Մամլո հաղորդագրություններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, տրվել է պաշտոնական ընթրիք
- 1670x1113px - 491 Կբ
- 1670x1113px - 481 Կբ
- 1670x1113px - 690 Կբ
- 1670x1113px - 558 Կբ
- 1670x1113px - 704 Կբ
- 1113x1670px - 444 Կբ
- 1670x1113px - 489 Կբ
- 1670x1113px - 498 Կբ
- 1670x1113px - 549 Կբ
- 1670x1113px - 506 Կբ
- 1670x1113px - 593 Կբ
- 1670x1113px - 565 Կբ
- 1670x1113px - 425 Կբ
- 1670x1113px - 671 Կբ
- 1670x1113px - 594 Կբ
- 1670x1113px - 396 Կբ
- 1670x1113px - 418 Կբ
- 1113x1670px - 438 Կբ
- 1670x1113px - 394 Կբ
- 1670x1113px - 435 Կբ
- 1670x1113px - 424 Կբ
- 1670x1113px - 390 Կբ
- 1670x1113px - 428 Կբ
- 1670x1113px - 422 Կբ
- 1670x1113px - 401 Կբ
- 1670x1113px - 378 Կբ
- 1670x1113px - 386 Կբ
ևս 24 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, այսօր երեկոյան վարչապետի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք:
Արարողակարգի համաձայն՝ երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-կանադական հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին:
* * *
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի բաժակաճառը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ
Սիրելի բարեկամներ, ընկերներ, այսօր մենք ընդունում ենք շատ պատվավոր մի հյուրի: Վերջին օրերին ես անընդհատ մի ձևակերպում եմ լսում Կանադայի իմ գործընկերոջ հասցեին, որը վստահ չեմ, որ հնարավոր է ճիշտ թարգմանել անգելերեն, բայց մարդիկ, այդ թվում՝ ինձ հարազատ, նրան նայելով ասում են՝ լույսի կտոր է: Եվ իսկապես շատ քիչ է պատահում, երբ մարդուն տեսնում ես էկրանին, լուսանկարի մեջ և իրականում ու չես գտնում ոչ մի տարբերություն էկրանի, լուսանկարի և իրականության միջև: Սա այն բացառիկ դեպքերից է, երբ մարդն իրական է իրականում, իրական է ֆոտոյի մեջ և իրական է հեռուստատեսությունում: Կարծում եմ, որ սա արտահայտում է ժամանակակից մարդու ամենակարևոր ձգտումը՝ լինել իրական, լինել շրջապատված իրական մարդկանցով, ունենալ իրական իշխանություն, իրական կառավարություն, որոնք ապրում են իրականության մեջ և հասկանում են իրական խնդիրները և կարող են խոսել ճշմարտության, այսինքնч իրականության մասին: Կարծում եմ, որ պարոն Թրյուդոն մեկն է այն համաշխարհային առաջնորդներից, ում ի հայտ գալը, երևալը քաղաքական բեմահարթակում և բարձունքներում նշանավորեց աշխարհում ծայր առած այն նոր միտումը, երբ մենք արարողակարգերը, կեղծիքները, սուտը փոխարինում ենք ճշմարտությամբ, իրականությամբ և անկեղծությամբ: Եվ ես կարծում եմ, որ սա իսկապես շատ կարևոր է, ամենակարևոր բանն է, որ մարդիկ ուզում են տեսնել:
Այսօր մենք պարոն վարչապետի հետ քննարկում էինք դա, որ մարդկանց ամենաշատն անհրաժեշտ է ոչ թե սոցիալական ապահովվածությունը, որը պակաս կարևոր չէ, այլ հարգված լինելը սեփական իշխանությունների կողմից, լսված լինելը սեփական իշխանության կողմից: Մենք պետք է ապրենք՝ շրջապատված իրական բովանդակությամբ, որքան էլ դժվար լինի իրականությունը, որքան էլ ոչ այնքան հաճելի լինի իրականությունը: Ես գնահատում եմ այս իրադարձությունը, մեր այս հանդիպումը՝ շատ խորհրդանշական Նոր Հայաստանում և համարում եմ, որ Կանադայի մեծարգո վարչապետը՝ իմ բարեկամ Ջասթին Թրյուդոն, խորհրդանշում է ճշմարտության հաղթանակը: Ես հավատում եմ, որ ճշմարտության հաղթարշավը շարունակվելու է աշխարհում: Ես, ըստ էության, չխոսեցի մեր երկրների հարաբերությունների մասին, խոսեցի մարդկանց, երևույթների մասին և կարծում եմ՝ երկրների հարաբերություններն ավելի շատ պայմանավորվում են մարդկանց հարաբերություններով: Ես այս ամենով ցույց տվեցի, փորձեցի ընդգծել մեր երկրի վերաբերմունքը Կանադայի նկատմամբ, կանադայի ժողովրդի նկատմամբ և փորձեցի նկարագրել այն մթնոլորտը, որում պատկերացնում եմ մեր հարաբերությունների զարգացումը:
