Մամլո հաղորդագրություններ

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Դավոսում Իլհամ Ալիևի հետ հանդիպումից

24.01.2019

Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ: Ողջունում եմ ձեզ Դավոսից: Ուղիղ եթեր եմ մտել, որպեսզի մի քանի բառով պատմեմ Իլհամ Ալիևի հետ երեկ տեղի ունեցած հանդիպման մասին:

Ճիշտն ասած երեկ հանդիպումը երբ տեղի ունեցավ, հետո կրկին միջոցառումներ կային մինչև ուշ երեկո և այսօր առավոտվանից էլ տարբեր հանդիպումներ եմ ունեցել, սա թերևս առաջին առիթն է ժամանակային առումով, որպեսզի ձեզ ներկայացնեմ, թե ինչ է տեղի ունեցել, մանավանդ, որ այս ընթացքում նաև հասցրել եմ մի քանի շեշտադրումներ տեսնել այսօրվա հանդիպման հետ կապված ու կուզենամ անդրադառնալ հնչած շեշտադրումների տրամաբանությանը:

Առաջինը՝ այսպիսի հարցադրում կա, թե ինչո՞ւ հանդիպման մասին նախապես չի հայտարարվել և պլանավորվա՞ծ էր արդյոք հանդիպումը և այլն: Ես ուզում եմ ասել, որ սա Իլհամ Ալիևի հետ մեր 3-րդ հանդիպումն ու խոսակցությունն է: Հանդիպումն էլ ինչպես նախկինում պլանավորված չի եղել: Դուշանբեում, երբ մենք հանդիպեցինք, դրանից առաջ ինչքան հավանականություն կար, որ կհանդիպենք, այնքան էլ հավանականություն կար, որ չենք հանդիպի: Նույնն էլ Սանկտ Պետերբուրգում, երբ մենք ուղղակի այլ միջոցառման առիթն օգտագործեցինք:

Այդպես ստացվեց, շատ կարևոր եմ համարում՝ արձանագրել սա: Նաև, ընդհանուր առմամբ, խնդիր կար մշակել այսպիսի միջոցառումներին, երբ մենք երկուսս էլ մասնակցում ենք, ինչպիսին պետք է լինի մեր մետեցումն այն առումով, որ օրինակ Բրյուսելում, երբ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին էինք մասնակցում, այնպիսի իրավիճակներ էր լինում, երբ մենք դեմ-դիմաց դուրս էինք գալիս, այսպես ասած որոշակի իրավիճակներ էին ստեղծվում: Արդյունքում նաև համանախագահների շփման համատեքստում, այսպիսի մի ընդհանուր ըմբռնում եղավ, որ այն միջոցառումներին, որտեղ մենք երկուսով մասնակցում ենք, առնվազն չխուսափենք հանդիպումներից, երբ կա առիթ հանդիպելու և խոսելու՝ հանդիպենք և խոսենք, մանավանդ, որ ինչպես ասել եմ՝ սրանք ոչ պաշտոնական հանդիպումներ են, ոչ պաշտոնական զրույցներ են, այսինքն սրանք բանակցային գործընթացի այսպես ասած պաշտոնական մեկնարկ և բանակցային գործընթացի պաշտոնական հանգրվան չեն:

Ինչ վերաբերում է Դավոսի հանդիպմանը, ապա ամբողջը տեղի է ունեցել մոտավորապես հետևյալ կերպ. Դավոսի կազմակերպիչներն իմանալով, որ երկուսս էլ այստեղ ենք, մեզ հարցրել են՝ արդյոք դեմ չենք հանդիպմանը, շփմանը: Մենք ասել ենք, որ դեմ չենք, նույնն էլ Ադրբեջանի նախագահն է ասել, և մենք ուղղակի կրկին նույն, ոչ պաշտոնապես տրամաբանության մեջ զրուցել ենք, քննարկել ենք և այդ հանդիպման հիմքը եղել է այն պայմանավորվածությունը, որ ընդհանուր առմամբ, եթե նույն տեղում ենք գտնվում, առնվազն չենք խուսափում հանդիպումներից: Այսինքն, ես նկատի ունեմ մեր պայմանավորվածություններն այնպիսին են, որ եթե այս կարգի միջոցառումներին դեմ-դիմաց դուրս գանք, օրինակ՝ պետք է երկու բառ փոխանակենք, խոսենք, այսինքն չխուսափենք որևէ շփումից:

Հիմա ինչ վերաբերում է քննարկման բովանդակությանը. ըստ էության, մեր երեք հանդիպումների, ինչպես նախկինում ասել եմ, քննարկման բովանդակությունը կապված է բանակցային գործընթացի պատմությանը, այսինքն՝ երբ, ի՞նչ տեղի ունեցավ, ի՞նչպես տեղի ունեցավ, ո՞ր փուլում ինչ իրավիճակ էր և այլն, և այդպես շարունակ: Իհարկե, քննարկում ենք նաև հնարավորոււթյունները, թե ինչ պայմաններ կան կարգավորման կոնտեքստում, ինչ հնարավորություններ կան, ինչ անհնարինություններ կան:

Եվ ես այս համատեքստում ուզում եմ ասել, որ ոչ մի կոնկրետ դետալ չենք քննարկում, ուղղակի մտքեր ենք փոխանակում, սա նաև ինչ-որ առումով բանակցային գործընթացի ընկալումներին փոխադարձաբար ծանոթանալու և շփվելու հնարավություն է: Ես շատ ուղիղ ուզում եմ ընդգծել, որ սա այն ամենն է, ինչի մասին մենք խոսում ենք նաև հրապարակային: Այսինքն, նկատի ունեմ այդ բանակցություններում, քննարկումներում և խոսակցություններում խոսվում է այն ամենը, ինչի մասին մենք խոսում ենք նաև հրապարակային, ասում ենք նաև հրապարակային: Այս առումով կարևոր եմ համարում արձանագրելը այսօրվա և մեկընդմիշտի համար. ընդհանրապես, լինում են դեպքեր, լինում են մեկնաբաններ, ուժեր, քաղաքական գործիչներ, ովքեր այսպես ասած փորձում են մեր հանրությանը ներշնչել ինչ-որ դավադրությունների տեսություններ և այլն, և այդպես շարունակ: Հույս ունեմ, որ այս պայմանավորվածությունը մեր մեջ մեկընդմիշտ է, որ դավադրություններ լինել չեն կարող, որովհետև աբսուրդ է նույնիսկ մտածել այդ մասին:

Ես այս թեմայով նախկինում մի քանի անգամ խոսել եմ, հիմա էլ ուզում եմ ընդգծել, որ դա ուղղակի իրավիճակի չընկալման հետևանք է, երբ որևէ մեկը կարծում է, թե կարող է մեր կառավարությունը կամ ես անձամբ որևէ դավադրության մեջ ներգրավվեմ կամ ներքաշվեմ: Իհարկե, հասկանալի է, երբ խոսում են երկու երկրների ղեկավարներ, ղեկավարներից յուրաքանչյուրը խոսում է իր պետության շահերի դիրքերից, իր ժողովրդի շահերի դիրքերից և այլ բան մտածելը պարզապես իրավիճակի թյուրըմբռնման հետևանք է: Ընդհանուր առմամբ, կարծես թե այսքանն էի ուզում ասել:

← Վերադառնալ