եվ մենք կարծում ենք, որ ունենք բավարար լեգիտիմություն, բավարար մանդատ՝ Հայաստանի Հանրապետության ապագային վերաբերող որոշումներ կայացնելու: Եթե դուք ցանկանաք, մենք այդ որոշումների մեջ կլինենք լիակատար թափանցիկ ձեզ համար՝ որպես խորհրդարանական ուժ: Բայց, ցավոք, չենք կարող ուղիղ եթերում լինել թափանցիկ, կարող ենք աշխատանքային մակարդակում լինել թափանցիկ:

Բոլոր դեպքերում շնորհակալ եմ այս քննարկման համար: Պիտի խոստովանեմ, որ այս քննարկումն իմ լավատեսությունը մեծացրեց՝ իր բոլոր դժվարություններով և պրոբլեմներով, որովհետև այս փուլում լավատեսությունը մեզ շատ անհրաժեշտ է, նույնքան էլ վճռականությունը, իմաստությունը, ճկունությունը, կայունությունը: Եվ ես ուզում եմ խորհրդարանական մեծամասնությանը շնորհակալության հայտնել՝ Հայաստանի Հանրապետության կայունությունը, ինքնիշխանությունը, պետականությունը պահպանելու դիրքերում ամուր կանգնած լինելու համար:

Շնորհակալ եմ:

← Վերադառնալ