Հայաստանում շատ է քննարկվում դա, և պարոն վարչապետն էլ նշեց, որ 1984 թվականին իր հոր՝ Պիեռ Թրյուդոյի հետ Հայաստան այցելելու առիթ է ունեցել: Եվ հույս ունեմ, որ պարոն Թրյուդոն հասկանում է, որ խորհրդային այդ ժամանակաշրջանում իր հայրիկի հետ մենակ չեն եղել, մենակ չեն եղել, մենակ չեն եղել: Եվ մեր երկրի Ազգային անվտանգության ծառայությունը փնտրել և գտել է այս լուսանկարը Պետական անվտանգության կոմիտեի արխիվներից: Ի՞նչն է հետաքրքիր. քանի որ պարոն Թրյուդոն այն ժամանակ տակավին մանուկ է եղել և հետաքրքրություն չի ներկայացրել Պետական անվտանգության կոմիտեի համար, նա որևէ կերպ օբյեկտիվի տեսարանում չի հայտնվել: Հաճույքով սա նվիրում եմ իմ բարեկամին:
Բայց սա ամենը չէ: Ես մտածում էի՝ ինչո՞վ է հայտնի պարոն Թրյուդոն, և ինչո՞վ եմ հայտնի ես, և ինչո՞վ կարող եմ ես մրցակցել մեր սիրելի վարչապետի հետ: Կարծում եմ, որ հայտնի եմ իմ սելֆիներով, իսկ պարոն Թրյուդոն՝ իր գուլպաներով: Եվ Հայաստանում կա մի ընկերություն, որը որոշել է, որ առանձնահատուկ նվեր պետք է անի երկուսիս՝ սրանով գուցե հիմք դնելով մի լավ բարեկամության: Այս գուլպաներից մեկն իմն է, պարոն վարչապետ, մեկը՝ Ձերը:
Ես խմում եմ մեր երկրների բարեկամության համար, ես խմում եմ Կանադայի պետականության և ժողովրդի համար, ես խմում եմ Կանադայի վարչապետի կենացը և Կանադայի կառավարության կենացը: Ողջ լինես, սիրելի′ եղբայր:
* * *
Ջասթին Թրյուդոյի բաժակաճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Կանադայի վարչապետի պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ
Նման հյուրասիրությունների մարտահրավերներից մեկն այն է, որ միակ բանը, որ շատերին բաժանում է այս հաճելի ուտեստներից, իմ ելույթը պետք է լինի: Ես գիտեմ, որ պատվիրակության և ներկաներից շատերը երկար ու ծանր օր են ունեցել, ուստի կփորձեմ ձեզ շատ երկար չպահել:
Սա բնավ պաշտոնական ընթրիքի նման չէ, կարծես բարեկամներով նստած լինենք, և այդպես էլ պետք է լինի:
Պարոն վարչապետ, պարոն նախագահ, Նիկոլ և Արմեն, իսկապես ինձ համար շատ մեծ հաճույք է ձեզ ճանաչելը և ձեր միջոցով՝ նաև ձեր երկիրը: Ինչպես ասացիք, 30 տարի առաջ հորս հետ առիթ եմ ունեցել այստեղ գտնվելու, բայց հիմա վերադարձել եմ մեծ հաճույքով:
Շատ ուրախ եմ ծանոթանալ ձեր երկրի բռնած ուղուն, ձեր երկրի ժողովրդին և ողջունում եմ ձեզ դրա համար: Ներկայումս շատ երկրներ նահանջ են ապրում ժողովրդավարությունից, մատնվում են պոպուլիստական նկրտումների, և ընդհանուր առմամբ, նկատվում է որոշակի հետընթաց: Եվ դուք այսօր Հայաստանում հաստատակամ և հպարտորեն ճիշտ ուղղությամբ եք ընթանում, դուք առաջնորդում եք դեպի ժողովրդավարություն և կարծում եմ՝ հպարտորեն: Եվ ոչ միայն իմ անունից, այլև Կանադայի ձեր հայրենակիցների անունից շնորհավորում եմ ձեզ այդ կապակցությամբ: Ուրախ եմ այսօր ոչ միայն ներկայացնել մեր պատվիրակությունը, այլև կանադահայերին, որոնց թվում ունեմ բավական շատ բարեկամներ:
Կարծում եմ, որ Նիկոլը շատ լավ դիմակայեց նաև ֆրանսերենի մարտահրավերին և հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բոլոր պատվիրակություններին հպարտ ու պատվով նաև իր ֆրանսերենով: Քանի որ մենք վերջերս ընդունել ենք Մեծ յոթնյակի գագաթնաժողովը՝ գիտեմ, թե կազմակերպչական ինչ ահռելի ջանքեր է պահանջվում նման գագաթնաժողով կազմակերպելու համար: Պետք է ասեմ, որ դուք պատվով գլուխ հանեցիք դրանից և ուզում եմ հատուկ իմ երախտագիտությունը հայտնել կազմակերպիչների ողջ թիմին: Ինձ համար շատ հաճելի էր բոլորիդ հետ շփվելը, զրուցելը և ուզում եմ կրկին բոլորիդ շնորհակալություն հայտնել գործընկերության համար, այն ճանապարհի համար, որը միասին դեռ պետք է անցնենք: Խմում եմ բոլորիս կենացը, Հայաստանի և հայ ժողովրդի կենացը: